Ժան-Պիեռ Շաբրոլ. Մարքիզուհին

«Գարուն», 1999, 9

Մայրս մահացել է ավելի քան երեք տարի առաջ, հորիցս տասը տարի անց, և, միայն վերջերս, գրքերը դասավորելիս հայտնաբերեցի մի ամբողջ նամակագրություն, նամակներ, որ իրար էին հասցեագրել դեռևս երիտասարդ, աղջնակ-մայրս ու տարիքն առած, դեռևս չամուսնացած տղա-հայրս: Նրանք նոր էին ծանոթացել, տեսնվում էին շաբաթը երկու-երեք անգամ, սակայն գրում էին իրար գրեթե ամեն օր: Ո՛չ թե երկու-երեք տող, այլ բազմաթիվ էջեր` նրբագեղ ձեռագրով, էջերը ծայրեծայր լցված, տառերը նկարված Սերժան-Մայոր գրչով, իսկ մեծատառերը պարզապես քանդակված: Յուրաքանչյուր նամակում` առօրյա փոքրիկ-հետաքրքրաշարժ նորություններ, պոեմներից հատվածներ, կամ ժամանակի երգերից քառատողեր, նախորդ գիշերը ընթերցած գրքից` փոքրիկ քաղվածք… բայց հիմնականում` սիրատոչոր սրտի եզակի պոռթկումներ: Ապագա հայրս ահա ինչ է գրում ապագա մորս. «Մենք այնպես կսիրենք իրար, որ կապրենք փոշու մեջ և կուտենք նախորդ օրվա ապուրը»: Նա շեշտում է` «խանձված» ապուրը, մի բառ, որ ֆրանսերենը փոխառել է օքսիտան լեզվից և որը կիրառվում է միայն այն դեպքում, երբ խոսք է բացվում նախորդ օրվա կծվավուն և այրվածահամ ապուրի մասին:
Առաջին անգամ նամակագրությունն ընթերցելիս ինձ չափազանց հետաքրքրեց մի հանգամանք, որ շարունակ խոսվում է ոմն Մարքիզուհու մասին:
«Ջերմագին բարևներ Մարքիզուհուն»,- ավարտում էր մայրս իր բոլոր նամակները: «Մարքիզուհին նորից գլխիս խաղեր խաղաց»,- գրում էր հայրս վերջում. «Նա ինձ մի կողմ շպրտեց, երբ ցանկանում էի բարձրանալ վրան»:
Ո՞վ էր այդ Մարքիզուհին, ապագա ծնողներիս սիրային պատմության մշտարթուն վկան: Քանի որ ես ճանաչում էի նրանց, չէի կարողանում պատկերացնել, որ կրքի ամենաբուռն պահերին նրանք կարող էին սառնասրտորեն «երեքհոգիանոց» դեբոշներ սարքել:
Մարքիզուհի… հայրիկի հին գրքերի մեջ վերջապես ինչ-որ բան գտա: Դա հերոսուհին էր դարասկզբիս չափազանց մոդայիկ սիրավեպերից մեկի… այն վեպերից, որ հորինում էին այսօր արդեն մոռացված Ֆելիսյեն Շամփսորն ու Վիլլին:
Մարքիզուհին մի «լխտիկ» պչրուհի էր, որ քամուն էր տալիս Փարիզի գեղեցիկ պարոնների փողն ու առողջությունը: Վեպի նկարազարդումները ստույգ վրձնահարվածներով բացահայտում էին Մարքիզուհու մերկ ազդրերն ու կրծքերը: Տարիների ընթացքում ինձ հասած կցկտուր հուշերից, խոստովանություններից հնարավոր դարձավ ինչ-որ չափով վերականգնել իմ ծնողների հանդիպման պատմությունը: Իմ առջև է մորս լուսանկարը` միջնակարգ դպրոցում: Ամրակազմ, փոքրիկ սեվենոլցի, լայն և հարթ դեմքով, երիտասարդ, առաքինի բողոքականի վախվորած հայացքով, անկախ ամեն ինչից կյանքում հաղթելու վճռականությամբ լեցուն: Ուսանողուհի՜: Անհիշելի ժամանակներից աղքատ գյուղացիների ընտանիքից սերած այս կնոջ համար դա այնպիսի առաջխաղացում էր, որից, անգամ 60 տարի անց, իր մահվան նախօրեին նա ուշքի չէր գալիս:
Նրա առաջին աշխատավայրը լը Շամբոն գյուղն էր` Շամբորիգորից չորս կիլոմետրի վրա, որտեղ իմ հայրը թե՛ դպրոցի ուսուցիչ էր և թե՛ քաղաքապետի քարտուղար: Մայրս ինձ բազմիցս նկարագրել է իր ժամանումը այդ գյուղը: Հայրը նրան բերել էր 30 կիլոմետր հեռու դ’Ավիժան գյուղից: Զառամյալ ջորին քարշ էր տալիս մի սայլակ, որի վրա դարսել էին նոր ուսուցչուհու մահճակալը, ներքնակը, սեղանը, երկու աթոռները և հսկա ճամպրուկը: Արձակուրդներին նա հարազատ գյուղ էր վերադառնում հեծանիվով: Մի այցի ժամանակ էր, որ լը Շամբոն իջնող սարալանջին հայրս կտրեց մորս ճանապարհը: Մայրս նոր էր կտրել-անցել Պեյրեմալի կողը և շնչակտուր էր, դեմքը վառվում էր, մազերը խռնված էին:
— Ա՜հ, պիտի ասեմ, որ շատ սիրունիկ եք,- կատակի էր տվել հայրս, ու մայրս չափազանց վիրավորվել էր, քանզի վկաներ կային՝ հորս զարմուհի Անաիսը ու տնեցիները: Հայրս այդ օրն այցելության էր եկել զարմուհուն: Այսուհետ զարմուհի Անաիսը մեծ ծառայություններ ուներ մատուցելու, չէ՞ որ ամուրի ուսուցիչը պիտի լուրջ պատճառներ ունենար շաբաթը մի քանի անգամ հայտնվելու այն գյուղում, որտեղ իր մանկավարժական առաջին քայլերն էր անում երիտասարդ ուսուցչուհին: Միջնակարգի մանկավարժն ակնառու դեմք էր` ողջ գյուղի ուշադրության կենտրոնում:
Բարեբախտաբար, հայրս մի մոտոցիկլետ ուներ: Լուսանկարում նա կանգնած է` մեքենան առջևում, գլխարկը թարս դրած: Իսկ մեքենան «Էվանս» էր, հրաշք մեքենա, վառելիքի տուփը կարմիր պղնձից, ղեկը` երկու զուգահեռ թևերից, որը թույլ էր տալիս վարել բացարձակապես ուղիղ նստած դիրքում:
Այսօրվա պես տեսնում եմ, թե ինչպես էր հայրս, բամբասասեր լեզուներից խույս տալով, աննկատ ժամանում իր արքայական «Էվանսով»:
Սիրահարները հայտնվում էին ոլորանի փոքրիկ կամրջի տակ, այնտեղ, ուր Բեսեժի ճանապարհն անցնում է Կորսաս վտակի վրայով: Մայրս ժամանում էր հեծանիվով, ոլորապտույտ ու վերձիգ ճանապարհներով, քանզի լը Շամբոնը ցածրադիր հարթավայր էր: Հևիհև, կարմրատակած, մազերը ցաք ու ցրիվ, այնպես որ հիշելիս նրանք միշտ ծիծաղում էին: Եվ այնտեղ, հանկարծ… այսօր էլ տեսնում եմ ծնողներիս մեղավոր հայացքը, երբ հայրս սկսում էր քթի տակ երգել «Նինիի համբույրները Փարիզի կամուրջների տակ»:
Գիտեմ, որ հայրս գրքեր էր բերում, նա Արսեն Լյուպենի թունդ երկրպագուն էր: Մայրս պատմում էր, որ իր փոքրիկ ծառայողական սենյակում, բոլորովին միայնակ, մի ամբողջ գիշեր վախից դողացել է` կարդալով «Երեք հանցագործությունը» և հանգստացել է միայն առավոտյան ժամը 4-ի կողմերը, երբ լսել է անցնող փոստատարի ոտնաձայները:
Կամրջի սյուների մոտ չէ՞ր, արդյոք, որ նրանք հանդիպում էին Մարքիզուհուն: Երկար ժամանակ է այս հարցն ինձ տանջել: Բեսեժի ճանապարհը ես կտրում-անցնում եմ տարեկան մի տասն անգամ ու երբեք չեմ կարողանում չկանգնել Յոռնասի ոլորանի մոտ, կարծես թե հայրս ու մայրս դեռ այնտեղ պիտի լինեն, կարծես թե կարող եմ դեռ որսալ նրանց գաղտագողի համբույրներից մեկը: Սակայն հաջորդ ոլորանի մոտ նորից իմ առջև հառնում է մորս կերպարը, այնպիսին, ինչպիսին գիտեի` անառիկ ու զուսպ, որ շարունակ կրկնում էր. «Գիշերը, երբ ծնվեցիր, այնքան տանջվեցի… ու երդվեցի, որ վերջին անգամն է»:
Դե, իհարկե, ես միակ որդին եմ:
Մի օր մտերմաբար նրան հարցրի` ինչի՞ համար է սերը, առանց հապաղելու նա պատասխանեց. «Անկողինը կեղտոտելու համար»:
Պետք եղավ ուշադրությամբ կարդալ ու կարդալ ծնողներիս սիրային հարուստ նամակագրությունը, մինչև հայտնի դարձավ Մարքիզուհու ով լինելը: Ես ընդգծում էի այն նախադասությունները, ուր կրկնվում էր Մարքիզուհու անունը: Մայրս գրում էր. «Սկսում եմ խանդել Մարքիզուհուն»: Հայրս հանդիմանում էր Մարքիզուհուն` ցրտին և խոնավությանը չդիմանալու համար: Հայրս ասում էր. «Այս անգամ էլ ապիկարը յուղ ցայտեց անդրա-վարտիքիս վրա»:
Մարքիզուհին մոտոցիկլետն էր:

Ֆրանսերենից թարգմանեց Գրիգոր Վարդանյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով