Ստեփան Թոփչյան. Ճանապարհ դեպի… Ծմակուտ

«Գարուն», 1968, 7
«Գարունի» N 6-ում մենք տպագրել էինք Է. Հախվերդյանի գրախոսականը Հր. Մաթևոսյանի «Օգոստոս» գրքի մասին: Մենք ստացել ենք նաև Սա. Թոփչյանի գրախոսականը, որը նույնպես տպագրում ենք:

Իր առաջին իսկ ակնարկով Հր. Մաթևոսյանը գրավեց գրական աշխարհի ուշադրությունը: Միանգամից երկու անվանի քննադատներ իրենց խոսքն ասացին այդ ակնարկի մասին: Այնուհետև, նրա հրատարակած հերթական ամեն մի գործ հիացական բացականչությունների, գրական բարձր որակավորումների, շուրջգրական խոսք ու զրույցի առիթ դարձավ: Աղմուկը շատ էր: Վերջապես, հրատարակվեց Հրանտ Մաթևոսյանի առաջին գիրքը: Մինչև առաջին գրքի հրատարակությունը, նա համարվում էր արդեն գրեթե ամենացայտուն երևույթը մեր այսօրվա արձակի մեջ, յուրատեսակ համար առաջին արձակագիր՝ գոնե «երիտասարդական» արձակում:
Այսօր էլ շարունակվում են զգուշացնող, պահանջող հայտարարությունները: «Իսկական գրողի ճանապարհը» գրախոսությունում («Սովետական Հայաստան», 22 մարտի, 1968) Հր. Թամրազյանը հայտնում է, որ «…ոմանք էլ ներքին անհայտ մղումով, ուղղակի խանգարում են գրողին` ընտրելով վատթարագույն ձևը գրական գործի մեջ: Որքան բնական է այդ վեճը, նույնքան անբնական է հենց սկզբից դրսևորվող չարությունը` նոր ծլարձակող մի ձիրքի, մի դալար շիվի նկատմամբ»: Նույն «ոմանք» տեղ են գտել նաև «Գարունի» N 6-ում տպագրված Լ. Հախվերդյանի գրախոսականում, «Հիրավի, որո՞նք են պատճառներն այդ հաջողության, որ շատերին ուրախացնում է, ոմանց էլ շփոթեցնում ու տրտմեցնում»:
Քննադատները զգուշանում են տալ «ոմանց» անունները, ըստ երևույթին, կամ փաստեր չունենալով, (հայտնի է, որ մինչև հիմա արձակագրի մասին ոչ ոք քննադատական խոսք չի տպագրել, իսկ շուրջգրական բամբասանքները չեն կարող նյութ դառնալ լուրջ քննադատության համար) կամ, կրկնում ենք, փաստեր չունենալով, կիրառում են ոչ-ասպետական հնարներ «ոմանց» լռեցնելու համար: Այնքան էլ հեշտ չէ կանխատեսելով «դալար շիվ» ոչնչացնողի համբավը, գրիչ վերցնել: Մաթևոսյանին դրվատողները զարմանալի միասնությամբ խնդիրը փոխադրում են բարոյական հողի վրա: Լ. Հախվերդյանը ավելին, հիմնականում «ընթացիկ» բարոյականության դիրքերից է ներկայացնում Մաթևոսյանի արձակը, գրական երկի մեկնաբանության վաղուց մերժված եղանակ: Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն հեղինակն է բաժանում իր հովիվ հերոսների բարոյական ըմբռնումները, այլև անգամ քննադատը, անարդար մեղադրանք ստացած հովվի մտածողությամբ գյուղի միակ գե-ներալը պարտավոր է հովվին ազատել դատարանից, թերևս, այդպես է մտածում նաև հեղինակը: Իսկ քննադատը գեներալի արարքը (դատարանի գործերին չխառնվելու քաղաքավարի մերժում) համարում է տմարդություն: Այսպես պիտի մտածեր հովիվը: Իսկ քննադա՞տը: Սրանով չի՞ ընկնում` «մեջք», ծանոթ ունենալու տարածված տեսության «հուսատու» գիրկը: Նրա համար պարզ չէ՞, որ ներկա դեպքում մեղքը պիտի որոնել ոչ թե ծանոթ գեներալի կամ բանակի գեներալի մեջ, այլ դատարանի, որ քննադատության սլաքները պիտի ուղղել հասարակական ավելի էական նշանակետերի: Քննադատը հեղինակի հետ միասին, չի բավարարվում գեներալով, իջնում է մինչև թշվառ հաշվապահը, սրան էլ գցելով «սև ցուցակի» մեջ:
Բոլոր մեղքերը գցել այս կամ այն անհատի միկրոսկոպիկ, կամ նույնիսկ մակրոսկոպիկ «տմարդությունների» վրա, հասարակական կյանքի բարդ ու բազմակնճիռ հարցերը փոխարինել մանր «հաշվապահական» խնդիրներով, անհատական բարոյախոսության սկզբունքներով, բնավ էլ ուժի և իմաստության նշան չէ: Եվ «Սա՞ ինչ մարդկություն է» հռետորական հարցադրումը Հախվերդյանին հանում է բարձր քննադատության դիրքերից և գցում ամենահասարակ բարոյախոսության ու տարտամ խրատաբանության ասպարեզ: Դարձյալ նույն առօրյա բարոյախոսության տեսանկյունից է նա դիտում «աշխատողի և չաշխատողի հարաբերության թեման»:
Մեր նպատակը չէ վիճել Լ. Հախվերդյանի հետ և այն էլ բարոյագետի մաշված դիմակ հագնելով: Հաջողվո՞ւմ է նրան գրականագիտական պատշաճ մակարդակով վեր հանել գրքի արժանիքները թե ոչ, թող որոշի ընթերցողը:
Թեև այսօր գործ ունենք արդեն ոչ թե առաջին գրքով հանդես եկած մի հեղինակի, այլ շերտ-շերտ կուտակված, կայունացած միֆի հետ, և դժվար է «Օգոստոսը» կարդալ առանց ուրիշների նախապատրաստած հիացմունքի, այնուամենայնիվ, Հր. Մաթևոսյանի արձակը մեզ «ներկայանում է» ոչ այնպես, ինչպես Լ. Հախվերդյանին և այդ արձակը դրվատողներին:
Իր ընտրած իրականությունը իր սեփական գյուղն է, կերպարները նրան լավ ծանոթ դեմքեր են` սկսած հորեղբայրներից ու նրանց ձիերից, վերջացրած իրենով: Գյուղում է թողել իր բոլոր հույզերն ու հույսերը, գյուղով էլ արտահայտում է դրանք: Նյութի հետ շփման այս անմիջականությունն ու պատմելու անմիջականությունն է մասամբ, որ գրավել է դրվատողներին:
Առաջին իսկ «Մենք ենք, մեր սարերը»` գրքի ամենածավալուն գործը կարդալիս դժվար է իրար կցել-կցմցել ու մի կերպ գլուխ հանել կատարվածից: Դժվար է, որովհետև, հավատարիմ իր անմիջականությանը, հեղինակը բերում ու լցնում է գործի մեջ ավելորդ ու անկապակից մանրուքներ, ցաքուցրիվ պատմություններ, հանում-դարսում է գյուղի բազում հուշերը, խառնում անցյալն ու ներկան, դառնում` ողորմի տալիս գնացած զինվորներին, հեռացած ու մնացած «գյուղական մտավորականության» դեմքերին, կոմսոմոլի հին ու նոր քարտուղարներին, հանդապաններին, հովիվներին, կոլխոզի նախագահներին: Բազում անուններ և ոչ մի իսկական կերպար: Սա հիվանդության նման տարածված այն տարերային պատմելաձևն է, որ բերում է ծավալ, բայց ոչ երբեք արվեստ: Եվ ճապաղ, դանդաղաշարժ ու տաղտկալի այս գործը եթե կիսվեր նույնիսկ, ոչինչ չէր կորցնի:
Ո՞րն է գործի հիմնական շարժիչը: «Ասացինք, որ կա հովիվների հանրապետություն: Լրացնենք, որ այդ հանրապետությունը գլխավորում է վարիչ Զավեն Քոչարյանը»: Երջանկահիշատակ այս հանրապետությունը մորթում և ուտում է ուրիշի կորած ոչխարները` հանկարծ հայտնված ոչխարատիրոջն էլ նույն խորովածից բաժին հանելով, փողն էլ տալով, հաշտությամբ բաժանվում է: Բայց հեղինակը որոշում է չեղած տեղից բախում ստեղծել գյուղի ու դատարանի միջև: Սկսվում է քաշքշուկը, տափան ու երկար հարցաքննությունները և աստված գիտե, թե էլ ինչ: Մի՞թե հեղինակի նպատակն ապացուցելն է, որ լինում են անհեթեթ դատավարություններ: Լինում են: Բայց արժե՞ գրականություն հորինել այդ անհամության նկարագրությամբ: Հեղինակը կարող է պնդել, որ դա չէ իր հիմնական նպատակը և սխալ չի լինի, որովհետև այս պատմության մեջ զարգացված է ուրիշ, իր կարծիքով ավելի կարևոր խնդիր:
Օհանեսը ոչխարած էր, Օհանեսի պապն ու ապուպապը, սրա էլ պապն ու ապուպապը ոչխարածներ էին, իսկ սրանց թոռան թոռի թոռ Օհանեսի թոռը «…կատաղած օդաչու էր… Գերմանական հրամանատարությունն, ասում են, շքանշան էր տարլիս նրանց, ովքեր Ալեքսանդրի հետ եղել էին միևնույն օդում և վերադարձել էին: Հարյուրերորդ մարտում նրա ինքնաթիռը դուրս չեկավ «մահվան օղակից»: Միոտանի Ալեքսանդրը ծանր արդյունաբերության մինիստրի ռազմական խորհրդատուն էր, կարևոր գործարանի գլխավոր կառավարիչ էր, հետո թաղիքե ձեռնարկության վարիչն էր, հետո` շուկայի կրպակում վաճառում էր բաց գինի, վերանորոգող արհեստանոցում կարկատում էր նավթավառ, մթերային խանութի բեռնակիր էր, իսկ հետո նստեց փոստի դռանը` ամիսը մեկ` ստանալու ոտքի գինը: Երկնքի Ալեքսանդրը հարբում էր, ոտքերը լայն դրած կանգնում մայթին և չհասկանալով նայում գետնի մարդկանց… Մայթերի ոտքերի նիշից նա չքվեց անհայտ մի օր, աննկատ»:
Այս պատմությունը մի բան է ցույց տալիս, հողից կտրված մարդու ողբերգությունը: Ոչխարածների տոհմածառից մեր օրերում դուրս է թռել օդաչուն և երկնքի բարձրությունից գլորվել մայթերին, մարդկանց ոտքերի տակ մեռել անտեր շան նման: Աշխարհը շուռ է եկել, ոչխարածից` օդաչու, հողից` երկինք, գյուղական անշարժությունից` արդիական տեխնիկա, քաղաքակրթություն ու քաղաքային տենդոտ կյանք` հավասար է ողբերգության:
Այսպես է հյուսվում հնօրյա գյուղի ու հին մարդկանց անդառնալի կորստի եղերերգը, գյուղական պարզունակ գոյության քայքայումը ժամանակակից քաղաքակրթության կործանող հարվածների տակ: Եվ, թվում է, ներքին մի կապ կա օդաչուի աստիճանական անկման ու այն բանի միջև, որ «հետո հովիվների հանրապետությունը կորցրեց ինքնուրույնությունը» և իր ամբողջականությունը: Կյանքի այժմեական ընթացքի առաջ հովիվներն ինչ-որ մանր են երևում, բայց մի՞թե դա նշանակություն ունի: Հեղինակի համար էականն այն է, որ «Անտառամեջցի երեխայի համար դարբնոցում փուքս փչելը նույնքան լուրջ գործ է, ինչքան ինքնաթիռ վարելը: Եվ իշով կարտոֆիլ տանող անտառամեջցին ոչ մի անգամ գլուխ չի բարձրացնում դեպի երկնքի հռինդը»:
Հովիվն ու հեղինակը բողոքում են իրենց համար անհասկանալի կյանքի, դատարանի, կլոր ծնկները բացած, բերանը ներկած քարտուղարուհու, հաշվապահ Ծառուկյանի ու նման բաների դեմ, որ չեն մտնում անտառամեջցու նեղ աշխարհագրության մեջ: Ոտքի վրա զրպարտություն հորինող հովիվն արդար է, որովհետև հովիվ է, իսկ հաշվապահը մեղավոր է, որովհետև հաշվապահ է, որովհետև լիմոնը բարակ է կտրում, լայնատարած դաշտերում վարուցանք անելու փոխարեն խնամում է իր փոքրիկ տնամերձը, չի ծխում, չի խմում, խոշոր գողություն չի անում. «Ես միայն ջղայնանում եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնում բենզին ճարել… լցնել ու վառել նրան իր տան հետ` նավթալինոտ գործվածքներով, քառասունութ թվի պանրով, քսանհինգ թվի նավթով և այլ զիբիլով հանդերձ»: Հեղինակը ջղայնանում է Ծառուկյանի ստեղծած վանդակավոր տնամերձի վրա, «սա երկի՞ր է, թե երկրի մակետ», հիշում, որ Ավստրալիայում հարյուր քսան միլիոն ոչխար կա և ամոթանք տալիս: Եթե բոլոր հաշվապահներն ու օդաչուները ոչխարած դառնային, գուցե երկիրը կվերստանար իր տեսքը: Հակառակ դեպքում` ոչխարները պիտի ուտեին Ծառուկյաններին և գուցե կյանքը կհոսեր իր բախտավոր ընթացքով:
Բոլոր այն դեպքերում, երբ հեղինակը ելնում է իր չսիրած երևույթների դեմ, մոռանում է գրողի կոչումն էլ, գրականության խնդիրն էլ և գեղարվեստական մեկնաբանության, քննելու և համոզելու փոխարեն դիմում է նախատինքների, «բենզինով վառելու» եղանակին: Այստեղից ստացվում է ոչ թե լիարյուն բացասական կերպար, իսկական քննադատություն, առաջադրվող իդեայի գեղարվեստական մարմնավորում, այլ ծաղրաբանություն, ճիշտ իր նկարագրածի նման. «Ծաղրածուն ուզում էր իբր գլխարկը հանել` մորուքն էր պոկում, ուզում էր մորուքը ծնոտին դնել` քամակին էր դնում»: Մեծ իմաստություն հարկավոր չէ ունենալ, նկատելու համար, որ հեղինակի որոշ տագնապներն ու դժգուհությունները կապ չունեն սոցիալական ծանրակշիռ խնդրադրության, բարդ և հակասական փոխհարաբերությունների ու բախումների հետ, որ սապոգով հովիվ ծեծելը, մատղաշ ոչխարի ջարդը` ձյունից առաջ խուզելու պատճառով, Ծառուկյանի մանր կաշառակերությունը կամ մանր կանոնավորությունը, մերկ փաստեր են, որոնք չեն հասել գեղարվեստական ընդհանրացման, հասարակական երևույթների բովանդակության լուսավորման աստիճանին և, այդ վիճակում ամենաշատը կարող են փակ կամ բաց ժողովի, թերթային ելույթի, մանր երգիծաբանության նյութ դառնալ: Եվ նման «քննադատությամբ» կարող է ոգևորվել իսկապես որ սահմանափակ քաղքենին ու փնթփնթասեր դժգոհը:
Հովիվների, սարվորների, հնձվորների թիվը պակասում է, վարիչների ու քարտուղարուհիների թիվը` ավելանում: Հովիվը գնում է քաղաք, բավական չէ, աղջկան էլ ուղարկում է դաշնամուրի դասերի: Եվ հեղինակը տխրում է քաղաք եկող հովիվների համար: Տխրությամբ են ցողվում սարերն ու շները, քաղաքի ուսումնարանում հանրահաշվի դասերով տարված հովվացուն, որ կոշիկներ պիտի ուղարկի եղբայրներին, հիշի քաղաքի թոհուբոհի, համարով կոշիկի հասկացողության առաջ «փոքրացող, կոշիկի մեջ մտնող» գամփռ Բոբին:
Թվում է, ինքը հեղինակն է «Կայարան» պատմվածքի հերոս Հրանտ Քառյանի նախատիպը, որ ներկայանում է ինքն իր ծաղրի տակ ընկած, Ծմակուտ հայրենի գյուղի համապատկերի վրա: Բախտը շուտ է ժպտացել նրան, «…համալսարանի դռներին բոլորը խոսում էին մի շարադրության մասին, որ ուներ դիպլոմային աշխատանքի արժեք և դասական պատմվածքի փայլ: Այդ իմ գրավոր աշխատանքն էր»: Եվ նույն բախտը նրան ստիպել է մտածել, որ կա Նոբելյան մրցանակ, կոնյակ, Պիկասո, ստիպել է անջատվել ու հեռանալ գյուղից, բայց չի ստացվում. «— Դու շիլ Եղըշի Հրանտը չե՞ս»:
Բայց վերադառնանք հիմնական խնդրին. գյուղ և քաղաք, ձի և քաղաքակրթություն: Խոր անդունդ կա այս հակադիր եզրերի միջև (եթե նկատի առնենք, որ գյուղ կոչվածն էլ Ծմակուտն է, ամեն ինչ պարզ կլինի): Եվ այս հակադրությունը ամեն մի գործի մեջ ստանում է ուրույն, թանձրացական կերպարանք. մի դեպքում դա ճարպոտ, կարմիր լողազգեստով կինն է ու Մարիամը «սև վզով, սպիտակ մարմնով, սպիտակի վրա կոշտ շալակի կապտուցքներով»: Մյուս դեպքում` «աղվես» Գիքորը պառավ Ալխոյի հետ ու ջահել հեծանվորդները, տրակտորը, մոտոցիկլը, մի այլ դեպքում` ձին ու գնացքը, Բրիժիտ Բարդոյի ոտքերն ու մղձավանջի պես ծանրացող գյուղական «հմայիչ» իդիոտիզմը: Եվ, վերջապես, սերը` «քաղաքի ապրանք» ու բեռնաձի դարձած գյուղացի կինը, «փոցխը, թրիքը, լվացքը, դու, երեխաները, կովը, խոզը, կոլխոզը»: Բոլոր գործերում միևնույն միտումը, միևնույն սևեռուն գաղափարը, միևնույն մտահոգությամբ, միևնույն հակադիր եզրերով:
Մանր, խուլ ու հեռու այդ գյուղում է որոնում հեղինակը կյանքի բոլոր ճշմարիտ գեղեցկությունները: Ընթերցողը մերթ ընկնում է հետամնաց ու իր հետամնացությամբ ինքնագոհ մի միջավայր, մերթ, ոչ առանց հեղինակի գործուն մասնակցության, աշխատում է համոզվել, որ դա էլ ձևված է ուրույն իդեալով: Մթությունը հեղինակը լուսավորում է իր սարքած լապտերով: Քաղաքը եղծում է այն ամենն, ինչ գրավիչ է գյուղում, մարդուն փոքրացնում ու զրկում է սարերի բարձրությունից ու հանդերի լայնությունից, փչացնում է ծանր, բայց առավելագույն բնական և առավելագույն մարդկային աշխատանքը, զվարճանում է, խժռում աշխատելու փոխարեն, «…ամեն ինչը մի տեսակ լավ էր յուղած` և հեծանիվները, և մարզիկները: Նրանք շատ էին առողջ, կարճ տաբատները նրանց վրա պատռվում էին նեղությունից, նրանք խոտ էին հնձելու, բայց ահա խաղ էին անում խաղալիքներով»:
Գյուղից քաղաք բերած ձին խցկում են կրկես և ձին «քաղաքակրթվում», օտարանում է հեղինակի իդեալին: Եվ քաղաք է բերվում հենց անպետք Նարինջ զամբիկը, ոչ թե հեղինակին անսահմանորեն հարազատ աշխատավոր Ալխոն. «Եվ տեսնելով նրա ճարպոտ, ամեն օր քորվող, լվացվող, յուղվող գավակը, ես զգացի, որ նրան ատում եմ և որ իմ մեջ կարծր է բեռնաձին` բոռերից քրքրվող, երեխաներից ծեծվող բեռնաձին, հովատակից արհամարհված, հովատակի սարսափը ջլերի մեջ և առջևը ծղոտ:
— Էշ,— ես քացի տվի նրա տռուզ փորին,— չծնեցիր, չբարձվեցիր, չտնքացիր ու ապրում ես: Աղվեսաբուծական ֆերման էր քո տեղը, էշ»:
Արժե՞ ցույց տալ, որ մի օժտված, բայց ըստ էության պահպանողական հայացքի տեր հեղինակ այսօր հետևողներ ունի, որոնք լցնոմ են մամուլը նույն «փոցխ ու թրիք, լվացք, կով ու կողով», գնում, որոնում, գտնում, բերում ու վահանի վրա են բարձրացնում զանազան տատերի ու պապերի, որոնք առավել անխառն են պահել գյուղական «ան-եղծ» ոգին, ավելի քիչ են ենթարկվել քաղաքակրթության «ավերածություններին», առավել ցայտուն են խորհրդանշում հովվերգական գյուղի անցյալը, որը կորստից փրկելու համար էլ ստեղծվում է հառաչախառն, կեղծ-գյուղական գրականություն: Եվ ամենածեր պապերն ու տատերը դառնում են ոչ մեծ խորամանկությամբ թաքցրած «Բոլորս դեպի Ծմակուտի կոլխոզ» լոզունգի կրողները: Մամուլում ծավալման լայն իրավունքներ է ստացել «ծմակուտային» մտացածին գրականությունը, որի գոյության հետ չի կարող հաշտվել որևէ քաղաքակիրթ ժողովուրդ: Եվ «ծմակուտային» գաղափարները ներկայացվում են այնպես համոզված ու հավակնոտ, որ թվում է, թե ամեն մի ազնիվ մարդ, պիտի թողնի քաղաքը, գերանդի, փոցխ վերցնի ու ձի հեծած գնա աշխարհի ամենախուլ գյուղերը:
Եվ տարօրինակ է մտածել, թե Մաթևոսյանը դրվագում է ժամանակակից մի հովվերգություն: Բուշեական վարդագույն հովվերգությո՞ւն: Ծմակուտո՞ւմ: Ոչ, ծիծաղելի է այդպես կարծելը: Նա ծմակուտի մութը պարզորեն զանազանում է լույսից, և իր իդեալի կրողները ընկնում են նրա հումորի, անգամ ծաղրի տակ: Բայց որքան էլ ծաղր, որքան էլ դառնություն, որքան էլ կնճիռներ, այնուամենայնիվ սա է հեղինակի հարազատ իրականությունը, սա է միակ հողը, որտեղ կարող են արմատ գցել նրա մտածումները: Ավելին, ինչ որ Ծմակուտում վատ է, գալիս է «դրսից» և ոչ թե «ներսից», ուր, անշարժ այդ իրականության դարավոր էության համաձայն ամեն ինչ պիտի լիներ կատարյալ ու ազնիվ, եթե չապականվեր քաղաքամոլային, ներմուծովի երևույթներով:
Սակայն Ծմակուտն իր Ալխոյով ալխոյանում է, ալխոյաբար էլ տոկում ու համառում: Լեռնագագաթներին վազող զամբիկների բույրը շոյում է Ալխոյի ռունգները: Վերևում ազատություն կա, բայց պիտի կրել Գիքորի բեռը: Ներքևում կա քաղաք, ուր աշխատելու փոխարեն քեֆ են անում հմայիչ քարտուղարուհիների հետ ու ճարպ կուտակում:
Ալխո՞ն, թե լեռները, Ալխո՞ն, թե քաղաքը: Հեղինակը չի ոգևորվում վերացական «լեռնագագաթային» ազատությամբ, այդպես ոչ կբազմանաս, ոչ էլ կհոգաս ապրուստի կարիքները: Իսկ ներքևում կկորցնես ինքնությունդ, կցվելով անիմաստ, ամեն ինչ փտող մի գոյության, «կրկեսային» սարքովի մի իրականության, բութ հանդիսատեսի դեր խաղալով. «Տաք էր, խշշոց էր, քրտինք էր, դիմաներկ էր, գույներ էին ու հարյուր մոմանոց լամպեր էին: Ամեն ինչ կարծես հոտում ու գոլորշիանում էր»:
Արդ, ուրեմն, Ալխոն իր ճանապարհն ավարտում է «Ծմակուտում»: Իսկ ո՞ւր կարող է հասցնել ծմակուտային մտածողությունը: Կփորձի՞ հեղինակը դուրս գալ այնտեղից և կկարողանա՞ արդյոք: Խոսքը վերաբերում է ոչ թե միջավայրի աշխարհագրական նեղ սահմաններին, այլ գեղարվեստական ընդհանրացումների սահմանափակությանը ու այն փակուղուն, որի առաջ կանգնած է հեղինակը: Խոսքը չի վերաբերում նաև այն անհիմն տեսակետին, թե գյուղի կամ քաղաքի արտացոլումը կարող է որոշել երկի գեղարվեստական արժեքը:
Նշված հարցերի պատասխանը ինքը` հեղինակը պիտի տա. դա է որոշելու նրա սեփական ճանապարհը և նույնիսկ ստեղծածի արժեքը: Նույն «Ծմակուտի» կրկնությունը, երկրորդ գրքով, առնվազն ձանձրալի կլինի: Ինչքա՞ն է հնարավոր պեղել գրքային այդ իրականությունն իր տարտամ գաղափարներով: Հեղինակը պիտի կարողանա՞ պոկվել ծանոթների ու հարազատների նեղ շրջանից ու լայն մասշտաբային հայացքով դիտել կյանքը, իր բազմազանության ու անսահման փոխակերպումների, վիհերի ու գագաթների, իր բարդ կապերի ու խոր էությունների մեջ: Դիտել առանց Ծմակուտի սարեր-Ծմակուտ-Ծմակուտին մոտակա քաղաք սխեմայի, առանց, փաստորեն արդի կյանքի ռիթմերից դուրս ընկած, ժամանակավրեպ մի իրականության, որին միայն հրաժեշտ պիտի տալ, քանզի վերադարձը ոչ միայն անհնար է, այլև բացարձակապես անիմաստ: Մի ավելի «համարձակն» էլ կարող է վերադարձի կոչ անել դեպի քարանձավային մարդն ու բարքերը, ուր ոչ միայն ամիսներով օճառ չէին տեսնում, այլև առհասարակ չկար:
Ալխոն իր ճանապարհն ունի, գուցե երկար, բայց ոչ երբեք մեծ: Իսկ հեղինակը չի կարող շարունակել գնալ կածանով, որ Ծմակուտից այն կողմ չի տանում: Ալխոյի ու արձակագրի անջատումն անհրաժեշտ է երկուսի համար էլ: Ոչ ոք չի ժխտում երիտասարդ արձակագրի ստեղծագործական տվյալները, հակառակը, հենց դա էլ պահանջում է հեղինակին դուրս գալու ճշմարիտ գրականության մեծ ու դժվարին ճանապարհը, որը հեռու է Ծմակուտից ու ծմակուտային անձուկ, սահմանափակ մտածողությունից:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով