Մհեր Արշակյան. Անկախության փորձությունը լեզվի մեջ է

Ինձ անկախության նախապատրաստել է պոեզիան։ Այն իմաստով, որ պոեզիայի շնորհիվ ես սեփական տարածքներ եմ ունեցել։ 88-ի շարժումն այդ իմաստով գրեթե դեր չի խաղացել։ Անձամբ ոչ մի մասնակցություն չեմ ունեցել Անկախություն ունենալու մեջ։ Իմ դերը հոսանքի անսխալականությունն զգալն էր։ Պոեզիան հենց այն է, ինչը ձեռքբերովին դարձնում է բնածին։ Որովհետև ոչ ոք սորուն ավազի վրա չի կարող ստեղծել կայունը։
Յուրաքանչյուրը գալիս է հոգեկան սեփական прастрансва-ն (ներողություն օտար բառի համար) ընդլայնելու առաքելությամբ։ Յուրաքանչյուրը գալիս է ինչ-որ նոր և անբացատրելի Տիեզերք «սահմանելու»։ Որպեսզի սիրտը և միտքը չդադարեն աշխատել։ Կարծում եմ, բոլոր մեր նվաճումների հիմքում հոգեկան սեփական տարածքների ճանաչողությունն է։ Ոչ փոխանցելը, այլ հենց՝ ճանաչելը։ Որովհետև այդ պահից ֆիքսվում է նյութը, որի վրա պետք է աշխատել։ Քո Տիեզերքը սոսկ մեկնարկային աշխարհ է լեզվի համար։ Գրականությունը օգնում է ֆիքսել քո ներսի անձեռնմխելին։ Ինքս, ինչպես ասացի, այդպիսի տարածքների տիրացել եմ հատկապես, և գուցե միայն պոեզիայի, մասնավորապես՝ Տիգրան Պասկևիչյանի, Ավագ Եփրեմյանի, Վահագն Աթաբեկյանի, Արմեն Դավթյանի և Աղվան Վարդանյանի պոեզիայի միջոցով։ Մնացած ամեն ինչը ես սահմանել եմ պոեզիայի միջոցով, ներառյալ Չարը և նրա «50 գույները»։ Առ այսօր նրանց պոեզիան ուղեկցում է ինձ։ Ինձ անհասկանալի է «Անկախությունը և պոեզիան» թեման։ Անկախության «մասին» իմ իմացած բանաստեղծությունը կար նա և անկախությունից առաջ («Նորից բանտերը լցվել են լույսով», «Ճակատագիրն ահա իր մատներով հողե» և այլն)։ Ավելին, չկա, այսպես ասած, անկախության «թելադրած» գրականություն։ Ավելի շուտ գրականությունն ինքն է գծում յուրաքանչյուրիս սահմանները մեր դիմացինի հետ հարաբերության մեջ, որովհետ և գրականությունը ոչ միայն «Տիեզերքների» հարաբերություն է։
Սակայն ո՞ւր է փորձությունը։ Ես կարող եմ խոսել ապրելու ջանքերից, մի կտոր հացից։ Ես կարող եմ խոսել օրենքների անկատարությունից, ամենից, ինչը պոեզիային վերադարձնում է «իր» բունը, ստիպում է նրան, այսպես ասած, վեր ընկնել տեղը։ Որովհետ և կյանքը,- ամեն վայրենություն սրանով է արդարացվում,- ավելի հարուստ է, քան ամենալավ գրականությունը։ Վայ նրան, ում կյանքն իրենից հարուստ է։ Գուցե ես քիչ եմ հասկանում կյանքը, գուցե,- ինչն ավելի հավանական է,- ավելի վատ հասկանում եմ գրականությունը, բայց ինձ թվում է, որ պետություններն իրենք էլ կոնֆլիկտի մեջ են յուրաքանչյուրի ներաշխարհի հետ։ Թեպետ, ըստ իս, իսկական պետությունը միշտ ձևը կգտնի ինքն իրենով լինել ստեղծագործության արդյունք։ Որովհետ և պետությունները սեփական ներաշխարհի չհրկիզվող պահարանն են, մենք՝ նրա լավագույն կապիտալը։ Եվ այդ պահարանի անձեռնմխելիության կատարելագործումն ամեն օր պահանջում է ստեղծագործական միջամտություն։
Եթե խոսենք ընդունված չափանիշներով, Անկախության իմ առաջին պոետը Նարինե Ավետյանն է։ Սակայն առաջին բանաստեղծությունները, որոնք պատմում են Անկախության մասին որպես «ոչ այնքան մարդկային դեմք» ունեցողի, Ավագ Եփրեմյանի «Ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ ոչ ոք չի ապրում», կամ Մարինե Պետրոսյանի «Երբ ոչ գնում ես, ոչ էլ վաճառում, շուկան նման է բանաստեղծության» տողերն են։ Անկախության գրականությունը նախաանկախական գրականության ուղիղ հակառակն է։ Այսինքն, ինքը չբղավեց իրավիճակի փոփոխության մասին։ Այն պարզապես նոր իրավիճակի գրականություն էր։ Դա այլ մտքերի գրականություն էր։ Անձամբ ես,- ասում եմ,- կարծես պատրաստ էի այդ գրականությանը։ Անկախության գիրն ուրիշի հետ կռիվ չունեցողի գիր է, եթե արդեն գտել ես ինքդ քո վրա սուր ճոճելու իրականությունը։ Այդ գիրն արդեն կողմնորոշված է սոսկ լեզվի մեջ, այն լեզվի հնարավորությունների ազատությունն է։ Բայց, ի վերջո, ի՞նչ պետք է ասվի։ Ոչինչ. ի՞նչ պետք է ապացուցվի։ Ոչինչ։ Մենք հարուստ ենք լեզվով այնքան ժամանակ, քանի դեռ գիրը չենք հարմարեցնում այսօր ապրելու մղումին։ Տեքստը վազք է ապագայի միջով, եթե նույնիսկ այն երեկվա մասին է։ Չկա, ի վերջո, Անկախության գրականություն։ Չկա Անկախության գրողը, եթե չկա սպառնալիքի գիրը։ Ո՞վ է մեր սպառնալիքը։ Այս հարցին չեմ պատասխանի։ Բայց այն մեր ներսում է։ Այս իմաստով է նաև, որ չեմ հասկանում «Անկախության գիր» ասվածը, որովհետև 25 տարի անց մեր գիրն անճանաչելի է մեր լեզվի մեջ։ Մենք կարծես մսխում ենք հիմքից բյուրեղացված հայերենը, որի քաղաքացիականությունն անհասցե է նույնիսկ Հայաստանում։
Մինչդեռ ի՞նչ է անկախությունը՝ խոսքի ազատություն։ Այսինքն, երբ միտքը չի կարող «քայլել» լեզվի հետ առանց խոսք դառնալու, այսինքն, երբ պետությունդ լեզվով չես գցում փորձանքի բերան և սպասում, որ նա այնտեղից դուրս գա համաշխարհ։ Ահա թե որտեղ է Անկախության փորձությունը։ Այն լեզվի մեջ է։

«Գարուն», 2016, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով