Լևոն Հախվերդյան. Հրանտ Մաթևոսյանի արձակը` ինչպես որ մեզ ներկայանում է

«Գարուն», 1968, 6

Հրանտ Մաթևոսյանի առաջին իսկ գրվածքներն ուշադրություն գրավեցին, հաջողություն գտան, մտքեր հարուցեցին:
Հիրավի, որո՞նք են պատճառներն այդ հաջողության, որ շատերին ուրախացնում է, ոմանց շփոթեցնում ու տրտմեցնում: Հարցի հնարավոր պատասխանն, իհարկե, գրողի արժանիքների բացահայտումը պիտի լինի, բայց նրա թերի կողմերն էլ չպիտի անգիտանալ, եթե ուզում ենք ստույգ գնահատել երևույթը և գրողին տեսնել ոչ թե մի կետում, այլ ընթացքի, զարգացման, այդ զարգացման ճիշտ հունի մեջ:
Գյուտ արած չենք լինի, եթե ասենք, որ Հր. Մաթևոսյանի արձակի անբաժան հատկանիշն ինքնատիպությունն է: Հաճախակի ու անպատեհ գործածությունից այդ բնորոշումը կարծես կորցրել է բովանդակությունը: Բայց տեղն եկել է բնորոշմանը վերադարձնելու իր ճշմարիտ իմաստը: Ինքնատիպություն, որ ոչ թե նպատակ է, այլ հետևանք, ոչ թե ուրիշ հեղինակներից առնված փոխառություն է, այլ կյանքի սեփական զննումները սեփական միջոցներով արտահայտելու ձիրք: Հր. Մաթևոսյանը մեր կյանքում, մեր իսկ աչքի առաջ հոսող, առերևույթ միանգամայն հասկանալի կյանքում զննում է ու ըմբռնում բախումներ ու բնավորություններ, որ ուրիշները չեն տեսնում և ըմբռնում, այդ ամենն իմաստավորում ու արտահայտում է այնպես, ինչպես միայն ինքը, իր գրական խառնվածքը կարող է անել:
Իսկ ավանդնե՞րը, մեր արձակի բարի ավանդնե՞րը: Հենց բանն էլ այն է, որ ավանդները Հր. Մաթևոսյանի արձակում ունեն, որքան էլ էական, բայց ենթակա, երկրորդային նշանակություն: Առաջնայինը կյանքն է, սեփական կենսափորձը, կյանքից առած սեփական տպավորությունը, վերջապես` սեփական արտահայտությունը:
Իրականության հանդեպ շիտակ, աներկմիտ ու աներկդիմի, անհաշվենկատորեն համարձակ հայացքն է, որ Հր. Մաթևոսյանին մղեց գրականության առաջապահ դիրքերը:
«Մենք ենք, մեր սարերը» մի սովորական պատմություն է վերջապես, բայց այդ սովորականի մեջ բացահայտված են այնպիսի հարաբերություններ, ինչպես օրենքը մարդը, աշխատանքը և մարդը, անհատը և հասարակությունը, գյուղը և դրսի մեծ աշխարհը, թվացյալ և իրական հանցանքը: Դուրս է գալիս, որ հանցավորը ոչ թե հովիվներն են` դատի ու դատաստանի կանչվողները, որոնց արարքն ամենաշատը կարող է զանցանք համարվել, այլ հաշվային աշխատող Ծառուկյանը` կուտակելու անհագուրդ տենչով, ու անտառամիջցի գեներալը` մերձավորի հանդեպ ունեցած բութ ատարբերությամբ, մարդիկ, որ երբեք դատ ու դատաստանի չեն կանչվի, քանի որ մշտապես օրինավոր ու օրինական տեսք ունեն:
Կյանքում օրինականն ու ապօրինին, հանցանքն ու զանցանքն այնպես դյուրությամբ չեն տարորոշվում, ինչպես օրենսգրքում: Ահա, խնդրեմ, Ծառուկյանի նման, մարդիկ «կարգին մարդիկ են, հագնում են ոչ հին, ոչ նոր հագուստ, տոպրակները ձեռքներին շուկայից գալիս ծանոթներին բարևում են ժպտալով, և համարյա թե միշտ տնային լիազոր են լինում հասարակական կարգով»: Կարծես, ասվում է ի միջի այլոց և վատ բան էլ չի ասվում: Սա այն մարդն է, որ ամենից հաստատ միայն մի բան գիտի, «թանաքն ու շտամպը նրա համար են, որ թուղթը դարձնեն փաստաթուղթ»: Եթե նման մարդկանցից «տասը ռուբլի խնդրես մեկ օրով, վերարկու առնելու, նրանք կմտածեն ու խորհուրդ կտան.— փողդ դես-դեն մի գցիր»: Ի՞նչ կա դատապարտելի այս բնորոշումների մեջ: Կարծես թե ոչինչ: Ոչ ոքի դեռ դատական պատասխանատվության չեն ենթարկել սեփական փողը պինդ պահելու, ժլա-տության, մերձավորին օգնության ձեռք չմեկնելու կամ փաստաթղթի պաշտամունք ունենալու համար: Օրենսգրքի սահմաններում նա նույնքան անխոցելի է, որքան անտառամիջցի այն գեներալը, որ կարող է, բայց չի բարեհաճում, իրեն նեղություն չի տալիս միջամտել ու համագյուղացիներին դուրս բերել փորձանքից: Նրան բան են ասում («Ընկեր գեներալ, տղաներին անմեղ տեղը…»), սա խոսքը կտուրն է գցում, կատակի է տալիս, չհասկանալ է ձևանում, ձեռնունայն ճանապարհ է դնում եկողին ու դեռ ասում. «Որ գալիս եք քաղաք` ուրիշ տեղ մի գնացեք: Եկեք մեզ մոտ, մի քաշվեք»: Սա ի՞նչ մարդկություն է: Ճիշտ է, նման վարքագծի համար օրենսգրքով ոչ մի պատիժ չի սահմանված, բայց տմարդությունը մնում է տմարդություն:
Ինչպես նկատելի գեղարվեստական արժեք ունեցող ամեն մի գրվածքի, Հր. Մաթևոսյանի գրվածքների գաղափարն էլ դժվար է իսկույն բերել մի ընդհանուր հայտարարի ու երկու խոսքով ձևակերպել գրողի ասելիքը: Պատճառը ոչ թե գաղափարի անորոշությունն է (ընդհակառակը` դա շատ է հստակ), այլ հարուստ լինելը: Համենայն դեպս կարելի է նկատել, որ գրախոսվող գիրքն ունի երկու գլխավոր շեշտ` աշխատանքի, աշխատավորի, հոգս քաշողի, կյանքը հարստացնողի դրվատանքը և, այդ վերաբերմունքի պարտադիր անդրադարձմանը` արհամարհանքը կյանքը կողոպտողի, անաշխատ վայելողի հանդեպ: Քիչ չեն գրողներ, որ առաջնորդվում են գաղափարական այս ազնիվ դիրքորոշմանը, բայց քիչ են գրողներ, որ իրենց ասելիքն ու դիրքորոշումը, համակրանքն ու հակակրանքը կարողանում են դարձնել այնքան տպավորիչ ու միաժամանակ անտարակուսելիորեն հավաստի գեղարվեստական կերպարներ, ինչպես այդ անում է Հր. Մաթևոսյանը: Դրա հիմքը ոչ միայն տաղանդն է, այլև ստեղծագործական ամուր նախասիրությունը` մշտապես ելնել սեփական, թեկուզ և ոչ այնքան մեծ, կենսափորձից, իր տեսած ու ապրած կյանքի զննումներից:
Իմանալով գրողի դիրքորոշումը բարոյական աշխարհում, դժվար չէ հասկանալ, թե նա ինչու է սիրում «Մենք ենք, մեր սարերի» հովիվներին` Զավեն Քոչարյանին, Պավլեին, Ավագին, Իշխանին: Նրանք աշխատավոր մարդիկ են, բառիս ամենասքանչելի իմաստով` մշակ: Սրանով, այս հեղինակի համար, ամեն ինչ ասված է: Ոչինչ այնպես չի շարժում նրա խանդաղատանքը, ինչպես աշխատանքի, գործ անելու պատկերները, ասենք Իշխանը` ուժի գերագույն լարումով եզանը փրկելիս կամ հուժկու Պավլեն` հունձ անելիս: Ահա ինչու այնքան դառն է նրա հեգնանքը, երբ բանը հասնում է կուտակելու, շահելու տենչով բռնված մարդկանց, աշխատավորին իր գործից զզվացնող և մանավանդ՝ հողի աշխատավորին հողից կտրող անհատներին:
Բայց ահա գրողն ընթերցողին կանգնեցնում է դժվար լուծելի խնդրի առաջ: Ինչո՞ւ նա այսքան ներողամիտ է «Ալխո» պատմվածքի հերոս Գիքորի հանդեպ, որ ոչ Զավեն է, ոչ Ավագ, այլ միշտ դեպի իրեն քաշող, իր շահը ճանաչող, իր շահն ամեն ինչից վեր դասող մարդ:
Այստեղ է, որ մոտենում ենք գրողի մյուս, ոչ պակաս էական նախասիրությանը` դժվարին խնդիրներ առաջադրել ոչ միայն ընթերցողին, այլև իրեն: Դրա նպատակն այլ բան չէ, քան կյանքի, մարդկային հոգեբանության բարդության ըմբռնումը, յուրացումը:
Պատմվածքի հերոս դարձնելով Գիքորին, գրողն իրեն նախապես դնում է դժվարության առաջ` հաղթահարել այն ամենը, ինչ հակակրելի է այդ հերոսի մեջ՝ հայտնաբերելու համար այն, հանուն որի արժե դաշնակցել նրա հետ: Եվ հայտնաբերում է: Դա Գիքորի ատելությունն ու արհամարհանքն է չաշխատողի, պարապ վայելողի հանդեպ, այնքան խոր ու անզիջում, որ հարազատ որդուն էլ չի խնայում: Որդին քաղաքում տաքուկ տեղ է գտել, օրնիբուն քեֆ է անում իր նմանների հետ, վերադասին հաճոյանալով ու ծառայելով: Քեֆն էլ գալիս գյուղի հանդերումն է անում՝ հնձվորների աչքի առաջ, գալիս էլ չի բարեհաճում գյուղ մտնել, հոր վիճակը հարցնել: Եվ դառնորեն մտածում է Գիքորը` ինչո՞ւ են «պետական մեքենաները ջարդոտելով» գալին հասնում գյուղի մոտերքը, ինչո՞ւ ոչինչ չեն խնայում ու չեն ափսոսում, «ախր էս պետությունն էլ մեղք է, չէ՞, չորս կողմից` չեք աշխատում և ուտում եք: Եվ արյունն եք պղտորում: Ահա հնձվորն աղբյուրի գլխին գերանդի է քաշում, կանայք աղբյուրի տակ խոտ են դիզում,— եղա՞վ, եկել նստել եք մեջները` տա՜շի-տուշի…»:
Այստեղ է, ող հեղինակը վեճ չունի իը հերոսի նետ: Եվ, հանուն իր բուն ասելիքի և, դրա թելադրանքով, աշխատողի ու չաշխատողի հարաբերության թեման մի նոր կողմից բացահայտելու, մի նոր ուժով հնչեցնելու համար մի պահ հաղթահարում, «մոռանում», «ներում» է կերպարի մեղքերը:
Սյուժեն Հր. Մաթևոսյանի համար ոչ թե ընթերցող զբաղեցնելու, այլ հոգեբանություն, իրադրություն, հարաբերություն բացելու հնարավորություն է, որ նա թանկ է գնահատում, ուստի և ժլատաբար, երբեմն չափից դուրս ժլատաբար է օգտագործում: Նա սյուժեի հանդեպ այնքան պահանջկոտ է, ինչպես Գիքորը` բեռնաձի Ալխոյի, ուզում է քամել նրա վերջին հնարավորությունը, ինչպես Գիքորն է քամում բազմաչարչար Ալխոյի ուժերը: Բեռնում ու բեռնում է անխնա: Ահա ինչու նրա սյուժեի անիվն այնպես ծանր է թավալվում` ետևից խոր ակոսներ թողնելով, ի տարբերություն և ի հակադրություն անարգել ու թեթև գլորվող սյուժետային այն առույգ անիվների, որ հետք էլ չեն թողնում ետևից:
Ահա ինչու Հր. Մաթևոսյանի գրվածքներն աչքի են ընկնում ոչ թե իբրև սյուժետային միավորներ, այլ իբրև բացահայտումներ, սոցիալական ու հոգեբանական հայտնագործումներ (ճշմարիտ գեղարվեստական արժեքը միշտ էլ հայտնագործում է` «արվեստը ճամփորդություն է դեպի անհայտություն» մտքի տրամաբանությամբ):
Ահա ինչու երկու խոսքով կարելի է սպառել և՛ «Սարերի», և՛ «Ալխոյի» սյուժեն, բայց դրանց ասելիքը, բովանդակությունը` ոչ մի դեպքում:
Սա վերաբերում է նաև «Կայարանին»` գրքի ամենից ծավալուն և ուժեղ գրվածքներից մեկին: Ի՞նչ է սա իբրև սյուժե` մի շատ հասարակ, «դատարկ բան», թե ինչպես համալսարանավարտ Հրանտ Քառյանը տնեցիների համար նվերներ առած գալիս է գյուղ, բայց ստիպված երկու օր մնում է կայարանում վեր ընկած, երկու օր իրեն ուտելով սպասում է` մինչև որ ձի են ուղարկում, որ իրերը բարձի ու ճանապարհ ընկնի… Այս է ընդամենը: Բայց երբ այս «ընդամենի» մեջ գրողը ցույց է տալիս, թե այդ երկու օրվա մեջ ինչպես են խամրում հաջողակ մարդու պատրանքներ ունեցող երիտասարդի «շքեղ» գույները, ինչ օրի է ընկնում երբեմնի ուռած-փքված, իրենից ու աշխարհից գոհունակ տղան` միտդ է գալիս ավետարանական ընդհանրացումը մարդ արարածի հեզության ու հնազանդության մասին: Վերափոխումն այնքան խորն է, որ կարծես տարբեր մարդիկ են Քառյանները պատմվածքի սկզբում և վերջում: Գնացքում նա գոհ է իրենից ու աշխարհից. «…այսպես հաջողակ, գեղեցիկ, մոխրագույն զոլավոր տաբատս արդուկած, սև կոշիկներս մաքուր, մուգ փողկապս սպիտակ վերնաշապկիս վրա թուլացրած»: Կարծում է նույնիսկ, թե գնացքի իր ուղեկիցները կարող են այսպես մտածել, «անարդարություն է կատարվում, երիտասարդն ահա արժանի էր Փարիզին, բայց ահա իջնում է ինչ-որ Քոլագերան, ինչ-որ Ծմակուտի համար»:
Մինչդեռ կայարանի երկու օրվա սպասումը դաժան անհերքելիությամբ ցույց է տալիս, որ «Փարիզին արժանի երիտասարդին» Ծմակուտն էլ չի ընդունում, նրա դիպլոմն ու ինքնահամարումը ոչ ոքի չեն վերաբերում, իր անձը ոչ ոքի չի հուզում: Ծմակուտից փոխադրական խնդրելու հեռախոսային ամեն մի ապարդյուն խոսակցությունից հետո մի աստիճան իջնում է նրա ոգևորությունը: Կամաց-կամաց նա իջնում է իրերի իրական դրությանը, իր իրական արժեքը հասկանալու մակարդակին, հետո` ավելի ու ավելի ցած` մինչև որ երբեմնի «շքեղ երիտասարդը» դառնում է ճմրթված, փետրաթափ մի սովորական ծմակուտցի շիլ Եղիշի տղան ընդամենը, ու երբեմնի հպարտ տղայից մնում է միայն հիշողություն:
Ի՞նչ է սա` պատրանքների և իրականության բախո՞ւմ, աղաղա՞կ անտարբերության, մարդուն բանի տեղ չդնող, նրա երազանքները գետնին հավասարեցնող անխիղճ վերաբերմունքի դեմ: Այո: Բայց նաև իր դեմ, իր անզորության, տղայական բարձրամտության, շքեղ երազանքներ ունենալու միամտության դեմ:
Բայց միայն հարցադրումները չեն, որ Հր. Մաթևոսյանի արձակը դարձնում են արդիական: Այդ արձակը ժամանակակից է նաև գեղարվեստական արտահայտչությամբ: Մեկը մյուսով պայմանավորված երևույթ: Արձակի նման ոճ չէր կարող լինել ոչ հիսուն, ոչ քսան տարի առաջ, չէր կարող նախորդել Ստ. Զորյանին և Ա. Բակունցին: Դա արտահայտված վերլուծական արձակ է իր գրավիչ և ոչ միայն գրավիչ կողմերով, մանավանդ` անպատրաստ ընթերցողի համար:
Սա ոչ թե հանդարտ պատմող, այլ սևեռուն բացահայտող արձակ է: Անսովոր կենտրոնացումով ու հետևողականությամբ արձակագիրն ուզում է բացել առարկայի բուն միջուկը, բռնել կերպարների ու նրանց հարաբերությունների թաքնված խորքը: Այդ արձակը լի է սևեռուն զննումներով, ստույգ բնութագրերով, նուրբ դիտողություններով, թանձր, բայց նաև խառն, երբեմն էլ մանվածապատ պատկերումներով: Այստեղից էլ` դժվար ընթերցում: Թեթև ընթերցանության սիրահարը հազիվ թե հրապուրվի այս գրքով, ինչպես առհասարակ վերլուծական արձակի թեկուզ և հանճարեղ նմուշներով:
Մի գիտական տերմին` «նյութի դիմադրությունը», վաղուց անցել է գրականագիտության ասպարեզ: Պատկերվող նյութի դիմադրությունը հաղթահարող, ասել է թե բացահայտող ու բացատրող (ի հակակշիռ զուտ պատմողականի) գրականությունն առհասարակ դժվար է կարդացվում. ընթերցողն էլ այստեղ «գրքի՛ դիմադրությունը» պիտի հաղթահարի: Եվ նա վարձահատույց կլինի նրանով, որ կարդացածը դժվար էլ մոռացության կտա, եթե անպայման է, որ պիտի մոռացության տա:
Իր բնույթով Հր. Մաթևոսյանի գրվածքները պատկանում են ահա արձակի այդ տեսակին: Սա՝ իր հերթին: Բայց որքան էլ հասկանանք ու գնահատենք այդ, որքան էլ դրվատենք Հր. Մաթևոսյանին, որ նրա ոչ մեծ գիրքը այնքան շատ կենսական նյութ ու մտածմունքներ է խտացնում, մամլում իր մեջ, որքան էլ գնահատենք քչով շատն ասելու ձգտումն ու ձիրքը` պիտի տեսնենք ու ասենք նաև այն, որ նրա արձակի ստվերոտ կողմն է: Եվ խնդիրը դեռ ժողովածուի թույլ պատմվածքներին չի վերաբերում (գրքի մանր գրվածքներին, որոնց մեջ` արհեստական ֆինալով աչքի ընկնող «Նարինջ նժույգը»):
Ինչի՞ մասին է խոսքը:
Պատմելու արվեստի:
Վերջին հաշվով պատումային և վերլուծական (սյուժետային և անալիտիկ) արձակների միջև չկա չինական պարիսպ: Ամեն մի, իհարկե, գեղարվեստական մակարդակ ունեցող, պատումային երկ նաև վերլուծական է` կերպարներ, հարաբերություններ է վերլուծում և վերլուծական արձակի ամեն մի երկ նաև պատումային է` դեպք, ստիպված է պատմում: Գործի դնելով ինչ-որ չափում պայմանական այս սահմանումները, կարող ենք վստահորեն ասել, որ եթե Հր. Մաթևոսյանն առաջնակարգ վերլուծող է, ապա բնավ էլ նույնպիսի պատմող չէ: Պատմողն ակներևորեն զիջում է վերլուծողին: Իհարկե, բարեբախտություն է, որ հակառակը չէ, բայց իսկական բարեբախտությունն այդ երկուսի զուգորդումն է, դրանց ներդաշնակությունը:
Ինչքան որ կարողացել ենք հասկանալ արձակագրին՝ այս խնդիրն է, որ պետք է առաջադրվի իրեն:
Ահա, օրինակ, կարդում ենք գրախոսվող գրքի չորրորդ ուժեղ գրվածքը` «Օգոստոսը» («Սարերից», «Ալխոյից», «Կայարանից» հետո): Պատմվածքն սկսվում է այսպես. «Անդրոն սայլ է սարքում, սռնին տաշի` լուծը պիտի խանձի. լծի ծակերն անելը րոպեի գործ է, բայց դեռ մի քանի ճաղ պակաս է: Տնաշեններն էնպես են բանեցնում, կարծես ամեն անգամ երկնքից է ընկնում: Ճիշտն ասած, լավ էլ անում են. աշխօրն աշխօր է, իսկ ահա ուրիշները չարչարվում են բաց արևի տակ: Իրիկունը պիտի գյուղամեջ իջնել, եզ խնդրել Սանասարից. փայտը սարում պիտի որ վերջացած լինի: Կգնա, կովերը կտեսնի, Աշխենը լավ մածուն կունենա, մածուն կուտի…»:
Սա պատմվածքն սկսող առաջին պարբերությունն է` լրիվ: Տեսեք, թե այստեղ ինչքան շատ հարցականներ, թերասացություններ կգտնենք, որ կարող են կռահումների գիրկը գցել ընթերցողներին (մանավանդ Լոռի չապրած, սայլ սարքելուն անտեղյակ ընթերցողներին, այսինքն` նրանց մեծագույն մասին): Նախ` ո՞վ է Անդրոն: Հետո կպարզվի: Ովքե՞ր են Սանասարը, Աշխենը` հետո կպարզվի: Ի՞նչ ասել է` «սռնին տաշի` լուծը պիտի խանձի»: «Լծի ծակերն անելը րոպեի գործ է, բայց դեռ մի քանի ճաղ պակաս է», ինչո՞ւ «բայց»: Ի՞նչն է երկնքից ընկնում, ովքե՞ր են ուրիշները, որ չարչարվում են բաց արևի տակ. եթե ինքը` ինչո՞ւ արևի տակ, սայլը կարելի է ստվերում էլ շինել: Ի՞նչ ասել է «փայտը սարում պիտի որ վերջացած լինի», այս բաները հո ամենքը չգիտե՞ն:
Իհարկե, այստեղ շատ մանրախնդիր եղանք, իհարկե, այդ հանգամանքները պարզվում են ի վերջո, բայց ինչո՞ւ այսքան շատ հարցումներ ու թեականներ լինեն պատմվածքի հենց սկզբում, որ ընթերցողը չհամակվի, չտարվի պատումով: Կամ ինչո՞ւ ստիպել, որ ընթերցողը կարդացած նախադասությանը վերադառնա նորից ու նորից: Վերջապես այդ ստիպումները կարող են հոգնեցնել ընթերցողին և նա իր քննադատությունը կարտահայտի շատ պարզ ու սպառիչ` գիրքը կծալի, մի կողմ կդնի, հարցնողին էլ կասի` չի՛ կարդացվում:
Բավական ջանք է հարկավոր այսպիսի շարադրանքի բովանդակությունը, նախադասությունների ներքին կապը հասկանալու համար. «Դահլիճում մի քանի հոգի էին, հետո ներսինները հռհռացին, դրսինները կինոյի ու կրկեսի ճանապարհից թեքվեցին այստեղ: Ամբողջ գյուղից չկար մեկը, որ խելքը գլխին մի բան ասեր»: Այսպիսի թերասացությունը պատումը դարձնում է կցկտուր, կատարվող գործողությունը` անպատկերանալի, ընթերցումը` դժվար: Նույնը և դիալոգը, երբ դժվար է հասկացվում կամ բնավ չի հասկացվում:
«— Իսկ այդպես` դուք ձեզ համար` լա՞վ է,— հարցրի ես:
— Շուտ ես հոգնում ապրելուց:
— Հասցնո՞ւմ ես հոգնել:
— Օ, Հովիվյան, շատ շուտ, մի տարում:
— Իսկ մնացած տարինե՞րը:
— Մնացած տարիները եթե խլեին, չէիր աղմկի:
— Վատ է այդպես,— ասացի ես:— Կպարապեի՞ք ինձ հետ»:
Ուսուցչի և աշակերտի այս զրույցը պարզ ու հասկանալի չէ. նախ հազիվ թե գյուղացի երեխան «հասցնո՞ւմ ես հոգնել» ասի, նա, երևի, դեռ բարբառով է մտածում և հայերեն ճիշտ կխոսի: Առավել ևս անհասկանալի է ուսուցչի խոսքը. «մնացած տարիները եթե խլեին, չէիր աղմկի», որ բնավ հայերեն չէ իբրև լեզվամտածողություն: Դիալոգի մեջ հայտնվող անհարթությունները ու հանելուկները նույնպես չեն նպաստում պատումի թեթևությանն ու գրավչությանը:
Թերևս սխալ չի լինի ասել, որ Հր. Մաթևոսյանի գրվածքներում հանդիպող, պատումի ազատ շունչը կաշկանդող անմատչելիությունները ըստ հնարավորին խիտ շարադրելու ձգտման արդյունք են, որոշ դեպքերում էլ` պարզապես խառը մտածողության արդյունք: Բայց այդ ձգտումը լավ է այն դեպքում միայն, երբ ձգտում չի երևում, պատումը չի կաշկանդվում, շարունակում է ենթարկվել բնական ռիթմի, ազատ շնչառության օրենքներին: Ի՞նչ խտացում` պարզության, մատչելիության կորուստի գնով: Քիչ է պատահում, երբ հայ արձակագիրը կշտամբվում է չափից ավելի խիտ գրելու և ոչ թե հակառակ մեղսագործության մեջ: Բայց գուցե և սխալն այս կշտամբա՞նք է, որ գրողին կարող է տանել սեփական յուրահատկություններն անէացնելու կամ դեպի պարզունակ շարադրանքը տանող ճանապարհով: Ոչ էլ այն է մեր ուզածը, որ նա գրի, ասենք, Վախթանգ Անանյանի ոճով, որքան էլ այդ ոճը, գոնե ինձ համար, ունի իր անկրկնելի թովչանքը, իրեն միայն հատուկ համն ու հոտը, նախանձելիորեն ազատ ու առողջ շնչառությունը: Ոչ էլ նույնիսկ Ստ. Զորյանի նման, որքան էլ նրա ոճն ունի անտարակուսելի դասական արժեք և որքան էլ զորյանական արձակի կարծես թե թերագնահատվող ավանդները թանկ են մեզ համար:
Թող ամեն մեկը լինի իր պես: Մեր ուզածն այլ բան չէ, քան իր` գրողի լավագույն էջերի մակարդակն ամենուրեք տեսնելու ցանկություն: Մենք ջոկեցինք, գրքից դուրս բերինք մի քանի անհաջող օրինակներ, բայց անհամեմատ շատ օրինակներ կարելի է մեջբերել ցույց տալու համար, որ արձակագրին հատուկ է նաև հստակությունը թե՛ դիալոգում, թե՛ նկարագրությունների մեջ: Ավելին՝ հենց այդ էջերն են արտացոլում Հր. Մաթևոսյանի ձիրքը, ցույց տալիս նրա արձակի իրական արժեքը: Մտաբերենք, օրինակ, հովիվներին առաջին հեռախոսի մոտ, հովիվներին` չարաբաստիկ ոչխարներն ուտելուց աոաջ. մտաբերենք ուսանող Քառյանին Քոլագերան կայարանի կառամատույցում, մտաբերենք, վերջապես, մի կանաչ մարգագետին ու մոտալուտ վախճան տենչացող Ալխոյին… Սրանք առաջնակարգ արձակի պատկերումներ են, որ ենթարկվում են ազատ շնչառության օրենքներին, հստակ են ու մատչելի, «պատումային» ու «վերլուծական» են միաժամանակ, իբրև միասնական հյուսվածք:
Եվ մեր մտքինն այն է միայն, որ գրեթե միշտ հիանալի վերլուծող ու մեկնաբանող Հր. Մաթևոսյանը գրեթե միշտ էլ հիանալի պատմող լինի` հստակ, մատչելի, հրապուրող: Ուրիշ խոսքով` հասնի արձակի վարպետության այն որակին, որ պատումի ու վերլուծումի համադրությունն է այնպիսի ներդաշնակությամբ, ուր չեն երևում կարվածքի սպիտակ թելերը:
Այսպես բանը հասավ արվեստի բարձր որակին, այդ որակին հասնելու ոչ միայն ցանկությանը, այլև հնարավորությանը: Այսպիսի ակնկալության առիթ հազվադեպ է տալիս մեր արձակը: Եվ ոչ միայն արձակը:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով