Մարինե Պետրոսյան. Բանաստեղծություններ

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

«Գարուն», 1987, 6. Տպագրվել է «ՆՈՐ ԱՆՈՒՆ» խորագրի ներքո

***
Ես ինչպե՞ս ետ հրեմ
այսքան իրերը,
ինչպե՞ս գտնեմ ճանապարհը,
որ միակն է:

Ես ինչպե՞ս ետ հրեմ
այսքան բառերը,
ինչպե՞ս գտնեմ խոսքը,
որ միակն է:

Ես ինչպե՞ս ասեմ,
որ կրկնեք ինձ հետ.
«Նույնն է անձրևը,
որ իջնում է մեզ վրա,
և նույնն են մեր աչքերը
այս բարձր ու դաժան
երկնքի տակ»:

***
Այս միակ արևի տակ
կգնայիր բոլորի հետ
երգելով խայտաճամուկ երգեր:

Ժամանակը իր տեղում է, Համլետ,
ինքդ դուրս եկար ճանապարհից:

Մի քիչ ծիծաղ կկախեիր գլխարկիցդ:

Քարացար
դատարկությանը հենված:

***
Կատու էր,
ձյուն էր եկել, գնում էր ձյուների միջով,
սովորական կատու էր, ձյունն էլ:

Միայն թե նայում էիր`
կատուն ուղիղ էր գնում,
իսկ ձյան վրա
շրջանագիծ էր:

***
Վաղը մեր փակ պատուհաններից այն կողմ ձյուն կգա:

Վաղը մեր բոլորի հայելիները կարտացոլեն նույն դեմքը
սպասող:

Վաղը կբացենք մեր պատուհանները
բոլորս միասին:

***
Կարմիր մատիտով սպիտակ թղթի վրա նկարեցի նավակ:

Խաղ էր,
օրերի ալիքները տարան:

Հիմա ափ են նետել որպես
ճակատագիր:

***
Որտեղի՞ց եկան կատուները այն թրջված աչքերով:

Անձրև չէր եկել,
վաղուց է արդեն անձրև չէր եկել:

Ես հանկարծ տեսա նրանց աչքերը, ու հանկարծ թվաց`
մանուկ կա թաղված իմ ոտքերի տակ, կենդանի մանուկ:

***
Չորս աստիճան:

Դեպի բացատը լուսնի մեջ,
դեպի ծաղիկը`
աղաղակում իր թերթերի:

Դու ետ կնայես ու էլ չես դառնա:
Կմնաս քարերի տակ լռության:

***
Հաղթության ավետիսը
տեսիլն ուներ
իմ արյան:

Հաղթության ավետիսը
ձայնն ուներ
քո վարսերի:

Հորդանան գետը
ինչո՞ւ է այսօր էլ
հոսում:

Երբ աչքերիս`
անունդ սուգ է,
Աբիսողոմ:

***
Ո՞վ է եկել,
եկել կանգնել բլուրի մոտ
ու լռում է:

Գնամ հասնեմ բլուրի մոտ,
կանգնեմ կանաչ բլուրի մոտ,
տեսնեմ ո՞վ է, ո՞վ է եկել:

Ձեռքին` ցորեն, ձեռքին` խաղող,
եկել հասել,
կանգնել կանաչ բլուրի մոտ
ու չի ասում,
որ եկել է:

***
Մի օր կբացենք դուռը,
էլ չենք կարողանա փակել:

Կարմիր կդառնա գետը
քո երակներով հոսող:

Եվ պարիսպներիդ վրա, քաղաք,
կաղաղակի բառը,
որ վախենում ենք կարդալ:

***
Ասացի. «Ոչինչ, բան էլ չի եղել,
արի ետ դառնանք,
նոր ճամփա փնտրենք»:

Ասացի. «Ոչինչ, բան էլ չի եղել,
գնանք մինչև վերջ,
մի տեղ դուրս կգանք»:

Հոգնած կանգնել էր
ու չէր հեկեկում:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով