Վաղարշակ Թանգամյան. Տերյանը Պետերբուրգում

«Գարուն», 1987, 6

Տերյանի կյանքի և ստեղծագործության մեջ կարևոր շրջան է երկրորդ կամ պետերբուրգյան շրջանը, որը փաստորեն կարելի է «Երկիր Նաիրիի» շրջան կոչել: Չորս տարուց մի փոքր ավելի տևած այս շրջանը որոշակի շրջադարձ է հայտնաբերում նախորդ` մոսկովյան շրջանի ընթացքից: Մինչ այժմ տերյանագիտության մեջ չեն քննարկված այն դրդապատճառներն ու մղիչ հանգամանքները, որոնք պայմանավորեցին այս շրջանի լինելիության անհրաժեշտությունը, այնինչ դրանց վեր հանման կարևորությունը մեծ է, որովհետև դրանց բացահայտումը տալիս է շատ հարցերի պատասխաններ` կապված Տերյան բանաստեղծի և մարդու աշխարհայացքի, նրա գեղագիտական սկզբունքների, գաղափարական համոզմունքների, հետևաբար` ստեղծագործական պրոբլեմների բացահայտման հետ: Եվ քանի որ Տերյանի կյանքի յուրաքանչյուր նախորդ փուլ կամ շրջան իրենով պայմանավորել է տրամաբանական-դինամիկ անցում հաջորդին, ուստի հաջորդ շրջանի արմատները պետք է փնտրել ամենից առաջ նախորդ շրջանի մեջ: Ինչո՞վ էր պայմանավորված Տերյանի մեկնումը Պետերբուրգ: 1912 թվականի բանաստեղծությունների և հատորի լույս ընծայումով, փաստորեն, Տերյանի ստեղծագործական կյանքում ավարտվում է մի շրջափուլ, որը կարելի է կոչել ոգու շարժման մի ամփոփ շրջան և գեղագիտական-գաղափարական իդեալի վերջավորում: Այն սկզբնավորվել էր պատանեկան մթնշաղային անուրջների ու ցնորքների նրբահյուս, աոկայծուն պատկերներով, անցել անլույս գիշերի, սրտակեղեք հուշերի, սիրո և անուրջների կորստյան անդառնալիության ողբերգական գիտակցման տանջանքների միջով, «հեռու երկրի լույսե հովտում» արարել կեցության իր աշխարհը և հասել արևածագի ցնծագին ողջույնին ու դեպի մարդն ու աշխարհը վերադարձի իրական հրճվանքին: Սա Տերյանի առաջին վերադարձն էր, որը, սակայն, ըստ էության, չտվեց Տերյանին նրա որոնածը, այն է` գեղագիտական-գաղափարական նոր իդեալ: Սկսվում է բանաստեղծի համար տառապագին դեգերումների մի շրջան, որը շարունակվում է 1912 թվականի սկզբներից մինչև 1918 թվականի կեսերը: Այս անցման փուլում ըստ էության սկսվում է ավելի պարզորոշ ուրվագծվել և բարձրանալ հայրենիքի և մանկական-վաղ պատանեկան հիշողությունների անաղարտությունը, որը համալսարանական փուլում մնացել էր աննկատ բազում կենսական ու փիլիսոփայական զգացմունքների և զգացողությունների հորձանուտում: Հարցի էությանը այն էր, որ, ինչպես նկատված է գրականագիտության մեջ, պատանի հասակում «հեռանալով հայրենի եզերքից, Տերյանն անջատված զգաց իրեն հավիտենական այն մասունքներից, որոնք խմորել էին նրա մարմնի և հոգու բջիջները»:
1906 թվականին ավարտելով Լազարյան ճեմարանը և վերջապես ազատվելով ճեմարանական ուսումնառության ընթացքում հոգին կեղեքած երկվությունից` Տերյանը ամբողջ էությամբ ձգտում էր դեպի եվրոպական և ռուսական քաղաքակրթության հայտնությունների ոլորտը, իր հոգին նետում անհայտ մութերի, «խենթ» տագնապների հորձանուտը: «Հոգիս զարթնել է նոր կյանքի համար» (հատ. 3, էջ 241), «Անցյալն ինձ համար մեռավ, ես ողջունում եմ ապագան, բայց չգիտեմ, թե ինչպիսին կլինի այն, միևնույն է» (հատ. 3, էջ 239): Ռուսական առաջին հեղափոխության աոաջացրած կենսական հզոր շարժումը Տերյանի մոտ արտահայտվում է նաև բանաստեղծության ոչ միայն քաղաքացիական, այլև իր անձնական լիրիկային հատուկ կաղապարների մեջ:
1907 թվականին բանաստեղծը բավական երկար ժամանակ (մոտ չորս ամիս) մնում է հայրենի գյուղում: Մոսկովյան` իրադարձություններով ու կենսական աշխույժով հագեցած կյանքի ռիթմին ներհյուսված Տերյանը այդ ընթացքում զարհուրելիորեն սուր է զգում կյանքի քարացածությունն ու անշարժությունը. «Թախիծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր» (հատ. 3, էջ 240): Անհրապույր, ցուրտ հեռաստան է գյուղը. բանաստեղծին կապող ու հոգին ջերմացնող ոչինչ չկա այնտեղ:
1912-13 թթ. նշանավորվում են վերադարձով դեպի իր մանկության և վաղ պատանեկության շրջանի հիշողություններն ու մտապատկերները, մինչստեղծագործական հասակի վերապրումներով բանաստեղծը կենդանացնում է այն անաղարտ, հեքիաթային-իրական աշխարհը, որը ոչ թե երևակայության խաղի արդյունք էր, այլ իրոք ապրված-չգիտակցված երջանկություն: Դեպի իր անցյալի կենսական արմատները ետընթացը գեղագիտական իդեալի որոշակի նշանակություն է ձեռք բերում այդ տարիներին` նշանավորելով ոգու կեցության նոր ոլորտի որոնումների սկիզբն ու ուղղվածությունը: 1912 թվականին բանաստեղծը գրում էր Ա. Տիգրանյանին. «Բայց դուրեկան է նստել այսպես և մտածել հեռավոր կողմերի մասին: Եվ ամենից հաճախ ես դառնում եմ տուն— դեպի մեր գյուղը և մեր գետը, մեր տան դիմացի բլուրը, ուր ընկերներիս հետ խաղում էինք այն ժամանակ… Շատ բաներ էին կատարվում այն ժամանակ, այնքան հրաշք կար ու չտեսնված ու դյութական բան կար մեր գյուղում, գետի ափին, բլուրի մոտ» (հատ. 4, էջ 40):
Առանձնակիորեն կարևոր և հատկանշական է, որ այս քաղվածքը բանաստեղծի առաջին քնարական վերհուշ-անդրադարձումն է հայրենի գյուղին և հայրենիքին ընդհանրապես: Մինչ այս եղած անդրադարձումներն ու կապերը հայրենիքի հետ կրել են առօրեական-գործնական-նույնաժամանակյա բնույթ: Այս պահից սկսվում է բանաստեղծի համաժամանակյա-հոգևոր կապը հայրենիքի հետ` հետագա խորացումով և ընդգրկումների լայնացումով:
Դեպի իր հոգևոր-կենսական արմատները վերադարձի ճանապարհին կարևոր օղակ է Տերյանի մոտ «Հուշեր Լազարյանց ճեմարանի» ստեղծագործությունը (1912 թ.):

Երբ դառն օրերի անխինդ խոհերում
Վհատությունն է տիրում իմ սրտին,
Մեր ճեմարանն եմ ես մտաբերում,
Ինչպես հոր տունը անառակ որդին…

Անառակ որդու կերպար-գաղափարի հայտնությունը այս ստեղծագործության մեջ առանցքային նշանակություն ունի վերհուշ պատկերների կառուցման ու ընդհանուր մթնոլորտի վերստեղծման ընթացքի մեջ և ջերմ կարոտի, պատանեկան թեթև քամահրանքով սրբազան մասունքների անտեսման փաստի ամոթահար գիտակցման, զղջման, դարձի և ինքնաձաղկման զգացմունքների ամբողջական արտահայտությունն է:
Հինգ-վեց տարիներով բաժանված այս իրողությունների կամրջումով (1906 թ. ճեմարանի մասին արտահայտված վերաբերմունքի և «Հուշեր Լազարյանց ճեմարանի», գյուղի մասին 1907 թ. ասվածի և Տիգրանյանին գրած տողերի) լավագույնս է պարզագծվում այն շրջադարձը, որ կատարվում էր Տերյանի հոգում 1912-13 թվականներին:
Այդ տարիներին Տերյանին համակած տրամադրությունների ու զգացմունքների ամբողջական և գերագույն արտահայտություն, այնուամենայնիվ, պետք է համարել Բրյուսովի «Անառակ որդի» բանաստեղծության թարգմանությունը` գրված 1913-ի սկզբներին: Այս միտքը դույզն իսկ տարօրինակ ու անբնական չէ, քանզի այս փուլում Տերյանի հոգում կատարվող խմորումներին ոչ միայն համահնչյուն է այն, այլև ինչ-որ չափով նրա` մինչ այդ անցած մարդկային ու բանաստեղծական ուղու խտացումը կարող է համարվել:
Այս փուլում բանաստեղծական ոգու քննախույզ դիտարկումը համոզում է, որ մինչ 1913 թ. կեսերը, այսինքն` մինչև «Մի՞թե վերջին պոետն եմ ես…» բանաստեղծությունը, Տերյանի կողմից գտնված է միայն գեղագիտական իդեալը, այն դեռևս չի նվաճել գաղափարական ոլորտը, կապը հայրենիքի հետ սահմանափակվում է նրա կենսագրական ժամանակի շրջանակներով, և հայրենի տունը դեռևս չի ընդարձակել իր ընդգրկման ոլորտները մինչ այն պատմաաշխարհագրական-հոգևոր տարածքի ծերերը, որ կոչվում է «Երկիր Նաիրի»:
Տերյանի համար կենսական անհրաժեշտություն և առաջնահերթ նպատակ է դառնում «ավերված երազ-հայրենական տուն» հոգևոր կերտվածքի վերականգնումը։ Այս վերակերտումը հնարավոր էր մեն մի ճանապարհով, այն է` իր ժողովրդի` հազարամյակներով ստեղծված մշակույթի ու պատմության խորը և համակողմանի ոաումնասիրության և յուրացման միջոցով: Բնականաբար ծագում էր գիտական բարձր մակարդակի կրթօջախում ուսանելու անհրաժեշտությունը, թեև այն կապված էր բազում դժվարությունների հետ։ Այդպիսի կրթօջախ եղավ հենց Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, ուր Նիկողայոս Մառի արգասավոր գործունեությունը բարձրանում էր ամենահավակնոտ գիտական պահանջների մակարդակի:
Գիտական հարցասիրությունը, Մառի վկայությամբ, «բնավ օտար չէր» Տերյանին: Սակայն բացի գիտական հետաքրքրություններից, որ մղում էին բանաստեղծին հայագիտություն և կովկասագիտություն ուսումնասիրելու, կային նաև այլ պատճառներ և մտահոգություններ, որոնցից մեծագույնը, թերևս,

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

հարցն էր։ Մեր ժողովրդի գոյատևման խնդիրը ամենամտահոգիչն էր առաջավոր մտավորականության համար, որին անդրադարձել է Թումանյանը 1912 թվականին Էլիզե Ռեքլյուի` մեզ համար անհեռանկար վարկածի մեջբերումով: Տերյանի մոտ այն բեկվում էր ազգային կուլտուրայի գոյատևման տեսանկյունով, ուստի նրա համար կարևոր էր ուսումնասիրել մեր ժողովրդի և նրա հոգևոր մշակույթի արմատները` համադրության մեջ անհետացած և դեռ գոյատևող հարևան ժողովուրդների հետ` համոզվելու, որ երկիր Նաիրին ունի հավերժելու անսասան հիմքեր: Առանց այդ հիմքերի նկատմամբ վստահ լավատեսության չէին կարող գրվել ոչ «Հայ գրականության գալիք օրը» տեսական-ծրագրային զեկուցումը, ոչ ավելի ուշ ստեղծված «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին…» բանաստեղծությունը:
Պետերբուրգի համալսարանում ուսումնառությունը, մեր կարծիքով, սերտորեն առնչվում է նաև «Երկիր Նաիրի» բանաստեղծական շարքի ստեղծման ծրագրի և նպատակի հետ (այս շարքի արարման գաղափարը առաջացել է բանաստեղծի մոտ Պետերբուրգ մեկնելու մտադրության հետ գրեթե միաժամանակ): Եթե նախորդ շարքերը («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ» և այլն) օրվա և ժամանակի տրամադրությունների, մարդկային ինտիմ և նրբագույն զգացմունքների արտահայտման տեսակետից բանաստեղծի հոգևոր վիթխարի կուտակումների և ռուս ու եվրոպական քնարերգության նորագույն նվաճումների հիմքի վրա կարող էին ստեղծվել, ապա «Երկիր Նաիրի» շարքը պահանջում էր որակապես նոր մոտեցում և նոր հիմքեր, քանզի այն հայրենիքի թեմայի զգացմունքային-գիտակցական բացահայտումն էր։
Եվ, վերջապես, պակաս կարևորություն չի ներկայացնում նաև Պողոս Մակինցյանի կարծիքը Տերյանի Պետերբուրգ մեկնելու կապակցությամբ. «Այս վերջին տարիների ընթացքում (Մոսկվայի համալսարանի ուսանողական տարիներ— Վ. Թ.) նա շարունակ հարց է տալիս— ահա ավարտեց համալսարանը— հետո՞: Եվ այս հետոն նրան սարսափ էր ազդում: Պարզ բան է, նա չի մտնում ծառայության որևէ պետական գիմնազիա, ուրեմն մնում է ուսուցչություն անել հայ դպրոցներում: Նախ ուսուցչությունը, ապա հայ իրականությունն ու միջավայրը ահ ու սարսափ էին ներշնչում նրան: Նա ըմբռնում էր, որ եթե ինքը դառել է Տերյան— դա մեծ քաղաքում, կուլտուրական միջավայրում ապրելու արդյունք է: Ուսուցչի տաժանակիր աշխատանքը, այն էլ խուլ գավառում— այդ ուղիով արդեն գնացել են մեր գրողներից ոմանք և կորել որպես գրողներ: Նա չէր ուզում «կյանք մտնել» և վճռեց շարունակել իր կյանքը համեստ, ուսանողական եղանակով, բազմաթիվ զրկանքներով ու նեղություններով, բայց կուլտուրական կենտրոններում»:
Փաստերի ոչ խորազնին և ոչ ըստ էության վերհանման հետևանքով այս կարծիքը տերյանագիտության մեջ այնպիսի բուռն ընդվզում է առաջացրել, որ անհրաժեշտ է վկայակոչել դրա օգտին խոսող առավել «շոշափելի» երկու փաստ. կովկասյան իրականության մասին 1908 թվական Տերյանը գրում էր. «Սոսկալի երկիր է, ամեն ինչ այստեղ այլանդակ կերպարանք է ընդունում, ամեն ինչ վայրենի ձևով արտահայտվում և այլասերվում: Եվ մենք պետք է աշխատենք այստեղ, մտածիր` ինչքան ուժ է պետք, ինչքան տոկունություն» (հատ. 3, էջ 258): Ընդ որում այս նամակը գրված է Ց. Խանզադյանին, որը առաջինը ժխտեց Մակինցյանի վերոհիշյալ կարծիքը: Իսկ «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ մասնավորապես նշում է. «Մի հայ պուբլիցիստ ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել: Եվ դա այդպես է» (հատ. 3, էջ 81):
Այստեղ ակնհայտորեն շփոթվել են դեպի հայրենիք հոգևոր-բանաստեղծական վերադարձը և մարմնավոր-ֆիզիկական վերադարձը: Մնում է ավելացնել նաև, որ «սեմինարիզմի» դեմ այդքան կրքոտությամբ պայքարող և ատելությամբ լցված Տերյանը անելիք չուներ «սեմինարիզմի» ու տիրացուականության բաստիոնում:
Այսպիսով, 1912-13 թթ. Տերյանի կյանքում և ստեղծագործության մեջ կազմում են որոշակիորեն ինքնուրույն ժամանակահատված, անցման փուլ հայրենիքի թեմային, իսկ շարադրված փաստերը` այն գլխավոր դրդապատճառներն ու շարժառիթները, որոնցով պայմանավորվեց պետրբուրգյան շրջանի սկզբնավորումը: Այս ամենը, ի վերջո, հանգում են մի գերագույն նպատակի, այն է` իր ժողովուրդի կուլտուրական և հոգևոր առաջընթացին նպաստելու ազնիվ նպատակին, այն հավատքին, որ բանաստեղծն արտահայտեց «Հոգևոր Հայաստան»-ում:

Վաղարշակ Թանգամյան
Վ. Տերյանի տուն-թանգարանի տնօրեն

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով