Մոնտեսքյո. Պարսկական նամակներ (նամակներ LXXVI, LXXXV)

ՆԱՄԱԿ LXXVI
Ուզբեկն իր բարեկամ Իբենին, Սմիրնա

Եվրոպայում օրենքները դաժան են այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինքնասպան են լինում, նրանց, այսպես ասած` մեռցնում են երկրորդ անգամ, նրանց դիակները խայտառակ ձևով քարշ են տալիս փողոցներով, նրանց համարում են սրիկաներ, օտարում են նրանց ունեցվածքը:
Ինձ թվում է, Իբեն, որ այդ օրենքները շատ անարդար են: Եթե ես տառապում եմ ցավից, թշվառությունից, արհամարհանքից, ինչու են ցանկանում խանգարել, որ ես վերջ դնեմ իմ տանջանքներին ու դաժանորեն զրկել ինձ այն սպեղանուց, որն իմ ձեռքերում է:
Ինչու են ուզում, որ ես աշխատեմ մի հասարակության համար, որին պատկանել այլևս չեմ կամենում և հակառակ իմ կամքի` պահպանեմ այն համաձայնագիրը, որը կնքվել է առանց ինձ: Հասարակությունը ստեղծված է փոխադարձ շահերով: Բայց, երբ նա թանկ է նստում ինձ վրա, ինչն է խանգարում հրաժարվել դրանից: Կյանքը տրվել է ինձ որպես ողորմածություն, ուրեմն ես կարող եմ այն վերադարձնել, երբ այլևս այդպիսին չէ: Երբ պատճառը դադարում է, արդյունքն էլ է դադարում:
Մի՞թե թագավորը կամենում է, որ հպատակ լինեմ և այդ հպատակությունից որևէ օգուտ չունենամ: Մի՞թե իմ համաքաղաքացիները կպահանջեն այնպիսի անարդար բաշխում, երբ իրենք օգուտ են ստանում, իսկ ես` հուսահատություն: Միթե Աստված, որը տարբերվում է մյուս բոլոր բարերարներից, կամենում է դատապարտել ինձ այնպիսի ողորմածության, որը տանջանք է տալիս:
Ես հարկադրված եմ պահպանել օրենքները, երբ ապրում եմ նրանց պաշտպանության ներքո: Բայց երբ ինձ չեն պաշտպանում, կարող են դրանք դարձյալ ինձ կապել:
Բայց ինձ կասեն, թե դուք խախտում եք նախախնամության կարգը: Աստված ձեր հոգին միացրել է ձեր մարմնին, իսկ դուք դրանք բաժանում եք իրարից: Ուրեմն դուք հակադրվում եք նրա ծրագրերին, դուք հակառակվում եք նրան:
Սա ի՞նչ է նշանակում: Մի՞թե ես խախտում եմ նախախնամության սահմանած կարգը, երբ ես փոփոխում եմ նյութի ձևը և քառակուսու ձև տալիս գնդին, որը շարժման նախաստեղծ օրենքով, այսինքն` արարման ու պահպանման օրենքով, եղել է կլոր: Անկասկած, ոչ: Ես միայն օգտվում եմ ինձ տրված իրավունքից և այդ իմաստով ես կարող եմ իմ ցանկությամբ փոխել ողջ բնությունը, և ոչ ոք ինձ չի ասի, թե ես հակադրվում եմ նախախնամությանը:
Այն ժամանակ, երբ հոգիս անջատվի իմ մարմնից, միթե ավելի պակաս կարգ ու կարգավորվածություն կլինի Տիեզերքում: Թե կարծում եք, որ այդ նոր համադրությունն ավելի պակաս կատարյալ կլինի և պակաս կախյալ` համընդհանուր օրենքներից, որ աշխարհը ինչ-որ բան կկորցնի կամ աստվածային արարչագործությունը պակաս վեհ կամ ավելի շուտ` քիչ անընդգրկելի կլինի:
Դուք կարծում եք, որ մարմինս դառնալով ցորենի հասկ կամ որդ, սիզախոտ, կվերածվի բնության մի ստեղծագործության, որը պակա՞ս արժանի կլինի նրան, և որ իմ հոգին, ազատվելով այն ամենից, ինչը երկրային էր նրանում, պակա՞ս վեհ կդառնա:
Այս բոլոր մտքերը, սիրելի՛ Իբեն, մեր հպարտությունից զատ այլ ակունք չունեն, մեր չնչինությունը մենք չենք զգում ու, թեև այդպիսին ենք, կամենում ենք ինչ-որ բան լինել Տիեզերքում, որևէ դեր խաղալ այնտեղ և կարևորություն ներկայացնել: Մենք երևակայում ենք, որ այդ կատարյալ էակի անէացումով կարող է քայքայվել ողջ բնությունը և չենք հասկանում, որ աշխարհը մեկ մարդով ավելի կամ պակաս լինելով, ինչ եմ ասում, բոլոր մարդիկ միասին վերցրած, հարյուր միլիոն այսպիսի մոլորակներ, ընդամենը մեկ փոքրագույն, չնչին ատոմ են, որն Աստված տեսնում է իր ամենակարողության անեզրության շնորհիվ:

Փարիզ, Սաֆարի լուսնի 15,1715 թ.

ՆԱՄԱԿ LXXXV
Ուզբեկը` Միրզային, Իսպահան

Միրզա՛, դու գիտես, որ Շահ Սուլեյմանի մի քանի նախարարներ ծրագրել էին Պարսկաստանի բոլոր հայերին հարկադրել լքել թագավորությունը կամ դառնալ մահմեդականներ այն պատճառաբանությամբ, որ մեր կայսրությունն անմաքուր կլինի, եթե երկրում պահի այդ անհավատներին:
Բայց պարսկական փառահեղության վերջը կգար, եթե այդ կույր ջերմեռանդությունը լսելի լիներ:
Չգիտեմ, թե ինչու դա չեղավ: Եվ նրանք, ովքեր արել էին այդ առաջարկությունը, և՛ նրանք, ովքեր մերժել էին դա, չէին գիտակցում դրա հետևանքները, պատահականությունը հանդես եկավ բանականության ու քաղաքականության փոխարեն և փրկեց կայսրությունն ավելի մեծ, վտանգից, քան նա կարող էր ունենալ՝ մի ճակատամարտ տանուլ տալով ու երկու քաղաք կորցնելով:
Հայերին տեղահան անելով` մտածում էին մեկ օրում վերացնել թագավորության բոլոր առևտրականներին ու գրեթե բոլոր արհեստավորներին: Ես համոզված եմ, որ մեծն Շահ Աբասը ավելի շուտ կնախընտրեր իր երկու թևերը կտրել, քան այդպիսի հրաման ստորագրեր, որովհետև իր ամենաճարտար, ձեռներեց հպատակներին Մոգոլի կամ հնդկական թագավորների մոտ ուղարկելը նա հավասարեցնում էր իր պետության կեսը նրանց տալուն:
Իսկ այն հալածանքները, որոնց ենթարկվեցին կրակապաշտները մեր ջանադիր մահմեդականների կողմից, հարկադրեցին նրանց զանգվածաբար գնալ Հնդկաստան` Պարսկաստանին զրկելով աշխատասեր ու հողագործ ազգից, քանի որ միայն նա կարող էր մշակել մեր անբերրի հողերը:
Մնում էր միայն, որ ջերմեռանդությունն իր երկրորդ հարվածը հասցներ` քայքայեր արդյունաբերությունը, ինչի հետևանքով արդյունաբերությունը կոչնչանար և որպես անհրաժեշտ շարունակություն` կվերանար այն նույն կրոնը, որը ցանկանում էին, որ ծաղկում ապրի: Եթե առանց նախահամոզմունքների դատենք, ապա ես չգիտեմ, Միրզա, արդյոք ավելի լավ չէ, որ պետության ներսում լինեն մի քանի կրոններ:
Նկատել եմ, որ այն մարդիկ, ովքեր դավանում են այն կրոնը, որը տիրապետող չէ տվյալ պետության մեջ, սովորաբար ավելի օգտակար են լինում հայրենիքին, քան նրանք, որոնց դավանած կրոնը գերիշխող է: Պատճառն այն է, որ այդ մարդկանց հեռու են պահում պատիվներից: Աչքի ընկնելու համար նրանք ձգտում են ճոխության ու հարստության, որոնց հասնում են աշխատանքով` իրենց վրա վերցնելով հասարակության ամենածանր գործերը:
Ի դեպ, քանի որ բոլոր կրոնները քարոզում են հասարակության համար օգտակար կանոններ, լավ կլիներ, եթե դրանք կատարվեին ջանասիրությամբ: Իսկ ինչն ավելի շատ կնպաստի այդ ջանասիրությանը, եթե ոչ կրոնների բազմազանությունը:
Դրանք հակառակորդներ են, որոնք միմյանց ոչինչ չեն ներում: Խանդը փոխանցվում է անհատներին, յուրաքանչյուրն իրեն պահում է աչալրջորեն և վախենում կատարել այնպիսի բան, որն անպատիվ կանի իր աղանդը` առաջ բերելով հակառակորդի արհամարհանքն ու անխնա քննադատությունը:
Այդ պատճառով միշտ նկատվել է, որ պետության մեջ հայտնված նոր աղանդը ծառայում է որպես ամենահավաստի միջոց անցյալի բոլոր չարաշահումները վերացնելու համար:
Զուր են ասում, թե միապետը չի կարող շահագրգռված լինել իր պետության մեջ հանդուրժելու մի քանի կրոնների առկայություն: Եթե նույնիսկ աշխարհի բոլոր աղանդները հավաքվեն այդտեղ, նրան ոչ մի վնաս չեն հասցնի, քանի որ չկա մի կրոն, որ չքարոզի հպատակություն և հնազանդություն:
Համաձայն եմ, որ պատմությունը լի է կրոնական պատերազմներով: Սակայն հարկ է նկատի ունենալ, որ այդ պատերազմների պատճառը բոլորովին էլ կրոնների բազմազանությունը չի եղել, այլ անհանդուրժողականության ոգին, որով համակված է եղել այն կրոնը, որն իրեն համարել է տիրապետող, այն պրոզելիտիստական ոգին, որը հրեաները վերցրին եգիպտացիներից և որը որպես համաճարակային ու ժողովրդական հիվանդություն նրանցից փոխանցվեց մահմեդականներին ու քրիստոնյաներին, և վերջապես, այն մոլորության ոգին, որի առաջընթացը դիտարկվում է ոչ այլ կերպ, քան որպես մարդկային բանականության լրիվ խավարում:
Ի վերջո, եթե այդքան անմարդկայնություն չլիներ այլոց խղճի վրա բռնանալու մեջ և դրանից չբխեին վատ հետևանքներ, որոնք արմատ էին գցում հազարներով, ով կմտածեր, թե ինչն ինչոց է: Նա, ով կամենում է ինձ հարկադրել, որ ես փոխեմ իմ կրոնը, այդպես է վարվում, որովհետև ինքը չի փոխի իրենը, եթե նրան հարկադրեն այդ անել, բայց տարօրինակ է համարում, որ ես չեմ անում այն, ինչ ինքը նույնպես չի անի, եթե աշխարհի տիրապետությունն էլ տան:

Փարիզ, Ժեմադի առաջին լուսնի 26, 1715 թ.

Ֆրանսերենից թարգմանեց Թերեզա Ստեփանյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով