Ալբերտ Նալչաջյան. Ենթագիտակցությունը և հոգեկան կյանքը

«Գարուն», 1972, 8

Մարդու հոգեկան կյանքը, մտքերը և զգացմունքները, ցանկությունները և երազանքները, հիշողությունը և կամքը միշտ էլ գրավել են ինչպես գիտնականների, այնպես էլ բոլոր մտածող մարդկանց ուշադրությունը: Այսօր այդ հետաքրքրությունը դառնում է ավելի ու ավելի խորը և մշտական: Այդպիսին և մեր կյանքի հրամայական պահանջներից մեկը: Բնական գիտությունների մեծագույն հաջողությունները թույլ տվեցին թափանցել կենդանի և անկենդան բնության գաղտնիքների, բնության օրենքների էության մեջ: Այդ հաջողությունների կողքին հոգեբանության նվաճումներն, անշուշտ, խիստ համեստ են: Այնուամենայնիվ, մարդուն հասկանալու գործում հոգեբանությունը հասել է որոշ արդյունքների և դրանք, անկասկած, պետք է հայտնի դառնան մտավորականության ամենալայն շրջաններին:
Ժամանակակից հոգեբանության ամենալուրջ նվաճումներից մեկը պետք է համարել ենթագիտակցական հոգեկան երևույթների գոյության փաստի գիտակցումը և այն ուղիների նշումը, որոնցով, հենվելով այդ հայտնագործության վրա, առաջիկայում կարելի է տալ հոգեբանական շատ երևույթների գիտական մեկնաբանութունը: Այստեղ մենք կխոսենք այն փաստերի մասին, որոնք ապացուցում են առանց գիտակցության մասնակցության ընթացող հոգեկան պրոցեսների և երևույթների գոյությունը և դրանց կարևոր նշանակոլթյունը մարդկանց առօրյա կյանքում և աշխատանքում:

ՍՈԿՐԱՏԸ «ՄԱՆԿԱԲԱՐՁ»

Հին աշխարհի մտածողներից մեզ հասած ամենաիմաստուն խրատներից մեկն է այն, որ փորագրված է Պոսեյդոն աստծուն նվիրված տաճարի ճակատին, ճանաչի՛ր ինքդ քեզ և ոչինչ ավելի: Սեփական ներքնաշխարհը ուսումնասիրելու և վերլուծության ենթարկելու այս կոչը տվեց իր արդյունքները: Այսօր, կարդալով անտիկ խոշոր փիլիսոփաների գործերը, մենք երբեմն հանդիպում ենք այնպիսի խոր մտքերի, որոնք միշտ չէ, որ մատչելի են ժամանակակից շատ մտածողների: Այդ մտքերից մի քանիսը վերաբերում են ենթագիտակցական հոգեկան կյանքին:
Պլատոնի հռչակավոր երկախոսություններում (Իոն, Խնջույք և այլն) Սոկրատի անունից առաջ ե քաշվում մի ամբողջ տեսություն ենթագիտակցական մտքերի և գիտելիքների գոյության մասին: Հայտնի է, որ ինչպես այդ փիլիսոփաները, այնպես էլ Պյութագորասը և ուրիշներ, հավատում էին բնածին գաղափարների գոյության փաստին: Նրանց կարծիքով հոգիները անմեռ են և հաջորդաբար կարող են մտնել տարբեր մարդկանց մարմնի մեջ: Ծնվելիս ստանալով այդպիսի հոգի, մարդը դրանով իսկ ստանում է նախորդ գոյության ընթացքում նրա կուտակած գիտելիքները, որոնք տվյալ մարդու անհատական կյանքի ընթացքում, երբ պահանջում են հանգամանքները, աստիճանաբար ի հայտ են գալիս և օգտագործվում են: Հենց բնածին գաղափարների այս տեսությունն էլ, լինելով իդեալիստական, այնուամենայնիվ իր մեջ արժեքավոր մտքեր է պարունակում ենթագիտակցության մասին: Սոկրատը գտնում էր, որ ինչքան էլ տգետ լինի մարդը, այնուամենայնիվ նա ունի անհամեմատ ավելի շատ գիտելիքներ, քան ինքն է կարծում: Վարպետորեն տված հարցերի միջոցով նա իր զրուցակիցներին ստիպում էր հայտնել այնպիսի մտքեր և ի հայտ բերել այնպիսի գիտելիքներ, որոնց գոյության մասին այդ մարդիկ ոչ մի գաղափար չունեին: Այդպիսի գիտելիքները, որոնք կան մարդու հոգեկան աշխարհում, պահպանվում են նրա ուղեղում, բայց սրանց մասին նա ոչինչ չգիտե և չի կարող սովորական պայմաններում գիտակցորեն վերհիշել, ակնհայտորեն ենթագիտակցական են: Դրանք կան, մեր հոգեկան կյանքի փաստերն են, ազդում են մեր գիտակցական վարքի վրա, սակայն, հաճախ ամբողջ կյանքում, դրանց գոյությունը մեզ անհայտ է մնում: Այսպիսով Սոկրատը գիտեր ենթագիտակցության գոյության մասին, բայց սխալ էր բացատրում նրա ծագումը: Այդպիսին էր նան Պլատոնի տեսակետը: Մտածված դիալեկտիկական հարցերը թույլ էին տալիս Սոկրատին դուրս կորզել այդ գիտելիքները ենթագիտակցության «արգանդից»:

ՅՈԳԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Ենթագիտակցական հոգեկան կյանքի իրական լինելու մասին միտքը հնագույն մշակույթի երկրներում ունի ավանդական բնույթ: Այն բազմիցս և հոգեբանորեն բավականաչափ նուրբ ձևով տրված է նաև հնդկական դասական փիլիսոփայության ուղղություններից մեկում` յոգերի փիլիսոփայական աշխատություններում: Ահա թե ինչ ենք կարդում այդ փիլիսոփայության ներկայացուցիչներից մեկի գրքում. «Որոշ մարդիկ ունեցել են արտակարգ ապրումեեր, որոնք հնարավոր է բացատրել միայն մետամպսիխոզի վարկածի միջոցով: Ո՞վ չի ապրել այն բանի գիտակցությունը, որ նա նույն զգացումը ունեցել է նաև առաջ, որ նա նույն բանի մասին մտածել է նաև անորոշ անցյալում: Ո՞վ վկա չի եղել նոր տեսարանների, որոնք նրան թվացել են շատ հին: Ո՞վ առաջին անգամ չի հանդիպել մարդկանց, որոնց ներկայությունը նրանում հիշողություն է արթնացրել հեռավոր անցյալի մասին: Ո՞ւմ ժամանակ առ ժամանակ չի համակել հոգու խորապես ծեր լինելու գիտակցությունը… Ո՞վ չի դիտել հին նկարը կամ արձանը այնպիսի մի զգացումով, որ նա այն տեսել է նաև առաջներում: Ո՞վ չի ապրել այնպիսի իրադարձություններ, որոնք նրանում վստահություն են առաջացրել այն մասին, որ հանդիսանում են ինչ-որ անհայտ անցյալում տեղի ունեցած մշուշապատ պատահականությունների կրկնություններ»: Այստեղ փաստորեն խոսքը այն մասին է, որ որոշ պայմաններում, շրջապատը ընկալելիս, յուրահատուկ ձևով վերարտադրվում են անցյալում մեր ստացած տպավորությունները: Յոգերի կարծիքով բոլոր մարդկանց հիշողության խորքերում բազմաթիվ տպավորություններ են կուտակված անցյալի իրադարձությունների մասին, որոնք կարծես ամբողջապես թաքնված են գիտակցությունից և վերջինի համար մատչելի են դառնում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ նոր փաստեր, կապող օղակ հանդիսանալով, նրանց դուրս են բերում գիտակցության ոլորտը:
Վերոհիշյալ մտքերը կարևոր նշանակություն ունեն ենթագիտակցության, հիշողության, ստեղծագործական մտածողության և ինտուիցիայի (ներհայեցողության) ճիշտ մեկնաբանման համար:
19-րդ դարի կեսերից սկսած ենթագիտակցության ուսումնասիրությունը դրվեց ավելի ամուր հիմքերի վրա և սկսեցին օգտագործվել ինչպես դասական և հանրահայտ (ներհայեցողություն, հիպնոզ), այնպես էլ բոլորովին նոր մեթոդներ (մասնավորապես հոգեվերլուծությունը և էլեկարաֆիզիոլոգիական մեթոդը):

ՀԻՊՆՈԶ ԵՎ ՆԵՐՇՆՉՈԻՄ

Ենթագիտակցական հոգեկան երևույթների (մտածողության, ցանկությունների, մղումների և հույզերի) գոյության ամենապարզ և հետաքրքրական ապացույցներից մեկը այսպես կոչված «հետհիպնոզային ներշնչման» երևույթն է, որը վաղուց ի վեր հայտնի է հոգեբաններին և հոգեբույժներին: Այդ երևույթը ներկայումս լայնորեն օգտագործվում է աշխարհի շատ երկրևերի կլինիկաներում տարբեր հիվանդություններ բուժելու համար: Սակայն այն ունի ոչ միայն գործնական, այլև գիտական մեծ նշանակություն, քանի որ կարող է ծառայել մարդու հոգեկան կյանքի որոշ օրինաչափություններ հայտնագործելու և մարդուն ավելի լավ հասկանալու համար:
«Հետհիպնոզային ներշնչումը» կատարվում է հետևյալ կերպ: Ուսումնասիրվող մարդուն բժշկական գրականության մեջ նկարագրվող հայտնի մեթոդներից մեկով հիպնոզացնում, այսինքն արհեստականորեն քնեցնում են: Հիպնոզը սովորական քնից տարբերվում է մասնավորապես նրանով, որ այդ դրության մեջ անմիջական կապ (ռապպորտ) է պահպանվում ուսումնասիրողի և փորձարկվողի միջև: Հիպնոզացված մարդը ընկալում և հասկանում է միայն հիպնոզացնողի խոսքը, իսկ շրջապատում գտնվող և նրա վրա ազդող մնացած ամեն ինչի նկատմամբ մնում է անտարբեր: Միայն հիպնոզացնողի հրահանգով նա կարող է ընկալել այլ գրգռիչներ: Եվ ահա այս դրության մեջ, երբ ուսումնասիրվող մարդը անվերապահորեն ենթարկվում է հիպնոզացնողի հրահանգներին, կարելի է տարբեր բովանդակության ներշնչումներ կատարել: Կարելի է կարգադրել, որպեսզի նա կատարի տարբեր գործողություններ, արտասանի բանաստեղծություններ, երգի, նկարի և այլն: Այս վիճակում սովորելու և հմտություններ ձեռք բերելու ընթացքը խիստ ար՛ագանում է: Այդ բոլորը կատարվում է առանց գիտակցելու, որի պարզ ապացույցներից մեկն այն է, որ հիպնոզացված դրությունից դուրս բերելուց հետո, մարդը ամբողջապես մոռանում է իր հետ տեղի ունեցածը (ռետրոգրադային ամնեզիա):
Բայց հոգեբանության համար այստեղ բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում բավական անսպասելի և վերին աստիճանի կարևոր մի երևույթ, հիպնոզացված վիճակում մարդիկ, հիպնոզացնողի հրահանգով (ներշնչմամբ) վերհիշում են վաղուց անցած իրադարձությունները, իրենց ունեցած ապրումները, որոնք սովորական պայմաններում մատչելի չեն գիտակցական վերհիշման համար: Նրանց կարելի է համոզել, որ ունեն այլ տարիք, ասենք միջին տարիքի մարդուն կարելի է ներշնչել, որ նա 6 տարեկան երեխա է, և ահա նա սկսում է երեխայություններ անել, փոխվում է ձայնի երանգավորումը` դառնալով մանկական և այլն: Այսպիսով ենթագիտակցությունը, որը ըստ էության մեր հիշողությունն է, պահպանում է այն ամենը, ինչ երբևիցե ընկալվել և ապրվել է մեր կողմից, սակայն այդ բոլոր տպավորությունները կարող են վերարտադրվել միայն հատուկ պայմաններում:
Հիպնոզի ժամանակ կատարվող ներշնչումը կարող է հրահանգներ պարունակել նաև մոտ ապագայում որոշ գործողություններ կատարելու մասին: Այսպես, եթե ներշնչվում է, որ 20 րոպե անց, արդեն հիպնոզացված դրությունից դուրս բերվելուց և նորմալ գիտակցական վիճակի վերադառնալուց հետո, տվյալ անձնավորությունը պետք է արտասանի իր գիտեցած բանաստեղծություններից մեկը, ապա նա որպես կանոն կատարում է այդ, չկարողանալով բացատրել իր արարքը: Նա պարզապես պատասխանում է, որ ինքը այդպես ցանկացավ, բայց թե ինչո՞ւ` չի կարող բացատրել: Այդ կերպ կարելի է ստիպել ուսումնասիրվողին կատարել բազմաթիվ այլ գործողություններ, բացառությամբ այնսյիսիների, որոնք խստորեն հակասում են նրա բարոյական սկզբունքներին: Հետևաբար կասկած չի կարող լինել այն մասին, որ ներշնչանքը, մինչև գործողության վերածվելը, պահպանվել էր ենթագիտակցորեն, ազդելով գիտակցական վարքի սովորական ընթացքի վրա և ունենալով չկասեցվող, անխուսափելի ուժ:
Հենց այս ձևով էլ, մասնավորապես, ապացուցվում է, որ հոգեկան երևույթները` մտքերը, ցանկությունները և մտադրությունները, դիրքորոշումները կարող են գոյություն ունենալ, ուղղություն տալ մեր գործողություններին, բայց չգիտակցվել:

ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՑՈՒՆԸ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն վերը բերված փաստերը խոսում են այն մասին, որ ենթագիտակցությունը ըստ էության մեր ողջ հիշողությունն է, եթե չմոռանանք, որ այն ոչ թե պարզապես ստացած տպավորությունների, գիտելիքների և դրանց հետ կապված հույզերի և զգացմունքների պահեստանոց է, այլ մեր գիտակցությանը միայն մասնակիորեն մատչելի հոգեկան մի ամբողջ աշխարհ, որտեղ երբեք չեն դադարում մտքերի, մտապատկերների և մղումների` ձևավորումը և բախումները:
Երբ մենք ցանկանում ենք որևիցե նոր գիտելիք մտապահել, ապա, որպես կանոն, գիտակցորեն կամ ինքնաբերաբար աշխատում ենք այն կապել մեր նախկինում ստացած տպավորությունների, գիտելիքների հետ: Այդ զգալիորեն հեշտացնում է մտապահելու և հետագայում անհրաժեշտության դեպքում սովորածը վերհիշելու գործը:
Թեև մարդու ենթագիտակցությունը և գիտակցության հետ նրա ունեցած փոխհարաբերությունը դեռևս վատ է ուսումնասիրված, այնուամենայնիվ այժմ արդեն կարելի է համոզված ասել, որ օրվա ընթացքում մարդու հոգեկան կյանքի միայն փոքր մասն է գիտակցված ընթանում: Մենք գիտակցում ենք գլխավորապես միայն այն արտաքին երևույթները և մեր զգայությունները, մտքերն ու ապրումները, որոնց վրա կանխամտածված ձևով կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը: Հոգեկան կյանքի գերակշռող մասը այդպես էլ չի գիտակցվում: Հոգեբաններից մեկը մեր գիտակցական կյանքն համեմատում է օվկիանոսում լողացող սառցալեռան դուրս նայող մասի հետ, որը նրա չնչին մասն է կազմում միայն, մինչդեռ խորասուզված հսկայական զանգվածը ենթագիտակցությունն է: Այդ խորասուզված մասը մատչելի չէ մեր հայեցողությանը, նրա մասին հնարավոր է դատել միայն կողմնակի նշանների և գիտակցական կյանքում հանդիպող որոշ առանձնահատկությունների հիման վրա:
Թե ինչպիսի կարևոր նշանակություն ունի մեց համար հոգեկանի ենթագիտակցական շրջանը, կարելի է դատել ըստ այն փաստի, որ յուրաքանչյուր տվյալ պահին մենք գիտակցում ենք մեր ունեցած գիտելիքների աննշան մասը միայն: Եթե հոգեկան կյանքը միայն գիտակցական բնույթ ունենար, ապա կյանքի ընթացքում կուտակած ընդարձակ գիտելիքները մարդիկ միշտ կգտնեին իրենց գիտակցության մեջ: Հոգեկան աշխարհը և գիտակցությունը նույնական չեն, թեև այդ սխալ տեսակետը պաշտպանվել է շատերի կողմից: Այն հակասում է պարզագույն փաստերին: Գիտակցվել մեր գիտելիքները կարող են միայն հաջորդաբար, բայց բոլորը միանգամից` երբեք: Իր գործողությունների մեծ մասը մարդը առօրյա կյանքում կատարում է մեքենայորեն, առանց իրեն հաշիվ տալու, այսինքն առանց գիտակցելու:
Ենթագիտակցական ընդարձակ շրջանի գոյության մասին են խոսում հիվանդագին դեպքերը, երբ որոշակի պայմաններում վաղուց մոռացված տպավորությունները կենդանանում են իրենց ամբողջ հուզական ուժով: Զառանցելիս հիվանդները հաճախ խոսում են ամբողջապես մոռացված իրադարձությունների մասին, մինչդեռ ապաքինվելուց հետո դարձյալ ամեն ինչ մոռանում են: Եվ, այնուամենայնիվ, վերհիշվող այդ իրադարձություններից շատերը տեղի են ունեցել նրանց կյանքում: Հայտնի է նաև, որ խեղդվող մարդը հաճախ մի քանի վայրկյանի ընթացքում վերհիշում է այն ամբողջ կյանքը, կարծես անգիտակցաբար ցանկանալով ի մի բերել իր կյանքի դեպքերը` վերջին անգամ գնահատելու համար: Այդ մասին են պատմում այն մարդիկ, ովքեր հրաշքով փրկվել են խեղդվելուց:
Ներկայումս կուտակվում են զգալի թվով հոգեբանական փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ ենթագիտակցությունից մեր երբևէ ստացած տպավորություններից ոչ մեկը անհետ չի կորչում:

Ո՞Վ է ՍԱՏԱՆԱՆ

Ֆրանսիացի ականավոր հոգեբան Ռիբոն հիշողությանը նվիրված իր գրքերից մեկում պատմում է մի հետաքրքրական դեպք: Անգրագետ մի կին, հիվանդանալով, տենդի ազդեցության տակ սկսում է խոսել լատիներեն, հունարեն և եբրայերեն: Այդ զարմանալի երևույթի պատճառը պարզելու համար գրի են առնվում նրա զառանցանքները, որոնք կազմված էին իմաստալից, բայց միմյանց հետ չկապված արտահայտություններից: Եբրայերեն ասված նախադասություններից շատերը ունեին կրոնական բովանդակություն և դրանք հնարավոր է լինում գտնել Աստվածաշնչում: Քանի որ կինը տգետ մի անձնավորություն էր, ապա խաբեության հնարավորությունը բացառվում էր: Բոլորը կարծում էին, որ նա գտնվում է սատանայի ազդեցության տակ: Բայց բժիշկներից մեկը, որը չէր հավատում սատանաների զորությանը, որոշեց բացահայտել գաղտնիքը: Նա պարզեց, որ ինը տարեկան հասակում աղջիկը ապրելիս է եղել մի հրեա քահանայի (Ռաբունի) տանը, որը սովորություն է ունեցել իր տան միջանցքում ճեմելիս, հատվածներ արտասանել Աստվածաշնչից և այլ կրոնական գրքերից և այն էլ տարբեր լեզուներով: Հենց այստեղ էլ լսել է աղջիկը այդ արտասանությունները, որոնք, չհասկացվելով և չգիտակցվելով, այնուամենայնիվ տպավորվել են նրա ուղեղում: Տենդը նրա ենթագիտակցությունից դուրս էր բերել այդ ապավորություններից մի քանիսը, որ նա ընկալել էր ենթագիտակցորեն: «Սատանան» ուրեմն, ենթագիտակցությունն էր:
Պակաս հետաքրքիր չէ նաև հետնյալ դեպքը: Իսպանիայում ֆրանսիական դեսպանության դռնապանը հիվանդանում է և բարձր ջերմության ազդեցության տակ, ուշակորույս վիճակում, անսխալ և հռետորական բարձր արվեստով արտասանում է քաղաքական, փիլիսոփայական, իրավաբանական և այլ գրքերի բովանդակություններ: Նա անգիր արտասանում է դիվանագիտական բազմաթիվ փաս-տաթղթեր: Դեսպանը, խիստ ուրախանալով, որոշում է այդ համեստ, բայց այդպիսի ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդուն դարձնել իր քարտուղարը: Բայց առողջանալուց հետո մարդը կրկին դառնում է նույն սահմանափակ և տգետ անձնավորությունը, որը գաղափար անգամ չուներ այն մասին, թե ինչեր են թաքնված իր գլխում:
Այս փաստերը խոսում են մեր ենթագիտակցության մեծ հնարավորությունների մասին և ստիպում են մեզ խորհել, թե ինչպես կարելի է ավելի լավ օգտագործել դրանք:

«ՏՎԵ՛Ք ՄԵԶ ՁԵՐ ԴՐԱՄԸ»

Այդ հետաքրքրական տվյալները հոգեբանական գրականության մեջ հայտնի բազմաթիվ այլ փաստերի հետ միասին թույլ են տալիս եզրակացնել, որ ոչ միայն գիտակցորեն կուտակված գիտելիքները կարող են այնուհետև դուրս գալ գիտակցական ուշադրության ոլորտից և աստիճանաբար կազմավորել ենթագիտակցական մի ամբողջ աշխարհ, այլև ինքը` գիտելիքների կուտակման պրոցեսը, կարող է չգիտակցվել: Մենք, այսպիսով, ստանում ենք բազմաթիվ տպավորություններ, պահպանում ենք դրանք մեր ուղեղում, ոչ մի տեղեկություն չունենալով այդ մասին: Կատարվել են փորձեր, որոնք ցույց են տալիս այս երևույթի իրական լինելը բոլոր մարդկանց կյանքում: Երբ մի քանի ամսական երեխայի մոտ որոշ ժամանակի ընթացքում կարդում են որևէ օտար լեզվի բառեր և արտահայտություններ, կրկնելով դրանք մի քանի անգամ և աշխատելով ընդգրկել տվյալ լեզվի բառերի զգալի մասը, ապա հետագայում այդ երեխան նույնիսկ շատ տարիներ անց, ավելի արագ և հեշտությամբ է յուրացնում լեզուն քան ուրիշ երեխաներ: Պատահականություններից խուսափելու համար նման հետազոտություն կատարվել է շատ երեխաների հետ և միշտ էլ ստացվել են մոտավորապես միևնույն արդյունքները: Կասկած չկա, ուրեմն, որ երեխայի ուղեղում մնում են նրա կողմից ենթագիտակցորեն ընկալված տպավորությունները:
Արևմուտքի երկրներում ապրանքների ռեկլամը մեծ չափեր է ընդունել: Մինչև այժմ օգտագործվող բոլոր մեթոդներն էլ աշխատել են ազդել մարդկանց գիտակցության վրա, ցույց են տվել վաճառվող ապրանքի օգտակար և որակյալ լինելը և ձգտել են համոզել գնորդներին ավելի շատ դրամ տեղափոխել առևտրականների և արդունաբերողների գրպանները: Այդ մեթոդներն, իհարկե, տալիս են դրական արդյունքներ, այլապես ոչ մի կապիտալիստ հսկայական դրամագլուխներ չէր ծախսի ռեկլամային գործի կազմակերպման վրա: Սակայն գիտակցությանը պնդերեսորեն դիմելը փորձված գնորդներից շատերին կարող է վանել, նրանց մոտ կասկածներ հարուցելով ռեկլամի անկեղծության մասին: Այս դժվարությունը շրջանցելու համար ձեռներեց մարդկանցից առավել խորամանկները դիմում են հոգեբանների օգնությանը: Ամերիկյան հեռուստատեսային որոշ ընկերություններ հաղորդումների ընթացքում արագորեն ցուցադրում են ռեկլամային կադրեր, որոնք, ցուցադրման արագության պատճառով, չեն գիտակցվում դիտողների կողմից: Սակայն նրանք կատարում են իրենց դերը: Մարդիկ իսկապես սկսում են ավելի շատ գնել այդ ապրանքից: Նույնպիսի մեթոդներ են օգտագործվում նաև որոշ կինոթատրոններում: Մինչև ենթագիտակցության վրա ազդելու այդ մեթոդի կիրառումը կինոթատրոններից մեկում պաղպաղակ էր գնում դիտողների մոտ 15%-ը: Բայց երբ սկսեցին մեկ րոպեի ընթացքում ցուցադրվող 25 կադրերից մեկը նվիրել պաղպաղակի գովաբանմանը, որը, իհարկե, չէր գիտակցվում, բայց ընկալվում էր մարդկանց կողմից, պաղպաղակներ սկսեց գնել դիտողների մոտ 50%-ը: Փորձի կրկնումները թույլ տվեցին համոզվել, որ, իսկապես, այստեզ մարդկանց արտաքնապես ազատ և կամային թվացող այդ գործողությունները թելադրված են նրանց ենթագիտակցության վրա ազդող ռեկլամի կողմից:

ՀԻՊՆՈՊԵԴԻԱ

Բայց հոգեբանության նորագույն նվաճումները միայն այդպիսի շահամոլական նպատակներով չեն օգտագործվում: Դեռևս 30-ական թվականների վերջերին մի շարք երկրներում, այդ թվում նաև Սովետական Միությունում, սկսվեցին հետազոտություններ, որոնց նպատակն էր պարզել, թե հնարավոր չէ արդյոք ենթագիտակցության վերաբերյալ մեր ունեցած տեղեկություններն օգտագործել գիտելիքների յուրացման պրոցեսը արագացնելու և կատարելագործելու համար: Ներկայումս այդ ուղղությամբ կատարված փորձերը ավել են դրական արդյունքներ և շատ հոգեբաններ, ինժեներներ և բժիշկներ զբաղված են քնած ժամանակ կամ հիպնոզացված դրության մեջ սովորելու լավագույն մեթոդների մշակմամբ: Պարզվել է, որ ոչ-գիտակցական դրության մեջ մարդիկ զգայարանների միջոցով ընկալում են ձայներ և մտապահում են դրանք: Առանձնապես լավ են մտապահվում այնպիսի տեղեկությունները, որոնք մտածելու և հասկանալու լայն անհրաժեշտություն չեն առաջացնում, օրինակ` օտար լեզուների բառերը և տեքստերը, թվերը, անունները և այլն: Սովորական քնի ժամանակ սովորեցնելու մեթոդիկան (հիպնոպեդիան) հիմնական գծերով հետևյալն է: Քնելուց առաջ սովորողը 2-3 անգամ գիտակցաբար ուշադրությամբ լսում է տեքստը: Այնուհետև նա քնում է և քնելու 7-8 ժամերի ընթացքում ևս մի քանի անգամ նրա մոտ ցածրաձայն ընթերցվում է տեքստը (սովորաբար այն ձայնագրված է լինում մագնիտաֆոնի ժապավենի վրա): Արթնանայուց հետո ստուգվում են մտապահված գիտելիքները: Այս մեթոդը թույլ է տալիս զգալիորեն մեծացնել օրվա ընթացքում յուրացված օտար բառերի թիվը: Եթե ճիշտ են մամուլում հրատարակված արտակարգ դեպքերի մասին տեղեկությունները, ապա պետք է կարծել, որ հիպնոպեդիան ուսուցման հայտնի մեթոդների հետ զուգակցելը լավագույն դեպքերում թույլ կտա չափազանց կարճ ժամկետներում (մոտ մեկ ամսում) կատարելապես տիրապետեյ որևիցե նոր լեզվի: Հասկանալի է, թե ինչպիսի կիրառական արժեք կարող է իրենից ներկայացնել սովորելու այդպիսի կոմբինացված մեթոդը: Մարդիկ հաճախ տարիներ են տրամադրում օտար լեզուներ սովորելու համար, մինչդեռ այդ ժամանակը կարելի է օգտագործել ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար:
Մե՛նք շատ համառոտակի խոսեցինք ենթագիտակցական հոգեկան երևույթների վերաբերյալ ունեցած գիտելիքների նշանակության մասին մարդու կյանքում: Ենթագիտակցության ուսումնասիրության հետևանքով ստացված կարևորագույն եզրակացություններից մեկն այէ է, որ ընկալված տպավորություններից ոչ մեկը մեր հոգեկան աշխարհից անհետ չի կորչում: Մենք հանդիսանում ենք այն, ինչ որ ենք այսօր շնորհիվ այն բոլորի, ինչ տեսել, լսել, զգացել, մտածել և ապրել ենք անցյալում: Բացի այն հիմնական կենսաբանական հատկանիշներից և հոգեբանական նախադրյալներից, որոնք փոխանցվում են ժառանգաբար, մարդու էության մնացած հսկայական մասը կազմվում է նրա անձնական անցյալից: Այդ պատճառով էլ որոշ իմաստով կարելի է պնդել, որ մարդը հանդիսանում է իր անցյալի միագումարը: Չկա մեր անցյալին վերաբերող մի միտք, գործողություն կամ տպավորություն, որը որոշակի դեր չխաղար մեր ներկայի բանական և բարոյական դրության ստեղծման գործում: Մեր այսօրվա մտքերը և կարծիքները պայմանավորված են անցյալի մեր փորձով, որը վաղուց մոռացված է, այսինքն մատչելի չէ գիտակցական մտաբերման համար և, հավանաբար, այլևս երբեք լույս աշխարհ չի տեսնի: Ուրեմն աշխատենք միշտ ստանալ օգտակար և արժեքավոր տպավորություններ, շրջապատենք մեզ այն ամենով, ինչ ազնվացնում և նրբացնում է մարդու ներքնաշխարհը, եթե նույնիսկ դրանք գիտակցորեն և մանրամասնորեն հետազոտելու և հիշելու հնարավորություն չունենք: Այդ տպավորությունները աստիճանաբար ի հայտ կգան մեր հայացքների, ճաշակի, ցանկությունների և գործելակերպի առանձնահատկություններում:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով