Աշոտ Ավդալյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1986, 8

«ԿԱՆԱՅՔ ԱՍՈՒՄ ԵՆ` ԶԱՐԴ ՈՒՆԵՐ ԿՐԾՔԻՆ»

Նրա հոգում մեր բանաստեղծության մեջ քնած մի բան էր արթնացել, թևերը պարզել ու մուտք էր աղերսում աշխարհ, բայց ի՞նչ էր այդ՝ թիկունքը սարերին տված իր Ջաջուռ ընտրյալ գյուղի պահապան փոքրիկ զվարթունի ձա՞յնն էր, հայերենի շռայլ ու դժվարությամբ` միայն իր նախանձախնդիրներին տրվող մանրանկարի անմեռ Որդա՞նն էր, մեր միջնադարի մանկամարդ կանաչ-կապո՞ւյտը, որ դուրս է տալիս ու ցոլցոլում մեր թիկունքներին, թե՞ բնազդի և սիրո իր մտացրիվ, նախշուն պատկերը,— ես դեռ չեմ հասկացել, դրա համար մեզ ոչ միայն ժամանակ է պետք, այլ մաքրություն` հոգու այն մաքրությունը, որ նա՛ ուներ,— բայց ամեն անգամ նրա գրքույկի մտից կամարակապ դռնակը բացելիս ու ներս մտնելիս այնպիսի զգացողություն եմ ունենում, ինչպիսին, չեմ վախենում ասել, ունենում եմ մեր բանաստեղծության մյուս վաղամեռիկների անգին պարտեզները մտնելիս… Նրա մասին մտածելիս ես անընդհատ աշխատում եմ զգույշ լինել` չլինի՞ թե իր կորուստի ցավը մեր շուրթերից այնպիսի բառեր պոկի, որոնց ծանրությունը բանաստեղծի իր ուսերին դնելու հարկ չկա, չլինի՞ թե իր արածի արժեքը շփոթենք իր կորուստի ցավի հետ, բայց ահա արդեն մի տարի անցավ, այսպես սահուն կանցնեն էլի ու էլի տարիներ, նա քիչ-քիչ դադարում է մեզ երազ գալ, իսկ մեր զգուշավորությունը ցնդում է անհետք, քանզի նրա բանաստեղծությունը նրա կորստի հանդեպ ունեցած մեր ցավից ավելի զորեղ է դուրս գալիս…
Դա խորհրդավոր բանաստեղծություն է, ուր պատկերների շուրջպարը, լեզվի չփեղեկվող ընթացությունը, գույների հրավառությունն ու ստացումի ծիսականությունը հմայում են մեզ և թովում, ու մենք հանկարծ զգում ենք, որ աշխարհում մի օր` բա՜յց ղողանջող, բա՜յց արծաթն թևատարածիկ մի օր բռնկված է սարսուռով և դողով, որովհետև մեկն ահա ոտից գլուխ գարդարել է այն` ձեռքերից շագանակներ է կախ տվել, մեջքին սիրուն գոտի է կապել, շուրթերը ներկել է ցնծության վառվռուն մարջանով, իսկ զգեստների քղանցքներին հիշատակի ի՜նչ բուրավետ վարդեր է ասեղնագործել… Եվ, ասես, էլ իմաստններ չկան, քանզի դրանք լուծված են մի թաքուն խորհրդի մեջ,— և Աշխարհին, Կյանքին ու Մահին հասու լինելու միջոց այլևս մեկն է սոսկ` լուսեղեն Ծեսը, խոնարհ Հանդեսը, ցնծագին Տոնն ու նվիրյալ Խմբերգը: Այդ բանաստեղծությամբ աշխարհն անբացատրելի է, անբաղդատելի և անքննելի, այն հնարավոր է միայն վերապրել` այդ ծեսի մասնակիցը դառնալով, այդ խմբերգի մեջ ձայն բարձրացնելով, այդ միակ օրվա քղանցքները պահելու արտոնությունն ստանալով:
Ահա այդ օրվա ընտրյալն է Աշոտ Ավդալյանը: Եվ, համոզված եմ` «ինչպես թանկ գինու` նրա երգերի հերթն էլ դեռ կգա»:

Հակոբ Մովսես

ԱՇՈՏ ԱՎԴԱԼՅԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Հիշատակի դուռը բացող հրեշտակն է մոտենում ինձ,—
սեպտեմբերյան տաք գիշերին ջրերը` սև,
իսկ անձրևը ասեղնագործ քույր է բարի,
իսկ նա ահա մոտենում է, որ երկրորդի,
տա պատրանքի զգաստություն, տա լույսի քող
ու մանկության նոր ճանապարհ:
Ո՞վ է իջել ժամերգության հրապարակ,
ո՞վ է հագել ծիսական շոր, հանգստացրել
թաց երկնքին ու թափ տվեց շորերն իր թաց,
թե տե՛ս` լույսը վտարանդի,
իսկ աչքերը սրբեր են զույգ,
որ չեն անցել հիշատակի ճանապարհով,
ու մոգության արահետ են մտել բոբիկ:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մանկությունս է, որ հուշերի շապիկներով պսակազարդ
այցելեց ինձ:

Ես սրբորեն ջոկած բառեր նվիրեցի,
ու վառեցի հիշատակի օրերի մեջ փայլող ջահեր,
ես պարեցի արևելքում հասունացող քամու շուրջը,
ու երինջներ արածեցնող տղայի հետ համբուրվեցի:

Եկվորն ինքը դուոս բացեց,
ինքը երգեց ճանապարհին հորինած երգ,
արծաթաջուր եղավ նրա ձայնի շղթան,
ու կաքավներ թռան, իբրև եկվորի նետ:

Ծաղկանկար աչքերիս մեջ
հորս դեմքը իբրև երգի թուլացող հանգ
դանդաղ մարեց,
ասեղնագործ եղավ քամու փոքրիկ դուստրը,—
ծաղկանկարը համեմվեց կարմիր գույնով:

Ես գրեցի սիրված բառեր,
նա խաղի մեջ եղավ իշխան,
նա ինձ փակեց լույսերի մեջ,
աղավնիներ ուղարկեց վեր:

Շոգի ձայնը թարգմանելով` տաք քարերի շուրջը թռավ,
երգի ձայնը փառաբանեց ու խռովեց,
երբ նրա մեջ հասունացող պահը տեսա,—
նա ինձ տարավ տաք երկնքով,
հարսանիքներ մտաբերեց
ու լուսնի հետ փախուստի միտքը հղացավ:

Եկվորն անցավ, եկվորն հիշեց,
իմ անունը արտասանեց փափուկ ձայնով,
արծաթաջուր ցողեց տաքուկ ամպերի մեջ,
արցունքներս թռան, իբրև եկվորի նետ:

ԽՄԲԵՐԳ

Կորստյան մոխիր.
տո՛ւր հիշատակի փոքրիկ զարդատափ,
որ ես ճյուղերից հորինեմ մահվան երաժշտախումբ,
որ ես երգվեմ ադամամութին ու երեկոյան,—
ու թե սրինգ եմ` արծաթաջրվեմ,
ու թե բամբիռ եմ` ոսկով ծուլանամ,
ու թե շվի եմ` հեռավորին գամ,
ու եթե փոխ եմ` մերձավոր ես ինձ:

Կորստյան մոխիր.
տուր հիշատակի փոքրիկ զարդատափ:

***
Ո՜վ լույս անսքող` երբեմն հիշված,
երկբայված իմ մեջ,
և երկրորդի մոտ` պարզ, ընթեռնելի,
Կտակարանից մինչ Նարեկացի
ընթերցված իբրև գաղտնիքների գիրք,
և հետո իբրև հյուր վաղնջական,
որ ցանկալի է, նաև սփոփող ու ընտելացած
մեր քմայքներին:
Եվ ահա, այսօր,
երբ անձրևներն են շփացնում հողը,
և քամին, քամին զինանշանն է ծառերի տոհմի,
և թռչունները գրոհային չեն
ու պարտված են իջնում ծառերին,
իսկ ծաղիկները հրապարակավ խայտառակել են
տգիտությունը,
դո՛ւ ես, որ ջերմիվ մխիթարությամբ տրոհում ես մեզ`
տալով մեր արյամբ նշավակվելու սնափառություն,
զանազանվելու դեմքով ու դիրքով
ու, գրոհելով հիշատակների երկրի վրա,
առանձնանում ես մեռյալների հետ` ի փառս մահվան:

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՋԱՀՈՎ

Օծման զգեստը հագին
մոտենում էր ու ասում,
թե տես` գնաց ցանկալին,—
նոր ցավեր է երկնելու:
Թե տես` նայեց երկնքին,
ինչ-որ ձայն է լսելու,
Թե տես` լսեց ու հիմա
նոր զգեստ է հագնելու:
Ու գալիս է, որ նայի`
պատկերը ոնց է ծաղկում,
և տա գույնի օրհնություն`
օծման զգեստը հագին:
Ու հայցման գույնը ձեռքին,
հարության լույսը հունցած
նա իր երգերը կասի`
թողության ջահը բռնած:

***
Ահա ես նորից հիասթափությամբ շրջանցում եմ ինձ,
չեմ գտնում իրը,
որ զանազանեմ հոգիս երկնքից:
Ահա այս պահին
նշանակում եմ մահվան ձանձիր օր,
որ հանդիպելով ձանձրույթի ցողին`
մարմինս մի կերպ առաջնորդելով
հանեմ ծաղկունքի ու ձյունի համար,
որ հեքիաթները պատսպարվելիս
խնձորի ներսում ունենան ծփանք հարսանյաց պահի
ու երկրպագեն ծառի մեղեդին,
որը ներհուն է ու անորսալի
ու արագամիտ ու արագակար,
նաև ծանրախոս:
Ես, որ ծաղկազարդ ասեղնակար եմ տվել հիացքին`
միամտորեն բացելով հոգիս,
թող որ օրերից մեկը ինձ գտնի ցանկության ծովում
միայնակ ու որբ,
փրկության հնար կորցրածի պես,
մատնելով իր մեջ տարակուսանքի բողբոջող ծառը,
որ, երբ ես նրան ձեռք մեկնեմ դարձի,
ողջույնի համար,—
հպվեմ պտուղին:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Թե հեշտանքի փոքրիկ կաթիլներ ես ըմպել,
ու անդորրը մի պահ շաղախելով`
հնարել ես ոգի,
որ խաղաղվես մտքի առույգությամբ,—
նախանշիր ընթացք`
զարդարելով հոգիդ
ճամփորդության փոքրիկ ադամանդով,
որ երբ լցվես ուժի որոգայթով
ու երբ ծաղկես մարմնի հիշողությամբ,
ու երբ աչքդ բացես` հոգուդ մթագնումը
թաքցնելով,—
գերևարիր լույսը, որ ադամանդ կեղծես
արձագանքվող ձայնի բառախաղով,
ու, կքվելով մի պահ արագության բեռից,
երկու քայլից հետո, հար ու նման կյանքին,
առանձնացիր
ու պատարագ հունցիր սգո շաղախներից`
վերծանելով ձայնը,
որը գաղտնիք ունի
հար ու նման կյանքին,
որը ունի ընթացք
հար ու նման կյանքին,
որը ունի շապիկ կարմիր զարդակարով,
կոճակներով ընտիր,
ու բառերով շար-շար:

ԹԱՔՈՒՆ ՀՐՃՎԱՆՔ

Թե հիացքի թռչունները
շատախոսել գիտեն միայն
ու չեն տանում մեզ ամպերի ու սատղերի ճանապարհով,
ուր կա թաքուն հրճվելու անսահման ձիրք,
կա հեքիաթին մոտեցող ձայն,
ու կա միտքը ճառագելու բազում հնար:
Օ, երբևէ եթե ինձ տան
համբերության ասեղնակար,
տան զարդարող աղջիկներին մոտենալու հանդարտություն,
ու տան մի խուրձ արդարություն,
որ երբևէ գտնեմ ծաղկի գույնը փրկող ազատություն,
մի տաք երկինք,
ուր լցվում է համբերության փոքրիկ առուն,—
շրջանցելով կասկած ու թույն`
ես կընթերցեմ ամեն մի դեմք,
կարտասանեմ ամեն մի ձայն`
ներշնչանքի հատիկները բաժանելով թռչուններին,
որ հափրանքի դողէրոցքով
անսահմանի կուրծքը խրված մարգարիտը զանազանեն
ջուրը խրված աստղապարսից
ու երկրորդեն մի թուլություն
առ առավոտը նոր բացվող ու ցորնագույն:

***
Եվ այդ ինչպե՞ս են շիրիմներն արդար
քնում ծաղկի պես,
և հիշողության դաշտով վազողը մանկամիտ է մի:
Այդ ո՞ւր ես փոքրիկ հրեշտակ առած վազում ձորերով,
ո՞ւմ ես պահելու պատրանքների մեջ,
քնած ես, չունես արթնացման ծաղիկ,
չունես քո երգը,
որ մտապահեն ասեղնագործը ու վտարանդին:
Չունես քո դարձը,
իսկ քեզ կանչողը մայր է երևի,
որ հիշողության դաշտում է թողել իր թագավորին,
և անձրևն ահա ուսուցչապետ է
ողբի դասերի:
Օ, ծանր է դեմքը հիշողության մոր,
և ո՞վ է նրան երկիր առաքել`
քարե տանիքներ ու մահվան դուռը ծածկելու համար:

***
Եվ երեկոն, որ թուխ դեմքով
ու սուլելով մտավ մեր մեջ—
հարդարանքը գեղեցիկ էր,
իսկ մարմինը օծված, ինչպես թրաշուշան,
և ձեռքերում գավ էր բռնել օտարումի
և աչքերում ուներ ծուխը ետկեսօրյա—
հնամենի խոսքով հիշեց մեռյալներին
ու ցանկալի աչքը հրեց ծառաշխարհով:
Հետո հիշեց` հրաժեշտը ծես է ըղձյալ,
ու լուռ հեղեց կարմիր գինին լերանց ուսին:

***
Եվ կատարյալը, որ խուլ ցնծությամբ
դարմանում է ինձ,
տալով հրաշքը պատկերելու ձիրք,
անվավեր մի ցավ` հպատակվելու
զորավոր ԲԱՆԻՆ
ու ձայն բարձրացնել` ընտրելով հոգին
իբրև կենաց ծառ,
որը դեռ իր իսկ կանաչության մեջ
պատանի է մի
ու ժիր ցնորքով
զգայնություն է քարոզում միայն`
անհասանելին հավասարեցրած հոգու կշռույթին,
ու ձանձրալի է, երբ սփոփում է
մտավախությամբ
ու չի ընկալում ժայռի ցնորքը, թռչունի ոգին,
երկնքի ձայնը
ու գլորում է ցավն ուրախության,
հույսը` ցանկալի երազների հետ,
և ինքն էլ նրանց ընթացքին գերյալ հպատակ է մի:
Եվ կատարյալը,
որ տերունական ձայնով է ընտիր
ու չի ծուլանում,
որ գեղեցիկ է,
բարձրանում է վեր` ընտրյալների մոտ,
մահկանացուի աչքերին տալով
վերև նայելու սնափառություն:

***
Եվ կքված դեմքը ծառի` ստվերներին որդեգիր,
կյանքի շոգին ունկնդիր,
հրապուրանք հայցելով
ու մսխելով ճյուղերի գեղեցկատես ցնորքը
ամբարում է հրճվանքը,
որ, երբ աշնան թևերին հայտնության պահ մոտենա,
գույների տաք զնգոցը
թաքցնելով մթի մեջ`
որդու ցնորք ունենա,
մի ոգելից ցնծություն,
որ արբեցնող ծուլությամբ մթագնում է մի վայրկյան
ու բերում է օրերին մթագնելու մի կասկած,
թե ինքն արքան է միակ, որ օծված է ի վերուստ
շնորհներով ապրելու ու վիճելու արարող
և թալանող կյանքի հետ:
Թե ինքը ձայն է նորին,
որն ապրելու հնարով ոգևորում է քամուն,
որ խցկվի ամեն տեղ, հայտնաբերի ամեն ուժ,
և նա թաքուն հրճվանքով պտուղները գովելով`
հասցնում է արքային ծուլության դուռը անհագ:

***
Դու հոգնության ճանապարհով պիտի անցնես ու զլանաս
արցունք թափել,
դու ճաշակես պիտի մոխիր
և բլիթը իմաստության,
ճարահատյալ կրես հոգիդ
ի լրումն քո հոգնության
և ծաղիկդ զանազանես
փորձության մեջ ու աղոթքի:
Ճարակումի համար ես մեղք
և հայցվորի ձայն ես բերում,
կորուստներդ` վտարանդի
և լրումդ համապարփակ:
Տառապանքի այս կիրակին
գուցե եկավ հանդերձյալից,
ով գիտե, տեր,
շնո՜րհ արա:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով