Մուլք Ռաջ Անանդ. Բանանի ծառը

«Սովի ժամանակ հոտած ջուրն էլ քաղցր է, իսկ նեղն ընկար` քարն էլ կերակուր է»,— այսպիսին էր Սուկխայի, իր կյանքում շատ դժվարություններ ու զրկանքներ տեսած ծեր գյուղացու, փիլիսոփայությունը։ Սակայն շատ տարիների իմաստությունն անզոր գտնվեց ջրհեղեղի առաջ, երբ փոքրիկ Բեազ գետակը ափերից դուրս գալով հեղեղեց Հիմալայան նախալեռներում եղած գյուղերը։
Նիհար, տանջահար ծերուկը, խիտ մազակալած գզգզված միրուքով, նստել էր իր բակի մի անկյունում հավաքած անպետք իրերի կույտի վրա ու անքնությունից կարմրած աչքերով նայում էր ջրհեղեղի առաջացրած սոսկալի ավերածություններին։
Փլված տանիքների մնացորդների, տների կիսաքանդ պատերի վրա և պատշգամբներում, կարծես խարխուլ լաստերի վրա, ծովի պես հեղեղած ջրի մեջ նստած էին գյուղի մյուս գյուղացիները։ Ջուրը, որի կարիքը նրանք միշտ այնքան զգում էին և որի համար աղոթում էին, նրանց համար անեծք դարձավ։
— Ռամ, օ, Ռամ,— աղոթում էր Սուկխան և, ինչպես մյուս գյուղացիները, րոպեն մեկ հայացքը հառում էր երկնքին` հույս ունենալով տեսնել ինքնաթիռները, որոնք, եթե հավատանք պտտվող լուրերին, կառավարությունը պետք է ուղարկեր, որ մթերքներ գցեն ջրհեղեղի պատճառով աշխարհից կտրված դժբախտ մարդկանց համար։
Սակայն կառավարությունը կարծես խուլ էր Սուկխայի աղոթքներին, ինչպես և դժբախտ Սիտալ Նագար գյուղակի մնացած բնակիչների տնքոցներին ու աղերսանքներին։
Անգլիական կառավարության ու նրա սահիբների օրոք շատ դժվար էր ապրելը: Իրենց ավտոմեքենաներով գյուղերով անցնելիս, սահիբները քաղցած գյուղացիներին փոշու ամպեր էին միայն թողնում։ Նոր, սեփական կառավարության գործիչներն այնպես անհրաժեշտ չհամարեցին գյուղերն այցելել։ Գյուղացիներին այցելության էին գալիս միայն տախսիրդարն ու ոստիկանները, և այն էլ նրա համար, որ հարկերը հավաքեն, մեկ էլ կաշառքներ պոկեն։
Սուկխան դեռ հիշում էր պապի պատմածները անցած ժամանակների մասին։ Այն ժամանակ բոլորի հացն էլ բոլ էր, ամեն բակում իրենց կովն ունեին, իսկ հագուստի ու տյուրբանների համար կտոր գործում էին իրենց գյուղական ջուլհակները։ Այն ժամանակ գյուղում ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր հինգ ամենաիմաստուն ավագ-պանչայատների ձեռքին, որոնք իրագործում էին արդարադատությունն ու կառավարում Սիտալ Նագարը։
Ինչպես հնարավոր չէ ճիշտ կանխագուշակել, թե ինչ եղանակ կլինի` չոր, թե շատ խոնավ, այնպես էլ անհնարին է հաստատ նախագուշակել, թե ինչպիսին կլինի կառավարության քաղաքականությունը։
— Օ, Շիրա։ Օ՜, օ՜,— լսվեց մի կնոջ աղեկտուր ճիչ Պանջուի տան կողմից։
Սուկխան չէր կասկածում, որ մեկն էլ հեռացավ այս կյանքից։ Այս օրերին նա այնքան մահ ու ավերածություններ էր տեսել, և քաղցի երկար ու տանջալից օրերը նրան այնքան անզգա ու անտարբեր էին դարձրել աշխարհում ամեն ինչի նկատմամբ, որ նա մի թռուցիկ հայացք միայն գցեց Պանջուի տան պատի մոտ հասակով մեկ կանգնած կնոջը, որ հիստերիկորեն հեկեկում էր ու կուրծքը ծեծում։
Սուկխայի հայացքը գամված էր բանանի ծառաբնի ստորին մասին։ Նա վախենում էր, որ շարունակ ավելացող ջուրը հանկարծ այն արմատով կպոկի։ Տարերքի հզոր ճնշումների տակ ծառի ճակատագիրն այնքան անհուսալի էր, որքան և իր սեփականը։ Քամին բզիկ-բզիկ էր արել նրա տերևները, ծառաբնի կեղևներն այս յոթ օրվա ընթացքում զգալի պակասել էին, քանի որ Սուկխան ինքն էլ քիչ-քիչ պոկում էր դրանք, որ մի կերպ գոնե խլացնի դատարկ ստամոքսը անգթորեն ծվատող քաղցը։ Ծառից կախված էր կանաչ, խակ բանանների մի ողկույզ միայն, գեղեցիկ, ոնց երկնային մանանա։ Այս պտուղների հետ էին կապված Սուկխայի բոլոր հույսերն ու երազանքները, դրանք նրան ուժ էին տալիս և օգնում դիմանալու դաժան ճակատագրի հարվածներին, որ կարկուտի պես թափվում էին գյուղի գլխին դեռ անցյալ անբերքատու տարուց։
… Ծանր, սև ամպերն անցնում էին գլխավերևով և, լեռների բարձունքներից կախվելով, լանջերով սահում էին դեպի լեռնահովիտները, անձրևի հեղեղներ թափելով ու ուռցնելով փոքրիկ Բեազի ջրերը, մինչև որ նա ափերից դուրս եկավ ու սպառնում էր ամեն ինչ սրբել երկրի երեսից: Կոչնչանան, հավանաբար, նաև բանանները։ Եվ այն ժամանակ, եթե նույնիսկ անձրևը դադարի, ջուրն իջնի, ու Սուկխային հաջողվի կենդանի մնալ, ազատվել ջրհեղեղի սարսափելի ճիրաններից, միևնույն է, նա սովի զոհ կդառնա և հատուցման օրը շատ ավելի շուտ վրա կհասնի, քան նրան կհաջողվի ուխտագնացություն կատարել Ուդարմսալի Կլայ Մայ տաճարը։
Ամպամած, խոնավ մշուշում, որ երեկոն իջնելուց առաջ արդեն պատել էր երկիրը, Պանջուի տան տանիքի վրա կնոջ լացը փոխվեց ողբի, հետո երկար ու ձիգ, թախծալի ողբն ընդհատվեց շների տխուր հաչոցով, և հետո էլ, կարծես լքված գյուղի կործանումն ավետելով, աքաղաղը կանչեց։
Աքաղաղն այդպես կանչում էր նաև երկու օր առաջ, Սուչիի` Սուկխայի կնոջ խեղդվելուց առաջ։ Իսկ գուցե աքաղաղը նրա համար էր կանչում, որ ցրի քաղցի ու ցրտի երկար օր ու գիշերների հոգնությունն ու ձանձրույթը։
Սուկխայի համար շատ անհարմար էր ջարդված դռան վրա նստելը, ուր նա բարձրացել էր իր ունեցած-չունեցածով, և նա սկսեց ձեռքերը թափահարել, որ գոնե մի քիչ տաքացնի երկար ժամանակ նստած մնալուց փայտացած, դաժան ռևմատիզմից ծռմռված ձեռքերը։ Շուտով Սուկխան իրեն ավելի լավ զգաց, այտերին և ճակատին կարմրություն երևաց, և ջերմությունը թեթև տենդի նման տարածվեց ամբողջ մարմնում, կարծես նա մի քիչ գինի խմած լիներ։
Թանձրացող մթնշաղում քամին պատռեց դեպի Կանգրա լեռը շարժվող ծանր ամպերը, և Սուկխայի հոգում լույս ծագեց։
Նա անպայման պետք է ցած իջնի և բանանները քաղի, ու, եթե ջուրն այնքան էլ խորը չլինի, գուցե և փորձի հասնել զամինդար Սուրաջ Սինգխայի տունը, որը իր ամբողջ ընտանիքի հետ նստած է քարե պատշգամբում, ուրախ ճարճատող կրակի առաջ։ Սուկխան բանանները նրան կառաջարկի ու կփոխի որևէ ավելի էական բանով։
Գյուղացին նայեց զամինդարի պատշգամբից բարձրացող ծխի քուլաներին։ Ծուխը թանձր էր, և դա նշանակում էր, որ այնտեղ մեծ, վառ կրակ էր վառվում։
Սուկխան հիշեց, որ Տոտին, զամինդարի կինը, միշտ նախանձոտ հալացքներ էր գցում իր ծառից կախված բանանների ողկույզներին։ Սակայն սարսափն այդ դաժան եսասեր կնոջ նկատմամբ, որը պակաս չէր իրեն` զամինդարի խլացուցիչ ձայնի որոտներից, շարունակում էր կենդանի մնալ Սուկխայի սրտի խորքում դեռ այն դառն տարիներից, երբ նա բեգյարի գիմ աց աշխատում էր Սուրաջ Սինգխայի կալվածքում։
Հանկարծ անձրևը նոր ուժով հեղեղի պես թափվեց։ Քամու, սոսկալի թափից բանանի ողկույզը երերաց, իսկ ծառի բունն այնպես ցնցվեց ու ծռվեց, որ արմատները ճռճռացին։
Սուկխան սարսափով մտածեց, որ հիմա վերջին դժբախտությունը տեղի կունենա` բանանի ծառը կկործանվի։ Նա վեր կացավ ու շտապ սկսեց ցած իջնել։ Ծերուկը ոտքի տակ զգաց ջարդված չուգունի սուր ծայրը, մյուս ոտքն ընկղմվեց տիղմի մեջ։
Հիմա թվում էր, որ քամին չորս կողմից է հարձակվել ծառի վրա, և տեղից խախտված ծառաբունը ավելի ու ավելի ուժեղ էր ճռճռում:
Ծերուկ Սուկխան դանդաղ, բայց հաստատուն մոտենում էր ծառին և շուտով հասավ տիղմից ու աղբից պղտորված հոսանքին, որ թափով գալիս էր անպետք իրերի կույտի ետևից: Այստեղ նա կանգ առավ, որովհետև միանգամից չկարողացավ որոշել թե որքան խորն է ծառի շուրջը։
Մրրիկը գնալով սաստկանում էր, անձրևը ծեծկում էր, քամին ցած էր գլորում։ Քամու երկու պոռթկումների մեջ ընկած միջոցին Սուկխան տեսավ թուփն ու փորձված լողորդի նման ջուրը մտավ։
Ձեռքերով օգնելով, որպեսզի մի կերպ կարողանա ջրի մեջ իրեն պահել, որը հասնում էր մինչև կոկորդը, Սուկխան հասավ բանանի ծառին։ Նա ուներ այն ոչնչի հետ չհամեմատվող զգացումը, որ այս դժբախտ տարիների ընթացքում ամեն անգամ համակում էր նրան պտուղներ տեսնելիս։ Մի քիչ հապաղելով, նա վճռականորեն ձեռքը մեկնեց բանաններին։
Ճյուղն ամուր էր, իսկ նրա սառած, խոնջացած մատները` անճարպիկ։ Ողկյուզը ոչ մի կերպ չէր պոկվում։ Մինչև կոկորդը կատաղորեն պտտվող ջրի մեջ կանգնած, մի ոտքից մյուսը փոխվելով, որպեսզի մի կերպ հավասարակշռությունը պահպանի և դիմանա, Սուկխան զգուշորեն փորձում էր պոկել բանաններն այնպես, որ ծառաբունը չվնասվի։ Եվս մի թեթև սեղմում, մեկ էլ շրջեց, մատների արագ մի շարժում` և ողկույզն անջատվեց ծառից։ Դա ուժ տվեց Սուկխային և ինչ-որ տարօրինակ թեթևության զգացմունք առաջացրեց։
Գյուղացին խորը շունչ քաշեց, աչքերը լայն բացեց, և, որպեսզի հեշտ լինի լողալ մինչև զամինդարի տունը, բանանի ողկույզը բերանն առավ։ Սուր, սառը քամին խփում էր երեսին, անձրևը լցվում էր աչքերը, բայց ծերուկը կարծես ոչինչ չէր նկատում և վստահ առաջ էր շարժվում։
— Է՜յ, բանանները մեզ բեր։ Այստեղ, այստեղ, Սուկխա,— բղավում էր Տոտին քարե պատշգամբից։
Ծեր Սուկխան սիրտ առավ. եթե նրա պտուղների կարիքն այդպես զգում են, ուրեմն նա բոլոր հիմքերն ունի հուսալու, որ նրան մի քիչ ուտելիք կտան փոխարենը։ Նա շտապում էր, կանխավայելելով այն բավականությունը, որ իրեն լավ պիտի ընդունեն մեծ տանը:
Հիմա զամինդարի ամբողջ ընտանիքր հավաքվել էր պատշգամբի բազրիքների մոտ ու սիրտ էր տալիս գյուղացուն։
— Հիանալի՜ է, հոյակա՜պ է,— բղավում էին նրանք։
Գյուղի բոլոր բնակիչները հետևում էին Սուկխային ու լուռ հիանում նրա քաջությամբ։
Սակայն ջրով լցված փողոցն անցնելը շատ ավելի հեշտ էր, քան զարմինդարի տան մոտ, գյուղի ջրհորի տեղում գոյացած ջրապտուլտից խուսափելը։ Սուկխան թփրտում էր այդ կախարդական շրջանակի մեջ, չէր կարողանում տեղից շարժվել։ Մի ուժգին հոսանք նրա բերանից պոկեց բանաններն ու մի քանի թիզ առաջ շպրտեց։
Աղեղից արձակված նետի նման Սուկխան նետվեց դրանց ետևից, բայց տեղն ու տեղը ետ շպրտվեց հոսանքից։ Պտուղները վայրկենապես ջրի տակն անցան, և Սուկխան սուզվեց, որպեսզի դրանք դուրս հանի ջրից։
— Եվս մի մեռել,— ասաց Տոտին։— Նա միշտ մեր տան չար ոգին է եղել։ Եվ նա երբեք ինձ բանան չէր տալիս, երբ խնդրում էի… Հիմա էլ նույնիսկ խաբեց ինձ։

Թարգմանեց Դորա Եսայանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով