Անահիտ Պարսամյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1972, 1

***
Երբ
նեղացնում են ինձ մարդիկ
գնում եմ
հողի մոտ,
Նա բարի է:
Երբ
ցավեցնում են խոսքերը,
գնում եմ
հողի մոտ,
Նա լռում է:
Երբ
դժվարանում է քայլելը
կռանում եմ հողին,
Նա ինձ ուժ է տալիս:

***
Համբերությունն իմ
հեզ ու անտրտունջ
Գնում էր ճամփով,
Գնում էի ես
Նրա ետևից:
Երկար քայլեցինք:
Երկար քայլեցինք:
Հոգնած էր. նստեց,
որ հանգստանա
Ծարավ էր.
մի քիչ ջուր խնդրեց ինձնից:
Ես ջուր չունեի,
Ես նույնիսկ արցունք չունեի,
որ նա
խմեր, հագենար:
Եվ գունատ դեմքով,
շրթունքները չոր ու ճաքճքած,
Նա վեր կացավ լուռ
ու նորից քայլեց:
Հեզ ու անտրտունջ
Գնում էր ճամփով:
Գնում էի ես
Նրա ետևից…

***
Դու ինձ կսիրես, և հետո,
Ես կհառաչեմ երկար:

Դու ինձ կսիրես, և հետո,
Ես լաց կլինեմ երկար:

Դու ինձ կսիրես, և հետո,
Կօրհնեմ քեզ երկար, երկար:

ՆԵՖԵՐՏԻՏԻ
Քեզ շոշափեցին դրամների վրա
Ու կուռքերի մեջ,
Քեզնո՛վ կուրացան,
Սիրահարվեցին,
Նաև ատեցին,
Փառաբանեցին
Նեֆերտիտի, քեզ:
Ու խոնարհվեցին
Ու խոնարհվեցին:
Իսկ այսօր, ահա
Դու մեդալյոն ես դարձել պղնձե,
Եվ քեզ կարող է իր վզից կախել
Ուզածդ գնչուն
Կամ քաղքենուհին,
Եվ քեզ կարող էն ծախել խանութում…
Մեկ ու հիսունով:
Քեզ հանգուցում են բանալու օղին,
Կախում են տանու շնիկի վզից՝
Իբրև թալիսման…
Մինչ դու
Լռում ես,
Ու ոչ քմծիծաղ,
Ոչ արհամարհանք,
Ոչ նույնիսկ դիմակ նահատակվողի,
Դու այս բոլորը
Չե՜ս էլ նկատում
Ո՜վ Նեֆերտիտի…

***
Ես քայլում էի ճանապարհով,
Եվ մարդիկ,
Ինձ հանդիպած մարդիկ
Ասում էին.
— Դու թերևս նստեիր տանը,
Տառապելու համար փոքր ես դեռ:

Ես քայլում էի ճանապարհով,
Եվ մարդիկ,
Ինձ հանդիպած մարդիկ
Ասում էին.
— Լաց լինելու համար դու շատ ես ծեր:

Ես քայլում էի ճանապարհով,
Եվ մարդիկ,
Ինձ հանդիպած մարդիկ
Լռում էին,
Լռում ու նայում էին ցած…

***
Ծաղկած ծառը
Տրվեց քամու փաղաքշանքին,
Ծաղիկները ճերմակ ու նուրբ,
Թռան հեռո՜ւ,
Թռան հեռո՜ւ:
Ես գրկեցի ճյուղերը մերկ,
Ու… խոսք չկար սփոփելու:

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԲՈՒՅՐ
Առավոտը թարմ է,
Պատուհանը՝ բաց,
Նստել է դեռատի աղջիկը սենյակում,
Աչքերը վառվում են,
Շուրթերը դողում են,
Տաք` թպրտում է սիրտը ներսում: Հանկարծ մոտենում է,
Կանգնում հայելու դեմ,
Նայում է, այտն է շոշափում,
Աչքերը վառվում են,
Շուրթերը դողում են,
Տաք` թպրտում է սիրտը ներսում:
Օդում հրեշտակներ կան, հեքիաթ սեր,
Օդում անիրական մի երազ է թևում:
Առավոտը թարմ է,
Պատուհանը` բաց,
Ժպտում է ինքն իրեն աղջիկը
Եվ այտերին ծաղկած տաք արցունքը սրբում…

***
Հիշիր ինձ, արև:
Մի մոռանա ինձ, արև:
Արև: Վերքս համբուրիր:
Եղիր մեծ, արև, եղիր մեծ.
Մահկանացու եղիր:

ՀԻՄՆ ԱՐԵՎԻՆ
Օրն այրի կին է առանց քեզ:
Քեզ են սպասում իմ ծարավ թևերը
Լույսով լվացվելու համար: ֊
Քեզ են սպասում դաշտը,
անտառը, տները:
Քեզ են սպասում առավոտի ստինքները՝
վաղորդյան կաթով լցվելու:
Քեզ են սպասում
գիշերվա տանջահար սավանները:
Օ՜, արև.
Օրհնում եմ աչքերս,
Որ ամեն օր տեսնում եմ քո
խարտյաշ մերկությունը,
Օրհնում եմ ոտքերս,
որ քայլում են քո փափուկ լույսի մեջ:
Օրհնում եմ վարսերս, որ քո տեսքից
հագնում են ոսկեփայլ ծիծաղ:
Օ՜, արև:
Դուրս արի:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով