Սերգեյ Գալստյան. Բացահայտվող տաղանդի գաղտնիքները

«Գարուն», 1976, 10

Սոս Սարգսյանի անունը թատերասերներին վաղուց էր ծանոթ: Թատերարվեստում նա անցել էր բավական երկար ճանապարհ, երբ անսպասելիորեն հրավիրվեց նկարահանվելու: Բեմարվեստին նվիրված դերասանն այնքան էլ լրջությամբ չմոտեցավ այդ առաջարկին: Կինեմատոգրաֆ մտնելու ոչ մի ցանկություն չուներ: Էկրանն իր հնարավորություններով նրան թվում էր տեխնիկայով զինված խաբկանք, մինչդեռ բեմն ուրիշ է. այնտեղ կեղծելը կամ խաբելը բացառվում են:
Դերասանի և հանդիսատեսի անմիջական կապը թատերական արվեստի մեծագույն հմայքն է, ինչից կինոն զուրկ է:
— Երբ մտնում եմ բեմ, ես արդեն տերն եմ բեմական տվյալ իրադրության, տվյալ միզանսցենի և կերպարի միակ ստեղծողն եմ: Ինձ ոչ ոք չի խանգարում ստեղծագործել հենց բեմի վրա: Այստեղ ես երբեք չեմ լսի ռեժիսորի «ստոպ» բացականչությունը, մի ոչ այնքան հաճելի արտահայտություն, որը չափազանց շատ է գործածական կինոնկարահանման հրապարակներում: Գիտենալով այս ամենը, մտքովս իսկ չէր անցնում երբևէ կանգնել կինոօբյեկտիվի առջև:
Համոզում են Սարգսյանին, ստիպում: Ընկերական շրջանակում դա թույլատրելի արարք է: Թե՛ համոզողը, թե՛ ստիպողը ռեժիսոր Հենրիկ Մալյանն էր:
Եվ ահա 1960 թվականին «Նվագախմբի տղաները» ֆիլմում Սոս Սարգպանը խաղում է իր առաջին կինոդերը: Չի կարելի ասել, թե փայլուն էր նրա դեբյուտը: Կինոդերասաններ կան, որոնք իրենց առաջին իսկ դերով միանգամից սկսում են արտիստական կարիերան, դնում ապագա փառքի առաջին հիմնաքարը: Այդպես չպատահեց Սարգսյանի հետ: Նրան դեռ էլի ուրիշ դերեր էին սպասում «Ճանապարհ» (կոլտնտեսության նախագահ), «Արևածագից առաջ» (Եգոր), «Տերն ու ծառան» (Մանաս), «Տերտերին ուխտը» (Եպիսկոպոս) կինոնկարներում, մինչև որ կինոյից լիովին հիսաթափված դերասանին կրկին նկարահանման առաջարկ արեց Հենրիկ Մալյանը: Իր գործած «մեղքի» համար չէ, որ նա հրավիրեց Սարգսյանին: Մալյանն այդ փոքր ու անհաջող դերերում անգամ նկատել էր դերասանի բազմակողմանի կարողությունները և չէր կարող չմտահոգվել իր կողմից «կինո բերված» դերասանի ճակատագրով:
Սարգսյանը կսխալվեր, եթե հրաժարվեր նկարահանվել Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում: Այս ժապավենի շնորհիվ Սարգսյանը դարձավ Սարգսյան: Բոլորը սկսեցին ճանաչել նրան, խոսել նրա մասին, հետաքրքրվել, թե որտեղ է նա խաղում, էլի երբ է նկարահանվելու: Գտնվեցին մարդիկ, որոնք «Եռանկյունին» դիտելուց հետո նոր միայն գնացին թատրոն՝ Սոսին բեմում տեսնելու:
Ի՞նչ էր կատարվել…
Թվում է` ոչ մի արտակարգ բան, քան այն, որ Սարգսյանը վերջապես հանդիպել էր ի՛ր կինոկերպարին, որին երկար էր սպասել:
Հինգ դարբիններից մեկի` Ամերիկայից եկած Մկրտիչի կերպարը ստեղծելիս ուղղակի փայլատակեց Սարգսյանի դերասանական վարպետությունը: Մկրտիչների, մարդկային հինգ հոյակապ կերպարների մեջ մի տեսակ ուրիշ է Մկրտիչ-Սարգսյանը, ընդհանուր հմայքի մեջ ուրիշ է նրա հմայքը: Նա կիրթ է ու ազնիվ, բարի է ու վեհանձն, մեղմ ու լավատես: Հայրենիք վերադառնալու նրա բաղձանքը իրականացել է, և նա երջանիկ է…
— Մի օր ես զգացի, որ էությամբ շատ չոր մարդ են: Երբ մահ եմ տեսնում, գրեթե չեմ հուզվում, ախր բոլորս ենք մահանալու, դա բնության ամենահաստատուն օրենքն է: Բայց կա մի բան, երբ ես անզոր եմ… բավական է կարդամ կամ կինոյում տեսնեմ մի էպիզոդ, որտեղ մարդը մարդուն օգնության է հասնում, հուզվում եմ, արցունքներ են գոյանում աչքերումս… Ամենացնցող բանը թերևս համերաշխությունն է:
«Եռանկյունին», որն ինձ համար շատ թանկ գործ է, նվիրված է հենց մարդկային համերաշխությանը: Հինգ ընկեր սիրում են միմյանց, օգնում, համերաշխ են: Դրանից էլ գեղեցիկ բան… Իմ Մկրտիչն էլ մյուս մկրտիչների նման առաքինի է, բյուրեղյա հոգու տեր: Հանուն համերաշխության նա պատրաստ է անգամ անձնազոհության:
Կերպարի այս հատկանիշները հանդիսատեսին հասնում են ոչ թե ֆիլմում ծավալվող գործողությունների, այլ կինոժապավենի ընդհանուր կառուցվածքում բացահայտվող դերասանական խաղի շնորհիվ:
Մկրտիչ-Սարգսյանը մի այնպիսի վառ անհատականություն է, որին չես կարող չհամակրել:
Վարպետ Մկրտիչի կերպարը Սոս Սարգսյանը ստեղծեց մի շնչով, առանց նկատելի ճիգերի, հենց առաջին ընթերցմանը համընթաց: Գուցե այդ ինչ-որ իմաստով իրոք այդպես է, բայց ես գիտեմ, որ Սոսը նման դերերին պատրաստվում է դեռևս մինչև սցենարին ծանոթանալը, պատրաստվում է անընդհատ, իր ողջ կյանքի ընթացքում, քանի որ նա ոչ մի պահ անտարբեր չի մնացել հայի ճակատագրի նկատմամբ: Իսկ վարպետ Մկրտիչի թե՛ խոսքը, թե՛ լռությունը, թե՛ ժպիտը և թե թախիծը այդ ճակատագրի արտահայտություններն են:—Այսպես է բնութագրում Սարգսյանի դերակատարումը ռեժիսոր Հենրիկ Մալյանը:

***
Սոս Սարգպանի հաջորդ կինոդերը միլիցիայի լեյտենանտն էր Հ. Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում:
Սովետական կինոարվեստում միլիցիայի աշխատակցի կերպարի անձնավորման փայլուն օրինակներ կան. հիշենք «Գյուղական դետեկտիվ» ֆիլմի գլխավոր հերոսին` տեղամասային լիազոր Ֆեոդոր Անինսկուն (դերակատար` Միխայիլ Ժարով), կամ թաղային տեսուչ Կովալյովին (դերակատար` Միխայիլ Ուրանով) «Ամենավերջին օրը» կինոնկարում: Հաջողվածների թվում պետք է դասել Սարգսյանի միլիցիայի լեյտենանտին, որը գործի բերումով գնում է Անտառամեջ գյուղը և քննում Ռևազի ոչխարների անհետացման գործը: «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի գործողությունների կարևոր օղակը կազմող այս պրոցեսում էլ բացահայտվում են հերոսների կերպարները: Սարգսյանի հերոսն ասես կոչված է բացահայտելու ոչ միայն հովիվների կատարած հանցանքը, այլև նրանց բնավորությունները, նրանց հայացքներն ու ապրումները: Իհարկե, այդ ընթացքում բազմակողմանիորեն դրսևորվում է հենց իր քննիչի անհատականությունը:
Սարգսյանի քննիչը, լինելով օրենքի ներկայացուցիչ, նախ և առաջ գործը վարում է օրենսդրության դիրքերից: Սակայն նա լոկ պաշտոնյա չէ, այլ հասարակ մարդ, որը փորձում է հասկանալ հովիվներին, նրանց կյանքը: Այստեղ ոչ թե պրոֆեսիան է իշխում մարդու վրա, այլ մարդը հաղթահարում է պրոֆեսիոնալ որոշ առանձնահատկություններ և թուլություններ:
Սարգսյանի քննիչը չի հավատում, որ գողություն է կատարված, բայց ի պաշտոնե չի կարող հրաժարվել դրանից, հարկավոր է քննել, արձանագրել, գործն ավարտել: Այդ տեսակետից դերասանն իր հերոսին անձնավորել է ամենացայտուն գծերով: Նա մերթ մեղմ է ու բարի, մերթ էլ կոպիտ ու տգետ: Ու դա չի խանգարում, որ բոլոր այն տեսարաններում, որտեղ մասնակցում է քննիչը, վերջինս լինի գործողության տերը:
Հովիվներից մեկին` Ավագին հարցաքննելիս Սարգսյան-քննիչն ակնհայտորեն ձանձրանում է իր բացած գործի տաղտկալիությունից: Սակայն այս տեսարանում մեկ անգամ ևս նրա մեջ արթնանում է վեհ մի զգացում` հարգանք մարդու նկատմամբ: Այո՛, հարգանք մարդու նկատմամբ: Ահա ինչով պետք է զինված լինի սովետական միլիցիայի աշխատակիցը: Սոս Սարգսյանն իր հերոսին զինել է հենց այդ բնորոշ հատկանիշով, և դա նրան լիովին հաջողվել է:
Ֆիլմի ամենահաջողված հատվածի` ինքնադատի տեսարաններից մեկում Սարգպանի հերոսը նորից իր մեջ կրելով հարգանքի այդ զգացումը, պաշտպանում է հազարավոր ոչխարներ խնամող մարդու շահերը:
Սարգսյան-քննիչին հաջողվում է ճանաչել «մեղադրյալներին», իմանալ նրանց հոգսերն ու ձգտումները: Եվ աստիճանաբար այնքան է մերվում, որ ֆիլմի ֆինալում ասես ինքն էլ է միանում նրանց հանցանքին ու իր ձայնը միացնում նրանց կանչին. «Գողությո՜ւն ենք արել, գողությո՜ւն…»: Սա այն բարձունքն է, որին հետզհետե մոտենալով` Սարգսյանը հասել է կերպարային փայլուն ընդհանրացման:

***
Դերեր կան, որոնք խաղալու համար քիչ է վարպետությունը: Բանն այն է, որ այդ դերերը ժամանակին խաղացել են մեր թատրոնի և կինոյի հսկաները, ճանաչված ու սիրված դերասաններ: Սոս Սարգսյանը «համարձակվեց» նախ թատրոնում խաղալ մի այդպիսի դեր:
— Մի քանի տարի առաջ Սունդուկյանի անվան թատրոնում խաղացի Զիմզիմով: Ավետ Ավետիսյանի պես մեծ արվեստագետի ստեղծած կերպարից հետո նման պատասխանատու դերակատարումը կապված էր թերևս անխոհեն համարձակության հետ,— խոստովանում է դերասանը:
Եվ, այնուամենայնիվ, նա «գայթակղվեց» Սունդուկյանի մի նոր հերոսով: Յու. Երզեկյանի «Խաթաբալա» կինոնկարում Սարգսյանը ստանձնում է Զամբախովի դերը:
Ես ներկա եմ եղել այս ֆիլմի որոշ տեսարանների նկարահանումներին: Ուշի-ուշով հետևում էի Սարգսյանի խաղին: Նա միևնույն էպիզոդի համար առաջարկում էր դերասանական խաղի մի քանի տարբերակներ` մեկը մյուսից հետաքրքրական: Պատահում էր, երբ նրա խաղից ռեժիսորն արդեն լրիվ բավարարված էր, իսկ Սարգսյանը՝ ոչ: Նրա համար ինչ-որ բան կիսատ էր մնացել, և նա խնդրում էր. «Փորձենք նորից»: Եվ այդ ստեղծագործական պրոցեսի, այդ որոնումների ժամանակ կերպարն աստիճանաբար հարստանում էր Սարգսյանի արվեստին բնորոշ գյուտերով:
Նրան կարելի էր հասկանալ. բեմի մեծ վարպետ Ավետ Ավետիսյանի Զամբախովից հետո կինոյում խաղալ նույն դերը՝ ստեղծագործական սխրանք էր: Եվ Սարգսյանը, օգտվելով Ավետիսյանի փորձից, ստեղծեց իր Զամբախովին, ստեղծեց ուրույն ոճով, արտահայտչական նոր գույներով, համոզիչ ու հավաստի լուծումներով: Այս տեսակետից խիստ բնորոշ է Զամբախովի առաջին մենախոսությունը և հուղարկավորության տեսարանում «սգավոր» մեծահարուստի վարած «քաղաքականությունը»:
Ըստ Սարգսյանի մեկնաբանման, Զամբախովը նույնպես զոհ է… Նա ընկել է չարության մեջ և չի կարող դուրս գալ այդ վիճակից: Ուստի ինքն էլ չարության վրա չարություն է կուտակում, որպեսզի այդ միջավայրում պահպանի իր դիրքն ու անունը: Սոս Սարգսյանի Զամբախովը անթերի չէ, բայց կերպարի յուրովի մեկնաբանությունը, ան-շուշտ, ուշագրավ խոսք է հայ դերասանական արվեստում:

***
Սարգսյանի խաղացանկում կա մի դեր, որն անչափ շատ է սիրում հենց ինքը` դերասանը: Նա այդ դերի հետ է գրեթե ամեն օր: Դա վարպետ Մկրտիչն է (ևս մի վարպետ Մկրտիչ նրա խաղացանկում) ռեժիսոր Արման Մանարյանի «Հեղնար աղբյուր» ֆիլմում:
Ո՞վ է վարպետ Մկրտիչը Սոս Սարգսյանի կատարմամբ: Նախ և առաջ նա հարգված անձնավորություն է: Այդ հարգանքին նա արժանացել է իր վեհանձն բնավորության, կյանքի խորը ճանաչողության և բանիմացության շնորհիվ: Նա այնքան ինքնամփոփ անհատականություն է, որ սեփական դժբախտությունն անգամ չի հանում նրան հավասարակշռությունից: Այնքան ինքնամփոփ է, որ դժվար է նկատել` սիրո՞ւմ է նա Հեղնարին, թե ոչ: Ֆիլմում նրա մեծ սերը արտահայտվել է միայն Հեղնարի մահվան տեսարանում: Լռելյայն, սիրազեղ նա նայում է իր ձեռքերի վրա հանգչող Հեղնարին: Այդ պահին նա չի էլ մտածում իր պատվի մասին: Չսիրող տղամարդն այդպես չէր վարվի իրեն պատվազրկող կնոջ հետ:
Սարգսյանի Մկրտիչը ո՛չ եսասեր է, ո՛չ էլ քինախնդիր: Կառուցելով իր «հրաշք աղբյուրը», նա չի փորձել փրկել միայն իր պատիվը (դա հասարակ խնդիր է թե՛ կերպարի, թե՛ ֆիլմի համար): Ավելի մեծ են նրա նպատակները: Մկրտիչը իր «հրաշքով» ջանում է կանխել ընտանիքների քայքայումն ընդհանրապես, ինչ-որ ձևով ամուր պահեք ընտանիքի հիմքը:
— Ինչո՞ւ նա չի ցանկանում, որ աղբյուրի «հրաշքը» բացվի:—Հաճախ այս հարցը իրենց համար զենք են դարձնում Մկրտիչին մեղադրողները: Ըստ իս, աղբյուրի գաղտնիքը վարպետի համար չուներ լոկ առարկայական իմաստ: Այդ գաղտնիքի և աղբյուրի վրա փորագրված մակագրության իմաստի մեջ կա վարպետի հրաշքը, հրաշք, որը ոչ այլ ինչ է, քան Մկրտիչի ժամանակակիցների հավատավոր հոգու հավատամքը:
Սարգսյանի Մկրտիչը ցանկանում է, որ այդ հավատամքը մնա, չսրբապղծվի, որ այդ հավատամքն ուղեկցի մարդկությանը:
Սարգսյանն այդպես է տեսել իր հերոսին: Ու եթե ինչ-որ բան չի հաջողվել, ապա մեղավորը միայն ինքը չէ:

***
«Հնձան» կինոնկարում Սարգսյանը ստեղծել է բավական բարդ մի կերպար, որը, դերասանի խոստովանությամբ, հոգեբանական լուծումներով չափազանց հարուստ է, խորը, ունի փոքր-ինչ անսովոր նկարագիր:
Սարգսյանի հերոսը, որը ռազմաճակատ չհասած` խեղանդամ վերադառնում է տուն, ցնորված մարդու տպավորություն է թողնում: Նրա պատերազմական հուշերն, ասես, զառանցանքներ լինեն, խաթարված մտքի արտահայտություններ: Այդպիսի տպավորություն ենք ստանում ճաշարանի տեսարանում: Սակայն Վարդանն ինքն էլ չի հավատում իր հորինած հուշերին, դրանք նրա հասար մխիթարիչ «պատմություններ» են: Դրանցով նա սպառում է իր մեջ կուտակած դառնությունը…
Հարուստ է Վարդանի ներաշխարհը: Նա եսասեր չէ, ոչ էլ խղճուկ անձնավորություն: Ծառերի սրսկման տեսարանում, երբ Վարդանը կնոջ` Ելիզավետի մեջքին հարմարեցնում է սրսկող սարքը, Սարգսյանի հերոսի աչքերում մենք նկատում ենք մի տառապանք, որը հատուկ է միայն ազնիվ տղամարդուն…
Պատերազմը դարձրեց նրան հաշմանդամ, խորտակեց քրոջ ընտանիքը և դեռ խաղում է Վահեի ճակատագրի հետ…
Ճրագի լույսի տակ գուլպա գործելու տեսարանում մենք հասկանում ենք նրա տառապյալ հոգու տվայտանքները: Թե այս և թե հատկապես Վահեի հոր` Սահակի հայտնվելու տեսարանում, Սարգսյանը բացառիկ վարպետությամբ ստեղծում է մի այնպիսի դրամատիկ դիմանկար, առանց որի դժվար կլինի ընդհանրապես պատկերացնել այս կինոստեղծագործությունը:
Շիրվանզադեի «Քաոս» վեպի գլխավոր հերոսի մասին մեզնից յուրաքանչյուրը յուրովի պատկերացում ունի: Կերպարին հավաստիություն հաղորդելը Սարգսյանից պահանջեց համառ ու լարված աշխատանք:
Սմբատ Ալիմյանը հայրական օջախ է վերադառնում հոր մահից հետո: «Սոցիալիստ» Սմբատը, ինչպես նրան սիրում է անվանել Պապաշան, վերադառնում է` հոր միլիոններին տեր դառնալու: Վերադարձի առաջին օրերին կնոջը` Անտոնինային, նամակ գրելիս նա էլ է հեգնանքով խոսում իր այդ քայլի մասին: Սակայն Սարգսյանն իր հերոսին աստիճանաբար տանում է Մարկոս աղայի անցած արահետով: Ֆիլմում այդ պրոցեսն ընթանում է դանդաղ, նկարի գրեթե ողջ գործողությունների միջով:
Ֆիլմի հեղինակները, հատկապես Սմբատի դերակատար Սարգսյանը, հեռու են մնացել այն մտքից, թե Սմբատի կերպարը ստեղծելիս անպայման հարկավոր է օգտագործել կապիտալիստին հատուկ չոր ու ժլատ գծեր, գորշ գույներ: Թեև Սմբատ-Սարգսյանի մեջ հետզհետե իշխում է կապիտալիստի ոգին, բայց և այնպես նա անչափ սիրող հայր է, սիրող եղբայր, գթասիրտ կալվածատեր` իր հանքերում աշխատող բանվորների ու ծառայողների նկատմամբ, իհարկե, վերջին տեսարաններում այդ գթասրտությունը ընդհարման առաջին իսկ առիթի դեպքում պատրաստ է վերափոխվել ոստիկանական ուժի:
Կերպարի ամբողջական կառուցվածքի մեջ բացառիկ նշանակություն ունեցող էպիզոդներ են Սմբատի «Նամակագրական խոսակցությունները» կնոջ հետ: Անտոնինան Սմբատի երբեմնի համոզմունքն է, այլ կերպ ասած` կապիտալիստ Սմբատի մեջ նստած «սոցիալիստը»: Եվ այդ «խոսակցությունների» ժամանակ Սարգսյանի հերոսն ասես փորձում է վերադառնալ նախկին գաղափարներին: Իսկ դա վկայում է, որ Սմբատի մեջ դեռևս պահպանվել են մարդկային լավ հատկանիշներ, որ նա ունակ է լավ գործի: Եթե Անտոնինան Բաքու մեկնի, թերևս նա չդավաճանի իր նախկին համոզմունքներին: Բայց ֆիլմում նրանք չեն հանդիպում, և դա իմաստավորված է. Սմբատի մեջ պետք է հաղթանակի կապիտալիստը:
Ժամանակն է նշել, որ Սոս Սարգսյանը իր խաղացանկում մեծ մասամբ ստեղծել է ուժեղ մարդկանց կերպարներ: Սմբատ Ալիմյանը այդպիսի կերպարներից է, նա իր առջև ծառացած բազում դժվարություններ է հաղթահարում: Եղբայրները` Միքայելն ու Արշակը, քույրը և փեսա Մարութխանյանը մի կողմից, ցոփ ու շվայտ կյանքով ապրող արդյունաբերողները մյուս կողմից կաշկանդում են Սմբատին տնօրինել հորից ժառանգություն ստացած հարստությունը: Սակայն Սմբատ Ալիմյան-Սոս Սարգսյանը կարող է պայքարել և հասնել հաղթանակի: Նա պարտված չէ նույնիսկ այն պահին, երբ կրակի բաժին է դառնում իր ողջ ունեցվածքը` նավթահանքերը: Հիշենք հրդեհի ժամանակ Մարութխանյանի կեղծ կարեկցանքը և Սմբատի պատասխանը: Վերջինս ոչինչ չի կորցրել, քանի որ ժամանակին ապահովագրել է իր նավթահանքերը: Ի դեպ, կապիտալիստը բացահայտվում է հենց այդ տեսարանում:

***
Հետաքրքիր զրուցակից է Սոս Սարգսյանը:
Մեր զրույցների ընթացքում ես փորձել եմ ըմբռնել նրա հմայքի ուժը, ուժ, որը ամփոփված է Սարգսյանի զարմանալի պարզ ու հասարակ բնավորության, խոսքի, բառի և մտքի արտահայտչականության մեջ: Այս դերասանի մեջ կա մի յուրօրինակություն, որը խույս է տալիս առօրյա կյանքում ամենասուր աչքից անգամ: Սակայն բեմում կամ էկրանի վրա այդ յուրօրինակությունն ասես դուրս է գալիս իր պատյանից և հանդիսատեսի առջև կանգնում խոշոր պլանով: Տիբալթ, Դոն Կիխոտ, Յագո, Վարուժան, դատավոր` բեմում, Մկրտիչ, միլիցիայի լեյտենանտ, Վարդան, Զամբախով, Սմբատ` էկրանում—ահա կերպարներ, որոնց միջոցով տարիների ընթացքում բացահայտվել է Սարգսյանի տաղանդը, տեսանելի դարձել թաքնված յուրօրինակությունը:
Սարգսյանի արվեստակից ընկերների հետ խոսելիս նրա պրոֆեսիոնալիզմի կամ որևէ կոնկրետ դերակատարման մասին կարելի է լսել հարգանքի ու հրացմունքի բառեր: Սակայն, կարծում եմ, պետք է համառորեն հարց ու փորձ անել, քննել Սարգսյանի փոքր ու մեծ ամեն մի դերակատարում` մոտենալու համար բուն էությանը, իմանալու, թե ինչպե՛ս և ինչի՛ շնորհիվ է այդ մարդու մեջ մշտապես գործում կերպարանափոխության հրաշքը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով