Շեքսպիր. Լուկրեցիա (հատված պոեմից)

«Գարուն», 1985, 2

Օ, ինչ արվեստի ուժ կա Այասի
Ու Ոդիսեսի դիմագծերում,
Կարծես բազմերանգ գույներն անբասիր
Մատնում են սրտի հազար մի այրում,—
Այասի դեմքն է բիրտ ցասումն այրում,
Իսկ Ոդիսևսի հայացքի մեջ հեզ
Իմաստությունն է շողում լույսի պես:

Ահա Նեստորը` մեծախոհ ու ծեր,
Քաջալերում է հույներին ի մարտ,
Գույներն երկնել են ծանրաշարժ մի ձեռք,
Ամբոխն զգում է նրա ուժն անպարտ,
Շարժվում է կարծես մորուքն անընդհատ,
Եվ շրթունքներից, քնքուշ շնչի հետ,
Երկինք է թռչում նրա խոսքն ահեղ:

Որսալով նրա խորհուրդներն անվերջ,
Յուրաքանչյուր ոք նրան է լսում,
Կարծես թե նրանց ականջների մեջ
Ծովահարսերն են ուրախ փսփսում:
Մեկն հաղթանդամ է, մյուսը` ազազուն,
Մեկի գլուխն էլ, այնպես է թվում,
Թե շարժըվում է այդ ամբոխ-ծովում:

Մեկն է դրել ձեռքն ընկերոջ գլխին,
Սա էլ ծածկել է ականջը նրա,
Մեկը զայրույթից կարմրել է խիստ,
Կարծես տեղում է հիշոցներ առատ:
Կատաղությունն է պաշարել նրանց,
Բայց ծեր Նեստորի բառերն հրակեզ
Պատյան են դնում սրերը կարծես:

Եվ նայում էին մայրերը բերդից,
Թե իրենց հույսը` Հեկտորը խիզախ
Ինչպես է գնում սրբազան մարտի,
Ինչպես են իրենց որդիք հարազատ
Զենքեր վերցնում կամքով անսասան,
Բայց մայրերի սիրտն ահով էր շնչում,
Նրանց հայացքում վախ կար ու մշուշ:

Անդ` Դարդանելից մինչև Սամոիսի
Ափերն եղեգնուտ, ուր մարտն էր եռում,
Հոսում էր արյան գետը կարմրաշիթ,
Ծառս էին լինում ու փախչում հեռու,
Եվ եղեգներն էր փրփուրն ողողում`
Երբ քաշվում էին ափը ծանծաղուտ:

Լուկրեցիան կանգնեց կտավի առաջ
Ու փնտրեց այնտեղ դեմք մի վշտակեզ,
Նա տեսավ դեմքեր ցավատանջ, մռայլ,
Բայց չկար վշտի ընտրյալը կարծես:
Նա խեղճ Հեկուբին գտավ վերջապես,
Ում աչքի առաջ Պրիամն էր կանգնած,
Արյունն էր հոսում նրա վերքից բաց:

Լուկրեցիան վշտի ստվերի վրա
Աչքերը հառեց ու ինչպես տենչաց,
Որ վշտի ստվերն համր ու անուրախ
Նզովք բարբառեր թշնամուն իր չար:—
Աստծո ուժ չունի և ոչ մի հանճար:—
«Ինչո՞ւ նկարիչն,— ասաց Լուկրեցիան,—
Վշտի հետ լեզու չի տվել նրան:

Օ, համըր քնար, ես պիտի ողբամ
Իմ լացող լեզվով քո վիշտը այս խոր
Ու պիտի դնեմ քաղցրանուշ բալզամ
Պրիամի վերքին քնքշանքով մի նոր,
Ես պիտի մարեմ հրդեհն ահավոր
Արցունքիս ծովով ու դանակով բութ
Ես պիտի ծակեմ աչքը թշնամուդ:

Ցույց տուր պոռնիկին` պատճառն այս արյան,
Որ եղունգներով դեմքը բզկտեմ:
Պարիս, տռփանքդ կործանեց Տրոյան,
Եվ քո աչքերի մեղք-կրակն այնտեղ
Բորբոքեց, ավաղ, ահեղ մի հրդեհ,
Եվ անդ` Տրոյայում կյանքեր անհամար
Զոհվեցին պագշոտ քո մեղքի համար:

Ախ, ինչո՞ւ մեկի հաճույքը վայրի
Պատճառ է դառնում, բյուր մարդկանց մահվան,
Թող ոճրագործը պատիժը կրի,
Թող անմեղ մարդիկ, ողորմած աստված,
Չար բախտի նետից չստանան հարված,
Ախ, ինչո՞ւ մեկը մեղք պիտի գործի,
Եվ դրա համար հազար սիրտ խոցվի:

Նայիր, Հեկուբն է լալիս ողբագին,
Պրիամն է հանգչում մահվան աչքի տակ,
Հրաժեշտ է տալիս Հեկտորը կյանքին,
Եվ Տրոիլոսի վերքն է մխամ տաք:
Տռփանքն ավերեց մի ամբողջ քաղաք,
Եթե սանձեիր, Պրիամ, որդուն քո,
Տրոյան պիտի փայլեր նոր փառքով»:

Արթնացնում է նկարն հանճարեղ
Լուկրեցիայի մեջ և տագնապ, և ցավ,—
Օ, ցավն հնչում է զանգի պես ահեղ,
Սփռելով մահվան ողբ մի ծայրեծայր:
Լուռ հեկեկում է նորից Լուկրեցիան
Գույների խաղով ծնված վիշտն անհուն,
Եվ խառնում վշտին ձայնն իր տխրանուն:

Նա աչք է ածում կտավին դարձյալ
Եվ շղթայակապ մի մարդ է գտնում,
Այդ դեմքը հանգիստ, փոքր-ինչ անայլայլ,
Կարծես իր տիրոջ մեղքը չէր մատնում,
Թեև նա մեղքեր ուներ անհատնում:
Տանում են նրան դեպի Տրոյա,
Եվ մի հեզություն կա դեմքին նրա:

Ինչ հմտությամբ է նկարիչն այստեղ
Թաքցրել նրա նենգությունն ամբողջ,—
Հայացքն անդորր է, քայլվածքն անշեղ,
Վիշտն է ողջունում ճակատը ամպոտ:
Մեղքն են թաքցնում այտերն հրաբորբ,
Իսկ դալկությունը` հազար ու մի վախ,
Որ ունենում են սրտերը խարդախ:

Սատանայի պես նենգամիտ, համառ,
Նա բարի տեսք էր տվել իր դեմքին
Եվ այնպես ծածկել մեղքերն անհամար,
Որ չէր կասկածում նախանձին ոգին
Ոչ նենգությանը, ոչ էլ կեղծիքին:—
Երբեք ջինջ օրը սև ամպ չի բերում,
Սուրբ հոգիները մեղքը չեն ներում:

Ինչ ճարտարությամբ վարպետն է գծել
Երդմնազանցությունն այդ գարշ Սինոնի,
Ում ձեռքով ընկավ Պրիամն ազնվացեղ:
Նրա հրդեհ-ձեռքն այրեց վեհանիստ
Աշտարակներն ու ամրոցն Իլիոնի,
Իսկ աստղիկները, տեսնելով նրանց
Ջարդված հայելին, մշուշում կորան:

Նայեց Սինոնի դեմքին կենդանի
Ու մեծ նկարչին կշտամբեց, որ նա
Ճիշտ չի պատկերել դեմքը Սինոնի,
Քանզի չի կարող հայացք մի խոնարհ
Թաքցնել իր մեջ չար մի սատանա:
Նա նորից նայեց Սինոնի դեմքին
Եվ իր սրտի մեջ շշնջաց կրկին.

«Երբեք չի կարող այս հայացքը հեզ
Իր մեջ դարանել այսքան չարություն»:
Բայց նրա աչքին երևաց կարծես
Տարփոտ Տարքվինի ստվերն երերուն
Ու նորից զարթնեց նրա ցավն անհուն.
«Կարող է երբեմն հայացքն հեզահամբույր
Թաքցնել իր մեջ չարություն մի կույր:

Ինչպես Սինոնն է պատկերված այստեղ`
Լրջախոհ դեմքին տոչորող մի ցավ,
Կարծես հյուծվել է ցավից խելահեղ,—
Այնպես Տարքվինը իմ տունը մտավ,
Թաքցրած իր մեջ մոլություն ու դավ:
Ես դուռս բացի ծեր Պրիամի պես,
Ու իմ Տրոյան կործանվեց հավերժ:

Ինչպես է ողբում ծերուկն իր սրտում
Սիմոնի այս կեղծ արցունքի վրա:
Դու ծեր ես, Պրիամ, բայց ոչ իմաստուն,
Տրոյացու արցունքն արյուն է, կրակ,
Իսկ այդ Սինոնի արցունքներն առատ,
Որ խիղճդ են շարժում, հուր գնդերի պես
Քաղաքդ այրեցին ատելությամբ կեզ:

Ներհակությունը դևն է փոխ առնում
Դժոխքից խավար: Կրակի մեջ տաք
Սարսուռով մի սառ Սինոնն է ապրում:
Օ, հիմարներին այս բախտը ներհակ
Շողոքորթում է, դարձնում համարձակ:—
Պրիամն հավատաց, որ բերդն Իլիոնի
Կայրեն արցունքներն ստոր Սինոնի»:

Այնպես է նրան զայրույթը պատում,
Որ համբերանքն է դուրս թռչում կրծքից,
Եվ նա Սինոնի դեմքն է ծվատում,
Կարծես Տարքվինի սիրտն է բզկտում,
Ում գարշ արարքից զզվեց իր հոգին:
Բայց նա շշնջաց. «Հիմար եմ, երբեք
Ցավ չի պատճառի նրան ոչ մի վերք»:

Մերթ նրա վիշտն է ծովի պես ուռչում,
Մերթ նահանջում ետ: Մերթ գիշերը մութ,
Մերթ առավոտն է Լուկրեցիան տենչում,
Բայց լույսն ու մութը վշտի մեջ անգութ
Երկար են թվում, հարատև ու բութ,
Նա աչք չի փակում ծանր վշտի տակ,
Եվ ժամանակը սահում է դանդաղ:

Նկարի առաջ Լուկրեցիան վատնեց
Ժամանակն այս ողջ ու իր սեփական
Անարգանքն այլոց վշտի մեջ խեղդեց:
Պահն այս բարեբախտ կարճ տևեց սակայն,
Քանզի ցավն այլոց խորն ու իրական
Կարող է մեղմել հոգին վշտաբեկ,
Բայց նա զորու չէ բուժել ոչ մի վերք:

Հենրիկ Սևանի թարգմանությամբ

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով