Գեորգի Ջիբլաձե. Հովհաննես Թումանյան

«Գարուն», 1999, 2

Հայաստանի ոդիսականին ոչ քիչ թվով գրողներ են անդրադարձել: Նրանց մեջ քիչ չեն երկրով մեկ հռչակված պատմաբաններ, բանաստեղծներ, արվեստագետներ: Բայց դժվար թե գտնվի ավելի փայլուն դեմք, քան Հովհաննես Թումանյանն է: Մեծ Գյոթեն մի անգամ Էքերմանին ասել է. «Ոչ մի բանաստեղծություն ես չեմ գրել առանց պատճառի»:
Թումանյանը նույնպես առանց պատճառի ոչինչ չի գրել: Բայց, ի տարբերություն Գյոթեի, Թումանյանի համար այդ պատճառը հիմնականում մեկն էր` Հայաստանը: Միայն իր ժողովրդի իսկական մեծ զավակը կարող էր գրել «Հայոց լեռներում»-ը, «Հայոց վիշտը», «Մեր նախորդներին»-ը, «Անուշը», «Գիքորը», բոլոր այն երկերը, որ հայրենիքի մասին ստեղծել է Թումանյանի զարմանալիորեն արդար ձեռքը: Այդ երկերի յուրաքանչյուր տողը խոր վերքի արտահայտություն է, և յուրաքանչյուր վերքից արյունը հոսում է կրկնակի հորձանքով: Աբովյանի «Վերք Հայաստանին» և Թումանյանի «Հայոց վիշտը» միևնույն ցավի գեղարվեստական վերարտադրություններն են: Թումանյանի ստեղծագործությունը համազոր ուժով արտացոլում է մայր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բանաստեղծի մուսային ասես մեծ լիցք է տվել Մաշտոցի, Կորյունի, Խորենացու և Դավիթ Անհաղթի տաղանդը, ասպետական շունչ` սասունցիներն ու Մամիկոնյանները, մտահորիզոնն ընդլայնել են Գեղամա լեռները, Արագածն ու Զանգեզուրը, գեղեցկություն և հմայք են հաղորդել Հրազդանի կիրճը, Արարատյան դաշտը, Լոռին ու Սևանա լիճը:
Թումանյանի ստեղծագործություններից մեզ է նայում Հայաստանը, և Հայաստանում ապրում է Թումանյանի հոգին: Միայն մեծ զավակը կարող է այդպես ձուլվել իր ազգի էությանը: Եվ ազգը նրան կճանաչի որպես իր ամենամեծ, ամենասիրելի զավակի:
Թումանյանը հայ ժողովրդի քաջ ասպետն է և բանաստեղծական շեփորահարը: Որպես ստեղծագործող և մտածող` նա առաջադիմական է, խորապես ազգային, բայց հենց այդ մեծ ազգայնության մեջ է նրա համամարդկային բնույթը:
Հայաստանի անցյալ ոդիսականի հենքի վրա ով գեթ մեկ անգամ խորհել է սուլթան Աբդուլ Համիդի` 19-րդ դարի վերջին տասնամյակներին կատարած գազանությունների մասին, նա լավ կհասկանա, թե ինչ ցավ են ունեցել Հայաստանի մեծ զավակները, նրանց թվում և Հովհաննես Թումանյանը, երբ խոցված սրտի երակներով գրում էին բազմատանջ հայրենիքի ճակատագրի մասին:
Իսկ ինչպե՜ս էր ասվում այս ամենը` ամբողջ էությամբ, խորությամբ, առաքինությամբ…
Բոլոր երկերում Թումանյանը զարմանալիորեն անմիջական է, պարզ ու անկեղծ: Ոչինչ մետաֆիզիկայի բնագավառ չի մտցրել. ամեն ինչ բխեցնում է կենսական երևույթներից, ամեն ինչ մարդկային է` ուրախությունը, տառապանքը, ապրումը, մտածողությունը: Այսպիսի մարդկային Մարդ գրողներ հազվադեպ են ծնվում: Նրա համար ոչինչ այնքան ատելի չէ ստեղծագործության մեջ, որքան փախուստը մարդկային կյանքից, իրականության պասիվ արտացոլումը, մետաֆիզիկան: Երազանքն ու ֆանտազիան մարդկային ստորոգումների սահմաններից են սկսում գործողությունը և դրանցով էլ վերջացնում են:
Հովհաննես Թումանյանը դասական քննադատական ռեալիզմի մեծ ներկայացուցիչներից մեկն է ոչ միայն հայ գրականության մեջ, այլև եվրոպական մասշտաբով և, անկասկած, կանգնած է այն արվեստագետների կողքին, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսից այս հոսանքը տրամաբանական վախճանին հասցրին: Ես չէի ասի, թե Թումանյանի գեղարվեստական ձևը «ռաֆինացված է»: Կարծում եմ` ոչինչ այնքան սխալ չի բնութագրի Թումանյանի գեղարվեստական ձևը, որքան «ռաֆինացված» բառը: Թումանյանի գեղարվեստական ձևը ռեալիստական մեծ պարզությամբ անցնում է զարմանալիորեն բնական հղկվածության սահմաններից և հասնում անբասիրության:
Միանգամայն արդարացի են ժամանակակից հայ քննադատները, նրանց թվում` Կամսար Գրիգորյանը և Լևոն Հախվերդյանը, երբ Հովհաննես Թումանյանին համարում են Խաչատուր Աբովյանի լուսավորչական-դեմոկրատական ավանդույթների շարունակողը Նալբանդյանից, Պռոշյանից և Աղայանից հետո:
Հովհաննես Թումանյանը 1899 թ. Պերճ Պռոշյանին պատահաբար չձոնեց ամբողջ մի բանաստեղծություն` նրա գրական գործունեության 40-ամյակի առթիվ, մի հրաշալի բանաստեղծություն, որտեղ ի ցույց հանեց ժողովրդական գրողի բերած ստեղծագործական նորությունը: Այդ նորությունը միայն գաղափարական սկզբունքներով կամ ազգային հայրենասիրական զգացմունքներով չէր պայմանավորված, այլ նաև ձևի առումով, որ այդպես ամրորեն արմատավորեցին 19-րդ դարի հայ նշանավոր ռեալիստները:
Եթե ցանկանում եք անմիջականորեն հասկանալ Թումանյանի հումանիզմը, պատկերացում կազմել նրա գրական զգացումների ու խոհերի մասին, դրա համար շատ բան հարկավոր չէ: Կարդացեք նրա արձակ ստեղծագործություններից թեկուզ մեկը` «Եղջերուն», և դուք ամեն ինչ կհասկանաք: Ճիշտ է, Հովակիմ բիձու կարճ խելքով` «աշխարհքի երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա», ճիշտ է, պատմվածքում հեղինակ հերոսն ասում է` «էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը», բայց այս բացասումն անգամ ներծծված է կյանքի, ապրելու, մարդու հանդեպ մեծագույն սիրով և հնչում է իբրև սիրով ներշնչված մի հիմն` ինչպես Գերցենի արձակը:
Եթե դուք ցանկանում եք անմիջականորեն հասկանալ Թումանյանի կենսական գիտելիքները կամ` թե անխիղճ մարդկանց մի խումբ ինչպես է կեղեքում պատվարժան աշխատավորին, շատ բան հարկավոր չէ: Կարդացեք «Աղքատի պատիվը», ծանոթացեք այդ փոքրիկ պատմվածքի հերոսների` խեղճուկրակ Սիմոնի, նրա գեղեցկուհի կնոջ, Մարուշ աղջնակի, դարդիման լոթի Սանդրոյի, վաշխառու աղա Պետրոսի, տանուտերի հետ և կհասկանաք աշխատավոր մարդու ողբերգությունը:
Եթե ցանկանում եք անմիջականորեն զգալ Թումանյանի ինտերնացիոնալիստական խոհերի խորությունը, դրա համար շատ բան հարկավոր չէ: Կարդացեք հին օրագրից առնված նրա փոքրիկ հուշագրությունը` «Ահմադ» վերնագրով, և դուք կհասկանաք, թե որքա՜ն նրբորեն էր անդրադառնում Թումանյանը ժողովուրդների բարեկամության գաղափարին:
Եթե ցանկանում եք Թումանյանի ստեղծագործության մեջ անմիջականորեն տեսնել ճնշված ժողովրդի ողբերգությունը, դրա համար էլ շատ բան հարկավոր չէ: Կարդացեք «Նեսոյի քարաբաղնիսը» և ամեն ինչ կհասկանաք:
Եթե ցանկանում եք անմիջականորեն զգալ Թումանյանի քնարերգական զգացումները կամ մտածողության ուղղությունը, շատ բան հարկավոր չէ: Կարդացեք նրա հիսունից ավելի քառյակները և դուք կարող եք միանգամից հաղորդակից դառնալ Թումանյանի քնարերգության ջերմությանը, պարզությանը, բանաստեղծական նրբությանն ու փիլիսոփայական հավատամքին:
Ամենուր և ամեն ինչում կյանքի շունչն ենք զգում:
Ժողովրդական հեքիաթներում նույնպես («Անբախտ վաճառականները», «Տերն ու ծառան», «Քաջ Նազարը») կյանքի ճշմարիտ պատկերներն ենք տեսնում, սրանցից յուրաքանչյուրի ճանաչողական արժեքը շատ մեծ է: Հայկական բանահյուսության Նազարը և վրացական բանահյուսության Նացարքեքիան նույն կյանքի ճյուղերն են, որ այնպե՜ս լավ արտահայտում են մարդկային կյանքում հանդիպող պատահականությունները, թուլությունը, հաճախ էլ` ծիծաղելի երևույթները:
Այս պատմվածքներում որքա՜ն խորն է միտքը, խորն է զգացմունքը. սրանք ցուցանում են, թե ինչպիսին պետք է լինի մարդը, և ինչպես պետք է կազմավորվի հասարակական կյանքը: Ոչինչ չենք ասում Թումանյանի երկերի բանաստեղծական բարձր արժանիքների մասին: Այսքան հրապուրիչ, այսքան հասկանալի, այսքան պարզ, այսքան արդար գրողին ընթերցողը միշտ էլ սիրել է, և զարմանալի չէ, որ Թումանյանն սկզբից ի վեր արժանացավ համընդհանուր ճանաչման:
Մեծապես առաքինի` ուրիշներին էլ առաքինության կոչ էր անում: Նրա ստեղծագործությունն էլ առաքինության մարմնացում է: Դժվար է սահման գծել Թումանյանի առաքինության և հումանիզմի միջև: Նրանք մեկմեկու այնպես են լրացնում, ինչպես մարգարիտն ու սուտակը ուրիշ թանկարժեք քարերի մեջ: Եթե արտաքին տեսքը կարող է փոքր-ինչ արտահայտել անհատի ներքին էությունը, ապա դա լավագույնս կարող էր անել Թումանյանի հմայիչ դեմքը, որը բարի սրտի հետ կատարյալ համաձայնության մեջ էր: Ֆիզիկապես թույլ, բայց ասպետական հոգի ուներ, իսկ բանաստեղծական բանականությունն իր արդարացումն էր գտնում պատմականորեն հավաստված ճշմարտությունները խոստովանելու և պաշտպանելու մեջ փառահեղ մարդիկ հազվադեպ են ծնվում, և Թումանյանը ճիշտ այսպիսի երջանիկ հազվագյուտներից էր: Այլ կերպ չէր կարող ծնվել բարեկամության այն մեծ զգացումը, որ հուրհրում էր նրա սրտում, և որով նա այդպես եղբայրորեն էր կապված ինչպես կովկասյան ժողովուրդների, այնպես էլ ռուսների հետ: Նա ամեն ինչ հասցրել էր բարեկամության օրհնանքի աստիճանի և ամեն ինչ կապում էր մարդկության առողջ բանականության հետ:
14-ամյա պատանի` նա եկավ Թիֆլիս և 24-ամյա երիտասարդ բանաստեղծ էր, երբ համայն վրաց ժողովրդի բարեկամը դարձավ: Նրա ելույթը Բարաթաշվիլու դին տեղափոխելիս` 1833 թ. ապրիլին, համընդհանուր հավանության արժանանացավ:
Թումանյանի բանաստեղծությունը ջերմացած էր ինչպես վրաց ժողովրդի հանդեպ սիրո, այնպես էլ Բարաթաշվիլու հանճարի նկատմամբ անսահման հարգանքի բարձր զգացումով: Հենց այս բարձր զգացումն էլ նրան թելադրեց գրել բանաստեղծական երկու գլուխգործոցներ` «Վրաստանին» և «Նվեր Վրաստանի բանաստեղծներին»: Կարդացե՛ք այս անզուգական երգերը և իսկույն կհասկանաք, թե ինչ բարի, իսկական եղբայրական սեր էր Հովհաննես Թումանյանին կապում ինչպես Վրաստանի, այնպես էլ վրաց գրողների, վրաց ժողովրդի հետ, որի ծոցում մեծ բանաստեղծը անցկացրեց իր կյանքի մեծ մասը` 30 տարի:
Միայն նա կարողացավ ճակատագրական պահին սպիտակ դրոշը ձեռքին դուրս գալ և եղբայրասպան կռվի ելած ժողովուրդներին կրկին բարեկամացնել: Չէ՞ որ ազգերի բարեկամությունը նրա կյանքի և ստեղծագործության տարերքն էր: Այս գործին նա ծառայում էր իր ամբողջ մարդկային անմիջականությամբ:
Ահա թե ինչու այլևս չենք զարմանում, որ յուրաքանչյուր երկում Թումանյանը զարմանալիորեն անկեղծ է, անմիջական և անբասիր: Նա մեզ հմայում է նաև մաքուր, մանկական արդարամտությամբ: Իր բանաստեղծություններից մեկում նա պատահաբար չի ասում.

Երեխի նըման մըտա ես աշխարհ,
Անվերջ միամիտ, անխելք, անձնըվեր.
Սըրտումըս ինչ կար, ձեռքիս ինչ որ կար`
Բաժանեցի մարդկանց` անսեր, անտարբեր:

Բանաստեղծական խոսքեր են, բայց մեծ ճշմարտություն են արտահայտում, դրանք ավելի լավ բանաստեղծին են պատկերում, որը նույն այդ բանաստեղծության մեջ իր դիմանկարը
տալիս է ուղղակի գեղանկարչական կտավի վրա: Երազուն ու խենթ երեխային խաբել են, սերն ու հավատը խաթարել, վրդովել են նրա նուրբ հոգին, բիրտ ուժերը տանջել են ու թեև նա ճաշակել է վիշտ ու հոգնություն, բայց անմնացորդ նվիրված է մնացել երկու սկզբունքի` բարուն և գեղեցիկին: Ահա, միայն նման աներեր հոգու տեր անհատը կարող էր մարդկությանը մեծարող այսպիսի խոսքեր ասել.

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ:

Անհուն հանքը իմ գանձերի
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ բաշխեմ ձըրի.
Սերն անվերջ է, բարին` անհատ:

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից:

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընըդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն:

Եվ Թումանյանը ամեն ինչ տվեց իր բազմաչարչար հայրենիքին, դարձրեց այն, ինչ նրանից ստացել էր, միայն թե հարյուրապատկած, բազմապատկած:
Յուրաքանչյուր բանաստեղծ ունի իր համար շատ սիրելի երկեր: Թումանյանը բացառություն չէ: Ինչպես ասում են՝ նա շատ է իր քառյակները, որոնք հիմա, եթե ոչ ամբողջությամբ, գոնը կեսը` 25-ը, զետեղված են ընտիր երկերի ռուսերեն հրատարակության հոբելյանական հատորյակում: Այն, ինչ Գրիշաշվիլին վաղ թարգմանել էր, ինչ գրեթե ամբողջությամբ նորերս լույս տեսավ Նաում Գրեբնևի թարգմանությամբ, ընդամենը 53 քառյակ, բանաստեղծական արտասովոր, ինքնատիպ մանրաքանդակներ են` հագեցած խոր զգացումներով և նույնքան խոր մտքերով: Ինչի ասեք` չեք հանդիպի այնտեղ. ցավ անցավոր աշխարհի համար, կորցրածի փնտրտուք, վշտի օվկիան, անցած գեղեցիկ օրերի վերադարձի կարոտ, անկատար հույսեր, չարը բարու դիմակով, հոգու անսահման կսկիծ, երկու գերեզման, ունայնություն, մարդկային ընչաքաղցություն, տիեզերքի խորհրդավոր գաղտնիքները իմանալու ցանկություն… Բոլորը չենք էլ կարող բնութագրել: Բայց ամենուր մի բան անփոփոխ է` Թումանյանի առաքինությունը, հումանիզմով լեցուն հստակ միտքը: Մեկ-երկու օրինակ այդ քառյակներից, և բավական է` ասվածում համոզվելու համար: Ճիշտ է` դրանք չեն չափվի, ինչպես վաղօրոք նշել է Գրիշաշվիլին, պարսկական (Օմար Խայամի) քառյակների հետ, բայց ունեն բանաստեղծական ներքին մեծ ջերմություն և նրբություն: Ահա՛, սրանք էլ.

Մի հավք զարկի ես մի օր,
Թըռա՜վ, գընաց վիրավոր:
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր:

Կամ`

Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
Աստված պահի քո որդին,
Ո՜նց էր համը իմ ձագի…

Անհնար է, որ մարդ կարդա զարմանալիորեն ճշմարիտ այս տողերը և սրտի ցավ չզգա, կյանքի անարդարության հանդեպ անհանդուրժողականության միտք չծնվի մեջը, ժողովրդին օգնելու զգացումով չվառվի:
Մարդասիրությամբ և դեմոկրատական ոգով է աչքի ընկնում Թումանյանը նաև բանահյուսական թեմաներով գրած երկերում:
Պատմականորեն բոլոր խոշոր արվեստագետներն օրգանական կապի մեջ են ժողովրդական ստեղծագործության հետ: Թումանյանի ժառանգության մեջ ևս բանահյուսությունը պատվավոր տեղ է գրավում: Նրա լեգենդներն ու հեքիաթները հայ բանահյուսության ընձյուղներն են, բայց պրոֆեսիոնալ նկարչի վրձնով վրձնված: Նա, ո՛վ կարդացել է «Շունն ու կատուն», «Ախթամարը», «Արծիվն ու կաղնին», «Փարվանան», «Էսպես չի մնա»-ն, «Մի կաթիլ մեղրը», կհամաձայնի մեզ հետ, որ Թումանյանը դրանց բոլորին նոր շունչ է տվել, իսկ այդ շունչը հումանիզմը և դեմոկրատիզմն են: Եթե բանահյուսության մեջ բարու և չարի պայքարը հիմնականում բովանդակություն է, Թումանյանը անփոփոխ է թողնում այդ գիծը: Բայց ամենուր հասցնում է ներկայացնել այնպես, որ ընթերցողի մեջ վեհ ու վսեմ զգացումներ արթնանան, տրամադրվի չարի դեմ և վառվի բարու համար պայքարի ոգով:
Պոեմները գրելիս ևս, որոնց մի մասը բանահյուսական նյութի ստեղծագործական վերամշակում է, բանաստեղծն առաջնորդվում է համանման ելակետով: Բավական է հիշատակել Մարոյի և Կարոյի ողբերգությունը «Մարո» պոեմում: Չնայած հետազոտողները պնդում են, թե պոեմի հիմքում իրական դեպք է ընկած, բայց Թումանյանը նրան տալիս է ավանդության, ասքի տեսք, որով մեկ անգամ ևս հավաստում է, որ ձգտում է իրական փաստերին հաղորդել բանահյուսական հնչեղություն: Այլևս չենք խոսում «Սասունցի Դավիթ» պոեմի մասին, որտեղ բանաստեղծը գնում է հակառակ ճանապարհով: Այս բոլորը հայտնի կամ շարադրված ֆաբուլաների ստեղծագործական վերամշակում են` հասցված բանաստեղծական բարձրության:
Ինչ վերաբերում է «Անուշին», որի վրացերեն հրաշալի թարգմանությունը վաղուց ունենք, պատկանում է դասական պոեմների թվին, և Թումանյանի բանաստեղծական վարպետությունն այստեղ իր փառքի գագաթին է հասել: Միայն «Անուշով» էլ Թումանյանը կարող էր մեծ բանաստեղծի համբավ ունենալ, քանզի, իբրև վարպետ, նա այնքա՜ն կատարյալ է չափազանց խոր տպավորություն թողնող այս երկում:
«Անուշ» պոեմը պարզապես «որբ մարգարիտ» է ողբերգական սիրո թեմայով Թումանյանի գրած բանաստեղծական երկերի մեջ, և նրան պետք է պատվավոր տեղ հատկացվի համաշխարհային պոեզիայի անդաստանում: Գեղարվեստական այսպիսի ուժի պոեմներч հոգեբանորեն արդարացված, ռեալիստորեն քանդակված և քնարականությամբ հագեցված, շատ հազվադեպ են ծնվում, և հեղինակներին էլ հազվագյուտ անուն են բերում: Շատ բանաստեղծական երկեր չէ, որ կարող են այնպիսի գեղագիտական հաճույք պատճառել մեզ, ինչպիսին պատճառում է «Անուշը»:
Ձևի կատարելությամբ, հակիրճությամբ և նրբությամբ «Անուշը» իսկապես բանաստեղծական գլուխգործոց է: Կոլորիտով և ազգային ձևով հո ուղղակի գեղանկարչական կտավ է: Հին Հայաստանն է` իր սարերով, ժայռերով ու դաշտերով, ժողովրդական ավանդություններով, սիրով, աշխատանքով ու տառապանքով:
Հովհաննես Թումանյանը միշտ պատանեկան հափշտակությամբ է գրել կամ խոսել հայրենի Լոռվա մասին, բնական է, որ բանաստեղծական այս սյուժեն նույնպես սփռել է Լոռվա հա-մայնապատկերում: Տաղաչափական մի համակարգում չի տեղավորվել, դիմել է բազում ձևերի, բայց ձևի բազմատարրությամբ, ասես աններդաշնակությամբ, ճարտարապետական հին վարպետաց վարպետների նման, հասել է բարձրագույն ներդաշնակության:
Անմիջականությամբ, անբասիրությամբ և մեծ սիրով են գրված նաև Թումանյանի մանկական երկերը: Թարգմանությամբ նրանից միայն տասին եմ ծանոթ, և տասն էլ դյութել են ինձ: Բայց ամենալավերն, իմ կարծիքով, «Առաջին ձյունն» է, «Կույր աշուղը», «Ծիտիկի օրորքը», «Առվակը» և «Փիսիկի գանգատը»: Պատկերացնում եմ, թե սրանք ինչպիսին կլինեն բնագրում` հայերեն, երբ գիտեմ, որ մեծ բանաստեղծի թարգմանությունը հազիվ թե հավասարվի բնագրին:
Կարդում ես Թումանյան, և խոր զգացումներին զուգահեռ ծնվում են մտքեր, որոնք համահունչ են ոչ միայն անցյալին, այլ նաև մերօրյա ժամանակներին: Մեծ գրողները հենց դրա համար են միշտ ժամանակակից, որ համարձակ ձեռք են մեկնում ապագա ժամանակներին և հնչում նոր ուժով:
Խոսելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մասին` ուզում եմ մի բան ևս ասել ընթերցողին, յուրաքանչյուր վրացի պետք է իմանա, որ հայերը հնուց անտի մեր եղբայրներն են, և բոլոր նրանք, ովքեր չեն հասկացել այս ճշմարտությունը, մոռացել են սիրել հարազատ եղբորը: Յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ վրացիները հնուց անտի իր եղբայրներն են, և բոլոր նրանք, ովքեր չեն հասկացել այս ճշմարտությունը, մոռացել են սիրել հարազատ եղբորը: Ով մեր միջև պղտորում է ջուրը, միայն թշնամու ջրաղացն է բանեցնում: Նայեցեք Թումանյանին ու կհասկանաք, թե ինչ է նշանակում հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու հարազատ եղբայրությունը: Եթե նույնիսկ մնացած ամեն ինչ այժմ դնենք մի կողմ, ապա Հովհաննես Թումանյանը այս մեծ ծառայությամբ էլ կմնա անմահ ու անմոռաց հայ և վրաց ժողովուրդների պատմության մեջ:
Երբ բոլորովին պատանի, կարդացի «Գիքորը», արցունքներս չկարողացա զսպել: Ինչքա՜ն ժամանակ է անցել դրանից հետո, բայց ցայսօր չի ջնջվել այն հուզիչ տպավորությունը, որ իմ հոգում թողել է այդ փոքրիկ պատմվածքը` լի տանջանքով, արցունքներով, պատվելի մարդկանց դժբախտությամբ: Այժմ էլ աչքիս առաջ կենդանի կանգնած են աղքատ ու անբասիր Համբոն, փոքրիկ Գիքորը` բազազ Արտեմի տանը և խանութում: Գրեթե բերանացի հիշում եմ պատմվածքի վերջին գլուխը, որտեղ պատկերված է Թիֆլիսից Համբոյի տուն վերադառնալու իրողությունը` վախճանված Գիքորի վերջին իրերով, վերջին գլուխը, որը բաղկացած է ընդամենը մի քանի տողից, բայց մի ամբողջ սոցիալական վեպ արժե: Ո՞ւմ չի ցնցի, կյանքի անարդարության մասին ո՞ւմ դառը խոհերի տեղիք չի տա կամ ո՞ւմ աչքերից արցունք չի հոսեցնի այդ զարմանահրաշ վերջին գլուխը.
«Մի երկու օրից ետը Համբոն գնում էր իրենց գյուղը:
Նա թաղել էր Գիքորին ու գնում էր: Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն: Շորերի գրպաններում մի բուռ փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան: Էն էլ, երևի, քրոջ` Զանիի համար էր հավաքել ու պահել…
Գնում էր Համբոն ու մտածում: Շատ ժամանակ չէր անցել, որ էդ միևնույն ճամփով քաղաք եկավ իր Գիքորի հետ: Ահա էստեղ էր, որ նա ասավ.
— Ապի, ոտներս ցավում են…
Եվ ահա էն ծառը, որի տակ նստեցին հանգստանալու…
Ահա էնտեղ էր, որ ասավ.
— Ապի, ծարավ եմ…
Ահա էն աղբյուրն էլ, որ ջուր խմեցին…
Ամենը, ամենը կան, մենակ նա չկա…
Մյուս օրը, երբ Համբոն անցնում էր լեռները` հեռվո՜ւմ երևաց իրենց գյուղը:
Գյուղից դուրս կանգնած սպասում էին նանը, Զանին, Միկիչը, Մոսին, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից կանչում էր.
— Ալի՜, ալի՜, հե՜ Գիքոլ…»:

Ապշեցուցիչ է, թե ինչքան շատ բան է ասված փոքրիկ Գալոյի այս «Ալի՜, ալի՜, հե՜ Գիքոլ»-ում: Ինչքա՜ն տանջանք, վիշտ, բախտի ծաղր է ի մի բերված: Սա մի ամբողջ տառապյալ կյանք է, և կարծում եմ, ավելի հակիրճ, ավելի ուժգին արտացոլել` պարզապես անհնար է:
Հայ գրողներից` Աբովյանից, Նալբանդյանից, Սունդուկյանից հետո ինձ համար ոչ ոք այնքան սրտամոտ և սիրելի չի եղել, որքան Հովհաննես Թումանյանը: Բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու հետ, որի հրաշալի թարգմանություններով էլ դեռ շատ վաղ` պատանեկան տարիներին ծանոթացա «Անուշի» հեղինակին: Պատանյակի իմ արթուն հիշողության մեջ անգիր պահպանվել են Թումանյանի մի քանի բանաստեղծություններ՝ վրաց լեզվով, և այսօր էլ դրանք կարողանում եմ մեջբերել առանց գրքի օգնությանը դիմելու: Հետագայում` հասուն շրջանում, երբ մտերմացա Գրիշաշվիլուն, իմ թանկակագին բարեկամը հաճախ էր հիշում Թումանյանի հետ իր հանդիպումները, գովում էր նրա մարդկայնությունը, առաքինույունը, հմայքը, արդարամտությունը և հոգու շռայլությունը:
Մոտավորապես այնպես էի պատկերացրել Թումանյանի կերպարը, ինչպես նրան ներկայացնում է Տիցիան Տաբիձեն իր հուշագրության մեջ: Եվ ես հավատում էի Թումանյանին նվիրված Գրիշաշվիլու բանաստեղծության անկեղծությանը, որտեղ ասված է.

Եվ սիրտս դաշույնով խոցված`
Թախծով է հիշում քո դեմքը պայծառ…

Բոլոր նրանք, ովքեր շփում են ունեցել Թումանյանի հետ, սկսած Վալերի Բրյուսովից ու վերջացրած Սերգեյ Գորոդեցկիով, միաձայն վկայում են, թե ի՜նչ հրաշալի անհատականություն է եղել նա, ինչպիսի՜ բանաստեղծ և ոչ պակաս հրապուրիչ` իբրև մարդ:
Այս ամենն ինձ հիմք էին տալիս ակտիվորեն ձեռնամուխ լինել Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի և նրա անունը կրող գրադարանի բացմանը: Այնպիսի անհատները, ինչպիսին Թումանյանն էր, ոչ միայն բանաստեղծական ստեղծագործություններով են թանկագին և անմոռաց ժողովրդի համար, այլև առաքելությամբ:
Ազգերի միջև բարեկամության քարոզիչները, զերծ շովինիզմի և ազգայնամոլական ծաղրական վերաբերմունքից` նման Հովհաննես Թումանյանին, անջնջելի հետք են թողնում հարազատ և հարևան ժողովուրդների պատմության մեջ: Սեփական ժողովրդին սիրողը ուրիշ ժողովրդի ցավին էլ պետք է հաղորդակից դառնա: Այս բանը շատ լավ գիտեր Հովհաննես Թումանյանը` մեծ հայրենասերը, դեմոկրատը և մարդասերը:
Հովհաննես Թումանյանն անմահ է որպես մեծ գետ: Անմահությունը նրա ստեղծագործության և կյանքի փառապսակն է, որից նույնիսկ ժամանակի անկանգ հոսքը չի
կարող պակասեցնել: Անկասկած` այս անմահությունը նկատի ուներ Իոսեբ Գրիշաշվիլին, երբ Թումանյանին ձոնված ստեղծագործության մեջ գրում էր.

Կբացվի ծոցը անդրշիրիմյան,
Կթեքվի արևն հասկից ավելի,
Եվ քեզ կողջունե փունջն երրորդության
Ֆիրդուսին, Հոմերն ու Ռուսթավելին:

Վրացերենից թարգմանեց Հրաչյա Բայրամյան

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով