Հայկական ժողովրդական զրույցներ

«Գարուն», 1968, 8

Մշակումը` Անուշավան Դևկանցի

Երկու խոսք այն մասին, թե ինչպես մշակեցի ժողովրդական նյութը:
Որոշ բաներ գրեթե նույնությամբ արտագրեցի: Որքան էլ երբեմն ցավալի էր, հրաժարվեցի բարբառից: Այնուամենայնիվ, կրճատամների և զտման կարիք եղավ: Հաճախ նոր վերնագրեր առաջացան: Տեղ-տեղ դուրս մնացին խրատաբանական վերջավորությունները: Երբեմն հարկ եղավ հստակ դարձնել միտք-ասելիքը: Որոշ նյութեր ասելիքի տեսակետից բոլորովին այլ զարգացում ստացան: Առաջացան նաև հեղինակային բացահայտ միջամտություններ: Թերևս` ընդամենը այսքան. մնացածը կերևա մշակումների մեջ:

ԹԱԳՈՒՀԻՆ ՈՒ ՁՈՒԿԸ
Ձկնորսը մի շատ գեղեցիկ ձուկ բռնեց։ Ասաց.
— Սա մեր բանը չէ, սա թագավորին վայել գեղեցկություն ունի։ Վերցրեց ձուկը, տարավ պալատ:
Թագավորը ձուկ հավաքող էր. տեսավ, շատ հավանեց, հիացավ։ Ասաց.
— Սենեկապետ, գնա թագուհուն ասա՝ էսպես-էսպես ձուկ են բերել։ Թող տանի իր ննջարանը ակվարիումի մեջ գցի։
Սենեկապետը վերադարձավ, քմծիծաղը մորուքի մեջ թաքցրած, ասաց.
— Թագուհին հրամայեց՝ թե որ ձուկը էգ է` բերեք թե որձ է` չբերեք։
Էստեղ ձուկը ջրի միջից հանեց գլուխը, խնդաց:
Թագավորը գիրք կարդացող, հետաքրքրասեր մարդ էր, դարձավ ձկնորսին, հարցրեց.
— Ձուկը ինչո՞ւ խնդաց։
— Ավելի լավ է՝ չհարցնես, թագավոր,— պատասխանեց ձկնորսը։
Թագավորը, ճիշտ է՝ ուսյալ էր, բայց դե, հենց այդ պատճառով էլ, շատ դաժան։ Ասաց.
— Թե որ չասես` գլուխդ կթռցնեմ։
Ձկնորսի համար կյանքը քաղցր էր, ասաց.
— Թագուհին քանի՞ նաժիշտ-աղախին ունի:
— Սենեկապետ, թագուհին քանի՞ նաժիշտ-աղախին ունի,— ավելի հետաքրքրվեց ուսյալ թագավորը:
— Քառասուն,— պատասխանեց սենեկապետը:
— Թագավորն ապրած կենա,— ասաց ձկնորսը,— հրամայիր թող թագուհին գա իր քա-ռասուն ղարավաշների հետ։
Հավաքեցին բերեցին աղախիններին ու նաժիշտներին— քառասուն` մեկը մեկից ջահել, մեկը մեկից սլացիկ պարմանուհիներ։
Ինքը` թագուհին էլ եկավ— վեհապանծ ու սիգաճեմ։
— Է՛։ Հիմա ի՞նչ կհրամայես, եղբայր ձկնորս,— դարձավ թագավորը ձկնորսին։
— Հրաման տուր՝ թող էս աղջկերքը մերկանան,— ասաց ձկնորսը։
— Չհամարձակվեք,— ճչաց թագուհին։
Թագավորի հետաքրքրասիրությունը շիկացավ.
— Մերկացրեք դրանց,— հրամայեց ու հետն էլ խնդմնդում է, վառվում անհամբերությունից։
Թագավորի հրաման էր, շուտով քառասուն ջահել պարմանուհիներ կանգնած էին զգեստաթափ…
Թագավորը կաթվածահար եղավ արագահաս արնազեղումից…
Թագուհին պալատի աշտարակից ցած գցեց իրեն…
Ձուկը ճողփաց ջրի մեջ, այնտեղից ճլթոց լսվեց, և ձկան մարմինը անշնչացած բարձրացավ ջրի երեսը…
Ափսոս…
Նա ոչ միայն գեղեցիկ էր, այլև իմաստուն…
Ոչ միայն իմաստուն էր, այլև բարի սիրտ ուներ…
Սիրտը չդիմացավ իր գործած չարությանը, պայթեց խղճահարությունից…
Իսկ պարմանուհինե՞րը, իրար հրմշտելով, աղմուկով դուրս թափվեցին թագավորական մեծ սրահից…
Նրանք շտապում էին` հագնելու իրենց շալվարները…
Չէ որ դրանք բնավ էլ պարմանուհիներ չէին, այլ իրենց սիրածների գրկից խլված, դժբախտ ու գերված պատանիներ…

ԽԵԼԱՑԻՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ
Ջրաղացի ճանապարհին մարդու մեկի ավանակը տլվում է ցեխի մեջ։ Չարչարվում է, չի կարողանում էշը ցեխից հանել։ Մի անցորդ է մոտենում, օգնում իշատիրոջը, էշին հանում են։
Անցորդը նայում է տեսնում` բեռան մի աչքի մեջ ցորեն է լցված, մյուսում` քար։
— Այ մարդ,— ասում է,— քարն էլ հո չես տանում աղալու։
— Չէ,— պատասխանում է իշատերը,— ցորենը քիչ էր, մի աչքը ցորեն լցրի, մյուսը` քար, որպեսզի ծանրությունը հավասար լինի։
— Շատ լավ, ցորենը կիսեիր։
Այդպես էլ անում են. քարը թափում, ցորենը կիսում են. իշատերը բարձում է բեռը, իրենց ճամփան են գնում։
Մի քիչ տեղ որ հեռանում են, իշատերը ետ է դառնում, կանչում.
— Ախպեր, ախպեր, սպասիր, քեզ մի բան հարցնեմ։
— Ասա տեսնեմ։
— Ես հիմար եմ ու շատ հարուստ, դու որ էդքան խելքով ու հունարով ես, ինչ մեծ հարստության տեր պիտի լինես:
Անցորդը պատասխանում է.
— Չէ, ես հարստություն չունեմ, հազիվ եմ ծերը ծերին բերում։
— Ճի՞շտ։
— Ճիշտ։
— Դե որ էդպես է, ետ դարձիր, ոնց որ իշաբեռս դատարկեցիր, նորից քարերը լցրու մի աչքը, ցորենը` մյուս աչքը, բարձիր էշիս ու թող գնա։ Ես` անխելք,— հարուստ ու զանգին, դու` խելոք,— հազիվ ես օրվա ապրուստ անում… Հիմա մեզնից ո՞վ է խելացին, ով հիմարը… հը՞…

ՄԼՔՈՆ ՈԻ ՔԱՎՈՐԸ
Տերության հարկից ազատվելու համար Մլքոն գնում է իր քավորի մոտ, փոխարինաբար մեկ ոսկի է խնդրում։ Քավորը սիրով տալիս է ոսկին, սեղան է բացում, հյուրասիրում Մլքոյին։
Մլքոն բրդուճը պիտի տաներ բերանը.
— Գիտե՞ս, Մլքո,— ասում է քավորը,— ոսկին շուտ պիտի տաս։
— Հա, շուտ կտամ,— պատասխանում է Մլքոն։
Մլքոն ուզում է բերանի պատառը կուլ տալ.
— Մլքո,— նորից բարեկամին է դիմում քավորը,— ոսկին շուտ պիտի վերադարձնես, հա:
— Բերքս ծախեմ, կտամ, կորած տեղ չէ,— հանգստացնում է Մլքոն և մի կերպ կուլ տալիս բերանի պատառը։
Կուլ տված պատառը դեռ տեղ չէր հասել.
— Չլնի թե ուշացնես, հա Մլքո, մեծ որդուս պսակելու եմ:
Մլքոն էլ չի դիմանում, մի կողմ է հրում առջևի հացը, ոսկին հանում է տալիս քավորին.
— Էսօրվանից շուտ չկա, առ, ըհը, քու ոսկին։
Ասում է, առնում ցուպը, բարեկամից խռոված, թողնում է հեռանում։
Բայց, արի տես՝ քավորը ժլատությունից չէ, որ այդպես էր անում,— մարդը խոսելու նյութ չուներ։

ՓԱԽՉՈՂՆԵՐԻՑ ՓԱԽՉՈՂԸ
Մարդու մեկը լեղապատառ փախչում էր։ Դիմացից եկողը հարցրեց.
— Ումի՞ց ես փախչում:
— Գայմագամն հասվեհաս գալիս է։
— Գայմագամն ումի՞ց է փախչում։
— Փաշից։
— Փաշե՞ն։
— Սուլթանից։
— Սոլլթա՞նը։
— Է, բարեկամ,— պատասխանում է փախստականը,— սուլթանն էլ որ փախչելու լիներ, հիմա ես իմ տանը թե սուլթան էի, թե խան։

ԱՄԵՆԱԳԵՏ ԹԱՆԳԻԿԸ
Մի հարս է լինում, անունը Թանգիկ, ինչ ասում են, պատասխանում է.
— Գիտեմ, գիտեմ։
Մի օր սրա մարդը դաշտ գնալուց առաջ կնոջը պատվիրում է ճաշին տոլմա եփել։
Այս ամենագետ հարսը տոլմա եփել չի իմանում. սիրտը պնդացրած` գնում է հարևանուհի Թելոյի մոտ։
— Աղջի։ Թելո, տոլման ո՞նց են եփում։
— Միսը թակիր,— սկսում է բացատրել Թելոն։
— Գիտեմ,— շտապում է արժանապատվությունը պահպանել Թանգիկը։
— Պղնձի մեջ լցրու։
— Գիտեմ։
— Ալյուրը խառնիր…
— Գիտեմ։
— Աղը, տաքդեղը լցրու վրան…
— Գիտեմ, գիտեմ։
— Սոխը, գինձը, նանան մանր կտրտիր…
— Գիտեմ, գիտեմ։
— Խաղողի տերևի մեջ փաթաթիր, դիր պղնձի մեջ…
— Գիտեմ, գիտեմ։
— Դե որ գիտես, իմացածիդ պես էլ արա, ինչո՞ւ ես եկել զահլա տանում,— վերջապես բարկանում է Թելոն։
— Բա էլ ոչինչ պետք չի՞, ինչո՞ւ չես ասում,— զգույշ հարցնում է Թանգիկը, մտքում որոշելով այնպիսի տոլմա եփել, որ ամուսինը մատներն էլ հետն ուտի։
Թելոն տեսնում է, որ սա չափից ավելի գիտուն է, ասում է.
— Մի կտոր էլ չորացած աթար կվերցնես, կդնես վրան, թող մի լավ եփվի։
Թանգիկը չի դիմանում.
— Գիտեմ, գիտեմ,— ասում է նա,— դա էլ գիտեմ։
Թանգիկը գնում է, որ իր իմացածի պես տոլման եփի, Թելոն ետևից կանչում է.
— Թրիքի հոտը որ ընկնի, տոլմադ պատրաստ է…

ԵՐԿՈՒ ՇՈՂՈՔՈՐԹ
Երկու մարդ կանգնած էին դատավորի առաջ։
Նրանցից մեկը արդար էր, մյուսը` մեղավոր։
Արդարը խեղճ էր, անպաշտպան ու բերանը փակ։ Մեղավորը, սրան հակառակ, քարե կարկուտի պես ինչ տեսակ մեղադրանք ասես, որ չէր թափում արդարի գլխին։ Մյուս կողմից` գեղեցիկ ու բնական անցումներով մեծարում էր դատավորի ազնվությունն ու արդարամտությունը։
Տեսնելով, ինչպես շողոքորթությունը դուր է գալիս դատավորին, արդարի տղան ասաց հորը.
— Ափո, ափո, մի քաղցր խոսք էլ դու ասա դատավորի մասին։
— Այդ լավ ասացիր,— ուրախացավ արդարը, ապա, ձայնը բարձրացնելով, որպեսզի դատավորը լսի, ավելացրեց.— դատավորը էշ չէ, լաո, նա լավ գիտե` ով է արդար, ով մեղավոր։

ՅՈՒՂԸ` ՀԱԼԱ՞Ծ, ԹԵ՞ ԱՆՀԱԼ
Մի երաշտ տարի գյուղացիներն իրենց միջից մարդ են ընտրում, ուղարկում փաշայի մոտ, որպեսզի սա խնդրի` չառնել յուղի հարկը կամ պակասեցնել այն։
Երբ այս պատգամավորը հայտնվում է փաշայի առաջ, շփոթվում է, կորցնում է իրեն…
— Փաշա,— ասում է,— մեծով-պստիկով, ահել-ջահելով ոտքդ ընկած աղաչում ենք…
— Ի՞նչ կա էլի,— խոժոռվում է փաշան։
— Ուզում ենք իմանալ` այս տարի յուղը հալա՞ծ տանք, թե՞ անհալ։
— Հայդե,— խնդում է փաշան,— գնա ասա` թող հալած տան։
Մարդը վերադառնում է, ժողովուրդը հավաքվում է, ընդառաջ գալիս.
— Ի՞նչ արիր, յուղը պակսեցրի՞ր։
— Տո, ի՞նչ պակսեցնել, հազիվ կարողացա անհալը հալած դարձնել։
Մի ծերունի այստեղ ասում է.
— Էն շունը, որ միայն հաչել գիտե, գայլերին բերում է ոչխարի հոտի վրա։

ՍՈՒՏՈՒՏԻԿԸ
Սրան մի օր հարցնում են.
— Օրը քանի՞ սուտ ես խոսում։
— Երեք սուտ. առավոտյան, ճաշին, իրիկվան։
— Այդքան քի՞չ։
— Երեք սուտը` երեք թխսկաններ են, ճտերին չեմ հաշվում։
— Հա, որ այդպես է, իրավունք ունես։

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՀՈՐ ԿԱՐԾԻՔԸ
Մի մարդ, որ յոթ-ութ երեխա ուներ, ամեն օր փնթփնթում էր ու դժգոհում, թե ինչպես է մեծացնելու դրանց։
Դրացի տերտերը լսում է և հուսադրում նրանց.
— Օրհնած, մի մտածիր,— ասում է.— աստված որ տվել է, աստված էլ կպահի:
— Է, տերտեր,— ասում է բազմազավակ հայրը,— աստված որ պահող լիներ, իր որդուն Քրիստոսին կպահեր, չէր թողնիր՝ տանեն խաչեն:

ՈՒՄԻ՞Ց ՊԵՏՔ է ՏՈՒՆ ԳՆԵԼ
Պապն իր թոռանը խրատ էր տալիս.
— Լաո,— ասում էր, — տուն որ գնելու կլնես, առաջ իմացիր` ծախողն ի՞նքն է շինել տունը, թե՞ պապերից է ժառանգել։ Թե որ ինքն է շինել, մոտիկ չգնաս, թե պապերից մնացած ժառանգություն է, գնա, սակարկիր, էժան կառնես:
— Էդ ինչո՞ւ, ափու,— զարմանում է թոռը:
— Լաո,— ասում է պապը,— էն, որ իր օրում տուն շինած չկա, կարծում է` սյունն ու գերանը տան մեջ են բսնում։

ԱՔԱՂԱՂԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Աքաղաղը թռավ կտուրի վրա, աքլորացավ իրեն իրեն, խորոզլամիշ եղավ, մի ոտքը ծալեց, մյուսը պնդեց հողին, կանչեց.
Ծուղրուղու…
Հարցրին— ասին.
— Որ տանիք ես բարձրանում, ինչո՞ւ մի ոտքի վրա ես կանգնում։
Աքաղաղը պատասխանեց.
— Որպեսզի կտուրը չփլչի։

ԿՈՇՏՈՒԿՆ ՈՒ ՔԱՐԸ
Կոշտուկն ասաց քարին.
— Երկինքն ամպել է, անձրև պիտի գա. գլուխդ որտե՞ղ ես պահելու։
— Աստված ողորմած է։ Դո՞ւ։
— Ինձ ի՞նչ կա. գա էլ, գնա էլ։

ԳՈՂՆ ՈՒ ՍՈՒԼԹԱՆԸ
Մի գող են բռնում։ Սուլթանը հրամայում է՝ ձեռքն ու ոտքը կապել, տանել հրապարակում անարգանքի սյանը գամել, որպեսզի ամեն անցնող-դարձող թքի վրան։
Այդպես էլ անում են։
Մի քանի օր անց սուլթանը գնում է հրապարակ.
— Հը՞,— հարցնում է գողին,— դրանից էլ մեծ ցավ կա՞։
— Կա, գոռոզ սուլթան, կա,— պատասխանում է գողը։
— Ո՞րն է։
— Սրանից ավելի մեծ ցավն էն է, երբ ղոնաղ է գալիս տունդ, բան չունես առաջը դնելու…

ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
Երկու քուրդ` մեկը ծեր, մյուսը երիտասարդ, նստած զրույց են անում։ Երիտասարդը հարցնում է.
— Ապո, ինչպե՞ս կիմացվի, թե ֆլան մարդը հայ է։
Ծերը պատասխանում է.
— Լաո,— ասում է,— թե որ կուզես իմանալ` կրակ վառի, մարդուն նստեցրու խարույկի առաջ, թե խառնեց կրակը` հայ է, թե չխառնեց` հայ չէ։

ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Մի քանի մարդ հավաքված զրույց են անում, խոսքը դառնում է մարդկային կյանքի կարճ լինելու վրա։
Ի վերջո որոշում են.
— Երթանք Հովհան Օձնեցուն հարցնենք. կյանքն ինչո՞ւ էսքան կարճ է։
— Օրհնածներ,— ասում է Օձնեցին,— իմ կարճ խելքով` էն մարդիկ են երկար ապրում, ովքեր իրենց կնիկների ամեն մեկ հարցումին ու խոսքին միշտ ասում են` «Հա» ու երբեք չեն ուսում` «Չէ»։
Մարդիկ որոջում են հետևել իմաստունի խորհուրդին։
Բայց, ասում են, նրանցից ոչ մեկին այնպես էլ չի հաջողվում հավատարիմ մնալ իր որոշմանը։
Ահա թե ինչու` էսօր էլ առաջվա պես աշխարհը լիքն է այրի կանանցով։

ՄԱՐԴՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ
Այնպես է պատահում, որ ճամփորդի մեկը ընկերանում է սատանային, միասին են կարճացանում երկար ճամփան։
Խոսք ու զրույցի մեջ պայմանավորվում են հեծնել իրար, որպեսզի հերթով հանգստանան: Ըստ պայմանի` հեծնողը պիտի խաղ ասեր, այնքան, մինչև երգն ավարտվեր, ապա իջնելու էր, մյուսին էր շալակելու:
Վիճակ են գցում, մարդու բախտը բանում է, առաջինը ինքն է հեծնում սատանային։ Հեծնում է ու սկսում երգել. «Հարնանա, նանա, նանա…»։
Սատանան տեսնում է, որ հոգնել է, քրտնա-մխել, գրմխել ու լեզուն դուրս է ընկել, ոտքերը դողում են, իսկ մարդը հա շարունակում է երգը։
Սատանան չի համբերում, ասում է մարդուն.
— Էդ քո խաղին վերջ չկա ։
Մարդը պատասխանում է.
— Հլա դոր ես… Սա հարնանանեն է, շարունակությունն էլ տարնանանեն պիտի լինի։

ՄՈՆԹԻ ՎՐԵԺԸ
Վարդապետը իր մոնթի հետ շրջում է գյուղերում, պտղի ու մատաղ է հավաքում։ Հասնում են մի գյուղ և գիշերը մնում են վարդապետի սիրուհու մոտ։ Առավոտյան, երբ ճամփա են ելնում, կինը լիքը խուրջինը գաթա է տալիս վարդապետին։ Մոնթը շալակում է խուրջինը, ոտքը կախ գցում, որպեսզի մի կտոր գաթա ուտի։ Վարդապետը կռահում է մոնթի խորամանկությունը։ Հենց որ մոնթը մի պատառ գաթա է դնում բերանը, վարդապետը հարցնում է.
— Տիրացու, վերին գյուղը վանքին քանի՞ մատաղ խոստացավ։
Մոնթը գաթան ետ է դնում.
— Միտքս չէ, հայր սուրբ, մոռացել եմ։
Մի քիչ են գնում. տիրացուն նորից ուզում է մի բրդուճ գաթա դնել բերանը, վարդապետը գոռում է.
— Տիրացու։
— Համմե, հայր սուրբ:
— Ներքին գյուղը քանի՞ կոտ ցորեն խոստացավ։
— Չգիտեմ, հայր սուրբ, մոռացել եմ։
Այսպես` այնքան, մինչև որ թշվառ տիրացուն հրաժարվում է գաթան համտեսելու մտքից։
Երկու շաբաթ շրջագայելուց հետո վերադարձին նույն գյուղում են մնում։ Գիշերվա կեսին վարդապետը կամաց դուրս է սողում իր անկողնուց, չոքեչոք ուզում է սիրուհու մոտ գնալ, տիրացուն ասում է.
— Հա, գիտե՞ս, հայր սուրբ, նոր միտքս եկավ, վերին գյուղը քսան մատաղ խոստացավ մեր վանքին։
Վարդապետը սարսափած ու ամոթահար ետ է փախչում, մտնում իր անկողինը։ Երբ գիշերն ավելի է խորանում, վարդապետը նոր փորձ է անում, բայց մոնթը արթուն է.
— Հայր սուրբ,— գոռում է,— գիտե՞ս, ներքին գյուղը հիսուն կոտ ցորեն պիտի տա վան-քին…
Այսպես` ամեն անգամ, մինչև որ վերջնա կա — նապես հարամ է անում վարդապետի ցանկությունները։

ՍՈՒԼԹԱՆԸ` ՀԱՋԻ
Ժամանակին մի սուլթան է լինում, բան ու գործ չի ունենում, վեր է կենում գնում Մեքքա, որպեսզի հաջի դառնա, իր ունեցած յոթը տիտղոսի վրա էլ ավելացնի։
Գնում է հասնում սուրբ քաղաքը, ծնկի է գալիս տաճարի սև քարի առաջ, համբուրում է սուրբ քարը, հաջի է օծվում, վերադառնում է նստում իր գահին։
Մարդու մեկը հարցնում է մյուսին.
— Է, դրանից երկրի դրությունը փոխվե՞ց։
— Հապա ինչպես,— պատասխանում է մըյուսը,— սուլթան էր, հաջի-սուլթան դարձավ, սրանից էլ մեծ փոփոխությո՞ւն։

ԱԼՈ-ԽԱԼՈՆ
Տարին չորային էր, արտերն անձրև էին ուզում։ Երկինքը ողորմաց-ամպեց, կաթկթաց։
Ալո-Խալոն վազեց դուրս, կանչեց.
— Իմ արտի վրա, իմ արտի վրա։
Ամպը գոռաց, անձրևի փոխարեն կարկուտ շրխկաց հողին։
Ալո-Խալոն ճչաց.
— Բոլորի արտերի վրա, բոլորի արտերի վրա։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով