Բորիս Վիան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1968, 8

Աշխարհի «Այսօրվա պոետներ»-ից է ֆրանսիացի Բորիս Վիանը։ Ծնվել է 1920 թվականին։ Չափածո գրել է քիչ. ընդամենը 21 բանաստեղծություն, որ հետագայում հրատարակվեց «Չէի ուզենա սատակել» խորագրի տակ։ Նա մեռավ 1959-ին։

ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ

Դեգերում էր ճամփին մի զինվոր
Դաստակներն իրար կապոտած
Դեգերում էր ճամփին մի զինվոր
Հնամաշ կոշիկներ հագած
Քաղաքի ամբողջ երկայնքով
Այրի կանայք կային կանգնած
Որոնք լալիս են` տեսնելով
Այնքան հեգ, տխուր մի զինվոր
Քայլիր, քաջ զինվոր, քայլիր
Քայլիր քո ճամփով
Բանտարկյալ դարձրին քեզ նրանք
Դրեցին նրան մի ամրոց
Դաստակներն իրար կապոտած
Դրեցին նրան մի ամրոց
Վերևից գլխիվայր կախված
Եվ հետո մարդիկ մտան ներս
Շեղբերով երկար ու սրած
Եվ նրա մարմնի վրա մերկ
Սկսեց արյունն առվակել
Խոսիր, քաշ զինվոր, խոսիր
Պետք է, որ խոսես
Քանզի բանտարկյալ ես դարձել
Թե ասեմ, ինչ չեմ ուզում ասել
Կարող եմ դուրս ելնել
Թե ասեմ, ինչ չեմ ուզում ասել
Կարող եմ ազատվել
Իսկ լռել, թե ցանկամ
Չեմ տեսնի երբեք էլ
Կնոջս, ոչ մորս անգամ
Եվ ոչ էլ իմ մանկանց
Լաց, քաջ զինվոր, լաց
Պետք է, որ լինես լաց
Ինչպես բանտարկյալն անճար
Երբ նա մատնեց իր ընկերներին
Թողեցին, որ գնա
Երբ նա մատնեց իր ընկերներին
Թողեցին, որ գնա
Տանելով ամոթն իր խղճուկ
Թշվառ մարմինը բզկտված
Գնում էր ճամփեքով մութ
Հնամաշ կոշիկներն հագած
Քայլիր, քաջ զինվոր, քայլիր
Քայլիր քո ճամփով
Ազատված ես դու արդեն
Երբ կրկին նա ներս մտավ տուն
Թռել էր ժամանակն արագ
Երբ կրկին նա ներս մտավ տուն
Սեղանին գտավ մի նամակ
Ներիր ինձ, ով մարդ
Հնարավոր չէ միշտ
Երազի հետ պառկել
Եվ սեր վայելել
Մեռիր, քաջ զինվոր, մեռիր
Լավ է, որ մեռնես
Թաղելու կգան քեզ…

ՎԵՐՋԻՆ ՎԱԼՍԸ

Լրագիր վերջին, վերջին կես-լուսին
Առավոտ չնչին, անցորդներ սին
Եվ սա է լուծումն անհայտի
Վերջին արեգակ
Վերջին հաղթաթուղթ
Վերջին սրճարան
Վերջին սու
Մնաք բարով, գնում եմ հեռու
Վերջին հյուրանոց
Դու վերջին իմ սեր
Վերջին համբույրներ
Իմ սիրելիներ մնացեք բարով
Վերջին խղճի խայթ
Վերջին կեղծություն
Վերջին անգին զարդ
Վերջին իրիկուն
Առանց ցտեսության եմ հեռանում
Վերջին վալս, չկա հաջորդ օր
Չունի այլևս սիրտս անձկություն
Վերջին վալս հասմիկի հոտով
Վերջին վալս են ափերը Սենայի
Վերջին ողջույն մի փոքր ձեզ
Վերջին հույս վերջին ամեն ինչ
Ննջեք, խաղաղ է գիշերն այնքան
Վերջին մայթ
Վերջին մնացորդ
Վերջին հայացք
Վերջին ոստյուն
Ուրիշ ոչինչ, քան մի մեծ կլորուկ ջրում…

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԻ ԲԱՐԵԿԱՄԻ

Ընկեր, ուզում ես
Դառնալ բանաստեղծ
Թույլ մի տուր բնավ
Անճարակություն: Մի գրիր
Երգեր տխմար չափազանց
Թե սիրում են դա
Դդումներն անգամ
Մի դիր երգի մեջ
Բացատրություն բութ
Կամ մեքսիկացու
Լայնեզր գլխարկ
Մի դիր երգի մեջ
Բուրմունքն հրավառ
Կամ թե ջրագռավ
Մեզ խորթ ու օտար
Դիր դու ծաղիկներ
Մի քանի համբույր
Մեղմիկ զետեղված
Շրթներին նրանց
Դիր նոտաների
Դու փունջ մի սիրուն
Եվ հետո դրանք
Երգիր քո սրտում
Ընկեր, ուզում ես
Դառնաք բանաստեղծ
Մի փորձիր երբեք
Դու հարուստ լինել
Աննշան զարդեր
Կվաստակես դու
Որոնց դիմաց քեզ
Կտան քսանհինգ սու
Հրատարակիչը
Կառաջարկի քեզ
Որ դու աղտեղվես
Առանց ամոթի
Թարգմանիչը քեզ
Կհակաճառի
Ուղղություն կտա
Որ երգդ կարճես
Դու կծիծաղես
Ինչ որ կասեն քեզ
Եվ դու կպահես
Ընդմիշտ անծանոթ
Երգն այս գլխում քո
Որ կսուլես դու
Երկար` փողոցում

ԴԱՍԱԼԻՔԸ

Պարոն նախագահ
Հղում եմ ձեզ նամակ
Որ գուցե և կարդաք
Թե ունեք ժամանակ
Ստացա ես հենց նոր
Թղթեր զինվորական
Որ այս չորեքշաբթի
Դեռ երեկոն չիջած
Պատերազմ գնամ
Բայց պարոն նախագահ
Չեմ ուզում ճիշտն ասած
Ես հո աշխարհ չեկա
Ջարդելու խեղճ մարդկանց
Վրդովել չեմ ուզում
Պետք է ասեմ ձեզ
Վճիռս հանված է
Դասալիք եմ ես
Ծնված օրից ի վեր
Տեսա մահը իմ նոր
Տեսա եղբայրներիս
Մեկնելը կովի դաշտ
Տեսա լացն իմ մանկանց
Իմ մոր տանջանքն այնքան
Որն հիմա հողի տակ
Ձեր ոումբերն է ծաղրում
Եվ որդերն իր շիրմի
Երբ բանտարկյալ էի
Գողացան կնոջն իմ
Գողացան իմ հոգին
Եվ ողջ անցյալս թանկ
Վաղը առավոտ վաղ
Կտամ դուռս դեմքին
Մեռած տարիների
Ու կընկնեմ ճամփա
Մուրալով կապրեմ ես
Բրետայնից Պրովանս
Մեր ճամփեքի վրա
Եվ կասեմ ես մարդկանց
Մի դարձեք նպատակ
Պատերազմ չգնաք
Մերժեք ամեն բան
Մերժեք մեկնել մարտ
Թե հարկ է արյուն տալ
Ձեզնից լավ առաքյալ
Տվեք ձերն այնժամ
Պարոն նախագան
Թե հետապնդեք ինձ
Հայտնեք կանխապես
Ձեր ժանդարմներին
Կարող են կրակել
Անզեն կլինեմ ես:

***
Փշրում են աշխարհը
Մանր կտորների
Փշրում են աշխարնը
Հարվածով կռանի
Բայց դա ինձ փույթ չէ
Բնավ ինձ փույթ չէ
Բավական բան է ինձ
Մնում աշխարհից
Բավ է, որ սիրում եմ
Մի փետուր կապույտ
Մի ավազուտ ճամփա
Մի վեհերոտ թռչնիկ
Բավ է, որ սիրում եմ
Մի նուրբ խոտի ծյուղ
Մի ցողի կաթիլ
Անտառի մի ծղրիդ
Կարող են փշրել աշխարհը
Մանր կտորների
Բավական բան է ինձ
Մնում աշխարհից
Մի քիչ օդ կունենամ միշտ
Կյանքի մի թել փոքրիկ
Աչքերում լույս մի քիչ
Եղինջների մեջ հովիկ
Եվ նույնիսկ և նույնիսկ
Թե բանտ են գցում ինձ
Բավական բան է էլի
Մնում ինձ աշխարհից
Բավ է, որ սիրում եմ
Բանտի քարն այս մաշված
Ճաղերն այս երկաթե
Ուր կանգ է առնում արյունը մի քիչ
Սիրում եմ սիրում
Մաշված տախտակը իմ մանճակալի
Ներքնակս ծղոտե ու վերմակս հին
Փոշին արևի
Սիրում եմ խցի դիտանցքը բացվող
Ներս մտնող մարդկանց
Որոնք մոտենում ու տանում են ինձ
Վերգտնելու կյանքը աշխարնի
Եվ գույները կրկին գտնելու
Սիրում եմ երկար վերելքներն այս երկու
Դանակն այս եռանկյուն
Եվ սևազգեստ պարոններին այս
Իմ տոնն է դա և հպարտ եմ ես
Սիրում եմ սիրում
Զամբյուղն այս թեփով լեփ-լեցուն
Ուր վայր կդնեմ գլուխս հիմա
Օհ դա ես սիրում եմ իսկապես
Բավ է, որ սիրում եմ
Մի կապույտ խոտի ծյուղ
Մի ցողի կաթիլ
Մի երկչոտ թռչնի սեր
Փշրում են աշխարհը
Ծանր մուրճերով
Սիրտ իմ մնում է դարձյալ
Բավական ինձ բան աշխարհից:

Ֆրանսերենից թարգմանեց` Սլավիկ Չիլոյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով