Վաչագան Ա. Սարգսյան. Հայ և համաշխարհային գրականությունը տարրական դասարանների դասագրքերում

«Գարուն», 2016, 2

Ինչպես հայտնի է՝ տարրական դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ներկայացված են ինտեգրված դասագրքերով: Այսինքն՝ չկան առանձին լեզվի և առանձին գրականության դասագրքեր: Միտումն այն է, որ 6-9 տարեկան երեխաները լեզվական գիտելիքներ ձեռք բերեն գործնականորեն, տվյալ գրական երկն ուսումնասիրելիս: Իսկ լեզվական գիտելիքները տրվում են այնքանով, որքանով դրանցով ապահովվում է երեխաների ճիշտ գրելն ու կարդալը տվյալ ժամանակամիջոցում: Լեզվական ավելորդ գիտելիքը բալաստ է դառնում երեխաների համար: Այս առումով տարրական դասարանների Մայրենիի դասագրքերում՝ Այբբենարան, Մայրենի-1, Մայրենի-2, Մայրենի-3, Մայրենի-4, ընդգրկվող բնագրերը ներկայացվում են համապատասխան մեթոդական ապարատով, որպեսզի թե՛ հեշտ լինի բնագրերի բովանդակության, գեղարվեստական առանձնահատկությունների յուրացումը երեխաների համար, թե՛ առավել գործնական եղանակով տրվեն լեզվական գիտելիքները և յուրացվեն կոնկրետ նյութի հիման վրա: Բնականաբար, գրական որևէ նյութի դասագիրք ներմուծելը կախված է, առաջին հերթին, նրա գեղարվեստական բարձր արժանիքներից: Այդ առումով նշված դասագրքերում աշխատել ենք ընդգրկել հայ և համաշխարհային մանկական գրականության լավագույն նմուշներից: Սակայն կան նաև ճանաչողական բնույթի նյութեր, որոնք դասագիրք են ներմուծվում՝ ելնելով պետական չափորոշիչներից ու ծրագրային պահանջներից: Դրանք ևս, հնարավորության սահմաններում, ներկայացվել են հետաքրքրաշարժ ձևերով և գեղարվեստականության պահպանմամբ: Դրանք ներկայացվել են զրույցների, հետաքրքիր պատմությունների, հեքիաթների, երևակայական հերոսների բազմապիսի գործողությունների, ասույթների, հետաքրքրաշարժ տեղեկությունների, նկարաշարերի և այլ տեսքով: Գրական նյութը պետք է նպաստի երեխաների մեջ հայրենասիրություն, ազգային ու պետական արժեքների նկատմամբ ակնածանք ու սեր սերմանելուն, համամարդկային արժեքները յուրացնելուն, արժեքային համակարգի ձևավորմանը, կարդալու, գրքի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը և զարգացմանը: Դասագզրքերում ընդգրկված են մոտ 60 հայ հեղինակի (դասական և ժամանակակից), շուրջ 250 ստեղծագործություն, հեղինակային և ժողովրդական 45 հեքիաթ, հարյուրավոր առակներ, առածներ, ասացվածքներ, դարձվածքներ, խնդուկներ, հանելուկներ, շուտասելուկներ, նկարելուկներ և ժողովրդական բանահյուսության այլ նմուշներ: Երեխաները կարդում, ուսումնասիրում են Հովհ. Թումանյանի մոտ 30 մանկական ստեղծագործություն, ծանոթանում լավաշ փախցնող ծտին, ձմռան ցրտին նամակ գրող Ճնճղուկյանին, մտորում Թռչունի հետ, մասնակցում Կացին Ախպոր, Սուտլիկ Որսկանի ու Քաջ Նազարի արկածներին, Սասունցի Դավթի հետ կռվում չարի դեմ ու հաղթում և այլն, և այլն: Ղ. Աղայան, Ավ. Իսահակյան, Ալ. Ծատուրյան, Խնկո Ապեր, Վ. Այգեկցի, Մ. Գոշ, Գարեգին Սրվանձտյան, Ս. Կապուտիկյան, Աղ. Այվազյան, Պ. Սևակ, Հ. Սահյան, Հովհ. Շիրազ, Վ. Անանյան, Գ. Էմին, Հր. Մաթևոսյան, Ղ. Սիրունյան, Մետաքսե, Արև. Ավագյան, Ս. Մուրադյյան, Լ. Սարգսյան, Էդ. Միլիտոսյան, Ա. Շեկոյան, Ռ. Դավոյան, Եր. Պետրոսյան, Հոբոս Ապեր, Պ. Խաչատրյան, Զ. Խալափյան, Նանսեն Միքայելյան, Վրեժ Իսրայելյան, Հուսիկ Խանդամուր. ահա հեղինակների ոչ լրիվ ցանկը, որոնց գրականությամբ ստեղծված արժեքներով ձևավորվում է երեխաների արժեքային համակարգը (օտար գրողների մասին կխոսվի առանձին ): Ցավոք, այսօր մանուկների համար գրողները քիչ են, գրողների մեծ մասի գրածներն էլ դասագրքերում ներառելու չեն զանազան պատճառներով: Դասագրքերի վերահրատարակման ժամանակ մշտապես թարմացվում են նյութերը: Կարծում եմ՝ նոր հեղինակների ընդգրկման հնարավորություններ կան: Դասագրքերում ներկայացված նյութերի միջոցով երեխաները ծանոթանում են Հայոց մեծերի փաղանգից շուրջ 50 ներկայացուցչի, կարդում զրույցներ մոտ 30 հուշարձանի մասին, տեսնում մոտ 50 խորհրդանիշ և կարդում դրանց մասին հետաքրքրաշարժ նյութեր: Մեծ տեղ է հատկացված համաշխարհային մանկական գրականության գլուխգործոցներին: Ներկայացված է մոտ 30 հեղինակ: Հայ երեխան ծանոթանում է իտալացի «սոխ» Չիպոլինոյին, հրաշքների աշխարհում հայտնված Ալիսին, անգլիացի թուխ արջուկին՝ Վինի Թուխին, Եզոպոսի առակների հերոսներին, շվեդ Մանչուկին ու Կառլսոնին, ֆրանսիացի հսկաներ Գարգանտյուային ու Պանտագրյուելին, իտալացի «ոչնչից պատրաստված մարդուկին», ռուս Էլեկտրոնիկին, բժիշկ Այբոլիտին ու Բուրատինոյին, Երեք արջերի տանը հայտնված աղջկան, պապիկին, որը չէր կարողանում հեքիաթ պատմել, ճանապարհորդում Գուլիվերի հետ, Փոքրիկ Իշխանի հետ ուրախանում ու տխրում: Եվ այլն, և այլն: Դասագրքերի՝ տասը տարուց ավելի գործադրումը ցույց տվեց, որ թե՛ երեխաները, թե՛ ուսուցիչները և թե՛ ծնողները գոհ են մայրենիի դասագրքերից, որոնք յուրաքանչյուր վերահրատարակման հետ բարեփոխվում են այս կամ այն չափով՝ հաշվի են առնվում բոլոր շահագրգիռ մարդկանց ցանկություններն ու նկատառումները:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով