Վահագն Դավթյան. Մայրաքաղաքը

1950 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանի մոտ, Արինբերդ կոչվող բլուրի վրա, հայտնաբերվեց լավ պահպանված մի սեպագիր արձանագրություն։ Մասնագետները վերծանեցին այդ արձանագրությունը, որ դարերի խորքից այսպես էր բարբառում.
«Խալդյան մեծությամբ Արգիշտի Մինուայան այս հոյակապ բերդը կառուցեց։ Դրեցի Էրեբունի անունը Բիայնա երկրների փառքի, թշնամի քաղաքների ստորացման համար։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, հզոր ձեռնարկումներ կատարեցի այնտեղ: Խալդյան մեծությամբ Արգիշտի Մինուայան թագավոր է հզոր, թագավորը` Բիայնա երկրների, տերը` Տուշպա քաղաքի»։
Ինքն իրեն Խալդ աստծո մեծությամբ պատվող այս Արգիշտին մեր թվականությունից առաջ 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում պատմության բեմ ելած Ուրարտական պետության հերթական թագավորներից մեկն էր, որ ապրել ու գործել էր մ. թ. ա. 8-րդ դարի առաջին կեսին։ Թեև վերոհիշյալ արձանագրության մեջ թագավորներին հատուկ հոխորտանքը իր բաժինն ունի, սակայն պատմական փաստերը ևս գալիս են ասելու, որ Արգիշտին բավականին հզոր, նվաճող ու շինարար թագավոր է եղել։
Այս արձանագրության հայտնաբերումից շատ առաջ էլ դեռ Էրեբունի քաղաքի անունը հայտնի էր ուրարտագիտությանը, սակայն հայտնի չէր քաղաքի տեղը։ Արձանագրությունը եկավ ցույց տալու քաղաքի տեղն ու ծննդյան ճիշտ թվականը։
Էրեբունի. գիտնականներից ոմանց կարծիքով այդ ուրարտերեն բառը «գրավել», «հաղթել» իմաստն ունի։ Հավանաբար ճիշտ է դա, որովհետև Արգիշտին Սևանի ավազանի լեռնային շրջանները գրավելուց ու այնտեղ ապրող ցեղերին հաղթելուց հետո է հիմնադրել քաղաքը` որպես բերդ-ամրոց։
Էրեբունի — էրեբան — Երևան…
Լեզվաբանները ապացուցում են, որ հայոց լեզվի հնչունափոխության կանոնների համաձայն է կատարվել քաղաքի անվան նման փոփոխությունը։
Երբ հայ հնագետները սկսեցին պեղել Արին-բերդը, նրանց հայացքի դեմ բացվեց մոտ երեքհազարամյա վաղեմություն ունեցող մի փառահեղ քաղաքակրթություն… Քաղաքի բերդը, պարիսպները, պալատը, տաճարները, սյունազարդ դահլիճները վկայեցին, որ ուրարտացիները ճարտար շինարարներ են եղել։ Պեղումների ժամանակ ի հայտ եկած արդուզարդի իրերը, որմնանկարները, քանդակազարդ զենքերը խոսեցին ուրարտացիների գեղագիտական բարձր ճաշակի, բարձր արվեստի մասին։
Եվ այսպես, 2750 տարի է, ինչ բիբլիական Արարատի դեմ հանդիման ապրում ու գոյատևում է մի բնակավայր, որին վիճակված էր անցնելու դժվար ու դաժան դարերի միջով և դառնալու դժվար ու դաժան պատմության ծանր հարվածները կրած և 20-րդ դարում վերածնված հայ ժողովրդի մայրաքաղաքը։
Իր պատմության ընթացքում շատ մայրաքաղաքներ է ունեցել Հայաստանը։ Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիդրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի…
Անին վերջինն էր և ամենափառավորը։
Բայց Անին մայրաքաղաք չէր միայն։ Նա մի վսեմ խորհրդանիշ էր, քարե անհերքելի մի փաստաթուղթ այն մասին, թե հայ ժողովրդի շինարար հանճարն ու միտքն ինչ բարձրության կարող են հասնել, եթե մի փոքր բարենպաստ են պատմական հանգամանքները։ Եվ ահա, եղավ այնպես, որ 10-11-րդ դարերում Հայաստանը մի կարճ
ժամանակով դադարեց աշխարհակալ ցեղերի բախման, ասպատրկության ու շահատակության ապարեզ լինելուց։ Հայ ժողովուրդը մի պահ ազատ շունչ քաշեց, սուրը մի պահ վար դրեց, բրիչն առավ ձեռքը, և հառնեց Անին…
Հառնեց բազմագմբեթ, սրբատաշ, ներդաշնակ…
Լեգենդների մշուշով է խառն այս քաղաքի պատմությունը։
Այլ կերպ էլ չէր կարող լինել. ամեն մի մեծ երևույթ իր հետ նաև լեգենդ է ծնում։ Եվ ահա, այդ լեգենդներից մեկը պատմում է, թե Անին այնքան մեծ ու շքեղ է եղել, որ հազար եկեղեցի է ունեցել։ Օրերից մի օր մոտակա լեռներից մի հովիվ Անի է գալիս, եկեղեցում աղոթելու։ Բայց քաղաքի հազար եկեղեցիներն էլ այնքան են լիքը եղել, որ հովիվը չի կարողացել մտնել նրանցից որևէ մեկը ու իր աղոթքն անել։ Սաստիկ վրդովվել է նա ու որոշել իր սեփական եկեղեցին կառուցել։ Եվ կառուցել է, հազարի վրա ավելացնելով հազարմեկերորդը… Անիի պարիսպներից դուրս մինչև օրս էլ կա մի կիսակործան եկեղեցի, որ գիտական գրականության մեջ հենց Հովվի եկեղեցի է կոչվում։
Թուրք-մոնղոլական հորդաների սմբակների տակ Անին կործանվեց։ Նրա փառահեղ գմբեթների հետ կործանվեց նաև մի փառահեղ քաղաքակրթություն, որ ուր որ է պիտի վերաճեր մի հիասքանչ վերածնություն, տար իր մտքի ու արվեստի տիտանները, Հայաստանը դարձներ աշխարհի մշակութային կենտրոններից մեկը։
Բայց այդ ամենի փոխարեն Հայաստանի վրա ծանրացավ մի անթափանց խավար, որ ավելի քան 600 տարի տևեց։
Եվ ահա, 1920 թվականին, երբ Հայաստանի վրա նորից խաղաղություն ու լույս իջավ, հայ ժողովուրդը նորից պետականություն ստացավ և ունեցավ իր մայրաքաղաքը։
Պատմության կամքով այս անգամ Երևանին` աշխարհի ու Հայաստանի ամենահին քաղաքներից մեկին էր վիճակված դառնալու հայ ժողովրդի նոր մայրաքաղաքը։
Այդ ժամանակ Երևանը իր 2700 տարվա շեմքին էր և իր տարիքին համեմատ ծեր էր ու մահամերձ։ Կավաշեն էր նա ու ցեխածեփ, այնպիսին, ինչպես եղել էր հավանաբար 500 կամ 1000 տարի առաջ։
Նույնիսկ իմ սերնդի մարդկանց հիշողության մեջ հին Երևանի պատկերն ու գույները դեռ չեն խամրել։ Կիսահայկական-կիսապարսկական գավառական մի քաղաք էր դա, որի տափակ, հողե կտուրներից, որ գարնանը կանաչում ու ծաղկում էին, վեր էին բարձրանում միայն եկեղեցիների զանգակատներն ու պարսկական մզկիթների խայտանկար գմբեթները։ Քաղաքի գույնը գորշն էր, փողոցները նեղ ու ոլորապտույտ։ Պարսկական դարավոր տիրապետությունը իր կնիքն էր թողել նաև քաղաքի արտաքին տեսքի վրա. փողոցներին նայող պատերը խուլ էին, անպատուհան (չլինի հանկարծ, որ կինը դուրս նայի լուսամուտից)։
Երբ Ակսել Բակունցը Խաչատուր Աբովյանի մասին իր վեպն էր գրում, Աբովյանի ժամանակների Երևանը նկարագրելիս հավանաբար պատմական մանրակրկիտ ուսումնասիրությունների կարիքը չի զգացել, որովհետև այն ժամանակներից մինչև 20-ական թվականները Երևանը շատ քիչ էր փոխվել։
Իսկ Բակունցն ահա այսպիսի գույներով է նկարագրել հին Երևանը.
«…Անխտիր բոլոր թաղերն էլ կեղտոտ էին, պայտարների առաջ աղբի և սմբակների քերվածքի դեզեր էին, կաշեգործների դիմաց մազեղեն, հում և բորբոսնած կաշվի կտորներ։ Ներկարարները քացախած ներկերը թափում էին հենց արհեստանոցի առաջ և այդ գունավոր ջրերի գուբերից բարձրանում էր կծու գարշահոտ։ Նույնիսկ անտիրական շները, որոնք հարյուրներով էին վխտում, մանավանդ ղասաբխանայում, չէին մոտենում այդ աղտոտությանը և բաղնիսների տաք մոխրակույտը գերադասում էին բորբոսնած կաշվի դեզերից։
Հազարավոր արհեստավորների մեջ չէր կարելի տեսնել առողջակազմ, և վարդերես մեկին։ Նրանք վտիտ էին, մեռելագույն և անկրակ աչքերով»։
Վտիտ էին ու մեռելագույն, որովհետև ամռանը տոթի հետ ջերմախտն էր նստած քաղաքում, Գետառի կեղտոտ ջրերում մոծակների պարսեր էին բազմանում, և ամեն երեկո Երևանի նշանավոր, բանաստեղծների կողմից երգված ու բնակիչների կողմից անիծված փոշին էր ասպատակում փողոցներով ու կավե տների տանիքներով։
Ահա այդ կիսահայկական-կիսապարսկական քաղաքի գորշությունը թաղելով է, որ պիտի բարձրանար հայ նոր պետականության նոր, հայաշունչ մայրաքաղաքը։
Շինարարներն ասում են, որ բոլորովին ամայի վայրում ավելի հեշտ է նոր քաղաք հիմնելը, քան հին քաղաքը վերակառուցելով, նորը ստեղծելը։
Հավանաբար նրանք ճիշտ են։ Բայց Երևանը նոր տեղում չէր կարող կառուցվել, նա վերակառուցվեր պիտի։
Եվ սկսեց վերակառուցվել։
Հենց սկզբից Երևանի բախտը բերեց։ Նրա վերակառուցման առաջին նախագծի հեղինակը հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էր։ Մինչ այդ Թամանյանը Պետերբուրգում ու Մոակվայում կառուցված մի շարք ճարտարապետական կոթողների հեղինակ էր, հռչակված ճարտարապետ, 1914 թվականից ճարտարապետության ակադեմիկոս, իսկ 1917 թ. ռուսական գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ էր ընտրվել։
Գալով Հայաստան, Թամանյանը իր ճարտարապետական գործունեութ յան առաջին իսկ քայլերից սկսեց որոնել այն թելերը, որոնք խզվել էին Անիի կործանումով։ Նա ճարտարապետության մեջ սկսեց անել մոտավորապես նույնը, ինչ Կոմիտասն արել էր երաժշտության մեջ, Թումանյանը` պոեզիայի։ Այսինքն որոնել, գտել, մասունք-մասունք իրար բերել հայկականը, ազգայինը և նոր ժամանակների շնչով օծած, վերածնել, պարզել աշխարհին։ Եվ Թամանյանը դա արեց արվեստագետի հանճարեղ ներքնատեսությամբ ու հմտությամբ, հենց սկզբից կանխորոշելով ապագա Երևանի ոճն ու ոգին։
Թամանյանի գծագրերում հայկական հին ճարտարապետությունը նոր օրերի շունչն ու ոգին առած, սկսեց հառնել և իր հռչակված, հարուստ, գոթականը սնած ավանդները բերել նոր Երևանին, Անին դարերի հեռվից իր պարզ ու վսեմ ներդաշնակությունն էր բերում հայոց նոր մայրաքաղաքին` իր արժանավոր ժառանգին, Զվարթնոցը իր կամարների ու խոյակների խիզախ թռիչքը, Հռիփսիմեի տաճարը՝ երգող համամասնության զարմանալի գաղտնիքը, Աղթամարը՝ քանդակազարդ որմերի զվարթ ոգին… Իմիջիայլոց նշենք նաև, որ Թամանյանը հեշտ ու հանգիստ չէ, որ կարողանում էր անել այդ ամենը, քանի որ այդ տարիների ճարտարապետական մթնոլորտը, որ զանազան հոսանքների, զանազան իզմերի տրամադրություններով էր լի, փորձում էր նորի անունից հակադրվել Թամանյանին ու նրա սկզբունքներին։ Այդ էր պատճառը, որ Թամանյանի դասական, պարզ ու վսեմ կառույցների հարևանությամբ երբեմն բարձրանում էին նաև շենքեր, որոնք հաշվի չառնելով ոչ միայն հայկական ճարտարապետության ավանդները, այլև տեղանքի ու շինանյութի առանձնահատկությունները, տհաճ աներդաշնակություն էին մտցնում Թամանյանի ճարտարապետական համանվագի մեջ։ Սակայն Թամանյանի անհատականությունը վիթխարի էր և հաղթահարելով այդ խոչընդոտները, իր ոճը, իր ստեղծագործական ոգին պարտադրեց քաղաքին։
Թամանյանի ստեղծագործական մտահղացման կիզակետը Լենինի հրապարակն էր, որ ձևավորվել սկսվեց դեռևս քսանական թվականներից։ Այս հրապարակի վրա կառուցված կառավարական տունը, հայկական նոր ճարտարապետության այդ դասական գլուխգործոցը, ոչ միայն իր ճարտարապետական սկզբունքներով, այլև իր վարդագույն տուֆով կարծես գալիս էր կանխորոշելու ապագա մեծ Երևանի դիմագիծն ու գույնը։ Զարմանալի է և սակայն փաստ է, որ վարդագույն տուֆով այնքան հարուստ Հայաստանում առաջներում այնքան սակավ էին վարդագույն շենքերը։ Նախապատվությունը մեծ մասամբ սև տուֆին էր տրվում։
Երևանը հենց սկզբից վարդագույն երանգ էր ստանում, և այսօր արդեն Երևանի մասին գրողները վարդագույն քաղաք անունն են տալիս նրան։ Այդ փաստը խորհրդանշական ընդհանրացում է ստացել հայ բանաստեղծուհու գրչի տակ, որ գրել է.

Սև են եղել ու մութ մեր շենքերը դարեր,
Մեր վանքերը խոհուն, տաճարները համակ,
Օ, սևագույն քարեր, օ, սևավոր քարեր,
Սուգերով լի քարեր սևաքանդակ…

Եվ սակայն այսօր ծիրանի, վարդագույն, յասամանի ու ձնծաղկի գույնի քարերը շատրվանել, ելել են վեր, «կամար-կամար շարքով ծիածանվել», որ «լրիվ ձայնով հաստեն հավերժը մեր կյանքի»…
Մեծ երևակայության տեր արվեստագետ էր Թամանյանը և 1923-24 թվականներին, երբ Երևանի վերակառուցման նախագիծն էր կազմում, զարգացման վիթխարի ծավալներ էր նախատեսել։ 30 հազարանոց քաղաքը, ըստ Թամանյանի նախագծումների, առաջիկա 20 տարում պետք է 150 հազար բնակիչ ունենար։
Այն օրերին ֆանտաստիկ էր համարվում այդ թիվը: Բայց 10 տարի չանցած, պարզվեց, որ Թամանյանի երևակայությունն իսկ չէր հասնում Երևանի զարգացման թափին, և հարկ եղավ ստեղծել նոր նախագիծ, որ «Մեծ Երևանի նախագիծ» անունը ստացավ։
Այդպես եղավ նաև հետագայում, Երևանի զարգացման նախագծերը միշտ հետ մնացին նրա փաստական զարգացումից։ Ըստ նախագծերի Երևանը 1965 թվին պիտի ունենար 450 հազար բնակչություն, բայց ունեցավ 650 հազար։ Իսկ այսօր արդեն մենք կանգնած ենք մեկ միլիոնանոց մայրաքաղաք ունենալու շեմքին։
Երևանի գեղեցկության մասին շատերն են խոսել։
Օտարերկրացիներից մեկը այն անվանել է ճարտարապետական հրաշք։ Եվ բոլորն են նշել, որ Երևանն իր ճարտարապետական ոճով, իր շինանյութով Սովետական Միության ու աշխարհի ամենաինքնատիպ քաղաքներից մեկն է, ունի իր ազգային դեմքը, իր շեշտված յուրահատկությունը։ Նշել են, որ Լենինի հրապարակը աշխարհում ամենագեղեցիկներից է։
Այո, Երևանի բախտը հենց սկզբից բերեց, նրա առաջին շինարարը հանճարեղ ճարտարապետ էր։ Ու երբ 1936 թվին նա մահացավ, կիսատ թողնելով իր ստեղծագործական մտահղացումները, Չարենցը նրա մահվան առթիվ մի բանաստեղծություն գրեց, ուր ասված է.

Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց` քարտեզն ահա քաղաքի,—
Պողոտաներ, փողոցներ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին։
Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողում են ուղեղում սիրտ պայթելու չափ պայծառ,—
Սյունաշարեր, տերրասներ, աստիճաններ մարմարե,
Եվ պալատներ ոսկեզօծ, շատրվաններ երգաձայն…

Ճարտարապետի երազն է սա։ Այդ երազն այսօր մեծ ճարտարապետի աշակերտների ու հետևորդների ձեռքով տուֆ ու գրանիտ է զգեցել: Այսօր կան այդ պողոտաներն ու փողոցները, սյունաշարերն ու մարմարե աստիճանները… Ավելին, այսօր կան երևան յան այն չքնաղ լճակները, այն աղբյուրները, այն հուշարձանները, որոնք ճարտարապետին ու բանաստեղծին չէին երազվել… Կա Երևանի ծովը, կան Հրազդանի ժայռեղեն քարափներն իրար կապող վիթխարի, հոյաթռիչ կամուրջները։ Երևանը վաղուց դուրս է եկել բոլոր երազների սահմաններից ու ձգվել դեպի Քանաքեռի բարձրավանդակը, դեպի Էջմիածին ու Աշտարակ, բարձրացել Նորքի սարավանդը… նա զուգվել, զարդարվել, զորացել, առնականացել ու երիտասարդացել է…
Ոչ, միայն քաղաք չէ Երևանը։ Անիի նման վեհաշուք, սրբատաշ, ներդաշնակ հառնել է, կրկին ցույց տալու, թե ինչի է ընդունակ հայ ժողովրդի հանճարը, երբ խաղաղ է երկինքը ու լույսը առատ։

1969

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով