Ալլա Մարչենկո. Մշակիր այգիդ…

Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» ռուսերեն առաջին անգամ լույս տեսավ 1972 թվականին։ Այդ հրատարակության առաջաբանում Վարդգես Պետրոսյանը` ներկայացնելով նոր հեղինակին, պատմեց նրա ընտանիքի, ավելի ճիշտ գրողի հոր` Հովեի ոդիսականը, որը վիպակի հերոս Ձորի Միրոյի նման թուրքական կոտորածի ժամանակ կորցնելով բոլոր հարազատներին, հեռացել է ծննդավայրից` լեգենդար Սասունից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։ Բայց պատմելով, զգուշացրել էր, որ ընթերցողը չկասկածի, թե Գալշոյանը պարզապես նկարագրել է իր ծնողների կյանքը, քանի որ Ձորի Միրոյի մեջ մարմնավորված է այն բոլոր արևմտահայերի ճակատագիրը, ովքեր ողջ մնալով 1915-1920 թվականների ցեղասպանությունից, իրենց մեջ ուժ գտան հաղթահարելու ահավոր հիշողությունների ճնշումը և նորից սկսեցին իրենց կյանքը` տուն շինեցին, վարուցանք արեցին, երեխաներ ունեցան։
Այն Ժամանակ, 1972 թվականին, Գալշոյանի ստեղծագործությունը հենց այդպես էլ ընկալվեց` որպես պատմավիպակ։ Բայց այսօր նորից կարդալով, մենք նրա մեջ հայտնաբերում ենք այն, ինչ չէինք նկատել առաջին ընթերցանության ժամանակ։ Մենք տեսնում ենք, որ հեղինակը` խորունկ նայելով իր Միրոյին, փորձում է հասկանալ հայոց ազգային բնավորության էությունը, նրա, այսպես ասած, «միջուկը», որը ցայտուն կերպավորված է Համո Սահյանի` Հայաստանում լայնորեն հայտնի «Եզը» բանաստեղծության մեջ.

Մի մեծ գերդաստան նրա հույսին էր,
Գարունը բացվեր` լուծը ուսին էր,
Ճակատին շարմաղ լիալուսին էր,
Եզն այսպիսին էր։
………………………………
………………………………
Եթե բախտը կար, եզը միջուկն էր,
Օջախի ծուխն էր, նախիրի շուքն էր,
Նա շինականի միակ նեցուկն էր,
Նրա բազուկն էր։

Երբ որ ճիպոտը կողին շաչում էր,
Նա ինքն իրենից բուսնում, աճում էր,
Ինքն իրեն տիրում ու նվաճում էր,
Եզ էր, քաշում էր։

Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր,
Ինչ աներ, եզ էր…

Սահյանական Եզը բնավ այլաբանություն չէ, բայց նրա մեջ կա մի բան, որը թույլ է տալիս տեսնելու կենսունակության և կենսակայունության մարմնացում, ինչպես որ Ձորի Միրոյի կերպարն է` իր հուսալի հաստատունությամբ, մեծ համբերատարությամբ, անտրտունջ բարությամբ, ապրելու, գոյատևելու` իր հիրավի «եզային» կամքով, «ինքն իրենից բուսնելու, աճելու» կարողությամբ։ Ոչ, դա կյանքի այն անհագուրդ ծարավը չէ, որ ամեն ինչ սրբում, ավերում է իր ճանապարհին, հաշվի չառնելով ոչ պատվի պահանջները, ոչ խղճի պարտքը։ Միրոն ապրելու (և գոյատևելու) միայն մի ձև գիտե` խղճով ապրել։ Իսկ խղճով` նշանակում է ոչ թե ապրել իր կաշին փրկելու համար, այլ «իր տոհմի շունչն ու արյունը» շարունակելու, կյանքի բուն գաղափարը հաստատելու համար…
Նա, ով թեկուզ ընդհանուր գծերով ծանոթ է հայոց պատմությանը, հաճախ է իրեն հարց տալիս` այս ժողովուրդը, որին այսքան ծանր, ողբերգական ճակատագիր է բաժին ընկել, ինչպե՞ս է կարողացել պահպանել իր գոյությունը, իր լեզուն, իր մշակույթը և ազգային նկարագիրը։ Գալշոյանը, առանց փիլիսոփայական մի հատիկ իսկ դատողության, առաջարկել է այս հարցի պատասխանի շատ համոզիչ մի տարբերակ, նա միս ու արյուն է տվել իր տարբերակին և անունը դրել Ձորի Միրո։
Մղումը դեպի առասպել, դեպի առասպելականը հատկապես զգալի է վիպակի առաջին երկու մասերում։ Երրորդը, որի գործողությունը տեղի է ունենում մեր օրերում, գրված է այլ ոճով, ավելի «կոնկրետ»։ Սա թերություն չէ, գեղարվեստական հնարանք է` սյուժետային գծից բխող և նրա էությանը համապատասխանող։ Իր ամբողջ երկրորդ կյանքը Միրոն հուշերով է ապրում և հուշերի կենտրոնում շարունակ կանգնած է Հարութ պապը։ Վիպակի երկրորդ մասի վերջում արդեն ոչ թե Միրոն, այլ Հարութ պապն է անցնում հիշողությունների սահմանագիծը, գալիս է անկոչ, տեսնի` թե ինչո՞ւ է Միրոն մոռացել իրեն։
«…Ձորի Միրոն իր տան շեմին նստած նայում էր ձորին։ Ձորն այսօր ժպտում է։ Միրոյի ականջը տանն էր, նորածնի ձայնին։ Նորածինը իր երրորդ երեխան էր, նրա կյանքի վերջին «հրաշքը»։ Եվ ահա նա` ականջ կախած երեխայի ձայնին, խոսում էր ինքն իր հետ.
— Անուշ ձեն ունի…
«Միրո, ո՞վ»,— հարցրեց Հարութ պապը։
Ձորի Միրոն շփոթվեց և մի պահ չիմացավ, ինչ պատասխանի։ Հարցը դժվար էր։ Աչքերը կկոցած նայեց երկնքին, երկինքը մաքուր ու արևոտ էր, ականջ արեց երկրին, երկիրը խաղաղ էր։
«Միրո, ո՞վ»,— նորից հարցրեց Հարութ պապը։
Եվ նորից Միրոն չպատասխանեց.
«Միրո, իմ անուն բաշխի քու տղին»։
Ձորի Միրոն ցնցվեց։
— Չէ,— ասաց բարձրաձայն։
«Միրո, քո պապի անունից ինչո՞ւ ես փախ»,— Հարութ պապը վիրավորվեց։
«Խանդութ տղա բերեց` անուն կնքի Հարութ… Նարե տղա բերեց` անուն կնքի Հարութ… Ո՞ւր են»,— պատասխան տվեց։
«Թե էդպես է, թե դրա համար ես մեղք ունիմ, աստված թող կնքե քու տղի անուն։ Ես գնացի»,— Հարութ պապը թողեց, հեռացավ»։
Միրոն հաղթահարեց Հարութ անունից իր գրեթե միստիկական վախը և տեր աստծուն թույլ չտվեց խառնվելու իր ընտանեկան գործերին, երրորդ, վերջին տղային ևս, առաջին երկուսի նման Հարութ անվանեց…
Հարութ երրորդն իր համար ընտրեց միանգամայն քաղաքային մասնագիտություն, և դա Միրոյի համար ոչ թե պարզապես տխուր անակնկալ է, այլ իսկական ողբերգություն, որից արդեն ելք չկա։ Հարութը հասկանո՞ւմ է այս բանը։ Իհարկե, հասկանում է։ Հայրական տանը, որ իր համար է կառուցված, բայց իրեն բնավ պետք չէ, սեղանի մոտ նստած, նա փորձում է դուրս բերել կատարվածի բանաձևը:
«… խզմզեց, խզմզեց ու ստացվեց մի ձոր, ավելի խորընկա, քան իրենց տան թիկունքի ձորն է։ Ձորի մի ափում գծագրվեցին հայրն ու մայրը, մյուսում` ինքն ու Մարինեն։
Կետագծեր էին սկսվում հոր մոտից, գալիս դեպի իրեն, չէին հասնում` անդունդի վրա թեքվում, ընկնում էին ձորը։ Կետագծեր էին սկսվում մոր մոտից, գալիս Մարինեի կողմ, չէին հասնում` անդունդի վրա թեքվում, ընկնում էին ձորը։
Կետագծեր էին սկսվում իրենից, գնում դեպի հայրը, չէին հասնում` թափվում էին ձորը։
Իսկ ձորի հատակում բոլոր կետագծերը խառնվում էին իրար և դառնում մի պտղունց հող»։
Հարութի համար այս ամենը առայժմ միայն բանաձև է, ավելի ճիշտ` գրաֆիկ, որը ցույց է տալիս գործերի վիճակը Հարությունյանների ընտանիքում։ Բայց մենք կարող ենք մտովի շարունակել նրա ճակատագրի «կետագիծը» և պատկերացնել, թե ինչ պիտի զգա այդ Հարությունը, երբ շատ տարիներ անց, Համո Սահյանի «Վերադարձ» բանաստեղծության հերոսի նման վերադառնա գյուղ և տեսնի, որ.

… Թոնրի շրթունքը, որ մի ժամանակ
Բոցից էր ճաքում,
Հիմա ճաքել է բոցի կարոտից…
Իսկ այն սենյակում, ուր Սահակ դային
Դեռ անցած դարուն մեն-մենակ նստած,
Մաշված մատներով` իր յոթ պապերի
Ձեռքերում մաշված թազբեհն էր քաշում,
«Խեր ու շառ» անում,
Եվ կանգ էր առնում միշտ «խերի» վրա,
Եվ տաքանում էր խեղճ Սահակ դային,—
Հաղթողի բոլոր իրավունքներով
Իշխում է փոշոտ մի ամայություն…

Քարագլուխցի Ձորի Միրոյի տղա Հարութ Հարությունյանի համար դեռևս չի հասել իրեն այդպիսի հարց տալու ժամանակը։ Բայց Մուշեղ Գալշոյանը, Սասունցի Հովեի տղան այդ հարցը տալիս է իրեն։ Տալիս է ու պատասխանում «Բովտուն» վեպով։
«Ամեն ինչ ծառից է` ահա ռուս ժողովրդի կրոնը»,— գրել է Սերգեյ Եսենինը։ Եթե Եսենինյան այս միտքը թարգմանեինք հայերեն (ես խոսում եմ ոչ թե տառացի, այլ իմաստային թարգմանության մասին), այսպես կստացվեր` «Ամեն ինչ քարից է` ահա հայ ժողովրդի կրոնը»։ Նույնիսկ հայկական գրական ոճի մեջ (և՛ արձակի, և՛ չափածոյի) ինչ-որ բան կա քարհատի, քարտաշի վարպետությունից։ Քարը լակոնիզմ, զսպվածություն է սովորեցնում։ Նա պահանջում է քչով շատ բան արտահայտել։ Ուրեմն` պարզորոշ հեռանկար, ամուր ձեռք և անսխալ աչք է պահանջում։
«Քարի տեխնիկայով» գրված է նաև «Բովտունը», և դա այնպես է համապատասխանում վեպի սյուժեին, որ ավելի լավ լինել չի կարող։ Ինչևէ, «Բովտունի», ինչպես և «Ձորի Միրոյի» սյուժեն երկու շերտից է, առաջին շերտը ակնարկային է և դա հասկանալի է. «քարե խոպանի» յուրացումը Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է։
«Հակինթ բնակության եկած ամեն մեկը… պատրաստի բնակարանների հետ ստացել է նաև քարհանք-տնամերձ։ Եվ տնամերձներից քար են կտրել` բնակարանների թիկունք ու կողքերին կարկատել հացատուն, գոմ, մարագ»։ Բախումներ էլ են եղել։ Ահա առաջինը. «Տրակտորիստ Նապոն չի համբերել` գիշերով փխրեցնող գութանը գցել է տնամերձ, Նապոն գլխից ձեռ է քաշել, սովխոզում փխրեցնող գութանը մեկն է, իսկ ամեն տնամերձ կարող է տասը այդպիսի գութան շարքից հանել։ Պարզապես գլխից ձեռ է քաշել։ Բայց բախտը բանել է. գութանին ոչինչ չի պատահել։ Տրակտորիստ Նապոյին սովխոզի դիրեկտոր Կիրակոսյանը հեռացրել է ու նորից ընդունել աշխատանքի… Այսքանը։ Վերջիվերջո Նապոն ջահել է. տնամերձից հսկա քարեր են դուրս եկել, տեղաշարժվել` կարելի է ջարդել, գցել մի կողմ, կան` որ համառել մնացել են և դրանց արդեն գութան գցելը անմտություն է, ահա մուրճը, ահա սեպերը, տրակտորիստ Նապոն ումի՞ց է ավել. նորաստեղծ ավանի մարդիկ, վերաբնակիչները, քնում են մուրճի ձայնն ականջներում, արթնանում են մուրճի ձայնն ականջներում»։
Ակնարկային մակարդակի վրա թեման պարզ է, մենք լավ ենք պատկերացնում, թե հերոսները հետագայում ինչ են անելու. սկսելու են հողը մաքրել քարից և այն էլ ձեռքով։ Տեխնիկան դեռևս անուժ է այստեղ։ Մենք նույնիսկ արդեն գիտենք այդ ակնարկի վերնագիրը, տեքստից ենք առել «Կռիվ քարի հետ»։
Բայց Գալշոյանը իր վեպին այլ անուն է ավել «Բովտուն», և ինքն էլ մեր ձեռքին է դրել այդ անվանման իմաստային բանալին` Բովտունը այն նոր դաշտամասն է, որ նվաճել են մարդիկ։ Լեռնադաշտի ու ձորի արանքում ձգվող գոգահովիտը լեռան ուսից երևում է ինչպես թոնրի հատակում դրված բով։ Հենց այստեղ էլ հակինթցիները սկսում են իրենց կռիվը քարի հետ։ Բայց «բովը» նաև ուրիշ իմաստ ունի` փորձություն։ Եթե մենք այս տեսակետից նայենք վեպի սյուժեին, կտեսնենք, որ նա ավելի խոր իմաստ է պարունակում։ Մի պահ մենք նույնիսկ կմոռանանք, որ դեպքերը կատարվում են մեր օրերում և կթվա, թե մեր առջև փռված է նախաստեղծ մի անապատ, որտեղ մարդիկ նախնադարյան առաջին գործիքներով քարը հող են դարձնում, քարի վրա հաց աճեցնում, այսինքն` գցում են առաջին քաղաքակրթության հիմքերը։ Ահա այս անճոռնի քարի տակ մի կտոր հաց է ընկած, պետք է ջարդել քարը և խլել այդ հացը։ Կռվիր քարի հետ, խլիր քո բաժին հացը… Եվ հենց որ մենք հասնում ենք այդ երկրորդ, ավելի խոր սյուժետային մակարդակին, աննկատ փոխվում է նաև պատումի ընթացքը, ձեռք բերելով, «աստվածաշնչյան» դանդաղ ռիթմայնություն.
«Տնամերձերից քար են կտրել` պարսպել տնամերձերը։
Տնամերձերից քար են կտրել թափել պարսպից դուրս։
Տնամերձերից քար են կտրել…»։
Բայց քար կտրելը, պարսպից դուրս թափելը գործի մի մասն է միայն. անհրաժեշտ է դեռևս ընտելացնել, ձեռնասուն դարձնել այդ քարը, շունչ ու կյանք պարգևել նրան, և ավելին` կանխապես ապահովել նրա պաշտպանությունը «հացի իշխանության» դեմ մղվելիք պայքարում։ Չէ որ հացը, եթե նրան չենթարկես քեզ, կարող է քեզ ուտել։ Սա է «Բովտուն» վեպի գլխավոր միտքը, սրանով է պայմանավորված մարդու և «հացի խնդրի» հարաբերությունը, որը շատ կարևոր է Գալշոյանի համար։
«Ձորի Միրոյում» Մուշեղ Գալշոյանը ազգային բազմաթիվ բնավորություններից ընտրել է միայն մեկը, իր կարծիքով առավել տիպականը` խոշոր պլանով, երկար ժամանակաընթացքի մեջ ցույց տալու համար։ Իսկ «Բովտունում» մեր առջև «բնավորությունների մի ամբողջ խումբ է»։ Այս արտահայտությունը Դ. Լիխաչյովինն է։ Նրան է պատկանում նաև հետևյալ միտքը, որը կիրառելի է հայ գրողի ստեղծագործության համար ևս. «Չկա ազգային մեկ բնավորություն,— գրում է Դ. Լիխաչյովը,— կան բազմաթիվ բնավորություններ, որոնք հատկապես (բայց ոչ բացառապես) բնորոշ են տվյալ ազգին։ Այդ բնավորությունները հաճախ հակասական են։ Նրանցից որը պատմության գիրկն է անցել, որը նորից երևան է գալիս… Որը աճել է ազգի բազմադարյան զարգացման հիմքի վրա, որը փայլկտել է ազգային հորիզոնում և չքացել… Անհրաժեշտ է ուսումնասիրել այդ ազգային բնավորությունները, իսկ որ ավելի գլխավոր է` այն զուգակցությունները, որոնց մեջ մտնում են դրանք, քանի որ մարդը գոյություն չունի ինքնին, այս տիպը գոյություն ունի, որովհետև կա նաև նրա հակոտնյան։ Բնավորությունները լրացնում են միմյանց։ Դա բնավորությունների և տիպերի «համագործակցություն» է, որը շարունակ շարժվում է պատմության շարժման հետ մեկտեղ։ Ո՛չ բնավորությունները, ո՛չ էլ դրանց զուգակցությունները չեն մնում անփոփոխ։ Նրանք զարգանում են, բարդանում, «դաստիարակվում պատմության կողմից»։
Գալշոյանը շատ լուրջ անհանգստացած է, որ մարդկային՝ տիպերի այն «համագործակցության» մեջ, որն այսօր ներկայացնում է այսպես կոչված ազգային համահավաք բնավորությունը, չափազանց լայն տարածություն են գրավում «շահի ասպետները», Երոյի և նրա որդու` Վարոսի նման մարդիկ, որոնց համար սեփական ավտոմեքենան բարձրագույն նպատակ է։ Հեղինակը չի թաքցնում, որ դրա մեջ սպառնալիք է տեսնում ժողովրդական բարոյականությանը։
Սակայն Մուշեղ Գալշոյանը տեսնում է նաև այն, որ քանի դեռ առողջ ու կենսունակ է ազգային օրգանիզմը, նա ի վիճակի է չեզոքացնել այդ վտանգը, և որ նրա ներսում գործում է ինչ-որ «պաշտպանական մեխանիզմ», որը աշխատում է շատ պարզ, բայց միանգամայն հուսալի սխեմայով՝ «ազդումը հավասար է հակազդման»։ Ուշադիր կարդացեք նրա վեպը և անշուշտ կնկատեք մի հետաքրքիր օրինաչափություն` Երոն որքանով ավելի է ծավալվում, Արման այնքանով ավելի հաստատ է պնդում իր խոսքը, նա պետք է ապացուցի, որ «միայն հացիվ» չի ապրում նույնիսկ նա, ով աճեցնում է այդ հացը։ Երոն ու Արմանը բնավ միակ զույգը չեն, որոնց համբերությունները վեպում կառուցված են «հակազդման» օրենքով։ «Որտեղ հաց, այնտեղ կաց»,— ասում է Պրոն, վկայակոչելով ժողովրդական խոսքը։
«— Էդ խոսքը ժողովուրդը չի ասե,— հակաճառում է նրա «ընդդիմախոսը»,— էդ խոսքը հիմարի խոսք է։ Հոգին սատանին ծախած մեկի բերնի խոսքն է։ Բայց եթե ժողովուրդը տեր է կանգնել էդ խոսքին, ուրեմն էդ ժողովուրդը կորած է…»։

Ռուսերենից թարգմանեց Ռաֆայել Ավագյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով