Ո՞վ է ընթերցողը

«Գարուն», 1968, 7
«Գարուն»-ի խմբագրությունն այս անգամ իր «միկրոֆոնը» տրամադրում է սովետահայ մի շարք գրողների` իմանալու համար, թե ինչ են մտածում նրանք իրենց ընթերցողների մասին։ Համամիտ լինելով և համամիտ չլինելով նրանց պատասխանների որոշ կետերին, խմբագրությունը հակված է կարծելու, որ «ընթերցողի պրոբլեմը» ավելի լուրջ է, քան երևում է առաջին հայացքից։ Այն ժամանակ, երբ ասենք, կինոհանդիսատեսի հազար ու մի սոցիոլոգիական հետազոտություններ են կատարվում, ընթերցողը մնացել է տեսադաշտից դուրս։ Եվ, իսկապես, ով է նա` այդ ընթերցողը, ճանաչո՞ւմ են արդյոք գրողները նրան։ Կարծում ենք, ընթերցողների համար էլ հետաքրքիր կլինի, թե ինչ են մտածում իրենց մասին գրողները։ Ոչ պակաս հետաքրքիր կլինի, անշուշտ, երբ գրողների մասին հարցնենք ընթերցողներին։ Բայց այժմ` վերջինների մասին։
Ահա մեր հարցը.
«Ո՞վ է ժամանակակից ընթերցողը: Ո՞ր կարգի ընթերցողն է գրականության, գնահատման ճիշտ չափանիշը, ո՞ր կարգի ընթերցողին պետք է հավատալ և հաշվի առնել, ինչպիսի՞ն են ընթերցողների հնարավորությունները` կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության, գիտության և տեխնիկայի գարգացման և զբաղվածության մեր դարում, ո՞րն է գաղտնիքը` լավ և վատ գրքերի արագ սպառման և լավ ու վատ գրքերի չսպառման, ինչպե՜ս եք վերաբերվում ընթերցողների նամակներին, քննարկումներին, ինշպիսի՞ն է Ձեր անձնական կապը նրանց հետ: Առհասարակ, ի՛նչ կավելացնեիք` կապված ընթերցման և ընթերցողի պրոբլեմին»:
Տպագրում ենք ստացված պատասխաններից երեքը։

ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ
Ո՞ՒՄ ՀԱՎԱՏԱԼ

Դժվար է բնութագրել ժամանակակից ընթերցողին: Ընդհանրապես գրողը ընթերցողին համարում է մի տեսակ փորձաքար։ Եվ ինչպես փորձաքարը, այնպես էլ ընթերցողը մերթ ճիշտ, մերթ սխալ, մերթ մոտավոր գնահատական է տալիս իր ճաշակին հանձնված գրքին: Լավագույն ընթերցողը գրական բարձր ճաշակ ունեցողն է։
Ո՛չ մի ընթերցող էլ գրականության գնահատման չափանիշ լինել չի կարող։
Եթե ճաշակների քանակական մեծամասնությանն հետևենք, ապա շատ գրքեր կտապալվեն, ու սեքսուալ, դետեկտիվ գրքերի հեղինակները` Ժան Ժենե` (Ֆրանսիա), Ագաթա Քրիստի` (ԱՄՆ) պետք է համարվեն ժամանակակից ամենամեծ գրողները, որովհետև ամենազարգացած մարդկանց էլ դուր են գալիս դետեկտիվ և սեքսուալ գրքերը։ Ագաթա Քրիստիի ընթերցողների քանակը (ըստ արտասահմանյան գրադարանների տվյալների) հասնում է երեք հարյուր միլիոնի. 
և այդտեղ քանի՜-քանի՜ գիտնականներ կան, քանի՜-քանի՜ մեծատաղանդ ու համաշխարհային համբավ ունեցող անուններ…
Բացի ճաշակից, յուրաքանչյուր գրող ունի նաև խառնվածք, և դա մեծ դեր է խաղում գրքերի ընկալման ու գնահատման գործում։ Դյուրազգաց, ջղագրգիռ ընթերցողին դուր չի գալիս խաղաղ պատումը, տեխնիկական կրթության տեր շատ ընթերցողներ ծիծաղում են լուսնի և աստղերի հետ «խաղ անող» բանաստեղծների վրա։ Մեր դարն ուրիշ է, մեր դարը համատարած գրագիտության, տեխնիկայի ու գիտության զարգացման դար է։ Միայն Հայաստանի բնագիտական, տեխնիկական և հասարակագիտական մտավորականության քանակը հասնում է երկու հարյուր հազարի… Ուրեմն գրողը գործ ունի տարբեր մակարդակի գիտելիքների, տարբեր զարգացածության աստիճանի, տարբեր մասնագիտության տեր ընթերցողների հետ։ Անխղճություն է այժմ այս գերզբաղված մարդկանց հաստափոր գրքեր հրամցնելը։
Ընթերցողներ են նաև գրողներն ու քննադատները, գրականագետներն ու բանասիրական կրթության տեր մարդիկ։
Ուրեմն՝ ո՞ւմ հավատալ։
Ասենք, որ գեղարվեստական գրականությունն էլ իր մասնագետներն ունի (ֆիլոլոգները) և պետք է հավատալ նրանց. էլի կարելի է ճաշակի հարց հարուցել ու դժվարացնել ամեն ինչ, բայց իրավունք չունենք նրանց չհավատալու։
Նրանք կարող են ճիշտ գնահատել երկը ելնելով գրականության դերից ու նշանակությունից, գեղարվեստական արժանիքներից ու խոսքի արժեքից։
Այստեղ արդեն մասնագետ ընթերցողի հետ գործ ունենք։
Ինչ վերաբերում է գրքի համար չափանիշ որոշելու հարցին, ապա չե՞ք կարծում, որ այդ չափանիշը մեկը չէ, այլ մի քանիսը, օրինակ, գրքի դաստիարակչական նշանակությունը, գեղարվեստական արժեքը, ճանաչողական նշանակությունը և պատմական արժեքը։
Գրքեր կան, որոնք չդիմանալով վերոհիշյալ չափանիշների քննության, միևնույն է, լայն տարածում են գտնում։ Դրա պատճառը երկի մեջ եղած այն դեպքերի ու տեսարանների առկայությունն է, որոնք խաղում են ընթերցողների զգացմունքների հետ։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ դետեկտիվները, սեքսուալ գրքերը մեծ ընդունելություն կգտնեն երիտասարդների մոտ, կամ էլ էժանագին ազգային զգացումներ գրգտող վեպերը, կամ էլ պետական ու անձնական գաղտնիքներ բացող վեպերը։
Այստեղ ընթերցողի համար արդեն նշանակություն չունի, թե ինչպես են գրել այդ վեպերը, ինչպիսին է հեղինակի ոճը, վարպետությունը, ինչպես են զարգանում կերպարներն ու նրանց բնավորության գծերը։
Անկեղծ ասած` հեղինակից դեպի ընթերցողն է գնում ո՛չ հեղինակի ոճը, ո՛չ գրելաձևը, ո՛չ գեղարվեստական հնարանքները, ո՛չ էլ պատկերների կազմվածքը, այլ ասելիքը, իսկ եթե ասելիքը գրգռիչ է…
Եթե գրողը ասելիք չունի, ապա ընդհանրապես ընկնում է ձևապաշտության, բառային պաճուճանքների, ճոռոմախոսության ետևից: Եվ ո՞րն է կարևորը գրականության մեջ, եթե ոչ ասելիքը…
Շատ հաճախ և հատկապես ասելիքին գրգռիչ բնույթ տալը գրական մի մանևր է, որին հետևում են շատ-շատերը։
Եվ այս գրգռիչ երկերը ավելի շատ ու շատ են սպառվում, քան կյանքով իմաստավորված գործերը։ Սպառման գաղտնիքը, սակայն, միայն դրա մեջ չէ։ Այստեղ գործ ունենք գրքի լավ պրոպագանդման և վաճառողների հետ։ Շատ բան կախում ունի դրանցից։
Գրողի և ընթերցողի փոխհարաբերության մեջ լայն տեղ են գրավում քննարկումներն ու նամակագրությունը։ Դրանք օգտակար երևույթներ են և գրողի, և ընթերցողի համար։ Միշտ չէ, որ գրողը կարող է պատասխանել ընթերցողների նամակներին։ Գոնե ես երբեմն դժվարանում եմ պատասխանել նրանց, երբ հարցը վերաբերում է, ասենք. «Եղեգները չխոնարհվեցին» վեպի հերոսների ճակատագրին, որովհետև կուզենայի որ ընթերցողը մի քիչ հոգներ։ Օրինակ. բազմաթիվ ընթերցողներ ինձ հարց են տալիս, թե ինչո՞ւ վեպում զոհվում են զենքի սիրահար Կարոն, պետականություն երազող Արամը, իսկ վարժապետ Փառենը մնում է կենդանի։ Չէ որ դրանք արևմտահայության ճակատագրի ներկայացուցիչներն են։ Արևմտահայությունը եղեռնից հետո հավերժ կորցրեց իր պետականությունն ու զենքը, հետևապես դրանց ներկայացուցիչները պետք է անհետանան, բայց Փառենը մնում է, որովհետև զենքն ու պետականությունը կորցնելուց հետո արևմտահայությունն աշխարհով մեկ մնում է որպես մշակույթի ու մտքի ներկայացուցիչ, մի պատմության, մի ամբողջ կուլտուրայի ներկայա ցուցիչ։

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Ամեն օր հանրապետության շրջկենտրոններից ու գյուղերից գրադարանավարներ և ակումբավարներ են գալիս գրողների միություն, թե.
— Մի երկու հատ, կամ մի հատ գրող տվեք, տանենք ընթերցողների հետ հանդիպում ունենա… Չէ չասեք, արդեն պլանավորել ենք այս ամսի աշխատանքի համար։
Մի փոքր համառելուց հետո, համաձայնություն են առնում, պայմանավորվում, և պլանավորված օրը ակումբում հավաքում են «ընթերցողներին», ամեն տարիքի` ծեր, երեխա, ծծմայրեր` ծծկերներին գրկած, հավաքվում են ոչ այնքան հեշտությամբ, երբեմն կինո ցուցադրելու խոստումներ անելով։
Բեմի վրա տեղ են գրավում գրողը, գյուղի ավագանին և գործի կազմակերպիչները։ Ծաղկեփունջ էլ կա, ջրամանն էլ լի է ջրով։ Գրողը, որին ասվել է թե այսինչ տեղի ընթերցողները «բուռն» ցանկություն են հայտնել նրա հետ հանդիպում ունենալու, ներքին տագնապը զսպած, սպասում է, թե ի՞նչ են ասելու ընթերցողներն իրեն։
Իսկ դահլիճում, «ընթերցողների» ծծկերները լաց են չինում, ինչ-որ բանից անհանգիստ, մայրերը համբերատար հորանջում են, անհամբեր ջահելները ծխելով ներս ու դուրս են անում, սպասելով, որ զեկուցողը, որին հանձնարարված է խոսք ասել գրողի մասին, թերթերից քաղած նյութերի հիման վրա կառուցած իր խոսքն ավարտի, ապա մի երկու աշակերտ էլ ուսուցչի օգնությամբ գրած իրենց ողջույնի խոսքն ասեն, կամ, եթե հրավիրվածը բանաստեղծ է, կարդում են նրա մի երկու բանաստեղծությունը, հետո ինքն է կարդում մի երկու բանաստեղծություն։ Ծափեր. ավարտվեց հանդիպումը ընթերցողների հետ։ Իսկ երբ հանդիպումն արձակագրի հետ է, ապա միայն ընդհանուր ճառեր են փոխանակվում, որից հետո «ընթերցողները»` ծեր թե ջահել, մնում են խոստացված կինոնկարը դիտելու, իսկ գրողին գյուղի ավագանին և գործի կազմակերպիչները առնում տանում են մի տուն, ուր նախապես սեղան է բացված «թանկագին հյուրին հայոց ավանդական սովորությամբ պատվելու համար», այլ կերպ ասած տեղի է ունենում բուն «հանդիպումն» ընթերցողների հետ։ Անպայման գտնվում է մի հմուտ թամադա տեղական տարրերից, և սկսվում են բաժակաճառերը: Չափ ու սահման չճանաչող մեծարանքի խոսքերի տարափից «թանկագին» հյուրը հասկանում է, որ ո՞չ թամադան, և ոչ էլ սեղան շրջապատողներից շատերը իրենից մի տող էլ չեն կարդացել։
Այսպիսի սեղաններից հեռանալով, մյուսները թե ինչ են տանում` չգիտեմ, գրողը տանում է միայն ցավի, վիրավորանքի, ամոթի զգացում։
Ո՞ւմ է պետք այս խաբեությունը։ Գրողի՞ն, ոչ։ Ընթերցողի՞ն, ոչ։ Գուցե միայն գրադարանավարին և ակումբավարին, որպեսզի ասեն, թե պլանը կատարեցինք։
Գրողը ծարավի է հանդիպելու իր ընթերցողին, ինչպես ընթերցողը գրողին, եթե կարդացածը բան է ասել նրա սրտին, մտքեր է հարուցել, ցանկություն առաջացրել խոսել, վիճել, անգամ բախվել գրողի հետ։ Այսպիսի հանդիպումը երկուստեք հաճելի է, անհրաժեշտ, երկուստեք օգտակար։
Գիրքը, անկախ նրա գեղարվեստական արժեքից, անմիջական ու մտածող ընթերցողի մեջ չի կարող խորհրդածություններ չառաջացնել, հենց թեկուզ այն մասին, թե ինչո՞ւ է այս գիրքը այսքան վատ, ի՞նչ ակունքներից է գալիս այդ վատը։ Իսկ եթե լավ է, ինչ որ չափով սնունդ է տվել իր հոգուն ու մտքին, ապա նա մտովի կշարունակի հեղինակին, կբացի շատ փակագծեր, կիսաբերան ասվածից կհասկանա ամբողջը, և այդ բոլորից հետո կուզենա մտքեր փոխանակել հեղինակի հետ։
Խոսքն, իհարկե, ձեռնհաս ընթերցողի մասին է։ Ընթերցողներ կան, որոնք կլանում են գիրքը, գրքի ետևից, լավ ժամանցի համար, ինչպես, որ ժամանցի համար արևածաղիկ են չրթում։ Քիչ չեն և այնպիսի ընթերցողները, որոնց համար դեռևս մատչելի է միայն հեքիաթն ու հեքիաթի մակարդակի գրականությունը։ Բայց ընթերցողների մի հոծ զանգված՝ ուսանողություն, գիտական ու տեխնիկական մտավորականություն, իրավացիորեն պահանջում է հայ գրողից գրական այնպիսի մակարդակ, ինչ մակարդակի վրա այսօր կանգնած են հայ գիտնականները` Վիկտոր Համբարձումյանը, Ալիխանյանները… Դա իրավացի պահանջ է, և հայ գրականությունը ամենալայն արգելքներն հաղթահարելով, պարտավոր է բարձրանալ Հայաստանում ծաղկող գիտության մակարդակին, այսինքն, ոտք գցել աշխարհի ամենաբարձր մակարդակի գրականությունների հետ։
Մարդու զբաղվածության, տեխնիկայի, ռադիոյի, հեռուստատեսության, կինոյի արդի պայմաններում, անշուշտ, դժվարացել է բարձր մակարդակի ընթերցողին գոհացնելու գործը։ Բայց դա ե՞րբ է հեշտ եղել։ Այն երկյուղը, թե ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն կարող են նվազեցնել գրականության դերը, կամ փոխարինել նրան, անհիմն է։ Դրա ապացույցներից է ահավասիկ այն, որ մինչև օրս գրական այս կամ այն աչքի ընկնող երկի հիման վրա նկարահանված ոչ մի ֆիլմ ավելի ուժեղ չէ, ավելի շատ բան չի ասում, քան տվյալ գրական երկը։ Վայ նրան, ով «Աննա Կարենինա» և «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմերը դիտելով, կարող է համարել, թե գաղափար ունեցավ նույնանուն վեպերի մասին, ճաշակեց նրանց պատճառած վայելքը։
Գիրքն իր անխախտ դերն ունի կյանքում, իր հզոր դերը, գրական արվեստը չի ծերանում, չի մաշվում ու հնանում, այլ ընթանում է կյանքին համընթաց, նրա հետ, ազդելով նրա վրա ու ազդվելով նրանից, բռնած իր զարգացման բնական ճանապարհը։ Տեխնիկական հայտնագործումներով շլացած համարել, թե քանի որ ասպարեզ իջան կինոն, հեռուստատեսությունը, ապա գրականությունն ու արվեստը դուրս են մղվելու ասպարեզից` իբրև դարն ապրած, հին ու հնացած, միայն ու միայն չտեսություն է նորի հանդեպ։ Մինչև օրս և սրանից հետո հայտնագործվելիք և ոչ մի հրաշք այնպես բավարարող ու մեծ չի կարող լինել մարդկության համար, որպիսին տառերի գյուտն է, նոտագրությունը, ներկն ու վրձինը։ Իսկ սրանք հին են, շատ հին, և մենք վաղուց դադարել ենք զարմանալ դրանց վրա։ Մարդիկ այսօր ստեղծել են մտածող մեքենա։ Իսկ երբևէ կստեղծե՞ն մեքենա, որ ապրումներ ունենա` հուզվի, տագնապի, ուրախանա ու վշտանա, սիրի, ստի, թախծի ու տառապի։ Եթե, այո, ուրեմն` ռոբոտները նաև կնկարեն, գրքեր ու սիմֆոնիաներ կգրեն, և գուցե ավելի լավ, քան գրվել են մարդկային հանճարների կողմից։ Տա աստված։ Այն ժամանակ գիրք գրելու համար այլևս գրիչ չեն վերցնի նրանք, ովքեր կոչված չեն գրող լինելու, այն ժամանակ գրական արվեստի ասպարեզը- կմաքրվի խոտանից, որով հեղեղված է այսօր։ Իսկ թե ինչու է հեղեղված այսօր, պատճառները շատ են, պատճառների մի ամբողջ կոմպլեքս գոյություն ունի` մեկը մյուսով պայմանավորված։ Թե ինչու և ինչպես են անարվեստ գրքերը երբեմն ավելի շատ ընթերցողներ գտնում և դրվատվում մամուլում, դրա պատճառներն էլ շատ են։ Հիշենք միայն մեկը, մեր քննադատները, որոնք կոչված են գրական-հասարակական կարծիքը գլխավորելու,
տոն տալու նրան և ճաշակ կրթելու ընթերցողի մեջ, գերադասում են հանգիստ ապրել, ուզում են համադրել իրար անհարիր երկու բան` «ապրել» և «հանգիստ»։ Հանգստարան բառը ոչ հեռավոր անցյալում գերեզմանոցի իմաստ ուներ, ինչո՞ւ դուրս է եկել գործածությունից։

ԲԱՂԻՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՐԳԵԼ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Ո՞ր կարգի ընթերցողներն են գրականության գնահատման ճիշտ չափանիշը։
Ոչ մի գրող չի կարող այս հարցի ճիշտ պատասխանը տալ։ Բոլոր պատասխանները կլինեն մոտավոր, բայց ոչ ճիշտ։ Որպեսզի իմանանք, թե «ո՞ր կարգի ընթերցողն է գրականության գնահատման ճիշտ չափանիշը», անհրաժեշտ է դիմել ընթերցողին այսպիսի հարցով, «Հայ գրականության ո՞ր գործերն են ամենից շատ դուր գալիս Ձեզ»։ Այս հարցի ստացվող պատասխանները ուսումնասիրելուց հետո միայն կարելի է ինչ-որ չափով եզրակացության գալ։
Գրողի համար հաճելի է ունենալ շատ ընթերցողներ, բայց ընթերցողների քանակը չի որոշում գրական գործի գեղարվեստական արժանիքը։ Ընթերցողի կարծիքը գերազանցապես ներմուծովի է։ Շատ քչերն են, որ չեն ենթարկվում հեղինակի կամ գործի շուրջը ստեղծված աղմուկին և ունեն իրենց սեփական կարծիքն ու ճաշակը։
Հավանաբար ոչ մի կինոնկար չի ունեցել այնքան անքանակ դիտողներ, որքան «Տարզանը»` իր միանման սերիաներով։ Սակայն «Տարզանը» շատ է հեռու կինոարվեստի գլուխգործոց լինելուց։
Երկու-երեք տարի առաջ Երևանում ցուցադրվում էր «Մարի Օկտոբր» ֆրանսիական կինոնկարը։ Մեր դահլիճները կիսով չափ դատարկ էին և մինչև նկարի ավարտվելը ավելի էին դատարկվում։ Մինչդեռ «Մարի Օկտոբրը» բարձրարվեստ գործ է։
Նույն կինոդիտողը, նույն ընթերցողն է։ Արդեն մոռացվող «Մագիլների մեջ» շարադրանքը ձեռք բերելու համար պարտավոր էին գնել նաև Նար-Դոսը` որպես «դավեսկա»։ Այս և այսպիսի բազմաթիվ այլ փաստերը ցույց են տալիս, որ ընթերցողը դեռևս չի ձերբազատվել արկածայինի, խորհրդավորի սիրահար լինելուց։ Բոլորովին բացառված չէ, որ լավ գործը կարող է ունենալ նաև շատ ընթերցողներ, սակայն, այսօրվա ընթերցողը դեռևս այսօրվա «գրականության գնահատման ճիշտ չափանիշը» չի կարող լինել: Գրականության պատմությանը հայտնի են բազմաթիվ փաստեր, երբ ընթերցողների շրջանում մեծ աղմուկ հանած գործը մեծ արագությամբ մեռել է։ Իսկ Շեքսպիրը մինչև իր աստվածացումը, երկու դար մնաց անհայտության մեջ (մի՞թե մեզ համար այդպես չէր Նարեկացին): Մարսել Պրուստին և Ստենդալին երկար ժամանակ չէին հասկանում և չէին ընդունում ժամանակակիցները:
Ուրեմն գրական երկի չափանիշը ժամանակն է և միայն ժամանակը։
«Ինչպիսի՞ն են ընթերցողների հնարավորությունները` կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության, գիտության և տեխնիկայի զարգացման և զբաղվածության մեր դարում»։
Ամեն արվեստ յուր հաճույքն ունի, և կինոն, ռադիոն, հեռուստատեսությունը, գիտությունն ու տեխնիկան, չեն կարող փոխարինել ընթերցանության հաճույքին։ Ժամանա՞կ են խլում։ Անշուշտ։ Դրա համար պետք է հարգել ընթերցողի ժամանակը և գրել խիտ։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով