Մեծ գիտաժողով Ղափանում

«Գարուն», 1972, 1

«Գարունի» 1971 թվականի 10-րդ համարում տպագրեցինք մեր աշխատակից Մարգո Ղուկասյասի հարցազրույցը` «Ղափան, Քաջարան, այսօրվա և վաղվա պրոբլեմներ» թեմայով:
Մեկ ամիս անց, նոյեմբերին, Ղափանում տեղի ունեցավ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի գիտաժողովը` նվիրված Սյունիքի բնական պաշարների հետազոտման խնդիրներին։ Քանի որ քննարկվող հարցերը մեծ մասամբ առնչվում էին «Գարունի» 10-րդ համարում արծարծված պրոբլեմներին, ուստի խմբագրությունը անհրաժեշտ համարեց ընթերցողների ուշադրությանը ներկայացնել զեկուցումների համառոտ շարադրանքը:

Քաղաքի և քաղաքացիների համար արտակարգ օրեր էին։ Հարգարժան հյուրերի պատկառելի մի խումբ էին հյուրընկալելու և հնարավորություն էին ստեղծելու, որ ծրագրով նախատեսված գիտական աշխատանքը կանոնավոր ընթանա։ Ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է մեծ արժանապատվությամբ անել ինչպես և արեցին Ղափան քաղաքի բնակիչները։
Մասնակիցներն էին` ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտներ Սերգեյ Մերգելյան, Անդրանիկ Իոսիֆյան, ակադեմիկոսներ Հովհաննես Մաղաքյան, Արաքսյա Բաբայան, Սարգիս Մկրտչյան, Հրաչյա Բունիաթյան, Արմեն Նալբանդյան, Մանվել Մանվելյան, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամներ Վազգեն Չալոյան, Համլետ Ալեքսանյան, Էմիլ Միրզաբեկյան, Արտաշես Քարամյան, Արմեն
Գալոյան, ՀՍՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ Սուրեն Մովսիսյան, գիտությունների ակադեմիայի և Մինիստրների սովետին կից գիտահետազոտական ինստիտուտների դիրեկտորներ, լաբորատորիաների վարիչներ, ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի մինիստրության աշխատակիցներ, Ղափանի կուսակցության շրջկոմի ղեկավարներ, ինժեներներ, երկրաբաններ…
Զարմանալի ոչինչ չկա, եթե ասենք, որ քաղաքի պատանիներն ու երիտասարդները հյուրանոցի կողքից անցնելիս դանդաղեցնում էին քայլերը և, ավելի հաճախ` կանգնում նշանավոր գիտնականներին տեսնելու հույսով։ Եվ նրանք ուրախության ու հպարտության շատ պահեր ունեցան, որովհետև ակադեմիկոսները և սեսիայի մյուս մասնակիցները նիստերից ազատ ժամերին շրջագայեցին քաղաքում, դիտեցին նորակառույցները, զմայլվեցին հեռվից շողացող լեռնագագաթների պայծառ ճերմակությամբ և, ամենակարևորը, բարձր գնահատեցին քաղաքի բնակիչների կիրթ վարվեցողությունը։
Եվ, երեք օր անց, գիտաժողովի ավարտից հետո, ղափանցիները հարգանքով ճանապարհեցին իրենց հյուրերին։

***
«Այսօր Սյունիքի հանքային հանածոների ճիշտ օգտագործման խնդիրն է դրված, որից և կախված է մեր հանրապետության տնտեսական մի խումբ կարևոր հարցերի լուծումը: Սակայն մենք պետք է նկատի ունենանք, որ այսօր տեխնիկական հարցերը և տնտեսական խնդիրները առանց գիտական խոր մոտեցման հնարավոր չէ լուծել: ՍՄԿԿ 24-րդ համագումարի ուղենիշ ընդունելով, մենք հայկական ակադեմիայի աշխատակիցներս, պետք է ամեն ինչ ներդնենք այդ կարևոր խնդիրներն, ընդհանրապես, և մեր հանրապետության տնտեսական խնդիրների, մասնավորապես, ճիշտ լուծելու համար:
Ինչո՞ւ է ակադեմիայի գիտաժողովը Զանգեզուրում անցկացվում. որովհետև այսօր դրված է այս շրջանի քաղաքաշինության, աշխատանքային ուժերի ճիշտ оգտագործման, հանքային հանածոների պաշարների հետազոտման և տեղի արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման հարցերը». այս համառոտ խոսքով սեսիան բացեց ակադեմիկոս ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆԸ, որի նախագահությամբ և անցան բոլոր նիստերը։
Գիտությունների ակադեմիան Ղափան քաղաքը երկրրոդ անգամ է ընտրում որպես իր սեսիայի նստավայր։ Ողջունելով նիստի մասնակիցներին, կուսակցության Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար ընկ. Ռաֆայել Մինասյանն ասաց. «Տեղի աշխատավորությունը ակադեմիայի վերաբերմունքը ընդունում է իբրև հատուկ գնահատական, որի համար և բոլորի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում»։ Այնուհետև նա ասաց, որ նախորդ` 1965 թվականի ամռանը կայացած գիտաժողովից հետո, շրջանում նշանակալից փոփոխություններ են կատարվել։ Վերակառուցվել է քաղաքը, գյուղերը շրջկենտրոնին կապող նոր ճանապարհներ են բացվել, Ղափան են տեղափոխվել ակադեմիայի կիբեռնետիկայի և նյութագիտության լաբորատորիաները, բացվել են սպասքաշինական գործարանի նոր մասնաճյուղեր…

***
«Մենք ապրում ենք արդյունաբերության զարգացման դարաշրջանում: Այսօր մեր հանրապետության եկամուտի 70 %-ը արդյունաբերությունից է ստացվում. բնականաբար, բնակչության մեծ մասն ընդգրկված է այդ աշխատանքում: 2000 թվականին 1970 թվականի համեմատությամբ բնակչությունը կավելանա: Եվ ահա այսօր մենք պետք է մտածենք արդյուսաբերական ձեռնարկների ճիշտ տեղաբաշխման մասին, որպեսզի հետագայում խոշոր քաղաքներում մարդկանց մեծ կուտակումներ չառաջանան: Այդ հարցի ճիշտ լուծման ուղիներից մեկը՝ Սյունիքամ արդյունաբերական մեծ թվով հիմնարկների տեղադրումն է».— ասաց ՀՍՍՀ Մինիստրննրի սովետի նախագահի առաջին տեղակալ ընկ. Սուրեն Մովսիսյանը:
Հրազդանում և Աբովյանում, հանրապետության համեմատաբար այդ փոքր քաղաքներում, վերջին մի քանի տարվա ընթացքում արդյունաբերության արտադրանքն աճել է 3 և ավելի անգամ, մինչդեռ Երևանում, Լենինականում և Կիրովականում համեմատական կարգով պակասել է։ Ահա գործնական քայլերից մեկը։
Առաջիկա հինգ տարում հանրապետության արդյունաբերության մեջ մեծ տեղաշարժեր են նախատեսվում։ Ավարտվելու է Հրազդանի լեռնաքիմիական գործարանի, Զոդի ոսկու կոմբինատի կառուցումը, ծավալվելու են քիմիական արդյունաբերությունը, միկրոբիոլոգիայի ասպարեզում կատարվող հետազոտությունները, դեղագործությունը. 43 տոկոսով ավելանալու է շինանյութերի արտադրանքը… Ուժերի մեծ լարում և գիտական մոտեցում կպահանջվի մեզնից` այս պլանները կյանքի կոչելու համար։
Ղափանում, Սիսիանում և ընդհանրապես Սյունիքի մյուս շրջաններում ի՞նչ հեռանկարներ կան։
Առաջին և կարևոր խնդիրը, որին պետք է անդրադառնալ, այս շրջանի հանքավայրերի ուսումնասիրությունն է։ Կարեչի է ասել, որ այս ասպարեզում շրջանը դեռևս խոպան է և հետազոտման մեծ կարիք ունի։
Իններորդ հնգամյակում ի՞նչ պլաններ կան գունավոր մետալուրգիայի մշակման վերաբերյալ։ Նախ և առաջ պետք է ինչպես հարկն է հետազոտել, ի հայտ բերել եղած պաշարները։ Սա վերաբերում է և՛ Դաստակերտին, և՛ Ագարակին, և՛ Ղափանին ու Քաջարանին։ Ճիշտ չէ, երբ կորզվում է հարուստ հանքը և աչքաթող արվում համեմատաբար աղքատը։ Շահագործում ը պետք է կատարվի հավասարաչափ. այս դեպքում միայն հանքի կյանքը կարելի է երկարացնել։
Մոլիբդենը արտահանվում է. մինչև այժմ այսպես է եղել։ Սակայն մենք շատ կշահենք, եթե տեղում մշակվի արտահանվող մոլիբդենի գոնե կեսը. ահա կարևոր խնդիր, որի մասին խոսվեց այստեղ։ Ռենիում, սելենիում, թելուր… թանկարժեք մետաղների մի խումբ, որոնց մշակման համար անհրաժեշտ է նոր տեխնոլոգիա։ Մի՞թե կարելի է հաշտվել այն մտքի հետ, որ մինչև հիմա հանքից չեն կորզվել այնպիսի թանկարժեք մետաղներ, ինչպիսիք են կադմիումը, գերմանիումը, բիսմուտը։
Ինչպես հայտնի է, պղնձի խտույթը ուղարկվում է Ալավերդի` մշակման։ Պղնձի մշակման համար նույնպես պետք է տեղում հնարավորություն ստեղծել։ Ալավերդուց հետո պղնձահալման երկրորդ կենտրոնը Հայաստանում Զանգեզուրն է լինելու։
Իսկ ինչպե՞ս վարվել պոչի հետ։ Չպետք է մոռանալ, որ պոչը կիսաֆաբրիկատ է, որից կարելի է օգտակար շատ բան պատրաստել, ասենք, օրինակ, ալյումին, ապակի և այլ նյութեր։
«Հանքի համակողմանի մշակում. և միայն այս: Ահա թե մեր գիտնականների ուշադրությունը ինչի վրա պետք է սևեռել»,— իր զեկուցման վերջում ասաց ընկ. Մովսիսյանը։

Սյունիք` Ղափան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ազիզբեկով, Եղեգնաձոր. Հայաստանի տարածքի մեկ քառորդն է գրավում։ Այստեղ է կուտակված մեր հանքավայրերի մեծ մասը. պղինձ, մոլիբդեն, ոսկի, մանգան, սնդիկ… Սյունիքը ոչ միայն հանրապետության, այլև միութենական մասշտաբի հանքավայր է, և սա պարտավորեցնում է մեզ` այս շրջանը զարգացնել և հասցնել այնպիսի վիճակի, որտեղ հնարավոր լինի գիտահետազոտական լայն աշխատանք կատարել, հանքային հանածոների պաշարները հայտնագործելու և, ինչպես հարկն է, մշակելու համար,— իր զեկուցման սկզբում ասաց գիտությունների ակադեմիայի երկրագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ընկ. Հովհաննես Մաղաքյանը:
Պղնձի և մոլիբդենի առկայության մասին բոլորը գիտեն։ Սակայն դրան զուգահեռ կան նաև նոր հանքավայրեր, որոնց մասին Սյունիքի երկրաբանական բազաները և արշավախմբերը նոր տվյալներ են ստացել. երկաթ և ոսկի. ահա մետաղներ, որոնք չեն զիջում պղնձին ու մոլիբդենին։ Երկաթի որակյալ հանքեր կան Գորիսում։ Երկաթ կա նշանավոր Տաթևի վանքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Սվարանց գյուղում։ Հարուստ հանքավայր է Սվարանցը, որը երկաթից բացի պարունակում է 1-2 տոկոս տիտանի փոխանակ` վանադիում։ Վերջինս բարձրացնում է հանքի որակը և հնարավորություն տալիս ստանալ վանադիումի պողպատ։ Սվարանցում կարելի է երկաթի խտույթ ստանալ և տեղում մշակել։
Ակադեմիկոս Մաղաքյանը նշեց նաև Տաթև-Ղափան երկաթուղու կառուցման մասին և հայտնեց այն կարծիքը, որ դա անհրաժեշտ է Սվարանցից հանքը տեղափոխելու համար։ Նա վստահեցրեց, որ միայն երկաթուղին հնարավորություն կտա Հայաստանում սև մետալուրգիայի հիմքը դնելու։
Ոսկին Զանգեզուրի համար նոր մետաղ է։ Նոր են նաև մանգանն ու սնդիկը։ Ընկեր Մաղաքյանը սիրով խոսեց վերոհիշյալ մետաղների հանքավայրերը հետազոտող մի խումբ երիտասարդ երկրաբանների մասին։ Նրանք մեծ մասամբ Գորիսի շրջանից են և չափազանց արժեքավոր հետազոտական աշխատանք են կատարում հենց իրենց հայրենի բնաշխարհում։ Մանգանի հանքերն, օրինակ, հետազոտել է նրանցից մեկը` քարահունջցի Ժորա Թունյանը։
Սեսիայի մասնակիցների ուշադրության կենտրոնում էր Դաստակերտի հանքավայրը։ Խոսվեց այն մասին, որ Դաստակերտը սկսեցին մշակել առանց լայն հետազոտություն կատարելու և արդյունքը եղավ այն, որ հանքի հարուստ մասը, այսպես ասած սերուցքը, կարճ ժամանակում անխնա ծախսվեց, աչքաթող արվելով համեմատաբար աղքատ մասը։
«Մանրակրկիտ և բազմակողմանի հետազոտություն. ահա թե այսօր մեր` երկրաբաններիս առջև ինչ խնդիր է դրված: Մանրակրկիտ հետազոտությունից հետո` հանքի համակողմանի մշակում: Հանքից կորզել այն ամենը, ինչ բնությունը պարգևել է մեզ: Շռայլությունը, այսինքն հանքից միայն տվյալ պահին անհրաժեշտ մետաղը վերցնելը, իսկ մյուսները որպես պոչ թափելը, բնության նկատմամբ աններելի հանցանք է», իր խոսքն այսպես վերջացրեց ակադեմիկոս Մաղաքյանը:

***
Իր զեկուցման մեջ ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի դիրեկտոր, ակադեմիկոս Սարգիս Մկրտչյանը շեշտը դրեց դարձյալ հանքավայրերի բազմակողմանի մշակման և հումքի լիարժեք օգտագործման վրա։
Քաջարանը մեծ պաշարներ ունի։ Անհատնելի պաշարներ, (թեև անհատնելի ոչինչ չկա—խմբ.)։ Բնությունը առատաձեռն է գտնվել մարդու հանդեպ, սակայն հարցն այն է, թե արդյոք մարդը խղճի մտոք է վերցնում բնությունից։ Մարդն իրավունք կունենա այս հարցին դրական պատասխանելու այն ժամանակ միայն, եթե բնության ստեղծածը բարեխղճորեն оգտագործի։ Դեն նետելու ոչինչ չկա։ Պետք է կորզել խնամքով, ծրագրված, պետք է կորզել ամեն ինչ։ Պղնձի և մոլիբդենի կարիք երկիրը դեռ երկար ժամանակ կունենա։ Իսկ այդ կարիքը բավարարելու միակ ուղին ակադեմիկոս Մկրտչյանի կարծիքով հնարավորին չափ հանքից մեծ տոկոսով մաքուր մետաղ վերցնելն է։

***
Քաջարանը` Քաջարան է իր մասշտաբներով ու հարստությամբ։ Գիտնականներն այսպես դիպուկ բնորոշեցին այդ հզոր հանքավայրը։ Եվ իզուր չէր, որ Քաջարանը սկզբից մինչև վերջ ուշադրության կենտրոնում մնաց։ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի դիրեկտոր ընկ. Ֆրունզե Պետրոսյասն ասաց, որ «այսօր մենք չենք առաջնորդվում «տալ ինչքան հնարավոր է և տալ բոլոր հնարավոր միջոցներով» բանաձևով։ Այսօր մենք փնտրում ենք հանքն օգտագործելու արդյունավետ միջոցներ։ Կոմբինատի դիրեկտորը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հարցին, որ հանքարդյունաբերության մեջ պետք է լայնորեն ներդրվեն կիրառական մաթեմատիկայի նվաճումները։ Ինչքան էլ տխուր է խոստովանելը, համենայն դեպս փաստ է, որ այսօրվա դրությամբ արդյունաբերության մեջ դեռ չեն ներդրված հաշվար մեքենաները։
«Չնայած արդեն ասվեց, բայց ես նույնպես ուզում եմ նշել, որ Սյունիքը մեր հանրապետության հումքի հիմնական բազան է: Այս իսկ տեսակետից ներկա վիճակում Սյունիքը զարգացման մեծ հնարավորություններ ու հեռանկարներ ունի». ասաց Հայաստանի Պետպլանի տնտեսագիտության ու պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտոր ընկ. Մուշեղ Ադոնցը: Սակայն այս հնարավորությունները Սյունիքը ունեցել է նաև անցյալում։ Ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ արդյունաբերական տեսակետից Սյունիքը մեր հանրապետության համեմատաբար թույլ զարգացած շրջանն է։
Չկա երկաթուղի, չկան շրջաններն իրար կապող լավ ավտոճանապարհներ։ Չկան անհրաժեշտ այլ կոմունիկացիաներ։
Մի քանի տարի առաջ նույնը կարելի էր ասել Սևանի շրջանի մասին։ Սակայն երկաթուղին և ստեղծված կոմունիկացիաները մեծ հնարավորություն ստեղծեցին Սևանի շրջանի զարգացման համար։ Առաջիկա տասը տարում Սևանի շրջանը առավել ուժգին թափով կզարգանա։ Եվ դա, առաջին հերթին, շնորհիվ երկաթուղու։ Եվ, քանի որ Սյունիքում չկա երկաթուղի և բավարար որակի ավտոուղի, ուստի գյուղատնտեսության ու արդյունաբերության զարգացումը տուժում է։ Ահա այստեղից էլ բնակչության կենտրոնացումը շրջկենտրոններում և արտահոսքը այլ քաղաքներ ու շրջաններ։
Ընկեր Ադոնցը սեսիայի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց բանվորական ուժի ճիշտ օգտագործման վրա։ Նա բերեց Տաթև և Շամբ հիդրոէլեկտրակայանների կառուցման oրինակը։ Երկու օբյեկտներում էլ բանվորական հիանալի կոլեկտիվներ էին ստեղծվել։ Սակայն շինարարության ավարտից հետո նրանք ստիպված եղան թողնել իրենց համար կառուցված ավանը և ցրվել, որովհետև աշխատանքի այլ հնարավորություն չկար։ Ուրեմն` հիդրոկայանի հիմնադրման հետ միաժամանակ պետք էր հիմնադրել նաև այնպիսի ձեռնարկ, ուր հետո շինարարները և բնակչության աշխատունակ մյուս մասը աշխատելու հնարավորություն ունենար։ Ընկեր Ադոնցը նշեց, որ իրենց ինստիտուտը մինչև հիմա աչքաթող արած այս խնդիրների վրա այժմ մեծ ուշադրություն է դարձնում։
Ջրի խնդիրը։ Խոսել Սյունիքի զարգացման հեռանկարների մասին և մոռանալ ջուրը, անհնար է։ Ինչ որ կառուցում են, ինչ որ ծրագրում են, պետք է նախօրոք հաշվարկեն մեր ունեցած ջրի հնարավորությունները։ Ճիշտ է, մեր հանրապետությունում ջուրը ընդհանրապես քիչ է, բայց արդյոք եղածը մենք լիարժեք օգտադործո ւմ ենք:
Զանգեզուրի շրջանում համեմատաբար ջուր շատ ունեն Սիսիանը և Դարալագյազը, ավելի քիչ Ղափանը, ապա Մեղրին։ Երաշտի տարիներին Ղափանում խմելու ջրի պակաս է զգացվում։ Առաջիկայում Ղափանում խմելու ջրի պահանջը կբավարարվի։ Սիսիանի շրջանի Զոռ-Զոռ աղբյուրի հորդահոս ջրերը տեղափոխվելու են Ղափան։
Ոռոգման հարցը։ Ծրագրված է ոռոգելի հողերի տարածությունները մեծացնել։ Հատկապես լեռնային շրջաններում։ Այսօր մենք մեծ հնարավորութ յուններ ունենք լեռնային շրջաններում ոռոգման ցանց ստեղծելու և գյուղատնտեսությունը զարգացնելու։ Սա անհետաձգելի հարց է։ Եվ վրիպելու դեպքում, կրած վնասները վերականգնելը անհնարին կդառնա։
Ջրամբարների կառուցում և ջրի կրկնակի օգտագործում. այս երկու հարցերը չի կարելի ուշադրության կենտրոնից դուրս թողնել և միաժամանակ` խուսափել ջրատար արդյունաբերական կենտրոնների տեղադրումից։ Մերձքաղաքային տիպի գյուղատնտեսություն. ահա քննարկվող խնդիրներից մեկը։ Ղափանին այսօր դա անհրաժեշտ է օդ ու ջրի պես։ Եվ ոչ միայն Ղափանին։ Բնակչությանր պետք է մատակարարել թարմ միրգ և բանջարեղեն։ Այն ամենը, ինչ նշվեց այս գիտաժողովում, կարելի է իրականության վերածել միայն ինֆրաստրուկտուրա ստեղծելու դեպքում, այսինքն` ունենալ երկաթուղի, գազամուղ, ավտոուղի, բուհ, տեխնիկում, հանգստյան տների ցանց, երաժշտական դպրոցներ…

***
Սյունիքի բնական պաշարների հետազոտման խնդիրներին նվիրված գիտաժողովում ուրիշ շատ հետաքրքրական զեկուցումներ և հաղորդումներ եղան։ Գիտությունների ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի դիրեկտոր, ակադեմիկոս Մանվել Մանվելյանն ասաց. «Այժմ քիմիկոսներն աշխատում են մշակել այնպիսի միջոց, ստեղծել այնպիսի համապատասխան լուծույթներ, որոնք հնարավորություն կտան կոմբինատ մտած հանքաքարից զտելու այն ամենը, ինչ նա պարունակում է»: ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության նախագծային ինստիտուտի գլխավոր մասնագետ Վիլլիի Բակունցը զեկուցեց, թե ինչպես կարելի է օգտագործել Սյունիքում եղած դիատոմիտներր և տնտեսական ինչ օգուտ կարելի է ստանալ դրանից։
Մեծ հետաքրքրությամբ լսվեցին գիտությունների ակադեմիայի Զանգեզուրի բաժանմունքի կիբեռնետիկայի լաբորատորիայի վարիչ Էդվարդ Հովհաննիսյանի գիտական հակիրճ հաղորդումը լեռնահանքային արտադրության մեջ հաշվար տեխնիկայի ներդրման մասին, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թափանի նյութագիտական բաժնի լաբորատորիայի վարիչ Տաճատ Ավանեսյանի զեկուցումը` Ղափանում արհեստական մետաքսաթել արտադրելու մասին, Դաստակերտի կոմբինատի գլխավոր ինժեներ Լևոն Մաղաքյանի հաղորդումը Դաստակերտի հանքատեղի օգտագործման հեռանկարների, պաշարների հետազոտման և հանքահարստացուցիչ ֆաբրիկայի հիմնովին վերակառուցման անհրաժեշտության մասին։

***
Տարիներ շարունակ Հայաստանում շահագործվող հանքավայրերում հողի և բուսական ծածկույթի վերականգնման ասպարեզում գործնական ոչինչ չի արվել կամ` համարյա չի արվել։ Մինչդեռ, եթե խորանանք այս հարցում, ապա կտեսնենք, որ այդ ինչպիսի մեծ վնաս է հասցնում ժողովրդական տնտեսությանը։ Ղափանի գիտաժողովը առանձնահատուկ էր նաև նրանով, որ այնտեղ լսվեց ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի մինիստրության գլխավոր վարչության պետ ընկեր Մաալկինի զեկուցումը, որի վերջում նա կանգ առավ նաև վերը հիշված խնդրի վրա։ Նա ասաց, որ հատուկ կետ է մշակվել և գումար հատկացվել հանքավայրերը մշակելուց հետո անպետքացած հողերի վերականգնման համար։ Նա հատկապես կանգ առավ այն հարցի վրա, որ խստորեն պետք է հետևել և ամեն գնով պարտադրել, որպեսզի իրագործվեն բուսածածկույթի և հողի լիարժեք վերականգնումը։
Գիտություների ակադեմիայի սեսիայի մասնակիցները եկան այն եզրակացության, որ առաջիկա 10-15 տարում Սյունիքում ամենից առաջ լայն թափ կստանա գիտահետազոտական աշխատանքը, մեծ գործ կկատարվի ֆիզիկատեխնիկական կադրերի պատրաստման գործում, հատուկ հետազոտություն կկատարվի երկաթուղու նախագծման և կառուցման վերաբերյալ, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ…
Ի դեպ, Սյունիքում երկաթուղի անցկացնելու անհրաժեշտության մասին խոսեցին նաև Երևանի գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի դիրեկտոր ընկ. Մակիչ Մալխասյանը, գիտությունների ակադեմիայի նոր տեխնիկայի խորհրդի նախագահի տեղակալ ընկ. Ալիս Մարջանյանը և Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ ընկ. Կորյուն Խուրշուդյանը:
Նրանք մասնավորապես կանգ առան երկաթուղու Ղափան-Քաջարան հատվածի անհապաղ կառուցման անհրաժեշտության վրա, նկատի ունենալով հետևյալը. քանի որ սեսիան առաջարկեց ստեղծել գիտաարտադրական միավորում` այսինքն, միացնել չսրս կոմբինատները` (Քաջարան, Դաստակերտ, Ղափան, Ագարակ), լայնացնել գոյություն ունեցող ֆաբրիկաները և դրանք մասնագիտացնել ըստ բաղադրության` հարուստ, միջակ, և աղքատ։ Հանքը Քաջարանից պետք է երկաթուղով տեղափոխվի այդ ֆաբրիկաներն, ընդ որում նկատի ունենալով ջրի առկայությունը, ավելի մեծ քանակությամբ և ամենաաղքատ հանքը մշակման ուղարկել Ագարակ։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով