Գևորգ Օհանյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1968, 7
***
Արահետներին անուն չեն տալիս
Մեծ, ասֆալտապատ փողոցների պես,
Նրանց բացմանը ոչ ոք չի լինում,
Եվ կարմիր-կանաչ ժապավեններ չեն կտրվում այնտեղ:
Արահետները իսկույն չեն բացվում,
Նրանք ծնվում են դանդաղ, աննկատ`
Ուժեղ ոտքերի զգույշ հպումից:
Արահետներին հեռու, անծանոթ անուն չեն տալիս,
Նրանք կոչվում են իրենց հարազատ վայրի անունով,
Իրենց հարազատ ոտքերն են նրանց ամեն օր դիպչում,
Իրենց հարազատ երկնի աստղերն են նրանց լույսերը,
Եվ այդ լույսերում անցումն արգելող ոչ մի լույս չկա:
Հպարտ կյանք ունեն արահետները:
Անտառների մեջ կորչում են, ծնվում
Եվ կարծես ինչ-որ նեղության ցավից գալարվում են լուռ,
Մկանի նման պրկված, ելնում են կատարը լեռան,
Մկանի նման պրկված, իջնում են լեռան կատարից,
Կամ կրակախույզ մատների նման
Մխրճվում են չոր մացառների մեջ,
Դժվար կյանք ունեն արահետները:
Մեծ, ասֆալտապատ փողոցների պես
Նրանք չեն քանդվում`
Մեռնում են դանդաղ,
Մեռնում են ծանոթ ոտքի կարոտից…

ԱՇՈՒՆ
Ժայռը թիկնել ձորում` համբերությւսն մասին
Շշնջում է մարող առուներին,
Հոգնած մի ծառ` ձորի անտերության մասին
Աղաչում է պատմել հեռուներին:
Տերևները դեղին թակարդներ են սարքել
Գարնան ձայնը կորցրած առուների վրա,
Քամին ձորը մտել խուզարկել է, զարկե՛լ,
Եվ խառնել է այստեղ ողջը իրար:

***
Ի՜նչ ես եղել, աշխարհ, հազար տարի առաջ.
Մենք պեղում ենք հողը և խնամքով թաղած
Աստվածներ ենք գտնում,
Մենք պեղում ենք հողը`
Բարձունքները թողած ու քարերի փոխված
Արծիվներ ենք գտնում,
Գրքեր երկաթագիր,
Եղերերգ ու տաղեր…
Օ՜, արվեստի ծանր ճակատագիր,
Քո պատիվն ու կյանքը պահպանելու համար
Հարկ է լինում հաճախ
Քեզ կենդանի՜ թաղել:

***
Շարժվի՛ր, գնա՛ցք, շարժվի՛ր,
Շարժվիր, որ ես տեսնեմ
Պտույտները կանաչ անտառների
Եվ դաշտերի կապույտ պտույտները:
Անիվներիդ վրա կծկիր երկար ճամփան,
Անիվներիդ ձայնով ժամանակը չափիր,
Ժամանակը հիմա ամեն տեղ են չափում,
Բայց ուրիշ է, երբ որ այն չափվում է ճամփին:
Շարժվի՛ր, գնա՛ցք, սուրա՛,
Սուզվի՛ր թունելներում,
Որ ես ժայռեր ճեղքող ուժս զգամ,
Տխուր սուլիր նրա խավարի մեջ,
Թող հողի տակ թաղված կորուստներս սգամ:
Գնա՛ առաջ, գնա՛,
Կանգառներով կնքված արագություն,
Իմ անհանգիստ գնացք:
Իսկ երբ կանգառ լինի,
Թող ես քնած լինեմ՝
Կանգ առնելդ չզգամ:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով