Օմար Խայամ. Քառյակներ

«Գարուն», 1989, 12

***
Նրանք, որ գիտուն ու կրթված դարձան,
Լուսավորյալի անուն ըստացան,
Ճամփա չգտան այս մութ գիշերին,
Խոսք-զրույց արին ու քնով անցան…

***
Մի՛ նայիր մարդու դու ճարտարության,
Այլ նայիր նրա հավատարմության,
Տված խոստումը եթե կատարեց,
Քո իմացածից մեծ է անպայման:

***
Մինչև միաբան ձեռք ձեռքի չտանք,
Չենք անի ցնծությամբ վիշտը ոտնատակ,
Վե՛ր կենանք ու խնդանք մինչև լուսաբաց,
Լույս դեռ շատ կբացվի՝ մենք պառկած անկյանք…

***
Աշխարհի մատյանի սկիզբ-վանկը սեր է,
Մեռածին օրհներգող մաղթանքը սեր է,
Ո՜վ դու, անտեղյակ սիրո աշխարհից,
Իմացիր այս անխախտ՝ որ կյանքը սե՛ր է:

***
Որսորդն անմահ խայծ դնելով իր ծուղակ,
Մի որս բռնեց և անվանեց մարդ-էակ,
Ինչ լավ ու վատ որ անցնի այդ աշխարհում`
Ինքն անում է, մարդո՛ւն բռնում պատրվակ:

***
Հակինթ գինի տուր մշկահոտ, է՛յ սաղի,
Խոսք ոլ զրույցից փրկվեմ կեղտոտ, է՛յ սաղի,
Մի կուժ գինի, նախքան իմ ու քո հողից
Կյանքը շինի գինու անոթ, է՛յ սաղի:

***
Անցյալ գիշեր բրուտանոցում եղա հյուր,
Երկու հազար կժեր տեսա խոսուն-լուռ,
Հանկարծ մի կուժ բարձրացըրեց աղաղակ.
«Բրո՞ւտն ուր է, ծախո՜ղն ուր է, առնողն ուր»…

***
Դրախտում ասում են, փերի-հուրն անուշ է,
Կասեմ՝ դրախտից խաղողի ջուրն անուշ է,
Առ այս կանխիկն, ապառիկից ձեռ քաշիր,
Հեռվից է, որ թմբուկի ձենն անուշ է:

***
Վարդի դեմքին ամանորի ցողն անուշ է,
Լայն արոտում յարի դեմքի շո՜ղն անուշ է,
Երեկն անցավ, զո՜ւր է խոսել` զվարճացի՛ր,
Անցած օրից չէ որ նո՛ր եկողն անուշ է:

***
Հեգ մարդկության բաժին ընկած չարն ու բարին,
Նրան վիճակված երջանկություն, ցավ դժվարին
Մի՛ վերագրիր զուր երկնքին, որ բյուր անգամ
Քեզնից թույլ է գիտակցության ճանապարհին:

***
Մեր պանդոկից ծագին հնչեց աղաղակը.
«Հե՜յ, դու, մեր խե՛նթ, դու՝ գինետան անառակը.
Ե՛լ, բարձրացիր, որ բաժակը լցնենք գինով
Առաջ, քանի դեռ չեն լցրել մե՛ր բաժակը…»:

***
Ամանորի ամպով դաշտն իր դեմքը լվաց.
Վե՛ր կաց, գինու գավաթին ուխտ արա սրտանց
Ջիվանի հետ գինի խմի կանաչ մարգում,
Հիշիր նրա՛ն, որի հողից մարգն է բուսած:

***
Պարծենկոտնե՜ր, գոռոզության մեջ են ընկել,
Առանց առիթ մոլորության մեջ են ընկել,
Չեմ հասկանում, թե ինչ գաղտնիք են բաց անում,
Որ քո ճամփից դուրս փորձանքի մեջ են ընկել:

***
Ճամփիս վրա հազար մի տեղ ցանց ես քաշում,
«Քեզ կը բռնեմ,— ասում,— թե ոտ դնես միջում»…
Ողջ աշխարհի տնօրենը դու ես դարձել,
Դո՛ւ ես անում ամենն, ինձ հանցավոր կոչում…

***
Երկու օրվան մարդ մի հաց ունենա իր կերակուր
Եվ մի կոտրած սափորով թեկուզ մի կում սառը ջուր,
Ինչո՞ւ լինի ենթակա իրենից իսկ ստորին,
Ինչո՞ւ պիտի ծառայի իր նմանին վիզը ծուռ:

***
Հողե անկողնի միջին քնացողներ եմ տեսնում.
Հողի սոսկից դուրս գալու պատրաստվողներ եմ տեսնում.
Հավերժության դաշտին եմ նայում երկա՜ր ու երկար,
Ոչ նոր եկող և ոչ էլ գնացողներ եմ տեսնում…

***
Քարավանը այս կյանքի զարմանալի է անցնում…
Ձեռքից չտաս վայրկյանը, որ բերկրալի է անցնում.
Ի՛նչ ես հոգում, մատռվա՛կ, թե վաղն ուր ես լինելու.
Բեր թասն առաջ, տե՛ս, գիշերն անդառնալի է անցնում:

***
Ամենևին չգիտեմ` նա՛, ով բերավ ինձ հանդես,
Դրախտաբնա՞կ որոշեց, թե՞ դժոխքի ողջակեզ.
Գինի, քնար, սիրուն յար` մարգի եզրին արևառ.
Ինձ այս երեքը կանխիկ, իսկ ապառիկ դրախտը քե՛զ…

***
Թե դու գինի ես խմում, հասկացողի՛ հետ խմիր,
Կամ սիրուհուդ վարդադեմ, ժպտացողի հետ խմիր,
Շատ մի խմիր, սովորույթի ցույց մարդկանց մի՛ դարջիր:
Սակա՛վ խմիր, մերթ ընդ մերթ, հանգիստ ու անդետ խմիր:

***
Մի՛ պահանջիր կյանքից շատ բան, ապրիր ուրախ, անկսկիծ,
Անկախ եղիր, ժամանակի բարիքից ու չարիքից,
Թող քո ձեռին լինեն գինին ու սիրունի վարսերը,
Թե չէ շուտով այս մի քանի օրն էլ կերթա մեր ձեռքից:

***
Ոմանք տատանման մեջ են հավատի, կրոնի մասին,
Ոմանք փնտրում են, թե ինչն է ուղիղն, ինչ կասկածելին.
Մեկ էլ դարանից հանկարծ դուրս եկած մունետիկն ասաց.
«Հե՜յ, անտեղյակնե՛ր, ոչ այս է, ոչ այն ճշմարիտ ուղին»…

***
Աշխարհից ինչ որ ուտում ես, խմում, քո մասն է արդար,
Եթե դու այն ձեռք բերելու համար մղել ես պայքար,
Բոլոր մնացածն ա՛յլ արժեք ունի. զգույշ, որ չնչին
Գնով չծախես թանկարժեք կյանքդ մնացածի համար…

***
Տե՛ր, ցավընկալ կրծքիս գթա,
Գերի հոգուս, սրտի՛ս գթա,
Ներիր պանդոկ վազող ոտքիս,
Բաժակակալ ձեռքի՛ս գթա:

***
Գինին առած՝ առվի եզրին լինեինք,
Վշտից հեռու նո՛ր ափերին լինեինք…
Քանի կյանքն էլ վարդի նման տասն օր է,
Վառ շրթի, թարմ այտի՛ գերին լինեինք…

***
Վարդի դեմքին ամպի քող կա տակավին,
Սրտիս խորքում գինու դող կա տակավին.
Դեռ մի՛ պառկիր, ժամանակ չէ քնելու,
Խմի՛ր, հոգյա՜կ, լուսի շող կա տակավին:

***
Ո՜վ գինի, շրթունքն ալ յար լինի թող սիրուն,
Ձեռք բերելն է դժվար` հազվագյուտ այդ փերուն.
Նրանից է բաժակն ալ գինով երջանիկ,
Որ ընտրել է յարի լալ շրթո՛ւնքն իր արյուն:

***
Բախտի՛ անիվ, իմ սիրտը միշտ վշտանար ես անում,
Իմ բերկրանքի շապիկը պատառ-պատառ ես անում,
Հովը, որ ինձ է փչում, փոխարկում ես կրակի,
Խմած ջուրն իմ բերանում դու հող ու քար ես անում:

***
Քան հռչակվես երկրում որպես ժողովրդի թշնամի,
Խռովակեզ տանդ նստես, սիրտդ կասկածը քամի,
Լավ չէ՞ միթե, նույնիսկ եթե Խեզր էլ լինես կամ Եղյաս,
Անհայտ մնաս, ո՛չ թշնամու կարոտ, ո՛չ բարեկամի…

***
Ցավին սովորիր և ապրիր անվախ,
Փառքով մի՛ գերվիր և եղիր անկախ,
Մի՛ նայիր քեզանից բարձրին, մի՛ տանջվիր,
Այլ նայիր ցածրին, որ ապրես ուրախ:

***
Որքան էլ կյանքում դու թշվառ լինես,
Բախտի բռնության դեմ տկար լինես,
Մի՛ թող շրթունքիդ տմարդի ձեռից
Ջուր կաթի, անգամ կրակում վառ լինես…

***
Մարդիկ, որոնք կյանքում հլու ապրեցին,
Մինչև կյանքի վերջը թշվառ մնացին,
Մահին անվերջ «թշվա՜ռ, թշվա՜ռ» ասելով`
Ստրկության ճամփով անցան՛ գնացին…

***
Թե չես խմում, մի էլ ծաղրիր խմողներին.
Դադար տուր այդ քո սուտ ու փուտ խրատներին,
Գլուխ տարար` հորդորելով, որ չխմեմ,
Քո բյուրավո՜ր մեղքերի մոտ ի՞նչ է գինին…

***
Մարդուս, ասում են մտքի շող է հարկավոր,
Կամ ծագումով բարձր ծնող է հարկավոր.
Այսօր այդպես է մեզ պատող շրջապատը,
Որ բոլորը ոչինչ, լոկ փո՜ղ է հարկավոր:

***
Կաքավչուհի հուրի, գինի (եթե կա),
Հոսան առվակ, դալար լինի (եթե կա),
Սրանից էլ լավ բան բնավ մի ուզիր,
Էլ ի՞նչ դրախտ սուտ, ապառնի (եթե կա՜):

***
Դու այն գինին, որ նեկտարն է անմահության, ա՛յն խմիր,
Այն, որ համ ու հոտն է կյանքի, ջահել-ջիվան. ա՛յն խմիր,
Այրո՛ղ է նա կրակի պես, վառող, միայն վիշտ վառող,
Սիրտ բացող է անմահական ջրի նման, ա՜յն խմիր…

***
Գինի պիտի, մարդ պիտի,
Ոտից գլուխ դարդ պիտի,
Սիրո դասը պիտ կարդալ,
Յարի տան շուրջ զարդ պիտի:

***
Ով բախտի անիվ անարգ ու ստոր,
Ոչ ոքի սրտով չեղար դու մի օր,
Ով երկնի՛ անիվ, բավական չեղա՞վ
Բարձրին ցած շինես, ստորին՝ հզոր…

***
Վարդը բացվել է, գինի՜ն բեր, սաղի՛,
Բարեպաշտ կյանքից ձե՜ռ քաշիր, սաղի՛,
Նախքան թե կյանքը մեր օրը կարճե,
Դու սուտակ գինու թա՜սը վեր, սաղի՛:

***
Ես ինչպե՞ս թռչեմ մի ուրիշ աշխարհ,
Կամ ինչպե՞ս գտնեմ սիրո նոր հնար.
Արցունքից աչքս բանալ չեմ կարող
Մի ուրի՛շ դեմքի նայելու համար…

***
Վշտի հետ սուզվիր, մինչև ճար գտնես,
Ցավից մի՛ ողբար, որ դադար գտնես.
Ապրուստ թե չունես, զուր մի՛ տրտնջալ,
Մինչև ապրուստի մի հնար գտնես:

***
Այն օրը, երբ սիրտս հաղթված կտեսնես,
Սրտիս ծալքում շատ բան խախտված կտեսնես.
Զույգ աչքերի ծովի մեջ եմ, թե սուզվես,
Թե չկորչես, շա՜տ մարդ խեղդված կտեսնես:

***
Ասացիր՝ «Մութն անէության թոթափիր,
Գնա աշխարհ, կյանքն է եռում, շտապի՛ր»…
Հիմա քո կամքն եմ կատարում, բայց… շվա՜ր…
Նույնն է՝ թե թեք պահիր ջուրն ու մի թափիր…

***
Գինու մաքրության ապացույցն ասաց խելքի գուպարին
Մի՛ խելոք, նա աջ ու ահյակ ասաց ամբողջ աշխարհին.
«Եթե մի տխմար հայտարարել է գինին անմաքուր,
Քանի՜ աստված սուրբ համարեց, ես ի՞նչ լսեմ տխմարին»:

***
Բռնակալին մարդ անունով են զարդարում,
Նույնիսկ` վատի ահից, լավ մարդ են համարում,
Մինչդեռ շվայտ են անվանում գթասրտին.
Նրա համար, որ գինետանն է կյանք վարում…

***
Ազատ չեղա ոչ մի օր ժամանակիս կապանքից,
Չքաշեցի ոչ մի օր ուրախ մի շունչ իմ կյանքից,
Որքան էլ ՛աշխարքին աշկերտություն արի ես,
Բայց և այնպես աշխարհքում վարպետ չեղա աշխարհքից:

Պարսկերեն բնագրից թարգմանեց Արշակ Աթայանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով