Արթուր Մեսրոպյան. Հայ ժամանակակից գրականության ու գրականության դասագրքերի չստացված հանդիպման մասին

«Գարուն», 2016, 2

Առաջին դասարան երբ գնացի, 1997-ին էր, ինձ համար գնեցին վիդեոմագնիտոֆոն, որպես խրախուսանք, որ լավ սովորեմ: Կային վարձույթի կետեր, որտեղից գնում-վերցնում էիր ուզածդ ֆիլմը, իմ դեպքում ավելի հաճախ մուլտիֆլիմը, նայում ու հետ վերադարձնում. վաճառքում «կասետներ» քիչ էին լինում: Առաջին օրվա մասին բոլոր հիշողություններիս միակ փաստացի վկաները Պոլառոիդով արված երկու լուսանկարներն են: Գնում էիր ֆոտոժապավենը, տեղադրում ֆոտոխցիկի մեջ, նկարում. կարծեմ առավելագույնը քսան կամ քսանքանի նկարի հնարավորություն կար: Հետո պետք է զգույշ լինեիր, որ լույս չտեսներ, տանեիր «պռայավկա» անեիր ու պահեիր հաստ կազմով ու բարակ ստվարաթղթե թերթերով ալբոմի մեջ, ցանկալի էր՝ մութ ու չոր տեղում: Իմը նման մի տեղ է: Այդ ժամանակ մենք սկսեցինք դպրոցում, ի թիվս այլ առարկաների, սովորել մայրենի լեզու և գրականություն: Հիմա առաջին դասարանցուն ոչ մի ջանքով չես զարմացնի վիդեոմագնիտոֆոնով, գուցե միայն չպատկերացնի, թե դա ինչի համար է, ու եթե զարմանա էլ Պոլառոիդի երկար-բարակ նկարելու ընթացքից՝ հաստատ իր Այֆոնի հավելվածներով` Պրիզմա, Ռետրիկա ավելի զարմանահրաշ բաներ կունենա քեզ ցույց տալու համար: Այն ժամանակ եթե ես պետք է ամեն օր սպասեի «Արմենիայով» մուլտ կամ ֆիլմ դիտելու ժամին, հիմա առաջին դասարանցին սպասելու ոչ մի պատճառ չունի. կարող է հանգիստ հեռախոսի, թաբլեթի ինտերնետով կամ Wi-Fi-ով ներբեռնել ցանկացած մտքովն անցած ֆիլմ ու դիտել, որտեղ կուզի: Ու նա էլ է առաջին դասարանում սկսում սովորել մայրենի լեզու և գրականություն: Ես ու այսօրվա առաջին դասարանցին իրար ընդհանրապես մոտ չենք, թե մեր ձեռքի տակ եղած հնարավորություններով, թե մեզ շրջապատող հասարակությամբ, սակայն երկուսս էլ նույն բանն ենք սկսում/սկսել անել գրեթե նույն տարիքից: Թերթելով դպրոցների գրականության դասագրքերը՝ շատ վառ, նոստալգիկ հուշեր են արթնանում, հիշում ես այս կամ այն դասը, այս կամ այն առաջադրանքը, անգամ, թե ինչպես ես պատասխանել, անգամ սկսում ես ուսուսցչուհուդ դիմագծերը պարզորոշ հիշել. այս ամենը, ինչ խոսք, գուցե և հաճելի է, բայց այնքան էլ բնականոն չէ: Դասագիրը չպետք է լինի դեպի անցյալը տանող ժամանակի մեքենա ու ինձ տեղափոխի քսան տարի առաջ, ընդհակառակը, տրամաբանական կլիներ, եթե այն արտացոլեր վերջին քսան տարում տեղի ունեցած գրական տեղաշարժերը, ձեռքբերումներն ու ձախողումները: Հասարակական կյանքի փոփոխությունները, գիտական նորամուծությունները, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են ունեցել ոչ միայն քաղաքակրթական այս կամ այն հարթությունում, այլև թափանցել են մեր բոլորի տները, մտել մեր պայուսակներն ու գրպանները, աշխարհի նոր ձևափուխումները կարծես ոչ մի կերպ չեն անդրադարձել դասավանդվող գրականության տրամաբանության, բովանդակության և գրականության մատուցման պրոցեսի վրա: Մինչդեռ եթե դեռևս քսան տարի առաջ խնդիր կար գտնելու ինֆորմացիա, գիտելիք, գիտելիքի կրիչ ու աղբյուր (մեր անգլերենի դասագրքերը Ռուսաստանից էինք պատվիրում), ապա այժմ, ինֆորմացիայի հսկայական ծավալի ու դրա առավելագույն հասանելիության պայմաններում, խնդիրներն ու թիրախները էապես այլ են: Ինֆորմացիան կարիք ունի զտման և ինտերակտիվ մեթոդով մատուցման: Ժամանակակից կրթությունը պիտանի ու կիրառական գիտելիքի և ստեղծագործ ու վերլուծական մտքի համադրությունն է: Ուսումը նախապատրաստական մի մեծ փուլ է, որի ավարտին, երեկվա աշակերտը կունենա այսօրվա կյանքում կիրառելի գիտելիքներ: Սա ընդհանրական վերցրած: Եթե փորձենք խոսքը մասնավորեցնել ու բերել գրականություն ու գրականության ուսուցմանը, ապա պատկերն առավել շոշափելի կդառնա: Մասնավորապես, կրկին թերթելով հայ գրականության դասագրքերը, ակամա հարց է առաջանում. ինչո՞ւ ժամանակակից հայ գրողները տեղ չունեն այդտեղ: Հարցը ոչ միայն գրականագիտական կամ գեղարվեստական կողմից պետք է նայել, այլև արժեհամակարգային: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության աշակերտի մոտ ձևավորվում է մի պատկեր, որ Հայաստանի Հանրապետությունում գրող չկա: Այսինքն 90-ականներից այս կողմ ոչինչ չի գրվել, որ արժանի է իր ուշադրությանը: Թերևս նաև այստեղ կարելի է տեսնել, հանրության շրջանում դեռևս առկա վերապահումով մոտեցման պատճառներից մեկը ժամանակակից գրականության հանդեպ: Արժե շեշտել, որ ժամանակակից գրականություն ասվածը վերաբերում է 90-ականներից և 2000-ականներից հետո ստեղծված գրականությանը: Իսկ այդ գրականությունը գոյություն ունի, կա, ունի լավ ու ներկայանալի որակ և որ կարևորն է, այդ գրականությունը խոսում է աշակերտի հետ որպես համերկրացի, համաքաղաքացի, պրոբլեմակից ու ներկայի հարցադրումներին բախվող մի էություն, սակայն, որը գոյություն չունի, չկա դասագրքերում: Անվիճարկելի է, որ ուսուցման մեջ կարևոր գործոն է, ոչ միայն ուսուցանել այն ինչ եղել է, և այն ինչ կա, այլ տալ վաղվա տենդենցները, վաղվա կյանքի ուղենիշները: Հայ գրակության դասագրքերում ներկայացված գրողների ցանկում «առյուծի բաժին» կոչվածը հատկացված է սովետական շրջանի գրողներին, ովքեր ապրում և ստեղծագործում էին սովետական հասարակարգի, սովետական արժեհամակարգի, ինչպես նաև դաժան գրաքննության պայմաններում: Նրանց գրականությունը, անկախ իր տարաժամանակյա և համամարդկային արժեքից, ստեղծվել է նախ և առաջ տվյալ ժամանակի, այսինքն սովետական մարդու համար: Եվ եթե վիդեոմագնիտոֆոնն ու Պոլարոիդը գիտական նվաճումներ են, սակայն չեն համապատասխանում մեր այսօրվա ամենօրյա պահանջներին, ապա պետք է տրամաբանական համարել, որ այսօր աշակերտներին անհրաժեշտ է իր պետության կարգավիճակին, իր հասարակության խնդիրներին ու վաղվա հրամայականներին համապատասխան գրականություն: Ամբողջ աշխարհում գործում է մի միտում. կարևոր է ոչ այնքան, այն, թե ինչ գիտես, այլ այն, թե ինչպես ես իմացածդ կիրառում: Անալիտիկ մտածելակերպի խթանումը, աշակերտների ստեղծարարությունը խրախուսելն ու սեփական եսը բացահայտելը այն առանցքն են, որի շուրջ այժմ ձևովորվում են կրթական դասընթացները: Առավել ազատ դասընթացներ`բացօթյա, այգիներում, ոչ ստանդարտ միջավայրերում, թեմատիկ հանձնարարություններ, որոնք բացահայտում են այն ինչ այսօրվա հայաստանցու համար կարևոր է և ոչ միայն հավերժական ու անմահ արժեքների մասին քարոզ են, կարող են լինել այն տարբերությունը, որ կհամապատասխանի իմ՝ որպես առաջին դասարանցի ու այսօրվա առաջին դասարանցու միջև եղած տարբերությանը: Այնինչ մեր գրականության դասագրքերին նայելով երբեմն տպավորություն է ստեղծվում, որ «գրողը» մի մարդ է, որ ժամանակին գրել է, գուցե լավ կամ վատ, սա կարող է վիճարկելի լինել, բայց մի բան հաստատ է, նա հիմա մահացած է: Բոլոր հեղինակները, գոնե իմ թերթած դասագրքերում, վաղուց չկան: Սա հոգեբանական անջրպետ է ստեղծում աշակերտի և «գրող» կերպարի, աշակերտի և գրականության միջև: Ատեղծվում է մի տպավորություն, որ գրականությունը ստեղծվել է մի ժամանակ՝ անցյալում, մարդկանց կողմից, որոնք էլ չկան: Սա անգամ դրսևորվում է աշակերտների ընթերցողական նախասիրությունների մեջ: Աշակերտների մեծամասնությունը կարդում է անցյալ դարերի գրականություն: Բնականաբար հիանալի է, որ աշակերտը կարդում է անցյալի մեծ գրողներին, սակայն այն անթաքույց անվստահությունն ու երբեմն անգամ արհամարհանքը, որ կա ժամանակակից գրականության հանդեպ մտահոգիչ է: Այս առումով թերևս ամենամեծ անհանգստությունը, սակայն, կապված է ոչ այնքան աշակերտների, որքան ուսուցիչների հետ: Երբեմն տպավորություն է առաջանում, որ այսօրվա գրականության ուսուցչուհիները լավագույն դեպքում գրեթե անտեղյակ են, թե ինչ է գրվում, ինչ է հրատարակվում ու ինչ գրականություն է ստեղծվում հիմա, իրենց կողքին: Նրանք, անընդհատ վերապատմելով նախորդ դարի/դարերի գրողների մասին ու ներկայացնելով միայն այդ շրջանների գրականությունը, ստեղծում են մի այնպիսի տպավորություն, որ Հայաստանի Հանրապետության հաստատումից հետո ոչ մի գրող երևան չի եկել ու ոչ մի արժանի ստեղծագործություն չի գրվել: Ու հարցն այստեղ ավելի շատ անտեղյակությունն է, քան որևէ միտում:
Գրականությունը, ինչպես արվեստի կամ գիտության ցանկացած ճյուղ, գեղեցիկ, պիտանի և արժեքավոր է նաև իր համաժամանակյա լինելու մեջ: Այսօրվա հայ գրականության մուտքը աշակերտական դասագրքեր կվերացնի հենց այն կտրվածությունը, որ զգում է աշակերտը կարդալով մի բան, իսկ իրականում, ամեն քայլափոխի տեսնելով մեկ այլ բան: Կարդացած գրականության օրգանական կապը իր այսօրվա խնդիրներին ու ամենօրյա դժվարություններին կդառա աշակերտի և ժամանակակից գրականության հանդիպման վայրը: Ճանաչելով ժամանակակից գրողների, որոնք կենդանի են, շնչում են ու իր հետ ապրում են նույն երկրում, շնչելով նույն հասարակական-քաղաքական թոհուբոհը, աշակերտի մոտ կմեծանա հետաքրքրությունը կարդալու… առհասարակ կարդալու հանդեպ, որովհետև ընթերցանությունը այլևս կլինի ոչ թե դպրոցանական հանձնարարություն, այլ այսօրվա կյանքին մասնակից դառնալու հնարավորություն:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով