Շառլ Բոդլեր. Բանաստեղծություններ

«Գարուն», 1999, 9

ՉԱՓԱԶԱՆՑ ՈՒՐԱԽ ԿՆՈՋԸ

Գլուխը քո, շարժումն ու տեսքը չքնաղ
Մի գեղեցիկ բնանկար են կարծես,
Եվ ժպիտն է խաղում դեմքիդ գեղատես,
Ինչպես պայծառ երկնքի մեջ հովը պաղ:

Երբ հպվում ես դու անցորդին վշտալից,
Շլացնում ես առողջությամբ քո շենշող,
Որը որպես ճառագայթող լույսի շող
Ժայթքում է քո թևերից և ուսերից:

Զգեստներիդ զրնգուն և վետվետուն
Երանգները հեգ հոգու մեջ պոետի
Մի վառվռուն ծաղիկների բալետի
Խայտաբղետ մտապատկերն են նետում:

Այդ խելահեղ հանդերձանքները հրկեզ
Խորհրդանիշն են քո հախուռն էության.
Խենթուհի՛, որ մատնել ես ինձ խենթության,
Որքան ատում, այնքան սիրում եմ ես քեզ:

Մի ժամանակ, գեղատեսիլ մի այգում,
Ուր իմ հոգնած տաղտուկն էի քարշ տալիս,
Զգացի ես, հեգնանքի պես ծաղրալի,
Թե ինչպես էր արևը կուրծքս ճեղքում.

Եվ գարունը, և սիզախոտը այնքան
Անարգեցին ու ստորացրին իմ հոգին,
Որ մի փոքրիկ ծաղկի վրա տենդագին
Հանդգնությունը պատժեցի Բնության:

Կուզեմ այդպես ես գիշերով մի խավար,
Երբ հեշտանքը իր թևերը տարածի,
Սողալ դեպի ճոխ գանձերը քո անձի,
Վախկոտի պես սողալ անձայն, տենդավառ՝

Պատմելու քո խենթ մարմինը հեշտօրոր,
Խեղելու քո ստինքները խնայված,
Եվ գալարուն փորիդ վրա, հմայված,
Բացելու լայն ու արյունոտ վերք մի խոր

Եվ, օ՜քաղցր գլխապտույտ իմ անվերջ,
Փորիդ վրա բացված այդ նոր շուրթերով`
Շատ ավելի շողարձակ ու հոգեթով,
Ներարկելու, քույր իմ, իմ մաղձը քո մեջ:

ՏԽՈՒՐ ՄԱԴՐԻԳԱԼ

I
Ինձ ի՞նչ, թե լինես դու ողջամիտ կին.
Եղի՛ր չքնաղ և եղի՛ր թախծալից.
Հմայք է տալիս արցունքը դեմքին,
Ինչպես գետակը` բնապատկերին.
Ջահելանում է ծաղկունքը հողմից:

Սիրում եմ քեզ, երբ բերկրանքն է փախչում
Քո այդ հոգնաբեկ ճակատից մռայլ,
Երբ սիրտդ է սուզվում սարսափելի լճում,
Երբ անցյալի սև ամպն է շառաչում`
Տարածվելով քո ներկայի վրա:

Սիրում եմ քեզ, երբ արյունի պես տաք
Ջուր են հեղում քո աչքերը խոշոր,
Երբ, քեզ օրորող ձեռքիս հակառակ,
Խոցում է, այրում քո վիշտը կրակ,
Ինչպես մեռնողի խռռոց ահավոր:

Ես շնչում եմ, օ՜, ի՛նչ հաճույք է վես
Եվ ի՛նչ օրհներգ է խոր, խորհրդալից,
Քո կրծքի բոլոր ճիչերն աղեկեզ.
Պայծառանում է քո սիրտը կարծես
Աչքերիդ հեղած մարգարիտներից:

II
Գիտեմ, քո սիրտը հորդում է անվերջ`
Տրված հնօրյա, անցած սերերին
Ու վառվում է դեռ հրի պես անշեջ,
Եվ թաքցնում ես դու կոկորդիդ մեջ
Հպարտությունը նզովյալների:

Բայց քանի դեռ քո տենչերը, իմ սեր,
Չեն արտացոլում Դժոխքը համակ,
Եվ մղձավանջի գրկում կարեվեր
Միշտ երազելով թույն ու դաշույններ,
Սիրելով երկաթ, վառոդ ու գնդակ,

Տեսնելով վտանգ միշտ ամեն ինչում,
Փնտրելով միայն աղետ ամեն տեղ,
Ջղաձգվելով, երբ ժամն է հնչում,
Քանի չես զգում` ինչպես է տանջում
Անդիմադրելի Նողկանքը ահեղ,

Դու չես կարենա, ստրուկ թագուհի՛,
Որ սիրում ես ինձ սարսափով մի խոր,
Ծանր գիշերվա գրկում ամեհի
Ասել ինձ (հոգիդ ճիչերով է լի).
«Ես հավասար եմ քեզ, ի՛մ Թագավոր»:

ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԼՈՒՍԻՆԸ

Օ՜ Լուսին, քեզ պաշտել են մեր հայրերը գաղտնաբար,
Բարձունքից այն կապուտակ երկրների, որտեղ քեզ
Աստղերը, շո՜ղ հարեմներ, հետևում են մշտապես
Իմ Կի՜նտիա հնօրյա, մեր որջերի դու լամպար,

Տեսնու՞մ ես դու զույգերին մահիճներում սիրավառ.
Նիրհող շուրթերը` բացած էմալները գեղատես,
Պոետին, որ թղթին է հակել ճակատը հրակեզ,
Կամ` կծկումը իժերի խոտերի տակ դալկահար:

Քո դեղնորակ թիկնոցով դու դեռ գնու՞մ ես կամաց,
Ինչպես հեռու անցյալում, երեկոյից այգաբաց,
Համբուրելու ծերացած Էնդիմիոնին խենթորեն:

— Ես տեսնում եմ քո մորը, խղճուկ դարի դու զավա՛կ,
Որ հայելու դեմ կքած հարդարում է հմտորեն
Իր ծեր կուրծքը, որով քեզ սնել է մի ժամանակ:

ՄԻ ՀԵԹԱՆՈՍԻ ԱՂՈԹՔԸ

Ա՜խ, մի՛ թուլացրու կրակներդ բարկ,
Ջերմացրո՜ւ թմրած սիրտս տրտմագին,
Դու հոգիների տանջանք, օ՜ Հեշտանք,
Դիցուհի՜, անսա՜ իմ աղերսանքին:

Օ՜ աստվածուհի՝ ծավալված օդում,
Մեր ընդերքի մեջ կրա՛կ հրաշեկ,
Անսա՜ անձկալի, կարոտյալ հոգուն,
Որ ձոնում է քեզ բրոնզե մի երգ:

Միշտ իմ թագուհին եղիր, օ՜ Հեշտանք,
Ա՛ռ ջրահարսի չքնաղ կերպարանք`
Միս ու արյունով և թավշե մաշկով,

Կամ լի՛ց և տու՛ր ինծ ծանր նինջը քո
Գինու մեջ անձև ու միստիկական,
Հեշտա՜նք, դու ճկուն ու ձիգ ուրվական:

ԼԵՍԲՈՍ

Մա՛յր հռոմեական խաղերի և հունական հեշտանքի,
Լեսբոն, որտեղ համբույրներն անզոր և կամ խելահեղ,
Ձմերուկի պես հյութեղ, արևի պես ջերմագին,
Զարդարում են գիշերներն ու ցերեկները շքեղ.
Մա՛յր հռոմեական խաղերի և հունական հեշտանքի,

Լեսբո՛ս, որտեղ համբույրներն ահեղ գետեր են կարծես,
Որ նետվում են համարձակ վիհերի մեջ անհատակ
Ու վազում են` ողբալով ու ոռնալով մշտապես
Աղմկոտ ու գաղտնալից, խորախոր ու դժնդակ.
Լեսբո՛ս, որտեղ համբույրներն ահեղ գետեր են կարծես:

Լեսբո՛ս, որտեղ Ֆրինեներն իրար թովում են, ձգում,
Ուր միշտ ամեն հառաչանք արձագանք է ստացել,
Քեզ, Պաֆոսին հավասար, պայծառ աստղերն են գգվում,
Եվ կարող է Վեներան քո Սաֆոյին նախանձել.
Լեսբո՛ս, որտեղ Ֆրինեներն իրար թովում են, ձգում:

Լեսբո՛ս, երկիր դու տաքուկ գիշերների թալկահար,
Որ մղում են ինչպիսի՜ հեշտանքների անբեղուն,
Երբ հայելու դեմ` դալուկ աղջիկները սիրավառ
Իրենց հասուն մրգերն են փաղաքշում ու նվաղում.
Լեսբո՛ս, երկիր դու տաքուկ գիշերների թալկանար,

Թող որ ծերուկ Պլատոնը խոժոռի աչքն իր շանթող.
Դու կորզում ես ներումդ համբույրների՛ց անհամար,
Քաղցր երկրի թագուհի՛, սիրելի ու ազնիվ հո՛ղ,
Եվ` նրբին ու նրբագեղ հաճույքների՛ց անսպառ.
Թող որ ծերուկ Պլատոնը խոժոռի աչքն իր շանթող:

Դու կորզում ես ներումդ տառապանքի՛ց հավերժող,
Որին տրվում է անվերջ պատվախնդիր, վեհ հոգին,
Եվ որ մեզնից հեռու է ձգում ժպիտը շենշող,
Որ ցոլցլում է տարտամ ուրիշ երկնի եզերքին.
Դու կորզում ես ներումդ տառապանքից հավերժող:

Ո՞ր մի աստվածը, Լեսբո՛ս, կհանդգնի դատել քեզ,
Դատապարտել ճակատդ` տքնանքներից թալկացող,
Եթե կշեռքը նրա չի չափել այն աղեկեզ
Արտասուքի հեղեղը, որ տանում ես դեպի ծով.
Ո՞ր մի աստվածը, Լեսբո՛ս, կհանդգնի դատել քեզ:

Մեզնից արդար, անարդար օրենքներն ի՞նչ են ուզում:
Արշիպելագը դյուրող կույսե՛ր վսեմ և անբիծ,
Բարձր է, ինչպես ամենուր, դավանանքը ձեր կղզու,
Եվ սերը կծիծաղի Դժոխքից ու Դրախտից.
Մեզնից արդար, անարդար օրենքներն ի՞նչ են ուզում:

Քանզի Լեսբոսն ի՛նձ ընտրեց բոլորի մեջ այս հողում,
Որ իր ծաղկուն կույսերի մթին գաղտնիքը երգեմ,
Եվ ինձ մանկուց ընդունեց տխուր լացով ողողուն
Անզուսպ ու խոլ ծիծաղի խորհուրդը սև ու դժխեմ.
Քանզի Լեսբոսն ի՛նձ ընտրեց բոլորի մեջ այս հողում:

Եվ այդ պահից հսկում եմ ես գագաթից Լևկատի`
Ինչպես արթուն ժամապահ խորաթափանց աչքերով,
Որ հետևում է անվերջ ամեն նավ ու լաստի,
Որոնց պատկերն է ցոլում լազուրի մեջ անխռով.
Եվ այդ պահից հսկում եմ ես գագաթից Լևկատի`

Իմանալու, թե ծովը ներողամի՞տ է, բարի՞,
Եվ այդ ժայռի արձակած հեծեծանքի մեջ անանց
Մի երեկո վերստին դեպի Լեսբոս կբերի
Ներում գտած պաշտելի Սաֆոյի դին, որ գնաց
Իմանալու, թե ծովը ներողամի՞տ է, բարի՞:

Արու և էգ Սաֆոյի՛` սիրահար և բանաստեղծ,
Գունատությամբ իր մռայլ գեղեցիկ, քան Վեներան.
Լազուր աչքին սևորակ ու մթին աչքը հաղթեց,
Ուր սև բծեր են թողնում ցավերը սուր, անսահման
Արու և էգ Սաֆոյի՛` սիրահար և բանաստեղծ:

Գեղեցիկ, քան Վեներան` հառած ի տես աշխարհի,
Որ հեղում է վեհության գանձերը իր փառապանծ
Եվ ցոլանքները իր շեկ ջահելության շողերի
Օվկիանոսի վրա ծեր` աղջկանով իր արբած.
Գեղեցիկ, քան Վեներան` հառած ի տես աշխարհի:

Սաֆոյի՛, որ մեռավ իր անարգանքի օրը սև,
Երբ պղծելով պաշտամունքն ու ծիսակարգը անեղծ,
Իր մարմինը գեղեցիկ դարձրեց կերը վսեմ
Մի գոռոզ ու բիրտ հոգու, որ պղծությունը պատմեց
Նրա՛, որը մեռավ իր անարգանքի օրը սև:

Եվ այդ պահից Լեսբոսը վշտալից է ու խռով
Եվ ստանում է թեև նա պատիվներ բարձրագույն,
Ամեն գիշեր արբում է տառապանքի ճիչերով,
Որ ափերն իր ամայի մինչ երկինք են արձակում,
Եվ այդ պահից Լեսբոսը վշտալից է ու խռով:

Ֆրանսերենից թարգմանեց Հենրիկ Բախչինյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով