Արմեն Շեկոյան. Բանաստեղծություններ

ՍԵՎԱՆ

Երազի պես պարզ: Խստաշունչ ու հեզ:
Անլուր հոգեվարք: Մաքուր հարություն:
Մենք ենք քո որդիք: Վայելիր դեռ մեզ,
մեր կիրակնօրյա մխիթարություն:

Իմ ճանապարհը կրկին գտավ քեզ,
և իմ վեհերոտ հայացքը անսաց:
Ես եմ քո որդին: Դեռ նայում եմ քեզ
իմ փակ աչքերով, «Հայր մեր»-ը չասած:

Ես եմ քո որդին: Մենք ենք: Մենք դեռ կանք:
Դեռ շնչում ենք քո տեսիլքի ներքո:
Եվ չենք կուրանա` եթե մենք ցանկանք
քեզ պահել վերին մեծության ձեռքով:

Մենք չենք կուրանա: Չենք ուրանա մենք:
Ամեն աստծո օր կանենք բարություն:
Մեր պատկեր: Մեր կիրք: Մեր զարդ ու մեր զենք:
Մեր կիրակնօրյա մխիթարություն:

ԱՆԲԱԽՏ ՏՂԵՐՔ

Մեզ մի քիչ շնորհք տվին ու ասին`
դուք աղն եք երկրի, ձեզ տեսնենք հիմա:—
Մեզ ոչինչ չասին Հետո-ի մասին:
Մեզ տվին խոսքի ուժ, նաև` հըմայք:

Այսպես է եղել: Որոշ բան տրվեց
մեզ` նորափթիթ առաքյալներիս:
Եվ եռանդ տվին, որ չըկըտըրվենք
բանասիրական առարկաներից:

Բախտավոր տղերք: Էլ ի՞նչ ենք ուզում:
Զուտ տվել են ու դեռ ետ չեն առել:
Ի՞նչ ենք որոնում: Ի՞նչ ենք երազում:
Տարիներն անցան: Մենք ի՞նչ ենք դառել:

Խոսքի ուժ տվին, բայց բան չենք ասում:
Ով որ տվել է, ինքն էլ թող ների:
Իր տվածները արդեն չեն սազում
մեզ` տարիքավոր ուսանողներիս:

Փակուղու մեջ ենք. էլ չունենք մենք ելք:
Ժամանակն անցավ. էլ չունենք մենք վախտ:
Մենք չենք բողոքում` որ չըտըվեց խելք:
Մենք բողոքում ենք` որ չըտըվեց բախտ:

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՇՈՒՆ

Ինձ առանձնապես բան չէր հարկավոր.
տեսա վերևն ու ցած իջա ներքև:
Աշուն է` տխուր ու խորհրդավոր—
փաստ է. ես արդեն չեմ կարող հերքել:

Այդպես. կամավոր ես իջա ներքև
ու դեռ նայում եմ աչքերով սառած:
Երես չըտվին, բայց երես առա—
փաստ է. ես արդեն չեմ կարող հերքել:

Ես դեռ նայում եմ պաղած աչքերով.
հայտնի նշան է` մարդ է գալու հյուր:
Ոլորապտույտ այս միջանցքներով
ես եկա-եկա ու մտա կույր-կույր

մի անծանոթ ու չգրված աշխարհ`
անհյուրընկալ ու անցողիկ պարտեզ,
ուր հիմա վերջին տերևներն աշնան
լուռ աղաչում են ամենքին ու մեզ,

որ այս մի անգամ նկատենք իրենց,
առնենք ու պահենք մի հին տետրակում…
Արդեն զղջում են բոլոր փոքրումեծ
թևավորները` կկուն, տատրակն ու

մյուս թևավորներն` անմեղ-մեղավոր,
որ չհասցըրին սրտանց երգ երգել…
Աշուն է` տխուր ու խորհրդավոր—
փաստ է. ես արդեն չեմ կարող հերքել:

ՆՎԻՐՈՒՄ

Նորից առաջ ու նորից ետ: Եվս մի
քայլ` որ պարզ չէ արդեն ուր է մեզ տանում:
Եվս մի օր— մի օր— ևս մի կսմիթ,
որ դաղում է, բայց արդեն չի խթանում:

Մարդիկ: Մարդիկ` որ շարունակ կարծում են`
թե կբացվեն դռները մեր փրկության:
Գիտնականներ, որ ժրաջան կրծում են
երերացող գրանիտը գիտության:

Գիտնականներ` մեկը մեկից վարժ ու զիլ,
մեկը մեկից իմաստուն ու անվեհեր,
անգիր արած մեր սկիզբն ու վերջը մեր`
նվիրվել են մեր փրկության սուրբ գործին:

Նվիրվել են: Նվիրվում են: Դեռ էլի
Կնվիրվեն` ի հեճուկըս չուզողի:
Դերասան չեն, բայց խիղճ ունեն: Ու զոհի,
կերպարանքով սպասում են բեմելի:

Նվիրվել են: Նվիրվում են: Դեռ անհույս
կնվիրվեն` ի հեճուկըս չուզողի:
Դերասան չեն, բայց դեր ունեն: Ու փողի
դիմաց երբեք չեն տվել խիղճ ու նամուս:

Չեն տվել, չէ: Ու երբեք էլ չեն տալու:
Ու երբեք էլ մեզ չեն թողնի մեր հույսին:
Կնստեն ու կմտածեն միասին`
գուշակելով նվիրական մի գալուստ:

ԵԿԱՆՔ ԵՐԳՈՎ ՈՒ ՏԱՂՈՎ

Եկանք երգով ու տաղով,
բայց ու՞ր եկանք— չգիտեմ:
Սրտի տաքով ու պաղով
դեռ ցցված ենք իրար դեմ:

Եկանք երգով ու տաղով,
սակայն դեռ տեղ չենք հասել:
Կռիվ-կռիվ մեր խաղով
Շատ ենք իրար վնասել:

Անսիրտ երգով ու տաղով
մեր հոգին դեռ խաղ կանի…
Մենք մեր տաքով ու պաղով
սարքել ենք մի բաղանիք`

ուր անիմաստ թրջվում են
բյուրավոր մեզ նմաններ,
ուր մերթ շատ է պաղ (ջո՛ւրը),
մերթ էլ անխիղճ եռման է:

Իզուր ենք մեզ քըրքըրում`
որ ազատվենք հին փոշուց:
Իզուր է. չենք մաքըրվում:
Վերածվում ենք գոլորշու:

ՍԻՐՈ ՏԱՂ

Փոքրիկ-փոքրիկ-փոքրամարմին,
իմ վարանոտ սրտի գուշակ,
դրախտային իմ մանուշակ,
քեզ բերեց այս զվարթ քամին:

Ես` ի բնե ծավալասեր,
հիմա իմ խեղճ սիրտն եմ քամում
և խորհուրդ եմ հայցում քամուց,
որ բերեց ու ասաց` այս է:

Փոքրիկ-փոքրիկ-մանրանկար,
ամենավեհ, ամենանուրբ…
Իմ հոգին է տունը քո` ուր
չկա օտար աչք ու վըկա:

ԾԱՂՐԱԾՈՒ

Ապրել կրկին: Ու ապրածը
չափսոսալով` նորից, փորձել:
Գցել-բռնել կյանք-վարկածը:
Սրտնեղել ու ժպիտ կորզել:

Ապրել կրկին: Կրկին բացվել:
Կրկին ժպտալ խեղճ-անիմաստ:
Ու երեսի զոռով ցըցվել
փոփոխական կյանքի դիմաց:

Տոկալ կրկին: Կրկին հաշվել
օտարոտի ծափ ու շըվվոց:
Վերարկուի մեջ ներքաշվել
ու կըծկըված դուրս գալ փողոց,

երեխայի պես զարմանալ`
որ չես լուծվում անձրևի մեջ:
Նայել: Տեսնել: Չընդարմանալ:
Հասկանալ` որ մենակ ես: Վերջ:

ՊՍՏԻԿ ՍԻՐՈՒՆ

Թեթևոտըն—պստիկ—սիրուն,
ծիծաղախիտ ոսկե ջրիկ,
քեզ հիշելով էլի սիրում
ու ծփում եմ, ի՜մ պուճուրիկ:

Թեթև սեր է անպատասխան—
թաքցընում եմ ու ծիծաղում:
Դու ժպտում ես ի պատասխան,
սակայն իմ խեղճ սիրտն է ցավում:

Թեթև ցավ է— հեշտ է անցնում,
և չեմ լալիս հոնգուր-հոնգուր:
Մի քիչ տեղ ես զբաղեցնում
երկրի վրա և իմ հոգում:

Հանդիպում ենք մենք աշկարա,
բայց հեռվանց եմ քեզ երազում:
«Մի՛ երկնչիր, դե՛, ռիսկ արա»,—
քո հայացքն է դարձյալ ասում:

Վախենում եմ ես անկասկած,
քանզի չունեմ և ոչ մի հույս:
Վախենում եմ խոսեմ հանկարծ,
և ցնդի քո տեսիլքը լույս:

ԳԻՇԵՐ

Գիշեր: Անվերջ գիշեր— սև ու
խորհրդավոր մի արարված—
բութ ու թանձր վրձնահարված
մեկի, որ քեզ չի սիրելու:

Գիշեր: Անվերջ: Անգութ ու պաղ:
Թղթեր` գրած, ցաքուցըրիվ:
Սա քո կյանքն է, որ դարձըրիր
չվերջացող մի թղթախաղ:

Գիշեր: Անվերջ: Սև ու անձայն:
Թղթեր` գրած, ցաքուցըրիվ:
Սա քո կյանքն է. քոնն է լըրիվ
իր ազդեցիկ դատարկությամբ:

Գիշեր: Անվերջ ու անողոք:
Խորհրդավոր: Սև ու անձայն:
(Ոչ մի տրտունջ, ոչ մի բողոք—
դու ես ձգտել խաղաղության:)

Գիշեր` ցավի ու լուռ անկման…
Թղթեր` լալու ու գրելու
ու սպանիչ եզրահանգման,
չի սիրել և չի սիրելու:

ԱՆՏՈՆ ՊԱՎԼՈՎԻՉ ՉԵԽՈՎ
Բուլատ Օկուջավային

Անտոն Պավլովիչ Չեխով—
նրբանկատ ու ցնցող:
Դեռ չենք դառել ընթերցող,
հերոսներն ենք մենք դեռ քո:

Մեկըս` վախկոտ, մեկըս` հեզ,
տապակվում ենք մեր ցեխով:
Անտոն Պավլովիչ Չեխով,
շատ չի փոխել կյանքը մեզ:

Անտոն Պավլովիչ Չեխով,
ռեալական բանաստեղծ,
ահա դարձյալ կյանքը մեծ
եկավ-անցավ մեր կողքով:

Մեզ չփոխեց կյանքը մեծ.
եկավ-անցավ մեր կողքով:
Հիվանդներն ենք մենք դեռ քո,
ռենտգենոլոգ բանաստեղծ:

Անտոն Պավլովիչ Չեխով,
ազնվազարմ մեր պապիկ,
պար ենք գալիս ոնց կապիկ
նախկին շախով ու շուխով:

Չէ՛, չենք փոխվել քո ձեռքով,
նույնն ենք մեր նույն ցավի մեջ:
Մեկըս` վախկոտ, մեկըս` խեղճ—
հիվանդներն ենք մենք դեռ քո:

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

Փետրվար է— անբնական
ամիս` որ չէ սպեղանի:
Քո էջն է բաց. ազնվական
քո մորմոքն է իմ սեղանին:

Փետրվար է— պակասավոր
Ամիս` որ այլ ամիսներից
տհաս է ու անհարկավոր.
և քսվում է քո մազերին

տնաբույծ ու հեզահամբույր
մի կիսագոլ օրիորդի պես`
որ իր կամքով եկել քեզ հյուր
և տանջում է իրեն ու քեզ:

Եվ քեզ ուրիշ բան չի մնում`
քան շշնջալ` ցնո՜րք, օ՜ կին…
Տանջանք բառեր` անսիրտ ու հում:
Սա քո կյանքն է. և քո հոգին

չըմբռնեց այն ու լուռ հածեց
հալածական ու անլեգալ…
Ինձ մնում է նոր էջ բացել:
Նոր էջ բացել ու հեկեկալ:

«Գարուն», 1987, 4

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով