Արմեն Շեկոյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1984, 1

Նորից սիրում եմ

Այս ժամանակը կրկին մերն է, ուրիշ ոչինչ
չի սպասվել սրանից ավել կամ պակաս,
այս ժամանակը մերն է, ինչպես ծաղկանց
ոգեղեն բույրը, որ առել է մեզ իր մեջ
ներսուդրսից: Սա կյանքն է: Մենք կանք:

Դու, որ ձուլում ես մի թույլ ժպիտով
երկինք ու գետին, գուցեև ինձ էլ տանես
քո ճամփով: Այս փխրուն հույսը
ինձ շշնջում է ընկերս` քամին,
թռչունն ասում է` արի, կպոկվենք մենք փակ աչքերով,
և գետն ասում է` շորերդ հանիր, սա ծովն է արդեն:

Իսկ ինքդ ահա ծաղկել ես իմ դեմ ու ժպտում ես թույլ,
թեթև ես` ինչպես մի հեռավոր հույս:
Ես եմ,— ասում ես,— եկել եմ, ահա, ասել են, գիտեմ,
քո ծույլ օրերում չհասկանալով ինձ ես սպասել:—
Դու ես,— ասում եմ,— տեսնում եմ, գիտեմ, ինձ իմաց արին,
բայց ես ո՞ւմ թողնեմ հին ժամանակը և պատյանը իմ:—

Եվ շշնջում է իմ ընկեր քամին` տո՜ւր ինձ մարմինըդ,
թռչունն ասում է` ոչինչ, կճախրենք մենք առանց մարմին,
և գետն ասում է` էլ մի հապաղիր, սա ծովն է արդեն:

Հրաժեշտ

Այս մի օրն էլ լուռ հետևեց իմ քայլերին,
ինչպես սպասվում էր` և առավոտ եղավ, և միջօրե, և երեկո,
բայց այն, ինչ մատուցվեց ինձ օրհնյալ ձեռքով, իմը չեղավ:
Ես ողբուկոծից վաղուց ետ եմ վարժվել,
աստծո տվածից երես թեքելը դարձրել սովորույթ,
ինձ մի մարմին տրվեց, բայց հազար հրաշք առա սրտիս մեջ,
ինձ մի հարց տրվեց, բայց խճճվեցի սուտ ու հմայիչ
վայրկյանների մեջ: Ես ես եմ թեև, բայց շարժվում եմ
ետ-ետ քայլերով: Ես ես եմ թեև, բայց կփոշմանեմ, երբ նոր ժամը գա

Նա մի աղջիկ էր հրաշք աչքերով, հրաշք մազերով,
նա մի աղջիկ էր, որ ոչ մեկի մեջ էլ չի կրկնվի:
Մի սուրբ երեկո ինձ պարգևեցին հրաշք ձեռքերով,
բայց սրտիս ներքո վիրավորված է ժամանակը հին:
Ես ես եմ թեև, բայց չեմ ընթանում խաղաղ ժամերով,
կդժվարանամ, երբ որ ամեն ինչ շատ հեշտ կլինի:

Դժվար, պանծալի ու բազմախորհուրդ մի բախտ ինձ տրվեց,
որից պոկվեցի մի ինքնավստահ, անփույթ ոստյունով,
կռահումների ժամանակ չի սա, բայց ես զգում եմ,
որ տեղ չեմ հասել և ինձ թողել եմ այնտեղ` նրա մոտ:
Եվ շնչում եմ հիմա սրտիս զարկերակով, անհամաչափ, այսպես,
դարձյալ մի օր կգա, որից խուսափելը գուցե դժվար լինի,
ամեն ինչ նորից նոր գլխիվայր շուռ կգա,
և մեր կորուստները կարդացող չի լինի:

Ախ, մի աղջիկ էր` լիքը աչքերով, լիքը հույսերով
Ախ, մի աղջիկ էր, որ ոչ մեկի մեջ էլ չի կրկնվի:

Պարզապես Վատո

Այդ մարդը ոչ անուն ուներ,
ոչ ազգանուն, պարզապես
Կոչվում էր Վատո:
Մոտ վաթսուն կլիներ,
զարթնում էր առավոտ շուտ,
կուտ էր տալիս քաղաքի վերջին հավերին,
թե իրեն հարցնեիր` եկել էր Թիֆլիսից,
թեպետ նրա գալը ոչ ոք մեր թաղում
այդպես էլ չհիշեց:

Նա հրաշքներ էր պատմում այդ քաղաքից,
պատմում էր ու քեզ չէր էլ նայում,
եթե հարցեր տայիր, շատ կզարմանար,
կզարմանար ու կասեր` վա՜-տոոո՜ո:
Այդպես տասը տարի շարունակ
նա նույն պատմությունը մեզ համար պատմեց,
տասը տարի շարունակ նա մեզ համար
ճան մաքրեց, պարսատիկ սարքեց, բայց
դուք նրա երկար բեղերը պիտի տեսնեիք,
դուք նրա հպարտ փորը պիտի տեսնեիք,
երբ ծոցվոր հարսի հետ վերադառնում էր ժամից:

Նա մի գծավոր թասակ ուներ,
մի կաշվե ճմռթված քսակ ուներ,
արծաթյա շղթայով ժամացույց ուներ,
հինգ հավ ուներ, մի որդի, որի հետ
տասը տարի շարունակ ոչ մի բառ չխոսեց:

Մեկ-մեկ, երբ հիշում էր, որ սա է կյանքը,
որ ինքը կա ու բոլորի հետ ապրում է,
հռհռում էր, քանդվում էր ծիծաղից,
չգիտեմ` նոպա էր թե ինչ,
ծիծաղից փռվում էր գետին,
հետո մի կերպ
փնտրում-գտնում էր ձեռնափայտը
այդ մարդը,
որ ոչ անուն ուներ, ոչ ազգանուն,
պարզապես կոչվում էր
Վատո:

Տեսիլք

Լուսաբարբառ, ինքնիշխան ու բարեհամբույր
մեկը շողաց այս առավոտ այս լեռներից,
իջավ թեթև, շունչը տվեց դաշտավայրին,
իջավ թեթև, իմ թմրած կեսը զնգացրեց:

Ո՞վ էր ինքը- չուներ հստակ մարմին ու ձև,
բայց ցոլացրեց իմ մարմնի լույսն անցավոր,
ես դողացի, ես շողացի, ես շլացա,
մինչև կանցներ թեթև սահքով լույսի գերին:

Անցավ թեթև, ես մնացի ձեզ հետ էլի:
Էլի նույնն եմ, ձեր աչքերի տաքն է ուրիշ:
Իմ տեսածը կնվիրեմ մեկիկ-մեկիկ,
կապրենք, մինչև սերմը դառնա շողշողուն ծառ:

Գարուն Երևան

Գետառն իր չունեցած ջրերը
բարձրացնում է: Ծառերը պարզում են
կանաչ գույնը` իբրև հավերժության նշան:
Ֆուտբոլիստները կրկին կյանք են մտնում
Ֆուտբոլասերները վերածնվում են: Այսօր
ես տեսա գնչուհիներին ամուսիններով:
Պատկերացնո՞ւմ եք: Ամուսիններին թևանցուկ արած:
Պարզ ու երջանիկ: Մեր հին քաղաքը երբեք չի կրել
այսպիսի պատկեր: Ես զրուցեցի: Ամուսինները
մի քանի օրից ետ պիտի գնան, բայց փոշմանել են:
Նրանք չեն կարող իրենց պիրկ կանանց
թողնել միայնակ այս տաք քաղաքում:

Կանաչ է օդը, և օրն է երկար,
քաղցր է ու երկար` ջահել մեղրի պես:
Մեր թափառական, դատարկ մտքերից
բան չի մնացել: Արևը կրկին կարոտել է մեզ:
Սիրտը հորդում է: Ոչ մի ծերունի
այսօր չի ուզի հրաժեշտ տալ մեզ:
Եվ մեր քաղաքը ի՜նչ հուրի-փերի
աղջիկներ ունի, որ չենք իմացել:
Ա՜խ, օրն է երկար: Ես ջահել եմ դեռ:

Գովք մոտեցող օրվան

Երազելով, թըովըոալեն, թեթևությամբ
ես կտրում եմ սահմանները իմ օրերի,
ու եփվում են ժամերը մի կաթսայի մեջ,
բայց մնում են կիսատ ու լուռ, առմիշտ թերի:

Եվ զարթնում է թույլ ժպիտով տարածքը հին,
աղջիկներ են թեթև սահում հին տեղերով…
Հայացքիս դեմ խարխափում, է կայծը գալիք`
կասկածանքի ու սրտի մեջ լուռ դեգերող:

Հին տարածքով շարժըվում են բարեկամներ
և ընկերներ, որ չտեսան ինձ այսպես լուռ:
Ա՜խ, ուր որ է, ես էլ կաճեմ լույսերի մեջ,
բայց առավ ինձ ներսուդրսից մի հին մամուռ:

Հինն է հնչում, թեպետ նորը պարզ է արդեն,
հարազատներ, եկեք նորից, մեզ քիչ մնաց,
այս հավերժող աչքերի մեջ մենք մշտապես
կմիանանք, մինչև անցնեն հոգս ու երազ:

Այս հավերժող աչքերի մեջ մենք մշտապես
կմիանանք ու կլինենք այն, ինչ չեղանք:
Տոն կլինի, բարեկամներ, հավատացեք,
և կցնծան մեծ ու փոքըր, աղջիկ-տըղա:

Աղջիկը

Թեթևորեն անցավ-գնաց,
թռվռալեն, թիթեռի պես:
Անցավ-գնաց: Ճամփի վրա
հոգնած ու լուռ մնացի ես:

Ոչ անունը ես իմացա,
ոչ էլ թողեց թեթև մի հույս:
Միայն տեսա, որ թփերը
լուսավորեց սիրուն մի լույս:

Ես ծնվել եմ ու լուռ կանցնեմ:
Նա անցավ, բայց կապրի իմ մեջ`
որպես հույզի նախշուն մի սերմ,
որպես անուշ մի ելևէջ:

Նա անցավ, բայց կապրի իմ մեջ
թեթև ու պարզ, լուռ ու թերի:
Ես կսպասեմ, մինչև բախտը
մի անգամ էլ խաբրիկ բերի:

Թովռալեն անցավ-գնաց`
ուղիղ սրտիս կրակելով:
Ես կսպասեմ, մինչև հոգիս
կրկին լցվի կրակներով:

Գովք շարունակվող քաղաքի

Դեմքս էլի շրջվում է ետ,
հին էջերն եմ հավաքում լուռ:
Հուշն է զարթնում, և նրա հետ
իմ քաղաքը` բացված մի նուռ:

Ուրիշ տեսակ լույս է շողում,
և ուրիշ է սրտի երգը։
Եվ ֆայտոնչու ձեռքն է դողում`
այն օրերի աստծո ձեռքը։

Եվ մայրս ինձ կանչում է տուն,
և գույները բռնել են ինձ:
Եվ մայրս ինձ ետ է կանչում,
ճակատին` լույս, ափին` փոխինձ:

Ոչ կարիք է, ոչ էլ` թեմա,
արցունք է լոկ, կյանք է մի բուռ:
Այն օրերից մինչև հիմա
ես ծեծել եմ հազար մի դուռ:

Եվ աչքերս պինդ եմ փակել,
որ գույները ճիշտ երևան,
որ անընդհատ չըկըրկընեմ`
ուրիշ էին մարդ, հարևան…

Չէ, տեսիլք չի եկած-անցած,
ոչ կարիք է, ոչ էլ` թեմա:
Այն ջրերում ես լողացա
և մաքուր եմ մինչև հիմա։

Հարբած երգ

Ախ, մոլորակ, տխուր մարմին,
գլորվում ենք մտամոլոր։
Գայթում եմ քո զիլ պտույտից
ես` տարին մեկ գինի խմող:

Գինին չի, չէ, ես լավ գիտեմ,
իմ թշնամին ես եմ, որ կամ,
հոգնել եմ ես, և թվում է
այս կյանքը մի դժվար պատգամ:

Ինչ ունեի, քոնն էր, գիտեմ,
բայց չտվիր ձայն լսելի:
Մեկն ասել է` կանգ առ, իջնեմ:
Մեծ հաճույքով ես կասեի:

Գինին չի, չէ, ես լավ գիտեմ,
իմ թշնամին ես եմ, որ կամ,
ես եմ աչքերն իմ զարդարել
ու բերանիս դրել լկամ:

Ախ, մոլորակ, հին գլորան,
ինձ մինչև ո՞ւր պիտի տանես:
Իմ կրակը հանգավ, կանգ առ:
Կանգ առ, վառեմ: Ահա։ Այդպես:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով