Ջիովաննի Ջիակոմո Կազանովա. Իմ կյանքի պատմությունը

(Հատված)

1742 ԹՎԱԿԱՆՆ Է, ԵՍ 17 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ: ՊԱԴՈՒԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՎԱՐՏԱՃԱՌԸ, ՀԻԱՍԹԱՓՎՈՒՄ ԵՄ ԱՆԺԵԼԻՑ, ՏԵՂՆ ՈՒ ՏԵՂԸ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ՆԱՆԵՏ, ՄԱՐՏՈՆ ՔՈՒՅՐԵՐԻՆ:

Վենետիկ վերադառնալուց հետո ես շարունակում էի սիրահետել Անժելին, սակայն այն ամոթխածությունը, որն այժմ իսպառ վերացել է իմ բնավորության միջից, կաշկանդում էր ինձ: Ես չգիտեմ, իհարկե, երբևէ առաքինի եղե՞լ եմ, բայց գիտեմ, որ պատանեկության շրջանում շատ ավելի զգացական էի, քան հիմա: Կյա՛նքն ինձ ստիպեց փոխվել…
Այն երկու քույրերը, որոնք Անժելի հետ ասեղնագործություն էին սովորում, նրա մտերիմ ընկերուհիներն էին, գաղտնիքների պահապանները: Ավելի ուշ, երբ մտերմացա հետները, իմացա, որ երկուսն էլ հանդիմանել են նրան, իմ նկատմամբ այդքան անմարդկային լինելու համար: Քանի որ քույրերը միշտ Անժելի հետ էին, երբ առանձին էի հանդիպում, նկարագրում էի իմ սիրած աղջկա կոպտությունն ու անտարբերությանը և այնքան էի տարված նրանով, որ չէի էլ նկատում Նանետի, Մարտոնի անեղծ հմայքը:
Արհեստանոցի տիրուհին, որ բարեպաշտ կին էր, սկզբում իմ զգացմունքները բանի տեղ չէր դնում, բայց, ի վերջո, ձանձրացավ հաճախակի այցելություններիցս ու բողոքեց իմ վանահորը` դիցուհուս քեռուն: Սա ինձ ուղղակի հորդորեց քիչ մտնել այդ տունը՝ բամբասանքների տեղիք չտալու ու մանավանդ քրոջ դստեր անբասիր անունը չարատավորելու համար: Ճիշտ է, նման նախազգուշացումը իմ գլխին շանթի պես պայթեց, բայց ես այնքան ինքնատիրապետում ունեի, որպեսզի չքմեղանայի ու խոստանայի կատարել վանահոր հանձնարարականները:
Սակայն, երեք-չորս օր անց, համենայնդեպս, մտա արհեստանոց և ձևացնելով, թե սիրուհուս վրա ոչ մի ուշադրություն չեմ դարձնում, աննկատ քույրերից մեծի ձեռքը մի նամակ սահեցրի, որի մեջ իմ սիրելի Անժելին ուղղված երկտող կար: Ես բացատրել էի նրան իմ այցելությունները կրճատելու պատճառները և խնդրել հանդիպման վայր աոաջարկել, որպեսզի ցույց տամ, թե ինչքան եմ սիրում իրեն: Ինչ վերաբերում է քույրերից ավագին` Նանետին, նրան հորդորել էի պարզապես իմ գրությունը տեղ հասցնել, խոստանալով մեկ օր անց անցնել, պատասխանն իրենից ստանալ: Այդ աղջնակը հիանալի էր կատարել իմ ցանկությունը, երբ ես երկու օր հետո արհեստանոց մտա, իմ գրպանը մի երկտող խցկեց: Անժելը, որ առանց այն էլ գրել չէր սիրում, պարզապես թելադրել էր հետևել ընկերուհու խորհուրդներին: Ահա Նանետի նամակը, որը ես պահել եմ, ինչպես իմ այս գրքում մեջբերված անխտիր բոլոր նամակները.
«Պարոն աբբա, աշխարհում այնպիսի բան չկա, որ ես պատրաստ չլինեմ անել ընկերուհուս համար: Նա մեզ հետ է անցկացնելու առաջիկա տոնական օրերը, մեզ հետ է ընթրելու, մեզ մոտ էլ գիշերելու է: Ես ձեզ կասեմ, թե ինչպես ծանոթանաք մեր մորաքրոջ` տիկին Օրիոյի հետ, միայն թե ոչ մի կերպ չպետք է զգալ տաք, որ Անժելով եք տարված: Մեր մորաքույրը կզայրանա, եթե գլխի ընկնի, որ իր տունն այցելում եք ինչ-որ մեկի հետ տեսնվելու համար: Ծանոթանալու միջոցն ինձ շատ հուսալի է թվում: Տիկին Օրիոն, չնայած չքավոր չէ, բայց հարուստ էլ չէ, դրա համար կուզենա իր անունը տեսնել Սանտո-Սանկրամենտո միաբանությունից1 նպաստ ստացող ազնվատոհմ այրիների ցանկում: Միաբանության նախագահը, ինչպես դուք շատ լավ գիտեք, պարոն Մալպիերոն2 է: Անցյալ կիրակի Անժելն ասում էր, որ սենատորը ձեզ շատ է սիրում, նրա բարեհաճությանն արժանանալու լավագայն միջոցը ձեզ դիմելն է: Անժելը հիմարություն ունեցավ ավելացնելու նաև, որ դուք ինձ եք սիրահարված, արհեստանոց այցելում եք ինձ տեսնելու համար, իբր ես շատ հեշտ կարող եմ համոզել ձեզ: Քանի որ դուք աբբա եք, մորաքույրը վախենալու ոչ մի պատճառ չգտավ, ինձ առաջարկեց իսկույն ևեթ ձեզ հյուր հրավիրել: Ես հրաժարվեցի: Դատախազ Ռոզան, որի արժանիքները մորաքույրը շատ բաըձր է գնահատում3, պաշտպանեց ինձ, ասաց՝ ավելի ճիշտ կլինի, որ հրավիրագիրը տանտիրուհու անունից լինի, և եթե դուք ինձ իսկապես սիրում եք, առանց ստորագրության վրա ուշադրության դարձնելու, անմիջապես աոաջարկը կընդունեք: Մորաքույրը հրավիրագիրն ուղարկեց, հավանաբար արդեն ձեր տանն է: Եթե Անժելին ուզում եք տեսնել, աշխատեք գալ մինչև կիրակի, հենց որ պարոն Մալպիերոյի աջակցությունն ապահովեք, տանու տղա կդառնաք: Սակայն, չնեղանաք, ես ձեզ հետ փոքր-ինչ կոպիտ կվարվեմ, որովհետև մերոնց հայտարարել եմ, որ իմ դուրն ամենևին չեք գալիս: Ավելի ճիշտ կլինի, եթե մորաքույրի հետ սիրալիր վարվեք, նա արդեն վաթսուն տարեկան է, պարոն Ռոզան չի խանդի: Ինչ վերաբերում է ինձ, ես ամեն ինչ կանեմ, որ դուք Անժելին տեսնեք ու հետն առանձին մնաք: Մի խոսքով, ձեզ կապացուցեմ իմ բարեկամության անկեղծությանը: Առայժմ»:
Ծրագիրն ինձ հոյակապ, ուղղակի անթերի թվաց, տիկին Օրիոյի հրավիրագիրն ստանալուս պես, հենց կիրակի օրը, հյուր գնացի: Տանտիրուհին շատ ջերմ ընդունեց և ուղղակի իմ օգնությունը խնդրելուց հետո ներկայացրեց բոլոր փաստաթղթերը, որոնք կարող էին օգնել գործին: Ես խոստացա հնարավորն անել, և Անժելի նկատմամբ անտարբեր ձևանալով, ձգտում էի սիրալիր վերաբերվել Նանետին: Նա, իր հերթին, ընդհանրապես ինձ բանի տեղ չէր դնում: Ես դուր եկա դատախազ Ռոզային, նա հետագայում շատ օգնեց ինձ:
Նանետը և Մարտոնը որբ էին, տիկին Օրիոյի քույրերից մեկի դուստրերը: Այդ բարի տիկնոջ ամբողջ եկամուտի աղբյուրը առանձնատունն էր (առաջին հարկը վարձով էր տալիս) և եղբոր հատկացրած թոշակը, որը Տասերի Խորհրդի4 քարտուղարն էր: Նրա ողջ ընտանիքը բաղկացած էր այդ երկու չքնաղ քրոջ դուստրերից, որոնցից ավագը 16 տարեկան էր, կրտսերը` 15: Սպասուհու փոխարեն տանը մի պառավ կար, որը ամսական մեկ էքյուով5 ջուր էր կրում, սենյակները մաքրում: Տիկնոջ մտերիմը դատախազ Ռոզան էր, որն իր նման 60 տարեկան էր ու ամուսնանալու համար սպասում էր ամուրի դառնալուն:
Քույրերը միասին քնում էին երրորդ հարկում, մի լայն մահճակալի վրա, ուր բոլոր տոներին նրանց էր միանում Անժելը:
Հենց որ ձեռք բերեցի տիկին Օրիոյի երազած նպաստի արտոնագիրը, շտապեցի արհեստանոց, որպեսզի Նանետին մի երկտող փոխանցեմ: Ես նրան հայտնել էի ուրախ լուրը և այն, ոը մտադիր եմ մեկ օր անց այցելել իրենց, սենատորի ձեռքով ստորագրված փաստաթուղթը անձամբ հանձնել տիկին Օրիոյին: Հասկանալի է, միաժամանակ հույս էի հայտնել, որ նա կկատարի խոստումը, այսինքն` ամեն ինչ կանի, որ գեղեցկուհուս հետ առանձին մնամ:
Իմ այցելության օրը, հենց նախասենյակում, Նանետն իր հերթին մի նամակ հանձնեց ինձ, խնդրելով բովանդակությանը ծանոթանալ հրաժեշտ տալուց առաջ: Երբ ես սենյակ մտա, տանտիրուհուն շրջապատել էին Անժելը, դատախազն ու Մարտոնը: Քանի որ ուզում էի շուտ կարդալ գրպանս այրող գրությանը, հրաժարվեցի տիկին Օրիոյի աոաջարկած բազկաթոռից և ձեռքը համբարելով հասկացրի, որ շտապ ուզում եմ դուրս գալ:
— Օ՜, իմ սիրելի աբբա,- ձայնեց տիկինը,- նախ համբարեք ինձ, ձեզ դրա համար ոչ ոք չի նախատի, ես ձեզնից մեծ եմ ամբողջ երեսուն տարով (իհարկե, կարող էր ասել քառասունհինգ և դարձյալ սխալված չէր լինի):
Երկու անգամ համբուրեցի նրան, որից անկասկած շատ հուզվեց, որովհետե աոաջարկեց քրոջ դուստրերին էլ համբարել: Նրանք իսկույն այսուայնկողմ փախան, և միայն Անժելը հանդուրժեց իմ հանդգնությունը: Հետո այրին հրավիրեց նստել:
— Չեմ կարող, ախր, տիկին:
— Ինչո՞ւ:
— Անհետաձգելի գործ ունեմ… բնական պա…
— Հասկանում եմ, Նանե՛տ, ուղեկցիր աբբային:
— Մորաքույր, աղաչում եմ, ազատեք ինձ այդ…
— Այդ դեպքում, դո՛ւ, Մարտոն:
— Ես իմ քրոջից ավելի ամաչկոտ եմ:
— Օրիորդներն իրավացի են,- գլխով արեցի ես,- թույլ տվեք մենակ գնալ:
— Ո՛չ, ո՛չ, սիրելի աբբա, իմ քրոջ դուստրերը պարզապես նրբանկատ չեն: Կարծում եմ, պարոն Ռոզան այնքան բարի կլինի, որ…
Ծերուկն անձնվիրաբար ինձ թևանցուկ արեց, առաջնորդեց երրորդ հարկ, ուր և թողեց մենակ: Ես իսկույն բացեցի երկտողն ու ահա, թե ինչ կարդացի. «Ամենայն հավանականությամբ մորաքույրը ձեզ կառաջարկի ընթրել: Չհամաձայնվե՛ք: Հենց որ մենք սեղան նստենք, վեր կկենաք, և Մարտոնը մոմով ձեզ կուղեկցի մինչե փողոցի դուռը: Բայց դուրս չգաք: Երբ դուռը փակվի, և բոլորը կարծեն, թե արդեն մեկնել եք, ոտքի թաթերի վրա կբարձրանաք երրորդ հարկ, կսպասեք մեզ: Պարոն Ռոզան շուտ կգնա, մորաքույրը կպառկի քնելու, մենք ձեր հետեից վեր կելնենք: Ինձ թվում է, Անժելը մտադիր է ողջ գիշեր ձեզ հետ անցկացնել, կարծում եմ երկուսդ էլ երջանիկ կլինեք»:
Իրոք, երախտապարտ պետք է լինեի պատահականությանը: Ես երկտողը կարդում էի այն սենյակում, ուր հանդիպելու էի իմ պաշտած էակին: Վստահ, որ ամեն ինչ հենց Նանետի որոշածի պես կլինի, տիկին Օրիոյի մոտ վերադարձա, նախապես լիովին տրվելով իմ երջանկությանը:
Երբ ներս մտա, այրին կրկին ու կրկին ինձ իր երախտիքը հայտնեց, հավատացրեց, որ այսուհետև կարող եմ օգտվել տան բարեկամի բոլոր իրավունքներից. մենք չորս ժամ կատակեցինք ու ծիծաղեցինք:
Ընթրիքի ժամը եկավ: Ես հրաժարվելու համար այնպիսի պատճառաբանություն հորինեցի, որ տանտիրուհին ստիպված եղավ զիջել: Մարտոնը մոմը վերցրեց, որպեսզի ուղեկցի ինձ, սակայն մորաքույրը հիշելով, որ ես Նանետին եմ համակրում, նրան հրամայեց փոխարինել քրոջը: Սա արագ իջավ աստիճաններից, բացեց դուռը, աղմուկով փակեց, փչեց մոմը, և ինձ խավարի մեջ թողնելով, ճաշասենյակ վերադարձավ: Ես խարխափելով բարձրացա երրորդ հարկ, մտա օրիորդների սենյակն ու տեղավորվելով բազմոցին, սկսեցի սպասել հովվերգության երջանիկ ժամին:
Այդպես, մոտ մեկ ժամ անցկացրի ամենաքաղցր անուրջների մեջ: Վերջապես փողոցի դուռը բացվեց ու փակվեց, մի քանի րոպե անց ներս մտան երկու քույրերը, իմ Անժելը: Ես մոտ նստեցի նրան և, ուրիշ ոչ ոքի չնկատելով, ամբողջ երկու ժամ խոսեցի: Կեսգիշերը հնչեց: Աղջիկները հիշեցրին, որ ոչինչ չեմ կերել, բայց նրանց մտահոգությունն ինձ զարմանալի թվաց: Ես երջանկության գագաթնակետին էի, ես ոչ մի բանի կարիք չէի զգում: Աղջիկներն ավելացրին նաև, որ մինչև առավոտ բանտարկված եմ, որովհետև դրսի դռան բանալին մորաքրոջ բարձի տակ է, իսկ նա դուռը բացում է միայն լուսադեմին, երբ ժամերգության է գնում: Կրկին չկարողացա թաքցնել իմ զարմանքը: Մի՞թե նման լուրը կարող էր վշտացնել, ընդհակառակը, երջանիկ էի, որ դեռևս հինգ ժամ պիտի լինեմ դիցուհուս հետ: Սակայն անցավ ոչ այնքան երկար ժամանակ, Նանետն սկսեց ծիծաղել, ինչ-որ բան շշնջաց մյուսների ականջին, ու աղջիկները միացան նրան: Հասկանալի է, պատճառն ինձ էլ հետաքրքրեց: Նանետն իսկույն լրջացավ ու հայտնեց, որ վերջին մոմն է վառվում, շուտով բոլորս կհայտնվենք խավարում: Այդ նորությանն էլ ինձ դուր եկավ, բայց ես պարզ է, զսպեցի հրճվանքս, նույնիսկ զայրացա նրանց անհեռատեսության վրա: Ու տեղնուտեղը երեքին էլ առաջարկեցի գնալ, հանգիստ քնել: Իմ ասածը նրանց ավելի ծիծաղեցրեց:
— Բա ի՞նչ եք ուզում անել խավարում:
— Շատախոսել:
Մենք չորս հոգի էինք, բայց արդեն երրորդ ժամն էր միայն ես էի խոսում: Սերը մեծ բանաստերծ է, նրա թեմաներն իրոք անսպառ են: Սակայն երբ նպատակին չի հասնում, սսկվում է, համրանում: Իմ Անժելը հիմնականում լսում էր ինձ ու, քանի որ ի բնե քչախոս էր, մերթ ընդ մերթ էր պատասխանում, ավելի ողջախոհ թվում, քան՝ խելամիտ: Այսպես օրինակ, երբ իմ սերն ապացուցելու համար դիմում էի ձեռքերիս օգնությանը, նա հետ էր քաշվում կամ պարզապես ինձ վանում մեղմորեն: Ես հույսս չէի կորցրել, շարունակում էի խոսել ձեռք ու ոտքով, սակայն հետզհետե համոզվում էի, որ իմ խոստովանությունները նրան գայթակղելու փոխարեն, կասկածների մեջ են գցում: Մյուս կողմից էլ ինձ զարմացնում էր այն ազդեցությունը, որ Անժելի ուղղությամբ արձակած իմ նետերը թողնում են քույրերի վրա:
Վերջապես մոմն սկսեց մխալ, Նանետը վեր կացավ, տարավ դուրս: Հենց որ սենյակը մթնեց, ձեռքերս ինքնաբերաբար մեկնվեցին առաջ, որպեսզի փարվեն իմ պաշտելի էակին: Հանդիպելով պարապության, ես դառը ժպտացի: Անժելը շատ ճիշտ էր որսացել նման անակնկալից խույս տալու պահը: Նորից մի ամբողջ ժամ խոսեցի, ասացի այն ամենաքնքուշ, առինքնող բառերը, ոը սերը միայն կարող է հուշել, բայց նրան իր տեղը վերադարձնեյ չկարողացա: Ճիշտն ասած, Անժելի վերաբերմունքն ինձ պարզապես խաղ էր թվում, չնայած ավելի ու ավեյի անհամբեր էի դառնում:
— Ձեր կատակները,- ի վերջո խոստովանեցի ես,- չափազանց երկարեցին: Հո չե՞մ վազելու ձեր ետեից: Ես լսում եմ, թե ինչպես եք ծիծաղում, և դա ինձ տարօրինակ է թվում: Նույնիսկ սկսում եմ մտածել, որ ձեռք եք առնում: Վերադարձեք, խնդրում եմ, մոտ նստեցեք, քանի որ ես առանց տեսնելու եմ խոսում ձեզ հետ: Թողեք գոնե ձեռքերս համոզվեն, որ պարապության հետ չեմ զրուցում: Եթե դուք արհամարհում եք ինձ, ուրեմն նաև վիրավորում եք: Պետք չէ սերը նման փորձության ենթարկել…
— Բավակա՛ն է, հանգստացեք, ես ձեզ շատ լավ լսում եմ, բայց պետք է հասկանաք նաև, որ մթան մեջ չեմ կարող շատ մոտենալ:
— Ուրեմն այսպես պիտի նստե՞նք մինչն առավոտ:
— Եթե չեք ուզում, քնեք:
— Զարմանում եմ, որ նման բորբոքված վիճակում դուք դա հնարավոր եք համարում: Դե՛ լավ, ընդունենք, թե աչքակապուկ ենք խաղում:
Ոտքի ելա, այս ու այն կողմ նետվեցի, որպեսզի նրան բռնեմ, բայց` անօգուտ: Եթե անգամ բռնում էի, ապա կամ Նանետին, կամ Մարտոնին, որոնք փրկվելու համար իսկույն տալիս էին անունները, իսկ ես՝ հիմար Դոն Կիխոտս, որսը ձեռքիցս բաց էի թողնում: Սերն ու նախապաշարումն ինձ թույլ չէին, տալիս տեսնելու, թե որքան ծիծաղելի է նման մեծահոգութ-յունը: Ճիշտ է, դեռևս ծանոթ չէի ֆրանսիական արքա Լյուդովիկոս XIII-ի կենսագրական մանրամասներին, բայց Բոկաչչո հո կարդացել էի: Ես շարունակում էի հետամտել Անժելին, միաժամանակ հանդիմանում էի նրան համառության համար, համոզում, որ վերջ ի վերջո թույլ տա բռնել իրեն: Նա պատասխանում էր, որ նման խավարում իր համար նույնքան դժվար է ինձ գտնելը: Սենյակը շատ մեծ չէր: Ես կատաղում էի իմ անզորությունից:
Վերջ ի վերջո, այդ ամենը ձանձրացրեց, փլվեցի աթոռին և մոտ մեկ ժամ պատմում էի Ռուջերոյի վիպասքի այն մասը, ուր Անժելիկան բարեսիրտ ասպետի տված կախարդական մատանու շնորհիվ անհետանում է.

Այսպես խոսելով, բախտի համաձայն,
Նա կույրի նման մեկնում էր ձեռքը,
Ու քանի անգամ դիցուհու տեղակ
Իր գիրկն էր առնում դատարկությունը6:

Անժելը Արիոստո չգիտեր, բայց Նանետը կարդացել էր մի քանի անգամ: Նա սկսեց պաշտպանել Անժելիկային, դատապարտեց Ռուջերոյի միամտությունը, որը եթե շրջահայաց լիներ, մատանին չէր վստահի դիցուհուն: Նանետի խելամտությունն ինձ իհարկե ուրախացնում էր, չնայած այնքան անփորձ էի, որ չէի կարողանում իմ օգտին եզրահանգումներ կատարել:
Տրամադրությանս տակ հազիվ մեկ ժամ էր մնացել, լույսը բացվելուց հետո աղջիկների մոտ մնալը վտանգավոր էր, որովհետև տիկին Օրիոն կմեռներ, բայց առավոտյան ժամերգությունը բաց չէր թողնի: Այդ վերջին ժամը ես անցկացրի միայն Անժելի հետ խոսելով, այսինքն` անընդհատ համոզելով, որ գա, նստի կողքիս:
Թե ինչպիսի տառապանքներ կրեցի ես, ընթերցողը, եթե չի հայտնվել նման իրավիճակում, չի կարող պատկերացնել: Ամենահամոզիչ փաստարկներն սպառելուց հետո անցա աղաչանք-պաղատանքի, մինչև անգամ աչքերիցս արցունքներ հոսեցին, բայց ամեն ինչ զուր էր: Ի վերջո ինձ մի այնպիսի անձնասիրություն ու վիրավորանք համակեց, որոնք շատ շուտ փոխվեցին արդարացի ցասման: Եթե չորս կողմս մութ չլիներ, մենամարտի կհրավիրեի իմ սիրած էակի սատանայական հպարտությանը, ոըը հինգ ժամ անընդհատ դաժան տվայտանքների էր դատապարտել ինձ: Ես Անժելի գլխին թափեցի այն բոլոր լուտանքները, որ մերժված սիրահարին կարող է հուշել բորբոքված երևակայությունը: Երդվում էի նույնիսկ, որ իմ սերը փոխարինվել է ատելությամբ, վճռական խորհուրդ էի տալիս ինձնից զգուշանալ, քանի որ եթե ձեռքս ընկներ, հաստատ կսպանեի:
Լուսաբացի առաջին շողերի հետ իմ հայհոյանքներն սպառվեցին: Հենց որ լսեցի բանալու չխկչխկոցը, վերցրի գլխարկս ու անձրևանոցս, պատրաստվեցի հեռանալ: Բայց կարո՞ղ եք պատկերացնել իմ վիճակը, երբ հայացքս վերջին անգամ աղջնակների վրա ընկավ ու նկատեցի, որ երեքն էլ հոնգար-հոնգար լաց են լինում: Ամոթահար, հուսահատ, մի պահ ցանկացա ինքնասպանություն գործել և, կրկին փլվելով աթոռին, մեկ-մեկ վերհիշեցի իմ բռի, կոպիտ արտահայտությունները: Այդ` երեք հրաշալի էակների արցունքների պատճառը ես էի, միա՛յն ես: Այլևս ի վիճակի չէի ոչ մի բառ արտաբերել, խիղճս սոսկալի տանջում էր: Բարեբախտաբար, արցունքներն ինձ էլ օգնության եկան, երեխայի նման հեկեկացի: Նանետը մոտեցավ, մեղմորեն զգուշացրեց, որ մորաքույրը շուտով կվերադառնա: Սրբեցի աչքերս և առանց որևէ մեկի դեմքին նայելու, աոանց որևէ բառ ասելու, փախա: Տուն հասնելուս պես մտա անկողին, բայց քնել չհաջողվեց: Որոշելով, որ այլևս երբեք տիկին Օրիոյին հյուր չեմ գնա, ես օրերս անց էի կացնում իմ ավարտական թեմայի` քաղաքացիական իրավունքի վերաբերյալ նյութեր մշակելով, որից հետո մեկնեցի Պադուա, պաշտպանեցի ավարտաճառս7:
Վենետիկ վերադառնալուս պես, նամակ ստացա պարոն Ռոզայից, որը տիկին Օրիոյի անունից ինձ հյուր էր հրավիրում: Վստահ, որ Անժելն այնտեղ չի լինի, հենց նույն երեկոյան այցելեցի: Երկու քույրերի սիրալիր զվարթությունն իսկույն ցրեց նրանց նկատմամբ զգացածս ամոթը, ոըն այն ահավոը գիշերվանից հետո երկու ամիս տանջում էր ինձ: Ինչ վերաբերում է տիկին Օրիոյին, իմ այդքան երկար բացակայությունը կարողացա արդարացնել ավարտական քննություններով: Հեռանալիս Նանետն ինձ մի նամակ հանձնեք, որի մեջ դրված էր Անժելի երկտողը: Նա գրել էր. «Եթե դուք մի գիշեր ես ինձ հետ հանդիպելու վճռականությանն ունենաք, կարծում եմ չեք զղջա, որովհետև ես ձեզ սիրում եմ և ուզում եմ ձեր շուրթերից լսել` դուք շարունակո՞ւմ եք սիրել ինձ, թե իմ իսկ մեղքով արդեն ատելի եմ դարձել»:
Ահա և Նանետի, միակ խելամիտ աղջկա նամակը. «Երբ մենք կարողացանք պարոն Ռոզային համոզել, որ ձեզ հրավիրագիր ուղարկի, իսկույն պատրաստեցի այս երկտողը, որպեսզի հայտնեմ` Անժելը ձեզ կորցնելու ահից հուսահատության է մատնվել: Ընդունում եմ, գիշերը, որ դուք անցկացրիք մեզ հետ, անտանելի էր, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, գոնե մորաքրոջս ջերմ հարաբերությունները խզելու պատճառ չէ: Խորհուրդ եմ տալիս, եթե, իհարկե, Անժելին սիրում եք, մեկ գիշեր էլ ձեզ փորձության ենթարկեք: Թերևս նա կարողանա արդարացնել իրեն, և դուք գոհ մնաք: Ուրեմն, սպասում ենք: Առայժմ»:
Այս երկու նամակներն էլ ուրախացրին ինձ, քանի որ արհամարհանքով Անժելից վրեժ լուծելու հնարավորություն էին տալիս: Ուստի աոաջին իսկ տոնական օրը շտապեցի աղջիկների մոտ, հետս վերցնելով երկու շիշ կիպրական գինի և ծխեցրած լեզու: Սակայն, ի զարմանս ինձ, իմ դահիճն այնտեղ չէր: Նանետը, հմտորեն խոսակցությունը շուռ տալով Անժելի կողմը, նրա անունից ասաց, որ երեկոյան անպայման գալու է: Համենայնդեպս, առավոտյան, եկեղեցում, խոստացել է: Հիշելով երրորդ հարկի մասին, ես դարձյալ հրաժարվեցի տանտիրուհու` տիկին Օրիոյի ընթրիքի հրավերից, և հենց որ նրանք սեղան նստեցին, իբր դուրս եկա, բայց իրականում հայտնվեցի ննջասենյակում: Ուզում էի հնարավորին չափ շուտ վրեժխնդիր լինել, որովհետև վստահ էի` եթե անգամ Անժելն իր վերաբերմունքն իմ նկատմամբ փոխած էլ լինի, այնպիսի չնչին զիջողության կգնա, որ ինձ ամենևին չի գոհացնի: Ահա թե ինչու ավելի ու ավելի էի համակվում նրան պատժելու մղումով:
Երեք քառորդ ժամ անց լսեցի փողոցի դռան կողպվելը, քիչ անց հայտնվեցին Նանետն ու Մարտոնը:
— Անժելն ո՞ւր է:
— Ըստ երևույթին ո՛չ կարողացել է գալ, ո՛չ էլ նախազգուշացնել: Ամեն դեպքում հաստատ գիտի, որ դուք այստեղ եք:
— Նրան երևի թվամ է, թե կրկին խաբեց ինձ, բայց, անկեղծ ասած ես իրեն ամենևին չէի սպասում: Հիմա ըստ երևույթին, դուք էլ համոզվեցիք, որ նա ինձ ձեռ է առնում, ծիծաղում վրաս: Մինչև անգամ ձեր դյուրահավատությունից է օգտվել, որպեսզի ինձ ծուղակը գցի: Դա նրան հաջողվեց, որովհետև եթե հանկարծ հայտնվեր, ինքս պիտի արհամարհեի:
— Դրանում ես վստահ չեմ:
— Մի՛ կասկածեք, սիրելի Նանետ, ապացույցն այն հրաշայի գիշերը կլինի, որ մենք կանցկացնենք առանց իրեն:
— Ուզում եք ասել, դուք այնքան ողջամիտ անձնավորություն եք, որ կարող եք հարմարվել ամենածանր պայմանների՛ն: Այդ դեպքում քնեցեք այստեղ, մենք կգնանք հարևան սենյակը, կտեղավորվենք բազմոցի վրա:
— Իհարկե, ես ձեզ արգելել չեմ կարող, բայց նկատի ունեցեք, որ դուք նույնքան վատ եք վարվում ինձ հետ: Այսինքն, միևնույն է, ես չեմ քնելու:
— Ինչպե՞ս, դուք յոթ ժամ մեզ հետ արթուն մնալու ուժ ունեք: Չնայած ես արդեն գիտեմ, հենց որ ձեր ասելիքը վերջանա, տեղնուտեղը կքնեք:
— Տեսնենք, իսկ առայժմ բացե՛ք այս փաթեթները: Կարո՞ղ եք այնքան դաժան լինել, որ ինձ թողնեք մենակ ընթրել: Հաց կա՞:
— Իհարկե: Ո՛չ, այդքան դաժան չենք լինի, մի անգամ էլ կընթրենք:
— Ահա՛, թե ում պետք է սիրահարվեի: Ասացեք, սիրելի Նանետ, եթե ես ձեզ սիրեի այնպես, ինչպես Անժելին, դուք այդքան վատ կվերաբերվեի՞ք ինձ:
— Ձեզ նման հարցը տրամաբանակա՞ն է թվում: Ես միայն կարող եմ ասել, որ ոչինչ չեմ կարող ասեց:
Քույրերն ուրախ-զվարթ երեք սպասք, հաց, Պարմի պանիր, ջուր բերեցին, և մենք սկսեցինք խնջույքը: Կիպրական գինին, որին աղջիկներն ըստ երևույթին սովոր չէին, փոքր-ինչ արբեցրեց, նրանց զվարթությունն ավելի հմայիչ դարձավ: Ես նայում էի ու զարմանում, որ ավելի վաղ չեմ նկատել քույրերի բարեմասնությունները:
Հրաշալի ընթրիքից հետո, ես երկուսի միջև նստած, հերթով թաթիկները մոտեցնում էի շուրթերիս, հարցնում՝ նրանք իմ իսկակա՞ն բարեկամուհիներն են, ինչ կարծիքի են Անժելի` այն գիշերվա արածի մասին: Քույրերը միաբերան պատասխանեցին, որ իմ վիճակն զգալով են լաց եղել:
— Այդ դեպքում,- իսկույն ձայնեցի ես,- թույլ տվեք, որ արտահայտեմ իմ եղբայրական քնքշանքը, իսկ դուք` ձեր քույրական հոգածությունը: Երդվենք միմյանց նկատմամբ սրտով միշտ մաքուր, հոգով անկեղծ լինել…
Իրոք, իմ աոաջին համբույրի մեջ ո՛չ սիրո կիրք կար, ո՛չ էլ գայթակղողի որոգայթ: Մի քանի օր նրանք ինձ խոստովանեցին, որ իրենք էլ այդ եղբայրական անեղծ սիրուց բացի ոչինչ չեն զգացել: Բայց անմեղ, անմիջական համբույրները ավելի կրքոտ էին դառնում, չնայած մեր ներսում բռնկված հրդեհը մեզ էլ էր զարմացնում: Ընդամենը մի քանի րոպե անց մենք իրար նայում էինք անսպասելիորեն լրջացած: Եվ քանի որ քույրերն ըստ երևույթին դրանից ահաբեկված, աներևութացան իրար հետևից, ես մենակ մնացի իմ տվայտանքների հետ: Իհարկե, զարմանալի չէր, որ նրանց համբույրներն իմ հոգում ու երակներում բորբոքել էին սիրո կրակը: Երկուսն էլ Անժելից գեղեցիկ էին, Նանետը նրան գերազանցում էր նաև իր խելքով, Մարտոնը` միամիտ անմիջականությամբ: Ես ցավում էի անգամ, որ ավելի շուտ չեմ զգացել այդ բանը, բայց միաժամանակ ընդունում՝ իմ օրիորդներն ավելի քան ազնիվ ու առաքինի են: Հենց այդ պատճառով պատահականությունը, որ նրանց իմ գիրկն էր նետել, չպետք է երկուսից որևէ մեկի համար ճակատագրական դառնար: Ես այնքան մեծամիտ չէի, որ կարծեի, թե նրանք սիրահարված են ինձ, բայց կարող էի ենթադրել` իմ համբույրները աղջիկների վրա ունեցել են նույն ներգործությունը, ինչ իրենցը ինձ վրա: Այս նույն տրամաբանությամբ էլ կարծում էի, համատեղ անցկացնելիք երկար գիշերվա ընթացքում, դեռևս նրանց անհայտ խորամանկությամբ ու հնարանքներով ինձ համար դժվար չէր լինի նորանոր զիջողություններ ակնկալել, որոնց այլ, ավելի գայթակղիչ շարունակություն կարող էր հաջորդել: Այս միտքը նախ ինձ սարսափելի թվաց, ես վճռեցի չխախտեց առաքինության խիստ պայմանները, բնավ չկասկածելով, որ իմ խոստումը հարգելու ուժ չեմ ունենալու:
Քույրերը վերադարձան, ես նրանց դեմքերին ինքնատիրապետում ու վճռականություն տեսա, այնպես որ ինքս էլ ներշնչվեցի նույն զսպվածությամբ և որոշեցի այլևս չենթարկվել համբույրների գայթակղիչ փորձությանը:
Մենք դարձյալ մոտ մի ժամ խոսեցինք Անժելի մասին, ես ասացի, որ վերջնականապես վճռել եմ չհանդիպել նրան, քանի որ համոզվել եմ` ինձ չի սիրում:
— Սիրո՛ւմ է,- միամիտ-միամիտ հակաճառեց Մարտոնը,- ավելի քան վստահ եմ, որ սիրում է: Բայց եթե միտք չունեք հետն ամուսնանալու, լավ կանեք ձեր կապերը խզեք: Նա չի ուզում ձեր սիրուհին դառնալ, մինչն հարսանիքը մտադիր չէ նույնիսկ համբուրվել: Այնպես որ վճռեք` կամ պիտի բաժանվեք նրանից, կամ վարժվեք խստակեցության:
— Դուք հրեշտակի նման անմեղ եք, բայց իրոք վստահ եք, որ նա ինձ սիրում է:
— Իհարկե՛, և քանի որ ձեր անձնվեր բարեկամուհին դառնալու երդում եմ տվել, կասեմ, թե ինչու: Երբ Անժելը քնում է մեզ հետ, քնքշորեն փարվում է ինձ, համբուրում, կոչում իմ սիրասուն աբբա:
Այս խոսքերի վրա Նանետը ծիծաղեց, ափով փակեց քրոջ բերանը, այնինչ ես այնպես ազդվեցի, որ ինձ զսպելու ուժ հազիվ գտա: Մինչդեռ Մարտոնը արդարանում էր, բացատրում Նանետին, որ ինձ նման խելահաս մարդը չի կարող չիմանալ, թե ինչով են զբաղվում աղջիկները, երբ իրար հետ են քնում:
— Ի՛նչ խոսք, ի՜նչ խոսք,- շտապեցի հավաստել ես,- դա բոլորին էլ հայտնի է, այնպես որ, թանկագին Նանետ, զուր եք ձեր քրոջը հանդիմանում, նրա անկեղծությունը անպարկեշտություն համարում:
— Ճիշտ է, այդպիսի բաներ անում են, բայց չեն հայտարարում: Եթե Անժելը լսե՜ր…
— Հասկանալի է, վատ կզգար: Բայց Մարտոնն իր անմիջականությամբ հավաստեց, որ իսկական բարեկամ է: Ես մինչն մահ դրա համար երախտապարտ եմ նրան: Իսկ ինչ վերաբերում է Անժելին, չարժե նույնիսկ խոսել, նա անկեղծ աղջիկ չէ, նա ուզում է ամեն կերպ նսեմացնել ինձ:
— Ինչո՞ւ անկեղծ չէ, ձեզ սիրում է և ուզում է, որ իր ամուսինը դառնաք:
— Թերևս, բայց առայժմ մտածում է միայն իր մասին: Եթե իրոք ինձ սիրեր, կթողներ, որ տանջվեմ, այդքան անխիղճ կվարվե՞ր: Ինչո՞ւ է ցնորքների գիրկն ընկնում և ցանկությունները բավարարում չքնաղ Մարտոնի հետ, որին փաստորեն իր ամուսինն է դարձրել:
Պատասխանի փոխարեն Նանետն սկսեց ավելի բարձր ծիծաղել, բայց ես նույն լուրջ տոնով շարունակեցի գովել քրոջ ճշմարտախոսությունը: Վերջապես կասկած հայտնեցի, որ փոխադարձաբար, ըստ երևույթին Անժելն էլ Մարտոնի համար է ամուսնու դեր կատարել, բայց նա երդվեց, որ ինքը միայն քրոջ համար է ամուսին եղել, և Նանետն ստիպված էր գլխով հաստատել:
— Այդ դեպքում ասացեք, սիրելի Մարտոն,- առաջ գնացի ես,- երբ Նանետը ձեզ փաղաքշում է, ում անունն է տալիս, ինչ տղամարդ է հիշում:
— Ես ի՞նչ իմանամ:
— Դուք ինչ-որ մեկին սիրո՞ւմ եք, Նանետ:
— Սիրում եմ, բայց իմ գաղտնիքը ոչ ոքի հայտնի չէ:
Այդ գաղտնապահությունն ինձ ենթադրել տվեց, որ խոսքն իմ մասին է, փաստորեն Նանետը Անժելի մրցակցուհին է…
Գայթակղիչ խոսակցություններն աստիճանաբար թուլացնում էին քույրերի հետ անմեղ գիշեր անցկացնելու իմ վճռականությունը:
— Թերևս լավ է,- ինքս ինձ հանգստացնելու համար ասացի ես,- որ ձեր նկատմամբ միայն բարեկամական զգացմունքներ եմ տածում, հակառակ դեպքում դժվար կլիներ գիշերը ձեզ հետ մնալ և չարտահայտել իմ քնքշանքը, նույնպիսի քնքշանք չակնկալելով ձեզնից: Երկուսդ էլ չափազանց գեղեցիկ եք և կարող եք ցանկացած տղամարդուն խելքահան անել: Այսինքն` դա դուք ինձնից լավ գիտեք:
Շարունակելով այսպես խոսել, ես ձևացրի, թե քունս տանում է: Նանետն առաջինը նկատեց ու ասաց.
— Ձեզ մի տանջեք, մտեք անկողին: Մենք հարևան սենյակ կգնանք, կտեղավորվենք բազմոցին:
Ես ինձ ամենահետին մարդը կհամարեի, եթե նման բան թույլ տայի, ավելի լավ է զրուցենք, որ քունս փախչի: Կամ էլ դուք գնացեք հանգիստ քնեք, ես այս սենյակում կմնամ: Եթե ինձնից վախենում եք, դուռը կողպեք, չնայած դրա կարիքն ամենևին չկա, ես ձեր նկատմամբ միայն ու միայն եղբայրական զգացումներ եմ տածում, միայն ու միայն եղբայրական սիրով եմ սիրում:
— Մենք ձեզ մենակ չենք թողնի,- վճռեց Նանետը,- բայց դուք էլ մեզ լսեք, անկողին մտեք:
— Ես չեմ կարող հագնված քնել:
— Հանվե՛ք, մենք ձեզ չենք նայի:
— Դրա մասին չեմ մտածում, պարզապես երբ տեսնեմ, որ իմ պատճառով արթուն եք մնացել, քունս չի տանի:
— Մենք էլ կպառկենք,- համաձայնվեց Մարտոնը,- բայց չենք հանվի:
— Ձեր անվստահությունը վիրավորում է ինձ: Ասացե՛ք, Նանետ, դուք ինձ ազնիվ համարում եք:
— Անշո՜ւշտ:
— Ուրախ եմ, բայց պետք է ապացուցեք: Դրա համար հանված պառկեք իմ երկու կողմերում ու հավատացեք ձեզ մատով իսկ չդիպչելու իմ խոստմանը: Ես մենակ եմ, ձեր երկուսի դեմ ի՞նչ կարող եմ անել: Եթե ինձ լավ չպահեմ, կարող եք թողնել-գնալ: Մի խոսքով, հենց զգամ, որ իմ քնելուց հետո անգամ ինձ չեք վստահում, աչք չեմ փակի:
Ես լռեցի ու ձևացրի, թե հորանջում եմ: Նրանք ինչ-որ բաներ քչփչացին, հետո Մարտոնն ասաց, որ պառկեմ: Իրենք կմիանան ինձ, երբ համոզվեն, որ քնած եմ: Նանետը հաստատեց այդ որոշումը, ու ես հանվեցի, բարի գիշեր մաղթեցի, անկողին մտա: Հենց որ պառկեցի, սուտքուն դրեցի: Բայց շուտով նինջն իսկապես հաղթահարեց ինձ, արթնացա միայն այն ժամանակ, երբ նրանք տեղավորվեցին իմ երկու կողմերում: Իբր քնի մեջ, շուռումուռ եկա ու սպասեցի, մինչև քույրերը քնեցին կամ ձևացրին, թե քնած են: Երկուսն էլ մեջքով շուռ էին եկել իմ կողմը: Մոմը հանգած էր: Ասես ի միջի այլոց, սկսեցի ուշադրության առաջին նշանները ցուցաբերել աջ կողմիս աղջկա նկատմամբ, չնայած խավարի մեջ չէի կարողանում գլխի ընկնել` Նանե՞տն է, թե՞ Մարտոնը: Զգացի միայն, որ ամուր փաթաթվել է բարակ գիշերազգեստով, կծկվել: Մեղմորեն, առանց ամոթխածությունը վիրավորելու, աստիճանաբար նրան այնպիսի վիճակի հասցրի, որ ինքն էլ զգաց հանձնվելու անխուսափելիությունը, և բարվոք համարեց քնած ձևանալ, թույլ տալ, որ իմ ուզածն անեմ: Շուտով կանացի բնազդը նրա մեջ էլ արթնացավ, նա նույնիսկ օգնեց, որ հասնեմ իմ նպատակին: Ջանքերս պսակվեցին կատարյալ հաջողությամբ, ավելին, ոչ մի կասկած չմնաց, որ առաջինն եմ վայելում այն արգելված պտուղը, որը նախապաշարումը մեզ ստիպում է խիստ թանկ գնահատել: Երջանիկ, որ կյանքում առաջին անգամ նման կատարյալ վայելք ապրեցի, ես քնքշանքով թողեցի գեղեցկուհուս, որպեսզի մյուսին էլ բաժին հանեմ իմ ներքին բոցից: Նա պառկած էր անշարժ, մեջքի վրա, խոր ու անխռով` քնած մարդու տեսքով: Շատ զգույշ, ասես վախենալով արթնացնել, սկսեցի փաղաքշել նրան, ուզեցի իմանալ` ի՞նքն էլ է քրոջ պես անփորձ: Հենց նրա մի հատիկ ինքնամոռաց շարժումից զգացի, որ Ամուրը պատրաստ է զոհաբերման, անմիջապես անցա գործի: Այդ պահին, տեղի տալով իր մեջ բռնկված զգացմունքներին, ասես ձանձրացած քնած ձևանալու դերից, նա հախուռն ինքնամոռացմամբ ամուր փաթաթվեց ինձ, ծածկեց համբույրներով, և ես այնքան լողացի վայելքների մեջ, մինչև սերը միացնելով մեր հոգիները, երկուսիս էլ հագուրդ տվեց: Թերևս հենց այդ պատճառով, թվաց, թե Նանետի հետ եմ, կամաց ձայնեցի:
— Այո՛, ես եմ,- շշնջաց նա,- եթե դուք հավատարիմ ու հաստատակամ անձնավորություն եք, ես էլ, քույրս էլ ձեզ հեա միշտ երջանիկ կլինենք:
— Մինչև մահ ձերն եմ, ի՛մ հրեշտակներ, և քանի որ այն, ինչ հենց նոր արեցինք, արեցինք սիրո թելադրանքով, մեկընդմիշտ մոռանանք Անժելին:
Ես Նանետին խնդրեցի վեր կենալ, վառել մոմը, բայց Մարտոնը, երախտապարտությամբ լի, ցատկեց անկողնուց, մեզ թողեց մենակ: Սիրուց դողղողացող Նանետը կրկին իմ գրկում էր, իսկ Մարտոնը մոմը ձեռքին մեր կողքին կանգնած, ասես նախատում էր երախտամոռության, այն բանի համար, որ ինքն է առաջինը տեղի տվել իմ փաղաքշանքներին, ի՛նքն է քրոջը օրինակ ծառայել, իսկ հիմա անտեսում ենք իրեն… Մի խոսքով, կատարյալ էր իմ երջանկությունը:
— Վե՛ր կենանք, սիրելիներս,- գոչեցի ես,- ու միմյանց հավիտենական սիրո երդում տանք:
Մենք ելանք, լվացվեցինք միասին, և դա նրանց շատ ծիծաղելի թվաց, երեքիս էլ կրկին բորբոքեց: Այնուհետև ոսկեդարյա հանդերձանքով խժռեցինք այն ամենը, ինչ մնացել էր ընթրիքից: Այս ընթացքում հազար ու մի ջերմ խոսքեր ասելով միմյանց, որոնց իմաստը սերը կարող է միայն հասկանալ, նորից անկողին մտանք, և այդ հրաշալի գիշերն անցավ մեր զգացմունքներն ու ապրումները միմյանց հաղորդելու ինքնամոռացման մեջ: Իմ քնքշանքի վերջին մասը Նանետին բաժին հասավ: Քանի որ տիկին Օրիոն արդեն գնացել էր ժամերգության, ես շտապեցի դուրս նետվել, քույրերին հավատացնելով, որ նրանք Անժելի նկատմամբ ամեն զգացմունք մարել են իմ մեջ: Տուն հասա, մինչև երեկո քնեցի ամենաքաղցր քնով:
Մեկ օր անց կրկին տիկին Օրիոյին հյուր գնացի: Եվ քանի որ Անժելն այնտեղ չէր, մնացի ընթրիքի, պարոն Ռոզայի հետ դուրս եկա: Համենայնդեպս, Նանետը որսաց պահն ու ինձ մի նամակ, փոքրիկ փաթեթ տվեց: Փաթեթում բանալու դաջվածքով մոմի կտոր կար: Գրությանն ինձ տեղեկացնում էր, որ եթե այդ դաջվածքով բանալի պատվիրեմ, ցանկացած գիշեր կարող եմ այցելել իրենց: Դրանից բացի Նանետը հայտնում էր, որ մեր անմոռաց հանդիպումից մեկ օր անց Անժելը քնել է իրենց հետ և աղջիկների վերաբերմունքից գլխի ընկել, թե ինչ է պատահել: Ստիպված իրենք ամեն ինչ պատմել են, նույնիսկ նրան մեղադրել, ասելով, թե իր պատճառով է այդ ամենը կատարվել: Անժելը ամենածանր խոսքերով վիրավորել է քույրերին, սպառնացել, որ իր ոտքն այլևս այդ տանը չի լինի, բայց դա իրենց համար միևնույն է:
Մի քանի օր անց ճակատագիրը մեզ ազատեց Անժելից: Հորը երկու տարով Վիչենցո էին հրավիրել` ինչ-որ գմբեթներ որմնանկարելու, նա դստերը տարավ հետը: Այսպիսով, ես երկու գեղեցկուհիների միակ ու լիարժեք տերը դարձա, որոնց ննջասենյակում անցկացնում էի առնվազն շաբաթվա երկու գիշերը, օգտվելով այն բանալուց, որը նրանց շնորհիվ պատրաստել էի տվել…

Ֆրանսերենից թարգմանեց Գրիգոր Ջանիկյանը

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ընթերցողի համար, թերևս, հետաքրքիր կլինի երկու քույրերի հետագա ճակատագիրը: Կազանովայագիտությունն արդեն պարզել է, որ նրանք իրականում կոչվել են Նանետա և Մարթա Սավորնյաներ, սերել շատ հին, ազնվականական տոնմից: 1745 թվականին ավագ քույրը` Նանետան, ամուսնանում է կոմս Ռամբալդիի հետ, իսկ Մարթան մտնում է Մուրանոյի սուրբ Մարիամ վանքը: Կազանովան այցելել է այդ վանքն ու ծանր ողբերգություն ապրել, երբ իմացել է, որ քույր Մարիա Կանչետան (Մարթայի կրոնկան անունը) վաղաժամ մահացել է:
Թարգմանիչ

————-
1. Աշխարհականների հիմնադրած բարեսիրական ընկերակցություն:
2. Ալվիս-Գասպարո Մալպիերոն նշանավոր սենատոր էր, այն ազնվական տոհմից, որը Վենետիկյան Հանրապետությանը երկու դոժ էր տվել: Երբ Կազնովային ներկայացրին նրան, արդեն 76 տարեկան էր, բայց քանի որ հարուստ էր, ամուրի, սիրում էր զվարճություններ, մտերմացավ ու հովանավորեց պատանի բարեկամին:
3. Իրոք, վենետիկյան դատախազ Մարկո-Նիկոլո Ռոզան մի քանի տաչի անց ամուսնանում է Կատերինա Օրիոյի հետ: Սա նրա եկրորդ, տիկնոջ երրորդ ամուսնությունն էր:
4. Վենետիկյան Հանրապետության կառավարման բարձրագույն մարմինը, որի տասը անդամներին, չհաշված դոժն ու իր խորհրդականները, ընտրում էր Ավագների Խորհուրդը:
5. Վենետիկյան հին մետաղադրամ:
6. Ռուջերոն և Անժելիկան՝ իտալական ուշ Վերածննդի բանաստեղծ Լոդովիկո Արիստոյի «Մոլեգին Ռոլանդը» պոեմի հերոսներն են: Կազանովան անգիր գիտեր այդ ստեղծագործությունը, իր իսկ խոստովանությամբ` տարին մի քանի անգամ կարդում էր սիրած բանաստեղծին:
7. 1742 թվականին Կազանովան ավարտել է Պադուայի համալսարանի իրավաբանական բաժանմունքը:

«Գարուն», 1993, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով