Արարատ Մկրտումյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1991, 4

Վերջակետին հետևող սպասումը պատմության խնդիրն է, բայց օր առաջ ընկնելով` ավելի մոտ ես նպատակին: Պոեզիայի խնդիրը միայն լինելն է, գոյությունը հատկանշող այն բայերից, որ երկձև է, երկդեմ ու երկկենցաղ, եղել է: Կա, որ եղել է` պոեզիայի հանդեպ ունկը վերջնականապես քաղքենու լսողությանը հարմարեցրած, կամ, որ լինում է` խմբագրության դռները անդրդվելի թակող ելումուտով, կա, որ կլինի` «խաղալիքները մեկ-մեկ սեփական քունքի վրա… փշրող», և չգիտես` սա պոեզիայի ճակատագի՞րն է, թե ճակատագրի պոեզիան, որ խաղ չէ կամ խաղ է ինքն իր հետ, ուր խաղի կանոնները ոչ թե պահվում են, այլ… մտապահվում: Եղածով Արարատի մասին կարելի է ասել, որ կլիներ, եթե դեկտեմբերը իր կլլող խավարից սպրդած մի պայծառ շաբաթվա յոթից ութերորդ օրվա ապրելու կյանքն ունենար: Մնացյալը լռությունը չէ, այլ` ինչ գալիս է լռությունից, հիշատակ առանց բառերի, որ ստույգ երգն է:
Թադևոս Խաչատրյան

ԽՏԱՑՈՒՄՆԵՐ

Հոգնել ես:
Հասկանում եմ:
Եվ քանի դեո
քնած են բառերը,
վեր կաց
ու մի երգ գրիր
առանց
այդ բառերի…

Անցորդ,

Քեզ ո՞վ անվանեց
Անցորդ:
Երևի նա էլ էր
Անցորդ…

ՊԱՏԿԵՐ

Աղջնակը`
կավճե արևներ նկարող
ասֆալտի վրա,
և շուրթերին կիսածանոթ մի երգ`
տերևի, թռչունի և կեսօրվա մասին:

Կեսօրը`
վեց օգոստոս ուժով
փլված քաղաքի վրա
և ինքն իր տոթի մեջ
հազիվ շնչող:
Ծառը`
կանաչ օդապարիկ,
որն ուր որ է
պիտի թռչի:

Եվ ծերունին,
որ նայում է աղջնակին
և մտածում`
ինքն էլ թռչի այս ծառի հետ,
թե դեռ մնա:

Քո ծննդյան տոնի մոմակալի նման
իմ մատները մերկ են,
փչիր մոմը, աղջիկ,
փչիր մոմը, աղջիկ,
իմ մատները մերկ են…

Սիրո վարձակալները քեզ կնվիրի
այսօր
մայթաթև մեղքը…
ապրիր օրն այս, աղջիկ,
ապրիր օրն այս, աղջիկ,
իմ մատները մերկ են:
Դու հեռու ես հիմա, ինչպես
հիշողության անհնազանդ երգը…
բարի գիշեր, աղջիկ,
բարի գիշեր, աղջիկ,
իմ մատները մերկ են:

Գինու գավն այս դատարկ և
անհնազանդ
այս բառերի հևքը
նույնն են հուշում, աղջիկ,
նույնն են հուշում, աղջիկ,
իմ մատները մերկ են:

Եվ մի վերջին անգամ մինչև
փշաքաղվի
հույսի նախածեգը,
քո կենացը, աղջիկ,
քո կենացը, աղջիկ,
իմ մատները մերկ են:

ՀՈՐՍ

Երեկոն մայիսյան էր և անձրևոտ,
դու մենակ էիր
և ծննդատան առաջ
ետ ու առաջ քայլելով մտածում էիր,
որ արու զավակները
չպետք է ծնվեն անձրևոտ մի օր,
թե չէ շատ կսիրեն արեգակին,
թե չէ… կվառվեն:
Դու մենակ էիր,
և հեռու էր Լեռը,
և մտածեցիր,
որ քո որդին անպայման կունենա
Անունը լեռան,
և տխրությամբ հասկացար,
որ նա էլ մենակ կլինի քեզ նման
և Լեռան պես:
… Դու որդուդ հետ էիր,
և քո որդու հայրը
չուներ հայր,
և ծննդատան առաջ
ետ ու առաջ քայլելով
հանկարծ նայեցիր աչքերի մեջ
որդուդ
և հասկացար,
որ նա էլ շատ է ուզում
ունենալ որդի,
որ… չկորցնի քեզ:

ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Այս նստարանը կոչվելու է իմ
անունով,
որովհետև իմն է:

Այս փողոցը կոչվելու է իմ անունով,
որովհետև ես իր մեջով դեպի վեր,
ինքն իմ միջով դեպի վար է
կանգառ-կանգառ
հոսել:

Այս քաղաքը կոչվելու է իմ
անունով,
որովհետև մեր գիշերները
միաժամանակ
տաք ու պաղ են ելել,
և մենք միասին ենք դիմավորել
առավոտների երթը:

Այս հայրենիքը կոչվելու է իմ
անունով,
որովհետև ինքն ինձանով է
հայրենիք,
և ես էլ իրենով եմ ես,
որովհետև ծննդատներում
ես ու ինքն ենք ծնվում անընդհատ,
որովհետև ամեն ինչ ծնվում է
մեզնից:

Այս հողագունդը կոչվելու է իմ
անունով,
որովհետև իմ անուն է
ՍԵՐ:

***
Կրկնված բառեր, անթաքուն խոսքեր,
Ողջույններ` հղված այս ու այնտեղից,
Եվ մեր գոյության միջուկը ոսկե
Ինքն իր մեջ ճաք է տալիս անտեղի:

Տեր, այսպես ապրել էլ չի կարելի,
Գուցե քեզ էլ ենք իզուր հավատում. մինչև իսկ խաչքար
դարձող քարերին
Չէ՞ որ այդ մասին կանխավ են հայտնում:

Մենք աշխարհ եկանք երգ ծնանելու
Կամ երգ դառնալու պատերում մեր տան,
Բայց երգեղենիկ մեր բերաններում
Փղձուկը գնդվեց դառը համրության:

Գիտենք, ինչ-որ բան մնում է հեռվում,
Գիտենք, ինչ-որ բան դաջված է ցավին,
Բայց գուցե զուր ենք մենք միշտ երերում,
Ստվերների մեջ մոտիկ անցյալի:

Տեր, այսպես ապրել արդեն չենք կարող.
Եվ ճամփան է սուտ, և բառերը` սին.
Եվ կածանների ոլորքը քարոտ
Մեզ բան չի ասում գագաթի մասին:

Փոշոտ բառեր են և հոգնած խոսքեր.
Ով գիտի ով է մեզանից պարտվում…
… Եվ մեր գոյության միջուկը ոսկե
Մեր թանկ պարտության փառով է պատվում…
9. 03. 1988 թ.

ԻՆՁԱՆԻՑ ՀԵՏՈ
Կլինի
քաղաք, որի շնչառությունը չի լինի ընդհատ,
պատուհան, որը վարագույրի կարոտ կունենա,
հեռախոս, որ միշտ կզանգի ուղիղ կեսգիշերին,
և մի տղա կվազի-կվազի դեպի բացվող օրը,
և ոչ ոք չի հասցնի լուսանկարել նրան:

Կլինի
Անեկդոտ` արդեն հազար անգամ ծամծմված-մաշված
ծիծաղ-ծխախոտից դեղնած ատամների միջից,
սրճարան, ամենքով լեցուն և դատարկ ամենքի մեջ,
և մի տղամարդ կքայլի հոգնած կեսօրվա մեջ,
և լուսանկարն այդ անփույթ ու գեղեցիկ կլինի:

Կլինի
հիշողություն` տարեմուտի ամենա-ամենավերջին պահի,
տոնածառ-հիշողության փայլուն խաղալիքներով պսպղացող,
ձեռք` այդ խաղալիքները մեկ-մեկ սեփական քունքի վրա… փշրող,
և մի ծերունի կմոռանա սենյակում վառել լույսը,
և դեղնած լուսանկարների մի մաշված ալբոմ կմնա սեղանի վրա:

ԵՐԳ
Թող այս գիշերը այսպես էլ վառվի,
Եվ ցավը ցնդի ծխից էլ արագ,
Այս բառերի հետ ոնց կուզես վարվիր,
Այս կարոտի հետ ինչ կուզես արա:

Քո լռությունից այն կողմ ես չկամ,
Եվ վաղուց բառ է գիշերը արդեն,
Գուցե այսօր էլ իսկապես չգաս,
Գուցե այսօր էլ բառերը հաղթեն:

Ինձանից հետո ուրիշ ինչ կտակ,
Ինչ գտնելու էի` կմնա վերջում,
Այսպես Ադամն էլ Եվային գտավ
Աստվածաշնչի առաջին էջում:

Այսպես Ադամն էլ Եվային գտավ,
Որ հաջորդ էջին չլինի ներում,
Բայց ես չեմ ուզում անունդ գթալ,
Ինչ է` թե հետո սեր է լինելու:

Ինչ է` թե հետո սեր է լինելու
Եվ լինելու է մի տաք կախարդանք,
Բայց հիշողության մեր կղզիներում
Ո՞ր էջից պիտի այս երգը կարդանք:

Ո՞ր էջից, ասա, գիշերն այս վառվի,
Եվ ցավը ցնդի ծխից էլ արագ…
… Այս բառերի հետ ոնց կուզես վարվիր,
Այս կարոտի հետ ինչ կուզես արա:

28. 02. 87 թ.

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով