Ժենյա Քալանթարյան. Չարենցի սիրո լիրիկան

«Գարուն», 1977, 11

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ,
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն-Լեսկո-
Պատկերացել է ինձ` իմ Նավզիկեն:

Բանաստեղծի այս խոստովանությունը ավելի քան ճշմարիտ է և ամենաընդհանուր գծերով բնութագրում է իր` կնոջ ու սիրո իդեալի որոնման պատմությունը: Չարենցի այդ որոնումը ընթացել է բարդ ու հակասական ճանապարհով, զիգզագներով ու սխալներով, գտնումներով ու կորուստներով և այս ամենի համեմատ էլ, նրա սիրո երգը մեկ թրթռացել է բեկբեկ, մեկ զրնգացել է հստակ, մեկ խռպոտել է ճիչից և մեկ էլ ղողանջել է տխուր:
Չարենցի պատկերած բոլոր ապրումների` կարոտի ու երազանքի, հիասթափության ու վայելքի տարբեր ելևէջները պայմանավորված են նրա ապրած կյանքով, կարդացած գրքերով, կրած ազդեցություններով և անվերջ, անվերջ որոնումներով: Այդ որոնումները սկսվում են անորոշ, թախծոտ ու տարտամ երազանքից.

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում:

Պատանեկան մաքուր ու թախծոտ ապրումներ դեռևս տերյանական ձևի մեջ. այդպիսին է Չարենցի առաջին այս բանաստեղծությունը: Բայց շուտով խախտվում է ապրումի հոգեբանական ու օրինաչափ ընթացքը և սիրո հայտնության ու բերկրանքի փոխարեն երազին անմիջապես հաջորդում են վայելքն ու հիասթափությունը: Պատանեկան երազների փլուզումը ողբերգություն է ծնում քնարական հերոսի հոգում, իսկ սիրած էակից ունեցած հիասթափությունը վերաճում է կյանքից ունեցած հիասթափության: Եվ Չարենցի առաջին` «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկը, Աստղիկ Ղոնդախչյանին ընծայականով, դառնում է այդ ցավի ու դառնության արձագանքը: Սրբությունը մեռնում է վայելքի մեջ, և դա էլ դառնում է հիասթափության պատճառը:
Եթե ճիշտ է Գ. Մահարին, երբ գրում է, թե Չարենցի «Երեք երգը» Տերյանի ցնորք-աղջկա դաժան հակադրությունն է, ապա, այնուամենայնիվ, ճիշտ է և այն, որ ցնորք աղջկա էտապը անհրաժեշտ է դառնում նաև Չարենցի համար: Եթե Տերյանն սկսում է ցնորք-աղջկանից, ապա Չարենցն ինչ-որ շրջանում հանգում է ցնորքի գաղափարին, եթե Տերյանի համար այդ կարոտ է, իդեալ, ապա Չարենցի համար նաև հուշ է: Իրական կյանքում իսկական սեր չկա, հետևաբար կոնկրետ ու կենդանի ապրումը պետք է փոխարինել սիրո գաղափարով, պետք է հոգեկան անդորր փնտրել հավիտենական սիրո վերացարկված հասկացության մեջ,— այսպիսին է պատանի Չարենցի եզրակացությունը: Այդ սկզբունքով էլ Չարենցն ստեղծում է «Հրո երկիր» և «Տեսիլաժամեր» շարքերը:
«Տեսիլաժամերում» բանաստեղծի մոտ կատարվում է մի անցում, որը բնորոշ է դառնում նրա ամբողջ ստեղծագործության համար: 10-ական թվականների կեսին Չարենցի տեսադաշտում, կնոջից բացի, նրա իսկ բառերով ասած, հայտնվում է մի ուրիշ անգո` երկիր Նաիրին կամ հայրենիքը: Կնոջից դեպի հայրենիք ձգվող ստեղծագործական ուղին, որ սկիզբ է առնում «Տեսիլաժամերում», ճիշտ է նաև «Ծիածանի», «Տաղարանի» և գրեթե մյուս բոլոր շարքերի համար: Առաջին շրջանի սիրային երգերի սիմվոլիստական մշուշն ավելի է թանձրանում հենց հայրենիքի պատճառով: Թե՛ կինը, թե՛ հայրենիքը զուրկ են առարկայական, կոնկրետ գծերից, ուստի դժվար է որոշել, թե որը որտեղ է սկսում և որտեղ վերջանում: Երկու վերացական ու «անգո» սերերը բանաստեղծի մոտ հաճախ փոխակերպվում են մեկը մյուսին:
Չարենցը, ի վերջո, չի կարողանում հաշտեցնել երկնային, տեսլային կնոջ և միանգամայն երկրային իր զգացմունքների ու պահանջների իրարամերժ սկզբունքները: Նա գալիս է այն եզրակացության, որ մարդկային նորմալ զգացմունքների ու ապրումների փոխարինումը մտացածին ու հավերժական գաղափարներով, պարզապես ինքնախաբեություն է: Հոգնած անմարմին երազներից, Չարենցի քնարական հերոսը պահանջ է զգում իրական կյանքի վայելքին, որովհետև միայն հոգեկան սնունդը քիչ է լիարժեք մարդու համար, քանզի մարդը հոգու և մարմնի ամբողջություն է, իսկ մարմինը չի կարող կրել «դիակը հոգու»:

Կուզեի՜ լինել հարուստ ու կարող,
Աշխարհը զգալ որպես քաղցր դող,
Եվ ամբողջ կյանքով մի պահ երկարող
Վառվել ու մարել հրճվանքում բանտող,—

գրում է բանաստեղծը «Մարի, էգ թռչուն» (1916) երկի մեջ: Չարենցը սիրո մեջ սկսում է տեսնել ավելի մեծ բովանդակություն, ավելի լայն իմաստ, քան կարող է ունենալ հոգեկան կամ մարմնական վայելքը: Սիրով է մարդը դառնում լիարժեք, սերը մարդու ինքնաարտահայտությունն է: Ահա այս պատճառով էլ Չարենցի քնարական հերոսը սիրո մեջ սկսում է փնտրել ինքն իրեն, ճանաչել իր էությունը.

Ես ինձ եմ ուզում, ինձ, լսո՞ւմ ես, կին,
Ինձ, որ չեմ լինի էլ ուրիշ անգամ,
Որ վաղը պիտի հող դառնամ կրկին
Ու անցնեմ անդարձ, ու աշխարհ չգամ:

Հետագա տարիներին ևս, ամբողջ 10-ական թվականների ընթացքում, Չարենցի մոտ զուգահեռ շարունակվում են իրականի ու հավիտենականի որոնումները՝ հոգու և մարմնի հավիտենական պայքարի նոր երանգավորումներով: Ահա թե ինչու բանաստեղծը մի կողմից ստեղծում է Աստվածամոր աչքերով իրիկնային քրոջ փխրուն պատկերը, մյուս կողմից, նույն թվին, խոսում է մարմնի երազների մասին, մի կողմից մերժում է մարմնի երազները, մյուս կողմից պատրաստվում է տրվելու աշխարհի քաղցր դողերին ու սարսուռներին:
10-ական թվականների կեսին, հատկապես հենց 1916-ին, Չարենցի ստեղծագործության մեջ նկատվում է մի հետաքրքիր երևույթ: Իրական տենչերն ու զգացմունքները, հոգու պոռթկումն ու ընդվզումը նա արտացոլում է որոշակի շարքերից դուրս գտնվող առանձին բանաստեղծություններում («Մարի, էգ թռչուն», «Պոետը», «Մարմնիս երազը» և այլն), իսկ շարք կազմող բանաստեղծություններում, ինչպես «Երեք երգում», «Ծիածանում» նա իրական ապրումն ու զգացումը ենթարկում է գրական սխեմաների: Այդպես էլ «Ծիածանը» սկիզբ է առնում միանգամայն իրական ու կոնկրետ ակունքներից, բայց այդ իրականն ու կոնկրետը տարրալուծվել, գրեթե անառարկայական են դարձել բանաստեղծությունների մեջ: «Ծիածանի» ներշնչման ակունքը «իրիկնային քույր» Կարինե Քոթանջյանն է.

Օ, սիրտ իմ, գլխիվայր ընկար-
Կախվեցիր… աղջկա վարսից:
Զարթնեցին հեռո՜ւ տարիներ,
Ձիերի նման վրնջան…
Արթնացավ հրկիզող մի սեր…
Կարինե:
Կարինե Քոթանջյան:

Սակայն այդ հրկիզող զգացմունքը համապատասխան ձևով չի արտացոլված «Ծիածանում»: Որոշակի սխեմաներով ընտրված գույները ծառայում են ինչպես օրվա, այնպես էլ սիրո ու մարդկային կյանքի առավոտը, միջօրեն ու մայրամուտը ցույց տալուն: Կապույտն ու կապույտ աղջիկը խորհրդանշում են կյանքի, օրվա, սիրո առավոտը, մաքրությունն ու տրտմությունը:

Լուսամփոփի՜ պես աղջիկ, աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ:

Կապույտին հաջորդում է ոսկին` հաջորդ գունային սիմվոլը, որը օրվա, կյանքի միջօրեի հետ միասին խորհրդանշում է սիրո միջօրեն, հասունացումը: Կապույտից ոսկի զգացմունքն աճում է վերընթաց ուղիով: Ոսկի շղթա է վառվում կապույտ աղջկա աչքերում: Ոսկին դառնում է հրդեհված սիրո, հրկիզված սիրո սիմվոլը.

Հրոտ, հրաշեկ, ոսկին արևի`
Հրդեհված հոգու հովն է երևի…

Օրվա մայրամուտի, վերջալույսի տրտում-մանուշակագույն ցոլքերի հետ չքանում է երջանկությունը` տեղը զիջելով թախծոտ վերհուշին: Մեոնում է օրը, մեռնում է սերը, մեռնում է կյանքը, տրտում հրաժեշտով բաժանվում են քնարական հերոսն ու հերոսուհին` այն աշխարհում հոգով հանդիպելու հույսով: Հրաժեշտի պահին առավել խորանում է տրտմությունը, և աճում է անբավականությունը կապույտից:
Ցրտություն ու սառնություն կա «Ծիածանում», այն ամբողջովին չի բացում բանաստեղծի ներաշխարհը: Եվ այս անգամ էլ, ինչպես նախորդ դեպքում, սխեմայով բռնադատված ու կաշկանդված զգացմունքն իր լիարժեք դրսևորումն ստանում է շարքից դուրս գտնվող «Հեռացումի խոսքերից» բանաստեղծության մեջ:
1920-ական թվականների սկզբին արդեն Չարենցը իր լիրիկական հերոսուհուն` իրիկնային ու երկնային քրոջը, իջեցնում է իրական հողի վրա, որոշ չափով կոնկրետացնում է նրան որոշակի կենցաղում և ստեղծում է նախկին ցնորքի մի քանի տարբեր մարմնավորումներ: Նախ` «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքի մասին, որը նվիրված է բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանին` նշանավոր կոմպոզիտորի քրոջը և մի կողմից արտահայտում է հեղինակի նուրբ հեգնական վերաբերմունքը դեպի պառնասական արվեստը, մյուս կողմից էլ դրսևորում է ջերմ քնարական զգացմունք դեպի բանաստեղծուհին, դեպի կինը, որը միաժամանակ հայ գրական շրջանակի ներկայացուցիչն էր Չարենցի համար: Այսինքն, կինն ու բանաստեղծուհին երբեմն միանում, երբեմն անջատվում են, և սա էլ ծնում է հակասությունը: Սակայն հակասությունը շատ ավելի բարդ է, մի քանի աստիճանի: Այն առկա է հերոսուհու արտաքին հատկանիշների թվարկման, նրա ներքին ու արտաքին աշխարհի, նրա կանացիության ու բանաստեղծ լինելու միջև: Միշտ չէ, որ քնարական հերոսուհու աչքերը սառն են, երբեմն նրանք լի են կրակով այն աստիճան, որ հուզմունք ու վախ են պատճառում հերոսին («վախենում եմ, երբ Դուք նայում եք աչքերիս հայացքներով բորբոք»), անփույթ ու նազանքով լի ժպիտները գերում են, և հերոսը բացականչում է.

Ես երգով միշտ Ձեզ հետ եմ`
Ձեր բույրից հավիտյան գոհ:

Հետաքրքիրն այն է, որ Չարենցի վերաբերմունքը, շատ հաճախ և ավելի շատ դրական է բանաստեղծուհու երգերի, քան նրա արտաքին գեղեցկության նկատմամբ, թեև հակասական է նաև հերոսուհու արտաքին նկարագիրը: Հերոսուհու նկատմամբ բանաստեղծի վերաբերմունքը ավելի որոշակի է դրսևորված շարքի «Տրիոլետներ» բաժնում.

Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է,
Թող ցրե իմ հուրը տխրությունը Ձեր…

Սիրո զգացումն ու բանաստեղծական ուղու բնորոշման հարցերն այնպես սերտորեն են միահյուսված այստեղ, որ հաճախ թյուր ըմբռնումների տեղիք են տալիս: Միևնույն ժամանակ «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը ցույց է տալիս, որ թե՛ մեկ, թե՛ մյուս բնագավառում բանաստեղծի որոնումները դեռ ավարտին չեն հասել:
Չարենցը դեռևս շարունակում էր իր որոնումները: Այդ որոնումները իրենց կնիքն են դնում նրա սիրային երգերի վրա և եթե մի կողմից հարստացնում են բանաստեղծությունների բովանդակությունը, հարցադրումների որակը, մյուս կողմից էլ երկփեղկում են տրամադրությունը: Սիրային երգերի շարքերն արծարծում են կա՛մ ստեղծագործական և կա՛մ էլ հայրենասիրական, հասարակական պրոբլեմներ:
Նախորդ շարքերի որոշ տրամադրություններ նոր որակով ու գաղափարական այլ ելակետով շարունակվում են հաջորդ շարքերում: Մեկ որ Չարենցը հրաժարվում է երազային ու անիրական կնոջից, այլևս չի վերադառնում նրան: Եթե մի դեպքում իրական հողի վրա տեղափոխված երազի կինը սառն է, զուսպ, արիստոկրատական բարոյականության կրողը, ապա «Փողոցային պչրուհին» շարքի բալլադներում բանաստեղծը բացահայտում է բարոյականության մի նոր, անկումային որակ: Փողոցային կնոջ հրապույրները նույնքան կեղծ են ու սուտ, որքան սառն ու անկյանք են սալոնային կնոջ հմայքները: Չարենցն այստեղ առանց նուրբ ու թաքնված հեգնանքի, այլ որոշակի ու բացահայտ, ջրի երես է հանում իր ժամանակի մարդկանց հոգու աղքատությունն ու բարոյական սնանկությունը: Այս իմաստով հատկանշական է «Շամիրամ» բանաստեղծությունը: Հիմա, հինավուրց Նաիրիում այլևս կնոջ ամենակարող հմայքին չենթարկվող արքաներ չկան, հիմա մի ժպիտից ու թեթև ակնարկից նրանք պատրաստ են հալվելու ու տրվելու տարփանքին, որովհետև նրանք պաշտպանելու ու պահելու այլևս ոչինչ չունեն, ավելի ճիշտ` այլևս չեն կարող ոչինչ պահել: Ըստ էության բարոյական թուլությունը բանաստեղծի համար քաղաքական անկարողության համար հավասարազոր երևույթ է, առհասարակ մարդու, նրա ֆիզիկական ու հոգևոր ուժերի կորուստ: Ճշմարիտ սիրո կորուստը նշանակում է մարդկային բարձրագույն առաքինությունների կորուստ: Սիրո զգացմունքի ու կարոտի վերադարձը կօգնի մարդուն վերագտնելու ու հաստատելու ինքն իրեն, կօգնի նրան վերածնվելու հոգով ու մարմնով.

…Բայց կլինի մի գիշեր ու հմայքով նաիրյան,
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
…Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին—
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:

Սերը դիտվում է իբրև մարդու քաղաքացիականության ստուգման չափանիշ: Շամիրամի հմայքները մնրժելու ուժ ունեցող Արան իր մեջ բարոյական զորություն կգտնի նաև երկիրը պաշտպանելու.

Եվ դաշտերում նաիրյան կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա,
Նա կմեռնի որպես զոհ— բայց չես հաղթի դու նրան,
— Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ…

Եվ այսպես, 1912-1920 թթ. ձգվող ստեղծագործական հարուստ ճանապարհին Չարենցն անընդհատ որոնել, բայց չի գտել սիրո իր իրական ու դրական իդեալը: Որոնումները նրան հասցնում են Սայաթ-Նովային և ծնունդ տալիս «Տաղարանին»: Այս շարքում արտացոլված զգացումները իրական-ռեալիստական ապրումի հետևանք են, ունեն կենսական հիմք: «Տաղարանը» ձոնված է բանաստեղծի առաջին մեծ սիրուն՝ ապագա կնոջը` Արփիկին:
«Տաղարանում» ուշադրության արժանի ամենաարժեքավոր գիծը հումանիզմի այն որակն է, որ թեև բանաստեղծը ժառանգել է Սայաթ-Նովայից, բայց դարձրել է իր ժողովածուի ուղն ու ծուծը:

Ինչքան որ հուր կա իմ սրտում— բոլորը քեզ…

Ընծայականի այս տողերը դառնում են սկզբունք ամբողջ «Տաղարանի» համար, հաստատվում են ուրիշ բանաստեղծությունների միջոցով:
Երկրորդ կարևոր հատկանիշն այն է, որ բանաստեղծը կանացի գեղեցկությունը դարձնում է կյանքի ու աշխարհի գեղեցկության իմաստավորման սիմվոլ: Եթե կինը կյանքի գեղեցկության կրողն է, ապա լիարժեք մարդն էլ այդ գեղեցկության զգացողն է.

Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր,—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Այս պատճառով էլ նա գոզալին օժտում է աստվածային գեղեցկություն, դեպի որը միշտ ձգտում է մարդկային հոգին: Գոզալը որոշակիորեն վեր է կանգնած առօրյայի գորշությունից, կյանքի պրոզայից, նա սովորական մարդ չէ, նա իդեալի կրողն է: Որքան որ քնարական հերոսի հոգին տենչում է գոզալին, նույնքան և ուզում որ տարա-ծություն մնա իր և նրա միջև: Գեղեցիկի հավերժական այս ձգտումը կոնկրետանում է սիրած կնոջ մեջ անսովորը տեսնելու, նրանով չհագենալու մարդկային տենչանքով.

Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չատեմ` դու էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնաց սիրտս քեզնով` ափսոս ու ախ պիտի ասեմ:

«Տաղարանի» համար ևս բնորոշ է կնոջից-հայրենիք այն անցումը, որ արդեն նկատեցինք Չարենցի մյուս բանաստեղծական շարքերի համար: Այստեղ էլ հաղթում է Չարենցի մեծ սերը, կնոջից հայրենիք զգացումն աճում է վերընթաց ուղիով և հասնում է կուլմինացիոն կետին: Ծնվում է անզուգական «Ես իմ անուշ Հայաստանին»: Հայաս-տանն այն միակ ու անփոխարնելի յարն է, որին երբեք չի դավաճանում բանաստեղծը.

Էլի ես որբ ու արնավառ, իմ Հայաստան յարն եմ սիրում…

Չարենցի սիրո քնարերգությունը զարգացել է զիգզագներով, իր մեջ արտացոլել օրերի ռիթմն ու ժամանակի շունչը: Նոր օրերի մարդու հոգեկան ապրումներն արտացոլելիս բանաստեղծը գնաց խոտոր ճանապարհներով: Հոգեկան ապրումների պատկերման բնագավառում բանաստեղծի որոնումները պայմանավորված էին նորօրյա, սոցիալիստական հոգեբանության ռեալիստական արտացոլման ներքին անկեղծ մղումով: Սակայն պրոլետարիատի հոգեբանության որոնումները Չարենցին տարան սխալ ուղիով: «Ով որ գիտե ի՞նչ է նշանակում «պրոլետարական» աշխարհազգացում հուզական առումով—թող բարձրաձայն ասե: Մանավանդ սիրո անդրում» (Երկեր, հ. 6. էջ 40): Այս տողերը վկայում են նրա տանջագին որոնումների մասին: Բարձրաձայն ասողն ինքը եղավ, երբ «Երեքի դեկլարացիայում» կրակի աակ առավ սալոնային կանանց և մերժեց սերը` նրան հակադրելով սեռական առողջ բնազդը: Դեկլարացիայի այս դրույթի ցավալի պտուղը եղավ «Ռոմանս անսերը»: Ժխտելով սիրո ռոմանտիկան, ապրումի հոգեբանական խորությունը, գիտակցական ու հուզական կողմը, բանաստեղծն այս բոլորին հակադրում էր մերկ, անսքող ու գռեհկացված սեռական մղումը: Ընդ որում նա ժխտում էր ոչ միայն սերը, այլև կնոջը` նրա մարդկային արժանիքները հավասարեցնելով զրոյի: Անընդունելի գաղափարները Չարենցն արտահայտում էր նույնքան անընդունելի բառերով:
Ձևի իմաստով «Ռոմանս անսերի» հակապատկերն է «Ասպետականը»: Այն գրված է զրնգուն, արևային պատկերներով, ղողանջող սազերով, երգային չափով: Չարենցն այստեղ ստեղծել է կանացի անզուգական գեղեցկության հրաշալի պատկերներ.

Բեդվինի խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի,
Մյուսի աչքերը տխուր
Միրաժներ էին անմեկին:
…Մեկը բիլ գազել էր կապուտաչ,
Մեկը հուր նժույգ սևաչա:

Եթե «Ռոմանս անսերում» Չարենցը ապտէսթետիզացիայի է ենթարկում սերը, ապա «Ասպետականում» բանաստեղծականացնում է կիրքը, բնազդը: Առհասարակ, «Ասպետականը» միագիծ չի գրված. այն բարդ է, հակասական ու առեղծվածային: Առեղծվածային է, որովհետև բանաստեղծն այստեղ հնարավորին չափ թաքցրել է հեղինակային վերաբերմունքը և ընթերցողի լուծմանն է թողել վիճելի շատ հարցեր: Այս առումով հետաքրքիր է գործի վերնագիրը: Ավանդաբար ասպետական սիրո տակ հասկացվել է բարեկիրթ, ռոմանտիկ, անբիծ, իդեալական ու պլատոնական սերը: Բայց ինչպիսի՞ն է խաչակիր ասպետը Չարենցի մոտ: Նա, որ իր սրտի թագուհու համար դարձել է խաչակիր ու թափառական, որ սուրբ քաղաքի ճամփաներին տանջվել է տարեներ շարունակ, հենց որ տեսնում գեղանի կույսերին, իսկույն մոռանում է սիրած կնոջը: Նշանակում է, ասպետական սերը պատրանք է, երազ, իդեալ, որը չկա: Սա չի՞ նշանակում արդոք, թե ժխտելով հոգեկան, մաքուր, ասպետական ու պլատոնական սերը, Չարենցը ներքուստ անց է կացնում «Ռոմանս»-ի մեջ արտահայտված բնազդական, մարմնական սիրո գաղափարը: Մեր այս ենթադրության օգտին են խոսում գեղանի կույսերի մարմնական գովքի բազմաթիվ պատկերները, որոնք, ինչ խոսք, դրված են մեծ տաղանդով ու ներշնչումով: Սակայն մարմնական սիրո գաղափարը միագիծ չի արտահայտված ռապսոդիայում, որովհետև եթե այնտեղ ծավալվող գործողությունների հիմքը այդ մարմնական սերն է, ապա կույսերի շարունակվող հմայքի պատճառը սերը միայն կարող է լինել: Միայն սերը կարող էր մարդուն մղել այնպիսի մեծագործությունների, որոնց մասին «օրերի գարշ ճամփեքին» երգում է տրուբադուրը.

Ես կարող էի նրանց հետ
Աստծո գահին տիրանալ,
Դամասկի վրա հարձակվել
Մեն-մենակ, հաղթ ու անահ:

Ահա այս վիճելի ու հակասական կողմերն էլ ավելի հետաքրքիր են դարձնում «Ասպետականը»: Այսպիսով, Չարենցը մի կարճ ժամանակ գնում է խոտոր ճանապարհով և թվում է, կանացի ու սիրո իր իդեալների հակասական փնտրտուքի ընթացքում մի պահ կորցնում է այդ իդեալը: Գործնական կյանքի հրամայականը նրա ստեղծագործության մեջ տեղ չի թողնում կյանքի բանաստեղծական ընկալման համար, կյանքի պոեզիան զոհ է գնում պրոզային, օգտակարության սկզբունքին.

Ռելս շինի մաշինի, թե կարաս:
Երգել աղջիկ, թե շոգի—օգուտ չկա:

Եվ եթե մի պահ բանաստեղծը սերը` մարդկային այդ ամենախորունկ ապրումը զրկում է հոգեգիտակցական հատկանիշներից, ապա շուտով հասնում է իր իսկ սկզբունքի լիակատար բացասմանը, սիրո մեջ լիովին անջատում է հոգեկան ու մարմնական մղումները: Այս իմաստով շատ բնորոշ է «Մանոն Լեսկոն» բանաստեղծությունը.

…Եվ ուրիշի մահճում անգամ
Իր ասպետից չբաժանվեց…
Եվ մնաց սուրբ, մնաց անեղծ—
Մանոն Լեսկոն:

Չարենցը հանգում է տոլստոյական այն սկզբունքին, թե իսկական դավաճանությունը նախ և առաջ հոգեկան անհավատարմության մեջ է: Չարենցի սիրո երգն, այսպիսով, անցավ բարդ ու հակասական ճանապարհ: Այդ ճանապարհին բանաստեղծը որոնեց սիրո իր իդեալը, գտավ ու կորցրեց, ընդունեց ու ժխտեց և շարունակեց որոնել: Նա մինչև կյանքի վերջը շարունակեց իդեալի իր որոնումները: Եվ «Նավզիկե» բանաստեղ-ծությունը, որ Չարենցի սիրո լիրիկայի հեղինակային շատ ուշագրավ բնութագրումն է, ավարտվում է իդեալի անվերջ որոնման, այսինքն, սիրո հավերժական փնտրտուքի գաղափարով.

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ.
Մինչև ավյունս ամբողջ նվազի—քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի՛ իմ սեր, իմ Նավզիկե՜…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով