Միհկել Մուտտ. Իմ բուսական, իմ կենդանական աշխարհը

«Գարուն», 1999, 11

Ինձ անվանում են կարմրավարդ: Ես խոշոր կին եմ` նույնիսկ հիմիկվա համաշխարհային աքսելերացիայի ֆոնի վրա: Ես ուշադրության կենտրոնում էի Արևելյան Գերմանիայում պրակտիկայի ժամանակ, թեև այնտեղի ջահել տիկիններից շատերն ուղղակի ձի են: Ես խոշոր եմ, բայց համաչափ: Ունեմ վիթխարի կոնքեր և լայն, սպիտակ կուրծք: Առհասարակ իմ մաշկը շատ սպիտակ է և մի քիչ պեպենոտ: Ատամներս փոքր-ինչ կարճ են և սուր: Այնպես որ ես չեմ կարող ինձ թույլ տալ կինոաստղի շլացուցիչ ժպիտ, պիտի բավարարվեմ մադոնայի խորհրդավոր ժպիտով:
Դեռ ցածր դասարաններում ես նկատել եմ, որ ամենից ավելի ինձ դուր են գալիս մի հաստատուն ոճի տղամարդիկ, որ մյուս աղջիկներին բոլորովին չեն հետաքրքրում: Իմ ընկերուհիները երազում էին բարձրահասակ և ուժեղ տիպերի մասին, ճկուն կովբոյների, մկանուտ գաղտնի գործակալների մասին: Նրանց սրտերը բաբախում էին ջոկեյների և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար: Ես չեմ ժխտում, որ ինքս էլ դրանց հանդեպ լիովին անտարբեր չեմ եղել, բայց իմ թաքուն համակրանքը պատկանում էր փոքրամարմին ու քնքուշ տղամարդկանց: Այդ զգացումը խորանում էր իմ ներքին հասունացմանը, զուգընթաց:
Վերջերս ես նկատեցի, որ այնքան եմ հասունացել, որ սիրում եմ ուղղակի տկարներին, թզուկներին: Բարձրահասակ տղամարդիկ ինձ ծիծաղելի են թվում և նողկանք են առաջացնում իմ մեջ: (Ծիծաղելի է պատկերացնելը, թե ինձանից կարճ կանայք ինչպես պիտի տնկեն գլուխները, որ նայեն նրանց):
Ի դեպ` ես հաճույքով նկատել եմ, որ գրավում եմ այդպիսի տղամարդկանց: Նրանք տենչում են ինձ, որովհետև նրանց օրինական կանայք նույն տեսակի են` փոքրամարմին ու գունատ, երբեմն էլ սակավարյուն: Նրանք կարծես չեն էլ քայլում, այլ սավառնում են մի քանի միլիմետր գետնից բարձր: Նրանք սազում են իրենց ամուսիններին` որպես լծակից արոր քաշելիս, բայց չեն կարող առաջարկել այն ամենը, ինչ գրավում է նրանց: Տղամարդիկ չեն ազատվում իրենց գաղտնի ձգտումներից, դրա համար էլ հետևում են ինձ: Ես թույլ եմ տալիս, որ նրանց մեջ ծագեն նման մղումներ, որովհետև այդպիսի տղամարդկանց հետ նման կեղծ խաղի սկիզբը տալիս է բացառիկ ապրումներ:
Macho (առնական) տղամարդիկ կանանց ետևից քարշ են գալիս համարյա նույն ձևով: Նրանց վարվելակերպը գրեթե միշտ կանխատեսելի է: Դա տալիս է ապահովության զգացում (ամուսնական սեքսի վերաբերյալ, ինչպես պնդում են գիտակները): Բայց նախապես հայտնի է ամեն ինչ: Նրանց մոտենալու ձևը պարզ է և ուղղագիծ: Դա ինձ անտարբեր է թողնում նրանց նկատմամբ:
Իսկ այն մյուսները… Նրանք տարօրինակություններ են դրսևորում, նույնիսկ ձանձրացնում են տարբեր եղանակներով. դրա համար էլ նրանց հետ հետաքրքիր է: Նրանք պատմում են հրապուրիչ պատմություններ, նրանք ճամփորդել են, լեզուներ գիտեն և աշխույժ միտք ունեն, մանավանդ երբ մի քիչ խմած են լինում, այդ միտքը զարմանալի ցատկեր է կատարում և այնպիսի ձևերով, որ իմ գլխում երբեք չէին ծնվի: Նրանցից մեկը վերջերս ասաց, որ միայն կասկածելի տիպերն են ինքնատիպ բաներով զբաղվում: Մտքի այս մարգարիտը ես մտքումս կրկնում եմ ամեն օր:
Նրանք սովորաբար ինձ հրավիրում են երեկոն անցկացնելու կամ քաղաքի կենտրոնում, կամ էլ բազմահարկ շենքի վերին հարկում: Հնչում է երաժշտությունը: Նրանք սրամտում են մի որոշ ժամանակ, հետո նորից հնչում է երաժշտությունը: Նրանք ինձ հետ պարում են տարօրինակ քայլերով և արտիստական շարժումներով: Սա զուտ ներշնչում է, որովհետև իրականում նրանք պարել չգիտեն: Ես ուրախությամբ միանում եմ նրանց, հետո ձևանում եմ, որ իբր թուլանում եմ նրանց անուժ ձեռքերի մեջ: Սրա վրա նրանք ամեն ինչ մոռանում են և իրենց քիթը սեղմում եմ իմ լանջաբացվածքին, որովհետև այս երկուսի բարձրությունը նույնն է: Եվ դոփում են տեղում, ինչպես պարի մարաթոնի վերջին փուլում:
Նրանց հետ ամեն ինչ անկանխատեսելի է: Պատկերացրեք, նրանցից մեկը մի անգամ քաշեց հանեց իմ գուլպան և գլուխը մտցրեց մեջը: Ես զարմանում եմ նրանց սարքած օյինների վրա և միշտ չէ, որ հասկանում եմ` նրանք իրե՞նց են ուրախացնում, թե կարծում են, որ ինձ են զվարճացնում: Շատ հնարավոր է, որ նրանք չհամարձակվեն առաջ գնալ` մինչև իրենց զանազան օյիններով չգրգռեն:
Նրանք հանում են ակնոցը և արագ մերկանում են: Հաճախ չեն էլ նկատում, որ ես դեռ լիովին հագնված եմ: Ես հեշտացնում եմ նրանց գործը և հանդարտ ազատվում եմ իմ շորերից:
Դրանից հետո նրանք ինձ հետ տապալվում են որևէ տեղում:
Ես նկատում եմ, թե ինչպես են հանճարները ինձ վրա դեպի վեր սողում: Նրանք, թվում է, մարդ էլ չեն, այլ մի տեսակ սիրելի բզեզներ, սպիտակ որդեր` շոշափուկներով: Բայց գերխելոք բզեզներ, հոգով զորավոր որդեր: Սեռական հատկանիշներով որդեր: Ես զգում եմ, թե ինչպես ինչ-որ բան ինձ խտուտ է տալիս, երբ նրանք սողում այդպես: Սա հազիվ է զգացվում և ընկերուհիներին պատմելու բան չէ: Ախր ինչ կարող է զգալ երկիրը, երբ մուկն է աշխատում իր գութանով, կամ էլ ինչ կարող է զգալ մանրահատակը, երբ կրիայի ձագուկը ետևից քարշ է տալիս թելով պոչին կապած փոքրիկ գազարը: Բայց դա լավ զգացում է, հրաշալի և ախորժալի:
Նրանք երբեմն ֆսֆսում են, երբեմն` ճչում, մեկ-մեկ էլ լողի շարժումներ են անում ինձ վրա: Մերթ ընդ մերթ նրանք կառչում են որևէ բանից, մերթ ընդ մերթ ընկնում են մի որևէ փոս և, թվում է, թե չեն կարող վեր մագլցել: Բայց նրանք մագլցում են:
Ես խրախուսում եմ նրանց նիհար ծնկները և շոյում հազացող կուրծքը: Նրանց կեռ մատները մտնում են իմ սպիտակ մարմնի մեջ: Նրանք բարձրանում են դեպի վեր. երբեմն հասնում են նպատակին, երբեմն` ոչ: Երբեմն նրանք ուղղակի ինձ վրա են թողնում իրենց հոտավետ շիթը, իրենց թաց կածանը, իրենց գորշ հետքը: Ես կասեի` մտավոր կածանը, որովհետև, եթե մի քիչ երևակայությունդ աշխատեցնես, ապա ոչ մի տարբերություն չկա այդ շիթի և նրանց հանճարեղ ուղեղների միջև:
Շիթն արագ չորանում է: Ես կուզենայի արդուկով տաքացնել այդ տեղը, որ դրա հետքը երևար և մնար իմ մարմնի վրա, ինչպես թղթին կաթով գրվածը:
Ես չգիտեմ ավելի վեհ բան, քան այն, որ համենայնդեպս նրանք հասնում են իրենց նպատակին և դատարկվում են իմ մեջ:
Նրանք չպիտի խրվեն շատ առնաբար: Այս դեպքում ամեն ինչ դառնում է սովորական: Կորչում է արտասովորության հմայքը: Մի անգամ ես շատ խաբվեցի մի մարդուց: Տեսքով նա իմ նախընտրած տեսակի նման էր: Ես համոզված էի, որ նա էլ է պատկանում հոգու որդերի եղբայրությանը: Բայց սխալվեցի, նա ինձ հետ վարվեց, ինչպես նորմալ տղամարդ: Անսպասելիությունն ինծ խանգարեց ժամանակին դիմադրել նրան: Բայց երբ ամեն ինչ վերջացած էր, ես առավոտյան ժամը չորսին դուրս արեցի նրան, թեև գտնվում էինք իր բնակարանում:
Բարեբախտաբար, այդպիսի վրիպումներ քիչ են պատահում: Աչքերս ավելի ու ավելի են սրվում, և ես, ուշադիր նայելով, կարողանում եմ ջոկել: Մեծ մասամբ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ես եմ ցանկանում: Բարձրագույն ակնթարթների ժամանակ ինձ պարզապես թվում է, թե տղամարդիկ էքսիպոտենց չունեն: Նրանք ուղղակի իմ մեջ են: Ես պարունակում եմ տղամարդկանց: Ի՜նչ լավ է:
Իմ բուսական, իմ կենդանական փոքրիկ աշխարհը:
Ես կուզենայի նրանց ականջին քնքշորեն շշնջալ. «Օրգանիզմս լի է միայն մանրադիտակով երևացող կյանքով»:
Լուսնի լյումինէսենցը սենյակ է հոսում անպտուղ:

Էստոներենից թարգմանեց Ըիե-Կայ Ավետիսյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով