Գևորգ Թումանյան. Չափից դուրս լուրջ գրականություն

«Գարուն», 2016, 2

Աղջիկս 7-րդ դասարանում է: Ձեռիս տակ նրա գրականության դասագիրքն է: Ներկայացված են նորագույն շրջանի հայ գրականության ամենանշանակալից հեղինակները: Թվարկեմ բոլորին. Եղիշե Չարենց, Դերենիկ Դեմիրճյան, Ստեփան Զորյան, Ակսել Բակունց, Նաիրի Զարյան, Գուրգեն Մահարի, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Պարույր Սևակ, Մուշեղ Գալշոյան և Հրանտ Մաթևոսյան:
Միաժամանակ հրաշալի դասագիրք է, գիրք է և բառարան: Ընտրված են լավագույն բանաստեղծությունները և պատմվածքները: Երեսուն տարի անց, անակնկալի պես, նորից կարդացի և վերհիշեցի Զորյանի «Ջրհորի մոտ» մաքրամաքուր պատմվածքը. համոթ ինձ՝ հեղինակին չէի հիշում:
Օտարագիր հայ գրողներից ներկա է մեծն Սարոյանը, իսկ այլազգիներից՝ միս-մենակ Ջեկ Լոնդոնը, ավաղ:
Ամառային արձակուրդների ժամանակ աղջիկս բավականաչափ գիրք էր կարդացել. Ժյուլն Վեռնից՝ ամենալավերը, Դյումայից՝ կարևորները, Դեֆոյի՝ միակը, Մարկ Տվենի՝ Թոմ Սոյերը, մերոնցից՝ Րաֆֆու «Խենթը»: Այսինքն թե՝ կարդաց հիմնականում արկածային գրականություն, այսինքն թե՝ այնպիսի գրականություն՝ ինչն իրեն հետաքրքիր է և տարիքին համապատասխան: Երբ աղջկաս հարցրի՝ թե դասագրքում ի՞նչ կուզեր կարդալ, ասաց՝ որ էն գրողներին, որոնց ամռանը կարդացել է:
Նորից ասեմ՝ հրաշալի դասագիրք և գիրք է, սակայն ինձ նմանների, ուսանողների, գրականություն սիրողների և ընդհանրապես հասուն մարդկանց համար: Տասներկու տարեկան աշակերտի համար հազիվ թե չափից դուրս լուրջ գրականություն է:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով