Էդգար Ալան Պո. Ուլյալյում

ա
Եվ հանդա՜րտ-անթա՜րթ էր երկինքը մահագույն,
Եվ չո՜ր ու թոշնած էր սաղարթը ծառերի,
Եվ թոշնա՜ծ՝ գունատ էր սաղարթը ծառերի:
Գիշե՛ր էր, հոկտեմբեր, մենավո՜ր ու դժգո՜ւյն,
Անհայտ էր— անծանո՛թ, մոռացյալ` այդ տարին:
Մռա՛յլ էր օրերի լճափին մահագույն,
Եվ մառ էր ու մշուշ հովիտում Վիըրի.
Այստե՛ղ էր, Օրերի լճափին մահագույն,
Այս դևաբնակ անտառում Վիըրի:

բ
Եվ այստեղ, նոճածածկ ծառուղով Տիտանյան
Հոգուս հետ թափառում, դեգերում էի ես,
Դեգերում Փսիխեի` այսինքն Հոգուս հետ:
Իմ սրտում հրաբուխ էր` դժնդակ, փոթորկյալ,
Խարամի թնդացող, հրաշեկ գետի պես,
Գահավեժ, թնդացող լավայի գետի պես,
Որ դժնի Յահանեկ հրաբուխից վայրանկյալ
Սուրում է ծծմբյա հեղեղով հրակեզ`
Ծայրագույն, մահաշունչ Բևեռում սառուցյալ,
Բորեասի տերության խորքերում դժնատես:

գ
Եվ մռա՜յլ, մռա՜յլ էր մեր խոսքը մահագույն,
Եվ կաշկա՜նդ, թոշնա՛ծ էր ընթացքը խոհերի,
Կաշկան՛դ էր, դավաճա՛ն և ծի՛րը հուշերի:
Անհա՛յտ էր, որ դա նույն մենավոր ու դժգույն
Ամիսն էր` հոկտեմբեր, անհա՛յտ էր և տարին,
Եվ որ գիշե՛րն էր գիշերանց` բոլո՛ր սրբերի.
Եվ հնուց մեզ ծանոթ խոլ անտառն այս դժգույն`
Անհա՛յտ էր և անհա՛տ լիճն այս մահագույն:
Եվ չէինք հիշում մեգն ու մառն Օբերի,
Եվ դևաբնակ խոլ անտառը Վիըրի:

դ
Եվ այժմ, երբ գիշերն էր մարում, ծերանում,
Եվ այգ էր ցուցանում ժամացույցն աստղային,
Երբ այգ էր խոստանում ժամացույցն աստղային,
Մեր ուղու ավարտին մի հալվող եթերի
Միգամած ցոլանք էր ծագում ու բարձրանում,
Երկալմաստ մի մահիկ` ցոլանքի կատարին,
Մի հստակ երկնշտար վեր էր բարձրանում,
Մոգական, անթերի, հառնում, կարծրանում,
Եվ մահիկն այդ` երկնաշտարն էր Իշտարի:

ե
— Դիանան,— ասացի,— սառն է, քան Իշտարը.
Լույս ու խինդ է բերում Իշտարը նայողին`
Տրտմության եթերով անցնելով իր ուղին:
Եվ անանց արտասուք է տեսել Իշտարը`
Այտերին, ուր որ միշտ որդ է` ժանտ ու դեղին:
Անցնելով Առյուծի աստղերի խոլ շարը,
Որ ցույց տա մեզ խաղաղ երկնքի անցուղին,
Լետայի մոռացման երկնային անցուղին,
Եկել է, որ ցույց տա իր կրկնակ նշտարը`
Երկալմաստ ու բարի: Չանսալով Առյուծին,
Անցնելով մահաշունչ բույն-որջով Առյուծի`
Եկել է, խափանի իր սիրով ժանտ չարը:

զ
Բայց Փսիխեն` ձեռքերը մեկնելով, հուսահատ,
Ասաց.— ա՜խ, ես չունե՛մ գեթ չնչին իսկ հավատ՝
Դեպի այս լուսատուն` տարօրեն ու գունատ.
Ա՜խ, արա՛գ, եկ փախչենք, շտապով հեռանա՛նք,
Ա՜խ, թռչե՜նք, դեռ ուշ չէ՜, սլանանք, հեռանա՛նք…—
Եվ ապա հեկեկաց, մահաշունչ, թևաթափ,
Գլխիկոր, սարսափած, դալկադեմ ու վհատ,
Եվ նրա հրեշտակ թևերը ուժահատ
Կախվեցին դժնդակ մեր ուղուն փոշեպատ,
Եվ հոգի, փոշու մեջ հուսահատ քարշ եկան:

է
— Սա միայն անո՛ւրջ է, երազա՛նք,— ասացի,
— Եկ քայլենք այս լույսով՝ դողդոջուն, վետվետուն,
Սիբիլլյան այս ցոլքը` կայծկլտուն, լուսածիր,
Փայլում է գիշերվա հուսադիր երկնքում,
Վեհատես ու շքեղ, վետվետուն երկնքում:
Ախ, տես, որ կարող ենք վստահել լուսածիր
Իշտարին, որպես մի ուղեցույց կայծկլտուն,
Կարող ենք հավատալ այլ ցոլքին երկնածիր.
Եվ քանի փայլում է այս մթար երկնքում,
Չի՛ կարող նա դառնալ ուղեցույց չարածին:

ը
Եվ այսպես, ես մեղմիկ գրկեցի Փսիխեին,
Եվ խոսք ու համբույրով կասկածը ցրեցի,
Եվ հոգուս մռայլը ու չարը ցրեցի.
Եվ հետո քայլեցինք, մինչև որ ծառուղին
Բերեց մի շիրիմի մակագիր տապանին:
—Ա՜խ, կարդա գիրը այս, քաղցր քույր,— ասացի,
— Գիրը այս մենավոր ու լքյալ տապանի:
— Ուլյալյո՜ւմ, Ուլյալյո՜ւմ,— նրանից լսեցի,
— Շիրիմն այս կորուսյալ «Ուլյալյում» քո կույսի
Մենավոի շիրիմն է` լքյալ, առանձին:

թ
Եվ սիրտս դժգունեց ու դարձավ մահագույն,
Որպես չոր ու թոշնած սաղարթը ծառերի,
Որպես չոր ու գունատ սաղարթը ծառերի:
— Ա՜խ, անշո՛ւշտ, սա այն նույն հոկտեմբերն էր դժգույն,
— Փղձկալով ասացի,— անցել է մեկ տարի,
Եվ հենց նույն գիշերն էր` գիշերանց ու չարի,
Երբ դժնի մի բեռով այս վայրը մեկնեցի,
Հենց այդ նույն գիշերը` գիշերանց ու չարի.
Ա՜խ, այդ ո՞ր չարքերը ինձ այստեղ բերեցին…
Հիմա ես լա՜վ գիտեմ, սա լիճն է Օբերի,
Եվ մառ ու մշուշոտ հովիտը Վիըրի,
Լա՛վ գիտեմ, սա մռայլ լճափն է մահագույն,
Եվ դևաբնակ անտառը Վիըրի:

ժ
Եվ այնժամ, ինչպես ես, այնպես էլ իմ հոգին`
Ասացինք,— մի՞թե այս գթասիրտ ու բարի
Դևերը անապատ, անբնակ վայրերի,
Որպեսզի պատնեշեն, արգելեն մեր ուղին,
Պատնեշեն խորհուրդներն այս դժնի վայրերի,
Քողարկեն գաղտնիքներն այս դժնի վայրերի`
Անհատակ խորքերից լուսնային գեհենի
Բերել են ուրվական մոլորակն Իշտարի…
Եվ մի՞թե մեղսալի, մոլորակ այդ ոգին
Առկայծուն` բերվել է դժոխքից լուսնային:

Թարգմ. Մ. Հարությունյանը

«Գարուն», 1990, 11-12

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով