Հարութ Կբեյան. Ժամանակի տեսուչը

Հաճախ մարդիկ ասում են` երկիրը շատ մեծ է, բայց միաժամանակ նկատում են, որ փոքր է: Պատկերացրեք մի պահ մարդու, որը կանգնած է բաց դաշտում, և դուք նրան հետևում եք երկնքից, ասենք` լուսնի վրայից: Մարդը կանգնած է դաշտում, որը գտնվում է տափաստանում: Մարդու պատկերը աննկատելիորեն փոքրացավ: Տափաստանը գտնվում է հարթավայրում: Մարդու պատկերը դարձավ անձև, սև մարմին: Հարթավայրը գտնվում է ինչ-որ լեռնավանդակում: Մարդը դարձավ ոչնչություն, ասենք` մրջյուն, դուք երբևէ անհանգստանու՞մ եք մրջյունների ճակատագրով… մի ստեք, երբեք: Այդ մարդը, որ դարձավ կետ` ոչնչություն, ունի հզոր գաղափարներ, որոնց մեջ նաև մեր ոչնչացումն է: Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս: Ինչու` որովհետև ուժեղները միշտ ճնշում են թույլերին: Բնազդ: Բոլոր միջոցները ընդունելի են նպատակին հասնելու համար: Զզվելի արտահայտություն: Դուք լսած կլինեք տերմինների մասին, փոքր են, բայց` ուժեղ, բոլորը միասին են:
Մարդ արարածը իրեն համարում է իր կյանքի, երկրագնդի և բոլոր կենդանիների լիիրավ տերը: Եթե մենք ունենք մի քանի արբանյակներ երկնքում և գիտենք, որ E=mc2 մեզ համարում ենք մեր ապագայի տերը:
Ապագա, գաղափար, որի համար ապրում ենք ներկայում և որի համար ապրել ենք անցյալում: Ներկա, անցյալ, ապագա:
Դուք կարող եք ինձ անվանել խելագար, հայհոյել, ես չեմ նեղանա, բայց միևնույն է՝ կպատմեմ մի պատմություն ժամանակի տեսուչի, ներկայի-անցյալի-ապագայի, ստրուկ Սպարտակի, Վարդան Մամիկոնյանի, Արիստոտելի և Ալեքսանդր Մակեդոնացու, մարդկային հոգու, դժոխքի և դրախտի մասին:
Սկսվեց այսպես:

***
Լինում են օրեր, երբ ոչ աշխատանք ունես, ոչ էլ փող, այդ ժամանակ ապրելը և ստեղծագործելը դառնում է անիմաստ: Սակայն, երբ գրպաններում քամի է, իսկ դարակներում փոշի, մարդկային չընկճվող միտքն սկսում է փիլիսոփայել դժվար պայմաններում ծնված հզոր ու հավերժ արվեստի մասին: Այդպիսի մի անհույս օր, երբ թափառում էի դժգոհ քաղաքում, որոշեցի մտնել զբոսայգի: Ցուրտ էր, և այնտեղ մարդկային ոչ մի շունչ չկար: Գտա հարմար մի նստարան և կուչ եկա: Նստարանի տակ ընկած էին չոր ճյուղեր, վերցրեցի մեկը և սկսեցի նկարել սառած, փոշիացած հողի վրա: Ես կռացած խզմզում էի, և նկարն արդեն ստացված էի համարում ու մտածում, թե ինչպես եմ այն տեղադրելու շրջանակի մեջ, երբ մի ուժեղ լույս շեղեց ուշադրությունս: Նայեցի դիմացս: Կանգնած էր մի տարօրինակ մարդ` նման յոթանասունականների հիպիի: Նա ուներ գլխի և դեմքի առատ բուսականություն, որի պատճառով աչքերը, ճակատը և քիթը չէին երևում: Հագել էր միջնադարյան կաթոլիկ աբբայի փարաջա, ոտքերին կաշվե սանդալներ էին: Ես կարծեցի, թե երազ եմ տեսնում, կամ, առնվազն, երեկվա օղու ազդեցությունն է նյութականանում: Նա մաքուր, անթերի հայերենով ասաց.
— Բարի երեկո:

ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՍՈՒՉԸ

Ես մի հինգ վայրկյան շշմած նստած էի, ապա պատասխանեցի` բարի երեկո:
Նա նստեց կողքս և ասաց.
— Ինչպե՞ս է քո անունը:
— Վահան,- համեստորեն պատասխանեցի ես:
— Իսկ այսօր ո՞ր դարում, տարում և ամսում ես դու ապրում:
— Քսաներորդ դարի հազար ինը հարյուր իննսունութ թվի դեկտեմբերի տասնհինգն է,- զարմացած ասացի ես:
— Ա՛, նա արդեն մահանում է,- ասաց նա:
— Կներեք, ո՞վ է մահանում,- չհասկանալով` ում մասին է խոսքը, հարցրի ես:
— Դարը, տղաս, դարը,- ասաց նա ժպտալով:
— Իսկ դուք ո՞վ եք,- հարցրի ես` քիչ անհարմար զգալով:
— Ե՞ս, ես ժամանակի տեսուչն եմ:
— Ի՞նչ ժամանակի,- զարմացա հիմարի նման:
— Ամբողջ ժամանակի,- ցրված պատասխանեց նա:
— Դուք անմա՞հ եք,- չտեսի նման հարցրի ես:
— Այո, իհարկե: Իսկ ինչո՞ւ ես զարմանում, բոլոր հոգինե՞րը անմահ են:
— Իսկ դուք, ի՞նչ է, հոգի՞ եք,- լկտի հեգնանքով հարցրի.
— Ես էլ, դու էլ, բոլորն էլ հոգի են` հավերժ ու անհանգիստ:
— Իսկ դուք ինչո՞վ եք զբաղվում,- ապշած, դադարից հետո հարցրի ես:
— Տղա ջան. կարող է` դու հավ ես,- նայելով դեմքիս` ասաց նա, ապա շարունակեց ինքն իրեն:- Չէ, բախտս չի բերում, միայն տհասներ ու ապուշներ են հանդիպում:
Ես ամաչեցի իմ տհասության համար, որը դեռ դպրոցում բացահայտեց դասղեկս, և լռեցի: Նա ծոցից հանեց մի մեծ դավթար, գրպանից հանեց փայտյա թանաքամանը, մի սրած փայտիկ, և սկսեց ինձ հարցեր տալ ու գրառել պատասխանները: Հարցերը բազմազան էին ու հիմար, եթե ես չէի կարողանում պատասխանել հարցերին, նա բարկանում էր ու անընդհատ կրկնում, որ իր ճամփին հանդիպում է միայն տհասների: Իսկ հարցերը ձանձրալի էին ու հիմար, ասենք` երբ սկսվեց Իրաքի հրթիռակոծությունը, կամ ինչ նոր պատերազմներ ու հակամարտություններ են սկսվել կամ ավարտվել: Երբ վերջացրեց հարցաքննությունը և ամեն ինչ լրացրեց իր դավթարում, սկսեց զրույց իր մասին: Իմ հարցին, թե, վերջիվերջո, ով է նա, առանց բարկանալու պատասխանեց:
— Իմ մասին գիտեն քչերը: Ամեն տարի, մի քանի անգամ, ես հայտնվում եմ տարբեր տեղերում և հարցեր տալիս քեզ նման խելագարներին: Իմ կյանքն անցնում է ճամփորդությունների մեջ, ես ճամփորդում եմ ժամանակի մեջ, և հավատա, որ բոլոր ժամանակներում գտնում եմ քեզ նման խելագարների:
— Իսկ ինչո՞ւ անպայման խելագարներ,- հարցրի ես:
— Նրանք ապահով են, քան մնացած մարդիկ: Եթե ես ընտրեմ նորմալ մարդու, ապա նա առաջին հերթին կվախենա, երկրորդ` կսկսի ամեն պատահածի պատմել, թե ինչ է պատահել, և բոլորը կսկսեն նրան խելագար անվանել: Իսկ քեզ արդեն ծնված օրվանից խելագար են անվանում, և դու տեղյակ ես դրան:
— Այո, իհարկե,- ասացի ես:
— Ես լինում եմ բոլոր ժամանակներում, հավաքում ինֆորմացիա և հայտնում նրան: Նա ստուգում է բոլոր դեպքերը, և եթե ինչ-որ բան ճիշտ չի լինում, շտկելու միջոցներ է ձեռնարկում:
— Իսկ ի՞նչը կարող է սխալ լինել,- հարցրի ես:
— Պատմությունը, տղա՛ս, պատմությունը,- ասաց նա:
— Եթե նա գիտի, թե ինչպիսին է լինելու պատմությունը, էլ ինչո՞ւ է անհանգստանում,- հարցրի ես:
— Նա չէր սպասում, որ մարդը երբևէ կսկսի մտածել այնքան անկախ, ինչպես մտածում է իր ստեղծման օրից: Սկզբում նա մարդկանց տվեց անկախ մտածելակերպ` զուտ հետաքրքրասիրությունից ելնելով, բայց շուտով կորցրեց իշխանությունը մարդկանց հոգիների վրա, և իրավիճակը ելավ հսկողությունից:
— Ուրեմն, հիմա մեր մարդկություն կոչեցյալը ապրում և մտածում է` ինչպես ուզում է,- ինքս էլ չհավատալով խոսքերիս` ասացի ես:
— Հո դու հիմա՞ր չես,- զայրացավ նա,- դու խելագար ես և ոչ թե հիմար: Դու իրո՞ք մտածում ես, որ մարդկությունը մտածում կամ առաջ է շարժվում իր ուժերով:
— Ոչ, իհարկե,- վախվորած ասացի ես:
— Դե, ուրեմն, էլ հիմար-հիմար չխոսես:
— Իսկ եթե մարդիկ սկսել են մտածել անկախ, ինչպե՞ս է նա կառավարում մարդկանց ապագան,- հարցրի ես:
— Կառավարում է, և ոչ միայն ապագան: Այն, ինչ դուք անվանում եք անցյալ, ներկա, ապագա, նրա ձեռքում է:
— Ինչպե՞ս,- կրկին զարմացա ես:

ՆԵՐԿԱ, ԱՆՑՅԱԼ, ԱՊԱԳԱ

Դու այժմ ներկայի կարկառուն ներկայացուցիչ ես, որոշ ժամանակ անց կդառնաս անցյալ, իսկ վաղ անցյալում ն ծնողներիդ փայլուն ապագան էիր: Մարդկանց թվում է, թե գոյություն ունի ժամանակ, բայց նրանք չարաչար սխալվում են: Ժամանակը մարդկային երևակայության ծնունդ է, և հենց առաջին մարդիկ ստեղծեցին ժամանակը, որին այժմ գերի են բոլորը: Եվ միայն մեկը հասկացավ ժամանակի անորոշ լինելը, այն էլ ոչ մինչև վերջ, նա ասաց, եղել է ժամանակ, երբ ժամանակ չի եղել: Ժամանակ չկա և չի եղել, սակայն մարդիկ ապրում են` նայելով անցյալին, որտեղ կանգնած է նախնյաց խստապահանջ ուրվականը և, չմտածելով իրական ներկայի մասին, սկսում են գծագրել երևակայական ապագան, ապագա, որը միշտ հուսախաբ է անում: Հանուն փայլուն ապագայի, մարդիկ խելացնոր վազք են դարձնում ներկան, մարդը սպառվում է հանուն ապագայի: Մարդկանց թվում է, թե կյանքի իմաստը կհասկանան միայն ապագայում և ներկան դարձնում են անիմաստ: Եվ միայն քչերն են ապրում լիաթոք ներկա, և ովքեր ապրում են ներկա, նրանք մի ուրիշ տեղ կապրեն ապագա` ներկա:
— Ուրիշ տե՞ղ,- հարցրի ես:
— Այո, ուրիշ տեղ: Բայց այդ մասին` հետո: Անցյալը, որը միշտ ու բոլոր ազգերի մոտ փառահեղ է` պահանջկոտ է և կամակոր: Այն ներկայից պահանջում է անցյալին պատշաճ ներկա, որը քիչ անց դառնալու է փառահեղ անցյալ: Իսկ ներկան միայն միջոց է անցյալ և ապագա դառնալու: Ներկա, անկայուն, անիմաստ, անորոշ, հրաշք…
— Իսկ պատմությո՞ւնը, ինչպե՞ս է այն ստեղծվում,- հարցրի ես:
— Պատմությունը օղակ է, սկիզբն ու վերջը նույնն են: Բայց մարդիկ երբեք չեն ճանաչում ճշմարիտ պատմությունը: Սուբյեկտիվ պատմաբանները երբեք չեն ասում ճշմարտությունը, այն մահանում է ծնվելուց հետո: Պատմություն, ինձ հայտնի են բազմաթիվ այդպիսի դեպքեր: Օրինակ` ստրուկ Սպարտակը:

ՍՏՐՈՒԿ ՍՊԱՐՏԱԿԸ

— Ես համոզված եմ, ես ինքս եմ տեսել, Պոմպեոսը իրոք հզոր զորավար էր,- սկսեց նա:- Բայց նա այդպես էլ չճնշեց Սպարտակի ապստամբությունը: Սպարտակը հաղթեց և ծովահենների հետ փախավ Կիլիկիա: Սպարտակը չնայած ստրուկ էր, զուրկ ազատությունից, բայց հիմար չէր: Նա ուներ ավելի շատ խելք, քան իր տերերը: Պատմության բոլոր գրքերում գրված է այն մասին, որ Սպարտակը ստրուկ է, բայց ոչ մի տեղեկություն չկա նրա անցյալի մասին: Որոշ հեղինակներ ենթադրում են, որ նա ժամանակին եղել է զինվոր, և նրանք իրավացի են: Բայց ոչ թե զինվոր, այլ ազնվական սպարտացի սպա, որին ծնված օրից դաստիարակել էին զինվորի նման: Բացի թրով կռվելուց, նրան նաև սովորեցրել էին զինվորական արվեստ, ստրատեգիա, փիլիսոփայություն, հռետորություն, գրականություն, ահա թե որն էր նրա զորությունը: Ոչ մի ստրուկ ապստամբ չէր հասնի այնքան հզորության, ինչի հասավ նա: Պատմություն գրողները չէին կարող նսեմացնել Պոմպեոսի քաջագործությունները և, նրանից որոշ նվերներ վերցնելով, գրեցին, որ քաջ զորավար Պոմպեոսը ջախջախեց ստրուկ Սպարտակին: Այսպես փակվեց ևս մեկ սև էջ պատմության մեջ: Եվ այդպիսի դեպքերը շատ են: Պատմեմ մեկը ձեր պատմությունից: Հիշո՞ւմ ես Վարդան Մամիկոնյանին:
— Իհարկե,- ասացի ես:

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

— Նա քո դուրը գալի՞ս է,- հարցրեց նա:
— Ոչ, ես զզվում եմ նրա արձանից,- պատասխանեցի ես:
— Տղա, երբեք մարդկանց մի գնահատիր անձնական հույզերով, դրանք փոփոխական են: Նրա արձանն իրոք շատ տգեղ է և նույնիսկ նման չէ իրեն: Նա փոքրահասակ էր, կորամեջք և տառապում էր ռևմատիզմից: Նրա համար պարսիկի նման խոնարհվելը պարզապես պատիժ էր: Բայց եթե հայերին ստիպեին ընդունել զրադաշտությունը, նա շատ հանգիստ կխուսափեր խոնարհումներից, նա կապրեր իր դղյակներից մեկում և կխոնարհվեր միայն սանդալների քուղերը կոճկելու համար, եթե, իհարկե, ինքն էր կապում քուղերը: Պատմությունը նրան դարձրեց հերոս, ազգային հերոս: Նրա հասակը միանգամից երկարեց, մեջքը ուղղվեց, և ծույլ ու վախկոտ ազնվականը դարձավ անվախ մի այր, որը փրկեց ձեր ազգի ապագան: Վասակ Սյունին, այդ անիծյալ դավաճանը, ամենևին էլ կեղտ չէր, նա խելոք և նուրբ քաղաքագետ էր: Նա սիրում էր իր ժողովրդին ավելի, քան Վարդանը. նա ծագումով հայ էր, իսկ Վարդանը` չինացի: Նա անխուսափելի էր համարում բախումը հարևանների հետ, սակայն մեծ ջանք էր գործադրում այդ բախումը հետաձգելու համար: Բախում, որը կաթողիկոսի և նախարարների շնորհիվ կայացավ ավելի շուտ, քան սպասում էր Վասակ Սյունին: Նա հանուն խելոք, նպատակաուղղված պայքարի կրոնափոխ եղավ: Իսկապես նա հզոր անհատ էր: Բայց պատմությունը նրան անիծեց` դավաճան: Դու չգիտես, թե ինչ ուժեղ է ազդում մարդկանց վրա խուճապը: Այն ոչնչացնում է սթափ մտածողությունը: Վախը մարդկանց դարձնում է հոգեկան հիվանդ, և այդպիսի հիվանդ դարձավ ձեր ազգը: Կաթողիկոսն ընկավ խուճապի մեջ և վարակեց բոլորին: Խեղճ Վարդանն այդ ժամանակ սպարապետ էր, և պետք է առաջնորդեր ձեր բանակը: Կաթողիկոսին, ըստ իս, ավելի շուտ ոչ թե ազգի ճակատագիրն էր հուզում, այլ իր անձնական կապիտալն ու ֆիզիկական գոյությունն էին ստիպում զենք առնել ու մարտնչել հանուն ազգի, կրոնի: Հազկերտի համար այս հավատափոխության ծրագիրն ավելի շուտ ոչ թե քմահաճություն կամ ստրատեգիա էր, այլ պատգամ: Մեր թվարկության երկուհարյուրականների վերջում, երբ հասարակական միտքը ապրեց էական զարգացում, բազմաստվածությունը կորցրեց իր տրամաբանությունը և հրապույրը: Պարսկաստանին հարկավոր էր մի նոր կրոն, մեկ աստծով: Մեկ Աստված, մեկ միապետ, մեկ պետականություն: Քրիստոնեությունը նոր, անկանխատեսելի կրոն էր, որն արդեն լայն տարածում էր գտել Միջերկրականի ափերում, Փոքր Ասիայում, և անհրաժեշտ էր ստուգել նրանով ժողովրդական զանգվածներին կառավարելու ուժը: Այդ ժամանակ Հայաստանը Պարսկաստանի ոչ բացահայտ, բայց լիակատար տիրապետության տակ էր: Հայոց գահին բազմել էր պարթևական Արշակունի տոհմը: Հայաստանի վրա փորձ կատարելու պայմանները իդեալական էին: Եվ ահա այդ ժամանակ Պարթև Գրիգորը, որին, չգիտես ինչու, ավելի ուշ անվանեցին Լուսավորիչ, իրագործեց հայերին քրիստոնեացնելու խայտառակ ծրագիրը: Արյան գնով քո ազգն ընդունեց Քրիստոսին, և այն դարձավ ոչ թե կրոն, այլ սնահավատություն: Ոչնչացվեցին բոլոր հեթանոսական մեհյանները, այրվեց ամբողջ հին գրականությունը, և այս ամենը նրա համար, որ եթե հանկարծ ձախողվի «բարբարոս» ծրագիրը, և ազգը որոշի վերադառնալ նախնյաց հավատալիքներին, հանկարծ կպարզի, որ ոչինչ չի մնացել անցյալից: Եվ այդժամ պարսիկները հայերին կհրամցնեն զրադաշտությունը, որը մոտ էր հայերի հեթանոսությանը: Ինչպես արդեն գուշակում ես,
քրիստոնեությունը հարմար չեկավ պարթական ստրկատիրական միապետներին, և նրանք ցանկացան հայերին դարձնել պարսիկ: Իսկ հայերին, ավելի ճիշտ` նախարարներին հարմար էր հեզաբարո ազգ ունենալը: Գրիգորը մեկ կրակոցով սպանեց երկու նապաստակ: Ինչևէ, Վարդանին ուղարկեցին Տիզբոն: Այնտեղ նա, իհարկե, օծվեց զրադաշտ և մի քանի հարյուր մոգերի հետ վերադարձավ Հայք: Սահմանի մոտ նրանց դիմավորեցին զինված եկեղեցականները և հայրենասիրության ոգով վարակված ռամիկները: Գազազած ամբոխը տեսնելուն պես, մեր ճկուն քաղաքական գործիչ Վարդանը վախեցավ. ուրացողին մահ էր սպասվում: Երբ սահմանին մոտենալուն մնում էր մի քանի մետր, Վարդանը սկսեց խաչակնքել, դա չվրիպեց գազազած քրիստոնյա ամբոխի աչքից, ապա նա հանեց սուրը և հարձակվեց մոգերի վրա: Նա փրկեց իր կյանքը և դարձավ հերոս, խորամանկ, ազգային հերոս: Հետո նա պարտվեց Ավարայրում, բայց, ինչպես արդեն ասել եմ, պատմությունը գրում են մարդիկ, որոնց պատվիրում են փառահեղ անցյալ: Հենց այդ ժամանակ էլ պատմությունը կարող է դառնալ ազգապահպան գործոն, թշնամու առաջխաղացումը կանգնեցնող:
Երբ նա լռեց, ես շշմած նստած էի: Հետո ասացի:
— Ալեքսանդր Մակեդոնացին իրո՞ք հոգեկան հիվանդ է եկել:
— Այո,- ասաց նա,- բայց նրան այդպիսին դարձրեց Արիստոտելը:

ԱՐԻՍՏՈՏԵԼ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ

Փիլիպոսն իր որդուն դաստիարակության տվեց ժամանակի հզորագույն փիլիսոփային: Փիլիպոսն անընդհատ պատերազմների մեջ էր և որդու վրա ուշադրություն էր դարձնում միայն պատերազմական ընդմիջումներին, իսկ ուշադրությունն արտահայտվում էր միայն տղայի ֆիզիկական տվյալները գնահատելով: Տղան ամբողջ օրը ձի էր քշում, կամ փայտյա թրով ծեծում ծառաներին և հոր հարճերին: Մինչև Արիստոտելի մոտ աշակերտելը փոքրիկ Ալեքսանդրը ոչինչ չգիտեր: Արիստոտելն իսկապես մեծ մտածող էր, բայց աննորմալ: Այն, ինչի չէր հասել Արիստոտելը, հասավ Ալեքսանդրը: Շատ հետազոտողներ համարել և համարում են, որ Ալեքսանդրի հիվանդագին եսապաշտությունն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նա որոշել է գերազանցել իր հոր հաջողությունները: Դա իրոք այդպես է. մասամբ: Մակեդոնացին Արիստոտելի համար լոկ աշխարհը ճանաչելու միջոց էր: Հնդկաստան, Չինաստան, Պարսկաստան, Եգիպտոս, Բաբելոն, Սկյութիա. երկրներ, որոնց մասին հունական կղզիներում լեգենդներ ու առասպելներ էին պատմվում, որոնց փիլիսոփայությունը, ընդհանրապես՝ գիտությունն ու արվեստը, իրենց զարգացման մակարդակով գերազանցում էին հունականին: Այն ամենը, ինչ այդ երկրների մասին լսել էր Արիստոտելը, իր դայակության առաջին օրից սկսեց պատմել Ալեքսանդրին: Հետաքրքրասեր ու աշխույժ տղան հալվեց այդ պատմություններից: Նրա առջև բացվեց մի նոր, հիասքանչ աշխարհ, որն իրենը կդարձներ ամեն գնով: Հեքիաթը հորինել էր Արիստոտելը: Մինչև հոր մահը Ալեքսանդրն ապրեց հեքիաթը նվաճելու, հեքիաթին տիրելու պատրանքով: Սկսվեց արշավը, արշավ այն բոլոր տարածքների վրա, որոնք կարելի էր անցնել ոտքով: Եգիպտոս, Պարսկաստան, Հնդկաստան, Չինաստան: Եվ ամեն անգամ, երբ Մակեդոնացին իր հեքիաթը գտնելու մոլուցքով տարված գրավում էր այս կամ այն տարածքը, անմիջապես, դեռ թալանը չսկսած, սկսում էր հավաքել այն ամենը, ինչ անծանոթ էր իրեն, և ուղարկում էր ուսուցչին: Արիստոտելը, նստելով տանը, ավելի լավ ու մոտիկից ճանաչեց աշխարհը: Ծանոթացավ անծանոթ կենդանիներին, գործիքներին, բույսերին և այլն, բայց, որ ամենակարևորն է, ծանոթացավ այն ժամանակվա օտար երկրներում գոյություն ունեցող առաջավոր գիտական, փիլիսոփայական գրականությանը: Այդ ժամանակ Ալեքսանդրը դեռ փնտրում էր իր հեքիաթը: Արիստոտելը գտավ իր ուզածը և դեռ կյանքի օրոք հասավ նրան, որ նրան մեծարեցին` ինչպես Պլատոնին: Ալեքսանդրը դեռ փնտրում էր իր հեքիաթը, և մինչև կյանքի վերջը փնտրեց այն:
Նա կտրեց ձայնը, նորից հանեց դավթարը և սկսեց ինչ-որ բան կարդալ:
— Դուք նյութակա՞ն հոգի եք,- հանկարծ ինձ համար էլ անսպասելի հարցրի ես: Երևի պատճառն այն էր, որ ես այդպես էլ չէի հասկացել, թե, ի վերջո, ո՛վ է նա:
— Ես հոգի եմ,- ասաց նա,- այն, ինչ դու այժմ տեսնում ես, միայն մարմին է, ամենահարմարն իմ աշխատանքի համար: Իսկ ընդհանրապես ես հոգի եմ, ինչպես և դու:
Ես զգում էի, որ իմ մեջ ինչ-որ հոգեկան բան կա,- լուրջ- լուրջ ասացի ես:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՄԱՍԻՆ

Ես երևի արդեն քեզ ասել եմ` ինչ բան է ժամանակը, եթե դու ապրում ես լիաթոք ներկա, մի ուրիշ տեղ կապրես ապագա: Քո հոգին անմահ է, այն ապրում է տարբեր ժամանակներում և երբեք չի ապրում այնտեղ, որտեղ արդեն ապրել է: Սակայն մահանալուց հետո այն կարող է վերադառնալ վաղ անցյալ, և միգուցե մի օր դու տեսնես և՛ Սպարտակին, և՛ Մամիկոնյանին, և՛ Մակեդոնացուն, բայց այդ ժամանակ դու չես գիտակցի այն եսը, որ ունես այսօր: Դու կմոռանաս եսդ, ինչպես մոռացել ես այսօր: Չէ՞ որ դու առաջ եղել ես, և այժմ ոչինչ չես հիշում քո եսից, որն ունեցել է փառահեղ ու խայտառակ անցյալ: Հոգին հավերժ է: Այն ապրում է բոլոր ժամանակներում իմաստնանալու համար: Երբ մարդկային հոգին այնքան է իմաստնանում, որ նա համարում է այն անհատ, հոգին ստանում է նոր հանձնարարություն:
— Իսկ ի՞նչ նոր հանձնարարություն է դա,- հուսալով իմանալ մի մեծ գաղտնիք՝ հարցրի ես:
— Այ, այդ մեկը ես էլ չգիտեմ,- ասաց նա:- Դա ինձ հասու չէ իմանալ: Դա գաղտնիք է, որը կիմանաս միայն այն ժամանակ, երբ ինքդ կլինես այնտեղ:
— Իսկ դու նրան երբեք չե՞ս հարցրել այդ մասին,- հարցրի ես:
— Իհարկե` ոչ, ես ավելորդ հարցեր չեմ տալիս,- ասաց նա:- Եվ չեմ էլ ուզում իմանալ, թե այնտեղ ինչ է:
— Հոգին սեռ ունի՞,- սեռական մոլագարի նման հարցի ես:
— Ոչ,- ասաց նա,- այն անսեռ է: Հոգիդ այժմ տղամարդու մեջ է, բայց առաջ դու կին ես եղել:
— Իսկ ինչո՞ւես չեմ հիշում, թե ինչ եմ եղել և ով եմ եղել,- վիրավորված տղամարդկությամբ հարցրի ես:
— Որովհետև գոյություն ունեն էակներ, որոնց անվանում եք հրեշտակներ: Նրանք ունեն մի շինություն, որտեղ մաքրում են հոգիները հիշողությունից և եսից: Պատահում է, որ նրանք լավ չեն մաքրում հոգիների հիշողությունը, և հոգին հերթական մարմնին է փոխանցում հիշողություններ, որոնք չպետք է լինեին: Քո կողքին ապրում են բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց գիտակցության ամենաթաքուն անկյուններում ժամանակ առ ժամանակ հիշում են, թե ով և երբ են եղել: Դու լսած կլինես տրանսսեքսուալների, անիմա և անիմուս Յունգյան տեսության մասին:
— Այո,- պատասխանեցի ես:
Տրանսսեքսուալնհրն իրականում այն մարդիկ են, որոնց հոգիները այդ հրեշտակները վատ են մաքրել հիշողությունից: Սեռական բնազդը ամենաուժեղներից մեկն է, եթե այն լավ չի ջնջվում հիշողությունից, մարդ իրեն անհարմար է զգում հակառակ սեռի մարմնի մեջ: Նրա մեջ դեռ գերակշռում է այն սեռը, որի ներկայացուցիչն է նա եղել անցյալ կյանքում: Անիմա և անիմուս` չգիտակցված կանացիությունն ու չգիտակցված տղամարդկությունը, նույնպես կեղտոտ աշխատանքի արդյունք են:
— Բայց լինում են մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչպես, բայց հիշում են իրենց ով լինելը անցյալում և ապագայում,- ասացի ես:
— Պատճառը երազներն են: Երազները ցույց են տալիս անցյալն ու ապագան, և երկու դեպքում էլ ցույց են տալիս, թե ինչ է եղել ժամանակին: Երազը ենթագիտակցության գաղտնի անկյուններից ամենաքմահաճն է: Երբեք, ոչ մի հիպնոսի միջոցով չես կարող տեսնել կամ վերհիշել իրական երազը:
— Դու ասում էիր` երբ ավարտվում է հոգու ճանապարհորդությունը, նա գնում է ուրիշ տեղ, գուցե դա դրախտը կամ դժո՞խքն է,- հարցրի ես:
— Այդպիսի բան չկա:

ԴԺՈԽՔԸ ԵՎ ԴՐԱԽՏԸ

— Դժոխքը և դրախտը լոկ կրոնական դոգմաներ են,- սկսեց նա:
— Դրանք հնարված են մարդուն կյանքի օրոք ինչ-որ պարտականության ենթարկելու համար: Դրախտը կամ դժոխքը ավելի շուտ հոգեվիճակներ են: Դժոխք և դրախտ մարդն ապրում է կյանքում մի քանի անգամ, նայած, թե ինչպես է անցնում կյանքը: Չեմ ուզում մարդկանց քննադատել կրոնական սնահավատության մեջ, որովհետև դժոխքի և դրախտի գաղափարը հույս և վախ է առաջացնում մարդկանց մոտ: Հույս և վախ. բաներ, որոնք կյանքին իմաստ են տալիս: Վախենում են դժոխքից, բայց մեղքեր են գործում, մեղքեր են գործում, բայց չեն վախենում դժոխքից, ներվելու հույս ունեն: Դժոխք-դրախտ, հանիր այդ հիմարությունները մտքիցդ,- անսպասելի ասաց նա:
Ես անմիջապես հասկացա, որ նրա գնալու ժամանակն է: Խոսակցությունն ընդհատվեց շատ կտրուկ: Նա կանգնեց և ասաց.
— Դե, հաջողություն քեզ, խենթ, անհանգիստ հոգի: Ես ավելորդ բաներ շատ խոսեցի, երևի ծերանում եմ,- ասաց նա, շրջվեց ու անհետացավ:

***
Ես հասա տուն և նստեցի թղթի առջև: Ու ակամա հասկացա, որ այժմ բավականին բան գիտեմ, բայց անմիջապես հիշեցի Սոկրատին. «Ես գիտեմ, որ…»:

«Գարուն», 1999, 8

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով