Երվանդ Վարդանյան. Գրառումներ անհետացած վեպից (հատված վեպից)

Վերջաբան

Անհետացած վեպի համար վերջաբան գրելն այնքան էլ հեշտ գործ չէ, պետք է տողերը կառուցել` հիմնվելով միայն հիշողության վրա, իսկ հիշողությունը, ինչպես գիտեք, չափազանց խախուտ մի համակարգ է։ Բայց, որպեսզի անցնենք բուն նյութին, նախ պետք է հասկանանք թե ինչպե՞ս է անհետացել արդեն գրված վեպը, իսկ դա անելու համար մենք ստիպված ենք նորից դիմել հիշողության օգնությանը, մանավանդ որ վեպն էլ, ինչքանով որ հիշում եմ, հենց վեպի անհետացման մասին է գրված եղել։ Մի խոսքով ես հիմա կփորձեմ վերապատմել տեքստի՝ ինձ համար առավել հետաքրքիր հատվածները։
Պետք է նշել նաև, ինչքանով որ հիշում եմ, այն գրված էր գլուխներով, որոնցից հիմա ընդամենը մի քանիսի վերնագրերն եմ հիշում։ Վեպը սկսվում էր անծանոթ քաղաքի նկարագրությամբ, որտեղ ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ցնցոտիավոր մի մարդ ու հրաշքներ էր գործում, բուժում էր հիվանդներին, օգնում հոգեպես նեղվածներին և այլն և այլն, պատումի լեզուն բավականին չոր էր և սեղմ, ոչ մի ավելորդ բառ, պատմությունը պատմվում էր հրաշագործին հետևող մարդասպանի աչքերով, որին վարձել էին տեղի իշխանությունները, որպեսզի հարմար պահի վերացնի նրան։
Սակայն ամեն անգամ, երբ մարդասպանը ցանկանում էր սպանել քաղաք մտնող հրաշագործին, ինչ-որ բան խանգարում էր նրան. ինչ-որ մեկը նկատում էր նրա դանակը ու աղմուկ բարձրացնում, մեկ` տղամարդն էլ անսպասելի փոխում ճանապարհի ուղղությունը և այլն և այլն։
Վեպում շատ քիչ հատված էր հատկացված հրաշագործի բուն գործունեությանը, ավելի շատ խոսվում էր մարդասպանի ներքին վերապրումնների և տատանումների մասին։ Վեպի սկզբում խոսվում է այն մասին, որ հրաշագործը համր է, կամ ընդհանրապես ձայն չի հանում, բայց երբ նա հայտնվում է քաղաքի հրապարակներից որևէ մեկում, այնտեղ ասեղ գցելու տեղ չի լինում։
Ընթերցողի հետաքրքրությունը չափից ավելի չգրգռելու համար պետք է ասել, որ մարդասպանին ի վերջո հաջողվում է վերացնել հրաշագործին և հենց այդ սպանության պահն է, որ ամենաուժեղն է տպավորվել իմ գիտակցության մեջ, այն վեպի ամենաերկար ու բարդ ընթերցվող գլխում է։ Ոմանք, գուցե կարդալով այդ հատվածը, կասեին, որ այնտեղ սպանության մասին ոչ մի խոսք չկա, բայց իմ տպավորությունն այն է, որ հեղինակը հենց դրա մասին էլ խոսում է։
Հիմա կփորձեմ գրել այն ամբողջը, ինչ որ ես հիշում եմ վեպի այդ վիճելի հատվածից։

«Փոսիկավոր, սրատամ, կապույտ, ինչպես առավոտը Պարսկաստանի հյուսիսում, նրանց զորքերը առաջացան դեպի պաշարված քաղաքի ուղությամբ։ Մարդիկ զինված հրացաններով սկսեցին անկանոն կրակել։ Հրամանատարը իր մեքենայով մոտեցավ պարիսպներին, սկսեց գոռալ, իսկ դուք փախչում եք։ Ջարդուխուրդ եղած տները մամռակալած պատուհաներով տպավորություն են ստեղծում, թե այս ամենը խաբկանք է։ Անծանոթ տարածությունը սահմանազատվում է միայն երկնքով, իսկ խոտերն այնքան խիտ են աճում որ բարձի տպավորություն են թողնում ոտքերիդ տակ։ Լուրեր են պտտվում, որ քաղաք գնալը վտանգավոր է, բայց չէի ցանկանա այդ մասին մտածել, ճիշտ է հրամանատարն այժմ ամենայն հավանականությամբ զոհվել է , բայց եթե այդպես էլ եղած չլինի, մեկ է, ես և իմ խումբը հիմա լրիվ ուրշ կողմ պետք է գնանք մեր առաքելությունը կատարելու համար»

— Ճիշտ ասած, այս հատվածի շարունակությունը ես այնքան էլ լավ չեմ հիշում, իրականում երևի սխալվեցի ու մեկ այլ բան գրեցի, որովհետև հիմա լրիվ ուրիշ բան եմ հիշում այն պատմության մասին, որ ուզում էի պատմել, այնուամենայինիվ, այդ հատվածը մնում է իմ ամենասիրելին ողջ վեպի մեջ, և ես ամեն գնով ճշգրտորեն պիտի վերարտադրեմ այդ գլուխը՝ պահպանելով բառերի իսկակական հերթականությունը։

Այժմ կարծես թե հիշողությունս եկավ տեղը ու հիմա կփորձեմ շարադրել այդ ցնցող տեքստը.
«Դիպուկահար հրացանի խոշորոացույցից բացվող տեսարանը մահու չափ զարմացրեց վարձու մարդասպանին, նա պարզապես ստուգում էր իր հրացանը, երբ դիմացի բարձրահարկ շենքի պատշգամբներից մեկին նկատում է մարդուն, ում այսքան երկար ապարդյուն փորձում էր սպանել։ Պատշգամբում կանգնած տղամարդը վառում է ծխախոտն ու սկսում ծխել, նրա հետևից դուռը բացվում է և պատշգամբ է դուրս գալիս ամբողջովին մերկ կին ու սկսում լիզել նրա մարմինը, հետո իջնում է ավելի ներքև և կնոջ գլուխը առաջ ու հետ է գնում մարդու ոտքերի արանքում։ Մարդասպանը հեռադիտակն ուղղում է դեպի կնոջ դեմքը, նա հստակորեն տեսնում է, թե ինչպես է նրա կարմիր լեզուն պտտվում տղամարդու անդամի վրայով։ Դիպուկահարի ներսով կրակներ են անցնում, սակայն հանկարծ հասկանում է, որ սրանից հարմար առիթ այլևս չի լինի պատվերը կատարելու համար ու նշան է բռնում տղամարդու գլխի ուղղությամբ, այդ ընթացքում կինը շարունակում է լեզուն պտտել, իսկ մարդասպանը արդեն մատը մոտեցրել է ձգանին, կինը ավելի է արագացնում իր գլխի շարժումները։ Տղամարդը ընկնում է գետնին, նա հևում է, իսկ կինը, վախից գլուխը կորցրած, չի հասկանում ինչպես միաժամանակ ծածկվեց ջարդված ապակիներով ու սպիտակ լպրծուն հեղուկով»։
Շարունակությունը նորից մտքիցս թռավ, ու իրականում այս դրվագը վեպում, լրիվ այլ ձևով էր պատմվում, չեմ էլ հիշում ինչպես, գրողը տանի ախր քիչ առաջ ամեն ինչ մտքումս էր, ի՞նչ է կատարվում հետս։
Ամենայն հավանականությամբ հուզմունքից է, որ չեմ կարողանում պատշաճորեն ներկայացնել այդ անգերազանցելի հատվածը, գրականագետի համար դա բացարձակ նվաճում է. ծանոթ լինել այդպիսի կատարյալ վեպի հետ, զգալ նրա հանճարեղությունը, ընտրել այն հատվածները, որ կցանկանաի մոռացության գրկից դուս բերել ու գոնե մասնակիորեն ծանոթացնել հետաքրքրված ընթերցողին այդ անկրկնելի վարպետությամբ գրված, շշմեցուցիչ տեքստի հետ։
Ճիշտ է, ձեզ կարող է զարմացնել, որ գրականագետն այսպիսի ոչ պրոֆեսիոնալ բառեր և մոտեցումներ է ցուցադրում, բայց դուք էլ պետք է հասկանաք, որ բոլորս ունենք մեր թերությունները, բոլորս էլ ինչ-որ մի բան ի վերջո կարողանում է կախարդել։

Ես պետք է խոստովանեմ, որ հիմա, երբ մի քանի օր հետո ընթերցեցի վեպի սյուժեի մասին իմ նախնական գրառումը, հասկացա, որ այն պարզապես զառանցանք էր. իսկական տարբերակի մեջ ոչ մի խոսք չկար ոչ հրաշագործի, ոչ էլ մարդասպանի մասին։
Մի լավ քնելուց հետո հիշեցի, որ ես նույնիսկ գրականագետ չեմ, այլ մի սովարական գիշերային պահակ, ով պարզապես մի փոքր ավելի շատ բան գիտի կյանքի ու դրա նրբությունների մասին, քան մյուս պահակները. այդ պատճառով երևի ինձ գրականագետի տեղ դրեցի, բայց այդ ամենից, իհարկե, չի կարելի ենթադրել, որ ես չեմ կարող մի քանի տող գրել այն վեպի վերաբերյալ, որի մասին թվում է, թե արդեն խոսել եմ վերևում , բայց միշնչ այդ ես կուզեի մի փոքր խոսել գիշերային պահակի ծանր աշխատանքի մասին, ձեզ թվում է որ իմ արածը բավականին հեշտ գործ է. պարզապես ժամանակ առ ժամանակ պտույտ ես տալիս քեզ վստահված վայրում, ամեն ինչ ավելի հեշտ է, երբ քո վերահսկման տակ գտնվող տարածքն ընդամենը մի փոքրիկ պահեստ է, ինչպես օրինակ ինձ վստահված պահեստի դեպքում է, սակայն գիշերային պահակ աշխատելը բավականին ծանր է անդրադառնում քո հոգեկան աշխարհի վրա, չգիտեմ, ճիշտ է` ես կենսաբանությունից և մարդու ֆիզիոլագիայից այնքան էլ շատ բան չեմ հասկանում, բայց իմ սեփական փորձի վրա հիմնվելով, կարող եմ պնդել, որ գիշերը չքնելը չափազանց ծանր հետևանքներ է ունենում օրգանիզմի վրա։ Վերջերս օրինակ ստամոքսումս անընդհատ ծակոցներ եմ ունենում ու հաստատ համոզված եմ, որ աշխատանքիս տեսակը ուղիղ կապ ունի այդ անտանելի երևույթի հետ, բայց դա միակ խնդիրը չէ. ես իրականում դեռ մանկուց վախեցել եմ մթությունից, ինձ անընդհատ թվացել է, որ մթության մեջ չար բան կա, ճիշտ է` հիմա հասկանում եմ, որ հիմարություն է մթությունից վախենալը, բայց հերիք է մի թեթև շշուկ, որ ամբողջ մարմնովս դող անցնի։
Բնականաբար, իմ երազանքը չէր գիշերային պահակ դառնալը, բայց համոզված եմ որ մարդ ինչից շատ է վախենում, գալիս դիպչում է իրեն, հիմա ժամանակ չկա պատմելու, թե ինչը ինձ դրդեց գիշերային պահակի աշխատանք ստանձնելուն, բայց հավատացեք, որ ինձ այլ ելք չէր մնացել։ Բայց քանի որ կյանքում ամեն մի թվացյալ վատ բան իրականում ունենում է նաև դրական կողմ, ես ստիպված եմ նշել նաև դրական բաների մասին։ Այսպես, ես այլևս չեմ լսում կնոջս գիշերային խռմփոցները, գիշերը սնունդը միշտ ավելի համեղ է թվում և ամենակարևորը` ես միայն գիշերային պահակ դառնալուց հետո սկսեցի կարդալ. ուղիղ իմ պահեստի դիմաց կար նաև բուկինիստական գրքերի մեծածախ վաճառքի կետ. երբեմն, երբ մի փոքր շուտ էի հասնում աշխատանքի վայր, գրախանութը դեռ փակ չէր լինում, ու ես, որպեսի թուլացնեմ գիշերային ձանձրույթի նոպաները, գրավաճառից մի քանի հեշտ կարդացվող գիրք խնդրեցի գիշերը ընթեռելու համար: Նա մի փոքրիկ արկղի մեջ տասից ավել գիրք լցրեց ու հանձնեց ինձ, խնդրելով, որ հնարավորության դեպքում, ուշադրություն դարձնեմ նաև իր տարածքին։
Այդպես իմ սիրելի զբաղմունքերից մեկը դարձավ ընթերցանությունը, իհարկե կայն գրքեր որոնք ինձ շատ մեծ բավականություն պատճառեցին, կայն նաև այնպիսիները որ հեշտությամբ մի շնչով կարդացվեցին ու մի շնչով էլ մոռացվեցին, միայն մի գիրք էր, որիից ես ոչինչ չհասկացա, գլխի չընկա, թե ի՞նչի մասին է խոսում այդ գրողը, ի՞նչ է նրա ուզածը, մի խոսքով այդ փոքրիկ գիրքը կարելի է համարել իմ կարդացած գրքերից ամենաանհետաքրքիրն ու ոչինչ չասողը, այդ գրքի կազմին ոչ մի բան գրված չէր՝ ոչ գրողի անուն-ազգանունը, ոչ գրքի անունն ու տպագրության թվականաը, ոչ էլ նույնիսկ հրատարակչության հասցեն և պատկերացրեք, թե ինչպիսի մեծ զարմանք ապրեցի, երբ գիշերն իմ պահպանման վայրին մոտեցավ միջին տարիքի բարձրահասակ տղամարդ՝ տասիններորդ դարի ոճով կարված կոստյումը հագին, սակայն գուցե սխալվում եմ. դարերի հարցում այնքան էլ տաղանդավոր չեմ, բայց մի խոսքով դուք երևի գլխի ընկաք, որ ցանկանում էի ասել՝ տղամարդու կոստյումը ինձ չափազանց տարօրինակ, եթե ոչ արտառոց թվաց։ Մոտենալով ինձ` նա խնդրեց ներկայանալ, իսկ ես, քանի որ լավ գիտեմ իմ պարտականությունները, ասացի՝ առաջին հեթին ինքն է, որ պետք է ներկայանա։ Նա մի փոքր շփոթվեց, կարծես իր արժանապատվությանը մեկն անդառնալի վնաս է հասցրել, ապա մի քանի վարկյան անց նորից ընդունեց դեմքի նախկին՝ ոչինչ չասող արտահայտությունը։ Որպեսի շատ չխորանամ մանրամասնությունների մեջ, ասեմ որ նա փնտրում էր հենց այն գիրքը, որից ես ոչինչ չհասկացա։ Նա այդ փոքրիկ գրքի համար առաջարկեց մի քանի հարյուր դոլար, սակայն քանի որ ես խղճով մարդ եմ, միայն երկու թղթադրամ վերցրի, սակայն գումարը վերցնելուց առաջ մի պայման դրեցի նրա առջև. այն է ՝ բացատրել ինձ, թե ո՞րն է այդ գրքի ասելիքը։ Նա մի պահ տարակուսեց, ապա անմիջապես համաձայնվեց, ու մենք ձեռքսեղմվեցինք։ Ես նրան խնդրեցի, որ թույլ տա ձայնագրել իր ասածը, քանզի պետք է խոստովանեմ, որ գիշերային պահակություն անելու ընթացքում հիշողությունս անընդհատ վատանում է։ Այս անգամ նա միանգամից համաձայնեց ու սկսեց խոսել։
Ձեզ չձանձրացնելու համար պետք է հնարավորինս կարճեմ ասելիքս։
Պարզվում է` այդ գիրքը միայն մի քանի օրինակով է տպվել և, ըստ արտասովոր կոստյումով տղամարդու, միակ գիրքն է, որտեղ միտքը ճիշտ և ճիշտ համընկնում է լեզվի հետ՝ այսինքն գրողին հաջողվել է տեղադրել բառերը հենց այն հերթականությամբ, որով նրանք նախապես եղել են նրա մտքում։ Հետո նա երկար խոսեց այդ գրքի առանձնահատկություներից, այն բազմաթիվ վարկածներից, թե ով է արտասովոր գրքի իրական հեղինակը, բայց քանի որ այժմ ոչ մի մանրամասնություն չեմ հիշում կօգտվեմ ձայնագրիչից՝ վերհիշելու համար նրա պատմածը, բայց մինչ այդ անելը ավելի լավ է քնեմ, այլապես գլուխս արդեն երկու կես է լինում, դուք կարծում եք՝ հե՞շտ բան է համատեղել գիշերային պահակի և պատմողի աշխատանքները, եթե այո` ուրեմն դուք կյանքից բան չեք հասկանում՝ ինչպես ես, բայց չգիտես ինչու ես համոզված եմ որ դուք ավելի կատարյալ եք, անկրկնելի ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ գերմարդկային ու կհասկանաք, որ այդ երկուսը իրար հետ համադրել նշանակում է բացահայտել փիլիսոփայական քարի գաղտնիքը, մի խոսքով պետք է քնեմ, եթե ցանկանում եք միացրած կթողնեմ ձայնագրիչը ու ձեզնից յուրաքանչուրը կարող է շարունակել պատմության մնացած հատվածն իմ փոխարեն, մանավանդ, ինչպես տեսնում եք, խոսելու հարցում այնքան էլ ճարպիկ չեմ, միայն կասեմ, որ չեմ փոշմանում, որ գիշերային պահակ եմ, դա իմ միակ հպարտություն է։ Ինչո՞ւ եմ խոսում դրա մասին։ Ինձ էլ հասկանալ կարելի է, այս ժամերին սովորաբար քամի է բարձրանում և ամեն կողմից ականջներիս տարօրինակ ձայներ են հասնում, միակ փրկությունը՝ խոսելն է, այլապես վախից ուշագնաց կլինեմ։ Հասկանում եմ, որ բոլորիդ հետաքրքրում էր այն գրքի ճակատագիրը, բայց ինչ կփոխի դա ձեր կյանքում, ավելի լավ չի լինի, եթե ես ձեզ պատմեմ, թե ինչ վախերի միջով անցա ես, երբ դեռ չէի բացահայտել խոսելու փրկարար ազդեցությունը՝ ձայնային գրոհների ժամանակ։ Մի խոսքով չերկարացնեմ, ինչպես կարելի է ենթադրել, բոլոր գիշերային պահակների նման ես էլ անտարբեր չէի խմիչքի հանդեպ։ Խմիչքը մինչև հիմա կյանքիս մշտական ուղեկիցն է, սակայն միայն ցերեկային ժամերին. գիշերն այն կրկնապատկում էր վախերս ձայների հանդեպ ու անհարմարության զգացում ստեղծում ներսումս։ Բայց քանի նորից սկսեցի խոսել, միայն խոսելու ընթացքում եմ կարողանում վերհիշել, ավելի լավ կլինի պատմեմ ընկերոջս մասին, նա էլ էր գիշերային պահակ, երկու օր առաջ է լքել աշխատանքը ու ասում են հիմա հետախուզման մեջ է։ Չեմ կորող հավատալ նրան վերագրվող հանցանքների իրական լինելուն, պարզապես այս կյանքը միշտ խտրական վերաբերոմունք է ցուցադրում խելոք մարդկանց հանդեպ, ովքեր իրենց աջը քաշաց իրենց գործ են անում։ Ափսոս էր ընկերս, նա այն հազվադեպ պատահող մարդկանցից էր, որ տիրապետում էր իր մասնագիտության գրեթե բոլոր ծակ ու ծուկերին։ Պետք է խոստովանեմ, որ իմ մեղքի բաժին էլ կա նրա կտրուկ անկման գործում։ Մենք ուշադիր չենք մեր ընկերների հանդեպ, էգոիստ ենք, ուզում ենք, որ միայն մեր համար լավ լինի, իսկ մնացածը մի կերպ կհարմարվեն։ Բացի ընկեր լինելուց, մենք նաև նույն գործով էինք զբաղված և ճիշտ է` հիմա իմ վերահսկողության տակ գտնվող տարածքը մեծացել է ու երկու անգամ ավել աշխատավարձ եմ ստանում, բայց մեկ է` ինձ մեղավոր եմ զգում, որ չկարողացա ոչնչով օգնել նրան։ Մի քանի ժամ այնուամենայնիվ պետք է քնեմ, այլևս չեմ կարողանում խոսել։ Դու չափազանց անտարբեր ես իմ նկատմամբ, ձայնագրիչ, դու անսահամն չար ես ու ոչինչ չասող հայացք ունես, եթե վաղը ինչ-որ մեկը հայտնաբերի քեզ ու լսի իմ պատմությունը քո միջոցով, դու գուցե կարդարացնես քո գոյությունը, բայց հիմա դու զզվելի ու անմարդկային մի զանգված ես, որ ազդում է նյարդերիս վրա, դու արհամարհում ես ինձ իմ աշխատանքի պատճառով, այնպես չէ՞, բայց մի մոռացի, որ քո աշխատանքը ավելի ծիծաղելի ու անպատվաբեր է, դու կրկնում ես իմ ասածները, ու երբ ես հաջորդ օրը մոռացած կլինեմ դրանց մասին, դու կշարունակես կրկնել, հիմա ես քնում եմ, իսկ դու դեռ պետք է ձայնգրես իմ խռմփոցը։

Այո, ծիծաղելի է իմ անզուսպ ատելությունը ձայնագրիչների նկատմամաբ, չէ՞ որ դրանց շնորիվ է, որ ես կարողանում եմ գրել, այլապես արդեն գիտեք, որ համարյա կորցրել եմ հիշողությունս, ձայնագրությունները, որ լսում եմ, գոնե ինչ-որ չափով ինձ մտածելու հնարավորություն են տալիս։
Մի քանի անգամ, երբ ես առերեսման եմ գնացել ոստիկանություն, պահեստ ներխուժած հանցագործի հետ, միայն ներքին վստահությանս շնորհիվ է, որ կարողացել եմ պնդել, որ հենց նա է հանցագործը, այո, առերեսումն ինձ համար ամենատհաճ արարողությունն է, որ հնարավոր է պատկերացնել ինձ նման մարդու համար։ Բայց ինչպես որ արդեն նկատեցիք, ես չափազանցման սովորություն ունեմ, իրականում հիշողությունս այնքան էլ վատ չէ, պարզապես երբեմն այն չափազանց անվստահելի է դառնում և ներքին ձայնս հուշում է, որ չարժի հավատալ նրան։
Գիշերային պահակի աշխատանքը էլեկտրոնային սարքերի պահեստում գուցե այն առավելագույնը չէ, որ արժանի է իմ նման գրագետ մարդը, բայց ոչ էլ ամենացածր կետն է, որտեղից այն կողմ տեղ չկա գնալու, այն ունի իր նրբությունները, ներքին օրինաչափություններն ու չգրված կանոնադրությունը. ավելի լավ է գնալ այն աշխարհ ավազակի ձեռքից, քան մեռնել ծերությունից, կամ թոքերի քաղցկեղից. մի խոսքով` մեր համայնքում դեռ պահպանվել է ասպետական արժանապատվությունն ու հպարտությունը։
Ամեն անգամ, երբ հեռուստացույցներով, համակարգիչներով, սառնարաններով և այլ էլետրոնային իրերով բեռնված բեռնատարնները մոտենում էին պահեստին, սիրտս ուրախությամբ էր լցվում. մի քանի ժամ կարող էի զրուցել ապրանքը պահեստ տեղափոխող բեռնափոխադրողների հետ, նրանք բոլորը հետաքրքիր մարդիկ են, նրանցից շատ բան եմ սովորել, օրինակ, թե ինչ թեթևությամբ ու անվախությամբ կարելի է նայել կյանքին, եթե դու քո աշխատանքին վերաբերվես նրանց պես, այսինք հասկանաս, որ քո առաքելությունը, ինչով էլ որ դու զբաղվում ես, մի բանը մեկ այլ տեղ տեղափոխելն է։
Երբ պահեստից սկսում են մեկը մյուսի հետևից անհետանալ էլեկտրոնային սարքերը, հականում ես, որ մարդկությունը դեռ շարունակում է իր գոյությունը։ Վերջերս մտքովս անցնում էր վառել պահեստը և հայտարարել, որ ես դա արել եմ իմ փիլիսոփայական հայացքներից դրդված, սակայն հաջորդ պահին հասկացա, որ դրանից հետո լրագրողներն հանգիստ չեն տա ինձ, կնկարահանեն ու կցուցադրեն զանազան հեռուսատընկերություններով, կհայտնվեմ համակարգիչների էկրաներին, դա նույն է, որ ժողովրադավարության համար պայքարողը հանկարծ դառնում է դիկտատոր, այո, ես հունական պատմությունից մի փոքր գլուխ հանում եմ, իրականում պետք է խոստովանեմ, որ այնպես չէ, որ չեմ ուզում հայտնվել մարդկանց տեսադաշտում, բայց միևնույն ժամանակ չեմ ցանկանում, որ նրանք իմանան իմ մասնագիտության մասին, այլապես ես կլինեի ոչ թե գիշերային, այլ ցերեկային պահակ։

Ձայնագրիչներից մեկը հուշում է, որ ես իրականում ոչ թե պահակ եմ, այլ մարդասպան, ով պետք է սպանի մի երիտասարդի, ով քնել է պատվիրատուիս կնոջ հետ։ Ես, իհարկե, թերահավատորեն եմ մոտենում ձայնագրիչի խոսքերին, բայց այնուամենայնիվ ինձ համար նույնպես չափազանց հետաքրիր է իմանալ, թե ինչ է հայտնում նա այդ մասին, ըստ նրա հաղորդած տեղեկություների, ես այդպես էլ չեմ կարողանում իրականացնել առաջադրանքս։

Ձեզ չպետք է շփոթեցնի իմ մասին ձայնագրիչների հայտնած տեղեկությունների՝ առաջին հայացքից ակնհայտ անհամտեղելիությունը, ես ինքս ամեն օր զարմանում եմ, թե ինչ աներևակայելի չափերի է հասնում կորցրած հիշողությունս։
Օրինակ, վերջերս մի ձայնագրիչ այսպիսի տեղեկություններ հայտնեց իմ անցյալի մասին, որ քիչ էր մնում շունչս կտրվեր, դրանց մասին խոսել ցավոք չեմ կարող։
Քանի որ խոսք գնաց ձայնագրիչների մասին, պետք է հայտնեմ նաև, որ դրանց հայտնած տեղեկություների ծավալը գնալով քչանում է, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ երկու տարի կլինի, ինչ թարգել եմ խոսելու սովորությունն ու այդ ընթացքում ավելացումներ չեն եղել, վերջին ձայնագրությունը, որ քիչ թե շատ արժանի է հիշատակման, նորից վերաբերվում է անհետացած վեպին, բայց մինչ այդ կուզեի նորից խոսել, հավատացեք այդ անելու ոչ մի ցանկություն չունեմ, պարզապես սովորության պես մի բան է, հետո, ինքս ինձ լսելով, բավականին հետաքրքիր տեղեկություններ եմ իմանում իմ մասին, օրինակ պարզվում է, որ վերջերս ամեն գնով ցանկացել եմ ամառանոց գնալ այն վերանորոգելու, լողավազան կառուցելու մի խոսքով իսկական հանգստի վայր դարձնելու համար, ու վերանորոգման համար անրաժեշտ ողջ գույքը հավաքել էի ավտոտնակում, որպեսզի հարմար առիթի դեպքում ընկերոջս բեռնատարով տեղափոխեինք ամառանոց, սակայն պարզվում է, որ մեկ ուրիշն է իր բեռնատարով գիշերը տեղափոխել հավաքված շինանյութի մեծ մասը, և ես կանգնել եմ կողոպտված ավտոտնակի առջև, այո, այդպես էլ է լինում, երբ ավտոտնակում ավտոմեքենայի փոխարեն շինանյութ ես հավաքում, այդպիսի դժբախտություններ ինձ հետ շատ են եղել, միայն գիշերային պահակի աշխատանքը կարողացավ միջիցս դուրս մղել հարմարավետության ու երևակայական բարձունքների հասնելու ձգտումը. պահեստում ես մեն-մենակ մնացի իմ վախերի ու կասկածների հետ, ճիշտ է, ես նրանց այդպես էլ հաղթահարել չկարողացա, բայց հարմարվել նրանց ներկայությանն ու երբեմն նույնիսկ չնկատել ի վերջո սովորեցի։ Հիմա, երբ որոշ միտքս անընդհատ զբաղված չի վախերի հետ մենամարտելով, սկսել եմ կարդալ ոչ միայն ժամակ անցկացնելու, այլ ավելի շատ մտածելու ու նոր հարցադրումներ սովորելու համար, այժմ նույնիսկ կարող եմ դատողություններ անել, փիլիսոփայության ու մի քիչ էլ մաթեմատիկայի մասին. հաճույքով կարդում եմ՝ հատկապես այդ երկուսին վերաբերվող գրքերը, ինձ թվում է նրանք նույն բան են ցանկանում ասել տարբեր լեզուներով, վերջերս կարդացի… Ափսոս մտքիցս թռավ, բայց համոզված եղեք, որ շատ ուսուցողական ու կարևոր բան էր ընթերցածս։ Սկսել եմ նաև հատվածներ վերհիշել այն գրքից, որ վաճառեցի արտառոց հագուստով տղամարդուն. պարզվում է հիմա, երբ մի փոքր խորացել եմ մաթեմատիկայի ու փիլիսոփայության տիրույթներում, որոշ բաներ ինձ համար ավելի պարզ ու հասկանալի են դառնում։
Նմանվել եմ վազորդի, ով անընդհատ փորձում է գերազանցել իր իսկ հնարավորությունները, այլապես ինչի՞ համար եմ ապրում, հաստատ ոչ այս անհաշիվ էլեկտրոնիկայի, որոնք մոտս սրտխառնուք են առաջացնում՝ ոչ միայն իրենց անբնական կառոցվածքով, այլ ավելի շատ իրենց նպատակակետին հասնելու անզուսպ վճռականության պատճառով։
Դուք երևի կարծում եք, որ բավականաչափ ցանկություն ու կամք չեմ ունենցել կյանքում բարձրունքների հասնելու համար ու ստիպված ընտրել եմ պահակի՝ հասարակության աչքում ոչ այնքան արժևորված գործը,այո, դուք իրավունք ունեք այդպես մտածելու, սակայն, ճիշտն ասած, դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում. հասկացել եմ, որ հենց այս աշխատանքն ի վերջո ինձ ինքնակրթվելու հնարավորություն տվեց, ճիշտ է, սկզբնական շրջանում ինձ գրավում էին միայն հեշտ կարդացվող ու սյուժետային արագ զարգացում ունեցող գրքերը, սակայն շատ շուտով ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ոչնչով չեմ տարբերվում այն ծերերից, որ առավոտից երեկո նստած են հեռուստացույցի առջև ու նայում են իրենց մատուցվող աղբը, այո, ես դեռ շատ վաղուց հասկացել էի, որ էկրաներին երևացող հաղորդումներն այնպանման պետք է ունենային սյուժետային հնարքներ, մարդու բնածին ծուլությունը իհարկե նպաստում է այդ հաղորդումների քանակական աճին, բայց ես դեռ այն ժամանակ որոշեցի, որ հեռու եմ մնալու համակարգչից ու հեռուստացույցից։ Ոչ ես ամենևին էլ ֆանատիկ հայացքներ չունեմ, պարզապես ինձ նյարդայնացնում է, որ մեկ ուրիշն իմ փոխարեն արդեն որոշել է, թե էկրանը միացնելու դեպքում ինչ պետք է տեսնեմ, միթե դա անհամեմատ ավելի նվաստացուցիչ չէ այն մարդկանց համար, ովքեր արհամարանքով են նայում իմ՝ գիշերային պահակի համեստ աշխատանքին։
Կինս ասում է որ իմ` ձայնագրիչների հետ խոսելու անմեղ սովորությունը իրականում հոգեկան հիվանդություն է և, որ ես պետք է բուժվելու գնամ։ Նա պարզապես չի հասկանում, թե որքան հեշտությամբ ենք մենք քամուն տալիս մեր խոսքերը, թափթփում աջուձախ, երբևէ մտածել եք, թե ինչ անպատասխանատու վերաբերմունք ենք ցույց տալիս մենք նրանց հանդեպ՝ օգտագործում ու դեն նետում։ Ես` իմ ձայնագրիչների հետ խոսելու արարողությամբ, այո, այլ բառով դժվար կլինի բնութագրել իմ արտառոց հակումը, գոնե փորձում եմ ինչ-որ չափով քավել մեղքս, բայց ես միայն ինձ համար չէ, որ անում եմ դա, կարելի է ասել, որ ես ինձ վրա եմ վերցնում ողջ մարդկության մեղքը՝ գործած խոսքի հանդեպ, գուցե իմ արածը միայն ծիսական բնույթ է կրում՝ ոչ ավելացնում, ոչ էլ պակասեցնում է մարդկության գործած սխալների թիվը, բայց ես համոզված եմ, որ իմ արածի խորհրդանշական նշանակությունը շատ ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել։
Ամենից դժվարը նոր ձայնագրիչներ գտնել է, արդեն չեմ էլ հիշում ինչքան ժամանակ է անցել, որ ես գիշերային պահակ եմ աշխատում էլեկտրոնիկայի պահեստում, ու երեկ ինձ տեղեկացրեցին որ այլևս ձայնագրիչներ չենք ստանալու պահեստում տեղավորելու համար, քանի որ կազմակերպությունը բազմաթիվ բողոքներ է ստացել հաճախորդներից, որ իրենց վրա ծախում են արդեն օգտագործված ձայնագրիչներ, դիմողների մեծ մասը տեղեկացնում է որ անծանոթ ձայնը տարօրինակ պատմություններ է պատմում, հաճախորդներից մի քանիսը նույնիսկ մտածել են, թե իրենց սպառնում են, մի խոսքով` շատ տարօրիակ է։
Հիմա ես իմ վերջին ձայնագրիչը ձեռքիս քայլում եմ դեպի տուն, ես այլևս գիշերային պահակ չեմ, հասկացել եմ, որ իմ առաքելությունը այլ է, բայց թե կոնկրետ ինչ, դեռ չեմ կարող բարձրաձայնել, հիմա պարզապես ցանկանում եմ քայլել այնքան, մինչև կհոգնեմ ու կընկնեմ գետնին… նորից մտքիցս թռավ, թե ինչի մասին էի ցանկանում խոսել, իրականում շատ բան չկորցրեցինք. հասկացել եմ, որ մեր ցանկությունը շատ հաճախ մեզ կանգնեցնում են անդունդի եզրին։ Այնպիսի տպավորություն է, որ ձայնագրիչի կոճակը սեղմելով արդեն քաշել եմ մահաբեր նռնակի օղակը ու քիչ, շատ քիչ ժամանակ ունեմ նետելու ուղղությունը որոշելու համար, ավելի լավ է` պահեմ ձեռքումս, չէ՞ որ չգիտես թե ինչու, հայտնվել եմ սենյակումս ու, որ կողմ էլ գնա նռնակը, տարբերություն չկա, այդ պատճառով պետք է սպասել, չնայած մատս արդեն անզգայանում է, իսկ սենյակից դուրս գալու տրամադրություն չունեմ, մանավանդ որ քունս տանում է, իսկ քունը երևի արդեն գլխի եք ընկնում` ինչ սպասված իրադարձություն է նախկին գիշերային պահակի համար, այդ պատճառով ես ավելի նպատակահարմար եմ համարում քնել նռնակը ձեռքիս ու առավոտյան այն նետել մի ապահով վայր, քան այս գիշերային ժամին դուրս գալ փողոց՝ հաշվի առնելով մեր վախերը, դա կարող է ճակատագրական դառնալ մի պատահական անցորդի համար, բացի դրանից, պետք է քնեմ, որպեսզի առավոտյան առույգ տեսքով ներկայանամ հարցազրույց նոր աշխատանքի անցնելու համար, բայց թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, ավելի լավ է լռել…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով