Ալեն Գինզբերգ. Ոռնոց

Նվիրվում է Կառլ Սոլոմոնին

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ես տեսա սերնդիս լավագույն մտքերին՝ խելագարությունից ավերված, սոված, ջղային, մերկ,
Թափառելով արշալույսին նեգրական փողոցների երկայնքով` փնտրելով թմրադեղի ահագնացող մի պահ` ծակվելու համար,
Տեսա հրեշտակագլուխ հիփսթերներին, որ այրվում էին հնագույն աստվածային գեներատորը գիշերվա աստղային մեխանիզմին կցելու համար,
Ովքեր աղքատությամբ ու ցնցոտիներով ու ներս ընկած աչքերով ու թմրադեղված նստում ու ծխում էին սառը ջրերի հարթության գերբնական մթության մեջ, որ հոսում են քաղաքների վերին մասերի միջով, որտեղ ջազ են մտահայում,
Ովքեր մերկացնում էին իրենց ուղեղները աստվածների մոտ և տեսնում էին մահմեդական հրեշտակներ` վարձու տների լուսավորված կտուրների վրա օրորվելով քայլելիս,
Ովքեր անցնում էին համալսարանների կողքով շողարձակող սառը աչքերով՝ ծնելով պատերազմի թոշակառուների մեջ Արքանզասի և Բլեյքլայթի ողբերգության պատկերները,
Ովքեր հեռացվել էին ակադեմիաներից գանգուրի վրա հրապարակախոսական խելացնոր ու անպարկեշտ ներբողներ կպցնելու համար,
Ովքեր կիսամերկ կծկվում էին չսափրված սենյակներում՝ այրելով իրենց փողը աղբարկղի մեջ, և պատի միջով լսում Սարսափի ձայնը,
Ովքեր բռնվում էին Լարեդոյից Նյու Յորք վերադառնալիս արբունքի մազերի մեջ քաղաքի համար մարիխուանա տանելու համար,
Ովքեր կրակ էին կուլ տալիս շքեղ հյուրանոցներում կամ սկիպիդար խմում «Դրախտի արահետում», մահ կամ մեղքերի քավություն տալիս իրենց իրաններին ամեն գիշեր,
Երազներով, թմրադեղերով, գիշերային մղձավանջներով, ալկոհոլով, առնանդամով ու անվերջանալի երեկույթներով,
Փշաքաղվող ամպի անհամեմատելի կույր փողոցներով և դեպի Կանադա-Փաթերսոն բևեռները թռչկոտող մտքի փայլատակումներով, որ լուսավորում էր նրանց միջև ընկած ժամանակի ամբողջ անկենդան աշխարհը,
Դահիճների փեյոթյան ամրությունը, ետնաբակի կանաչածառ գերեզմանոցային արշալույսները, կտուրների վրա՝ գինուց հարբածությունը, արևի ու լուսնի ճոճվելը Բրուկլինի ոռնացող ձմեռային աղջամուղջներում, աղբարկղի կատաղությունները և մտքի տիրական բարի լույսը,
Ովքեր շղթայում էին իրենց մետրային բենզեդրինով աշխատող Բաթերի-Սուրբ Բրոնքս երթուղու համար, մինչև որ անիվների ու երեխաների աղմուկը սթափեցնում էր նրանց՝ ծռմռված բերաններով և գազանանոցի մռայլ լույսի մեջ պայծառությունը լրիվ կորցրած փշրած ուղեղներով տղաներին,
Ովքեր յոթ ժամ շարունակ խոսում էին, թափառելով այգուց փար, բար, բելեվյու, թանգարան, Բրուկլինի կամուրջ,
Պլատոնային զրուցասերների կորած զորախումբ, որ հրդեհից փրկվելու աստիճաններից, Իմփայր սթեյթսից ցած էին նետվում, նաև լուսնի վրայից,
Անդադար խոսելով, բղավելով, փսխելով, շշնջալով դեպքեր և հիշողություններ և անեկդոտներ հիվանդանոցային ու բանտային ու պատերազմական շոկերի ու այլանդակությունների մասին,
Ինչքան ադամանդե աչքերով փայլուն մտքեր կորան ընդհանուր զորահավաքի ժամանակ՝ սինագոգի համար միս նետելով մայթերի վրա,
Ովքեր շարունակ թափառում էին երկաթուղային կայարանում կեսգիշերին, չիմանալով, թե ուր գնան, և հեռանում էին՝ աշխարհից առանձնացած,
Ովքեր ծխախոտ էին վառում ապրանքատար վագոններում, վագոններում, վագոններում, որ ձյան միջով սլանում են դեպի միայնակ ֆերմաներ նախնիների գիշերվա մեջ,
Ովքեր ուսումնասիրում էին Փլոթինուս Փոյի խաչաձև հեռազգացողությունը և բոփ քաբբալան, որովհետև տիեզերքը բնազդորեն ցնցվում էր նրանց ոտքերի տակ, Ովքեր Այդահոյի փողոցներում փնտրում էին կարմրամորթների հրեշտակներ, որ տեսիլային հնդկացիական հրեշտակներ էին,
Ովքեր կարծում էի, թե իրենք պարզապես խելագար էին, և Բալթիմորը փայլում էր գերբնական էքստազի մեջ,
Ովքեր ցատկոտում էին «Լիմուզինների» մեջ օկլահոմցի չինացու հետ կեսգիշերվա ձմեռային փոթորիկ ավանի անձրևից ոգևորված,
Ովքեր սոված ու միայնակ թրև էին գալիս Հյուստոնում՝ ցանկանալով գտնել ջազ կամ սեքս կամ մի աման ապուր, և գնում էին հիանալի իսպանացու հետ զրուցելու Ամերիկայի ու Հավերժության մասին, մի անիմաստ գործ, և վերջիվերջո նստում Աֆրիկա մեկնող նավը,
Ովքեր անհետանում էին Մեքսիկայի հրաբուխներում՝ ետևից ոչինչ չթողնելով, բացի էժանագին հագուստի ու լավայի ու Չիկագոյի բուխարիում ցփնված պոեզիայի ստվերներից,
Ովքեր նորից հայտնվում էին արևմտյան ափին՝ ուսումնասիրելու ԿՀՎ-ն մորուքներով ու շորտերով, խոշոր հնազանդ աչքերով՝ կրքոտ իրենց մութ խորության մեջ, տարածելով անհասկանալի թռուցիկներ,
Ովքեր ծխախոտով այրում էին իրենց ձեռքերը՝ բողոքելով կապիտալիզմի թմրեցնող ծխի ու մուժի դեմ,
Ովքեր գերկոմունիստական պամֆլետներ էին բաժանում Յունիոր հրապարակի վրա՝ վայնասուն հանելով ու մերկանալով, մինչ Լոս Ալամոսը ազդանշանների ոռնոցով նրանց տանում էր ու ոռնում ու մինչև Ուոլլ ու մինչև Սթեյթն կղզու գետանցը էլի ոռնում էին,
Ովքեր նյարդացած լացում էին սպիտակ գիմնազիաներում՝ մերկ դողալով իրենց նմանների լղար մարմինների առաջ,
Ովքեր կծում էին խուզարկուներին մեջքից ու հաճույքից ճչում ոստիկանական մեքենաներում ոչ մի հանցանք չգործելու համար, բացի իրենց եփած արվամոլությունից ու հարբածությունից,
Ովքեր ծնկած ճչում էին մետրոյում, և ովքեր իրենց սեռական օրգաններն ու ձեռագրերն էին թափահարում կտուրների վրա, և որոնց ուժով էին իջեցնում, հետո այնտեղից,
Ովքեր թույլ էին տալիս, որ սուրբ մոտոցիկլիստները շինեն իրենց հետույքից և գոռում էին հաճույքից,
Ովքեր ուզում էին մարդկային սերովբեների՝ նավաստիների կողմից ատլանտյան ու կարիբյան մեծ սիրո գորովանքներից,
Ովքեր սեր էին անում առավոտյան ու երեկոյան պարտեզներում ու քաղաքային այգիների խոտերի վրա ու գերեզմանոցներում՝ շռայլորեն շնորհելով իրենց բանը՝ ում պատահեր,
Ովքեր անվերջ զկռտում էին՝ ջանալով հռհռալ հեկեկոցը զսպելու համար թուրքական բաղնիքում, միջնապատի ետևում կանգնած, երբ շիկահեր մերկ հրեշտակը հայտնվում էր իր նետ ու աղեղով,
Ովքեր տանուլ էին տալիս իրենց սիրածներին ճակատագրի երեք վհուկներին՝ հեթերոսեքսուալ դոլարի միաչքանի վհուկին, նրա երկրորդ քրոջը, որ արգանդի միջից աչքով է անում և նրանցից երրորդին, որ ոչինչ չի անում, բացի իր հետույքի վրա նստելուց ու արհեստավորի դազգահի ինտելեկտուալ ոսկե թելերը կարտելուց,
Ովքեր անհագ էքստազի մեջ միաձուլվում էին մի շիշ գարեջրի հետ, սիրածի հետ, մի տուփ ծխախոտի հետ, մոմի լույսի հետ ու ցած էին ընկնում մահճակալից ու գլորվում հատակի վրա մինչև տեսիլքներով լի պատը ու գիտակցությունը կորցրած կանգ առնում և ուշքի գալիս՝ բանականության վերջին կաթիլից խուսափելով,
Ովքեր քաղցրացնում էին մի միլիոն աղջիկների մարմինները, ցնցվելով մայրամուտի լույսի տակ, ու առավոտյան արթնանում էին կարմիր քնատ աչքերով, որ քաղցրացնեն արևածագի շոյանքը, բոցավառվող հետույքները խոտի դեզերի ու մերկ լճի մեջ,
Ովքեր անառակությամբ էին զբաղվում Քոլորադոյում առանց համարի գողացած մեքենաների մեջ, դատարկ ավտոկայաններում ու ետնաբակերում՝ անհաշիվ աղջիկների հետ, կամ կինոթատրոններում, կամ քարանձավների մեջ և կամ էլ լղար սպասուհիների հետ ծանոթ ճանապարհների վրա՝ պարզապես շորը բարձրացնելով,
Ովքեր աննկատելիորեն լուծվում էին չափազանց խղճուկ ֆիլմերում, որոնց քնի մեջ դուրս էին բերում բնակարաններից, և ովքեր հանկարծ արթնանում էին Մանհեթնի նկուղներում, որ հագեցած էին անսիրտ Փոքեյով ու Երրորդ ավենյուի երկաթե երազների սարսափներով, ու ոտքերը քարշ էին տալիս դեպի աշխատանքի բորսաները,
Ովքեր ողջ գիշեր քայլում էին արյունոտված կոշիկներով ձնակույտերի վրա, սպասելով, որ Իսթ Րիվերում տաք գոլորշով ու ափիոնով լի մի սենյակի դուռ բացվի,
Ովքեր նստում էին արկղերի վրա մթության մեջ կամրջի տակ և վեր էին կենում ու գնում, որ իրենց ձեղնահարկում կլավեսին սարքեն,
Ովքեր Հառլեմի վեցերորդ հարկում հազում էին կրակով պսակված թոքախտավոր երկնքի տակ, որ շրջապատված է աստվածաբանության բոցագույն շրջանակներով,
Ովքեր ողջ գիշեր ռոքնռոլլ պարելով՝ խզմզում էին հմայանքների վրա, որոնք առավոտյան դեղին դատարկաբանության հանգեր էին դառնում,
Ովքեր կենդանիների նեխած թոքեր, սիրտ, ոտքեր ու թորթիլլա էին եփում՝ երազելով մաքուր բանջարեղենային թագավորության մասին,
Ովքեր սուզվում էին ուտելիքի թափոնների մեջ ձու գտնելու համար,
Ովքեր շպրտում էին իրենց ժամացույցները կտուրներից՝ քվեարկելով ժամանակից դուրս Հավերժության օգտին, և որոնց համար զարթուցիչները ամեն օր իրենց գործն էին անում նորից ապրելու համար,
Ովքեր առանց հաջողության բացում էին իրենց երակները իրար ետևից երեք անգամ և թողնում էին դա և ստիպված բացում հնացած իրերի խանութ ու մտածում, որ իրենք ծերանում են ու լաց լինում,
Ովքեր ողջ-ողջ այրվում էին իրենց ֆլանելե շապիկներով Մեդիսոն ավենյուի վրա իներտ պոեզիայի պայթյունների մեջ և մոդայի բերնեբերան լցված երկաթյա կաղապարների մեջ և գովազդի փերիների նիտրոգլիցերինային ճիչերի մեջ և չարաբասաիկորեն խելացի խմբագիրների կծու թույնի մեջ, կամ էլ դառնում էին Լիիրավ Իրականության տաքսիների զոհը,
Ովքեր ցած էին նետվում Բրուկլինի կամրջից (դա իսկապես այդպես է եղել) և հեռանում անհայտ ու մոռացված չինական թաղամասի ծուռումուռ փողոցներում,
Ովքեր լուսամուտից կախված երգում էին հուսահատության մեջ, նետվում էին մետրոյի գնացքներից, հարձակվում էին նեգրերի վրա, ճչում էին փողոցով մեկ, պարում էին բոկոտն ջարդած գինու շշերի և 30-ականների գերմանական հայրենաբաղձ ջազի ձայնապնակների փշուրների վրա, կոնծում էին վիսկին ու շպրտում արյունոտ զուգարանի մեջ, ականջներում՝ տնքոցներ ու ահարկու շչակների սուլոցի պայթյուններ,
Ովքեր 72 ժամ երկրի մի ծայրից մյուս ծայրն էին սլանում մեքենայով՝ պարզելու համար՝ արդյո՞ք ինձ տեսիլքներ հայտնվում էին, կամ քեզ, կամ նրան տեսիլքներ հայտնվում էին՝ Հավերժությունը հայտնաբերելու համար,
Ովքեր ուղևորվում էին Դենվեր և զուր սպասում, ովքեր մեռնում էին Դենվերում, ովքեր ետ էին դառնում Դենվեր և զուր սպասում, ովքեր զննում էին Դենվերը և երազում էին և իրենք իրենց համար ապրում էին Դենվերում և, վերջիվերջո, հեռանում էին այնտեղից ժամանակը գտնելու համար, և այժմ Դենվերը միայնակ է առանց իր հերոսների,
Ովքեր ծնկի էին գափս անհույս տաճարներում՝ աղոթելով միմյանց փրկության ու հույսի ու խղճի համար, մինչև որ հոգին մի ակնթարթ լուսավորում էր իր պատկերը,
Ովքեր բանտում մտովի փլուզվում էին՝ սպասելով ոսկե գլուխներով և իրականության հմայքը սրտներում անիրական հանցագործներին, որ քնքուշ բլյուզներ են երգում,
Ովքեր հիպնոսացնող ռադիոյի դեմ առողջ դատողության դատավարություն էին պահանջում և մնում էին մենակ իրենց խելագարության հետ, իրենց ձեռքերի ու կախված դատավորի հետ,
Ովքեր կարտոֆիլի սալաթ էին նետում դադաիզմը լուսաբանող դասախոսների վրա և ամբողջովին հանձնում իրենց գժանոցին՝ սանդուղքներին սափրած գլուխներով նստած, ինքնասպանության մասին ծիծաղելի ճառեր արտասանելով ու ուղեղի անհապաղ վիրահատություն պահանջելով,
Ովքեր վազում էին սառցե փողոցներով՝ բոցավառվելով ալքիմիայի, էլիփսի ու ճոճվող ինքնաթիռի հանկարծակի բռնկումով,
Ովքեր երազում էին և կողք կողքի շարված տեսիլքների միջով ժամանակի ու Տարածության ճեղքերն էին բացում, և երկու տեսիլքային պատկերների միջև հոգու հրեշտակապետի դեմ թակարդ էին լարում ու միացնում էին տարրական բայերը և դնում գիտակցության գոյականն ու գծիկները իրար կողք,
Ստեղծելու համար մարդկային խեղճ պրոզայի շարահյուսությունն ու կետադրությունը, և կանգնում քո դեմ անխոս, հասկանալով ու ամոթից դողալով ու դեռ խոստովանելով, որ իրենց հոգին պետք է հարմարվի իրենց մերկ ու անվերջ ուղեղի մտքի ռիթմին,
Մի անհայտ պարապ խելագար ու հրեշտակային բիթ, որ ժամանակի մեջ գրի առավ այստեղ այն, ինչ կարող էր մնալ չասված և պետք է ասվի մահից հետո եկող ժամանակի մեջ,
Եվ նա ոտքի կանգնեց՝ վերամարմնավորված ջազի ուրվականային հագուստների, նվագախմբի ոսկեթող ստվերի, և նվագեց տանջանքները Ամերիկայի մերկ մտքի սիրո համար սաքսոֆոնային ճիչով, ու գիշերային ռադիոն ցնցեց քաղաքները,
Կյանքի պոեմի բացարձակ սրտով՝ կտրված-հանված հենց իրենց սեփական մարմիններից, պիտանի ուտելու մի հազար տարի:

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ցեմենտե և ալյումինե ի՞նչ սֆինքս փշրեց նրանց գանգերը՝ խժռելով ուղեղ և երևակայություն:
Մողոք: Մենությո՛ւն: Կե՛ղտ: Այլանդակությո՛ւն: Աղբարկղե՛ր և անհասանելի դոլարնե՛ր: Աստիճանների տակ ճչացող երեխանե՛ր: Բանակներում հեկեկացող պատանինե՛ր: Պուրակներում արտասվող ծերունինե՛ր:
Մողո՛ք: Մողո՛ք: Մղձավանջ Մողո՛ք: Անսեր Մողո՛ք: Խելագար Մողո՛ք: Մարդու անգութ դատավոր Մողո՛ք:
Մողոք՝ անհասկանալի զնդան: Մողոք՝ հաստաբեստ ոսկոր: Անհոգի զնդան և Կոնգրես վշտի: Մողո՛ք, որի կառույցները դատարան են: Մողո՛ք: Պատերազմի անծայր ռազմաքար: Մողո՛ք՝ շվարած պետություններ:
Մողո՛ք, որի ուղեղը մաքուր մեքենա է: Մողո՛ք, որի արյունը հոսող դրամ է:
Մողո՛ք, որի մատները տասը բանակ են:
Մողո՛ք, որի կայծքը մարդակեր դիանամո է:
Մողո՛ք, որի ականջը ծխացյալ գերեզման է:
Մողո՛ք, որի աչքերը հազարավոր կույր լուսամուտներ են: Մողո՛ք, որի երկնաքերերը կանգնած են երկար փողոցներում՝ որպես հարատևող Եհովաներ: Մողո՛ք, որի գործարանները երազում ու մռնչում են մառախուղի մեջ: Մողո՛ք, որի ծխնելույզներն ու անտենաները թագ են քաղաքների վրա:
Մողո՛ք՝ որի սերը անսպառ բենզին է և քար: Մողո՛ք, հոգին՝ էլեկտրականություն և բանկ:
Մողո՛ք, որի աղքատությունն ուրվականն է հանճարի: Մողո՛ք, որի ճակատագիրը սեռազուրկ ջրածնի ամպ է: Մողո՛ք, որի անունն է միտք:
Մողո՛ք՝ մեջդ նստած են միայնակ: Մողո՛ք, որին երազում եմ հրեշտակ: Խելագար՝ Մողոքի մեջ:
Մողո՛ք, որի մեջ անդամ ծծող եմ: Մողոքի մեջ եմ անսեռ և անմարդ:
Մողո՛ք, որ վաղաժամ խուժեց հոգուս մեջ: Մողո՛ք, որի մեջ սոսկ գիտակցություն եմ անմարմին:
Մողո՛ք, որը վախեցրեց ինձ և դուրս մղեց իմ իսկ բնական հոգեզմայլումից: Մողո՛ք, ում ես լքում եմ: Արթնանում՝ Մողոքում: Լույսը հոսում է երկնքում:
Մողո՛ք: Մողո՛ք: Ռոբոտածին հարկաբաժին, անտեսանելի արվարձաններ, կմախք-գանձարաններ, կույր դրամագլուխներ, սատանայական արդյունաբերություններ, ուրվականացած ազգեր, անպարտելի գժանոցներ, գրանիտե առնանդամներ, հրեշավոր ռումբեր: Նրանք կոտրում են իրենց մեղքը՝ Մողոքը բարձրացնելով երկինք: Մայթեր, ծառեր, ռադիոներ, տոննաներ՝ բարձրացնում եմ քաղաքը երկինք, որ գոյատևում է և. ամենուրեք մեր մասին է:
Տեսիլներ, կանխանշաններ, մտապատրանքներ, հրաշքներ, էքստազներ, որ ընկղմվում են ամերիկյան գետի մեջ: Երազնե՛ր: Պաշտամունքնե՛ր: Պայծառացումնե՛ր: Կրոննե՛ր: Ողջը՝ նավաբեռ զգացական թրիքի: Ճեղքում՝ գետի վրա: Խմիչքներ և խաչելություն՝ սուզվում են հեղեղի մեջ:
Բարձունքներ, աստվածահայտնություններ: Տասնամյա անասնական ճիչեր և ինքնասպանություններ: Մտքեր: Նոր սերեր: Գիժ սերունդ: Լքված ժամանակի ժայռերի վրա:
Իրական սուրբ թռիչք գետում: Նրանք տեսան այդ ամենը, վայրի աչքերն ու սուրբ աղաղակները: Հրաժեշտ են տալիս, ցատկում՝ տանիքներից դեպի մենություն՝ թափահարելով ձեռքի ծաղիկները: Գետն ի վար՝ դեպի փողոց:

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Կառլ Սոլոմոն: Ես քեզ հե՛տ եմ Ռոքլանդում,
ուր դու ավելի խելագար ես, քան ես
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր դու պետք է տարօրինակ զգաս քեզ
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր դու նմանակում ես մորս ստվերը
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր դու սպանեցիր քո տասներկու քարտուղարուհիներին
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր դու ծիծաղում ես անտես հումորի վրա
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր մենք նույն մեծ գրողներն ենք նույն ահավոր գրամեքենայի առաջ
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր վիճակդ վատացավ և ռադիոն հայտնեց այդ մասին
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր գանգի ընդունակություններն այլև չե՛ն ընդունում զգայարանների որդերը
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր խմում ես Յութիքայի պառաված օրիորդների կրծքի թեժը
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր դնում ես դայակներիդ մարմնի վրա Մրոնքսի հարպիաներին
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր ճանաչում ես զսպաշապիկ հագած որ տանուլ ես տալիս դժոխքի իրական պինգպոնգը
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր թմբկահարում ես կանտատոնիկ դաշնամուրի վրա, որ հոգին անմեղ է և զինված գժանոցում երբեք չպետք է մեռնի անաստված
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր հիսունից ավելի էլեկտրահարություններն էլ չեն վերադարձնի իր ուխտագնացությունից դեպի դատարկության խաչը մեկնող հոգիդ՝ մարմնին
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր մեղադրում ես բժիշկներիդ և եղբայրական սոցիալիստական դավադրություն ծրագրում՝ ընդդեմ ֆաշիստական ազգային Գողգոթայի
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր դու կճեղքես Լոնգ Այլենդի երկինքը և հարություն կտաս գերմարդկային գերեզմանոցից քո ապրող մարդկային Հիսուսին
Քեզ հետ եմ Ռոքլանդում
ուր քսանհինգ հազար խելագար ընկերներ միաձայն կերգեն վերջին տո՛ւնը Ինտերնացիոնալի
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր մեր անկախներում գրկում և համբուրում ենք Միացյալ Նահանգները որ հալում են ողջ գիշեր՝ անքուն թողնելով մեզ
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր արթնանում ենք կոմայից էլեկտրականացած հենց մեր սեփական հոգու ինքնաթիռները մռնչում են տանիքների վրա նրանք եկել են նետելու հրեշտակային ռումբեր հոսպիտալը ինքնալուսավորվում է տեսիլային պատերն ընկնում են օ լղար լեգիոնները դուրս են վազում օ նետման աստղազարդ շոկ հավերժական պատերազմն այստեղ է օ հաղթանակ մոռացիր քո ներքնազգեստը մենք ազատ ենք
Քեզ հե՛տ եմ Ռոքլանդում
ուր երազիս ծովային ճանապարհորդությունից թրջված քայլում էիր մայրուղիների վրա Ամերիկայի երկայնքով արցունքոտ աչքերով դեպի դուռը քոթեջիս Արևմտյան գիշերվա մեջ
Սան Ֆրանցիսկո, 1955-56

«ՈՌՆՈՑԻ» ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սո՛ւրբ: Սո՛ւրբ: Սո՛ւրբ: Սո՜ւրբ: Սո՛ւրբ: Սո՛ւրբ: Սո՛ւրբ: Սո՜ւրբ: Սո՛ւրբ: Սո՛ւրբ:
Սո՛ւրբ: Սո՛ւրբ: Սո՜ւրբ: Սո՛ւրբ: Սո՛ւրբ:
Աշխարհը սո՛ւրբ է: Հոգին սո՛ւրբ է: Մաշկը սո՛ւրբ է: Քիթը սո՛ւրբ է: Լեզուն, առնանդա՛մը, ձեռքը և հետանցքը սուրբ են:
Ամեն ինչ սո՛ւրբ է: Ամենքը սո՛ւրբ են: Ամենուրեք սուրբ են: Ամեն օրն հավերժի մեջ է: Ամեն մարդ՝ հրեշտա՛կ:
Հետույքը սուրբ է նույնքան որքան հրեշտակը:
Խելագարը սուրբ է այնքան որքան հոգիս:
Սուրբ է մեքենագրողը, բանաստեղծությունը, սուրբ է ձայնը սուրբ է, լսողները սուրբ են սուրբ է էքստազը:
Սուրբ է Փիթերը սուրբ է Ալենը սուրբ է Բերրոուզը:
Սուրբ է Քասսեդին սուրբ են անհայտ խելագար և տառապյալ աղքատները սուրբ են ժանտատեսիլ մարդկային հրեշտակները:
Սուրբ է մայրս հոգեբուժարանում: Սուրբ են Կանզասի մեծամեծների առնանդամները:
Սուրբ է հառաչող սաքսաֆոնը: Սուրբ է ջազառիթմ ապոկալիպսիսը: Սուրբ են ջազ-բենդը մարիխուանա հիփթերները խաղաղությունը թափոնը և թմբուկները: Սուրբ է մենությունը երկնաքերերի և մայթերի:
Սուրբ են միլիոնավոր մարդկանցով լեցուն սրճարանները: Սուրբ են փողոցների տակ հոսող խորհրդավոր գետերն արցունքների:
Սուրբ է բանտարկյալը: Սուրբ է համատարած գառը միջին դասի: Սուրբ են խելագար հովիվներն ըմբոստության: Ով փորում է Լոս Անջելեսը’ է Լոս Անջելես:
Սուրբ է Նյու Յորքը սուրբ է Սան Ֆրանցիսկոն, սուրբ են Փեորիան և Սիեթլը, սուրբ է Փարիզը, սուրբ է Տանժերը, սուրբ է Մոսկվան, սուրբ է Ստամբուլը:
Սուրբ է ժամանակը հավերժում սուրբ է հավերժը ժամանակում սուրբ են ժամացույցները տարածության մեջ սուրբ է չորրորդ չափումը սուրբ է հինգերորդ ինտերնացիոնալը սուրբ է Մողոքում:
Սուրբ է ծովը սուրբ է անապատը սուրբ է շոգեկառքը սուրբ են տեսիլքները սուրբ են հալյուցինացիաները սուրբ են հրաշքները սուրբ է աչքաբիբը սուրբ է դրախտը
Սուրբ է ներումը շնորհը ողորմածության հավատը: Սուրբ՝ հենց մենք: Մեր մարմինները տառապանքը վեհանձնությունը:
Սուրբ է գերիրական շողշողուն խելամիտ բարությունը հոգու:

Անգլերենից թարգմանեց Արտեմ Հարությունյանը

Գարուն, 1999, N7

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով