19 հարց` Երևանին

«Գարուն», 1968, 10

Խմբագրության հեռախոսը զանգեց անսովոր երկար: Վերցնում ենք ընկալուչը, ո՞վ է:
— Երևանն է խոսում,— լսվում է մյուս կողմից:
— Երևա՞նը,— զարմանում ենք մենք,— այսինքն` ինչպես թե Երևանը…
— Երևանն է խոսում, Էրեբունին…
— Ախ, Էրեբունի՞ն…
— Եթե ես որպես քաղաք ունենայի իմ երգ-հիմնը, անմիջապես կիմանայիք, թե ով է խոսում: Երեկ ձեր թղթակիցը զանգահարեց և խնդրեց մի քանի ժամ տրամադրել` հարցազրույցի համար: Առաջին անգամ եմ լսում, որ քաղաքի հետ հարցազրույց անեն, բայց հետաքրքիր է, լսում եմ:
— Շնորհակալություն, սիրելի Երևան, մենք պատրաստ ենք: Մեր թղթակիցներին կարո՞ղ եք ընդունել:
— Թող այդպես լինի, սպասում եմ: Կարճ խոսենք, որովհետև առանց այն էլ երևանյան հեռախոսային ցանցը միջտ զբաղված է կամ խանգարված… Մանավանդ վերջերս, իմ ծննդյան նախօրեին:
Եվ հեռախոսը լռեց:
Քիչ հետո մենք հանդիպեցինք: Ահա այդ զրույցը:

1. ՀԱՐՑ.— ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ:
ԵՐԵՎԱՆ.— Էրեբունի-Երևան Հայկյան Արգիշտի:

2. ՀԱՐՑ.— ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ՏԵՂԸ:
ԵՐԵՎԱՆ.— Ծնվել եմ մեր թվարկությունից առաջ, 782 թվականին, Բիայնա երկրում (Ուրարտու), Արզա դաշտում (Արարատյան դաշտ), ներկայիս Նոր-Արեշ թաղամասում գտնվող Արին-բերդի մոտ: Ուրարտական Մենուա թագավորի շինարար որդի Արգիշտի առաջին թագավորը հիմնադրեց բերդ-ամրոցը` կոչելով Էրեբունի անվամբ, որը հանդիսանում էր Ուրարտուի հյուսիսային ռազմական հենակետը: Քաղաքը կառուցելու համար նա Խաթեցից և Ծոփքից բերել տվեց նաև 6500 ռազմագերի: Մի ամբողջ դար Էրեբունին ծաղկուն էր, մինչև որ Արգիշտիի որդի Ռուսան ներկայիս Կարմիր բլուրի տեղանքում կառուցեց նոր բերդ` Թեյշեբաինի, սակայն դարեր հետո այն ավերվեց թշնամիների կողմից: Արգիշտին է կառուցել նաև Արգիշտիխինիլի բերդը, որը հետագայում կոչվեց Արմավիր: Էրեբունու կառուցման մասին 1950 թվականին գտնվեց այս սեպագիր արձանագրությունը. «Խալդյան մեծությամբ Արգիշտին Մենուևյան այս բերդը հոյակապ կառուցեց, կոչեցի քաղաք Էրեբունի անվամբ, որպես Բիայնա երկրների փառք, թշնամու երկրներին ի սարսափ: Հողն ամայի էր, կատարեցի կառուցումներ հզոր այստեղ», 782 թ. մ. թ. ա.: Պատմիչներն իմ մասին հիշատակում են 7-րդ դարից սկսած: Շատ փոթորիկներ են անցել իմ գլխով, ինձ գերել ու ասպատակել են ասորիները, թուրքերը, սելջուկները: Դարեր շարունակ եղել եմ հետամնաց, խղճուկ գյուղաքաղաք: Եվ միայն այն ժամանակ, երբ քարտեզի վրայից անհետացան Դվինը և Անին, իսկ Վաղարշապատը կորցրեց իր երբեմնի ուժը, Արարատյան դաշտում ինչ-որ չափով վերածնվեցի ես, դառնալով երկրի կենտրոն: Սակայն իմ ծննդյան իսկական թվերը երեքն են` 782 թիվը (հիմնադրում), 1827 թիվը (պարսիկներից ազատագրվելը) և 1920 թիվը` Սովետական Հայաստանի մայրաքաղաք դառնալը…

3. ՀԱՐՑ.— ԷՐԵԲՈՒՆԻՆ ՀԻՄՆԱԴՐՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԲՆԱԿԱՏԵՂԻՆԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ:
ԵՐԵՎԱՆ.— Էրեբունին հիմնադրվել է 2750 տարի առաջ, իսկ 6000 տարի առաջ այստեղ ապրելիս են եղել քարե դարի, բրոնզե դարի մարդիկ: Այդ դարերի հետաքրքիր նմուշները հայտնաբերվել են ներկայիս Սպանդարյանի հրապարակի, «Մոսկվա» կինոթատրոնի, Աբովյան փողոցի, Ծիծեռնակաբերդի տեղերում: Էրեբունու պեղումներից ևս հետաքրքիր զարդեր են գտնվել, որմնանկարներ, արվեստի գործեր: Բերդը կապված է եղել Տուշպա քաղաքի (Վանի) հետ: Մենուայի 70 կիլոմետրանոց ջրանցքը ջուր է հասցրել Տուշպային: Ոչ հեռավոր անցյալի իմ «օբյեկտներից» շատերը հիմա չկան, փոխարինվել են նոր «օբյեկտներով»:

4. ՀԱՐՑ.— ՈՐՏԵ՞Ղ է ԵՂԵԼ, ՕՐԻՆԱԿ, ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԸ:
ԵՐԵՎԱՆ.— Նրա տեղանքում հիմա «Արարատ» գինու կոմբինատն է:

5. ՀԱՐՑ.— ԻՆՉՊԻՍԻ՞Ն է ԵՂԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴՐՈԻԹՅՈՒՆԴ` ՏԱՐԲԵՐ ԴԱՐԵՐՈԻՄ:
ԵՐԵՎԱՆ.— Հիմնականում` արհեստավորական: Ընդամենը կես դար է, որ դարձել եմ գիտության, կուլտուրայի, արդյունաբերության, շինարարության-կառույցների քաղաք, որի արտադրանքը հասնում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը…

6. ՀԱՐՑ.— Ի՞ՆՉ ԿԱՍԵՍ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԴ ՄԱՍԻՆ` ՏԱՐԲԵՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ:
ԵՐԵՎԱՆ.— Դարեր շարունակ մարդահամարներ չեն եղեր ոչ էլ գրավոր աղբյուրներ են մնացել: Պատմիչներն իմ մասին նշում են 7-րդ դարից սկսած: Երբ Արգիշտի առաջին թագավորը հիմնադրեց ինձ, ես բնակեցված էի բիայնացիներով (այդպես էին կոչում հայերն ուրարտացիներին): 150 տարի սրանից առաջ երևանցիների թիվն այնքան էր, որքան հիմա բնակիչ կա, ասենք, Աբովյան փողոցում, ընդամենը 2400 ընտանիք: Ունեի 4 համայնք, երկուսը` հայկական, երկուսը` ադրբեջանական: Բնակչության մի մասը ամառը սար էր բարձրանում, իսկ Հուսեյն խանը, որ 20 տարի իշխեց, գնում էր Մասիսների միջև ընկած թասքտոցը, ուր սառնորակ աղբյուրներ են բխում:
1837 թվին, օրինակ, բնակչությունս եղել է 11 հազար 467, 1880 թվականին` 12 հազար 449, 1897 թվականին` 29 հազար, 1906-ին` 30 հազար 670, 1910 թվականին` 32 հազար 365, 1916-ին` 51 հազար 286 մարդ (29 հազարը` ժամանակավոր), 1919-20 թվականներին` 30 հազար… Այս անկումը բացատրվում է տնտեսության քայքայման, գաղթի, պատերազմների, սովի և համաճարակի պատճառներով: Միայն մի ամսում (20 թ. հունվար) իմ փողոցներից հավաքվել է մոտ 700 դիակ:
Ավելորդ չեմ գտնում հիշատակել, որ ցարական իշխանության 90 տարիների ընթացքում (1827-1917 կառուցվել է ընդամենը 20 շենք: Պատմությանս ընթացքում երբեք այսքան բնակչություն չեմ ունեցել, որքան հիմա… մոտ 700 հազար:

6. ՀԱՐՑ.— Ի՞ՆՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՍՏԱՑԵԼ, ՈՐՏԵ՞Ղ: ԻՍԿ ՀԻՄԱ՞…
ԵՐԵՎԱՆ. — Եղել է ժամանակ, իսկ այդ ժամանակը ձգվել է դարերի միջով, որ իմ որդիները բարձրագույն կրթություն ստանալու համար բախել են հեռու և օտար քաղաքների դարպասները:
Բարձր գիտելիքներ ստանալուց հետո էլ երբեմն չեն վերադարձել, որովհետև գործելու ասպարեզ չկար: Անցած դարերի իմ բնակիչները միշտ հուսադրել են իրենց` «վերջը բարի կլինի»:
Եղավ:
Անցած ուսումնական տարում 146 դպրոցի դուռ եմ բացել 144 հազար 100 աշակերտի առջև, 7 նոր դպրոց է ծնվել միայն այս ուսումնական տարում:
Հանրապետության 42 տեխնիկումներից 20-ը իմ հարկի տակ է (կարծես մի քիչ անխղճություն է, բայց դրա համար ես չեմ մեղավոր):
Ունեմ 11 բարձրագույն հաստատություն, Լենինականի, Կիրովականի, Գորիսի բաժանմունքներով, ուր սովորում են 44.440 ուսանող: Այս տարի բարձրագույն կրթությամբ մոտ 5800 շրջանավարտ եմ տվել` 144 մասնագիտության գծով: Այսօր ես ընդունում եմ նաև տարբեր երկրներից ուսանելու եկած բազմաթիվ երիտասարդների, հատկապես իմ հայրենակիցներին, որոնց հայրերը չար ճակատագրի բերումով սփռվեցին երկրագնդի բոլոր անկյունները:

8. ՀԱՐՑ.— ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ, ԱԶԳԱԿԱՆՆԵՐ ՈՒՆԵ՞Ս:
ԵՐԵՎԱՆ.— Մոտ 2 միլիոն, ապրում են աշխարհի բոլոր երկրներում, խոսում են աշխարհի բոլոր լեզուներով, հերոսական ջանքերով օտար ափերում անմար պահելով հայ լեզուն, գիրը, երգը: Օգնում եմ նրանց` ինչով կարելի է: Ուղարկում եմ գրականություն, դասագրքեր, լրագրեր, ամսագրեր:
Ուրախալի է, որ իմ և արտասահմանի իմ հարազատների կապը օր օրի ամրապնդվում է. նրանցից շատերը տեսության են գալիս ինձ, հատկապես այս օրերին` շնորհավորական հեռագրեր ու նվերներ են ուղարկում: Իմ ամենամեծ երազանքն է նրանց բոլորին մի օր տեսնել պապենական հարկի տակ:

9. ՀԱՐՑ.— ՀՅՈՒՐԵՐ ՇԱ՞Տ ԵՍ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐԻՑ: ՆՐԱՆՑ ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ: Ի՞ՆՉ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՆ ՆՐԱՆՔ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼԻՍ ՔԵԶ:
ԵՐԵՎԱՆ.— Ես բարեկամներ շատ ունեմ աշխարհի տարբեր ծայրերում, դա դուք լավ գիտեք: Իսկ հոբելյանի օրերին նրանց թիվը շեշտակի աճել է: Բավական է ասել, որ անցյալ տարվա համեմատությամբ զբոսաշրջիկների թիվը 50 տոկոսով ավելացել է: Այդքան միայն տարվա առաջին կեսում: Իսկ որքան հյուրեր են այցի գալու մինչև տարեվերջ… Միայն ամերիկյան մի խումբը` «Հայկական լիգան» բաղկացած կլինի 200 հոգուց: Հապա ֆրանսիական, լիբանանյան, հարավամերիկյան հայկական և օտարազգի մյուս խմբե՞րը, որոնք արդեն ճամփա են ընկել, իմ հոբելյանի կենացը Երևանում խմելու: Իմ երկրպագուների մեջ մեծ թիվ են կազմում ոչ միայն հայերը, արև օտարազգիները: Վերջերս ինձ հետ բանակցության մեջ մտավ ֆրանսիական «Գաֆոս վուայաժ» ճանապարհորդական ընկերությունը: Նրանք խնդրում են, որ միայն իրենց ընկերության գծով տարեկան 400 ֆրանսիացի զբոսաշրջիկ ընդունեմ: Կարո՞ղ եմ մերժել: Իհարկե` ոչ: Դրա համար ես որոշել եմ եկող տարվանից օդային ճանապարհ հարթել Բեյրութ, Փարիզ, Պոլիս և մյուս մայրաքաղաքները: Թող գան, ովքեր ուզում են, թող գան, ովքեր բարի զգացմունքներ ունեն իմ և իմ բնակիչների նկատմամբ: Շուտով շահագործման կհանձնվի «Անի» հոյակապ հյուրանոցը: Ավտոտուրիստների համար 200 տեղանոց հյուրանոց է կառուցվում նաև Սևանի ափին: Իսկ Զանգվի կիրճում բացվելիք «Հայկական գյուղ» ազգային ռեստորանը, կարծում եմ հատկապես դուր կգա մեր հյուրերին: Ի միջի այլոց «Արմենիայի» առաջին հարկում արդեն գործում է «Գիշերային ռեստորանը», որը աշխատում է մինչև լուսադեմ:
Իսկ այդ բոլորը ի՜նչ տպավորություն է թողնում հյուրերի վրա:
Այդ հարցին ես դժվարանում եմ պատասխանել: Ավելի լավ է, թող հենց իրենք, զբոսաշրջիկները պատասխանեն.
Բուկոտուբ (Փարիզ) — Ես ոչ մի տեղ չեմ տեսել այս լույսը, անկեղծությունը, արևը: Վարդագույն քարերով այս քաղաքը իրոք, որ գեղեցիկ է:
Կոնստանդին Տեբտերյան (ԱՄՆ) — 18 երջանիկ օրեր ապրեցա մեր սիրելի Երևանին մեջ: Հավետ ապրին այն կերտողները:
Լյուդվիգ Օտրուբան (Ավստրիա) — Իր ազգային ճարտարապետությամբ Երևանը աշ-խարհի գեղեցիկ քաղաքներից մեկն է:
Մեթոդի Տանև (Բուլղարիա) — Ոչ շողոքորթություն, ոչ էլ հաճոյախոսություն պետք է համարել այն հայտարարությունը, որ Երևանը աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկն է:
Գրիգոր Շյդյան (Իտալիա) — Հայաստանում ինձ ամենից ավելի հիացնողը Երևանն էր, նոր Երևանը, բարեշեն, գեղեցիկ մի մայրաքաղաք: Ոչ միայն հայրենասիրական զգացմունքները, այլ նաև աշխարհ տեսած մարդու զգաստ գիտակցությունը ինձ թելադրում է Երևանի կառույցների մեջ տեսնելու հայ ժողովրդի շինարարական անսպառ եռանդը, ճարտարապետական հանճարը:

10. ՀԱՐՑ.— ԳԻՏԱԿԱՆ Ի՞ՆՉ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՍ ԱՆՑԵԼ, Ո՞Ր ՃՅՈՒՂԵՐՈՎ ԵՍ ՀՐԱՊՈՒՐՎՈՒՄ:
ԵՐԵՎԱՆ.— Երիտասարդ է Հայաստանի գիտությունների ակադեմիան, ընդամենը 25 տարեկան: Սակայն հայ ժողովրդի գիտական մտքի պատմությունը սկսվում է դարերի խորքից: Այն իրավամբ կապվում է Մեսրոպ Մաշտոցի գյուտի հետ, որի շնորհիվ Հայաստանում երևան եկան համալսարաններ և բազմաթիվ դպրոցներ: Մենք իրավունք ունենք հպարտանալու պատմահայր Սովսես Խորենացու, փիլիսոփա Դավիթ Անհաղթի, մաթեմատիկոս և աստղագետ Անանիա Շիրակացու, բժիշկ Մխիթար Հերացու անուններով:
Բայց մեր ժողովրդի ճակատագրի բերումով հետագա դարերում հայոց գիտական միտքը սկսեր զարգանալ հայրենիքից դուրս: Եվ միայն սովետական կարգերի հաստատումով ավելի քան հինգ հարյուրամյա ընդմիջումից հետո վերականգնելով իրենց պետությունը, հայերը ձեռք բերեցին անկաշկանդ զարգացման լայն հնարավորություն, այդ թվում նաև գիտության ասպարեզում:
Հասկանալի է, Երևանն անմիջապես դարձավ հայ գիտության կենտրոնը:
1920 թ. վերջին հիմնադրվեց մեր համալսարանը, 1936 թվականին` ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալը: Հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչները ողջունեցին սովետական կարգերը, աշխարհի տարբեր ծայրերից գալով Երևան, մեծ խանդավառությամբ լծվեցին հայրենիքի վերաշինման գործին, իսկ 1943 թ. Երևանում հիմնադրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան: Իրականացավ հայ ժողովրդի լավագույն զավակների դարավոր երազանքը: Ակադեմիայի 30 գիտահետազոտական հիմնարկներ (որոնցում մշակվում է 98 պրոբլեմ` մոտ 500 թեմա), այժմ իսկ մասնակցում են խոշոր տեսական և կիրառական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը: Հատկապես լայն ճանաչում են ձեռք բերել աստրոֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի, բնական և սինթետիկ նյութերի քիմիայի, բիոքիմիայի, երկրաբանության, ագրոքիմիայի և հիդրոպոնիկայի ուղղությամբ տարվող գիտական աշխատանքները: Ակադեմիան այժմ հրատարտկում է 12 ամսագիր, որոնցից մեկը` «Աստրոֆիզիկան» թարգմանաբար, համար առ համար, տպագրվում է նաև Նյու Յորքում: Յուրաքանչյուր տարի ակադեմիայի հրատարակչությունը լույս է ընծայում մինչև 200 գիրք:
Հայաստանի գիտությունների ակադեմիան գնալով ստանում է միջազգային լայն ճանաչում: Վերջերս կնքվեց գիտական համագործակցության պայմանագիր Հունգարիայի գիտությունների ակադեմիայի հետ: Մեր գիտնականները մասնակցում են միջազգային գիտաժողովների և սիմպոզիումների աշխատանքներին: Մեր ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը աշխարհի 13 ակադեմիաների անդամ է, 4 համալսարանների պատվավոր դոկտոր:
Մայրաքաղաքի մոտ 80 գիտահետազոտական ինստիտուտներում ներկայումս զբաղված է 10 հազար մարդ, հիմնականում երիտասարդներ: Երևանում ստեղծվում են գիտության նոր, երիտասարդ ճյուղեր` կիբեռնետիկա, հաշվողական տեխնիկա, կիսահաղորդիչներ, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, բիոֆիզիկա և բիոնիկա, մպեկուլար կենսաբանություն… Եվ, բնականաբար, դեպի նոր ճյուղերն է հոսում Երևանի բուհերն ավարտած երիտասարդության գիտական աշխատողների մի նոր ալիք:

11. ՀԱՐՑ.— ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԻ ԵՐԵՎԱՆԸ` ԻՐ ԿՈԻԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ ԱՌՀԱՍԱՐԱԿ:
ԵՐԵՎԱՆ.— Միայն վերջին 50 տարում է, որ Երևանը դարձել է մշակույթի և արվեստի մեծ օջախ: Հայկական կուլտուրայի օջախները եղել են ուրիշ քաղաքներում (Տիգրանակերտ, Արտաշատ, Անի, Վան, Գլաձոր, Տաթև, Էջմիածին, Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Նոր Նախիջևան, Թիֆլիս, Պոլիս, Վենետիկ, Զմյուռնիա, Կալկաթա, Մադրաս…): Մինչև 19-րդ դարը Երևանը եղել է աննշան քաղաք: Ոչ թատրոն, ոչ դպրոց, ոչ տպագրություն, ոչ ճարտարապետություն, ոչ ակումբ: Կային միայն զուռնաչիներ և աշուղներ: Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո միայն աշխուժանում է դպրոցական գործը (թեմական, օրիորդաց, ծխական, գիշերօթիկ և այլն): Առաջին պրոֆեսիոնալ թատերական խումբը Երևանում երևում է 1850 թվականին: Դա Պոլսից եկած «Արամյան թատրոնն» էր, որը սակայն շուտով վերադարձավ: 1865 թվին Թիֆլիսից Երևան են գալիս Չմշկյանը, Ամերիկյանը և ուրիշները, որոնք ներկայացնում են մի շարք պիեսներ («Շուշանիկ», «Վարդանանց պատերազմը» և այլն): Երևանից առաջին հայ դերասանուհին օրիորդ Եղիսաբեթ Ղորղանյանն էր, որ 1869 թ. կատարեց Շուշանիկի դերը:
Առաջին մանկապարտեզը Երևանում բացվել է 1909 թվին` տիկին Վարդուհի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ (մասնավոր, ռուսական): Առաջին ակումբ-ընթերցարանը Երևանում հիմնադրվում է 1902 թվականին, իսկ 1911 թվականին` քաղաքային ակումբը (այժմյան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում): Երևանում առաջին անգամ թերթ է հրատարակվել 1880 թ. մարտի 15-ին: Առաջին թերթը եղել է «Պսակը», որը շարունակվել է մինչև 1884 թվականը: 1827 թվականին Երևանում ռուսական սպաների ուժերով բեմադրվում է Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», հեղինակի ներկայությամբ: 1841 թվականին Խ. Աբովյանի աշակերտները բեմադրում են Աբովյանի «Թեոդորիա կամ որդիական սեր» դրաման: Մեր դարասկզբին Երևանում աշխուժացում են ապրում կուլտուրան և արվեստը: 1922 թվականին Երևանում հիմնադրվեց պետական հանրային գրադարանը և Երևանի պետական թանգարանը: Սկսում են հրատարակվել դասագրքեր, գեղարվեստական և քաղաքական գրքեր, թերթեր` հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն և քրդերեն լեզուներով: Եթե նախասովետական շրջանում մշտապես գործող թատրոն չկար, ապա 1922 թ. Երևանում բացվում է պետական դրամատիկական թատրոն, իսկ 1929 թվականին` պատանի հանդիսատեսի թատրոնը: 1925 թվականին Հայկինոն լույս աշխարհ հանեց առաջին կինոնկարը` «Խորհրդային Հայաստանը»: Նույն տարում էկրան բարձրացավ «Նամուսը», իսկ 10 տարի հետո` «Պեպոն»:
Երևանի առաջին երաժշտական հիմնարկը երաժշտական ստուդիան էր (1921 թ.), որի բազայի վրա բացվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1933 թվականին Երևանում բացվեց օպերայի և բալետի պետական թատրոնը:
Երևանում ապրել են հայ կուլտուրայի, գրականության և արվեստի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Խ. Աբովյանը, Ղ. Աղայանը, Մ. Թաղիադյանը, Պ. Պռոշյանը. Վրթ. Փափազյանը, Էմին Տեր-Գրիգորյանը, Ավ. Իսահակյանը, Շիրվանզադեն, Ալ. Սպենդիարյանը, Ալ. Թամանյանը, Արս. Տերաերյանը, Հր. Աճառյանը, Մ. Աբեղյանը, Ստ. Մալխասյանը, Ե. Չարենցը, Դ. Դեմիրճյանը և շատ ուրիշներ:
Տարբեր առիթներով Երևանում են եղել Հովհ. Թումանյանը, Վ. Տերյանը, Մ. Նալբանդյանը: Այժմ մեր կուլտուրայի, արվեստի, գիտության ականավոր գործիչները հիմնականում Երևանում են: Նախկինում, նույնիսկ ակումբ չունեցող Երևանն այսօր ունի կուլտուրայի 16 տուն, 60-ից ավելի գրադարան, որոնց գրքային ֆոնդն անցնում է մի քանի միլիոնից (չհաշված Հանրային գրադարանը):

ՀԱՐՑ.— Ի՞ՆՉ ԿԱՍԵՍ ՔՈ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՆՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ:
ԵՐԵՎԱՆ.— Պատմիչները իրենց մատենագրության մեջ թողել են շատ գրավոր աղբյուրներ` հայ բժշկության և առողջապահության հարցերի մասին:
Բժշկության ամենաերախտավոր գործիչը եղել է Մխիթար Հերացին: Ճիշտ է, նա Երևանում չի եղել, չի գործել, սակայն մեծ բժշկապետը իր ժառանգությունը թողել է նաև մեզ` երևանցիներիս:
Այսօրվա մեր ականավոր բժիշկները իրավամբ իրենց կարող են համարել Մխիթարի հետնորդները: Իմ քաղաքում վերացվել են ամեն տեսակի վարակիչ հիվանդությունները, որոնք նախքան հեղափոխությունը մոլեգնում էին մայրաքաղաքում: 1967 թ. տվյալներով իմ սեփական հարկի տակ գործում են 34 հիվանդանոց` 5910 մահճակալով, 3898 բժիշկներով:
Այսօր հարկ է, որ մենք հիշենք, թե ում ջանքերով սկսվեց այդ բոլորը: Լևոն Տիգրանյան. բժիշկ և հասարակական գործիչ, նրա ջանքերով էր, որ բացվեց Երևանում առաջին բուժարանը, որը ուներ` 12 մահճակալ: Նա էր, որ հրատարակեց առաջին «Առողջապահական թերթիկը» և պայքար ծավալեց քաղաքի մաքրության, կանաչապատման և այգիների ստեղծման համար: Նույն տարիներին մեծ երախտիք ունեն նաև ականավոր բժիշկներ Վահան Արծրունին, Ավետիք Բուդաղյանը: Մեծ ծրագրեր ունեին նրանք, բայց փոքր հնարավորություններ, մեծ էնտուզիազմ, բայց քիչ գումար և ինչ էլ որ կարողանում էին անել, անում էին անհատական զոհաբերությունների գնով: 12 մահճակալանոց հիվանդանոցով, իհարկե, հնարավոր չէր բուժել մալարիայով տառապող ժողովրդին:

13. ՀԱՐՑ.— Ի՞ՆՉ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՍ ԻՄԱՑԵԼ ԵՎ ԻՆՉ ԳԻՏԵՍ ԱՑՍՕՐ:
ԵՐԵՎԱՆ.—Լեզուներ ես շատ եմ իմացել: Գլխովս անցած բազմաթիվ ահավոր աղետներն ու արհավիրքները ստիպել են սովորել բազմաթիվ լեզուներ:
Դրա համար խոսել եմ ասորերեն, երբ ահեղ պայքար էր գնում Ասորեստանի և Ուրարտուի միջև, խուրիտերեն, հիթիթերեն, սկյութերեն, մեդերեն, պարսկերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, սելջուկերեն, մոնղոլերեն, տաճկերեն:
Էլ չեմ ասում իմ եղբայրների` աղվանների ու վրացիների լեզվի մասին: Ժամանակները փոխվել են այսօր, եթե նախկինում ես մի փոքր մարզի կենտրոն էի, ապա այժմ Սովետական Հայաստանի մայրաքաղաքն եմ, խոսում եմ հիմնականում հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով:
Վերջին տարիներս դեպի ինձ են վերադարձել իմ պանդուխտ զավակները, որոնք խոսում են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, արաբերեն և աշխարհի շատ այլ լեզուներով:
Գիտության այնպիսի կենտրոն եմ դարձել, որ սովորելու են գալիս աշխարհի շատ երկրներից` Աֆրիկայից, Մերձավոր և Հեռավոր արևելքից, անգամ Հարավային Ամերիկայից:

14. ՀԱՐՑ.— Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ՍԵՎԱՆԻ ՊՐՈԲԼԵՄԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ԱՆՁՆԱՊԵՍ Ի՞ՆՉ ԵՍ ՇԱՀՈԻՄ ԴՐԱՆԻՑ:
ԵՐԵՎԱՆ.— Այսօրվա համար շատ եմ պարտական Սևանին: Չորս տասնամյակ առաջ նա լույս և հզորություն տվեց ինձ, և ես կարողացա շտկել մեջքս: Հիմա հերթը իմն է: Հիմա ես օգնել կարող եմ Սևանին, իսկ նա դրա կարիքը ունի: Իմ հարկի տակ սովորած ու աշխատող շատ գիտնականներ ու ինժեներներ, ջրաշինարարներ երկար ժամանակ պրպտում, Սևանին օգնելու ելք էին որոնում: Եվ ահա, վերջին մի քանի տարիներում, նրանք ամենամյա ուրախություն են տալիս ինձ:
Անցյալ տարի շարք մտավ Արևշատի ջրհան կայանը, և տարեկան 50 միլիոն խորանարդ մետրով պակասեց Սևանի ջրի ելքը:
Ապարանի ջրամբարը արդեն այս տարի խնայել է` 60 միլիոն խորանարդ մետր ջուր:
Մի քանի ամիս առաջ գործարկվեց Մխչյանի ջրհան կայանը: Այդ նշանակում է Սևանից ամեն տարի խնայել 125 միլիոն խորանարդ մետր ջուր:
Այնպես որ` իմ հոբելյանական տարում 100-130 միլիոն խորանարդ մետր ջուր պակաս է դուրս եկել Սևանից:
Իսկ Արփա-Սևան թունելի շինարարության մասին հանրապետությունից դուրս էլ գիտեն: Համաժողովրդական այս կառույցը ղեկավարվում է նաև իմ մասնագետների միջոցով, որոնք և իմ հպարտությունն են: Բայց բանվորական ուժով ես պարտավոր եմ օգնել Սևանին:

15. ՀԱՐՑ.— ՔՈ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՅՈԻՍ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
ԵՐԵՎԱՆ.— Թվով շատ ենք, մոտ քսան: Ավելի շատ կլինեինք, եթե…
Մի քանիսը շատ հին են, գուցե ինձ հասակակից, նրանց ծննդականները դեռ չեն գտել, բայց կան վկաներ, ասենք Արտաշատը, Էջմիածինը (որի երկու հազարամյա անունը` Վաղարշապատ, հույժ ցանկալի է վերականգնել, իսկ Էջմիածինը թողնել որպես Վաղարշապատի մի մաս, ինչպես եղել է դարեր շարունակ):
Մեր ընտանիքում հազարամյա տարիք ունեցողների հետ կան նաև մանուկներ` Չարենցավանը, Հրազդանը, Քաջարանը:
Ամեն մեկն ունի իր ինքնատիպ տեղանքն ու բնանկարը և դրանք էլ իրենց դերն են կատարել ամեն մի բնակավայրի քաղաքաշինական-ճարտարապետական առանձնահատկությունը կազմավորելու գործում:
Բոլորը, մեծ ու փոքր, հատկապես վերջերս, գեղեցկացել են և ընդարձակվել, մանավանդ` Կիրովականը և Լենինականը: Այստեղ կան այնպիսի հաջող քաղաքաշինական-ճարտարապետական լուծումներ, որ կնախանձի ամեն մի քաղաք: Ասենք` Կիրովականի կենտրոնական հրապարակը: Դրա հետ միաժամանակ մի տխուր հանգամանք` մեր բոլոր քաղաքների նոր թաղամասերը նման են իրար: Պատճառն այն է, որ բոլոր քաղաքներում կառուցվում են նույնատիպ և նույնագույն բնակելի (և ոչ միայն բնակելի) տներ: Եթե որևէ մեկի, նույնիսկ ճարտարապետի աչքերը փակ տանեն մեր քաղաքներից որևէ մեկի նոր թաղամասերը և աչքերը բացեն, նա դժվար կկռահի, թե որ քաղաքում է գտնվում:
Մեծին աչք տալը ընտանիքում ընդունված բան է, բայց ոչ ամեն դեպքում է դա խրախուսելի: Հենց որ Երևանում սկսեցին հարկաշատ տներ կառուցել, մյուս քաղաքները, մեծ ու պուճուր, նույնն են ուզում անել: Այդպես չի կարելի:
Երբ ընտանիքում փոքրերը հասունանում են, սկսում են օգնել ավագին, մեր մի շարք քաղաքները արդեն այնքան են զարգացել, որ տարբեր հարցերում կարող են օգնել ինձ: Իսկ ես շատ եմ մեծացել ու տարածվել, լավ կլինի մի քիչ բեռնաթափվեմ: Խոսքս այն մասին է, որ Երևանից մեր մյուս քաղաքները փոխադրվեն մի քանի ուսումնական և գիտահետազոտական հաստատություններ, կապված այդ քաղաքներում եղած արդյունաբերության և տվյալ քաղաքի զարգացման հեռանկարի հետ:

16. ՀԱՐՑ.— Ի՞ՆՉ ԿԱՍԵՍ ՔՈ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
ԵՐԵՎԱՆ.— Երիտասարդության առջևից գնում են կոմերիտականները, դրա համար էլ` նախ նրանց մասին: Այս խանդավառ կազմակերպությունը ստեղծվել է 1921 թ.: Եթե 1923 թ. Երևանում և Երևանի գավառում կար 132 բջիջ, 1631 անդամով, որից գյուղացի` 962 հոգի, բանվոր` 250, աշակերտ` 240, ծառայող` 101 և ուսանող` 78, ապա 1968 թ. քաղաքի կոմերիտական կազմակերպությունը իր շարքերում հաշվում է 80.332 անդամ:
Մի քանի լավ գործերի մասին կուզեի, որ գրեիք: «Երազ» գործարանի կոմերիտականները թողարկեցին մի ավտոմեքենա, որը ծնվեց աշխատանքի ժամերից դուրս, ջահելների խանդավառությունից ու ջանքերից: Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կոմերիտականները 122-րդ դպրոցի աշակերտների համար անվճար հավաքում են «Մաշտոց» ուսուցանող մեքենան, իսկ ժամացույցի գործարանի կոմերիտականները հասարակական կարգով արդեն պատրաստել են 1000 ժամացույց:
Վերջին տարիներին քաղաքի կարևոր կառույցներում աշխատեցին 10.000 ուսանող երիտասարդներ: Միայն այս տարի Երևան-Սևան բետոնապատ խճուղու շինարարությանը մասնակցեցին 1000-ից ավելի ուսանողներ: Իսկ ընդհանրապես այս տարի հանրապետության կառույցներում աշխատում են բուհերի 2500 ուսանողներ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս, Երևանի համար հոբելյանական տարում քաղաքի երիտասարդությունը մեծ գործ կատարեց կանաչապատման գործում: «Մաքուր և գեղեցիկ Երևանի համար», ավանդական քաղաքային հավաքում վերցրած պարտավորությունը` տնկել 10.000 թուփ ու ծառ, քաղաքի երիտասարդությունը պատվով կատարեց:
Երիտասարդությունը Երևանի արդյունաբերական և այլ բնագավառների ակտիվ ուժերից է: 700 հազար բնակչություն ունեցող Երևանում 350 հազարից ավելին պատանիներ ու երիտասարդներ են` դպրոցականներ, ուսանողներ, բանվոո- ծառայողներ և այլն: Նրանց է պատկանում քաղաքի ապագան ու նրանցով պայմանավորված կլինի Երևանի վաղը…

17. ՀԱՐՑ.— Ի՞ՆՉ ԿԱՍԵՍ ՔՈ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ:
ԵՐԵՎԱՆ.— Իմ հայրը` Արգիշտին, բնածին մարզիկ էր. հոյակապ ձիավար, նետաձիգ և նիզականետ: Իր նախնիներից ժառանգություն ստանալով այդ ունակությունները, նա կտակեց իր հետագա սերունդներին, և հազարամյակներ շարունակ մարմնամարզությունը եղավ պաշտպանության և հարատևման ամենամեծ թալիսմանը:
Քսան-երեսուն տարի առաջ ինձ կոչում էին դյուցազունների մայր, և դա պատահական չէր. այստեղ էին ապրում աշխարհի ռեկորդակիր Ռուբեն Մանուկյանը և աշխարհի ամենաուժեղ մարդը` Սերգո Համբարձումյանը:
Պատերազմից հետո ինձ մոտ հանգրվանեց ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնության թեթևագույն քաշի ոսկե մեդալը, որը խաղարկվում էր առաջին անգամ: Դրա հասցեատերն էր Իվան Ազդարովը:
1952 թվականին Հելսինկիից օլիմպիական կրկնակի փառքով, տուն վերադարձավ մարմնամարզության փայլուն վարպետ Հրանա Շահինյանը և 1559-ամյա ընդմիջումից հետո, հայկական լեռնաշխարհը կրկին ցնծությամբ դիմավորեց օլիմպիական հերոսին: Երկու տարի անց, 1954 թվականին, տասնվեց դար ընդմիջումից հետո, «ծնկի» եկավ Հռոմը: «Մեղավորները» Հրանտ Շահինյանը և Ալբերտ Ազարյանն էին, որոնք Հռոմում հռչակվեցին աշխարհի չեմպիոններ: Եվ ես, որ երբեք արքայանիստ քաղաք չեմ եղել, մի անգամից երկու արքա ունեցա, որոնց դարձյալ թագադրեց Հռոմը. «օղակների և նժույգի» արքաներ:
1956 թվական: Մելբուռն: Ավստրալիայի մայրաքաղաքը պարզապես վանկարկում էր: Նո-վի-կով: Են-գի-բար-յան: Ա-զար-յան…
17 ՍՍՀՄ վաստակավոր վարպետ, 9 միջազգային կարգի և 150 սպորտի վարպետ: Ֆիզկուլտուրայի 488 կոլեկտիվներում պարապում են 114495 երիտասարդներ, պատանիներ ու աղջիկներ, որոնց մարզում են 159 ՀՍՍՀ և 10 ՍՍՀՄ վաստակավոր մարզիչներ: Երևանում են բնակվում նաև 136 ՍՍՀՄ և 7 միջազգային կարգի դատավորներ:
Ավելի պատկառելի է սպորտային բազաների թիվը: 1500 տեղանոց երեք ստադիոն, 31 կոմպլեքսային սպորտ հրապարակ, 10 ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի 125 և վոլեյբոլի 147 հրապարակներ, 14 թենիսի կորտ, 13 լողավազան, 150 մարմնամարզական դահլիճ, 6 տուրիստական բազա, հեծանվահրապարակ: Ներկայումս սկսվել է ամենախոշոր «Հրազդան» կոմպլեքսային ստադիոնի շինարարությունը, որը կտեղավորի 75000 հանդիսատես, կունենա 2 մարզական դաշտ, թեթև ատլետիկական ստադիոն, մեծ թվով վոլեյբոլի, բասկետբոլի հրապարակներ և թենիսի կորտ: Հոբելյանիս նախօրյակին շահագործման կհանձնվի կոմպլեքսի փակ լողավազանը, թենիսի ծածկված կորտը: Տարեվերջին շախմատիստների առջև իր դռները լայնորեն կբացի շախմատի ակումբը, կավարտվի մանկական ստադիոնի կոմպլեքսի մեջ մտնող 25 մետրանոց, տաքացման սիստեմով լողավազանի և հրապարակների կառուցումը, իսկ եկող տարվանից կսկսվի այդ նույն ստադիոնի մեջ մտնող 4 դահլիճների շինարարությունը և «Դինամո» կամավոր սպորտ ընկերության լողավազանի վերակառուցումը: Խոշոր կառույցներից պետք է նշել Ծիծեռնակաբերդի սպորտի պալատը, որը կունենա 10000 տեղ: Կոմիտասի փողոցի վրա սկսվել է Երևանում ամենախոշոր ծածկված լողավազանի շինարարությունը:
Նախագծված է և շատ շուտով կսկսվի Երեկանում առաջին արհեստական փակ սահադաշտի շինարարությունը, որը կունենա 61 մետր երկարություն և 35 մետր լայնություն, իրենց ուսումնական բազաները կունենան բռնցքամարտի և ըմբշամարտի դպրոցները, կկառուցվեն բազմաթիվ սպորտային հրապարակներ, խաղադաշտեր: «Դինամոյի» սպորտի պալատի կողքին վեր կխոյանա մի նոր սպորտային դահլիճ:

19. ՀԱՐՑ.— ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՔԵԶ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ:
ԵՐԵՎԱՆ.— Իբրև այդ հարցի պատասխան` վերցրեք այս նամակը, որ ես ստացել եմ… 2000 թվականից:
«… Երեկ գրադարանում թերթում էի 1967-1968 թթ. ամսագրերը և «Գարուն»-ի համար-ներից մեկում տեսա իմ հասակակից Արևիկ Շավոյանի նամակը: Սիրելի Արևիկ, այն ժամանակ դու տասնինը տարեկան էիր, հիմա ուրեմն 51 և ես իրավունք չունեմ քեզ պարզապես անունով դիմելու, բայց ես ուզում եմ գրել այն Արևիկին, որը տասնինը տարեկան է և մնացել է «Գարուն»-ի էջերում: Ես ուզում եմ պատմել քեզ այսօրվա Երևանի ու նրա տանիքների մասին: Քո նկարագրած կտուրը հիմա էլ գոյություն ունի և կարծեմ, Լենինի պողոտայի վրա է գտնվում: Բայց այնտեղից այժմ բոլորովին այլ քաղաք է երևում:
Երևանը շատ արագ կերպարանափոխվել է: Նա նախանձելի հմտությամբ համադրել է դարերի տառապանք կրած ծերունու իմաստություն և փայլուն երիտասարդի արտաքին: Բայց, անշուշտ, շատ տառապանք է հոսել, մինչև նա հասել է այս երանելի ժամանակներին:
Մայրիկս պատմել է, որ ինքն ու իր նմահ շատ մայրիկներ շատ են նեղվել երեկույթների ժամանակ: Երիտասարդները մինչև ուշ գիշեր աղմկել, ուրախացել, երաժշտություն լսել, վիճել, ճիշտ ինչպես մենք` այսօր: Այդ բոլորը մի կերպ տարել են, իսկ` հարևաննե՞րը: Պարզվում է, որ կողքի բնակարանի աղմուկը ուժեղ լսվել է: Դա իրեք վատ է, քանի որ բացի բոլոր անհարմարություններից, փչացրել է երևանցիների բնավորությունը: Նրանք ստիպված բամբասկոտ են դարձել, որովհետև հարևան ամուսինների ամենաչնչին իսկ վեճին «ներկա» են գտնվել… ականջով: Դե՛, ինչպե՞ս չքննարկեն մյուս կողմի հարևանի հետ, որը նույնիսկ, մի քիչ ավելի սուր ասված բաներ է լսել… Հիմա փորձում եմ այնպես գոռալ, հարևանները գան, ասենք, նոր երգ լսելու, բայց միևնույն է, ոչինչ չի լսվում:
Իսկ երաժիշտ տարեկիցներս գնում են սրճարանները, ուր առանձին սենյակ կա` դաշնամուրով: Այնտեղ ցանկացողը սրճարանի այցելուների համար համերգ է կազմակերպում: Եվ մենք` երժշտասերներս, պարբերաբար մեզ համար նոր աստղեր ենք հայտնաբերում կամ թրջած մուկ դարձնում հերթական «հանդուգնին»:
Տաք եղանակին մենք ամբողջ օրով սուզվում ենք «Հաղթանակ» զբոսայգում, որը հիմա փոքրիկ աշխարհ է՝ իր ռիթմով, օրենքներ: Դրանցից առաջինն է` հանգստանալ, երկրորդը` զվարճանալ: Այնտեղ յուրաքանչյուր խենթություն թույլատրելի է, կարելի է մինչև իսկ փոքրիկ «ավազակախմբերով» հարձակվել չափազանց լուրջ տեսքով զբոսնողների վրա և ստիպել, որ զվարճանան: Դա այսպես կոչված տուգանք է չզվարճանալու համար: Պատահում է, որ հագնվում ենք 60-ական թվականների ձևով ու զբոսնում, ընդհանուրի ծիծաղը շարժելով:
Ու հիմա անհնարին է հավատալ, որ 1-2 տասնյակ տարի առաջ իմ տարիքի աղջիկները զուրկ են եղել հանգիստը ճիշտ անցկացնելու զգեստներից: Ինչպե՞ս կարելի է քաղաքից դուրս կամ «Հաղթանակ» այգի գնալ շրջազգեստով: Իսկ ինչպե՞ս վազվզել, թավալվել խոտերի վրա, գնդակ վար բերել ծառից կամ գլուխկոնծի տալ, եթե չես հագել երկար կամ կարճ (նայած եղանակին) տաբատ:
Բայց իհարկե, չկարծես, որ քաղաքը հիմա անթերի է: Ես կփորձեմ հիշել այն սակավաթիվ անհաջող կառույցները, որոնք մնացել են քո երիտասարդ ժամանակվանից ի վեր: Մեր մշտական ծաղրուծանակի առարկան են որոշ արձաններ, շենքեր: Իսկ ձեր «Աջափնյակ» կոչված թաղամասը անվանում ենք «գետնափորների լաբիրինթոս», որովհետև 4-5 հարկից բարձր շենք չես ճարի այդ խառնիճաղանջ կղզյակում:
Հաճախակի բացում ու նայում եմ Երևանի 2000-ամյա հոբելյանի առթիվ տպագրված հատակագիծը: Զարմանալիորեն արագ է մեծացել ու գեղեցկացել մեր քաղաքը: Ձեր պարծանքի առարկաներն էին Լենինի հրապարակն ու պողոտան, Սայաթ-Նովայի, Բարեկամության, Աբովյանի փողոցները: Տարօրինակ է, որ դա է եղել քաղաքի կենտրոնը… Այսինքն, տարօրինակ չէ, դրանք, իրոք, շատ գեղեցիկ փողոցներ են, պարզապես հնացել են:
Հայրիկս ասում է, որ այդ հին մասերին կապված է խոր սիրով, ծանոթ, սիրելի շենքերին նայելիս մի քիչ տխրում է: Ես գիտեմ, որ նրանք ավելի շատ հիշողություններ ունեն, քան այդ նույն տարիքում կունենան այսօրվա անհոգ ու հավասարակշռված երկնաքերները: Հոգնած, սիրելի շենքեր, ձեր ժամանակը անցած է ու դրա համար դուք առավել սիրուն ու սիրելի եք, գոնե ինձ համար…
Մոռացա պատմել քաղաքի լավագույն փողոցներից մեկի վրա գտնվող շատ խելացիորեն մտածված կոմպլեքսի` Դպրոցական քաղաքի մասին: Այն Էջմիածնի փողոցի վրա (ձեզ համար` Էջմիածնի խճուղի): Հիմա դպրոցական երեխաներն իսկ տրոլեյբուսով կամ այլ կերպ գնում են Հռիփսիմեն նկարելու կամ Զվարթնոցի ծաղկած ծառերը խնամելու:
Ուրեմն, Դպրոցական քաղաք են տեղափոխվել քաղաքի մի մասի դպրոցները ու ստեղծել իսկական մանկական աշխարհ: Յուրաքանչյուր ոք, ով կարոտում է իր մանկությունը, անցնում է այդ հրաշալի, կանաչապատ ցանկապատից, որոշ ժամանակով վերագտնում իր մանկությունը, վերապրում այն ամենը, ինչ արդեն անցած է: Այստեղ երեխան յուրաքանչյուր խաղի համար պարագաներ ու տարածություն ունի, իր սիրած հերոսների ու հեքիաթների հետ կարող է հանդիպել «Հեքիաթ» և «Երազ» տնակներում, ուր յուրաքանչյուր սենյակում մի-մի հեքիաթ է թաքնված, մի-մի տեսլիք…
Աշխարհագրության դասերն անցնում են հատուկ զանգվածում, ուր սենյակից սենյակ անցնելով կարող ես շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել: Յուրաքանչյուր սենյակում կանգնած են երկու մարդաչափ տիկնիկ` ազգային տարազով: Միացնելով հատուկ սարքը, երեխաները խոսող տիկնիկներից լսում են տվյալ երկրի լեզուն: Կարելի է լսել ազգային երաժշտության նմուշներ, դիտել ճարտարապետական հուշարձանների ալբոմներ, ծանոթանալ այդ երկրին առավել բնորոշ բուսական ու կենդանական աշխարհին:
Պատմության կաբինետները մտնելիս երեխան տեղափոխվում է Հին Եգիպտոս, շրջում ջունգլիներում, քիչ է մնում մասնակցի բաբելոնյան աշտարակաշինությանը. այնքան ցայտուն ու մատչելի է մատուցված ամեն թեմա:
Երեխաները այստեղ են գալիս հեծանիվներով ու մնում ամբողջ օրը, քանի որ երկար դասամիջոցին ճաշում են. հետո խաղում կամ կրկնում հանձնարարությունները: Որպես օրենք ընդմիջման վերջին կես ժամը լողում են ջրավազանում, որպեսզի թարմացած վերսկսեն պարապմունքները:
Ասում են, Երևանը համարվել է չոր քաղաք, ջուր քիչ է ունեցել: Հիմա թող գան ու փորձեն հաշվել, թե քանի լճակ, ավազան, շատրվան ու լիճ կա քաղաքում: Ինքս էլ եմ դժվարանում թվել բոլորը:
Բնակիչները դադարել են այլևս մի ձմերուկ պաղ պահելու համար ամբողջ օրը ջուրը հոսեցնել: Չէ՞ որ մեր ջուրը լավագույններից է աշխարհում, մեր ծեր, սիրելի Էրեբունի-Երևանի զուլալ ջուրը: Ի դեպ այժմյան բնակարանները հիանալի օդափոխվում են, և սենյակներում զետեղված հատուկ սարքի օգնությամբ կարելի է ստեղծել ուզածդ ջերմաստիճանը:
Մի քիչ էլ պատմեմ մեր հանգստավայրերի մասին: Նորքում կառուցված է մի հիանալի կոմպլեքս, որը կատակով անվանում են «հանգստի հաբ»: Նավակնե՞ր` խնդրեմ, այլևայլ խաղե՞ր` խնդրեմ, սրճարան կամ բա՞ր, խնդրեմ: Տատիկները լճակների շուրջը նստած հյուսում են կամ կերակրում կարապներին (սովորություն, որ արդեն չեմ հիշում, թե երբվանից ունեն ռոմանտիկ մեծահասակները) ու դիտողություն անում թոռնիկներին: Իսկ նրանք վազվզում են հսկայական տիկնիկների ձեռքից բռնած, ավազից հազար ու մի բան են սարքում, հատուկ պատրաստված «վհուկի խրճիթ»-ի շուրջը վախով պտտվում, «կարմրամորթների» լաստերով զբոսնում:
Քեզ մոտ, երևի այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մենք` երիտասարդներս, զբաղված ենք միայն հաճելի ժամանցով: Չեմ պատրաստվում մեկ-մեկ թվարկել մեր զբաղմունքներն ու հետաքրքրությունները, քանի որ պարզ է, որ եթե երիտասարդ ենք, ուրեմն պետք է հետաքրքրասեր լինենք: Մենք հոգատար ենք մանավանդ մեր պատմական հուշարձանների նկատմամբ: Հաճախ թույլտվություն ենք վերցնում հնությունների պահպանման կոմիտեից ու անցնում գործի: Ընդ որում, ամեն ինչ ինքներս ենք անում, առանց անհանգստացնելու մեծահասակներին:
Իսկ երեկոյան այնքան է գեղեցկանում մեր քաղաքը, որ թվում է, թե որևէ տոնի առթիվ է զուգվել, զարդարվել: Այնքան լուսավոր է, այնքան ուրախ, որ պարզապես կարելի է շլանալ նրա լույսերից ու ռեկլամներից: Այնքան ճաշակով և նուրբ գույներով են արված ռեկլամները… Հիմա դու երևի կզարմանաս, որովհետև քո ժամանակ մեր քաղաքի ռեկլամները այնքան էլ լավ չեն եղել: Իսկ վերջում պատմեմ քո այնքան սիրելի տանիքների մասին… Հիմա միայն մի քանի հոգի չէ, որ տանիքից կարող են հիանալ քաղաքի տեսքով: Միայն Փափազյանի պողոտայի վրա կան երեք երկնաքերներ, որոնց տանիքներին սիրունիկ սրճարաններ են կառուցված: Դրանք հատկապես դուր են գալիս զբոսաշրջիկներին: Նրանք այնտեղ են գնում քաղաքը դիտելու, իսկ մեզ` երիտասարդներիս, երևի միշտ էլ երկինքն է ձգում… Կտուրներից երևում է ամբողջ քաղաքը իր ռեկլամներով, երկնաքերներով, լուսավորված շատրվաններով: Կենտրոնում երևում են ցածր շենքերի կտուրներ, իսկ նրանց շուրջը օղակ են կապել գունավոր, սլացիկ երկնաքերներ: Եթե ուշադիր նայես լույսի խարույկներին, կտեսնես, որ դրանք մեր հին եկեղեցիներն են: Մոռացա ասել, որ բոլոր ճարտարապետական հին հուշարձանները գիշերը լուսավորվում են: Այլ երկրներից եկող ճարտարապետները հիացած են մնում մեր «առասպելականորեն ծեր ու անհավատալիորեն երիտասարդ» Երևանով: Հեմինգուեյը, որին մենք էլ, ինչպես դուք, շատ ենք սիրում. Փարիզի մասին ասել է. — Փարիզը տոն է. որը միշտ քեզ հետ է:
Հիմա մենք այդպես ենք ասում մեր Երևանի մասին, նույնիսկ երկաթագիր տառերով փորագրել ենք «Էրեբունի» գիշերային սրճարանի և «Երևան» բարի պատերին. «Երևանը տոն է, որը միշտ քեզ հետ է»:

Սիրով` ԵՐԱԶԻԿ
Երևան, 2000 թվական»:

— Շնորհակալություն, Երևան, զրույցի համար:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով