Խաժակ Գյուլնազարյան. Խոստովանություն

«Գարուն», 1972, 1

Վաղուց է, որ հեռախոսի զանգերն այլևս չեն հուզում սիրտս: Ինձ զանգահարում են միայն գործատեղից կամ տնային կառավարչությունից` հերթական ժողովին հրավիրելու:
Հեռախոսը հիմա որդուս է ձայն տալիս` աղջկական քնքուշ ձայնով.
— Ներեցեք, Արային կարելի՞ է:
Ես հանձնում եմ լսափողը և իսկույն դուրս եմ գալիս սենյակից, թող հեռախոսով վիճեն առանց ինձնից քաշվելու:
Հեռախոսը զնգաց: Որդիս, քթի տակ ժպտալով, վերցրեց լսափողը, հետո լրջացավ ու ասաց.
— Քեզ են հարցնում, հայրիկ:
— Լսում եմ,— ասացի դժգոհ:
Մեկը տվեց անունս ու պատասխանիս չսպասելով ասաց.
— Տա՞նն ես, ուրեմն գալիս եմ:
…Ես չէի սպասում նրան: Տարիներ շարունակ ուզում էի ինքս ինձ համոզել, թե մոռացել եմ նրա հայացքը, դեմքը, քայլվածքը, ամեն ինչ:
Բայց ահա բարևել է կնոջս ու որդուս: Նրանք քաշվել են` մեկը խոհանոց, մյուսն իր սենյակը: Նա նստել է իմ դիմաց, սեղանի հակառակ կողմում, ծխում է ու արագ-արագ թարթում աչքերը` երևի հուզմունքը զսպելու համար:
Մենակ է: Մենակ ես նրան առաջին անգամ եմ տեսնում և, զարմանալի է, նրա կոկորդը սեղմելու ցանկություն չունեմ:
Բայց ինչո՞ւ է եկել: Ջեմմայի հետ ամուսնանալուդ հետո կարող էր և չգիտեմ ինչու չեկավ հր հաղթանակը տոնելու: Իսկ հիմա… Չէ՞ որ անցել է քսանհինգ տարի, և հնացել ենք երեքս էլ. ես, որ հնանալու ավելի շատ պատճառներ ունեցա, Ջեմման, որ վաղուց է ներկում մազերը և գլխին առաջվա գանգուր ոսկեփայլը չունի, և նա` բժշկության դոկտոր Հարություն Ասլամազյանը, որ մի ծառի վրա եղած ընկույզներից շատ կոչումներ ու աստիճաններ ունի և մեր քաղաքի «տեսարժան վայրերից» մեկն է:

Մեր թշնամությունն սկսվեց տասներորդ դասարանում: Ես Թումանյանի մասին ռեֆերատ գրեցի, ընկեր Նինան Հարությունյանին ընդդիմախոս նշանակեց: Ես վատ գրեցի ռեֆերատը, քանի որ գիշերները ապրանքային կայարանում վագոն էի

դատարկում և ավելի շատ մտածում էի քնելու մասին, քան բանաստեղծության:
Հարությունը հեշտ ապացուցեց, որ հիմնական մտքերը թխել եմ երկու հայտնի քննադատների գրքերից: Հետո իր եզրահանգումն արավ, ինձ համար շատ վիրավորական եզրահանգում, որն ինձ ավելի վիրավորեց, քանի որ բոլորի հետ միասին սրտանց քրքջաց նաև Ջեմման:
Ես ուժեղ էի, բայց Հարությունին ծեծել չէի կարող: Կարծում էի, որ ամենաքիչը հորս կազատեն աշխատանքից: Հայրս Հարությունի հոր վարորդն էր: Ես Հաոությունին ծաղրել էլ չէի կարող: Ես քիչ էի կարդում, այն էլ միայն հայերեն, մինչդեռ նա տիրապետում էր նաև ռուսերենի, իսկ Հայկն ասում էր, թե Հարությունի մայրը որդու համար գերմաներենի ուսուցիչ էր վարձել: Այն տարիներին ոչ թե անգլերենը, այլ գերմաներենն էր տարածված բարձրաշխարհիկ ընտանիքներում:
Բայց ես չէի կարող նաև կուլ տալ վիրավորանքը: Հարությունի կրկնակոշիկները մեխեցի հատակին: Դասերից հետո հագավ, ուզում էր շարժվել, տապալվեց: Աղջիկները ծիծաղեցին: Ես գոհ էի, բայց նա հանգիստ վեր կացավ տեղից և արհամարհանքով ասաց.
— Եվ, այնուամենայնիվ, քո ռեֆերատում սեփական ոչինչ չկար:
Հետո դպրոցն ավարտեցինք:
Մայրս, որ անընդհատ հիվանդ էր, անպայման ուզում էր, որ ես բժիշկ դառնամ ու քանի որ ես ուրիշ հակում էլ չունեի, դիմումս տարա բժշկական ինստիտուտ:
Արդեն հանձնում էի ընդունելության քննությունները, երբ իմացա, որ Հարությունն ու Ջեմման էլ են որոշել աշակերտել Հիպոկրատին:
Ամեն ինչի մեղավորը քիմիայի դասախոս Բոշնաղյանն էր: Հավանաբար իմ կյանքն ուրիշ կլինեի, եթե այդ դասախոսն այդքան բարի չլիներ: Ջրի ֆորմուլան բավական եղավ, որ նա ինձ «բավարար» նշանակի և այդ «բավարարը» բավական եղավ, որ ինձ ընդունեն:
Միևնույն կուրսում էինք, և քանի որ Ջեմման ամեն օր աչքիս առաջ էր, ես կրկին այն խաբկանքն ունեի, թե մանուկ Դավթի նման նա կշփոթի շիկացած ածուխն ու ոսկին և ձեռքը շիկացած ածուխին կտանի:
Սիրում էի, ախ, ինչպես էի սիրում: Այդ սերն էր պատճառը, որ ինստիտուտում ամենալայն շալվարն ու «ամենագեղեցիկ» (այսինքն երեսները ծակ-ծակ) կիսակոշիկներն իմն էին:
Բայց Ջեմման թլոր Դավիթ չէր և ոսկին ջոկում էր շիկացած ածուխից: Նա Հարությունի հետ կինո էր գնում, մինչդեռ ինձ հետ երևի դրախտ էլ չէր գնա:
Մի զգացումն էլ կարող էր ճկել ինձ նման մարդուն, էլ ուր մնաց, որ սարից իջնող հեղեղների նման դրան խառնվում էին երկրորդը, երրրորդը, չորրորդը… խանդը, ատելությունը, վրեժի զգացումը…
Իսկ բոլորի կարծիքով ես քարանձավաբնակ չէի: Այդպես էին մտածում նաև Ջեմման ու Հարությունը և ընկերություն էին անում ինձ հետ: Ես էի, որ Ջհմմային դուրս բերեցի ինստիտուտի դիարանից, երբ առաջին օրը նա քիչ մնաց ուշաթափվեր: Հետո ես էի, որ Հարությունի փոխարեն ծեծ կերա, երբ մեկն սկսեց սիրահետել Ջեմմային, այսպիսի մեկը, որի հայրիկը Հարությունի հոր վարորդը չէր:
Կռիվը Հարությունն սկսեց պուրակում: Իսկ երբ ինձ արդեն ծեծում էին, Հարությունն ու Ջեմման չկային: Հաջորդ օրը Հարությունն ինձ բացատրեց, որ Ջեմմային չէր կարող թողնել «գզվռտոցի» մեջ, որ ինքն շտապել է Ջերմային տուն հասցնել և իսկույն վերադառնալ: Իսկ որ չի վերադարձել` մեղավորը Ջեմման է.
— Պատկերացրու, փաթաթվել էր, թե չեմ թողնի, քեզ այդ խուլիգանները կդանակահարեն…
Միանգամայն ընդունելի էր պատճառաբանությունը: Ես պատրաստ էի հավատալ, պատրաստ էի մոռանալ բերանիս դառնահամը, եթե գոնե այդ օրը նա զսպեր սրամտելու ցանկությունը, եթե բոլորի մոտ հանկարծ չասեր, որ աչքերիս տակ «վառված» կապույտ «լապտերները» չտեսնված սազում են ինձ, և եթե Ջեմման էլ սրտանց չծիծաղեր…
Այդ գիշեր ես չքնեցի: Չգիտեմ ինչ էի մտածում: Պարզ հիշում եմ միայն մի հատիկ զգացում, անիծում էի ինքս ինձ, որ քարանձավաբնակ չեմ, որ չեմ կարող Հարությունին սպանել, քանի որ չեմ կարող աշխարհին բացատրել, թե ինչու եմ այդքան զգայուն «անմեղ» կատակի նկատմամբ:

Մորս բժիշկ էր հարկավոր, և ես ատամ-ատամի տված ավարտեցի ինստիտուտը: Սովորելու վեց տարվա ընթացքում դժգոհությանս միակ արտահայտությունն այն եղավ, որ նրանց հարսանյաց հանդեսին չներկայացա, թեև կուրսի ավագին մուծեցի փայավճար հինգ ռուբլին, երբ փող էին հավաքում նորապսակների համար բյուրեղապակյա անպետքություն առնելու:
Դարձա բժիշկ:
Եվ ինչ լավ էր, որ փայլուն սովորող չէի, թե չէ ինձ էլ, Հարությունի նման, կպահեին ինստիտուտի ասպիրանտուրայում:
Ինձ մի հեռավոր գյուղ ուղարկեցին:
Ազնիվ խոսք, մեկնելու օրն իմ երիտասարդության առաջին երջանիկ օրն էր, թեև լացակումած մայրս թոնթորում էր, թե «իրավունք չունեն մինուճարին ծնողներից բաժանելու»:
…Առաջին վիրահատությունը: Կույր աղիք կտրեցի: Հիմա սարսափով եմ հիշում: Ինչպես էր, որ չմեռավ տասնութամյա գրադարանավարուհին, և ինչպես չմեռա ես ինքս: Հաջորդ գիշեր ծնվեց գրասենյակի քարտուղարուհու առաջին երեխան, և, իհարկե, ես ընդունեցի ծնունդը: Քարտուղարուհին ամաչում էր երիտասարդ տղամարդ «տատմորից», ես ամաչում էի նրանից, և, այնուամենայնիվ, փոքրիկ Զավենը չմեռավ:
Ուրիշ է գյուղական բժիշկը, մանկաբարձ, մանկաբույժ, թերապևտ, վիրաբույժ, ախտաբան, երբեմն նույնիսկ դեղագործ: Ուզում ես հազար անգամ մեռիր, սարսափից չռվեն աչքերդ ու ձեռքերդ էլ դողան, մեկ է, Վազգենը պիտի ծնվի, Մարտիրոսի ատամը պիտի քաշես, պիտի հեռացնես գրադարանավարուհու կույր աղիքը…
Անցնում են օրերը, ամիսները, տարիները… Ձեռքդ վարժվում է, սարսափդ աստիճանաբար մարում: Հետո սկսում են սիրել քեզ միամիտ, անճոռնի «գյուղավարի»: Մի հարսանիքում մազմզոտի մեկը խմում է կենացդ ու փաթ ընկնող լեզվով աշխարհին բացատրում.
— Մեր բժշկի նման Երևանում էլ չկա: Բժիշկ ջան, հոգաչափ շնորհակալ ենք, աստված քո արու զավակը պահի…
Զավակը, այո, զավակը, քանի որ քաղաքից եկած մորդ թոռ է հարկավոր և գրադարանավարուհի Լուսիկն էլ «աստծուն փառք, հրաշալի աղջիկ է»: Անցնում են օրերը, ամիսները, տարիներդ… Տարին մի անգամ մեկնում ես մայրաքաղաք` բժիշկների վերապատրաստման կուրսերում սովորելու: Համբավդ, ոչինչ, բավական տարածվել է, արդեն մայրաքաղաքում էլ քեզ բանիմաց բժիշկ են համարում: Ու մի օր էլ ծանոթ պրոֆեսորն ասում է.
— Իմ կլինիկայում օրդինատորի տեղ կա: Մինիստրությունում դեմ չեն…
Իսկ Լուսիկն այն կարծիքին է, որ Արայի, այսինքն տղայիդ համար քաղաքի անգլիական թեքումով դպրոցն ուղղակի անհրաժեշտ է:
Նորավարտ երիտասարդն ընդունում է քո բացած հիվանդանոցը, իսկ դու անկեղծ հուզմունքի արցունքներով հրաժեշտ ես տալիս մազմզոտ բարեկամներիդ…

Նա նստել է իմ դիմաց, սեղանի հակառակ կողմում, ծխում է ու արագ-արագ թարթում աչքերը` երևի հուզմունքը զսպելու համար…
Երկար ժամանակ չեմ հասկանում ասածը, չէ՞ որ հուզվելու համար ես էլ պատճառներ ունեմ:
Նա ինձ մեծարում է` ասելով «սիրելի կոլեգա»: Հետո ասում է, որ ոչ թե իր, այլ Ջեմմայի անունից է խնդրում: Ինքն, օրինակ, այն կարծիքին չէ, թե բժշկական ինստիտուտը հենց նոր ավարտած որդու` Գարիկի համար դժբախտություն է երկու տարով բանակ մեկնելը…
Ես նորակոչիկներին քննող բժշկական հանձնաժողովի նախագահն եմ:

Գարիկը միանգամայն առողջ էր և գնաց բանակ: Ինքը դժգոհ չէր:
Ես հոգիս չծախեցի:
Բայց սովորեցրեք ինձ, աստծո սիրուն, ինչպես հավատացնեմ աշխարհին, իմ մեծանուն կոլեգային և… Ջեմմային, ինչպես հավատացնեմ, որ Գարիկի բանակ մեկնելը կապ չունի ոչ երբեմնի անպատասխան սիրո, ոչ խանդի և ոչ էլ, առավել ես, վրեժի զգացման հետ…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով