Անդրե Բրետոն. Սյուրռեալիզմի մանիֆեստը

«Գարուն», 1996, 7

Յուրաքանչյուր դարաշրջան, յուրաքանչյուր սերունդի դիրքերից ու իր աշխարհատեսությամբ է փորձում բացատրել կյանքն իր կառույցներով: Այդպես ստեղծվել են արվեստները, գիտությունները, այդպես հաստատվել, հերքվել, վերահաստատվել ու զարգացել է մշակույթը: Եվ մշտապես նշանավոր արվեստագետների կողքին հայտնվել են նշանավոր վերլուծաբաններ. Լեոնարդո դա Վինչին ու Միքելանջելոն ունեցել են իրենց Ջորջիո Վազարիին, Պուշկինն ու Գոգոլը` իրենց Բելինսկուն ու Դոբրոլյուբովին, Չեխովն իր Սուվորովին, Մայակովսկին իր Բրիկին (հայ իրականության մեջ, ցավոք, Թումանյանը` իր Դրամբյանին ու Մոճոռյանին)… Եվ, սակայն, արվեստի ասպարեզում մի ժանր միավորում է գործն ու գնահատումը` դառնալով առաջաքայլ ու սահմանանիշ միաժամանակ` հանգանակը, որ կարելի է ու չի կարելի ոչ արձակ, ոչ չափածո, ոչ տեսություն համարել: Թերևս` համադրում: Հանգանակների դերը արվեստի զարգացման ճանապարհին այսպես է բացատրում շվեդ Արթուր Լունդկվիստը. «Գրական ծրագիրը հաճախ արդյունք չի տալիս, մնում է իբրև տեսություն կամ ուսմունք: Ճիշտ է, բայց ծրագրերը ստեղծվում են հենց գրականություն դառնալու համար, խթանում են, շարժում առաջացնում ճահճացող ջրերում: Գրական հանգանակները կարգախոս են, կարծիքների և ձևերի հնացած ամրոցի վրա հուժկու հարձակման ազդանշան: Ծրագրի ստեղծման նախադրյալներ ունի յուրաքանչյուր նոր սերունդ, որը ձգտում է նորի և չի բավարարվում նմանակումով: Ծրագիրն առկա է ձգտումներո՞ւմ, կենսափորձում, որը տարբեր սերունդների համար տարբեր է: Պարտադիր չէ, թեև օգտակար է, որ ծրագիր ձևակերպվի կամ ամրագրվի: Ծրագիրը համախմբում է իր շուրջը, աջակցում ներսից ու ավելի որոշակիացնում շրջապատող աշխարհի ուրվագծերը: Անհնազանդ սերնդի որոշակի թվով ներկայացուցիչներին համախմբող գլխավոր միտումն ինքնաբերաբար ձևավորում է խումբ: Ուղղվածությունն ընդհանուր է: Որոշակի դրսևորումը կարող է և պետք է անհատական լինի»:
20-րդ դարը զարմանալի բեղուն եղավ հանգանակների հարցում` դարասկզբի պատերազմներն ու հեղափոխությունները տարբեր երկրներում ծնունդ տվեցին հանգանակային շարժման, որ պարբերաբար բռնկվելով` դարակեսին արդեն նորարարությունից սպառնում էր վերածվել ավանդույթի:
«20-րդ դարի հանգանակները» խորագրով մեր ընթերցողներին ենք ներկայացնում սյուրռեալիզմի, նովելենտիզմի, էքզիստենցիալիզմի, կոսմոպոլիտիզմի, ուլտրաիզմի, մոդեռնիզմի, այլևայլ ուղղությունների առավել հայտնի հանգանակները, որոնց ստեղծման ժամանակը 20-րդ դարն է, վայրը` Եվրոպան, իսկ հրապարակման նպատակը` համաշխարհային արվեստի զարգացման զարկերակը թեկուզ ուշացումով շոշափելը:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

———————————————————————
ԱՆԴՐԵ ԲՐԵՏՈՆ (1896-1966)
Ֆրանսիական սյուրռեալիզմի հիմնադիրներից ու տեսաբաններից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մտերմացավ Ապոլիների հետ, ծանոթացավ Ֆրոյդի ուսմունքին, կարճ ժամանակ հարեց դադաիզմին: 1919 թ. Լ. Արագոնի և Ֆ. Սուպոյի հետ հրատարակեց «Գրականություն» ամսագիրը` հիմք դնելով նոր ուղղության` սյուրռեալիզմին: Ինչպես և դադաիստները, հակամարտելով բուրժուական քաղաքակրթության հետ, սյուրռեալիստները ձգտում էին բացահայտել մարդկային գոյության նախահիմքը, ազատագրել անհատականության հոգևոր էներգիան, որ ճնշվում է տրամաբանության «արհեստական» նորմերով, իրենց իրավունքներում վերահաստատելով բնազդները, ներըմբռնումը, անմիջականությունը, անսպասելին: Ընդ որում, նրանք բացահայտ պատերազմ էին հայտարարում բանականությանը, գիտակցությանը, մատերիալիզմին: Սյուրռեալիզմը մարդու ներքին հնարավորություններին և գոյության պայմաններին տիրապետելու միջոց էր` ենթագիտակցության արձանագրությամբ:
«Սյուրռեալիզմի մանիֆեստը» համանուն ուղղության ծրագրային փաստաթղթերից է, որն ամբողջությամբ հայերեն ներկայացվում է առաջին անգամ:

————————————————————————

ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ

Հավատը կյանքի, նրա առավել պատահական դրսևորումների նկատմամբ (ես նկատի ունեմ ռեալ կյանքը) կարող է հասնել մինչն այնտեղ, որ վերջ ի վերջո այդ հավատը կորցնենք: Մարդուն` այդ անհույս երազողին, որի մեջ օրեցօր աճում է դժգոհությունը սեփական ճակատագրից, հիմա արդեն դժվարությամբ է հաջողվում ընկալել այն առարկաները, որոնք ինքը ստիպված է գործածել, առարկաներ, որոնք պարտադրված են իրեն սեփական անհոգությամբ և իր սեփական ջանքերով, համարյա միշտ ջանքերով, քանի որ նա գործելու կամ ծայրահեղ դեպքում բախտը փորձելու (այն, ինչ նա բախտ է անվանում) պարտականությունն է ստանձնել: Այսուհետ նրա ճակատագիրը մեծագույն համեստությունն է, նա գիտի ի՛նչ կանանց է տիրել, ի՛նչ ծիծաղաշարժ վիճակներում է եղել, հպարտությունն ու աղքատությունը նրա համար դատարկ բան են, այս իմաստով նա նորածնի վիճակում է դեռ, իսկ ինչ վերաբերում է խղճի դատին, ապա ես լիովին հնարավոր եմ համարում, որ առանց դրա էլ նա կապրի: Եվ եթե նա պահպանում է հայացքի ինչ-որ պարզություն, ապա միայն ետ` սեփական մանկությանը նայելու համար, որը, որքան էլ խճողված լինի բազմաթիվ վարժեցնողներով, գրավչությունը չի կորցնում: Հատկապես մանկության օրերին, որևէ պարտադրանքի բացակայությամբ, մարդուն հնարավորություն է արվում միաժամանակ մի քանի կյանքով ապրելու, և նա ամբողջովին տրվում է այդ պատրանքին: Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր առարկա իրեն տրվի անհապաղ և ծայրահեղորեն հեշտ: Ամեն առավոտ երեխաներն արթնանում են լիակատար անխռով: Նրանց համար ոչինչ անհնար չէ, ամենավատ նյութական պայմաններն էլ թվում են հրաշալի: Անտառները լուսավոր են թե մութ` քունը երբեք վրա չի հասնում:
Բայց ճիշտ է և այն, որ այս ճանապարհով հեռու չես գնա: Եվ ոչ միայն այն պատճառով, որ չափազանց երկար է: Սպառնալիքներն ավելանում են, մարդը զիջում է, հրաժարվում է այն հողերի տերը լինելու պատվից, որոնք մտադրվել էր նվաճել: Այսուհետ երևակայությունը, սկզբում` անփույթ, թույլ է տալիս դրսևորվել միայն պրակտիկ օգուտի օրենքներին, որոնք միշտ պատահական են, սակայն երևակայությունը շատ երկար չի ենթակայի դեր խաղում և սովորաբար գերադասում է քսանամյակի շեմին մարդուն հանձնել իր անհույս ճակատագրին:
Եվ եթե ավելի ուշ, զգալով, որ կյանքը կամաց-կամաց կորցնում է ամեն իմաստ, հասկանալով, որ ի վիճակի չէ դիմանալ ծայրահեղ իրադարձությունների բարձունքում (ասենք` սիրո), մարդը փորձում է վերադարձնել կորուստը, դա նրան չի հաջողվում: Պատճառն այն է, որ այդուհետ նա հոգով ու մարմնով ենթարկված է պրակտիկ անհրաժեշտության իշխանությանը, որը թույլ չի տալիս իրեն մոռանալ: Մարդու բոլոր արարքներին կպակասի թափը, իսկ մտքերին` թռիչքը: Այն ամենից, ինչ նրա հետ կատարվել և կատարվելու է, նա կարող է պատկերացնել միայն այն, ինչը տվյալ իրադարձությունը կապում է իրար հար և նման մյուս իրադարձություններին, որոնք նա չի իմաստավորել` չկայացած իրադարձություններին: Դրանց մասին նա կարծիք կկազմի այն մեկ իրադարձությամբ, որն ունեցել է մնացածներից ավելի մխիթարական հետևանքներ: Ոչ մի դեպքում նա այնտեղ չի տեսնի իր փրկությունը:
Սիրելի՜ երևակայություն, ես ամենից շատ սիրում եմ քեզ, որովհետև դու ոչինչ ներել չգիտես:
Միակ բանը, որ ինձ կարող է դեռ ոգևորել, «ազատություն» բառն է: Ես կարծում եմ, որ այն անքակտելիորեն աջակցում է մարդկային հնամենի ֆանատիզմին: Այն, անտարակույս, համապատասխանում է այն միակ ապավենին, որի իրավունքը ես ունեմ: Հարկ է խոստովանել, որ մեզ ժառանգություն տրված հոգսերի բազմազանության հետ մեզ վիճակվել է հոգու մեծագույն ազատությունը: Մենք այն քիչ ենք չարաշահում: Երևակայությանը ստրկություն պարտադրել, թեկուզ հանուն նրա, ինչը մենք դեռ աղոտ անվանում ենք երջանկություն, նշանակում է խուսափել այն ամենից, ինչը մեր էության խորքում է, հաղորդակից է գերագույն արդարության գաղափարին: Միայն երևակայությամբ եմ ես պատկերացնում այն, ինչ կարող է տեղի ունենալ, և դա բավական է` թեկուզ մասամբ թուլացնելու դաժան արգելքը, բավական, որպեսզի հավատ ընծայես երևակայությանը` չվախենալով խաբվել (կարծես առանց դրա մենք մեզ չենք խաբում): Սակայն որտեղ է այն սահմանը, որից այն կողմ երևակայությունը վնասաբեր է, և որտեղ են այն սահմանները, որոնցից այն կողմ երևակայությունն իրեն այլևս անվտանգ չի զգում: Արդյո՞ք մոլորվելու հնարավորությունը գիտակցության համար բարիք չէ:
Մնում է խելահեղությունը: «Խելահեղությունը», որը բանտարկվում է հոգեբուժարանում, ինչպես դիպուկ ասվել է: Խելահեղության այս կամ այն տեսակը… Իրոք, յուրաքանչյուրը գիտի, որ հոգեկան հիվանդները մեկուսացվում են միայն մի քանի դեպքերում, որոնք օրենքի տեսակետից դատապարտելի են, և եթե նրանք այդ արարքները չկատարեն, նրանց ազատությունը (այն, ինչ ընդունված է անվանել նրանց ազատություն) չի բռնադատվի: Ես պատրաստ եմ ընդունել, որ հոգեկան հիվանդներն ինչ-որ չափով սեփական երևակայության զոհեր են, այն իմաստով, որ հենց երևակայությունն է նրանց դրդում խախտել վարքի որոշ կանոններ, որոնցից դուրս մարդկությունն իրեն սպառնալիքի տակ է զգում, և որոնց իմացության համար յուրաքանչյուրը պարտավոր է վճարել: Սակայն այն լիակատար անտարբերությունը, որ այդ մարդիկ դրսևորում են մեր քննադատության նկատմամբ, այսինքն` ներգործության այն միջոցների, որոնց մենք ենթարկում ենք նրանց, թույլ է տալիս մտածել, որ նրանք մեծագույն մխիթարություն են գտնում սեփական երևակայության մեջ և այնքան ուժեղ հաճույք են ստանում իրենց խելազրկությունից, որ այն թույլ է տալիս հաշտվել, թե խելահեղությունն իմաստ ունի միայն իրենց համար: Եվ, իրոք, հալյուցինացիաները, պատրանքները և այլն բավականության այնպիսի աղբյուրներ են, որոնք արհամարհել չի կարելի:
Այստեղ գործում է ծայրաստիճան մեթոդիկ հուզային ընկալում, և ես գիտեմ, որ պատրաստ եմ շատ երեկոներ անցկացնել` վարժեցնելով այն համակրելի ձեռքը, որ Տենի «Խելքի մասին» գրքի վերջին էջերում այդքան հետաքրքիր չարագործություններ է անում: Ես պատրաստ եմ ամբողջ կյանքս անցկացնել խելազուրկներին խոստովանության բրդելու ջանքերով: Այդ մարդկանց բծախնդրորեն ազնիվ անմեղությունը կարող է համեմատվել միայն իմ սեփականի հետ: Կոլումբոսն իր հետ մի քանի հոգեկան հիվանդների պետք է վերցներ, երբ գնում էր Ամերիկան հայտնագործելու: Եվ տեսեք` ինչքա՜ն է ամրապնդվել, կայունացել խելազրկությունն այդ օրերից: Եվ եթե որևէ բան մեզ ստիպի իջեցնել երևակայության դրոշը, ապա ամեննին էլ ոչ խելազրկության վախը: Մատերիալիստական տեսակետի դատաքննությունից հետո հարկ է դատավարություն սկսել ռեալիստական տեսակետի նկատմամբ: Մատերիալիստական տեսակետը, որը, մեր մեջ ասած, առավել բանաստեղծական է քան ռեալիստականը, ենթադրում է, անտարակույս, հրեշավոր հպարտություն մարդու կողմից, բայց ոչ ամենևին նրա հերթական և ավելի լիակատար պարտություն: Մատերիալիզմի մեջ հարկ է նախ և առաջ տեսնել սպիրիտուալիզմի մի քանի ծիծաղաշարժ նկրտումների հաջող հակահարվածը: Վերջ ի վերջո, նրան խորթ չէ նույնիսկ մտքի որոշ վեհություն:
Հակառակը, պոզիտիվիզմով ոգեշնչված մատերիալիստական տեսակետը, սուրբ Թովմասից մինչև Անատոլ Ֆրանս, ինձ խորապես թշնամական է թվում, ինչպես ցանկացած ինտելեկտուալ և բարոյական բռնկում: Այն ինձ սարսափ է ներշնչում, քանզի իրենից ներկայացնում է միջակություն, ատելություն և տափակ ինքնավստահություն: Հատկապես դա է մեր օրերում ծնում ծիծաղաշարժ գրքեր և ափսոսանք հարուցող օպուսներ: Այն իր ամրոցն է դարձրել պարբերական մամուլը, և տուրք տալով հասարակության ամենաստորին պահանջներին` կործանում է գիտությունն ու արվեստը, նրա ազդեցության պարզությունը սահմանակցում տխմարության և անասնության հետ: Նրա ազդեցությանը տրվում են նույնիսկ լավագույն մտքերը. վերջ ի վերջո նվազագույն դիմադրության օրենքն իրեն է ենթարկում: Գրականության մեջ, օրինակ, իրերի նման դրության հետաքրքիր հետևանք է վեպերի առատությունը: Ամեն մի հեղինակ գրականություն է գալիս իր ոչ մեծ «դիտարկումով»: Վերջերս, մաքրության կարիք զգալով, պարոն Պոլ Վալերին առաջարկեց մի անթոլոգիայում հավաքել որքան հնարավոր է շատ վիպական հենքեր, որոնց անհեթեթությունը նրան խոստումնալից էր թվում: Այդ միտքը պատիվ է բերում պարոն Վալերիին, նա իր ժամանակին հավատացրել էր ինձ, որ երբեք իրեն թույլ չի տա գրել. Կոմսուհին հինգին դուրս եկավ: Սակայն պահե՞ց նա իր խոսքը:
Եթե սովորական, չոր տեղեկատվության, որի նմուշ է այս արտահայտությունը, ոճը համարյա գերակշռում է ներկայիս վեպերում, նշանակում է` ստիպված ենք ընդունել, որ դրանց հեղինակների հավակնությունները հեռուն չեն գնալու: Խիստ պատահական, կամավոր, մասնավոր բնույթի դատողություններից յուրաքանչյուրն ինձ մղում է այն մտքին, որ նրանք պարզապես իմ հաշվին զվարճանում են: Ինձ անհայտ չեն կերպարի ստեղծման դժվարությունները, շիկահե՞ր լինի, ի՞նչ անուն ունենա, ամռա՞նը կհանդիպենք նրան: Նմանօրինակ հարցերի հեղեղը մեկընդմիշտ լուծում է պատահականությունը: Անձամբ ես ունեմ մի իրավունք` փակել գիրքը, որից անհապաղ օգտվում եմ, առաջին իսկ էջից: Իսկ նկարագրություննե՜րը… Դժվար է պատկերացնել որևէ ավելի չնչին բան: Պարզապես կատալոգից վերցրած նկարների հավաքածու. հեղինակն այնտեղից ընտրում է ինչ խելքին փչին և օգտվում է առիթից` այդ բացիկները ինձ հրամցնելու` ցանկանալով, որ ես և ինքը նույն կարծիքն ունենանք:
Փոքր սենյակը, ուր մտավ երիտասարդը, դեղին պաստառներ ուներ, պատուհանի գոգին խորդենի էր դրված, պատուհանները ծածկված էին շղարշե վարագույրներով և այդ պահին վառ լուսավորվել էին մայր մտնող արևի շողերով: Սենյակում յու-րահատուկ ոչինչ չկար: Կահույքը, որ հին դեղին փայտից էր, բաղկացած էր վիթխարի փայտե թիկնակով մեծ բազմոցից, բազմոցի առաջ դրված օվալաձե սեղանից, միջնորմին ամրացված հայելուց, պատերի տակ շարված աթոռներից և դեղին շրջանակների մեջ դրված երկու-երեք գրոշանոց նկարներից, ուր պատկերված էին գերմանացի օրիորդներ` թռչունները ձեռքներին, ահա և ողջ կահույքը (Ֆ. Մ. Դոստոևսկի, «Ոճիր ե պատիժ»):
Ես ոչ մի ցանկություն չունեմ թույլ տալու, որ մեր գիտակցությունը, թեկուզ հպանցիկ, զվարճացնի իրեն նման մոտիվներով: Ինձ կվստահեցնեն, թե աշակերտական սույն պատկերն այս դեպքում լիովին արդարացված է, թե գրքի հենց այս հատվածում հեղինակն իրավունք ունի ինձ իր նկարագրություններով ձանձրացնել: Այնուամենայնիվ, նա իզուր է ժամանակ կորցրել, այս սենյակը ես չե՜մ մտնի: Ինչ ծնված է մյուս մարդկանց ձանձրույթից ու հոգնածությունից, չի գրավի իմ ուշադրությունը: Ես շատ անկայուն պատկերացում ունեմ կյանքի անդադար տևողության մասին, այդ պատճառով ես հոգեկան պասիվության և թուլության պահերը կյանքի լավագույն պահերից չեմ համարի: Ես ցանկանում եմ, որ մարդը, դադարելով զգալ, լռի: Փորձեք հասկանալ՝ ինքնատիրապետման բացակայությունը ես մեղք չեմ համարում: Ես պարզապես ուզում եմ ասել, որ հաշվի չեմ առնում դատարկության պահերը և որ նման պահերի բյուրեղացումը ցանկացած մարդուն անարժան գործ է: Այդ իսկ պատճառով թույլ տվեք ինձ շրջանցել այս նկարագրությունը և սրա հետ` շատ ուրիշներ:
Ահա և ես հասա հոգեբանությանը, իսկ այս դեպքում կատակելն անտեղի է:
Հեղինակը ստեղծում է բնավորություն, մի անգամ ստեղծվելով` այն ամենուր քարշ է տալիս իր հերոսին: Ի՛նչ էլ պատահի, այդ հերոսը, որի բոլոր գործողությունները և հակագործողությունները հրաշալիորեն հաշվարկված են, պարտավոր է ոչ մի դեպքում չխառնել այն հաշիվները (այդ ընթացքում կեցվածք ընդունելով, թե խառնում է), որոնց օբյեկտն ինքն է: Կարող է թվալ, թե կյանքի ալիքները բարձրացնում, պտտեց-նում, իջեցնում են նրան, սակայն իրականում նա միշտ պատկանելու է լիովին որոշարկված, ձևավորված մարդկային տիպի: Լինելով շախմատային խաղի, որի նկատմամբ ես բացարձակապես անտաբեր եմ, սովորական մասնակից, այդպիսի մարդը, ով էլ լինի, ինձ համար չափազանց գորշ մրցակից է: Բայց ինձ ավելի շուտ բարկացնում են այս կամ այն քայլի շուրջ խղճուկ հոխորտանքները, թեև ո՛չ հաղթանակի, ո՛չ պարտության մասին խոսք անգամ չկա: Բայց խաղն իմաստ չունի, եթե օբյեկտիվ բանականությունը, ինչպես այս դեպքում, ամենահրեշավոր ձևով ստում է նրան, ով դիմում է իրեն, ավելի լավ չէ՞ հրաժարվել այդ բոլոր կատեգորիաներից: «Բազմազանությունն այնքան մեծ է, որ ձայնի ցանկացած հնչերանգները, ոտնաձայները, հազը, փռշտոցը… (Պասկալ): Եթե անգամ նույն ողկույզի վրա երկու միանման պտուղներ չկան, ինչո՞ւ եք ուզում, որ ես դրանցից մեկը նկարագրեմ մյուսի կերպարով ու նմանությամբ, մյուս բոլոր պտուղների կերպարով ու նմանությամբ, ինչո՞ւ եք պահանջում, որ ես այն սննդամթերք դարձնեմ: Բոլոր անհայտները հայտնիին, դա֊սակարգելիին հանգեցնելու անբուժելի մոլագար ձգտումը թմրեցնում է գիտակցությունը: Վերլուծության կիրքը գերիշխում է կենդանի ձգաումհերին (Բարրես, Պրուստ): Այդպես են ծնվում երկարատև դատողությունները, որ իրենց համոզչու-թյունը քաղում են բացառապես իրենց անսովորությունից և խաբում են ընթերցողին միայն այն պատճառով, որ դրանց հեղինակներն օգտվում են վերացական և շատ անորոշ բառապաշարից: Եթե այս ամենը վկայում է ընդհանուր գաղափարներ, որոնք մինչև այժմ քննարկում էր փիլիսոփայությունը, ավելի լայն ոլորտ անվերադարձ ներխուժումը ես ողջունում եմ: Սակայն այս ամենը Մարիվոյի ոգով որոնումներից ավելին չեն: Բոլոր տեսակի պատմությունները և այլ նրբագեղ բառախաղերն անընդմեջ ձգտում են թաքցնել մեզնից այն իսկական միտքը, որը փնտրում է ինքն իրեն և ամենևին չի մտահոգվում արտաքին հաջողությամբ: Ինձ թվում է` ցանկացած գործողություն ունի ներքին արդարացում, ծայրահեղ դեպքում այն մարդուհամար, որն ի վիճակի է այդ գործողությունը կատարել: Ինձ թվում է, որ այդ գործողությունն օժտված է լուսափայլ ուժով, որով կարող է թուլացնել ցանկացած մեկնաբանություն: Մեկնաբանությունը պարզապես սպանում է ցանկացած գործողություն, վերջինս ոչինչ չի շահում, երբ իրեն այս ձևով պատվել են: Ստենդալի հերոսները կործանվում են հե-ղինակային բնորոշումների հարվածներից, ավելի կամ` պակաս հաջող, բայց նրանց փառքին ոչինչ չավելացնող բնորոշումների: Այդ հերոսներին մենք գտնում ենք այնտեղ, ուր կորցնում է Ստենդալը:
Մենք դեռ ապրում ենք տրամաբանության բեռան տակ. ահա` ինչ էի ուզում ասել այս դատողություններով: Սակայն տրամաբանական մոտեցումը մեր ժամանակներում ուժի մեջ է միայն երրորդական հարցեր լուծելիս: Բացարձակ ռացիոնալիզմը, առաջվա պես մոդայիկ մնալով, թույլ է տալիս օգտագործել միայն այն փաստերը, որոնք, անմիջականորեն կապված են մեր փորձին: Տրամաբանական նպատակները, ընդհակառակը, մեզնից սպրդում են: Դժվար թե արժե ավելացնել, որ բուն փորձն էլ սահմաններ ունի: Այն դեսուդեն է նետվում վանդակում, և նրան ազատելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Փորձը ևս անմիջապես օգուտի մեջ է հենարան գտնում և պահպանվում է ողջախոհությամբ: Քաղաքակրթության դրոշի տակ, առաջադիմության պատրվակով գիտակցությունից կարողացել են վտարել այն ամենը, արժանիորեն թե ոչ՝ էական չէ, ինչը կարող է կոչվել անհավատություն, ցնորք, կարողացել են արգելք դնել ճշմարտության ցանկացած որոնումների վրա, որոնք չեն համապատասխանում համընդհանուր ճանաչման արժանացած արժեքներին: Թվում է, որ միայն զուտ պատահականորեն հապաղումով է լույս աշխարհ եկել և այն, իմ կարծիքով, կարևորագույն ոլորտը հոգեկան աշխարհի, որի նկատմամբ մինչև այժմ ցուցադրական անտարբերություն է դրսևորվել: Այդ առնչությամբ անհրաժեշտ է արժանին հատուցել Ֆրոյդի հայտնագործություններին: Հենվելով այդ հայտնագործությունների վրա` վերջապես սկսել է ձևավորվել մտքի այն ուղղությունը, որը թույլ կտա մարդուն ուսումնասիրողին էականորեն առաջ գնալ իր որոնումներում, քանզի այսուհետ այն իրավունք է ստացել հաշվի նստել ոչ միայն պարզագույն իրականությունների հետ: Գուցե այժմ երևակայությունը պատրաստ է վերականգնել իր իրավունքները: Եթե մեր հոգու խորքերում նիրհում են գաղտնի ուժեր, որոնք ի զորու են կամ մեծացնել գիտակցության մակերեսին տեղակայված ուժերը, կամ հաղթականորեն մարտնչել դրանց հետ, նշանակում է` արժե իշխել այդ ուժերին, իշխել, իսկ հետո, եթե պահանջվի, ենթարկել մեր գիտակցության վերահսկողությանը: Վերլուծողներն էլ դրանից միայն կշահեն: Սակայն պետք է նկատել, որ նախապես նմանօրինակ խնդրի լուծմանը միտված ոչ մի միջոց չկա, և մինչև որոշակի պահ նման ձեռնարկումը հավասար չափով կարող է լինել ինչպես բանաստեղծի, այնպես էլ գիտնականի գործ, իսկ հաջողությունը կախված է այն առավել կամ պակաս քմահաճ ճանապարհներից, որոնցով մենք գնում ենք:
Ֆրոյդը ծանրակշիռ հիմքեր ուներ երազատեսությամբ զբաղվելու: Իրոք, հիմա արդեն բացարձակապես անթույլատրելի է, որ մեր հոգեկան գործունեության այդ բավականին կարևոր կողմը, կարևոր թեկուզ այն պատճառով, որ մարդու ծննդից մինչև մահ միտքը չի ընդհատվում, նաև` որ ժամանակային տեսակետից երազատեսության պահերի ամբողջությունը (եթե անգամ դիտարկվի մաքուր ժամանակը) ամենևին պակաս չէ ռեալ կյանքի, այսպես ասենք` արթնության պահերի ամբողջությունից, դեռ այնքան քիչ ուշադրություն է գրավում: Ինձ միշտ զարմացրել է` ի՜նչ տարբեր դեր ու նշանակություն է հաղորդում իր հետ երազում և արթմնի տեղի ունեցած իրադարձություններին սովորական մարդը: Պատճառը հավանաբար այն է, որ արթնանալուց հետո առաջին պահին մարդը գերազանցապես իր հիշողության խաղալիքն է, իսկ սովորական վիճակում հիշողությունը մխիթարվում է` հազիվ վերականգնելով երազում տեղի ունեցածը, քունը զրկելով հանապազօրյա նշանակությունից և արձանագրելով միայն մի որոշիչ իրադրություն, որում, ինչպես թվում է մարդուն, նա մի քանի ժամ առաջ հրաժեշտ է տվել իր կարևորագույն հույսին, իր գլխավոր հույսին: Թվում է` խոսքն այն մասին է միայն, որ երկարաձգվի ինչ-որ էական բան: Այդպիսով, երազը, ինչպես գիշերը, կարծես փակագծերի մեջ է առնվում: Եվ կարող է խորհուրդներ տալ ոչ ավելի, քան գիշերը: Իրերի այսօրինակ դրությունն ինձ խորհրդածությունների է մղում:
1. Դատելով ըստ ամենայնի, երազն այն սահմաններում, որտեղ ընթանում է (ենթադրվում է, թե ընթանում է), անընդմեջ է և ներքնապես կարգավորված: Միայն հիշողությունն իրավունք ունի կրկնօրինակումներ անել` հաշվի չառնելով անցումները և միասնական քունը տրոհելով առանձին երազատեսությունների ամբողջության: Ճիշտ այդպես էլ իրականությունը յուրաքանչյուր տվյալ պահի մեր գիտակցության մեջ անդամատվում է առանձին պատկերների, որոնց միջև կոորդինացումը պատկանում է կամքի ոլորտին (հարկ է հաշվի առնել երազի բազմաշերտությունը: Սովորաբար ես հիշում եմ միայն այն, ինչ ինձ հաղորդում են նրա մակերեսային շերտերը: Բայց ամենից շատ ես երազների մեջ սիրում եմ այն, ինչ արթնանալիս կորչում է, այն, ինչ չի առնչվում նախորդ օրվա տպավորություններին` մութ թավուտներ, այլանդակ ճյուղեր: Ճիշտ այդպես էլ իրական կյանքում ես նախընտրում եմ ինքնասուզումը:): Բայց կարևոր է նշել, որ մենք ոչ մի հիմք չունենք ավելի մանրացնելու երազի բաղադրամասերը: Ցավալի է, որ այս ամենի մասին ստիպված ես խոսել բուն երազի էությանը սկզբունքորեն խորթ արտահայտություններով: Ե՞րբ է գալու տրամաբանների ե փիլիսոփա-երազատեսների ժամանակը: Ես կցանկանայի երկար լինել քնած վիճակում, որ վստահվեի մյուս քնածներին ճիշտ այնպես, ինչպես ես եմ վստահ ինձ արթմնի կարդացողներին, որպեսզի վերջ տայի իմ սեփական մտքի գիտակցական ռիթմերի տիրապետության տարերքին: Գուցե իմ այսօրվա երազն ընդամենը շարունակությունն է երեկվա երազի և գովելի ճշգրտությամբ պիտի շարունակվի վաղը: Դա միանգամայն հնարավոր է: Եվ քանի դեռ ոչ մի կերպ ապացուցված չէ, որ ինձ զբաղեցնող «իրականությունը» շարունակում է գոյություն ունենալ երազում, որ այն չի անհետանում մոռացության մեջ, ինչո՞ւ չենթադրել, որ երազատեսությունն էլ ունի մի հատկություն, ինչը, ավաղ, ես մերժում եմ իրականությանը, այն է` գոյության համոզվածությունը, որը որոշ պահերի ինձ անվիճելի է թվում: Ինչո՞ւ ես ավելի շատ չհավատամ երազներին, քան գիտակցությանը, որի մակարդակն ամեն օր կախվում է: Չէ՞ որ երկու դեպքում էլ հիմնախնդիրները նույնն են, և մի՞թե դրանք բուն երազում արդեն չեն պարունակվում: Արդյո՞ք երազն ավելի քիչ հետևանքներ ունի: Ես ծերանում եմ, և գուցե ինձ ծերացնում է ամենևին էլ ոչ թե իրականությունը, որի գերին եմ ինձ կարծում, այլ հենց երազը և իմ երազն անտեսելը:
2. Նորից անդրադառնամ արթմնի վիճակին: Ես ստիպված եմ այդ երևույթն ինտերֆերենցիա համարել: Հարցը միայն այն չէ, որ այս վիճակում գիտակցությունն ապակողմնորոշման տարօրինակ հակում է ցուցաբերում (խոսքը տարբեր սխալների և վրիպումների մասին է, որոնց գաղտնիքը սկսում է բացահայտվել), այլ այն, որ նույնիսկ նորմալ գործունեության ժամանակ գիտակցությունը ենթարկվում է այն հուշումներին, որոնք նրան հանում են գիշերվա խորքից և որոնք ես եմ նրան վստահում: Ինչքան էլ այն կայուն թվա, այդ կայունությունը միշտ հարաբերական է: Գիտակցությունը հազիվ համարձակվի ձայն հանել, իսկ եթե համարձակվի էլ, ապա միայն հաղորդելու, որ ինչ-որ գաղափար կամ ինչ-որ կին իր վրա տպավորություն է գործել: Հատկապես ի՞նչ տպավորություն` նա ի վիճակի չէ ասել` դրանով ցույց տալով միայն իր սուբյեկտիվության աստիճանը և ոչինչ ավելի: Այդ գաղափարը, այդ կինը հուզում են նրան, մեղմացնում նրա խստությունը: Մի ակնթարթ նրանք ասես բյուրեղացնում են գիտակցությունը (այդ նստվածքը, որը կարող է լինել և որը է գիտակցությունը) այն նստվածքից, որտեղ նա ստեղծված է: Պատճառը գտնելու համար պրկվելով` նա դիմում է պատահականությանը` աստվածություններից ամենամթինին, նրա վրա էլ դնում է իր բոլոր դեգերումների պատասխանատվությունը: Ո՞վ ինձ կհամոզի, որ այն տեսանկյունը, որով հայտնվում է գիտակցությունը հուզած գաղափարը կամ որևէ կնոջ աչքերի արտահայտությունը, որը նրան դուր է գալիս, հենց այն չէ, ինչը կապում է գիտակցությունն իր սեփական երազներին, իր իսկ մեղքով կորցրածներին: Իսկ եթե ամեն ինչ այլ կերպ լիներ, նրա առաջ թերևս անսահման հնարավորություններ բացվեին: Ես շատ եմ ուզում նրան տալ այդ դռան բանալին:
3. Քնած մարդու գիտակցությունը լիովին բավարարվում է երազում տեղի ունեցողով: «Իսկ դա հնարավո՞ր է» տանջալից հարցը չի ծառանում: Սպանի՛ր, թալանի՛ր` որքան ուզում ես, սիրի՛ր` ում ուզում ես: Իսկ եթե նույնիսկ մեռնես, ապա այն համոզմունքով, որ մեռյալների թագավորությունից հարություն ես առնելու: Տրվի՛ր հանգամանքների ընթացքին, նրանք թույլ չեն տա իրենց հակառակվել: Դու անուն չունես: Ամեն ինչ արվում է անհավանական թեթևությամբ:
Եվ ես հարցնում եմ` այդ ի՞նչ գիտակցություն է (անհամեմատ ավելի հարուստ, քան արթմնի մարդուկը), որը երազին հաղորդում է բնական ընթացք, ստիպում է միանգամայն հանգիստ ընդունել բազմաթիվ դրվագներ, որոնց անսովորությունը, անտարակույս, կցնցեր, եթե հանկարծ այս պահին տեղի ունենար: Մինչդեռ պետք է վստահել աչքերին, պետք է վստահել ականջներին, այդ հրաշալի օրը եկել է. կենդանին խոսե՜լ է:
Եթե մարդու արթնացումը շատ ավելի դժվարին է, եթե նա անխղճորեն երազում է կախարդանքը, նշանակում է, որ նրան հաջողվել է ներշնչել քավության խղճուկ պատկերացումը:
4. Հենց որ մենք երազը ենթարկենք համակարգված ուսումնասիրության և կարողանանք տարբեր միջոցներով հասկանալ այն իր ամբողջությունների հետ (իսկ դա ենթադրում է մի քանի սերունդների հիշողության ուսումնասիրություն, կար-գավորում, այդ պատճառով հեշտ է սկսել առավել ակնհայտ փաստերի արձանագրումից), քանի դեռ նրա զարգացման գիծը մեր առաջ կհառնի իր ողջ հետևողականությամբ և անհամեմատելի ամբողջությամբ, այնժամ կարելի է հույս ունենալ, որ բոլոր բազմազան գաղտնիքները, որ իրականում գաղտնիք էլ չեն, իրենց տեղը կզիջեն մի մե՜ծ Գաղտնիքի: Ես հավատում եմ, որ ապագայում երազը և իրականությունը` այդ երկու ակներևաբար տարբեր վիճակները, կմիատեղվեն մի բացարձակ իրականության մեջ` սյուրռեալիզմի, եթե կարելի է այդպես անվանել: Եվ ես կգնամ այն հայթայթելու` վստահ լինելով, որ չեմ հասնի նպատակիս, ի դեպ, ես քիչ եմ մտահոգված իմ մահվամբ, որ չզբաղվեմ այն բոլոր հրճվանքների հաշվարկով, որ ինձ հրամցնելու է նման նվաճումը:
Պատմում են, որ ամեն օր քնելուց առաջ Սեն-Պոլ Ռուն իր տան դռներին ցուցանակ էր փաակցնում, որի վրա գրված էր` ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԱՇԽԱՏՈՒՄ է:
Այդ առիթով դեռ շատ բան կարելի է ասել, սակայն ես հնթացս կուզեի շոշափել մի թեմա, որ ինքնին պահանջում է երկար խոսակցություն և շատ ավելի մեծ բծախնդրություն: Ես դեռ կանդրադառնամ այդ հարցին: Այս դեպքում մտադիր եմ վերջ տալ կախարդանքի նկատմամբ այն ատելությանը, որն ուղղակի զրնգում է որոշ մարդկանց մեջ, վերջ տալ կախարդանքը ծաղրուծանակելու նրանց ցանկությանը: Կարճ ասենք` կախարդանքը միշտ գեղեցիկ է, գեղեցիկ է ամեն կախարդական բան, գեղեցիկ է միայն այն, ինչ կախարդական է: Գրականության ոլորտում միայն կախարդականն է ի զորու արդյունավորել վեպի պես ստորին ժանրի ստեղծագոր-ծությունը և ավելի մեծ իմաստով` ցանկացած ստեղծագործություն, ուր այս կամ այն պատմությունն է շարադրված: Լյուիսի «Հոգևորականը» հիանալի ապացույց է: Կախարդանքի շունչն այն սկզբից մինչն վերջ կենդանացնում է: Դեռ շատ ավելի շուտ, քան հեղինակն ազատագրել էր իր գլխավոր հերոսին ժամանակի կապանքներից, մենք արդեն զգում ենք, որ նա ընդունակ է անսովոր արարքների: Նրան մշտապես հուզող հավերժության կարոտը բոլորիս ապրումներին անմոռանալի երանգներ է հաղորդում: Ես կարծում եմ, որ գիրքը սկզբից մինչև վերջ ամենաուղղակի կերպով գրգռում է մեր ոգու` այս երկիրը լքելու ձգտումները և որ, ազատագրված ամեն անկարևորից, որ կա ժամանակի հովերով կառուցված վիպական հանգույցում, գիրքն իրենից ներկայացնում է ճշգրտության և անպաճույճ վեհության օրինակ (ֆանտաստիկն էլ հիացնում է հենց նրանով, որ ֆանտաստիկայից բան չի մնում, կա միայն ռեալը): Ինձ թվում է` մինչև այժմ ավելի լավ ոչինչ չի ստեղծվել և մասնավորապես Մաթիլդան ամենահուզիչ կերպարն է, որ կարելի է գրանցել պատկերային գրականության ակտիվում: Այն նույնիսկ ոչ այնքան կերպար է, որքան անդադար գայթակղություն: Չէ՞ որ եթե կերպարը չի գայթակղում, անելիք չունի: Կերպարը գայթակղության ծայրահեղ աստիճանն է: «Անհնար ոչինչ չկա խիզախողի համար» արտահայտությունը «Հոգևորականում» գտել է իր համոզիչ մարմնավորումը: Ուրվականները տրամաբանական դեր են խաղում, քանզի քննադատական բանականությունն ամենևին չի փորձում հերքել դրանց գոյությունը: Հավասարապես լիովին արդարացվել է և Ամբրոզիոյի դատապարտումը, քանզի վերջին հաշվով քննա-դատական բանականությունն այն ընդունում է իբրև լիովին բանական հանգուցալուծում:
Կարող է կամայական թվալ, որ կախարդականի մասին խոսելիս ես առաջարկում եմ հենց այս օրինակը, որին բազմիցս դիմել են ինչպես հյուսիսային, այնպես էլ արևելյան գրականությունները` չխոսելով արդեն բոլոր երկրների կրոնական գրականությունների մասին: Հարցն այն է, որ այդ գրականությունների տրամադրած օրինակների մեծամասնությունը հագեցած է մանկական պարզամտությամբ՝ այն պարզ պատճռով, որ ուղղված է մանուկներին: Վաղ հասակից երեխաները կտրված են կախարդանքից, իսկ ավելի ուշ նրանց չի հաջողվում բավականաչափ հոգեկան անմեղություն պահպանել, որպեսզի բացառիկ հաճույք ստանան «Ավանակի կաշվից»: Ինչքան էլ գողտրիկ լինեն կախարդական հեքիաթները, մարդն անվայել է համարում դրանցով տարվելը: Ես ընդունուեմ, որ ամենևին էլ ոչ բոլորն են համապատասխանում նրա տարիքին: Տարիների հետ հիացական մտահղացումների կտավն ավելի ու ավելի բարակում է, իսկ մենք դեռ սպասում ենք այնպիսի սարդերի, որ նման սարդոստայն հյուսեն… Սակայն մեր ընդունակությունները երբեք արմատապես չեն փոխվում: Վախը, ամեն արտառոցի ձգողական ուժը, տարբեր պատահականությունները, չափազանցի հակումը այնպիսի ուժեր են, որոնց դիմելը երբեք անտեղի չէ: Անհրաժեշտ է հեքիաթներ գրել մեծերի համար, համարյա ֆանտաստիկ պատմություններ:
Կախարդականի պատկերացումները դարաշրջանից դարաշրջան փոխվում են. ինչ-որ անորոշ ձևով այն հայտնաբերում է իր մասնակցությունը տվյալ դարի ընդհանուր հայտնագործություններին, որոնցից մեզ հասնում է միայն մի դրվագ, այդպիսին են ռոմանտիզմի ժամանակների ավերակները, այդպիսին է ժամանակակից մանեկենը կամ ցանկացած այլ խորհրդանիշ, որն ի վիճակի է հուզել մարդուն այս կամ այն դարաշրջանում: Սակայն ժամանակի երբեմն ժպիտ հարուցող այս առարկաների մեջ անփոփոխ դրսևորվում է մարդկային անհոգ անհանգստությունը, դրա համար էլ ես դրանց ուշադրություն եմ դարձնում, այդ պատճառով էլ կարծում եմ, որ դրանք անբաժանելի են որոշ հանճարեղ ստեղծագործություններից, ավելի, քան ուրիշները, կրում են տագնապի և ցավի կնիքը: Այդպիսին են Վիյոնի կախաղանները, Ռասինի հույն հերոսուհիները, Բոդլերի բազմոցները: Դրանք համընկնում են ճաշակի անկման շրջաններին, անկում, որ ես, ճաշակի` իբրև մեծագույն թերության մասին պատկերացում կազմող մարդս, պետք է լիովին ըմբռնեմ: Ավելի, քան որևէ մեկը, ես պետք է խորացնեմ իմ դարաշրջանի փչացած ճաշակը: Եթե ես ապրեի 1820 թ., հատկապես ինձ կպատկաներ «Արյունոտ տիրակալուհին», հատկապես ես անընդհատ կկրկնեի շինծու և անհեթեթ «Կրճատե՜նք» կոչը, որի մասին են Կյուիզենի պարոդիաները, հատկապես ես կչափեի հոգեկան, ինչպես նա է նշում, այլաբանություններով «Արծաթե շրջանակի» բոլոր աստիճանները: Իսկ այսօր ես պատկերացնում եմ որևէ ամրոց, որի կեսն ամենևին էլ պարտադիր չէ, որ ավերակներ լինեն, այդ ամրոցն ինձ է պատկանում, այն Փարիզից հեռու չէ: Իմ ամրոցը շրջապատված է բազմաթիվ օժանդակ կառույցներով ու շինություններով, իսկ ներքին հարդարման մասին խոսելու հարկ էլ չկա` այն անգթորեն նորացված է այնպես, որ հարմարավետության տեսակետից ավելի լավը չես էլ հնարի: Ծառերի ստվերներում, դարպասների տակ կանգնած են մեր մեքենաները: Այստեղ հիմնավորապես հաստատվել են իմ բարեկամներից շատերը, ահա ինչ-որ տեղ է շտապում Լուի Արագոնը, նա ճիշտ այնքան ժամանակ ունի, որ հասցնի ինձ ձեռքով ողջունել, Ֆիլիպ Սուպոն աստղերի հետ է արթնանում, իսկ Պոլ Էլյուարը, մեր հռչակավոր Էլյուարը դեռ չի վերադարձել: Ահա և Ռոբեր Դեսնոսն ու Ռոժե Վիտրակը, պուրակում ճեմելով` նրանք խորասուզված են մենամարտի մասին հինավուրց հրամանագրի մեկնության մեջ, ապա Ժորժ Օրիկը և Ժան Պոլանը, ահա Մաքս Մորիզը, նա շատ լավ թիավարում է, ահա Բենջամեն Փերին իր թռչնային հավասարումներով, և Ժորժ Դելտեյը, և Ժան Կարրիվը, և Ժորժ Լիմբուրը, և Ժորժ Լիմբուրը (Ժորժ Լիմբուրները կանգնած են ինչպես զորաշարքում), և Մարսել Նոլը, իսկ ահա իր ձեռնասուն աերոստատից մեզ գլխով է անում Ֆրենկելը, ապա Ժորժ Մալկինը, Անտոնեն Արտոն, Ֆրանսիս Ժերարը, Պիեր Նավիլը, Բուաֆֆարը, իսկ նրանց հետևից Ժակ Բարոնն իր եղբոր հետ, այնքան գեղեցիկ և սիրալիր, և դեռ շատերը, և նրանց հետ, երդվում եմ ձեզ, հմայի՜չ կանայք: Մի՞թե դուք ուզում եք, որ իմ երիտասարդներն իրենց ինչ-որ բանից զրկեն, նրանց փոքրագույն ցանկություններն իսկ օրենք են դառնում: Մեզ այցելում է Ֆրանսիս Պիկաբիան, իսկ անցած շաբաթ հայելապատ սրահում մենք հյուրընկալեցինք Մարսել Դյուշանին, ում դեռ անծանոթ էինք: Ինչ-որ տեղ` մոտակայքում որսորդություն է անում Պիկասոն: Բարոյական ազատության ոգին իր բնակատեղին է դարձրել մեր ամրոցը, հենց նրա հետ մենք ամեն անգամ գործ ունենք, երբ մեզ նմանների հետ հարաբերության հարցն է ծագում, ասենք, մեր դռները մշտապես լայնորեն բացված են, և մենք երբեք չենք սկսում «շնորհակալություն և ցտեսություն» խոսքերով: Ի դեպ, այստեղ մեծ տարածք կա մենակության համար, չէ որ մենք հաճախ չենք հանդիպում: Արդյո՞ք այն չէ էականը, որ մենք մեր, մեր կանանց, մեր սիրո տիրակալներն ենք մնում:
Ինձ կմեղադրեն բանաստեղծական կեղծարարության մեջ. առաջին պատահած անցորդը կասի, որ ես ապրում եմ Ֆոնտեն փողոցում և այդ աղբյուրն իր ճաշակով չէ (բառախաղ է, Ֆոնտեն (ֆրանսերեն` fontaine) նշանակում է աղբյուր:): Սատանան տանի: Այդքան վստա՞հ է նա, որ այն ամրոցը, ուր բարեհոգաբար իրեն հրավիրում էի, ավելին չէ, քան բանաստեղծական պատկերը: Իսկ եթե այդ պալատն իրականում գոյություն ունի՞: Իմ հյուրերը այդ կարող եՆ վկայել, նրանց քմահաճույքն այն լուսազարդ ճանապարհն է, որ բերում է դեպի պմրոց: Եվ երբ մենք այնտեղ ենք, մենք ապրում ենք ինչպես ուզում ենք: Ինչպե՞ս մեկի արարքները պիտի կաշկանդեն մնացածներին: Չէ՞ որ այնտեղ պաշտպանված ենք սենտիմենտալ հետամտու-թյուններից և հանդիպում ենք նշանակում միայն պատահականությանը:
Մարդը որոշում է և իրագործում: Միայն նրանից է կախված` կպատկանի՞ նա ամբողջությամբ ինքն իրեն, այլ խոսքով` կկարողանա՞ աջակցել անիշխանության ոգուն, իր ցանկությունների օրեցօր վտանգավոր դարձող ավազակախմբին: Պոեզիան հենց այդ է ուսուցանում և լիովին պարգևատրում է բոլոր դժվարությունների դիմաց, որոնց մենք ենթակա ենք: Այն կարող է և կառավարիչ դառնալ, նրան պետք է ողբերգականորեն ընկալել միայն ավելի ինտիմ հիասթափություն ապրելուց հետո: Ժամանակ կգա, երբ նա փողերի վերջը կազդարարի և կսկսի միանձնյա ընծայել հողեղեններին երկնային հացը: Դեռ մարդկանց ամբոխներ են հավաքվելու քաղաքային հրապարակներում, դեռ առաջանալու են այնպիսի շարժումներ, որոնց մասնակցել դուք չէիք էլ ենթադրում: Մնաք բարո՜վ, անհեթեթ նախընտրություններ, կործանարար երազներ, մրցակցություն, համբերություն, ժամանակների փախչող հաջորդականություն, մտքերի արհեստական կապ, մնաս բարո՜վ, ամեն կարգի առարկաների ժամանակ: Բավական է միայն ստանձնել պոեզիայով զբաղվելու աշխատանքը: Եվ մի՞թե պարտավոր չենք մենք, արդեն նրանով ապրողներս, նպաս-տել այն բանի հաղթանակին, ինչը համարում ենք մեր գիտելիքի առավել լրիվ մարմնավորումը:
Էական չէ, թե գոյություն ունի ինչ-որ անհամաչափություն այդ պաշտպանության և փառաբանության միջև: Խոսքն այն մասին է, որ հասնենք բանաստեղծական երևակայության բուն ակունքներին և ավելին` մնա՜նք այնտեղ: Չեմ պնդի, թե ինձ այդ հաջողվել է: Չափազանց մեծ պատասխանատվություն պետք է ստանձնել, երբ ուզում ես հիմնավորվել այդ խուլ վայրերում, ուր առաջին հայացքից ամեն ինչ այնքան հարմարավետ է, իսկ հատկապես` եթե ձգտում ես այնտեղ հրապուրել և ուրիշներին: Ընդ որում, երբեք չես կարող վստահ լինել, որ քեզ հաջողվել է հասնել այդ երկրամասի բուն խորքերը: Չէ՞ որ այն, որ կարող ենք ինքներս մեզնից հիսաթափվել, միշտ առկա է ոչ այնտեղ, ուր պետք է: Եվ միշտ կա կանգ առնելու վտանգը: Այնուամենայնիվ, գոյություն ունի այդ երկրի ճանապարհը ցույց տվող սլաք, իսկ բուն նպատակին հասնելը կախված է միայն ճանապարհորդի դիմացկունությունից:
Մեր անցած ճանապարհը մոտավորապես հայտնի է: Ռոբեր Դեսնոսի մասին «Մեդիումների հայտնությունը» ակնարկում ես ձգտել եմ բացահայտել, որ վերջ ի վերջո հասել եմ այն բանին, որ «ուշադրությունը բևեռվի առավել կամ պակաս հատվածային այն արտահայտություններին, որոնք երազի մոտենալիս բացարձակ միայնության վիճակում շոշափելի են դառնում գիտակցության համար, թեև անհնար է բացահայտել դրանց նշանակությունը»: Դրանից քիչ առաջ ես վճռեցի փորձել բանաստեղծական ճակատագիրը հնարավորությունների նվազագույնով, դա նշանակում է, որ ես ունեցել եմ այն նույն մտադրությունները, ինչը և հիմա, սակայն այդ ընթացքում վստահել եմ դանդաղ աճի գործընթացին, որպեսզի խուսափեմ անօգուտ շփումներից, որոնք խիստ դատապարտում եմ: Դրանում մտքի ինչ-որ առաքինություն կար, և դրանից ինչ-որ բան դեռ կենդանի է իմ մեջ: Կյանքիս վերջում ես կսովորեմ, անշուշտ ոչ առանց դժվարության, խոսել այնպես, ինչպես խոսում են մյուս մարդիկ, կկարողանամ արդարացնել իմ սեփական ձայնը և չնչին մասն իմ արարքների: Յուրաքանչյուր բառի արժանիքը (առավել ևս գրված), ինձ թվում էր, կախված է բանաստեղծական կամ ցանկացած այլ փաստերի, որոնք ես իբրև հիմք էի ընդունում, շարադրանքը ապշեցուցիչ կերպով խտացնելու ընդունակությունից: Ինձ թվում էր, որ հենց այդպես է վարվել Ռեմբոն: Բազմազանությամբ մտահոգված, որ առավել լավ կիրառության էր արժանի, ես գրեցի «Բարեպաշտության լեռներ» շարքի վերջին բանաստեղծությունը, այլ խոսքով` ինձ հաջողվեց այդ գրքի բաց թողնված տողերից ստանալ անսպասելի արդյունք: Այդ տողերը նման էին փակ աչքի, որ թաքցնում էին մտքի այն մեքենայությունները, որ ես անհրաժեշտ էի գտնում ընթերցողից գաղտնի պահել: Իմ կողմից դա խարդախություն չէր, բայց ապրեցնելու ձգտում կար: Ես ինչ-որ հնարավոր մասնակցության պատրանք էի ապրում, առանց որի ավելի ու ավելի դժվար էր: Ես սկսեցի առանց որևէ չափի փաղաքշել բառերը հանուն այն տարածության, որով նրանք շրջապատում են իրենց, որպեսզի սահմանակցեն անթիվ այլ բառերի, որոնք ես չէի արտաբերել: «Սև անտառ» բա-նաստեղծությունը վկայում է հոգու հենց այդ վիճակը: Ես կես տարի վատնեցի և, հավատացեք, այդ ընթացքում ոչ մի րոպե չեմ հանգստացել: Սակայն այդ ժամանակ խոսքը իմ ինքնասիրության մասին էր, և դա, ինչպես ինքներդ եք հասկանում, լիովին բավական էր: Ես սիրում եմ ահա այսպիսի տխմար խոստովանություններ: Այդ այն ժամանակներն էին, երբ ինքնահաստատման էր ձգտում կուբիստական կեղծ պոեզիան, սակայն Պիկասոյի գլխից այն դուրս էր եկել բոլորովին անզեն, իսկ ինչ անձամբ ինձ է վերաբերում, ես այնքան ձանձրալի էի համարվում, որքան անձրևը (ես հիմա էլ եմ այդպիսին համարվում): Ընդ որում, ես կասկածում էի, որ բանաստեղծա-կան առումով սխալ ճանապարհի վրա եմ, թեև ձգտում էի, ինչպես կարող էի, կեցվածքս պահպանել` տարբեր բնորոշումների ու դեղագրերի շնորհիվ մարտահրավեր նետելով քնարականությանը (Դադայի ֆենոմենները ոչ հեռու ապագայում դեռ պիտի ծագեին) և ցույց տալով, իբր ուզում եմ պոեզիան գովազդում կիրառել (ես պնդում եմ, որ աշխարհը կկործանվի ոչ թե հրաշալի գրքով, այլ երկնքի և դժոխքի համար հրաշալի գովազդով):
Այդ ժամանակ Պիեր Ռիվերդին, առնվազն ինձ նման ձանձրալի մի մարդ, գրում էր.
«Կերպարը գիտակցության մաքուր հնարանքն է:
Այն կարող է ծնվել ոչ թե համեմատությունից, այլ միայն երկու միմյանցից ավելի կամ պակաս հեռու իրականությունների մերձեցումից:
Իրար մերձեցող իրականությունների փոխհարաբերությունները որքան ճշմարիտ և հեռացված լինեն, այնքան հզոր կլինի կերպարը, այնքան մեծ նրա հուզական ուժը և բանաստեղծական իրականությունը և այլն (մեջբերում է Ռիվերդիի «Կերպար» էսսեից (Նոր-Սյուդ, 13 մարտի, 1918, ֆրանսերեն))»:
Այս բառերը, թեև առեղծվածային` անգետների համար, իրականում հենց երևույթի բուն բացահայտումն էին, և ես երկար մտածում էի այս մասին: Սակայն բուն կերպարն ինձ չէր տրվում: Ռիվերդիի գեղագիտությունը, ամբողջությամբ լինելով a posteriori (լատիներեն — հետադարձ թվով), ինձ ստիպում էր հետևանքներն իբրև պատճառներ ընդունել: Շուտով ես լիովին հրաժարվեցի այդ տեսակետից:
Եվ այսպես, մի անգամ երեկոյան, քնելուց առաջ, ես լսեցի այնքան հստակ արտաբերված մի արտահայտություն, որ ոչ մի բառ հնարավոր չէր փոխել, սակայն արտաբերված առանց որևէ ձայնի, բավականին տարօրինակ մի արտահայտություն, որ իմ ականջին հասավ, բայց չէր կրում ոչ մի հետք այն իրադարձություններից, որոնց, իմ գիտակցության վկայությամբ, ես այդ պահին մասնակցում էի, արտահայտություն, որը, ինչպես թվում էր, համառորեն ինձ էր ուղղված, արտահայտություն, որ, համարձակվում եմ պնդել, թակում էր իմ պատուհանը: Ես այն արագ գրառեցի և պատրաստվում էի արդեն մոռանալ, երբ ինձ տեղում մեխեց նրա ինքնատիպությունը: Ճիշտն ասած, այդ արտահայտությունն ինձ զարմացրեց, ցավոք, հիմա արդեն ճշգրիտ չեմ հիշում, բայց համարյա հետևյալն էր. «Ահա լուսամուտով կիսված մարդը»: Արտահայտությունը երկիմաստության տեղ չէր թողնում, քանի որ ուղեկցվում էր երերուն քայլող մարդու տեսանելի կերպարով, որի մարմինը գոտկատեղից լուսամուտով կիսված էր նրա մարմնի առանցքին ուղղահայաց: (Եթե ես նկարիչ լինեի, ապա այդ տեսողական պատկերը, անտարակույս, առաջնային կլիներ իմ երնակայության մեջ նախ իբրև տեսողական, ապա` լսողական: Պարզ է, որ որոշիչ դեր խաղացին իմ անձնական ներքին պատկերացումները: Այդ օրվանից հետո մի անգամ չէ, որ գիտակցաբար կենտրոնացրել եմ ուշադրությունս նման պատրանքների վրա, և հիմա գիտեմ, որ իրենց հստակությամբ դրանք չեն զիջում լսողական ֆենոմեններին: Եթե ես մատիտ և մաքուր թուղթ ունենայի, առանց դժվարության կուրվանկարեի: Այս դեպքում խոսքը ոչ թե նկարչության, այլ ընդամենը արտանկարելու մասին է: Նույն հաջողությամբ կարող էի պատկերել ծառ, ալիք, որևէ երաժշտական գործիք, ցանկացած իր, որն այս պահին ի վիճակի չեմ ուրվանկարել նույնիսկ ամենապարզունակ ձևով: Վերջ ի վերջո ելքը գտնելու լիակատար համոզվածությամբ ես կխորասուզվեի գծերի լաբիրինթոսը, որոնք սկզբում ինձ թվում էին կատարելապես անօգուտ: Եվ, բացելով աչքերս, ես կապրեի «առաջին անգամ տեսածի» ուժեղ տպա-վորությունը: Ասվածի ապացույցը կարող են լինել Ռոբեր Դեսնոսի բազմաթիվ փորձերը, համոզվելու համար բավական է թերթել «Ֆեյ լիբր» ամսագրի 36-րդ համարը, ուր նրա շատ նկարներ են տպագրված («Ռոմեո և Ջուլիետ», «Այսօր առավոտյան մարդ է մահացել» և այլն), որ ամսագիրն ընդունել է իբրե խելագարի նկարներ և հրապարակել է իբրն այդպիսիք): Կասկածի տեղիք չէր տալիս, որ խոսքն այս դեպքում պատուհանից կախված մարդուն ուղղահայաց դիրք հաղորդելու մասին էր: Բայց քանի որ լուսամուտի դիրքը փոխվել էր մարդու դրության փոփոխության հետ, ես հասկացա, որ գործ ունեմ բավականաչափ հազվագյուտ մի պատկերի հետ, և տեղնուտեղը որոշեցի այն ներգրավել բանաստեղծական միջոցների իմ զինանոցում: Հենց որ ես նրան վստահեցի, հետևեց բառակապակցությունների անընդմեջ հոսք, այդ բառերն ինձ թվացին ոչ պակաս արտառոց և կամայական այնքան, որ ինձ վրա իմ ունեցած ներքին իշխանությունը թվաց պատրանքային, և ես սկսեցի մտածել այն մասին, որ իմ մեջ ծավալվող վիճաբանությանը վերջ տալու ժամանակն է (Քնյութ Համսունը սովի հասկացությունից կախման մեջ է դնում ինձ լուսավորած հայտնագործությունը, և գուցե այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից: (Փաստն այն է, որ այդ ժամանակներում ես ամբողջ օրերով ոչինչ չէի ուտում): Բոլոր դեպքերում նույն ախտանիշների մասին նա այսպես է գրում. «Առավոտյան ես վաղ արթնացա: Երբ բացեցի աչքերս, դեռ բոլորովին մութ էր` և միայն որոշ ժամանակ անց լսեցի` ինչպես ներքևում հինգը խփեց: Ես ցանկանում էի նորից քնել, բայց քունս չէր տանում, և անգամ ննջել չէի կարողանում, հարյուրավոր մտքեր էին ներխուժում գլուխս:
Հանկարծ մտքովս մի քանի լավ արտահայտություններ անցան, որ հարմար էին ակնարկի կամ ֆելիետոնի համար` հիանալի բառային գյուտեր, որ դեռ երբեք ինձ չէին հաջողվել: Ես պառկած եմ, կրկնում եմ այդ բառերը, և նրանք ինձ հիանալի են թվում: Շուտով հետևում են ուրիշները, ես հանկարծ լրիվ արթնանում եմ, վեր եմ կենում, սեղանից, որ մահճակալիս կողքին է, վերցնում եմ թուղթ ու գրիչ: Կարծես իմ մեջ աղբյուր էր բացվել. մի բառն իր հետևից բերում էր հաջորդին, նրանք կապակցված տրվում են թղթին, ծնվում է սյուժեն, իրար են հաջորդում դրվագները, գլխումս թափառում են ռեպլիկներ, իրադարձություններ, ես ինձ լիովին երջանիկ եմ զգում: Էջ էջի հետնից խելագարի նման գրում եմ առանց մատիտը թղթից կտրելու: Մտքերն այնքան արագ են գալիս, այնպիսի շռայլությամբ են թափվում վրաս, որ ես բաց եմ թողնում մանրամասները, որոնք չեմ հասցնում գրառել, թեև ջանում եմ ամբողջ ուժով: Ես լցված եմ պռնկեպռունկ, և գրածս յուրաքանչյուր բառը ինքն իրեն է ծնվում» (հատված «Սով» պատմվածքից, 1890 թ.):
Ապոլիները հաստատում էր, որ Կիրիկոյի առաջին կտավները ներքին խանգարումների ազդեցությամբ են ստեղծվել (միգրեն, ծակոցներ).
Առաջվա պես հրապուրված լինելով Ֆրոյդով և յուրացնելով նրա ուսումնասիրության մեթոդները, քանի որ պատերազմի ժամանակ ինձ վիճակվել էր դրանք կիրառել հիվանդներին բուժելիս, ես վճռեցի ինձնից ստանալ այն, ինչ ձգտում են նրանից ստանալ, այն է` հնարավորին չափ արագ մենախոսություն, որի մասին սուբյեկտիվ քննադատական գիտակցությունը չի խոստանում ոչ մի դատողություն անել և որը, հետևաբար, ոչ մի չասվածքներով նեղված չէ, լինելով, որքան այդ հնարավոր է, մտքով արտաբերված: Ինձ թվում էր և հիմա էլ է այդպես թվում (այդ հաստատում է այն միջոցը, որը էր կտրված մարդու մասին արտահայտությունը), որ մտքի արագությունն ամենևին չի գերազանցում խոսքի արագությանը և այն պարտադիր անմատչելի չէ խոսքի ակտին կամ գրչին: Հենց այս տրամաբանությամբ մենք` Ֆիլիպ Սուպոյի հետ, ում ես պատմեցի իմ առաջին փորձերի մասին, սկսեցինք թուղթ փչացնել, լիովին անտարբեր, թե այդ ամենից ինչ կստացվի: Սևացածը լրացրեց կատարման թեթևությունը: Առաջին օրվա երեկոյան մենք արդեն միմյանց կարող էինք կարդալ նշված միջոցով գրված համարյա հիսուն էջ` համեմատելով արդյունքները: Ամբողջությամբ վերցրած` ինչպես Սուպոյի, այնպես էլ իմ գրածներն ունեին ակնհայտ նմանություն, նույն կառուցվածքային թերությունները, նույն վրիպումները, ընդ որում երկուսիս մոտ էլ անհավանական ոգևորության տպավորություն կար, խոր հուզվածություն, այնքան բարձրորակ պատկերների առատություն, որոնց նման ոչ մեկը մենք չէինք կարող ստանալ նույնիսկ երկար ու համառ աշխատանքի արդյունքում, բացառապես առանձնահատուկ գեղանկարչություն, այս ու այնտեղ ցնցող երգիծանք: Մեր տեքստերի տարբերությունները բխում էին, ինչպես ինձ թվաց, մեր խառնվածքների տարբերությունից (Սուպոն ավելի շարժուն է, քան ես), նաև նրանից, թող նա ների ինձ այս թեթև դիտողությունը, որ Սուպոն սխալ թույլ տվեց` մի քանի էջերի վերևում գրելով (անտարակույս, միստիֆիկացիաների հակվածությունից) մի քանի բառ իբրև վերնագիր: Մյուս կողմից ես պարտավոր եմ նրան արժանին մատուցել այն առումով, որ նա միշտ անդրդվելիորեն հակադրվում էր ցանկացած փոփոխության, ինձ անհաջող թվացող այս կամ այն հատվածի ուղղման: Դրանում նա, անկասկած, ճիշտ էր: (Ես ավելի ու ավելի եմ հավատում իմ առնչությամբ իմ մտքի անմեղությանը, և դա բացարձակ ճշմարտություն է: Սակայն միտքը գրառելու ընթացքում, երբ դու կարող ես ցանկացած արտաքին ներգործությամբ տարվել, կարող են «պղպջակներ» առաջանալ: Այդ թաքցնելն աններելի է: Միտքը հզոր է և ի վիճակի չէ ինքն իրեն բացահայտել: Ահա թե ինչու նրա ակնհայտ թուլությունները պետք է վերագրել արտաքին հանգամանքներին): Իրոք, շատ դժվար է ըստ արժանվույն գնահատել այդ ճանապարհով ստացված տարբեր տարրերը, նույնիսկ կարելի է ասել, որ առաջին ընթերցման ժամանակ ընդհանրապես անհնար էր դրանք գնահատել: Ընդ որում, գրողի համար այդ տարրերը, ըստ ամենայնի, նույնչափ խորթ են, ինչպես և մյուսների համար, և դուք, բնականաբար, զգուշավորությամբ կվերաբերվեք դրան: Բանաստեղծական առումով դրանց հատկապես բնորոշ է անմիջական անհեթեթության ծայրահեղ աստիճանը, ընդ որում խորին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ անհեթեթությունը հատկապես դրսևորվում է նրանում, որ իր տեղը զիջում է աշխարհում ամենաընդունելի, ամենաօրինական երևույթներին, այն բացահայտում է փաստերի և առանձնահատկությունների, որոնք ընդհանրապես ցանկացած այլ երևույթներից պակաս օբյեկտիվ չեն, որոշակի թիվ:
Իբրև հարգանքի տուրք վերջերս մահացած Գիյոմ Ապոլիներին, որը, ինչպես ինձ թվում է, բազմիցս ենթարկվել է նման հրապուրանքի, այդ ընթացքում, սակայն, չհրաժարվելով սովորական գրական հնարքներից, մենք Սուպոյի հետ մաքուր արտահայտչականության նոր միջոցը, որը մեր տրամադրության տակ հայտնվեց և որը մենք անհամբեր էինք մեր բարեկամներին ներկայացնելու, անվանեցինք սյուրռեալիզմ: Ես կարծում եմ, որ մենք չպետք է հրաժարվենք այս անվանումից, քանի որ այն նշանակությունը, որ մենք ենք ներմուծել, հիմնականում դուրս է մղել ապոլիներյան նշանակությունը: Անտարակույս, ավելի շատ հիմք ունեինք օգտագործել սուպերնատուրալիզմը, որն օգտագործել էր Ժերար դե Ներվալը «Կրակի դուստրերին» իր ընծայականում (ինչպես նաև Թոմաս Կարլայլը իր «Partor Resartus» (8-րդ գլուխ: Բնական սուպերնատուրալիզմ) 1833-1834 թթ.): Իրոք, Ժերար դե Ներվալը, ինչպես երևում է, բարձրագույն աստիճանում էր իշխում ոգուն, որին մենք հետևում ենք, մինչդեռ Ապոլիներն իշխում էր միայն մեկ` դեռ անկատար, տառին և ի վիճակի չէր սյուրռեալիզմի տեսական հիմնավորումը տալ, որն այնքան կարևոր է մեզ համար: Ահա Ներվալից մի քանի արտահայտություններ, որոնք այս իմաստով ինձ համար չափազանց նշանակալից են. «Ես ուզում եմ բացատրել Ձեզ, թանկագին Դյումա, այն երևույթը, որի մասին մենք առաջներում խոսել ենք: Ինչպես Դուք գիտեք, գոյություն ունեն պատմողներ, որոնք չեն կարող ստեղծագործել` իրենց չնույնացնելով սեփական երևակայության ծնունդ հերոսների հետ: Ձեզ հայտնի է` ինչ համոզվածությամբ էր մեր հին բարեկամ Նոդիեն պատմում այն մասին, թե ինչպես դժբախտություն է ունեցել Հեղափոխության ժամանակ գլխատվելու, և նա այնպես էր համոզում իր ունկնդիրներին, որ վերջիններս միայն տարակուսում էին, թե ինչ հնարքով է նրան հաջողվել գլուխը նորից իր տեղն ամրացնել:
… Եվ քանի որ Դուք անզգուշություն եք ունեցել մեջբերել սոնետներից մեկը, որ գրվել է սուպերնատուրալ երազի վիճակում, ինչպես գերմանացիները կասեին, Դուք պիտի ծանոթանաք բոլորի հետ: Հավատացնում եմ` Հեգելի մետաֆիզիկայից կամ Սվեդենբորգի «Մեմորաբիլներից» անհասկանալի չեն: Դրանք բացատրելիս հնարավոր է, անշուշտ, կզրկվեն գրավչությունից, թեև, այնուհանդերձ, գնահատեք թեկուզ իմ կատարման արժանավորությունը (նաև համեմատեք Սեն-Պոլ Ռուի իդեոռեալիզմի հետ):
Միայն չարամտությունից կարելի է վիճարկել սյուրռեալիզմ բառի գործածության մեր իրավունքն այն իմաստով, ինչ մենք հասկանում ենք, քանզի պարզ է, որ մինչև մեզ այն հաջողություն չի ունեցել: Եվ այսպես ես բնորոշում եմ այն մեկ և ընդմիշտ.
Սյուրռեալիզմ — Զուտ հոգեկան ավտոմատիզմ, որը նպատակ ունի գրավոր կամ բանավոր կամ որևէ այլ միջոցով արտահայտել մտքի ռեալ գործառնությունը: Մտքի թելադրանք` առանց գիտակցության որևէ վերահսկման, անկախ գեղագիտական կամ բարոյական որևէ ըմբռնումից:
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԱՅԻՆ փիլիսոփայական տերմին. ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԸ հիմնվում է որոշակի զուգորդական ձևերի բարձրագույն իրականության նկատմամբ հավատի վրա, որոնք մինչ այդ անտեսված էին, անուրջների ամենակարողության և մտքի անշահախնդիր խաղի նկատմամբ հավատի վրա: Այն ձգտում է անվերադարձ կործանել հոգեկան մյուս բոլոր մեխանիզմները և գրավել դրանց տեղը կյանքի գլխավոր հիմնախնդիրները լուծելիս: Բացարձակ սյուրռեալիզմի ակտեր են իրագործել պարոնայք Արագոնը, Բրետոնը, Բուաֆֆարը, Վիտրակը, Դեսնոսը, Ժերարը, Կարրիվը, Կրևելը, Լիմբուրը, Մալկինը, Մորիզը, Նավիլը, Նոլլը, Փերեն, Պիկոնը, Սուպոն, Էլյուարը:
Առայժմ կարելի է անվանել միայն նրանց, և դա կասկածի տեղիք չէր տա, եթե չլիներ Իզիդոր Դյուկասի գրավիչ օրինակը, նրա վերաբերյալ ես այլ տեղեկություններ, ցավոք, չունեմ: Անտարակույս, շատ բանաստեղծներ (եթե նրանց արդյունքներին մակերեսորեն վերաբերվենք), սկսած Դանտեից և Շեքսպիրից (իր լավագույն ժամանակներում), կարող էին սյուրռեալիստներ համարվել: Այն, ինչ մեր վստահությունը չարաշահելով, ընդունված էր հանճար անվանել, բազմիցս փորձելով ամփոփել. ես չգտա ոչինչ, որն ի վերջո անհնար լիներ շաղկապել այս գործընթացին:
Յունգի ԳԻՇԵՐՆԵՐԸ սյուրռեալիստական են սկզբից մինչև վերջ, դժբախտաբար, այնտեղ հնչում է հոգևորականի ձայնը, իհարկե, վատ, հոգևորականի, բայց, այնուամենայնիվ, հոգևորականի:
Սվիֆտը սյուրռեալիստ է խայթողականության մեջ:
Սադը սյուրռեալիստ է տարաշխարհիկության մեջ:
Շատոբրիանը սյուրռեալիստ է քաղաքականության մեջ:
Հյուգոն սյուրռեալիստ է, երբ խելքը գլխին է:
Դեբորդ-Վալմորը սյուրռեալիստ է սիրո մեջ:
Բերտրանը սյուրռեալիստ է անցյալը պատկերելիս:
Ռաբբը սյուրռեալիստ է մահվան մեջ:
Պոն սյուրռեալիստ է գրավչության մեջ:
Բոդլերը սյուրռեալիստ է բարոյականության մեջ:
Ռեմբոն սյուրռեալիստ է գործնական կյանքում և շատ այլ բաներում:
Մալարմեն գաղտնի սյուրռեալիստ է:
Ժարրին սյուրռեալիստ է աբսենտի մեջ:
Նավոն սյուրռեալիստ է համբույրի մեջ:
Սեն-Պոլ Ռուն սյուրռեալիստ է խորհրդանիշների մեջ:
Ֆարգը սյուրռեալիստ է միջավայրի ստեղծմամբ:
Վաշեն սյուրռեալիստ է իմ մեջ:
Ռիվերդին սյուրռեալիստ է իր տանը:
Սեն Ժոն Պերսը սյուրռեալիստ է տարածության վրա:
Ռասելը սյուրռեալիստ է սյուժեներ հնարելու մեջ:
Եվ այլք, և այլն…
Ես ընդգծում եմ, որ ամենևին էլ ամեն ինչով նրանք սյուրռեալիստներ չեն այն իմաստով, որ նրանցից յուրաքանչյուրն ունի որոշակի թվով կանխամտածված գաղափարներ, որոնց ենթակա է ամենապարզունակ ձևով: Նրանք ենթակա են այդ գաղափարներին, որովհետև չեն լսել սյուրռեալիզմի ձայնը, որ հնչում է և մահվան նախօրեին, և աղետների ժամանակ, որովհետև նրանք չցանկացան ծառայել միայն հրաշալի պարտիտուրայի գործիքավորմանը: Նրանք եղան հպարտ գործիքներ, ահա ինչու` նրանց հնչողությունը ոչ միշտ է ներդաշնակ: Փոխարենը մենք, ոչ մի թորումով չզբաղված մարդիկս, դառնալով մեզ իբրև արձագանք հասնող բազում ձայների խուլ ժառանգներ, վերածվելով համեստ գրանցող սարքերի, ամենևին չհրապուրված այն գծերով, որ ընդունում ենք, մենք ծառայում ենք շատ ավելի ազնիվ գործի: Ահա ինչու` միանգամայն ազնվորեն վերադարձնում ենք «տաղանդը», որով մեզ դատել ենք: Դուք նույն հաջողությամբ կարող եք, եթե ուզում եք, զրուցել ինձ հետ այս պլատինե մետրի, այս հայելու, այս դռան, այս երկնակամարի տաղանդի մասին:
Մենք տաղանդ չունենք, հարցրեք Ֆիլիպ Սուպոյին:
Անատոմիական մանուֆակտուրաները և էժան բնակարանները կհանգեցնեն բարձրագույն քաղաքների կործանմանը:

Ռոժե Վիտրակին.
Չէի հասցրել կոչել մարմար ադմիրալին, երբ նա շրջվեց կրունկների վրա, ձիու նման, որ ծառս է եղել Բևեռային աստղի առաջ, և ցույց տվեց ինձ իր եռանկյան այն տեղը, ուր ես պետք է անցկացնեմ իմ ամբողջ կյանքը:

Պոլ Էլյուարին.
Ես պատմում եմ լավ հայտնի պատմություն, ընթերցում եմ նշանավոր պոեմը, ահա ես կանգնած եմ պատին հենված, իմ ականջները կանաչում են, իսկ շուրթերս մոխրացել են:

Մաքս Մորիզին.
Քարանձավային արջը և նրա բարեկամ ջրացուլը, շերտավոր կարկանդակը և նրա ծառա եղջյուրիկը, Մեծ Կանցլերն իր Կանցլերուհու հետ, բանջարանոցային խրտվիլակը և ձմեռող թռչնակը, լաբորատոր փորձանոթը և նրա դուստր ջնջոցիկը, ձիաբույժը և նրա եղբայր ձիաձետը, դռնապանն իր մենակնոցով, Միսիսիպին իր շնիկի հետ, մարջաններն իրենց անոթով, Հրաշքն իր Տեր Աստծո հետ պետք է հեռանան ծովի մակերևույթից:

Ժոզեֆ Դելտեյին.
Ավա՜ղ: Ես հավատում եմ թռչունների առաքինությանը: Բավական է մի փետուր, որ ես ծիծաղից մեռնեմ:

Լուի Արագոնին.
Երբ խաղում դադար եղավ, և խաղացողները հավաքվեցին հրկեզ պունշի գավաթի շուրջ, ես հարցրի ծառին` կրո՞ւմ է դեռ իր կարմիր ժապավենը:

Հարցրեք ինձ, մի մարդու, որ չհամբերեց ու գրեց այս ծուռումուռ, անխելք նախաբանը:
Հարցրեք Ռոբեր Դեսնոսին, նրան, ով մեզնից ամենամոտն է սյուրռեալիստական ճշմարտությանը, ով դեռ չհրապարակված ստեղծագործություններում ու շատ փորձերում լիովին արդարացրել է իմ հույսերը, իսկ ես դեռ շատ սպասելիքներ ունեմ սյուրռեալիզմից: Այսօր Դեսնոսը սյուրռեալիստաբար խոսում է, ինչքան ուզում է: Այն անսովոր թեթևությունը, որով նա բառային կերպարանք է հաղորդում սեփական մտքերի ներքին շարժումին, հիացնում է՝ մեծագույն հաճույք պատճառելով մեզ, հրաշալի տեքստերի հայտնությունը, որոնք տեղնուտեղը մոռացվում են, քանի որ Դեսնոսն ավելի կարևոր գործեր ունի, քան դրանք գրի առնելը: Նա ինքն իր մեջ, ինչպես բաց գրքի մեջ, կարդում է և ամենևին մտահոգված չէ պահպանել այդ էջերը, որ քամին ցրում է կյանքով մեկ:

1924 թ.

Թարգմանությունը Անահիտ Ադամյանի

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով