Էմիլ Վերհառն. Բանաստեղծություններ

«Գարուն», 1999, 10

Համաշխարհային պոեզիայի ամենաականավոր դեմքերից ոչ մեկն այնպես չի ոգևորել հայ բանաստեղծներին, ինչպես բելգիական գրականության նահապետ, մեր ժողովրդի անշահախնդիր բարեկամ Էմիլ Վերհառնը: Դժվար է գտնել XX դարի քիչ թե շատ նշանավոր հայ բանաստեղծ, որն ուղղակի կամ անուղղակի ազդված չլինի Վերհառնից, թարգմանած կամ պարզապես հրապուրված չլինի նրանով, վկա այս փոքրիկ ծաղկաքաղը, որը մեր ասածի համոզիչ վկայությունը կլինի:

ԳԼՈՒԽԸ
Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կդնես,
Եվ զանգերը կղողանջեն, և դաշույնը կփաղփաղի,
Ու մըկանունք կաղաղակեն,- կլինի շքեղ հանդես-
Մեծապայծառ տոն ու հանդես` կարմիր արյան ու մետաղի:

Եվ արևը ծիրանավառ, և երեկոն ծծմբաշունչ,
Երեկոն ու արեգակը արնափրփուր, հրդեհավառ
Կտեսնեն, թե ինչպես ես դու կրում պատիժը անտրտունջ,
Թե ինչպես լուռ կանշնչանան քո աչքերն ու դեմքը պայծառ:

Սև ամբոխը, կրծքում պահած լոկ չարություն օձագալար,
Իր օվկիանը ըմբոստ մահիդ առաջ լռին կըխոնարհե-
Ու հարազատ մոր պես գթոտ խանդաղագին ու սիրաբար,
Քո անշունչ դին արյունաներկ դագաղի մեջ մեղմ կօրորե:

Ու թունավոր, որպես ծաղկանց փթիթը այն մահաշունչ սև,
Ուր եփվում է կարմիր թույնը շողուն, որպես շանթը պայծառ.
Կմնա քո անունն ըմբոստ, անմահ փառքիդ լույսը վսեմ,
Որպես կրծքում մեխված դաշույն և՛ անսասան, և՛ անխոնարհ…

Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կդնես,
Եվ զանգերը կղողանջեն, և դաշույնը կփաղփաղի,
Ու մըկանունք կաղաղակեն,- և կլինի շքեղ հանդես-
Մեծապայծառ տոն ու հանդես` կարմիր արյան ու մետաղի…

Թարգմ.` Վահան Տերյանի

ՍԵՐ
(Հատված)
Աստղիկ,
հրճվանքը մեռավ քու մարմնույդ պարտեզին մեջ,
և բազուկներու մեծ շուշաններն և շրթունքներու հիրիկները.
և տենդի և ոսկիի խաղողները,
այն հսկա արեւին վրա, որ քու մարմինդ էր`
մեռավ:

Հոկտեմբերի օրերուն ջրագռավները փետուր առ փետուր
իրենց սուգը թափեցին հրապույրներուդ պարտեզին մեջ
իրիկունները, մելամաղձիկ,
իրենց սուգը թափեցին`
ջահերուդ վրա ու զենքերուդ:

Ավա՜ղ, այնքան արձագանքներ, մեռած ու մեռած այնքան ձայներ
հեռո՜ւն, հեռուն, կարմրամոխիր հորիզոնին վրա,
Քրիստոս մ’իր բազուկները խաչաձև դեպի երկինք կբարձրացնե,
ողբ` մեծ իրիկուններուն մեջ` ու մեծ անտառներուն:

Աստղի՜կ,
քաղցրորեն եղի՜ր այն, որ կթաղվի
քաղցրությանն ու մելամաղձությանը
և մահվանը մեջ` պայծառ պարտեզին,
բայց թող օդին մեջ
համառի ծավալիլ` քու մարմնույդ հոտն անսահման:

Աչքերդ կսլաքվեին, ինչպես բոցեր հրակեզ,
դեպի աստղերը` հավիտենական
ու բիբերուդ կրակները
իրենց շքեղությամբ հավիտենականությունը կը սահմանեին:

Ձեռքերդ քաղցր` ինչպես մեղր շառագույն
ժամանակին ոստերուն վրա աստվածայնորեն կը քաղեին
նորազարդ երիտասարդության պտուղները`
վարսերդ` արևու մացառ մըն էին:

Իրանդ իր կլոր շողշողումներուն հրատներովը
կը թվեր երկինք մը հզոր ու ծանր աստղերու,
և երբ բազուկներդ սրտիդ վրա սեր կը սեղմեին,
ծիծերուդ ելևէջը աշխարհի սերը կը նվազեր:

Ծովերում ոսկիին վրա կը կանգնեիր` ինչպես ջահ մը,
ինքզինքդ կուտայիր ամենուն, ինչպես երկիրը`
իր ծաղիկներով, լեռներով, վերաբողբոջումներով
և գերեզմաններով:

Բայց հիմա որ ծնան
ուրիշ տենչեր Անծանոթի,
քաղցրորեն եղիր, Աստղիկ, թախծագինն ու կորսվածը,
մեռած պարտեզին ծոցը` ծառաստաններուն ու բուրումներում մեջ.
քունիդ վերև ունենալով առկախված`
քաղցրությունը աշնան, և ուրականե գալարված վարդի մը:

Թարգմ.` Արշակ Չոպանյանի

ԼՈՆԴՈՆ
Այն — Լոնդո նն է, ցնո՜րք չուգուն ու երկաթե.
Այնտեղ հեծում է հանքն ահագնազարկ մուրճից.
Այնտեղից են մեկնում նավերը -, ո՜վ գիտե`
Դեպ ի՞նչ անլույս ծովեր ու արկածներ վերջին:

Կայարաններ տխուր, ուր կարոտի բոցում
Դողդողում են գազի լապտերները կորգիծ,
Ուր ձանձրույթի ահեղ հրեշներ են ճչում
Վերստմինստերյան դաժան ժամացույցի զարկից:

Ու լապտերներ, Թայմզի երկայնքն ի վար շարած,
Որ անձրևի կազմած լճակներում լեղի
Օրորվում են որպես ջրահեղձ ու մեռած
Նավազների զարհուր ուրվականներ դեղին:

Եվ հարբածի երգեր, ու պոռնիկի քրքիջ,
Ու պանդոկի պատին — բախտանման գրեր,-
Եվ հանկարծ — մա՜հն ահա, որպես մի հյուր անկոչ…
Այն – Լոնդո՛նն է` ցնորք, որ կրում ես քո մեջ:

ԴԵԿՏԵՄԲԵՐԸ
— Բացե՛ք, մարդիկ, ինձ.- տխուր ժամին այս
Բախում եմ դուռ ես ու պատուհան.
Բացե՛ք, մարդի՛կ, ես — ձմռան քամի՜ն եմ,
Մեռած տերև եմ հագել ահա:

— Մտի ր ազատ դու, քամի, մեր տունը,
Ապրի՜ր ձմեռը ծխնելույզում.
Դու մեզ ծանոթ ես, քեզ ընդունում ենք,
Օ, ցուրտ քամի՛, քեզ — ողջո՜ւյն, ողջո՜ւյն:

— Բացեք, մարդի՛կ, ես — երկար ու մանր
Անձրևն եմ` թեն մի հագուստ հագած.
Ինձ միշտ ծածկում է հեռվում տումանը,
Ու շուրջըս մերկ է, տերև չկա:

— Մտի՛ր ազատ դու, անձրե՜ւ, մեր տունը,
Մտի ր, о ցո՛ւրտ դու, մտի՛ր հատու:
Ազատ մտնեն թող մշուշն ու թոնը-
Հազար ծակեր կան խոնավ պատում:

— Բացե՛ք, մարդի՛կ, ձեր դռան փեղկերը,
Բացեք, ես ձյունն եմ ճերմակ ու ծեր,
Քամին ջարդել է բոլոր ճյուղքերը-
Ես ծածկելու եմ նրանց ու ձեզ:

— Մտի՛ր ազատ, թող ճչա մրրիկը,
Փռի՛ր թերթերըդ, վարդերըդ ցուրտ.
Ցանի՛ր թերթերըդ մինչև տանիքը,
Մինչև կտուրը, ճերմակ դու ձյո՛ւն:

— Մտեք ազատ, ձյո՛ւն, անձրև՛, քամի՛ թեն,
Մտեք, ձմռան դուք ճերմակ ճուտեր.
Մենք ձեզ սիրում ենք, դուք մեզ ծանոթ եք
Ձեր տխրությամբ, որ մեզ էլ դյութեց:

Թարգմ.` Եղիշե Չարենցի

ՏՐԻԲՈՒՆԸ
Եվ նման ծառերին հագած կոպիտ կեղև`
ատենով գուրգուրված հին թաղերի սրտին,
նա կանգնած է, ահավասի՛կ, համառ, զորեղ ու վես,
իր մեջ կղթելով, ասացեք, ուժի ի՞նչ հանգույցներ:

Նա մեծացել է մայթերի վրա քաղաքների,
բորոտ, կապտած, դնդերահատ արվարձանում,
ուր կատղած հին մարդերը ընդդեմ ստրկության
իրենց մշտնջենական և գերության փտած անցյալներին.

Նկուն իրաններ, ճակատներ ճզմած և կողկողագին,
խուլ զայրույթ, չնչին վաստակ, մահացնող աշխատանք
և թշվառություն` անհագ, սնամեջ սեղանների անկյունում,
և այդ` հավիտենապես և մինչև ե՞րբ:

Օ՜, նրա ոստնումը հանկարծ ժխորներում կռվի,
երբ ժողովուրդը նետվում էր ոսկեզարդ ճակատների դեմ շենքերի,
բռունցքները կարկառած, վերջապես, բախտի դեմ,
հարվածների տեղատարափի տակ և քարերի`
ցասումներին խառնված,
որ փշրելով բարձր ապակիները լուսաթաթախ
կարծես ուզում էին ճզմել և սփռել փողոցում
ոսկի՜:

Եվ նրա խոսքը կարմիր, բարձր ցցված,
ինչպես մի խուրձ խածող սխալների
վայրագորեն բաժանված:
Ու բարկությունը նրա, խենթությունը և սերը նրա,
միահամուռ և բոցակեզ` շուրջը
նրա յուրաքանչյուր գաղափարի:
Բուռն, խայթող բանականությունը`
ծնված կրքից, եռուզեռումից
և ժեստը իր փոթորկալից, մրրկաբեր,
որ նետում էր իր երազը, ինչպես սերմեր,
հազարավոր, հրավառ, կարմիր և ջերմագին ճակատներին:

Նա այն օրից դարձավ արքա սքանչելի շամբշությանց,
նա բարձրացավ, բարձրանում է դեռ, գիտե՞, արդյոք, մինչև որ կետ:
Իշխանությունը իր նոր, իշխանությունը իր խոլ
էլ չգիտե` ուր է սկսում:

Նա բարձրանում է, կարծես աշխարհը սպասում է միայն նրան,
այնքան լայն է դղրդոցը բյուր սրտերի բաբախող,
որ միաձայն միանում է իր խոսքերին բարձրաթռիչք:
Նա սարսափ է, վտանգ է նա և արհավիրք, կատաղություն, ատելություն,
կարգ է, կանոն և լռություն, և սեր, և կամք:
Կենտրոնն է նա այն ներշնչող բռնությանց,
ուր թրջվում է հպարտ կամքը պատմակործան այրերի`
շինարարներ` հավերժության արյունով:

Ահավասիկ նա կանգնած է մեծ աշխարհի քառուղում
ուր երեկվա հին ճամփաներ միջամտում են ճամփաները հսկայական,
ուրկից պիտի առաջանան վաղվա եկող սերունդները,
ո՞վ իմանա` դեպի որքան լուսավորված և խորախոր այգը նոր:
Եվ մանավանդ շատ մեծ է նա իր այնքան կույս բնազդներով,
անտեղյակ է կայծակնաբեր ճակատագրին,
որ սկզբում անտեսելով, հետո շանթ է տալիս ձեռքին,
և մեծ է նա, որպես կրակոտ մի առեղծված անլուծելի,
որպես մեկը, որ մնում է մխրճված, ճակտից մինչև իր ոտքերը,
ժողովրդի գրկի մեջ, սնանելու համար այնտեղ, կամ մեռնելու:
Մի օր` համառ և անփոփոխ:

Ի՞նչ փույթ, եթե գործը ընդմիշտ իր ավարտած,
գիշերվա մեջ սև սուգի կամ գիշերում մեծ տոնի անհետանա,
փառաբանված կամ անպատվված նրանց կողմից, որոնց համար ծառայեց:
Ժամանակը ընթանում է, ժամն է նորեկ մի եկվորի,
նոր սերունդը չի կամենում էլ հետևել
մինչև վերջը առաքյալի ժեստին, խոսքին,
անհետանա պետք է նա. սակայն շուտով պիտի նորից վերադառնա,
նրա հոգին շատ է մոտիկ հեռասլաց ապագային
և ոսկեզարդ ու զայրագնած մեծ ծովերին,
որպեսզի նա գեթ վախենա մակընթացող մեծ ջուրերից
և հաջորդող զեղումներից հսկայական:
Նրա ուժը, ահավասիկ այնտեղ է նա, նշույլ կուրծքին Օվկիանոսի
նա լեցուն է նոր կայծերով
ու այն բոլոր ճշմարտության գաղափարներ,
որ նա հանեց իր ուղեղից,
ահա, ընդմիշտ դարձել են ծուծ, մկունք, մարմին:
Նա գալարեց կյանքը ամբողջ, կայծակնարձակ
դարձրեց խոնարհ, ընդմիշտ պեղված,
այնպես, ինչպես միայնությամբ ու նախապես նա մտածեց:

Թարգմ.` Կոստան Զարյանի

ԱՂԱՂԱԿ
Օ՜, աղաղակ,
Որ հառնել ես ահա երկրի վրա խաղաղ…

Տիեզե՛րք, լսում ես փլվածքների միջով
Զարհուրելի՜, տխո՜ւր աղաղակն այդ ուռչող,
Որ չէ թաքուն պահած, օ՜, սիրո ճիչ ահեղ,
Որի դեմ եղբայր են ցեղերը բազմազգի…
Հովիտներից հովիտ, դաշտերում արնահեղձ,
Աղաղակ` անեծքի և թշնամանքի…

Եվ լսում ես Դնե՛պր և Վո՛լգա,
դու Թագուհիդ գետերի ռուսական,
Դո՛ւք, Սեն, Լուար և դու, Թե՛մզա հորդուն
Ե՛վ դու, Շե՛լդա, դու, որ երբեք սակայն
Չես թեքել գլուխդ զարկի տակ մահատու…

Կատարներում ճերմակ, ուր կայծակն է շաչում,
Կովկա՛ս, լսում ես դու աղաղակն այդ անկամ,
Որ ծածկում է փլչող փլատակների խոլ դղրդոցն անգամ…

Ճերմակ կեսգիշերին, այգաժամին կարմիր,
Լսելով` սարսափից կափկափում ակամա
Դողում է Ուրալը ատամնավոր
Եվ խոլ հեծեծանքով, ատելությամբ համակ,
Օ՜, այն տարածվում է Հայաստանում արնոտ,
Ու խոլ արձագանքում ամերիկական
Լայնաստանների մեջ, Աֆրիկայում, Սիդնեյում,
Կապշտադտում է իրեն մատնում…

Օ՜, աղաղակն այդ խոլ բարձրանում է, մրրիկով ծեծում ամեն մի ափ,
Հարյուր անգամ աճած, սակայն բերված ի մի,
Ողողելով քաղաք, և օվկիան, և ցամաք,-
Գերմա՛նիա, Գերմա՛նիա,
Սպանում է նա քո իղձն ու հոգիդ հիմի…

Օ՜, դու կամենում ես սպանել բնության
Կերտվածքը կատարյալ, ոգին մարդու,
Որ ստեղծվեց վերջին օրում արարչության…
Դու հանձնում էյս ստոր լրտեսի սրության
Այն աչքերը, որ վառ երազներ են ապրել, խոկումներ իմաստուն,
Լեզուն, որ հնչել է միայն աստվածային խոսքեր վեհ ու ազդու,
Ուզում ես` բարբառի մատնություն ու կեղծիք.
Ձեռքերը կտրելով մաքուր ու սուրբ գործից`
Ուսուցանում ես լոկ – սպանի՛ր ու խոցի՛ր…
Նենգում ես մարդու մեջ ոգի, մարմին,
Որ էլ չխիզախի ոգին ազնվազուն,
Եվ չըկենդանանա ոչ մի մարմին,
Եվ չնայի հպարտ ոչ մի ճակատ,
Բարձը՜ր, դեպի երկինք, դեպի լազուր…

Օ՜, կամենում ես դու Ֆուրիայի չար լախտով,
Խարազանով նրա կրթել մարդուն`
Գոհ քո ուժով դաժան, ծանրությամբ քո խեղդող…
Արհամարհում ես դու պատիվ, երդում…
Դո՛ւ, սրբապի՛ղծ, Աստծուն հանդգնում ես անգամ
Մասնակից դարձնել չարի կերտման գործում,
Որ անկատար աղոթք մնաց սակայն,
Իսկ քո կայսրը դահիճ հմայել է փորձում,
Գայթակղել չարով` պապ ու արքա…
Գերմա՛նիա, Գերմա՛նիա:

Լեռնանում է շուրջդ սարսափ, տանջանք, չարիք,
Որպես լեռնաշուրջպար և կողերդ ճզմում…
Հասնում է օրն ահեղ, երբ փայլդ կմարի,
Կպայթի անեծքի ամպրոպ ահազդու…
Բայց գիտցիր, այդ չէ լոկ վրեժն արյան, որ դու
Բազմահանցանք կյանքում քո, ոթել ես սրով,
Այլ հատուցում, որ դու անարգել ես մարդուն,
Միտումներով քո չար` ընդդեմ սիրո…

Օ՜, աղաղա՛կ…
Գիտցիր, այդ վրեժ է, տանջանքների երկունք,
ճախրում է ցեղերի ատելությամբ համակ,
Եվ արդար է, քանզի եղել է նա երկրում
Ընդդեմ ոճիրների բազմաքանակ…
Քանզի ինչ կերտել են դարեր բազմադարյան
Ազգերը, ուզում ես դարձնել մոխիր ու հող,
Ուզում ես կործանել հրով, սրով, արյամբ
Եղբայրության շղթան` զոդված անեղծ սիրով…

Թարգմ.` Պարույր Սևակի

ՀՈՂՄԱՂԱՑԸ
Հողմաղացն է երեկոյան շա՜տ մեղմորեն
Դառնում, դառնում մելամաղձոտ մի երկնքում:
Դառնում է նա, և առագաստն իր` դիրտի գույն,
Թույլ է, տխուր, ծանր ու խոնջ, անհունորեն:

Լուսաբացից իր թևերը` հեծքի թևեր,
Պարզըվել են, ընկել, ահա նրանք կրկին
Թուլանում են, այնտեղ, օդում մառախլային
Եվ բնության խաղաղության մեջ մթաստվեր:

Գյուղակների վրա օրն է ննջում ձմռան,
Խոնջ են ամպերն հածումներից իրենց խավար,
Եվ իր շուքերը ծվարող անտառն ի վար
Աղուրներն են ձգվում մինչև մութ հեռաստան:

Մի բուռ հյուղեր փեկոնաշեն, հողակտուր
Խղճուկորեն պպզել են շուրջանակի.
Ձեղունից կախ արույրե լամպը իր ցոլքի
Բողկուկներով է շոշափում որմեր ու դուռ:

Եվ չքավոր տնակներն այդ դաշտում անհուն
Եվ օրվա մեջ նիրհող՝ իրենց հիվանդագին
Փեղկ-աչքերն են հառում ծերուկ հողմաղացին,
Որ դառնում է հոգնած, դառնում ու մահանում:

ԺԱՄԱՑՈԻՅՑՆԵՐ
Գիշերը, մեր տների սև լռությունում
Գավազաններ ու հենակներ խուլ բախվելով,
Սանդուղքներով են ժամերի ելնում, իջնում`
Ժամացույցներն, իրենց քայլով:

Մի ապակու ետև պարզուկ արծն ու էմալ,
Խորհրդանիշ, թվեր մաշված, ծաղիկ անթով,
Լուսնկաներ միջանցքների դատարկ, մռայլ`
Ժամացույցներն, իրենց աչքով:

Մեռած հնչյուն, խազ կապարե, խարտոց ու մուրճ,
Փայտե գզրոց, լի բառերով մեզ անծանոթ
Եվ բարբաջանք վայրկյանների չնչին ու փուչ`
Ժամացույցներն իրենց ձայնով:

Կաղնյա պատյան, եզրին ստվեր,
Դագաղ` պատի մեջ սառն ու մեծ,
Թվից կրծվող ժամանակի հին ոսկորներ`
Ժամացույցներն ու վախն իրենց:

Ժամացույցներ
Հոժարակամ ու անվրդով,
Ծառաների պես ալեհեր
Կաղում, գայթում են մաշիկով կամ գուլպայով:
Ժամացույցներ,
Որոնց հարց եմ տալիս անվերջ,
Իմ սարսափն են սեղմում իրենց կարկինի մեջ:

Թարգմ.` Աբրահամ Ալիքյանի

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով