Հրաչյա Գաբրիելյան. Ուղղել բնության սխալը` վերաբաշխել ջուրը

«Գարուն», 1968, 7
Սովետական Հայաստանը աղքատ է ջրի պաշարներով։ Ամեն տարի շարք են մտնում նոր ոռոգիչ ջրանցքներ, շահագործման են հանձնրվում արդյունաբերական նոր ձեռնարկներ, որոնք ավելացնում են ջրի պահանջարկը: Եվ օրինական հարց է ծագում` արդյո՞ք ջրի պաշարներն անսպառ են, արդյո՞ք մոտ ապագայում մեզ մոտ ջրի «սով» չի առաջանալու։
«Գարուն» ամսագրի խմբագրությանը պետք է ողջունել լայն հասարակության և հատկապես երիտասարդության առջև ջրի պրոբլեմը լայնորեն բարձրացնելու համար։
Կ. Վերմիշելի «Պահպանենք Հայաստանի ջրերը» հոդվածի քննարկումը «Գարուն»-ի խմբագրությունում աշխույժ մտքերի փոխանակության տեղիք տվեց, որտեղ միմյանց բախվեցին տարբեր տեսակետներ։ Այդ կարգի քննարկումը իր դրական նշանակությունը կունենա պրոբլեմի բազմակողմանի ուսումնասիրման համար։
Լինելով աշխարհագրագետ, ջուրը ես դիտում եմ որպես աշխարհագրական լանդշաֆտի բաղկացուցիչ մասը։ Մարդու կողմից ջուրը պետք է օգտագործվի խելացի ու կանխամտածված, այն հաշվով, որ լանդշաֆտի բնական կոմպլեքսում ջրի շրջապտույտի արհեստական փոփոխությունը անցանկալի ու վնասակար հետևանքներ չունենա։
Մամուլում հաճախ կարելի է հանդիպել ջրի «սովի» պրոբլեմին և յուրաքանչյուրի համար հետաքրքիր է իմանալ ապագայում կարո՞ղ է ջրի «սով» լինել համամոլորակային մասշտաբով։ Իմ կարծիքով, այդ հարցին պետք է լինի մեկ պատասխան` ո՛չ, ահա թե ինչու։
Յուրաքանչյուր տարի մեր մոլորակի ցամաքների վրա թափվում է 107000 խորանարդ կմ ջուր մթնոլորտային տեղումների ձևով, որից 36,3 հազար խորանարդ կմ-ը նորից վերադառնում է օվկիանոս գետերի միջոցով (վայրկյանում 1,16 միլ. խոր. մ)։ Մարդու կարիքների համար օգտագործված ջուրը կազմում է դրա աննշան մասը՝ նույնիսկ մեկ տոկոսից էլ պակաս։ Նշանակում է՝ ցամաքի մակերևույթով հոսող անուշահամ ջուրը մնում է հիմնականում առանց օգտագործելու։ Այսպիսի հաշվեկշռի դեպքում` երբ մարդու օգտագործած ջուրը քաղցրահամ ջրի չնչին մասն է կազմում, ինչպե՞ս կարելի է պնդել, թե կգա ժամանակ, երբ ջրի «սով» կլինի։
Սակայն կա մեկ այլ ճշմարտություն` մթնոլորտային տեղումների խիստ անհավասար բաշխումը ցամաքների վրա, այսինքն, ջրային ռեսուրսների խիստ անհավասար բաշխումը։ Առավելագույն քանակի տեղումները հասնում են 10-12 հազար մմ (Հնդկաստանի Չերապունջայի օդկայան), նվազագույնը` 1-2 մմ (Չիլի)։ Հենց այստեղ էլ ծագում է մի վիթխարի պրոբլեմ` ուղղել բնության ստեղծած սխալը` վերաբաշխել ջուրը այնպես, որ չոր անապատային երկրները ստանան բավարար խոնավություն, իսկ չափից ավելի խոնավությամբ երկրները ազատվեն ավելցուկ ջրից: Տեսականորեն 36,3 հազար խոր. կմ ծավալով ջուրը միանգամայն բավարար կլինի ցամաքների վրա ամենուրեք պա-հանջված քանակի ջուր ունենալու համար։
Խոնավության վերաբաշխման պրոբլեմի լուծումը մեր մոլորակի վրա հազարամյակների պատմություն ունի։ Պարզունակ եղանակներով ոռոգումը հազարավոր տարիներ առաջ եղել է Նեղոսի ավազանում, Միջագետքում, Հայաստանում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր։ Սակայն խոնավության վերաբաշխման պրոբլեմը դեռևս շատ հեռու է լուծումից։ Միլիոնավոր քառակուսի կմ անապատային տարածություններ դեռևս ամայի են, կարիք ունեն ջրի։ Պրոբլեմի իրականացումը կարելի կլինի միայն այն դեպ-քում, երբ հնարավոր կդառնա խոշոր գետերի ջրերի զանգվածային տեղափոխությունը ցամաքի մի մասից մյուսը։
Գիտության և տեխնիկայի զարգացումը հնարավոր կդարձնեն ջրային զանգվածների խոշոր մասշտաբի տեղափոխումներ։ Եթե անցյալ դարի վերջում երևակայական խաղ էր թվում Օբ գետի ջրերի մի մասը դեպի Միջին Ասիա ուղղելը, ապա այժմ արդեն կազմված են նախագծեր և ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի անապատային վիթխարի տարածություններ վերածել ծաղկուն այգիների ու ցանքատարածությունների։ Եթե անցյալ դարի վերջում նավթը կամ այլ հեղուկներ խողովակների միջոցով հազարավոր կիլոմետրեր մղելը անհնար էր թվում, ապա այժմ դա սովորական երևույթ է։ Կգա ժամանակ, երբ արմատապես կփոխվի ջրի անհավասար բաշխման բնույթը ցամաքների վրա։
Սովետական Հայաստանը չոր երկրների շարքին է դասվում, ջրի հարցը պրոբլեմային է։ Ջրի հաշվեկշիռը հետևյալ պատկերն է ներկայացնում. մթնոլորտային տեղումների միջոցով ստանում ենք 15 միլիարդ խոր. մ, որից 8 միլիարդ խոր. մ գոլորշիանում է, մնացած 7 միլիարդ խոր. մ հոսում է գետերի միջոցով և հեռանում մեր երկրից։ Ամենամոտավոր հաշվումներով այդ ջրի ոչ ավելի քան 20 %-ն է, որ այժմ օգտագործվում է ժողովրդական տնտեսության կարիքների համար։ Ակներև է, որ ջրով աղքատ այս երկրում էլ ունեցած ջրի 80 %-ից ավելին հեռանում է երկրից։
Կարելի՞ է արդյոք, ամբարել այդ ջուրը, կամ թեկուզ նրա մի մասը, ահա պրոբլեմ, որը ծառացած է մեր առջև։ Այս հարցին գիտությունը տալիս է դրական պատասխան։
Այսպիսով` Սովետական Հայաստանը կկարողանա ջրի իր պահանջարկը բավարարել այն դեպքում, երբ երկրի ներսում պահենք գարնանային ձնահալքի ջրերը, որոնք անօգուտ կորչում են։ Սակայն ջուրը պահելը շատ մեծ բարդությունների հետ է կապված։
Մի շարք ջրերի հովիտները իրենցից ներկայացնում են նեղ կիրճ-կանիոններ, որտեղ ջրամբարներ ստեղծելու հնարավորություններ չկան: Ուրեմն պետք է այդ գետերի ջրերը տեղափոխել ավելի հարմար ավազաններ, որտեղ ռելիեֆի պայմանները թույլ են տալիս խոշոր ջրամբարներ ստեղծել։ Արհեստական ջրամբարների ստեղծումը ջրի պրոբլեմի լուծման օղակներից հիմնականն է: Սովետական Հայաստանում այդպիսի ջրամբարներ կառուցվել են (Արփիի, Ապարանի, Մանթաշի և այլն)։ Սակայն սրանք դեռևս ի վիճակի չեն ամբողջությամբ պահելու գարնանային ջրերը, անհրաժեշտ է կառուցել այլ ջրամբարներ ևս։
Ջրի խնայողական ծախսումը ջրի պրոբլեմի լուծման մյուս օղակն է: Պետք է նշել, որ մեզ մոտ` Արարատյան դաշտում, բավական մեծ են ջրի անօգուտ կորուստները։ Արտեզյան հորատանցքերից բխող ջուրը ձմեռային ամիսներին շատ տեղերում կուտակվում է դաշտում` տեղիք տալով ճահճացման։ Ջրանցքների անսարքության պատճառով ջրի կորուստ է լինում, հաճախ ոռոգման նորմաները չեն պահպանվում, ջրի ավելցուկը դաշտում էրոզիայի պատճառ է դառնում, որն իր հերթին իջեցնում է բերքատվոլթյունը։ Ջրի արդյունավետ օգտագործումը, ինչպես տեսնում եք, շատ կարևոր բնույթ է ստանում։
Հայտնի է, որ Հայկական ՍՍՀ ենթալավային ջրերը լուծված նյութեր շատ քիչ են պարունակում (60-200 մգլ) և պատկանում են աշխարհի լավագույն ջրերի շարքին։ Այդ լավագույն ջրերը դեռևս օգտագործվում են արդյունաբերության մեջ այն դեպքում, երբ արդյունաբերության կարիքների համար Հրազդանի համեմատաբար վատորակ ջրերը ևս միանգամայն բավարար են։ Վերջին ժամանակներս արդյունաբերությանը ջուր մատակարարելու ուղղությամբ խոշոր աշխատանքներ են կատարվել։ Սակայն դրանք դեռևս անբավարար են։ Գառնիի և Ապարանի աղբյուրների ջրերը մոտ ապագայում Երևան հասցնելուց հետո խմելու ջրի պաշարները մերձերևանյան շրջանում գրեթե կսպառվեն։ Ուստի այդ ջրերը պետք է օգտագործել կոմունալ տնտեսության մեջ, արդյունաբերությանը տրամադրելով միայն Հրազդանի ջուրը։
Կարծում ենք, որ երկու տասնյակ տարի անց հարկ կլինի Երևանի համար օգտագործել նաև Արագածի հյուսիսային լանջի և Գեղամա լեռների ջրային պաշարներր։ Ջրի պաշարների պլանաչափ, ժամանակին ու խնայողաբար օգտագործման դեպքում Երևանի բնակիչները երբեք ջրի «սովի» փաստի առջև չեն կանգնի։
Մինչև վերջին ժամանակներս մարդու կողմից օգտագործվող ջուրը ստացվում էր գետերից, լճերից, կամ ստորերկրյա ջրերից։ Այժմ արդեն մարդուն մատչելի են դառնում երկու ուրիշ աղբյուրներ ևս` ծովի ջուրը և մթնոլորտում գտնվող ջուրը (խոնավությունը)։
Հայտնի է, որ օվկիանոսի ջրի 1 լիտրում լուծված է 25 գրամ աղ և այն բոլորովին պիտանի չէ ժողովրդական տնտեսության մեջ օգտագործելու տեսակետից։ Արևադարձային ե մերձարևադարձային չոր երկրներում, որտեղ ջրի մեծ պահանջարկ կա, դարեր շարունակ մարդիկ երազել են ծովի ջուրը աղազերծելու մասին։ Սակայն միայն վերջին ժամանակներս են կիրառվում աղազերծման արդյունավետ միջոցներ։ Օգտագործելով սինթետիկ խեժեր և զանազան ֆիլտրեր, հնարավոր է դառնում ծովի ջրի աղիությունը պակասեցնել այնքան, որ կարելի է օգտագործել խմելու համար։ Այժմ շատ երկրներում աղազերծված ջուրը օգտագործում են կոմունալ տնտեսության մեջ, կան ռեալ հնարավորություններ հետագայում այդ տիպի ջրերը ոռոգման նպատակներով օգտագործելու։
Ջրի մյուս աղբյուրն օդն է։ Օդի մեջ միշտ կան ջրային գոլորշիներ. հնարավոր է խտացնել գոլորշիները և վերածել ջրի։ Պետք է նշել, որ այս ուղղությամբ մեր հանրապետությունում ոչ մի քայլ արված չէ։ Մինչդեռ, մեր կարծիքով, ջրի վերոհիշյալ աղբյուրը ժամանակին կարող է դառնալ ուշադրության արժանի։
Ամառվա ամիսներին գետինը և մայր ապարները 2-6 մ խորության տակ շատ ավելի ցածր ջերմաստիճան ունեն, քան օդը` ցերեկային ժամերին։ Եթե տաք օդը ինտենսիվ շրջանառություն կատարի սառը ապարների ճեղքերի մեջ, ապա գոլորշիների մի մասը խտանալով, կաթիլների ձևով պետք է նստի ճեղքերի պատերին։ Բնության մեջ այդ երևույթը շատ տարածված է և մի շարք երկրներում ստորերկրյա ջրերի առաջացման գործում առաջնակարգ նշանակություն ունի. այդ երկրների շարքը դասվում է նաև Հայկական ՍՍՀ-ն` բարձր լեռնային շրջանները, որտեղ մեծ տարածում ունեն լավային քարացրոնները չինգիլները։ Խտացման` կոնդենսացիոն ճանապարհով առաջացած ջրերը զգալի բաժին են կազմում՝ ստորերկրյա ջրերի սնման հաշվեկշռի մեջ։ Այսպես` բարձր լեռնային չինգիլներում 2-4-5 մ խորության տակ ամռանը ջերմաստիճանը մոտ է 0°-ին, իսկ կեսօրին օդի ջերմաստիճանը հասնում է 15—20°, օդը մտնելով սառը ապարների ճեղքերը, այնտեղ թողնում է որոշ քանակի խոնավություն։ Այժմ խնդիրը օդի շրջանառությունն արագացնելն է, որպեսզի նրանից ավելի շատ գոլորշիներ անջատվեն։
Ցեմենտապատ, ջրամերժ հիմք ունեցող ջրհավաք քարացրոնային կուտակումների մեջ արհեստականորեն օդ մղելով, հնարավոր կլինի այնքան ջուր ստանալ, որ բարձր լեռնային արոտներում անասուններին բավարարի (որոնք ամռան երկրորդ կեսին տառապում են ջրի պակասությունից)։
Արտասահմանյան մի շարք երկրներում օդի գոլորշիների խտացման միջոցով ջուր ստանալը արդեն գործնական նշանակություն է ստացել։ Ժամանակն է, որ այս ուղղությամբ Սովետական Հայաստանում ևս որոշ աշխատանքներ կատարվեն։
Հանրապետության ջրային պրոբլեմների շարքում շատ կարևոր է, ըստ իս, Սևանից բաց թողնվող ջրերի միներալիզացիա յի փոքրացումը։
Բանն այն է, որ Սևանի ջրի յուրաքանչյուր 1 լիտրը պարունակում է ավելի քան 800 մգ լուծված նյութեր։ Եթե ընդունենք, որ Արարատյան դաշտում յուրաքանչյուր հեկտարը ամռանն ստանում է 5000 խոր. մ ջուր, ապա ջրի հետ միասին` 3-4 տոննա աղ։
Այսպիսով, ժամանակի ընթացքում Սևանի ջրով ոռոգվող տարածություններում աղակալման լուրջ վտանգ կարող է ստեղծվել։ Աղակալման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը Սևանի ջրերի միներալիզացիայի փոքրացումը կլինի ավելի անուշահամ ջրեր խառնելու միջոցով: Արփայի ջրերը Սևան տեղափոխելու շնոր-հիվ կսկսվի Սևանի ջրերի նոսրացման պրոցեսը, քանի որ Արփայի ջրերի միներալիզացիան կլիևի 100-200 մգլ: Սակայն մոտակա տարիներին Սևանի ջրի միներալիզացիայի փոփոխությունները աննշան կլինեն: Պետք է գտնել անուշանամ ջրի այլ աղբյուրներ ևս: Ահա պրոբլեմ, որի լուծումը վիթխարի նշանակություն կունենա մեր հանրապետության ժողովրդական տնտեսության համար:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով