Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը. Հոկտեմբեր

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԴՊՐՈՑՈԻՄ
17-ը հոկտեմբերի, երկուշաբթի

Այսօր սկսվեցին պարապմունքները։ Գյուղում անցկացրած երեք ամիսը թռավ երազի նման։ Առավոտյան մայրս ինձ տարավ Բարետտիի դպրոցը, երրորդ դասարանի ցուցակում գրանցելու համար, բայց ես գնում էի դժկամությամբ, մտքերս դեռ գյուղի հետ էին։
Փողոցները լիքն էին երեխաներով։ Գրախանութներում խռնվել էին հայրերն ու մայրերը, որոնք պայուսակներ ու տետրակներ էին գնում, իսկ դպրոցի առաջ այնքան ժողովուրդ էր հավաքվել, որ պահակն ու ոստիկանը դժվարությամբ էին բացում դեպի շքամուտքը տանող ճանապարհը։
Հենց դռան մոտ ես զգացի, որ մեկը ձեռքը ուսիս դրեց, երկրորդ դասարանի իմ ուսուցիչն էր։ Նա, ինչպես միշտ, շատ զվարթ տեսք ուներ, շիկակարմիր մազերը ցաքուցրիվ էին:
— Դե՛, ինչ արած, Էնրիկո, ահա և մենք բաժանվեցինք իրարից,— ասաց նա։
Ես լավ գիտեի, որ մենք պիտի բաժանվենք, բայց այդ խոսքը տրտմեցրեց ինձ։ Ես ու մայրիկս դժվարությամբ մտանք դպրոց։
Սինյորներ, սինյորաներ, աղքատիկ հագնված կանայք, բանվորներ, սպաներ, տատիկներ ու աղախիններ խռնվել էին նախասրահում։ Ամեն մեկը բռնել էր մի տղայի ձեռքից, իսկ մյուս ձեռքում պահել ընդունելության վկայականը։
Այնպիսի աղմուկ էր տիրում, ինչպես թատրոնի մուտքի մոտ։
Ես նորից հրճվանքով տեսա առաջին հարկի այն մեծ դահլիճը, որի դռները տանում էին դեպի ցածր դասարանի յոթ դասասենյակները։ Չէ՞ որ երկու տարի շարունակ ամեն օր անցել էի այդ դահլիճով։ Այստեղ էլ էին շատ մարդիկ հավաքվել։ Ուսուցիչներն անընդհատ ներսուդուրս էին անում։
Իմ առաջին դասարանի ուսուցչուհին դասասենյակի դռան մոտ կանգնած սիրալիր գլխով արեց ինձ ու ասաց.
— Դե՛, Էնրի՛կո, այս տարի դու տեղափոխվում ես երկրորդ հարկ, և ես այլևս քեզ չեմ տեսնի մեր դահլիճում։— Այդ ասելիս նա թախծալի հայացքով նայեց ինձ։
Դիրեկտորը կանգնել էր շրջապատված վշտահար կանանցով, որոնց երեխաները դպրոց չէին ընդունվել, որովհետև տեղ չկար։ Ինձ թվաց, որ նրա մորուքի ճերմակը մի քիչ ավելացել էր անցյալ տարվա համեմատությամբ։
Տղաներն էլ աչքիս փոխված երևացին, մեծացել, լցվել էին։
Առաջին հարկում բոլոր երեխաներին արդեն տեղավորեցին։ Մի քանի պստիկներ, որ նոր էին դպրոց ընդունվել, չէին ուզում դասարան մտնել ու դիմադրում էին փոքրիկ իշուկների նման, այնպես, որ ստիպված էին ուժով քարշ տալ նրանց։ Ոմանք էլ վեր էին թռչում աշակերտական նստարաններից ու փախչում։ Կային և այնպիսիք, որ երբ տեսնում էին հեռացող ծնողներին, սկսում էին լաց լինել, և այդ ժամանակ հայրիկներն ու մայրիկները վերադառնում էին նրանց մխիթարելու ու հորդորելու, իսկ ուսուցչուհիները, այս բոլորը տեսնելով, ուղղակի հուսահատվում էին։
Իմ փոքր եղբայրը ուսուցչուհի Դելկատիի մոտ էր սովորելու, իսկ ես՝ երկրորդ հարկում, ուսուցիչ Պերբոնիի դասարանում։
Ժամը տասին մենք բոլորս, հիսունչորս տղաներ, արդեն նստել էինք մեր տեղերում։ Իմ ընկերներից ընդամենը տասնհինգ թե տասնվեց հոգի էին ինձ հետ երրորդ դասարան փոխադրվել, և նրանց մեջ Դերոսսին` մեր դասարանի առաջին աշակերտը։
Դպրոցը անձուկ ու տխուր թվաց ինձ այն լեռների անտառների համեմատությամբ, ուր անց էի կացրել ամառը։
Մտաբերեցի նաև շիկակարմիր, խռիվ մազերով, այնքան բարի, երկրորդ դասարանի իմ ուսուցչին։ Նա միշտ ծիծաղում էր մեզ հետ միասին և այնքան կարճ հասակ ուներ, որ կարծես մեր ընկերը լիներ։ Ու ես տխրեցի, որ այլևս չեմ տեսնելու նրան։
Մեր նոր ուսուցիչը անմորուս, ալեխառն մազերով ու ճակատին ուղղաձիգ կնճիռ ունեցող մի ծերունի է։ Ձայնը խիստ է, ու այնպես թափանցող հայացքով նայեց ամեն մեկիս, ասես ուզում էր կարդալ մեր մտքերը։ Նա երբեք չի ծիծաղում։
Միտք եմ անում, այսօր, պարապմունքների առաջին օրն է։ Դեռևս ինն ամիս ունենք սովորելու։ Որքա՜ն աշխատանք, որքա՜ն ամենամսյա քնություններ ու որքա՜ն ջանք պիտի թափենք։ Ես այնպե՜ս էի ուզում, որ շուտով վերջանային դասերն ու մայրիկս գար ինձ տանելու։ Երբ, վերջապես, տեսա մայրիկիս, ընդառաջ վազեցի ու համբուրեցի ձեռքը։
— Ոչի՛նչ, Էնրի՛կո,— ասաց նա,— քաջ եղիր։ Մենք միասին կպատրաստենք դասերը։— Ու ես հանգստացած վերադարձա տուն։ Բայց զգում եմ իմ նախկին ուսուցչի, նրա բարի ու զվարթ ժպիտի կարիքը և դա է պատճառը, որ դպրոցն առաջվա պես հաճելի չի թվում ինձ։

ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ
18-ը հոկտեմբերի, երեքշաբթի

Այսօր ամբողջ առավոտ դպրոցում էի և իմ նոր ուսուցիչը շատ դուր եկավ ինձ։
Մինչ աշակերտները կհավաքվեին, նա արդեն նստել էր իր տեղում, մեր դասարանի դռների մեջ շարունակ երևում էին նրա անցյալ տարվա աշակերտները իրենց ուսուցչին բարևելու համար։ Մեր դասարանի կողքից անցնելիս նրանք ներս էին նայում ու ասում.
— Բարև ձեզ, սինյոր ուսուցիչ, բարև ձեզ, սինյոր Պերրոնի։
Ոմանք մտնում էին ներս, նրա ձեռքը սեղմում ու վազելով հեռանում։ Երևում էր, որ բոլորը շատ են սիրում նրան և ուրախ կլինեին էլի պարապել նրա ղեկավարությամբ։ Նա, առանց նայելու, պատասխանում էր «բարև», սեղմում նրանց պարզած ձեռքը և ի պատասխան նրանց բոլոր ողջույնների մնում էր լուրջ, նույն ուղղաձիգ կնճիռը ճակատին։ Նա շուռ եկավ լուսամուտի կողմը և աչքը չկտրեց դիմացի տանիքից, կարծես ոչ թե ուրախանում, այլ տանջվում էր այդ ուշադրությունից։
Հետո շուռ եկավ մեր կողմը ու երկար նայեց ամեն մեկիս։
Թելադրելիս նա քայլում էր նստարանների արանքով, ապա, նկատելով մի տղայի դեմքի պուտ-պուտ կարմիրը, դադարեց թելադրել, երկու ձեռքով բռնեց նրա գլուխն ու սևեռուն նայեց նրան։ Հետո հարցրեց, թե ինչ է պատահել տղային ու ձեռքը դրեց ճակատին, որպեսզի իմանա՝ տաքություն չունի՞ արդյոք:
Այդ րոպեին նրա թիկունքում աշակերտներից մեկը կանգնեց նստարանին ու ծամածռեց դեմքը։
Ուսուցիչը շուռ եկավ։ Չարաճճին իսկույն նստեց ու ցած խոնարհած գլխով սպասեց պատժի։ Բայց ուսուցիչը ձեռքը դրեց նրա գլխին ու ասաց միայն.«Այլևս նման բան չանես»,— ու վերջ։ Հետո, վերադարձավ սեղանի մոտ ու շարունակեց թելադրությունը: Վերջացնելուց հետո մի քանի վայրկյան լուռ նայեց մեզ, ապա արտասանեց շատ դանդաղ իր խիստ, բայց բարի ձայնով.
— Լսեցե՛ք։ Ամբողջ տարին մենք անց ենք կացնելու մասին։ Աշխատենք լինել համերաշխ։ Սովորեցեք ու լավ պահեք ձեզ։ Ես մենակ եմ։ Եղեք իմ ընտանիքը։ Անցյալ տարի դեռևս մայր ունեի, բայց նա մեռավ և ես մնացի մենակ։ Ամբողջ աշխարհում ձեզնից բացի ոչ ոք չունեմ, չկա մեկ ուրիշը, որին սիրեմ և որի համար հոգ տանեմ։ Եղեք իմ որդիները։ Ես սիրում եմ ձեզ, դուք էլ ինձ սիրեցեք։ Ես չեմ ուզում ոչ ոքի պատժել։ Ապացուցե՛ք, որ լավ տղաներ եք։ Թող դպրոցը լինի մեր ընտանիքը, իսկ դուք իմ մխիթարությունն ու հպարտությունը։ Ձեզնից չեմ պահանջում ոչ մի խոստում, ես համոզված եմ, որ ձեր հոգու խորքում դուք բոլորդ պատասխանեցիք «այո՛»։ Ու դրա համար շնորհակալ եմ ձեզնից։
Այդ ժամանակ պահակը ներս մտավ ու հայտարարեց, որ պարապմունքներն ավարտվել են։ Մենք լուռ ու մունջ դուրս եկանք մեր տեղերից։ Այն աշակերտը, որ կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին ու դողդոջուն ձայնով ասաց.
— Սինյոր ուսուցիչ, ներեցեք ինձ։
Ուսուցիչը համբուրեց նրա գլուխն ու պատասխանեց.
— Հանգիստ գնա տուն, զավակս։

ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔ
21-ը հոկտեմբերի, ուրբաթ

Ուսումնական տարին վատ սկսվեց։ Այսօր առավոտյան հայրիկիս հետ դպրոց էի գնում ու պատմում նրան, թե երեկ ինչ է ասել մեր ուսուցիչը։ Հանկարծ տեսանք, որ փողոցը լիքն է մարդկանցով, իսկ դպրոցի դռների մոտ ամբոխ է հավաքվել։
— Երևի դժբախտություն է պատահել,— ասաց հայրս,— տարին վատ է սկսվում։
Դժվարությամբ ներս մտանք։ Մեծ դահլիճում խռնվել էին ծնողներ ու աշակերտներ։ Ուսուցիչները զուր ջանում էին տղաներին դասարաններն ուղարկել, բոլորը նայում էին դիրեկտորի առանձնասենյակի դռանը, լսվում էին այսպիսի բառեր.
— Խեղճ տղա, խեղճ Ռոբետտի։
Մարդկանց արանքով նայեցի առանձնասենյակի խորքը։ Այնտեղ, ամբոխի մեջ, նկատեցի ոստիկանի սաղավարտն ու մեր դիրեկտորի ճաղատ գլուխը։ Հետո ներս մտավ ցիլինդրավոր մի մարդ ու` բոլորը շշնջացին.
— Սա բժիշկն է, բժիշկը։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց հայրս ուսուցիչներից մեկին։
— Անիվն անցել է ոտքի վրայով,— պատասխանեց նա։
— Ոտքը կոտրվել է,— բացատրեց մյուսը։
Պարզվեց, որ դժբախտությունը պատահել է երկրորդ դասարանցի մի տղայի հետ։
Դորա Գրոսսա փողոցով դպրոց գնալիս, նա տեսնում է, թե ինչպես առաջին դասարանցի մի պստիկ պոկվում է մորից, վազում ու վայր ընկնում հենց փողոցի մեջտեղը, ուղիղ իր վրա եկող օմնիբուսից մի քանի քայլի վրա։ Տղան արագ նետվում է ընկած երեխայի վրա ու մի կողմ քաշում նրան, բայց ինքը չի հասցնում ժամանակին ետ թռչել, և օմնիբուսի անիվն անցնում է ոտքի վրայով։ Նրա անունը Ջուլիո Ռոբետտի է, հայրը հրետանու կապիտան է։
Մինչ մենք լսում էինք այս պատմությունը, մարդկանց հրելով դահլիճ ընկավ մի կին, Ռոբետտիի մայրը, որին դպրոց էին կանչել։
Մի ուրիշ կին դուրս վազեց դիրեկտորի առանձնասենյակից ու հեկեկալով գրկեց նրան։ Փրկված տղայի մայրն էր։ Երկուսով ներս վազեցին ու մենք լսեցինք մի ճիչ.
— Օ՜, իմ Ջուլիո, տղա՜ս։
Շուտով շքամուտքին մոտեցավ մի կառեթ, և մեկ րոպե անց դռների մեջ երևաց դիրեկտորը Ռոբետտիին ձեռքերի վրա առած։ Տղան գլուխը դրել էր դիրեկտորի ուսին, դեմքը ճեփ-ճերմակ էր, իսկ աչքերը փակ։ Բոլորը լուռ էին, լսվում էր միայն մոր հեծկլտոցը։ Դիրեկտորը, որը նույնպես շատ գունատ էր, կանգ առավ, երկու ձեռքով երեխային բարձրացրեց այնպես, որ բոլորը տեսնեն։
Այդ ժամանակ ուսուցիչները, ուսուցչուհիները, ծնողները, աշակերտները, բոլորը միասին գոչեցին.
— Կեցցե՛ս, Ռոբետտի։ Կեցցե՛ս, Ռոբետտի։
Տղան բաց արեց աչքերն ու ասաց.
— Ո՞ւր է պայուսակս։
Փրկված տղայի մայրը Ռոբետտիին ցույց տվեց պայուսակը.
— Ահա քո պայուսակը, մի՛ անհանգստանա, ես կբերեմ։
Նույն պահին նա բռնել էր Ռոբետտիի մորը, որը ձեռքերով ծածկել էր դեմքը։
Նրանք դուրս եկան, հիվանդին դրին կառեթ ու մեկնեցին: Դրանից հետո բոլորս լուռ վերադարձանք դպրոց։

ԿԱԼԱԲՐԻԱՑԻ ՏՂԱՆ
22-ը հոկտեմբերի, շաբաթ

Երեկ, կեսօրվա ընդմիջումից հետո, երբ ուսուցիչը մեզ ասում էր, թե խեղճ Ռոբետտին ստիպված կլինի որոշ ժամանակ քայլել հենակներով, ներս մտավ դիրեկտորը մի թուխ, սևահեր, սև, խոշոր աչքերով ու խիտ թավ հոնքերով մի տղայի ձեռքից բռնած։ Նա հագել էր սև կաշեգատիով մուգ գույնի կոստյում։ Դիրեկտորը ինչ-որ բան ասաց մեր ուսուցչի ականջին ու դուրս եկավ, իսկ նորեկը մնաց ու չվստահող հայացքով նայեց մեզ իր խոշոր աչքերով։ Ուսուցիչը բռնեց նրա ձեռքը ու դիմեց դասարանին.
— Կարող եք ուրախանալ, տղաներ։ Այսօր մեր դպրոցն է ընդունվել կալաբրիացի այս փոքրիկ իտալացին, Կալաբրիան ավելի քան հինգ հարյուր մղոն հեռու է այստեղից։ Կալաբրիան մեր հայրենիքի ամենագեղեցիկ գավառներից մեկն է, այնտեղ մեծ անտառներ ու բարձրաբերձ լեռներ կան։ Այնտեղ ապրում են խելացի ու անվեհեր մարդիկ։ Սիրեցեք հեռվից եկած ձեր եղբորը։ Նա ծնվել է փառապանծ մի երկրում, որն Իտալիային տվել է հռչակավոր շատ մարդիկ, լավ աշխատողներ ու խիզախ զինվորներ։ Սիրեցեք ձեր նոր ընկերոջը, որպեսզի նա չտխրի իր հայրենի քաղաքից հեռու։ Թող նա իմանա, որ իտալացի տղան իտալական ինչ դպրոց էլ ընդունվի, ամենուրեք եղբայրներ կգտնի։
Ուսուցիչը վեր կացավ և Իտալիայի մեծ քարտեզի վրա ցույց տվեց Կալաբրիան։ Հետո կանչեց Էռնեստո Դերոսսիին՝ մեր առաջին աշակերտին։ Դերոսսին վեր կացավ տեղից։
— Ե՛կ այստեղ,— ասաց ուսուցիչը։
Դերոսսին դուրս եկավ տեղից ու կանգնեց գրատախտակի մոտ, փոքրիկ կալաբրիացու կողքին։
— Իբրև դասարանի առաջին աշակերտ,— շարունակեց մեր ուսուցիչը,— բոլորի անունից ողջունիր քո նոր ընկերոջը։ Թող որ Պյեմոնտի երեխաները սրտաբաց դիմավորեն Կալաբրիայի որդուն։
Դերոսսին համբուրեց փոքրիկ կալաբրիացուն ու իր զրնգուն ձայնով ասաց նրան.
— Բա՛րև։
Տղան ևս ջերմորեն համբուրեց Դերոսսիի այտերը։ Բոլորը ծափ տվին։
— Լռություն,– ասաց ուսուցիչը,— դպրոցում չի կարելի ծափ տալ,— բայց մենք տեսանք, որ դա դուր եկավ նրան։ Ըստ երևույթին, նորեկը ևս գոհ էր։ Ուսուցիչը ցույց տվեց նրա տեղը և նստեցրեց։ Հետո ավելացրեց.
— Չմոռանաք ասածս։ Կալաբրիացի տղան Թուրինում այնպես պիտի զգա իրեն, ինչպես իր տանը և թուրինցի տղան էլ Կալաբրիայում պիտի զգա ինչպես սեփական տանը, մեր երկրին վիճակվել է կռվել շուրջ հիսուն տարի, և երեսուն հազար իտալացիներ դրա համար տվել են իրենց կյանքը։ Դուք բոլորդ պետք է հարգեք ու սիրեք միմյանց, բայց ձեզնից նա, ով կհանդգնի վիրավորել իր նոր ընկերոջը այն բանի համար, որ նա մեր գավառում չի ծնվել, արժանի չի լինի նայելու Իտալիայի եռագույն դրոշին։
Նորեկը նստեց իր տեղը, և հարևանները նրան գրչածայրեր ու նկար նվիրեցին, իսկ վերջին նստարանին նստող տղան ուղարկեց մի շվեդական նամականիշ։

ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ
5-ը հոկտեմբերի, երեքշաբթի

Ամենից շատ ինձ դուր է գալիս այն աշակերտը, որ նամականիշ ուղարկեց կալաբրիացի տղային։ Անունը Գարրոնե է։ Նա դասարանում ամենամեծն է. գրեթե տասնչորս տարեկան։ Խոշոր գլուխ ունի ու լայն թիկունք: Նա շատ բարի է, դա երևում է նրա ժպիտից։ Բայց ինձ միշտ թվում է, թե նա մեծ մարդու մտքեր ունի։ Այժմ ես արդեն գիտեմ գրեթե իմ իմ բոլոր ընկերներին։ Ինձ շատ է դուր գալիս նաև դարչնագույն ֆուֆայկայով ու կատվամորթ բերետ դնող Կորետտի անունով մի ուրախ տղա։ Նրա հայրը փայտավաճառ Է։ 1866 թվականի պատերազմի ժամանակ նա զինվոր է եղել արքայազն Ումբերտոյի բանակում և, ասում են, արիության համար երեք մեդալ է ստացել։
Մեզ հետ է սովորում նաև թուլակազմ, նիհար ու գունատ դեմքով սապատավեր խեղճ Նելլին:
Մի ուրիշ տղա՝ Վոտինին, միշտ լավ է հագնվում և այնքան մաքրասեր է, որ նրա կոստյումի վրա նույնիսկ փոշու մի հատիկ չես գտնի։
Իմ առջևի նստարանին նստում է մի տղա, որին «Աղյուսիկ» են ասում, որովհետև նրա հայրը որմնադիր է։ Աղյուսիկը խնձորի պես կլոր դեմք ու տափակ քիթ ունի։ Նա հիանալի «նապաստակի դնչիկ» է սարքում։ Բոլորը խնդրում են, որ նա այդպիսի ծամածռություն անի ու ծիծաղում են: Նա ունի մանր կտորներից կարած մի գլխարկ, որը ծալում ու թաշկինակի նման գրպանն է դնում։ Աղյուսիկի կողքին նստում Է Գարոֆֆին, բվի կտուցի նման քթով, մանրիկ աչքերով, երկար ու վտիտ մի տղա. նա ամբողջ ժամանակ զբաղված է զանազան փետուրների, նկարների և լուցկու տուփերի առևտրով։ Տնային աշխատանքները միշտ գրված են լինում նրա եղունգներին, և պատասխանելու ժամանակ թաքուն կարդում է դրանք։
Մեզ մոտ է սովորում նաև մի սինյորի որդի, Կառլո Նոբիսը, սոսկալի հպարտ մի տղա։ Նա նստում է երկու տղաների միջև, որոնք նույնպես շատ են դուր գալիս ինձ։
Նրանցից մեկը դարբնի որդին, գունատ ու հիվանդոտ տղա է, հագնում է մինչև ծնկները հասնող բաճկոն։ Սա միշտ վախեցած տեսք ունի և երբեք չի ծիծաղում։ Մյուս կողմում նստում է շիկակարմիր մի տղա: Նրա մի ձեռքը չի գործում ու միշտ վիրակապի մեջ կախված է վզից նրա հայրը գնացել է Ամերիկա, իսկ մայրը կանաչի վաճառող է, անցնում է փողոցից փողոց և կանաչի ու բանջարեղեն վաճառում։ Ձախակողմյան հարևանս` Ստարդին, շատ տարօրինակ տղա է, կարճահասակ է ու գեր, կարծես պարանոց չունի։ Փոքրիկ փնթփնթան տղա է, որ երբեք ու ոչ ոքի հետ չի խոսում։ Ինձ թվում է, թե նա վատ է հասկանում ուսուցչի բացատրությունը, բայց միշտ ուշադիր նայում է նրան, առանց աչքը թարթելու, ճակատը կնճռոտած ու ատամները սեղմած։ Եվ եթե այդ ժամանակ նրան մի բան հարցնես, ապա առաջին ու երկրորդ անգամ չի պատասխանի, իսկ երրորդ անգամ աքացի կտա։ Նրա կողքին նստում է վտիտ ու մռայլ մի տղա, Ֆրանտի անունով, նրան արդեն հեռացրել են մի դպրոցից։ Հաջորդ նստարանին նստում են միշտ միանման հագնված երկու եղբայր։ Ջրի երկու կաթիլի պես նման են իրար և երկուսն էլ կալաբրիական միանման լայնեզր գլխարկներ են դնում՝ փասիանի փետուրով։
Բայց մեր դասարանի ամենագեղեցիկ և ամենախելոք տղան Դերոսսին է։ Նա, իհարկե, այս տարի էլ կլինի մեր առաջին աշակերտը։ Ուսուցիչն արդեն հասկացել է այդ և նրան հաճախ է հարցնում։ Բայց երկար բաճկոնով, հիվանդագին Պրեկոսսին՝ դարբնի տղան, ինձ ավելի է դուր գալիս։ Ասում են, որ հայրը ծեծում է նրան։ Պրեկոսսին շատ ամաչկոտ է, ամեն անգամ մեկնումեկին դիմելիս ասում է, «Ներիր, խնդրեմ» ու թախծոտ նայում իր բարի աչքերով։ Բայց Գարրոնեն, այնուամենայնիվ, բոլորից լավն է։

ԱԶՆԻՎ ԱՐԱՐՔ
26-ը հոկտեմբերի, չորեքշաբթի

Գարրոնեն դրա ապացույցը տվեց այսօր առավոտյան։
Ես մյուսներից ուշ մտա դասարան, որովհետև ճանապարհին ինձ պահեց իմ առաջին դասարանի ուսուցչուհին։ Նա կամենում էր հյուր գալ մեզ մոտ և հարցնում էր, թե որ ժամին կլինենք տանը։ Երբ դասարան մտա, ուսուցիչը դեռ չէր եկել, և երեք թե չորս տղա տանջում էին խեղճ Կրոսսիին, այն շիկահեր Կրոսսիին, որի ձեռքը հիվանդ է և որի մայրը կանաչի ու բանջարեղեն է վաճառում։
Տղաները նրա շուրջը թափահարում էին քանոնները, երեսին շագանակի կճեպներ շպրտում, ծաղրում հաշմանդամ ու այլանդակ կոչելով ու ձևացնում, թե իրենց ձեռքն էլ է վիրակապով կախված վզից: Իսկ նա, գունատ ու միայնակ, իր նստարանի վրա կուչ եկած, աչքերը մեկից մյուսին էր գցում ու կարծես հայացքով խնդրում, որ հանգիստ թողնեն իրեն։
Բայց տանջողները ավելի ու ավելի բարձր էին քրքջում, ու ես տեսա, թե ինչպես նա սկսեց դողալ ու կաս-կարմիր կտրեց վիրավորանքից։ Այդ ժամանակ անպիտան Ֆրանտին էլ թռավ կանգնեց նստարանին ու ձևացրեց, թե տանում է երկու զամբյուղ՝ ծաղրելով Կրոսսիի մորը։ Առաջ հա գալիս էր իր տղային դիմավորելու, իսկ այժմ հիվանդ պառկած էր։ Գրեթե ամբողջ դասարանը հռհռում էր։ Այդ ժամանակ Կրոսսին, գլուխը կորցրած, թանաքամանն առավ ու ամբողջ ուժով շպրտեց իր թշնամու գլխին։ Բայց Ֆրանտին խույս տվեց ու թանաքամանը դիպավ ներս մտնող ուսուցչի ուղիղ կրծքին: Բոլորը սարսափահար փախան իրենց տեղերը ու կատարյալ լռություն տիրեց։ Ուսուցիչը, գունատված, մոտեցավ գրատախտակին ու փոխված ձայնով հարցրեց.
— Ով արեց։
Բոլորը լուռ էին։ Ուսուցիչը, ձայնը բարձրացնելով, նորից հարցրեց.
— Ո՞վ արեց։
Այդ պահին Գարրոնեն, կարեկցանքով լցված Կրոսսիի հանդեպ, վեր կացավ տեղից ու վճռական հայտարարեց.
— Այդ ե՛ս էի։
Ուսուցիչը նայեց նրան, նայեց սսկված դասարանին ու հանգիստ ասաց.
— Ո՛չ, այդ դու չէիր:
Ապա մտածեց ու ավելացրեց.
— Մեղավորը չի պատժվի։ Թող վեր կենա տեղից։
Կրոսսին ոտքի կանգնեց, լաց եղավ ու քրթմնջաց.
— Նրանք ինձ ծեծում ու վիրավորում էին, ես էլ չդիմացա ու շպրտեցի…
— Նստիր,— կարգադրեց ուսուցիչը։— Թող վեր կենան նրան ծաղրողները։
Չորս տղա վեր կացան տեղներից ու գլուխները կախեցին։
— Դուք,— ասաց ուսուցիչը,— վիրավորել եք ձեր ընկերոջը, որը ձեզ ոչինչ չի արել, ծիծաղել եք հաշմանդամի վրա, չորս հոգով հարձակվել մի թույլ տղայի վրա, որը չի կարող պաշտպանվել։ Ձեր արածը ամենաստոր, ամենախայտառակ արարքն է, որին ընդունակ է մարդը։ Դուք ողորմելի վախկոտներ եք։— Ապա նա անցավ նստարանների միջով ու մոտեցավ Գարրոնեին, որը կանգնել էր անշարժ ու նայում էր հատակին։ Ուսուցիչը բռնեց նրա կզակը, հարկադրեց բարձրացնել գլուխը, նայեց ուղիղ նրա աչքերի մեջ ու արտասանեց.
— Դու ազնիվ սիրտ ունես։
Ապա դառնալով չորս մեղավորների կողմը, կցկտուր ասաց.
— Ես ձեզ ներում եմ։

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ
27-ը հոկտեմբերի, հինգշաբթի

Ուսուցչուհին՝ ում մոտ սովորել էի առաջին դասարանում, խոսքի տերը եղավ ու եկավ հենց այն պահին, երբ մենք մտադիր էինք դուրս գալ տնից, որպեսզի մի քանի կտոր սպիտակեղեն տանենք մի աղքատ կնոջ, որի մասին գրել էին մեր թերթում։
Մեզ շատ ուրախացրեց ուսուցչուհուս այցելությունը, որովհետև գրեթե մի ամբողջ տարի նա մեզ մոտ չէր եղել։
Նա միշտ նույն է. ոչ բարձրահասակ, կանաչ շղարշով նույն գլխարկը գլխին, և ոչ այնքան լավ մաքրած նույն ճտկավոր կոշիկներով, որովհետև փայլեցնելու ժամանակ չուներ։ Բայց անցյալ տարվա համեմատ նա ավելի գունատ է, ավելի շատ ճերմակ մազեր ունի և անընդհատ հազում է:
— Ինչպե՞ս է Ձեր առողջությունը, սիրելիս,— հարցրեց նրան մայրս,— ինձ թվում է՝ Դուք Ձեզ լավ չեք նայում։
— Դա կարևոր չէ,— պատասխանեց ուսուցչուհիս ուրախ և միևնույն ժամանակ թախծոտ ժպիտով։
— Ախր Ձեզ չի կարելի այդքան շատ խոսել,— շարունակեց մայրիկս,– Դուք չափից ավելի եք անհանգստանում ձեր պստիկների համար։
Դա ճիշտ էր, դպրոցում միշտ լսվում է նրա ձայնը։ Հիշում եմ, երբ ես նրա դասարանում էի, նա շարունակ խոսում էր. խոսում էր, որպեսզի երեխաների ուշադրությունը չցրվեր, և այդպես ոչ մի րոպե դադար չէր առնում։ Ես համոզված էի, որ նա կգա մեզ մոտ, որովհետև երբեք չի մոռանում իր նախկին աշակերտներին։ Տարիներ շարունակ հիշում է նրանց անունները և ամենամսյա քննությունների ժամանակ դիրեկտորին հարցնում, թե ինչ թվանշաններ են ստացել։ Մուտքի մոտ սպասում էր իր նախկին սաներին ու աչքի անցկացնում շարադրությունները, նրանց հաջողություններով ուրախանալու համար, և արդեն գիմնազիա ընդունված, երկար անդրավարտիքներով ու գրպանի ժամացույցներով շատ տղաներ դպրոց են գալիս իրենց առաջին ուսուցչուհուն այցելության։
Այսօր նա շատ հոգնած տեսք ուներ, որովհետև իր պստիկներին տարել էր պատկերասրահ։ Այս տարի, ինչպես և առաջ, ամեն հինգշաբթի գնում է նրանց հետ որևէ թանգարան, մանրամասնությամբ բացատրում է ամեն ինչ։ Իմ խեղճ ուսուցչուհի, ինձ թվում է, թե այս մեկ տարվա մեջ ավելի է նիհարել։ Բայց նա միշտ ոգևորված է, և երբ խոսում է իր դասարանի մասին, այտերը շիկնում են։
Նա ցանկություն հայտնեց կրկին տեսնել այն մահճակալը, ուր երկու տարի առաջ պառկել էի հիվանդ և որի մեջ այժմ քնում էր իմ կրտսեր եղբայրը։ Մի քանի րոպե լուռ կանգնեց մահճակալի մոտ։
Նա երկար չմնաց, քանի որ պետք է այցելեր կարմրուկով հիվանդ մի աշակերտի, բացի դրանից, վաղվա համար պետք է ստուգեր մի մեծ կապոց տետրակներ, իսկ դա մի ամբողջ երեկոյի աշխատանք էր, և դեռ թվաբանություն պիտի պարապեր մի խանութպան կնոջ հետ. և այս բոլորը մի երեկոյի ընթացքում։
— Դե, Էնրիկո,— հարցրեց ինձ հրաժեշտ տալիս,— այժմ երբ դժվար խնդիրներ ես վճռում ու երկար շարադրություններ գրում, դեռ սիրո՞ւմ ես քո առաջին ուսուցչուհուն։
Սանդուղքներից իջնելիս նա համբուրեց ինձ ու ավելացրեց.
— Երբեք մի՛ մոռանա ինձ, Էնրի՛կո։
Ո՛չ, ես երբեք չեմ մոռանա քեզ, իմ սիրելի, սիրելի առաջին ուսուցչուհի։ Նույնիսկ երբ բոլորովին մեծ լինեմ, կհիշեմ քեզ։ Եվ ամեն անգամ, երբ անցնելիս լինեմ որևէ դպրոցի կողքով ու լսեմ ուսուցչուհու ձայնը, ինձ պիտի թվա, թե լսում եմ քո՛ ձայնը ու պիտի հիշեմ այն տարին, որ անց եմ կացրել քո դասարանում, ուր այնքան նոր բան եմ սովորել, ուր շատ անգամ տեսել եմ քեզ հիվանդ ու հոգնած, բայց միշտ հոգատար ու սիրալիր։ Ինչպե՜ս էիր վշտանում, երբ որևէ մեկը չէր կարողանում ճիշտ բռնել գրիչը, ինչպե՞ս էիր հուզվում, երբ մեզ հարցեր էին տալիս տեսուչները, և որքա՜ն երջանիկ էիր զգում, երբ մենք քաջաբար դուրս էինք գալիս տակից։ Դու միշտ բարեհամբույր էիր մեզ հետ ու սիրում էիր մեզ հարազատ մոր պես։ Ո՛չ, ես երբեք, երբեք չեմ մոռանա քեզ, իմ առաջին ուսուցչուհի։

ՁԵՂՆԱՀԱՐԿՈՒՄ
28-ը հոկտեմբերի, ուրբաթ

Երեկ երեկոյան մայրիկիս ու քրոջս՝ Սիլվիայի, հետ գնացինք այն աղքատ կնոջ մոտ, որի մասին գրել էին լրագրում։
Ես տանում էի սպիտակեղենի կապոցը։ Իսկ Սիլվիայի ձեռքին էր այն լրագիրը, ուր գրված էր աղքատ կնոջ հասցեն և անուն ազգանվան սկզբնատառերը։ Մենք բարձրացանք մի հին տան ձեղնահարկը ու հայտնվեցինք բազմաթիվ դռներ ունեցող մի երկար միջանցքում։ Մայրիկս ծեծեց վերջին դուռը, որը բաց արեց վտիտ, դեռևս երիտասարդ մի կին՝ բաց գույնի մազերով։ Ինձ թվաց, թե առաջ ես տեսել եմ նրան, հենց նույն այդ կապույտ գլխաշորով։
— Ձեր մասի՞ն էին գրել լրագրում,— հարցրեց մայրս։
— Այո՛, սինյորա, իմ մասին էր։
— Ահա, մենք ձեզ համար մի քանի կտոր սպիտակեղեն ենք բերել։
Կինը սկսեց շնորհակալություն հայտնել, և նորից ու նորից շնորհակալ լինել, իսկ ես այդ ժամանակ բոլորովին դատարկ և մութ սենյակի մի անկյունում նկատել էի մի տղայի, որը մեջքը մեզ արած, աթոռի առաջ ծնկի իջած կարծես բան էր գրում։ Այո՛, իսկապես որ գրում էր. թուղթը դրված էր նրա առաջ, աթոռի վրա, իսկ թանաքամանը կողքին էր հատակին։ Ինչպե՞ս կարող էր նա գրել այդ մթության մեջ։
Մինչ մտածում էի այդ մասին, հանկարծ ճանաչեցի Կրոսսիին՝ կանաչավաճառի որդու բումազեի բաճկոնն ու շիկակարմիր մազերը։ Ես այդ մասին կամացուկ ասացի մայրիկիս այն ժամանակ, երբ կինը հավաքում էր մեր բերած իրերը։
— Կամաց,— պատասխանեց մայրս։— Նա երևի կամաչի, որ դու` իր ընկերը ողորմություն ես բերել իր մորը։ Ձայն մի տա նրան։
Բայց այդ պահին Կրոսսին շուռ եկավ և, տեսնելով, որ ես կանգնել եմ վարանած, ժպտաց։ Այդ ժամանակ մայրս առաջ մղեց ինձ, որ մոտենամ նրան, իսկ նա վեր կացավ ու սեղմեց ձեռքս։
— Այո՛, ես բոլորովին մենակ եմ տղայիս հետ,— այդ ժամանակ ասում էր նրա մայրը իմ մորը։— Ամուսինս արդեն վեց տարի է, ինչ Ամերիկայում է, և մենք ոչինչ չգիտենք նրա մասին, ես էլ անժամանակ հիվանդացա և այլևս ուժ չունեմ տնից տուն բանջարեղեն տանելու, որպեսզի մի քանի սոլդո վաստակեմ։ Սեղան էլ չունենք, որ իմ խեղճ Լուիջինոն դասերը պատրաստի։ Քանի դեռ նստարան ունեինք, տղաս կարող էր գրել նրա վրա, բայց նստարանն էլ տարան։ Ես ի վիճակի չեմ նույնիսկ մոմ գնելու, որպեսզի պարապելիս նա չփչացնի աչքերը։ Դեռ լավ է, որ կարողանում է դպրոց գնալ, որովհետև քաղաքային խորհուրդը նրան գրքեր ու տետրակներ է տալիս։ Խեղճ իմ Լուիջինո, նա այնպես սիրում է սովորել։ Ա՜խ, ես դժբախտ կին եմ։
Մայրս տվեց նրան այն բոլորը, ինչ ուներ իր քսակում, համբուրեց տղային և երբ դուրս եկանք, ասաց ինձ.
— Տեսնում ես, թե այս խեղճ տղան ինչպես է ջանում, իսկ դու, բոլոր հարմարություններով ապահովված, նեղվում ես սովորելուց։ Ա՛խ, էնրի՛կո, այդ երեխայի մեկ օրվա աշխատանքը ավելի արժե, քան քո ամբողջ տարվա աշխատանքը։ Ահա թե ով է իսկապես արժանի առաջին պարգևին։

ԴՊՐՈՑ
28-ը հոկտեմբերի, ուրբաթ

Այո՛, սիրելի Էնրիկո, դու նեղվում ես սովորելուց, ինչպես քեզ արդեն ասել է մայրդ։ Դու դպրոց չես վազում այնպիսի հաճույքով ու զվարթ դեմքով, որ այնքա՜ն կուզեի տեսնել ես։ Կարծես դու դեռևս ծուլանում ես… Բայց մտածիր, թե ինչքա՜ն ողորմելի ու անպետք կլինեին քո օրերը, եթե դպրոց չգնայիր։ Մի շաբաթ անց ձանձրույթից ու ամոթից կտանջվեիր ու կաղաչեիր, որ թույլ տան կրկին վերադառնալ դպրոց։ Քեզ կզզվեցնեն բոլոր զվարճությաններն ու խաղալիքները և նույնիսկ քո սեփական գոյությունը։
Բոլորը, բոլո՛րը սովորում են մեր օրերում, Էնրի՛կո: Նայիր բանվորներին, որոնք դպրոց են շտապում երեկոները՝ ամբողջ օրը աշխատելուց հետո, խորհիր աղքատ կանանց ու երեխաների մասին, որոնք դպրոց են գնում կիրակի օրերը, ամբողջ շաբաթը աշխատելուց հետո։ Մտածիր զինվորների մասին, որոնք գիրք ու տետրակ են վերցնում ձեռքները, զինվորական հրապարակում անցկացրած վարժությունից հոգնած։ Խորհիր խուլ և կույր երեխաների մասին, որոնք, այնուամենայնիվ, սովորում են։ Մտածիր, վերջապես, բանտարկյալների մասին, որոնք նույնպես գրել-կարդալ են սովորում։ Առավոտը, երբ դուրս ես գալիս տնից, մտածիր, որ նույն այդ րոպեին, քո հայրենի քաղաքում, երեսուն հազար տղաներ դպրոց են գնում քեզ նման և պետք է երեք ժամ նստեն դասարանում ու սովորեն։
Բայց սա դեռ բոլորը չէ։ Մտածիր այն անհամար տղաների մասին, որ մոտավորապես նույն ժամին դպրոց են գնում աշխարհի բոլոր երկրներում։ Պատկերացրու, թե ինչպես նրանք գնում են ու գնում գյուղական խաղաղ ճամփաներով, քաղաքի աղմկոտ փողոցներով, ծովերի ու լճերի ափերով, այրող արևի տակ, խոնավ մառախուղի մեջ, նրանք նավակներով են գնում ջրանցքների ցանցով պատած երկրներամ, ձիերով՝ լայնարձակ տափաստաններում, սահնակներով՝ այնտեղ, ուր գետինը ծածկված է ձյունով, նրանք անցնում են հովիտներով ու լեռներով, անտառներով ու հեղեղատներով, անապատային ու լեռնային արահետներով, միայնակ, զույգ-զույգ, ամբողջ խմբերով, իծաշարուկ՝ իրար ետևից, գրքերը թևերի տակ, ամենատարբեր զգեստներով, հազարավոր լեզուներով խոսող, սկսած սառույցների ու ձյուների մեջ կորած հեռավոր Ռուսաստանի դպրոցներից, մինչև արմավենիներով ստվերապատված հեռավոր Արաբիայի դպրոցները։ Նրանք միլիոններ ու միլիոններ են, և բոլորը գնում են, որպեսզի ամենատարբեր ձևերով սովորեն նույն բանը։ Պատկերացրու հարյուրավոր երկրների աշակերտների այդ հսկայական մրջնանոցը, այդ հսկայական շարժումը, որի մի մասը հանդիսանամ ես նաև դու, և ասա ինքդ քեզ. «Եթե այդ շարժումը դադարեր, մարդկությունը կվերադառնար նախնադարյան ժամանակներին, այդ շարժման մեջ է առաջընթացը, հույսը, ամբողջ աշխարհի փառքը»։
Ուրեմն և համարձակ գնա առաջ, այդ մեծ զորաբանակի փոքրիկ զինվոր։ Քո գրքերը՝ քո զենքն են, քո դասարանը՝ քո գումարտակը, կռվի դաշտը՝ ամբողջ աշխարհը, իսկ հաղթանակը՝ համայն մարդկության երջանկությանը։
Մի՛ լինիր վատ զինվոր, իմ էնրի՛կո։

Քո հայր

ՊԱԴՈՒԱՑԻ ՓՈՔՐԻԿ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ
(ամսօրյա պատմվածք)
29-ը հոկտեմբերի, շաբաթ

Ո՛չ, ես վատ զինվոր չեմ լինի։ Բայց ես ավելի սիրով կգնայի դպրոց, եթե ուսուցիչը ամեն օր այնպիսի հետաքրքիր բաներ պատմեր, ինչպես այսօր առավոտյան։ Նա խոստացել է ամեն ամիս պատմել մի պատմվածք։ Դրանք պետք է լինեն ճշմարիտ պատմություններ փոքրիկ տղայի գործած սխրանքների մասին, և մենք հերթով պետք է գրենք այդ պատմվածքները։
Այսօր մենք լսեցինք «Պադուացի փոքրիկ հայրենասերի» պատմությունը։
Այս բոլորը կատարվել է իրականում։
Մի անգամ Իսպանիայի Բարսելոնա քաղաքից դեպի Ջենովա ճանապարհվեց ֆրանսիական մի շոգենավ, որի վրա կային ֆրանսիացիներ, իտալացիներ, իսպանացիներ և շվեյցարացիներ։ Ուղևորների ամբոխի մեջ կարելի էր նկատել միայնակ, վատ հագնված, տասնմեկամյա մի տղայի, որ վայրի գազանիկի նման մի կողմ քաշված, մռայլ նայում էր շրշապատողներին։ Զարմանալի ոչինչ չկար, որ նա այդպես մռայլ էր նայում։ Երկու տարի առաջ նրա հայրն ու մայրը, Պադուայի շրջակայքի գյուղացիներ, նրան վաճառել էին թափառաշրջիկ կրկեսի տիրոջը։ Տերը, ծեծելով ու կիսաքաղց պահելով տղային, սկզբում սովորեցրեց զանազան աճպարարություններ, իսկ հետո տարավ Ֆրանսիա և Իտալիա, չդադարելով ծեծել և երբեք կուշտ չկերակրելով նրան։ Տեսնելով, որ այլևս հնարավոր չէ դիմանալ քաղցին ու ծեծին, Բարսելոնա հասնելուն պես, ողորմելի վիճակում, փախավ իրեն բռնադատողից և ներկայացավ իտալական հյուպատոսին՝ հովանավորություն խնդրելու։ Նրա պատմությունից ու տեսքից սիրտը շարժված դեսպանը երեխային նստեցրեց Իտալիա մեկնող շոգենավ և ձեռքը տվեց մի նամակ՝ ուղղված ոստիկանության պետին։ Սա երեխային պետք է հանձներ ծնողներին, այն ծնողներին, որոնք վաճառել էին նրան իբրև մի անասունի։ Խեղճ տղան ցնցոտիների մեջ էր ու սոսկալի նիհար։ Նրան մահճակալ հատկացրին երկրորդ կարգի մեծ նավասենյակում։ Ուղևորները նայում էին նրան հետաքրքրությամբ, ոմանք փորձում էին հարցուփորձ անել, բայց նա չէր պատասխանում, և կարծես արհամարհում ու ատում էր բոլորին, այնպես ընկճված ու թախծոտ էին դարձրել նրան զրկանքներն ու ծեծը։ Չնայած դրան, ուղևորներից երեքին հաջողվեց հարկադրել, որ նա խոսի, մի քանի կցկտուր բառերով վենետիկի բարբառը իսպաներենին ու ֆրանսերենին խառնելով, տղան պատմեց իր պատմությունը։ Թեպետ և այդ երեք ճանապարհորդներն իտալացիներ չէին, բայց հասկացան նրան և մասամբ, խղճահարությունից, մասամբ էլ նրանից, որ գինին նրանց տրամադրությունը բարձրացրել էր, տղային մի քանի սոլդո տվին։ Նրանք կատակում ու գրգռում էին տղային, որ էլի բաներ պատմի, և քանի որ այդ ժամանակ նրանց էին մոտեցել ուրիշ ուղևորներ ևս, նրանք իրենց առատաձեռն ցույց տալու համար նորից զրնգոցով սեղանին էին նետում դրամներ, ասելով, «Ահա քեզ, վերցրու»։ Տղան վերցնում ու գրպանն էր դնում դրամները, կիսաձայն ասելով. «շնորհակալություն»։ Նա շարունակում էր մնալ զուսպ, և միայն աչքերն էին պայծառացել ջերմ ժպիտից։ Ապա նա բարձրացավ իր մահճակալին, վարագույրը քաշեց ու լռեց, միտք անելով, թե ինչ պիտի անի այդ դրամը։ Ամբողջ երկու տարի նա կուշտ հաց չէր կերել, այժմ շոգենավի վրա կարող էր կշտացնող մի կերակուր ստանալ։ Հետո, երբ ափ իջներ Ջենովայում, ցնցոտիներին փոխարինող նոր վերնաշապիկ կգներ և, վերջապես, երբ այդքան փող տաներ տուն, հայրն ու մայրը թերևս այնքան խիստ չէին դիմավորի նրան, որքան եթե նա հայտնվեր դատարկ գրպանով։ Ստացած փողը նրա համար մի ամբողջ կարողություն էր։ Մինչ վարագույրի ետև մահճակալին պառկած նա խորհում էր այդ մասին ու մի քիչ մխիթարված զգում իր դառն ճակատագրի համար, երեք ուղևորները շարունակում էին զրուցել երկրորդ կարգի նավասենյակի ճաշասեղանի շուրջը նստած։ Նրանք գինի էին խմում ու խոսում իրենց ճամփորդություններից, այն երկրներից, ուր եղել էին և, խոսքից-խոսք անցնելով, հասան Իտալիային։
Մեկը սկսեց գանգատվել նրա հյուրանոցներից, մյուսը՝ երկաթգծից, իսկ հետո բոլորը միասին տաքացան ու սկսեցին հայհոյել մնացած ամեն ինչը։ Մեկը գերադասում էր ճամփորդել Լապլանդիայում, մյուսը հայտարարեց, թե Իտալիայում հանդիպել է միայն խաբեբաների ու ավազակների, երրորդն ավելացրեց, թե իտալական ծառայողները անգրագետ են։
— Անկիրթ ժողովուրդ է,– հաստատեց առաջինը։
— Կեղտոտ,— ավելացրեց երկրորդը։
— Գո…,— բացականչեց երրորդը։ Նա ուզում էր ասել «գողեր են», բայց չհասցրեց խոսքն ավարտել, սոլդոների ու կես լիրանոց դրամների կարկուտ թափվեց զրուցակիցների գլխներին և ուսերին, զրնգոցով սեղանին դիպչելով՝ դրամները ցած գլորվեցին։ Երեքը զայրացած վեր թռան տեղից, նայեցին վերև և մի բուռ սոլդո էլ ուղիղ երեսներին ստացան։
— Ետ վերցրեք ձեր փողերը,– արհամարհանքով ասաց տղան, ցած կախվելով վարագույրի ետևից,— ես ողորմություն չեմ վերցնում նրանցից, ովքեր ամբաստանում են իմ հայրենիքը։

Թարգմանեց Ս. Այունցը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով