Սագօ Արեան. Ճանապարհ դեպի Անկարա

Անասելի, փակվող, պրկված և երկար լռությունից հետո հավաքում եմ թղթի կտորներիս վրա տարածած մտքերս անցյալ հունվարին Անկարա կատարած այցելությանս մասին:
Նպատակը Թուրքիան խոշոր պլանով` փոքր ու կլոր ապակիներով ակնոցով տեսնելն է: Ճանապարհը տարբեր երանգների մի խառնուրդ է, և կետ, ուր միանում է երեկվա Արևմտահայաստանի կտրված և պիրկ լարը:
Երկրի արևելյան շրջաններում ոճիրն ու մահը շարունակվում են: Սիրիայի պատերազմը մի կողմից, Պոլսի հին թաղերում կուչ եկած արաբների ու կիսաքրիստոնյաների «հեղափոխական» երգերը դաշույնի պես խրվել են քեմալական պատմության «ջուրը» խմած թուրքերի սիրտը:
Պոլիսը խառն է: Ըստ Ա.Թ.-ի` վախի ու սարսափի քաղաք: Քուրթուլուշի մայթերից մինչև թերթի խմբագրատուն ժամանակը սառչում է և հալածում մեր բոլոր վարկածների պանդուխտ սերը:
Օդում թևատ ազատության շունչ կա: Պոլիսը` իր Հրանտ Դինքի ճիչով և քուրդ ֆիդայիների ահեղ մահերով ու պատմություններով:
Հրաշագործ հայերի դեմքեր փնտրելով` մինչև Անկարայի գնացքի գրասենյակը տասնհինգ լիրա է:
Տեղը` հարմար, ժամը` հստակ, և եղանակը` արևոտ:
Հալեպից «Ուացաբներ» են հասնում և պատմում ամենաթեժ առօրյայի մասին: Ջուր չունեն, լույս չունեն, հացի խնդիր կա ամեն օր և մայթերի վրա ծախվող էժանագույն օղիից մի հրապարակախոսի եղբայրը կնքել է իր մահկանացուն:
Կրկին հայոց ազգային գերեզմանատան մասին, որ գտնվում է կրակե օղակ հանդիսացող «Շեյխ մաքսուդ» շրջանի մոտ, փակ է: Մահացողների դիակները տարվում են Քարմեթլիթ քույրերի վանքի հարևանությամբ գտնվող հողաշերտի վրա «բացված» ժամանակավոր գերեզմանատուն, ուր տասնյակ մեռելներ կան:
Ժամանակավոր հայ, հայի ժամանակավոր ճանապարհ:

***

Դիմացս Շիշլիի մեծ գերեզմանատունն է, ուր վերջին անգամ բանաստեղծ Զարեհ Խրախունին է, որ խառնվել է նրա երանական լռությանը:
Պատրիարքներ այստեղ ու այնտեղ: Մեկը` Ադանայից Պոլիս հասած, մյուսը` աքսորված, մյուսի շիրմաքարի վրա եղած մարմարը կոտրտված, իսկ մեջտեղը մեծն Օրմանյանն է հանգչում ու իր սառած հայացքով ժամանակը դիտում:
Քայլում ենք դեպի մայրաքաղաք: Հանգիստ աչքերով, բայց լարված ու պիրկ նայվածքով: Ծանր թուրքերեն է բերանումս, որ մատնում է հեռավոր տեղերից վերադարձված ու պահված մեծ մորս թուրքերենի մասին:
— Ներետեն սընըզ:
Հարցումը առ ի հարգանք ուխտավոր գլխարկիս, որ ըղձական եղանակի ու նախամեծարության շեշտեր է պարունակում:
Հետո թեյի ու սուրճի ստվարաթղթե բաժակները շարվում են մեր դիմաց, ու քաղցրավենիքի թղթերի վրա կարդում եմ Հայաստանի մեջ էլ շատ հայտնի «Turk Mali» ապրանքանիշը:
Հազար հարցումներով ճամփան տանում է դեպի Անկարա: Անծանոթ դեպքեր, հին թուրքեր, նոր մահմեդականներ, մայրաքաղաքի ղեկավարման գրասենյակներում հավանաբար թղթատարությամբ զբաղվող երիտասարդներ, մարդիկ, որ մայրաքաղաքի արվարձաններում են ապրում և իրենց գործերը վերջացնելուց հետո արդեն վերադառնում են իրենց տները:
Բոլոր երանգներում ճանապարհ կա:
Այստեղ մարդիկ ինձ ու ընկերներիս նման չեն:
Մենք ճանապարհ չունենք, մեր ճամփաները անհավասար են, զիգզակաձև, հակոտնյա, անհստակ, երբեմն խոլ ու անսպասելի:
Թուրք բանվորը Պոլիս է գնում, քուրդը Պոլսից Անթալիա է վազում մի քանի լիրա ավել շահելու համար, Ալևի թուրքը չգիտես ինչ պատմություններով Մունպուջից Կայսերի հասած իր բարեկամին է հասնում: Այս բոլորը կան, տեսանելի են, մանավանդ ահասարսուռ և աղմուկով լցված կայարանների մայթերի վրա, ուր բոլորը իսկույն թուրք են կտրում, ու համաթրքության թեյի ապակե բաժակները շարվում են և թեյը՝ սև ու թանձր «օրհնության ջրի» պես հոսում է` պատմելով Օսմանի ու նրա հետնորդների հին փառքի մասին:
Օսման ասացիք` հիշեցի, որ ամբողջ ճանապարհի երկայնքով ձեռքիս Պոլսի «Ժամանակ» օրաթերթի տպագրած անվանի հրապարակախոս Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ» հատորիկն էր:
Գրքում` նրա պատկերը և փոքր մորուքից դուրս սպրդող մեծ թախիծի ստվերը:
Այնտեղ է նաև, որ հանդիպում եմ մեծ հրապարակախոսին, որի հետ արժե երկար նստել ու մտածել:
Զարդարյանը գերազանցապես օսմանցի է: Իր համար Օսմանյան կայսրությունը մեծագույն տերություն էր, ուր պիտի կատարվեին համարժեք բարեփոխումներ, ու բոլոր ընկճված փոքրամասնությունները իրենց երկրի մեջ ապրեին խաղաղ ու երջանիկ:
Ճանապարհը շարունակվում է: Դեպի Անկարա յոթ ժամ տևած ճանապարհորդի համար ժամերը ավելի են երկարում: Զարմանալի բան չկա այստեղ: Դիմացը անորոշությունն է` հեզորեն սահող և ինձ իր մեջ կլանող:
Թուրքիայի` Հայաստանի հարևան երկրի ապագայի մասին մեծ հարցադրումներ: Օդում պրկումը անկառավարելի և անհասկանալի սպասում է դառնում: Մինչև որ կառքի անիվները վերջին անգամ կանգ են առնում, և կիսատ թուրքերենով ու բավական տհաճ լարումով բացատրում ես, որ դու նույնպես այս կայարանում ես իջնում:
Մի քիչ քայլում ես, և երկու հայ ընկերներ դիմավորում են քեզ ու բավական աղմկոտ և հարուստ դեմքերի մեծ զորահանդեսի մեջից անցնում դեպի քաղաքի մետրո:
Զարդարյանը գրում է.
«Արեւելքի այս առասպելասէր եւ հիւանդոտ երեւակայութեան հակամէտ երկրին՝ օսմանեան պետութեան մէջ, կը թուի թէ ինչպէս կրօնական, նոյնպէս քաղաքական կեղծիքներ կան, որոնք հակառակ գիտութեան, հակառակ ժամանակին եւ կեանքի յեղաշրջութեան՝ պիտի շարունակեն իրենց գոյութիւնը իբրեւ նուիրագործուած ճշմարտութիւններ եւ քննադատական միտքը միշտ պիտի չմօտենայ անոնց: Այս առասպելներու կարգէն է քաղաքական այն անվստահութիւնը՝ որ թուրք տարրին մէկ խոշոր մասը կը սնուցանէ քրիստոնեաներու, մասնաւորապէս հայերու նկատմամբ:
Այդ անվստահութիւնը հասկնալի էր անշուշտ նախկին ռէժիմին գլուխը կանգնած եւ այդ դրութեան մրուրովն իսկ իրենց գոյութիւնը պահպանող անձնաւորութիւններուն համար: Տէրի եւ ծառայի յարաբերութեանց մէջ, իշխանութիւնը պէտք է բարձրանար անարդարութեան, կեղծիքի եւ բռնութեան վրայ, ուր ճշմարտութիւնն ու բանականութիւնը, քննադատութիւնը եւ առողջ դատողութիւնը ղեկավարող սկզբունքներ չէին կրնար ըլլալ պետութեան եւ կառավարութեան համար»:
Այդ անվստահության զգացումը այսօրվա Թուրքիայի համար մեծագույն սպառնալիք է: Երիտթուրքերի ճիվաղային ծրագրին զոհ գնացած Զարդարյանը Ցեղասպանությունից 7 տարի առաջ է գրել այդ մասին: Գաղտնիք չէ, որ հայ գրողի` նման գաղափարներով հանդես գալու մտադրությունը նպատակ ունի երկրում ինչ-որ բան փոխել, սակայն առանց այդ երկիրը դեպի կործանում տանելու կամ կազմաքանդելու:
Զարդարյանը սիրում է իր երկիրը: Այդ երկրի մեջ միայն հայեր չեն ապրելու, ապրելու են թուրքեր, ալևիներ, զազաներ, քրդեր, հույներ: Բայց բոլորը օրենքի հավասարության ներքո պիտի ապրեն: Բոլորը ավելի լավ, ավելի բարեկեցիկ, ավելի խաղաղ կյանքի համար են պայքարելու, բայց ոչ մահվան:
Ու ինչքան զարմանալի է, որ այդ նույն մեծ տերությունը ցայսօր էլ դասեր չի քաղել անցյալի դառնություններից ու հիմա եկել, կանգնել է նոր օրհասականի ամենից բարակ լարի վրա ու կարծեք պատրաստվում է մեծ գահավիժումին:
Օսմանցին կրակն է սիրում: Կրակն է սիրում այդ մեծ կայսրությունը: Սիրում է կրակի մեջ մարմիններ շարել ու պարել այդ ամեհի տեսարանի մեջ: Կրակի միակ սիրահարը չէ: Օսմանյան կայսրության պես մեծ թաթեր ունեցող բոլոր տերությունները պաշտում են կրակի տեսարանները. կարծեք քչանում են ազգերի և ժողովուրդների արյան ու մեռելների տեսարանների առջև:
Տարբեր կամուրջներով քայլ անող «հզոր պետության» համար իր երկրի մարդկանց մարմինները անպետք են: Այդ մարմինները միս ու ոսկոր չեն, այլ արյունից շինված կամուրջներ:

Զարդարյանը այդ մասին ևս գրում է: Վերլուծելով 1915 թվականին նախորդող ժամանակահատվածը և շեշտը դնելով Օսմանյան կայսրության` Գերմանիային սիրաբանելու վրա` ասում է.
«Ինչո՞ւ շատ տեսնել ուրեմն, որ գերմանական կարգ մը թերթեր ալ ասկէ մինչեւ Պերլինէն մինչեւ հոս նոյն անվստահութեան զառանցանքը կրկնեն, ջանալով՝ ինչպէս միշտ, շոյելու թուրք շովինիզմին քամակը եւ ներքին երկպառակութեան նուիրական հուրը ընդ միշտ վառ պահելու: Չէ՞ որ առանց հայկական արիւնին Պաղտատի երկաթուղիին նման մեծարժէք ձեռնարկ մը երազ պիտի ըլլար միայն տոկուն քափիթալին ու Միջագետքի տիրապետութիւնը՝ աւելի քան ցնորք: Չէ՞ որ առանց ներքին անհաւասարութեան առանցքին շուրջը դարձող ազգային ու քաղաքացիական կռիւին, օտար միջամտութիւնը վերջապէս չքացած պիտի ըլլար այս պետութեան մէջ: Թերեւս իրաւացի ըլլար անվստահութեան ամբաստանութիւնը գերման տնտեսական շահերու տեսակէտով եւ գերման վաշխառու դրամատէրերու աչքին, քանի որ այս երկրին սահմաններէն ներս իրենց ստեղծած ազդեցութեան շրջանակին մէջ հայ տարրը պիտի ըլլար առեւտրապէս գերման գաղթականներու դէմ զօրաւոր մրցումը կատարողը. Բայց թէ ինչո՞ւ նոյն հայը պէտք է անվստահելի ըլլայ իր իսկ երկրին, իր իսկ հայրենիքին նկատմամբ, այս մասին ոչնինչ ունին գերման նենգամիտ թերթերը համոզիչ ու տրամաբանական»:

***

Անկարայում առաջին գիշերը ծանր էր, ինչպես և ծանր էր առաջին գիշերը Պոլսում` 2011-ին: Մղձավանջի նուրբ զգացում, հազար ձայներ ականջներումս, պատուհանից դուրս` հեռուստատեսությունից քաղաքական բուռն վեճերի աղմուկը և հղի վիճակների մեջ հայտնված էրտողանյան Թուրքիայի Մեծ մայրաքաղաքը:
Առավոտը լցվում է Թուրքիայի «Միլլի Մեջլիսի» հայ պատգամավորուհուն՝ Սելինա Դողանին տեսնելու սպասումով: Հերթ խորհրդարանի դռան դիմաց, հերթ ներսում, հերթ հավատարմագրվելիս: Ու ամենուր մի այնպիսի թուրքերեն, որ կարծեք գավառներից է հոսում և ավելի մոտ է քրդերենին:
Հանդիպումը կայանում է: Հարցազրույցը` կատարվում:
Անկարան պատրաստվում է իր գիշերային երանությանը: Գինի և գարեջուր, մայթերի վրա վազող կյանքի լափլիզող կիրք: Ամենուր երիտասարդներ, ուսանողներ, աշխատողներ, պետական մեծ համակարգի աշխատակիցներ: Դեմքեր, դեմքեր, դեմքեր:
Գլխավոր պողոտան «Գըզըլան» է, որտեղից մետրո ենք նստում`հանդիպելու համար անկարացի մեծ հայասեր Սայիդ Չենթինօղլուին:
Մեր խոսակցության թեման Հայոց Ցեղասպանության ծանր շուքն է ու մեր նախնյաց ժառանգության մասին իր հավաքագրած տեղեկությունները:
Չեթինօղլուն պատմում է հայերի վարած տնտեսության մասին`հասնելով մինչև Մանչեսթր քաղաք, ուր գավառների հայերի մշակած մետաքսի շուրջ մեծ առևտուր էր ծավալել:

Թեյի մուգ բաժակները դարձյալ շարժվում են: Ցնցվում:
Պայթյունը ցնցում է ամբողջ Անկարան:
Դեղին երեսների իրական հանդես: Արագ կապեր, լույսեր, ձայներ ու աղմուկ:
Պայթյունը տեղի է ունենում Թուրքիայի խորհրդարանի շենքի մետ: Բանակի օդուժի ղեկավարության գլխավոր շենքի դիմաց, ուր ականներով լի ավտոմեքենայի պայթյունին զոհ գնացին 28 սպաներ, որոնք բոլորն էլ թուրքական բանակի օդուժի սպաներ են:
Այդ փողոցով էր նաև, որ գրեթե մեկ ժամ առաջ անցնում էինք ընկերներից մեկի հետ` հասնելու համար քաղաքի մետրոյի գլխավոր կայարանը:
Անկարան եռում է: Բոլոր ծրագրերը փոխվում են, ու Պոլիս վերադարձի խորհուրդները կարմիր թելի պես գծվում են առջևս:

— Մենք Բեյրութի պատերազմն ենք ապրել,- ասում եմ:
— Այստեղ ոչինչ երաշխավորված չէ,- հնչում է պատասխանը:

***

Անկարայի հետ այսպիսին էր առաջին հանդիպմանս ավարտը:
Սիրո քաղցի մեջ մեծացած որբի նման, որ վազում է փնտրելու ինչ-որ կռվան:
Անցյալի իր թելերը մանելու համար: Զարդարյանի սերը մեր աչքերին, նրա կասկածները, մեծ ահերը և արյան դեմ խաղաղության համար բարձրացող մաղթանքները:

Զարդարյանը գրում է.
«Այսպէս են ահա տէրերը. իրենց կաշին ու իրենց փառքը փրկելու համար կանգ չեն առներ ոչ մէկ միջոցի առջեւ, չեն վարանիր հազարաւոր երիտասարդներ թնդանօթի միս դարձնել, բիւրաւոր ընտանիքներ սուգի եւ թշուառութեան ծովի մէջ խեղդել եւ ապա՝ իրենց արոյրէ գահին վրայ քրմանալ՝ հայրախնամ ու բարեխնամ ստորոգելիներով»:

Այսօր նույնպես անհանգիստ է Անկարան: Հայաստանի դրկից երկրի խոշոր մայրաքաղաքը, որի գիշերները (հիշել 2015-ի հուլիսի դեպքերը) բեռնավորված են անսպասելի անկանկալներով, անհանգիստ է: Շարժվող ավազների վրա հիմնված այդ տերությունը արդեն հիվանդ պետության տոնական շորերն է հագել:
Անկարան, անհանգիստ Անկարան:

Հ.Գ.- Ռուբեն Զարդարյանի հոդվածներից արված բոլոր մեջբերումները 2015-ին Պոլսի «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած «Յօդուածներ» հատորից
(աշխատասիրությամբ ՝ Սեւան Տէյիրմենճեանի):

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով