Արքմենիկ Նիկողոսյան. Անդադրում Անանյանը

Չգիտեմ՝ «Գարունի» համարներում նրա լուսանկարը պարբերաբար հանդիպելո՞ւց էր, պահվածքի անբռնազբոսիկությունի՞ց, թե՞ զինաթափ անելու չափ անմիջական ժպիտից, բայց Լևոն Անանյանի հետ իմ ու երևի թե յուրաքանչյուրի ծանոթությունը ավելի շատ հին ու թանկ բարեկամի վերստին հանդիպելու զգացողությամբ է ուղեկցվել: Չհավատալու չափ ապշելու էր՝ մի՞թե բոլորին կարդում է, մի՞թե բոլորին գիտի, ու մի վայրկյան չէր թողնի կասկածես՝ հաջորդում էր անունդ, հոդվածիդ վերնագիրը, կամ բանաստեղծությունիցդ մի տող, կամ պատմվածքիցդ մի անուն… Մեծերի հետ ուրիշ, մեծերի հետ ճանապարհ էր անցել, իրար լավն ու վատը գիտեին, առավելություններն ու հատկապես թերությունները գիտեին, քեֆ-ուրախությունների ժամանակ՝ իրար տեղը տեղին գովել ու վեճերի ժամանակ՝ միմյանց ինչ-ինչ հուշերով ու ռեպլիկներով սաստել գիտեին. երիտասարդների հետ պետք է դժվար լիներ, բայց Լևոն Անանյանի՝ հարաբերություններ ստեղծելու, կառուցելու, պահպանելու և զարգացնելու շշմելու տաղանդը հատկապես երիտասարդների հետ շփումներում դրսևորվեց: Ու երևի պատահական չէ, որ Գրողների միության նախագահ դառնալուց հետո առաջին գործերից մեկը հենց Երիտասարդական սեկցիան վերականգնելը եղավ, արդեն 35-40 տարեկան, նույնիսկ ավելի՝ 90-ականներին գրականություն մտած ու անգիրք մնացած գրողների համար «Մուտք» մատենաշարի ստեղծելը եղավ, Երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքները վերականգնելը եղավ, Միության կազմը երիտասարդներով համալրելը եղավ… Եվ իր բազմազբաղության, անընդհատ դեսուդենության, յուրաքանչյուր գրական իրադարձության մասնակից լինելու, խոսք ասելու, բանակցություններ վարելու այդ ամբողջ վազվզոցի մեջ Լևոն Անանյանը երիտասարդ գրողների հետ շփումն ու աշխատանքը միշտ առաջնահերթ համարեց:
Եվ այն սերը, որ մշտապես վայելեց Լևոն Անանյանը երիտասարդ գրողների կողմից, նույնպես պատահական չէր: Անգամ անխուսափելի բախումների, վեճերի, տարբեր հարցերի շուրջ տարբեր պատկերացումների, հակասությունների ընթացքում այդ սերն ու հարգանքը երբեք չնահանջեց, որովհետև անկախ ամեն ինչից՝ անքննարկելի էր մի բան. Լևոն Անանյանի յուրաքանչյուր քայլ հանուն գրականության էր: Իսկ այսպես ասած՝ չինովնիկի նրա ոչ ստանդարտ վարքագիծը հետագայում նաև իբրև օրինակելիություն ծառայեց շատ-շատերի համար:
Եվ անդադրում, մշտապես շարժման մեջ, մշտապես գրական իրադարձությունների հոսքի մեջ գտնվող այդ մարդու մահվան գույժն հիրավի ցնցող էր, իսկապես մի ահազանգ, որ, այնուամենայնիվ, ապրում ենք մի աշխարհում, ուր Լևոն Անանյանի պես մարդկանց ներկայությունը բացառիկ է ու կարող է և չկրկնվել, ահազանգ, որ կարող են կանգ առնել ամենաառատաջուր և ամենասրընթաց գետերն անգամ, և հերթական հաստատումն այն ճշմարտության, որ իսկական շնորհակալանքին մարդուն արժանացնում են մահից հետո՝ կենդանության օրոք չգիտես ինչու միշտ հետաձգելով, որ մարդու գործի մեծությունը միշտ մահից հետո է առարկայանում՝ ապրողների կոկորդին թողնելով հիացումի խոսքերը, որ շատ կուզեին հենց այդ մեծ գործն անողին ասել, ու էլի միշտ հետաձգել են…
Ես գիտեմ, որ մեր ժամանակների գրականությանը, գրական կյանքին առնչված յուրաքանչյուր մարդ, անգամ նրանք, որ երբեք չեն խոստովանի ու պարբերաբար հակասությունների մեջ էին նրա հետ, իր հոգու խորքում շնորհակալության առնվազն մի բառ ունի Լևոն Անանյանին ուղղված, իսկ ապագայի գրականության պատմաբանները մեր ժամանակների գրականության մասին գրելիս Լևոն Անանյան գործչին ուղղակի անկարող կլինեն շրջանցել:

«Գարուն», 2016, 2

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով