Ջեքի Քոլինզ. Կնոջ ուժը

«Գարուն», 1999, N 7

Քրիստինը սպիտակ գուլպա չուներ ու դրանք գնելու համար պիտի հասներ մինչև Նեյման Մարկուս: Մի դժվար բան չէր, նրա համար անգամ հաճույք էր շքեղ խանութներում շրջելը, իրեն պետք չեկող զգեստներ գնելը և հարդարանքի բաժիններում թափառելը: Գնումները բուժիչ ազդեցություն էին թողնում, միտքը կտրվում էր ամեն ինչից` նրան տանելով Ջուդիթ Լիբերի պայուսակների և Մանոլո Բլահնիկ կոշիկների, ինչպես նաև ներքնազգեստի փափուկ, զգայական աշխարհը: Վերջերս խանութի տղամարդկանց բաժնում հսկա «Մարտինի» բար էին բացել: Քրիստինն իրեն հանգիստ էր զգում այնտեղ` վոդկա-մարտինի խմելով ու երազելով, թե ինքը երկու քաղցրիկ, փոքրիկ երեխաներ ու շատ կարևոր գործով զբաղվող ամուսին ունեցող Հոլիվուդի օրինակելի կին է… Հավատարի՛մ ամուսին, որովհետև իրեն հանդիպած բոլոր տղամարդիկ խաբել էին իրենց կանանց… Եվ արդեն երեք տարի է` այդ երևույթը ծանոթ էր Քրիստինին. նա կանչով աղջիկ էր Հոլիվուդում ու դրանց նմաններին շատ էր հանդիպել:
Քրիստինը փոքր քրոջ` Շերիի հետ Լ. Ա. էր եկել չորս տարի առաջ` աստղ դառնալու երազանքով: Քրիստինը 19 տարեկան էր, Շերին` 18, ու նրանք ընդօրինակում էին հարյուրավոր ու հազարավոր դեռահասների: Իրենք էլ փող հավաքեցին, թողեցին փոքրիկ քաղաքը, ուր ապրել էին իրենց երիտասարդ կյանքը, նստեցին ջարդված «Ֆոլցվագենը» և գնացին Արևմուտք:
Շերին, բոլորի հավաստմամբ, տան գեղեցկուհին էր, իսկ Քրիստինը պարզապես քույր էր ու մշտապես` Շերիի գեղեցկության ստվերում: Սակայն նրանք շատ մտերիմ էին և ամեն ինչ անում էին միասին: Լ. Ա. հասնելուն պես` էժան բնակարան վարձեցին ու մատուցողի աշխատանք ստացան իտալական մարդաշատ ռեստորանում, Մել Ռոսի վրա: Շերին դիմացավ ուղիղ մեկ շաբաթ, մինչ հայտնաբերվեց այցելուներից մեկի` Հովի Փաուերսի կողմից, անարժան մեկն էր` հարուստ գործարարի որդի: Հենց սկզբից Քրիստինը գիտեր, որ Հովին բարի պտուղ չէ, նա թմրամոլ ու խաղամոլ էր, ու նաև հոր փողերը մսխում է մեքենաների ու կանանց վրա: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նա նկատեց Շերիին ու սիրահարվեց: Հովին սեր էր բացատրում` նրան տանելով լավագույն ռեստորաններն ու ակումբները, թանկ նվերներ էր թափում նրա վրա և, ընդհանրապես, թագուհուն վայել վերաբերմունք էր ցույց տալիս նրան: Այդ ժամանակ էլ համոզեց Շերիին թողնել աշխատանքն ու ապրել իր հետ: Քրիստինը զգուշացրեց քրոջը, բայց Շերին չլսեց:
— Նա ուզում է ամուսնանալ,- ասաց նա սիրահարված:- Մենք կամուսնանանք, երբ ես հանդիպեմ նրա ծնողների հետ:
— Իսկ դա ե՞րբ կլինի,- հարցրեց Քրիստինը:
— Շուտով,- պատասխանեց Շերին:- Նա ինձ տանելու է Փալմ Սփրինգս, որպեսզի ծանոթանամ նրանց հետ:
Քրիստինը չհավատաց. Հովին ամուսնացողը չէր՝ նա խոստումներով կկապի Շերիին մինչև ձանձրանալը, իսկ հետո կլքի: Իրեն ծանոթ էր տղամարդու այդ տեսակը: Ինքը ծանոթ էր հարուստ տղայի «գործոնին» դեռևս դպրոցից, երբ կապվել էր ֆուտբոլի թիմի կապիտանի հետ, իսկ նա բոլորի մոտ գլուխ էր գովում իր հաջողությունների մասին: Երբ ինքը բողոքեց, տղան այլևս չխոսեց նրա հետ: Լա՜վ դաս էր իր համար:
Քրիստինը Հովիին համարում էր գեղեցիկ փլեյբոյ, ինչ որ նա է՛ր իրականում, հատկապես այն օրը, երբ իր մոտ եկավ, մինչ Շերին գնումների էր գնացել: Նա չհամաձայնվեց, բայց և ստիպված էր հաշտվել՝ ի սեր քրոջ, ու դա տևեց մինչև այն գիշեր, երբ հայտնաբերեց, որ Հովին Շերիին կապել է կոկաինի: Քրիստինը ասես խենթացավ, կռվեց երկուսի հետ էլ: Շերին ասաց, որ քույրը լավ կանի` թողնի-գնա ու զբաղվի իր գործով: Ինքն այդպես էլ արեց: Իսկ երկու շաբաթ հետո հնչեց գիշերային զանգ. Փալմ Սփրինգսի ճանապարհին` ծնողների մոտ գնալիս, Հովին քնել է «Պորշի» ղեկին, անցել մայրուղին կիսող գիծն ու բախվել մի ուրիշ մեքենայի: Այդ մեքենայի վարորդը մահացել է, Հովին միայն թեթե վնասվածք է ստացել, իսկ Շերին կոմայի մեջ է:
Արդեն չորս տարի է անցել, Շերին պառկած է հիվանդանոցում ու խնամքի կարիք ունի, ինչպես բույսը: Իսկ Քրիստինը քաղաքի` կանչով աղջիկներից է` ամենահաջողակներից, և այլ ելք չունի` ինչ-որ մեկը պիտի մուծեր հիվանդանոցի հաշիվները, և այդ մեկը, իհարկե, Հովի Փաուերսը չէր, որը միանգամից անհետացավ նրանց կյանքից:
— Ներեցեք, այստեղ նստելուս դեմ չե՞ք:
Քրիստինը հայացքը վեր հառեց: Տղամարդը նստեց կողքի աթոռին, թեև ազատ սեղանները շատ էին: Նա գեղեցկատես էր, փոքր-ինչ ճմրթված տեսքով, բայց ամենևին էլ Բևեռլի Հիլզ կամ Բել էյր չէր: Հագած էր սպիտակ մարզաշապիկ, շագանակագույն կաշվե բաճկոն, խաքի գույնի շալվար ու մաշված սպորտային կոշիկներ:
— Իհարկե, ո՛չ,- պատասխանեց զգուշանալով` արդյո՞ք իր այցելուներից չէ: Հավանական չէր. այնպիսի մարդու տեսք չուներ, որը դրա համար կվճարեր:
— Ձեզ տափակ բան չեմ ասի,- ավելացրեց կոշտ, խռպոտ ձայնով:- Բայց կարո՞ղ եմ մի բան խնդրել:
(«Ոչ մի խնդրանք, սիրելի՜ս, նախ գումարը, ես պետք է վճարեմ հաշիվները»):
— Ի՞նչ,- հարցրեց կտրուկ:
— Դա կհնչի որպես տափակություն,- ասաց նա քմծիծաղով:- Բայց հավատացեք, որ այդպես չէ… Գիտե՞ք, ես իմ հոր հարսանիքին պետք է գնամ: Տարիներով փողկապ չեմ կապել, ու նաև չմոռանանք այն փաստը, որ հագուստի հարցում անճաշակ եմ:
Նա մեկնեց երկու փողկապ.
— Ի՞նչ կասեիք:
— Իմ կարծի՞քն եք հարցնում,- ասաց նա դանդաղ:
— Այո, ինձ մեկ այլ կարծիք էլ է պետք: Ու դուք գեղեցիկը նկատող կնոջ տեսք ունեք:
— Ինչո՞ւ վաճառողի հետ չեք խորհրդակցում,- առաջարկեց Քրիստինը:
— Որովհետև նրանք չունեն ձեր ոճն ու դասական ճաշակը,- ասաց նա` լայն ժպտալով:- Դուք ինձ կդարձնեք այն տղան, ինչպիսին միշտ երազել է տեսնել իմ հայրը:
Իսկական ընտրություն անելուց այնքա՜ն ժամանակ էր անցել, որ նա չկարողացավ չժպտալ:
— Դուք Լոս Անջելեսից չեք, չէ՞:
— Ոչ,- պատասխանեց երիտասարդը:- Արիզոնայից եմ: Երեկ եմ եկել, հարսանիքը կիրակի օրն է:
— Ո՞րն եք ընտրել,- նայեց փողկապներին, երկուսն էլ տհաճ, պահպանողական տեսք ունեին:
— Եկե՛ք ինձ հետ,- ասաց նա` տեղից ելնելով:- Վստահ եմ` ավելի լավը կընտրենք:
Ու նրան տարավ փողկապների բաժինը: Մեկ ժամ անց, Արմանիի կարմիր փողկապը գնումների տոպրակի մեջ, նրանք դեռ զրուցում էին: Նա իմացավ, որ երիտասարդի անունը Ջեյք է, ու նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ է` ի հեճուկս իր բանկիր հոր: Երեսուն տարեկան է, չամուսնացած, եկել է Լոս Անջելես` ամսագրում աշխատանք գտնելու:
— Փողը շատ է,- ասաց նա:- Եվ այդ լուսանկարներում իրական մարդիկ կլինեն կենդանիների ու բնության տեսարանների փոխարեն:
— Իրական մարդի՞կ, այստե՞ղ,- զարմացավ Քրիստինը խմելով մարտինիի երրորդ բաժինը:- Դու գիտե՞ս, որ Լոս Անջելեսում ես:
— Այդպես հոգնած մի խոսիր: Դա քեզ չի սազում:
(«Ի՞նչ ես անում, գրողը քեզ տանի»-, հարցրեց ինքն իրեն բարկացած:- Նստած սիրախաղ ես անում անծանոթի հետ, ու դա քեզ դուր է գալիս»:)
— Ես պետք է գնամ,- ասաց նա` կտրուկ ոտքի կանգնելով:
— Ինչո՞ւ,- հարցրեց նա, նույնպես տեղից ելնելով:- Գուցե կա ամուսի՞ն, որի մասին ես պիտի իմանամ:
(«Ոչ, սիրելիս, կա կարիերա, որի մասին չէիր ցանկանա իմանալ, ես վաճառքի համար եմ»):
— Փեսացու,- խաբեց հրելով ծանր, պինդ փակված դուռը:- Եվ շատ խանդոտ:
— Չմեղադրեք նրան,- ասաց Ջեյքը` զննելով Քրիստինին:
Նա անսպասելի ուրախություն ու հետաքրքրություն զգաց` իսկ ի՞նչ կլինի, եթե քնի մի մարդու հետ, որը վճարող հաճախորդ չէ:
(«Անգամ չմտածես այդ մասին: Դու փողոցային ես, փող սարքող, ու միայն դա է քեզ հետաքրքրում»):
— Դե, հաջողություն ձեր հարսանիքին,- ասաց նա:
— Սա չորրորդ փորձն է,- ասաց Ջեյքը:- Նա վաթսուներկու տարեկան է, հարսնացուն` քսան:
— Վստահ եմ` փողկապդ հիանալի կդիտվի:
— Իհարկե, դու ես ընտրել:
Նրանք մի անգամ էլ երկար նայեցին իրար, մինչև Քրիստինն իրեն ստիպեց գնալ դեպի շարժասանդուղքը: Նոր էր ոտքը դրել աստիճանին, երիտասարդը հասավ.
— Ես իջևանել եմ Սանսեթ Մարքիզում,- ասաց նա:- Կուզենայի, որ ինձ զանգահարեիր: Շատ կուզեի մի անգամ քեզ նկարել:
Նա համաձայնության շաժում արեց:
(«Ո՛չ մի դեպքում,- մտածեց»):
— Ցտեսություն, Ջեյք,- ասաց Քրիստինը:

Անգլերենից թարգմանեց Աելիտա Դոլուխանյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով