Զավեն Դոլաբջյան. Սիրտը… իմ աչքերով

«Գարուն», 1968, 1

Սիրտ… ինչքան հաճախ ենք այսօր լսում նրա մասին, ինչքան շատ են գրում նրա մասին բոլորավին տարբեր բնագավառների թերթերում, հանդեսներում և գրքերում: Ռադիոն ու հեռուստատեսությունը նրան հատկացնում են հատուկ հաղորդումներ, հրավիրվում են նիստեր, խորհրդակցություններ, համագումարներ նվիրված միայն սրտի հարցին: Սրտով են այսօր հետաքրքրվում պետություններ, նա դարձել է շատ երկրների ղեկավար օրգանների քննության առարկան, նրա մասին հրատարակվում են հրահանգներ, ստորագրվում են հրամանագրեր:
Սրտի մասին խոսելու իրավունքը արդեն վաղուց է, որ չի պատկանում միայն բժշկին: Այսօր ավելի և ավելի հաճախ են լսվում մարդկային գործունեության համարյա բոլոր բնագավառների ներկայացուցիչների ձայները, սիրտը դարձել է ժողովրդական լայն զանգվածների սեփականությունը:
Եվ սա պատահական չէ: Սրտի խնդիրը մեր ժամանակների ամենահրատապ խնդիրներից մեկն է հանդիսանում: Սրտի և ընդհանրապես սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները այսօր շատ մեծ տարածում ունեն երկրագնդի բոլոր անկյուններում: Տարբեր երկրների բժշկա-վիճակագրական տվյալները համոզիչ կերպով վկայում են այդ հիվանդությունների զգալի աճի մասին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Մահացության և հաշմանդամության տարբեր պատճառների շարքում արյան շրջանառության օրգանները համառ կերպով գրավում են առաջին տեղը: Այնպիսի տառապանքներ, ինչպես հիպերտոնիկ հիվանդությունը, զարկերակների աթերոսկլերոզը, պսակաձև շրջանառության անբավարարությունը և սրտամկանի ինֆարկտը դարձել են ժամանակակից մարդու պատուհասը, որը ստեղծելով իր կյանքի համար լավագույն պայմաններ, միաժամանակ ստեղծել է նման հիվանդությունների զարգացման նախապայմաններ: Պատկերավոր արտահայտվելով կարելի է ասել, որ այդ հիվանդությունների աճի և ժամանակակից քաղաքակրթության, գիտության, տեխնիկայի և մշակույթի առաջադիմության կորագծերը բարձրանում են համարյա զուգահեռ: Չնայած խոշոր կանխարգելիչ և բուժական միջոցառումների, չնայած այս բնագավառում զոհաբերված հսկայական նյութական միջոցների, հիշյալ հիվանդությունները նվազեցման որևէ ձգտում առայժմ չեն ցուցաբերում: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարը սոսկ բժշկական հարց չէ: Այն պետական, համաժողովրդական խնդիր է, որին պետք է մասնակցեն բնակչության բոլոր խավերը, ամենատարբեր բնագավառների մասնագետները, գիտության և տեխնիկայի հիմնական ճյուղերի ներկայացուցիչները:
Սակայն թույլ տվեք ինձ որոշ ժամանակով մոռանալ մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը և ողջ աղմուկը սրտի մասին ու ձեզ ներկայացնել մարդու կյանքի համար այդ կարևորագույն` բայց շատ համեստ օրգանը:
Ի՞նչ բան է սիրտը: Այս հարցին կարելի է տարբեր ձևով պատասխանել, կապված սրտի մասին ունեցած գիտելիքների և պատկերացման հետ: Բայց ես բժիշկ եմ, սրտաբան, և թույլ տվեք ինձ ներկայացնել սիրտը իմ աչքերով, շարադրել իմ հայացքը, իմ տեսանկյունը նրա մասին: Գուցե դա օգնի ընթերցողիս, լինի նա առողջ թե հիվանդ, գիտնական, արվեստագետ, քաղաքի թե գյուղի բնակիչ, ճիշտ պատկերացնել այդ օրգանի կառուցվածքը, աշխատանքի օրենքները և նրա բովանդակությունը:

ՍԻՐՏԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴՈԻ ՄԱՐՄՆԻ ՕՐԳԱՆ

Սիրտը մարդկային մարմնի ծավալի մեջ գրավում է շատ համեստ տեղ, համեմատաբար փոքր չափերի է և կազմում է մարմնի քաշի շատ փոքր տոկոսը: Նա իրենից ներկայացնում է մկանային մի օրգան` յուրահատուկ անատոմիական կառուցվածքով և ֆիզիոլոգիական հատկություններով: Նրան կարելի է նմանեցնել մի մղիչի, որը շարժման մեջ է դնում արյունը` օրգանիզմի այդ կենսական հեղուկը, առանց որի կյանքը անհամատեղելի է:
Սիրտը փաստորեն հանդիսանում է օրգանիզմի շարժիչը, որը մշտապես աշխատում է չափազանց մեծ բեռնվածությամբ: Մարդու կյանքի ամբողջ տևողության ընթացքում նա ռիթմիկ կերպով կծկվում է և յուրաքանչյուր կծկման ժամանակ անոթային հունի մեջ է ուղարկում միջին հաշվով 60-70 սմ3 արյուն: Սրտի աշխատանքի չափերը ճիշտ պատկերացնելու համար պետք է հիշել, որ մի ժամվա ընթացքում սիրտը մղում է 240 լիտր արյուն, իսկ մի օրվա ընթացքում սրտի միջով անցնում է 5-6000 և ավելի լիտր արյուն: Եվ սիրտը այդ տաժանակիր աշխատանքը տանում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում շատ համեստ և հնազանդ, բոլորովին չանհանգստացնելով իր տիրոջը: Բավական է նրա հետ ճիշտ վերաբերվել, ճիշտ կազմակերպել հանգստի, սննդի ռեժիմը և պահպանել հիգիենիկ անհրաժեշտ կանոնները և սիրտը կկատարի իր ծանր պարտականությունները արվեստի բոլոր օրենքներով:
Սրտի աշխատանքը իրականանում է շնորհիվ իր չորս ֆունկցիաների` ավտոմատիզմի, գրգռողականության, հաղորդականության և կծկողականության:
Ավտոմատիզմի շնորհիվ սրտամկանը մշակում է սեփական իմպուլսներ, որոնց միջոցով սիրտը տալիս է ռիթմիկական կծկումներ: Այս հատկությունը սրտի տարբեր բաժիններում արտահայտված է տարբեր աստիճանի: Այդ տեսակետից սրտում կարելի է տարբերել ավտոմատիկ կենտրոնների երեք հարկ: Վերևի հարկում (աջ նախասրտի վերևի մասում) տեղադրված է աոաջին կարգի ավտոմատիկ կենտրոնը` սինուսային հանգույցը, որը նորմալ պայմաններում կարող է մշակել միջին հաշվով 70-80 իմպուլս մեկ րոպեում: Միջին հարկում (նախասիրտ-փորոքային միջնապատի շրջանում) գտնվում է երկրորդ կարգի ավտոմատիկ կենտրոնը` նախասիրտ-փորոքային հանգույցը, որի իմպուլսները միջին հաշվով լինում են 50-40 մեկ րոպեում: Ստորին հարկում (տեղակայված փորոքներում) դասավորված են երրորդ կարգի ավտոմատիկ կենտրոնները, որոնց իմպուլսային հզորությունը չի անցնում 20-10 զարկից մեկ րոպեում: Ինչպես երևում է, առողջ սրտում ավտոմատիզմի հատկությունը ուժեղագույն ձևով արտահայտված է վերևի հարկում և աստիճանաբար թուլանում է իջնելով դեպի ներքևի հարկերը: Ֆիզիոլոգիական պայմաններում սրտի ռիթմը ծագում է վերևի հարկից, այսինքն ունի սինուսային բնույթ: Եթե այս կամ այն հիվանդագին պատճառի հետևանքով ճնշվում կամ վերանում է սինուսային հանգույցի ֆունկցիան, սկսում են գործել երկրորդ կարգի ավտոմատիկ կենտրոնները: Իսկ եթե վերջիններս էլ խանգարվում են, ապա բեմահարթակ են բարձրանում երրորդ կարգի ավտոմատիկ կենտրոնները: Այսպիսով, կարելի է պատկերավոր ձևով արտահայտվել և խոսել սրտի ավտոմատիկ կենտրոնների հիերարխիայի մասին:
Գրգռողականությունը կենդանի հյուսվածքի հատկությունն է` պատասխանելու օրգանիզմի ներքին և արտաքին գրգիռներին: Սրտում գրգռողականությունը ունի իր բնորոշ առանձնահատկությունները: Ամեն մի հարմար գրգռի` սիրտը պատասխանում է առավելագույն կծկումով, իրեն դրսևորելով որպես մի ամբողջական միավոր: Այս դեպքում գրգռի ուժի ավելացումը չի առաջացնում պատասխանի, այսինքն` կծկման ուժեղացում: Այս տեսակետից սրտամկանը խիստ տարբերվում է կմախքային մկանից, որի կծկման ուժը ուղղակիորեն կախված է գրգռի ուժից: Սրտի աշխատանքի այս օրենքը, որը գիտության մեջ հայտնի է «ամեն ինչ կամ ոչինչ» անվանումով, ապահովում է սրտի ողջ մկանաթելերի կծկումը յուրաքանչյուր բավարար ուժ ունեցող գրգռի ազդեցաթյան տակ: Սրտամկանում գրգռողականության մյուս հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ, ի տարբերություն կմախքային մկանի, սրտամկանը չի ընկնում տետանիկ (երկարատև լարված կծկված վիճակ) կծկման մեջ և մեծ հաճախականությամբ իրար հաջորդող գրգիռներին պատասխանում է մեկական կծկումներով: Սա շատ կարևոր կենսաբանական հատկություն է: Չէ որ սրտի երկարատև կծկված վիճակը կառաջացնի արյան շրջանառության կանգառում, իսկ այդ վիճակը համազոր է օրգանիզմի մահվան:
Հաղորդականության շնորհիվ իմպուլսը հաղորդվում է իր ծագման տեղից սրտի մնացած մասերին: Սա սրտի շատ կայուն հատկությունն է և նորմալ պայմաններում իմպուլսի այդ դրոշարշավային փոխանցումը իրականանում է առանց նրա հզորության զգալի կորստի: Առողջ մարդու մոտ իմպուլսը, ծագելով սինուսային հանգույցում, ճառագայթաձև տարածվում է երկու նախասրտերում և հասնում է մինչև նախասիրտ-փորոքային հանգույցը: Շատ կարճատև դադարից հետո, նա հատուկ հաղորդչական ուղիներով այստեղից տարածվում է դեպի փորոքները: Սրտի տարբեր բաժիններում իմպուլսի հաղորդման արագությունը այլ է. առավելագույն արագությունը` 4000 մմ մեկ վայրկյանում, նկատվում է փորոքային մկաններում, իսկ նվազագույնը` 200 մմ մեկ վայրկյանում` նախասիրտ-փորոքային հանգույցում: Նորմալ ժամանակ իմպուլսային մի ալիքը սրտում կտրում է 35 սմ ճանապարհ, ընդ որում այդ մայրուղու 15 սմ-ն անցնում է նախասրտերով, իսկ 20 սմ-ն` փորոքներով:
Կծկողականությանը սրտի հիմնական ֆունկցիան է, հանրագումարային արդյունքը բարդ պրոցեսների, որոնք բիոքիմիական և բիոֆիզիկական տեղաշարժերը վերափոխում են մեխանիկական երևույթի` բջջի կծկման: Սրտի կծկումը պայմանավորված է մկանաթելերի կարճացումով, որն ուժեղ կծկումների ժամանակ կազմում է հանգստի վիճակում գտնվող մկանաթելերի երկարության մինչև 20 %-ը: Կծկման շնորհիվ սիրտը կատարում է օրգանիզմում իր հիմնական առաքելությունը` իր հրոցային ֆունկցիան: Եթե կմախքային մկանում կծկման ուժը կախված է ընդհանուր առմամբ գրգռման ուժից, ապա սրտում նման օրինաչափություն չի դրսևորվում:
Այս դեպքում գործում է «սրտի օրենքը», ըստ որում սրտի կծկումը ուղիղ համեմատական է մկանաթելերի ելակետային երկարությանը, այսինքն կծկման նախորդող (հանգստի վիճակում գտնվող) մկանաթելերի երկարությանը: Այս օրինաչափությունը վկայում է սրտի կենսաբանական հարմարողականության բարձր մակարդակի մասին, քանի որ սրտի մկանաթելի ելակետային երկարությունը, կամ ձգվածությունը, որը նկատվում է նրա հանգստի (դիաստոլայի) վիճակում, կախված է սրտի խոռոչների արյունալցման աստիճանից. ինչքան մեծ է արյունալցումը, այնքան ավելի ուժեղ է կծկումը:

ՍԻՐՏԸ ՈՐՊԵՍ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱ

Դեռևս ժամանակակից սրտաբանության դասական դեմքերը սիրտը բնորոշում են որպես մկանային մի հոծ սիստեմ, կազմված հսկայական քանակով կծկողական միավորներից, որոնց մեջ քիմիական էներգիան վեր է ածվում մեխանիկական շարժման: Սրտամկանի հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիաների հիմքում ընկած մի ամբողջ շարք բարդ բիոքիմիական և բիոֆիզիկական գործողությունների ռիթմիկական կրկնումը թույլ է տալիս սրտին կատարելու արյան շրջանառության (հեմոդինամիկայի) գլխավոր «շարժիչի» ֆունկցիան:
Սրտի հիմնական ֆունկցիայի այսպիսի «ավանդական» հասկացողության հիման վրա ֆիզիոլոգների և կլինիցիսաների կողմից պարզաբանվեցին սրտի աշխատանքի հիմնական կանոնները, մշակվեցին սրտի տարբեր բաժինների աշխատանքի ցուցանիշները, հայտնաբերվեցին սրտի հարմարողականության, կոմպենսացիայի և դեկոմպենսացիայի մեխանիզմները:
Սակայն նման մոտեցումը, որը հիմնված է հեմոդինամիկայի համեմատաբար կոպիտ ֆիզիկական օրենքների վրա և ելնում է հասարակ լուսային մանրադիտության և դասական ընդհանուր էլեկտրոֆիզիոլոգիայի ու բիոքիմիայի տվյալներից, չի կարող նոր ուղիներ բաց անել սրտամկանի գրգռման և կծկման ժամանակ կատարվող առավել մտերիմ գործողությունները ուսումնասիրելու: Եթե հենվենք այն դրույթի վրա, որ սիրտը մի կենսաբանական մեքենա է, որի մեջ նյութերի փոխանակության քիմիական էներգիան վեր է ածվում մեխանիկականի, ապա հասկանալի պետք է լինի ժամանակակից գիտության կրքոտ պեղումները` պարզաբանելու քիմիամե-խանիկական այն ձևափոխումը, որը վերջ ի վերջո հասցնում է մկանային տարրերի կծկմանը: Օրգանի, հյուսվածքի կամ անգամ բջջի մակարդակին տարվող հետազոտությունները չեն կարող պարզորոշ պատասխան տալ ժամանակակից գիտության կողմից դրված հարցերին: Այսօր անհրաժեշտ է ճանաչել այդ քիմիամեխանիկական փոփոխության հյուլեական հիմքը, անհրաժեշտ է ճիշտ պատկերացնել սրտամկանի ուլտրակառուցվածքը, որը նոր հորիզոններ է բացում ֆիզիոլոգիական երևույթները ուսումնասիրողների աոաջ: Էլեկտրոնային մանրադիտությունը ավելի և ավելի է նեղացնում փոքր չափերի մասին մարդկային պատկերացման սահմանները, անգամ այն աստիճանի, որ ուլտրամանրադիտողների, թերևս և բոլոր կենսաբանների մոտ հասցնում է «նոր տեսակի նևրոզի» զարգացման: Սրտի կծկումը ֆիզիկական երևույթ է, այն ենթարկվում է ֆիզիկայի և կենսաբանության օրենքներին և իր հերթին ուղեկցվում է ֆիզիկական արտահայտություններով: Ժամանակակից էլեկտրոնիկայի նվաճումների և բժշկության մեջ նրանց օրեցօր ավելի լայն կիրառման պայմաններում հնարավոր է դառնում ուսումնասիրել այդ բարդ գործողության բոլոր մանրամասները: Այդ ճանապարհով այսօր շատ խոր ձևով քննարկվում են սրտի աշխատանքի ամենամտերիմ կողմերը, պարզաբանվում են նրա կինետիկական և պոտենցիալ հատկությունները, ախտորոշվում են սրտային հիվանդությունները և այլն:
Մեր մոլորակի գիտնականները անընդհատ որոնում են էլեկտրական էներգիայի նորանոր աղբյուրներ: Էլեկտրականությունը այնքան ամուր է մուտք գործել ժամանակակից կյանքի մեջ, որ դժվար է պատկերացնել մարդկային հասարակությունը առանց գիտության այդ վեհագույն նվաճման: Բայց ահա էլեկտրականության օրենքները տարածվում են և սրտի վրա, որը ներկայանում է մեզ` որպես էլեկտրականության աղբյուր: Սիրտը փաստորեն մի միկրոէլեկտրակայան է, որը մշտապես արտադրում է գուցե և շատ փոքր, բայց որոշակի քանակով էլեկտրականություն: Դեռևս 100 տարի առաջ հայտնի էր, որ սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ զարգանում են էլեկտրական երևույթներ: Սակայն տեխնիկապես անհնար էր դրանց գրանցումը: Միայն 1903 թվականին հնարավոր եղավ գրառել այդ պոտենցիալները և օգտվելով դրանցից, ախտորոշել սրտային հիվանդությունները: Սրտի էլեկտրական հոսանքների գրանցումը հեշտ խնդիր է ֆիզիոլոգի համար, չէ որ նա կարող է փորձի ընթացքում մերկացնել կենդանու սիրտը և անմիջապես նրա մակերեսից հավաքել այդ հոսանքները: Գրանցման այդ ուղին անմատչելի է բժշկի համար, որը գործ ունի կենդանի մարդու հետ: Բայց մարդկային մարմինը էլեկտրականության լավ հաղորդիչ է և, եթե երկու մետաղական էլեկտրոդներ տեղադրվեն մարմնի մակերեսի վրա և նրանք միացվեն գրանցող գործիքին, ապա հնարավոր կլինի սրտի կծկման էլեկտրական հոսանքները գրառել: Այդպիսով, քսաներորդ դարի արշալույսին ստեղծվեց սրտի հետազոտման մի նոր մեթոդ, որին վիճակված էր լինել ժամանակակից սրտաբանության անկյունաքարը: Այդ մեթոդը ստացավ էլեկտրոկարդիոգրաֆիա անունը: Ներկայումս այն շատ լայն կիրառում ունի բժշկության մեջ և մեծ օժանդակություն է ցույց տալիս բժշկին: Այսօր անհնար է պատկերացնել հիվանդի հետազոտությունը առանց էլեկտրոկարդիոգրաֆիայի: Հետազոտման այդ ձևը ժամանակակից մասնագետ սրտաբանի այբուբենն է, այդտեղից է սկսում իր գործունեությունը սրտաբանը, լինի նա թերապևտ, վիրաբույժ, մանկաբույժ կամ ֆիզիոլոգ:
Սիրտը լուռ չի աշխատում և ամեն մի գործիքի նման իր աշխատանքի ընթացքում առաջացնում է յուրահատուկ հնչյուններ, որոնք նրա կենսունակության ամենավստահելի վկաներն են: Սրտի հնչյունների լսումը (աուսկուլտացիան), նրանց ուսումնասիրումը և վերլուծումը բժշկության հիմնական զենքերից մեկն է: Բայց աուսկուլտացիան սուբյեկտիվ մեթոդ է, որը փաստորեն կախված է բժշկի լսողական զգայարանի անհատական առանձնահատկություններից: Գործնական աշխատանքում հազվադեպ չեն այն դեպքերը, երբ լսված երևույթները վերլուծելիս, ծագում են բացարձակապես տարբեր մեկնաբանումներ և կարծիքներ, անգամ ամենաորակյալ մասնագետների միջև: Բացի այդ, մարդու ականջը ֆիզիկական իմաստով լիարժեք «գործիք» չէ և ունի մեծ սահմանափակումներ: Այս է պատճառը, որ անհրաժեշտ եղավ ստեղծել հատուկ գործիք` օբյեկտիվ կերպով գրանցելու սրտի գործունեության հնչյունական երևույթները: Այդ մեթոդը, որը ստացավ ֆոնոկարդիոգրաֆիա անվանումը, ներկայումս լայն չափերով ներմուծվում է գործնական բժշկության մեջ: Այն հնարավորություն է տալիս պարզ պատկերացում ունենալ սրտի ֆունկցիոնալ վիճակի, սրտի խոռոչների և մայր անոթների հեմոդինամիկայի մասին, զգալի չափով նպաստում է սրտի տարբեր բնածին և ձեռքբերովի հիվանդությունների ախտորոշմանը: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հետևյալ փաստը: Սրտի կծկումը առաջացնում է մեխանիկական շարժումներ, որոնք տարածվում են ամբողջ մարմնով: Այդ տատանումների մասին գիտնականները տեղյակ էին դեռևս վաղուց, իսկ 1877 թվականին հաջողվեց դրանք հայտնաբերել շատ հետաքրքիր ճանապարհով, երբ անհատը տեղադրվում էր կշեռքի վրա, նրա զարկերակի հարվածներին համընթաց տատանվում էր կշեռքի սլաքը: Հիշյալ շարժումները շատ աննշան չափերի են, բայց հատուկ գործիքով կարելի է դրանք գրանցել: Այս մեթոդը կոչվում է բալիստոկարդիոգրաֆիա, այն ուսումնասիրում է սրտի ֆունկցիոնալ վիճակը, հատկապես նրա կծկողական էներգիան, գրանցելով մարմնի տատանումները, որոնք առաջանում են, երբ արյունը դուրս է մղվում սրտի խոռոչներից և հոսում է արյան շրջանառության սիստեմով: Այս մեթոդի անվանման մեջ ոչ մի տարօրինակություն չկա. ինչպես որ բալիստիկական հրթիռը իր հրման ժամանակ առաջացնում է տարբեր շարժումներ, այնպես էլ սիրտը և անոթային համակարգը արյունը առաջ մղելու ժամանակ շարժումներ են ծնում: Այդ տերմինը ծագում է լատինական «բալիստա» բառից, որը նշանակում է նետել (հին ժամանակ այդպես է կոչվել զենքի մի տեսակը, որի օգնությամբ թշնամու դիրքերի վրա նետվել են տարբեր ծանր առարկաներ, այստեղից էլ բալիստիկա` գիտություն ռումբերի և հրթիռների շարժման և թռիչքի հետագծերի մասին):
Ֆիզիկայի տարբեր ճյուղերից (էլեկտրականություն, ակուստիկա, մեխանիկա) բացի, սրտաբանության մեջ ներմուծվում է և երկրաչափաթյունը: Սիրտը տեղադրված է տարածության մեջ, ուստի և ունի երեք չափեր` բարձրություն, լայնություն, խորություն: Սրտի կծկման ժամանակ առաջացող բոլոր ֆիզիկական երևույթները վեկտորական են, այսինքն բացի մեծությունից, ունեն նաև ուղղություն ու լիցք: Հետևաբար, սրտի կծկման ինչպես էլեկտրական, այնպես էլ մեխանիկական պարամետրերը կարելի է ուսումնասիրել տարածության մեջ: Այս մեթոդները (վեկտորէլեկտրոկարդիոգրաֆիա, վեկտորբալիստոկարդիոգրաֆիա և այլն) բժիշկներից պահանջում են մաթեմատիկական խոր գիտելիքներ:
Վեկտորական սկզբունքների կիրառումը պետք է ողջունել, քանի որ դա նշանակում է սրտաբանության մեջ ճշգրիտ ֆիզիկական և մաթեմատիկական հասկացողությունների ներմուծումը, իսկ դա հարստացնում է մասնագետների հայացքներն ու մտածողությունը: Ընդհանրապես չափազանց առաջադեմ քայլ է, որ վերջին տարիները մաթեմատիկան մուտք է գործում սրտաբանության մեջ: Բավական է նշել, որ մի շարք կլինիկաներում օգտագործվում է հաշվիչ տեխնիկա և կիբեռնետիկական սկզբունքներ` սրտի հետազոտման տարբեր տվյալները վերլուծելու կամ անգամ սրտային հիվանդությունը ախտաճանաչելու համար: Չպետք է սակայն մտածել, որ ժամանակի ընթացքում այդ գործիքները կփոխարինեն բժշկին: Սա անգամ աներևակայելի է: Չէ՞ որ բժշկական տրամաբանության կառուցվածքը և ձևերը հիմնված են այնպիսի օրենքների վրա, որ նույնիսկ ամենակատարելագործված գործիքը չի կարող երբեք փոխարինել բժշկի դատողությանը:
Սրտի գործիքային քննության ժամանակակից միակցության մեջ մտնում են և շատ ուրիշ մեթոդներ: Չնայած ռենտգենյան ճառագայթները վաղուց են կիրառվում բժշկության մեջ, միայն վերջին ժամանակներն է, որ լայնացել է նրանց կիրառման դաշտը շնորհիվ նորագույն մեթոդների, ինչպես, օրինակ, էլեկտրոկիմոգրաֆիայի, երբ ֆոտոէլեմենտի օգնությամբ անմիջապես ռենտգենյան էկրանից գրանցվում է սրտի առանձին մասերի աշխատանքը, կամ անգիոկարդիոգրաֆիայի, երբ սրտի մեջ ներարկվում է կոնտրաստային նյութ և իրար արագ հաջորդող ռենտգենյան նկարների կամ կինոգործիքի օգնությամբ գրանցվում է նրա շարժումը: Ներկայումս հնարավոր է անմիջականորեն ուսումնասիրել սրտի առանձին խոռոչների հեմոդինամիկան, ֆունկցիոնալ և բիոքիմիական ցուցանիշները` շնորհիվ սրտի կաթետերիզացիայի, երբ ռենտգենյան ճառագայթների հսկողության տակ ծայրանդամների անոթների լուսանցքով դեպի սիրտն է ուղղվում հատուկ կաթետերը: Բացի այդ, օգտագործվում է ռադիոիզոտոպային նշման մեթոդը ուսումնասիրելու սրտի սեփական` պսակաձև շրջանառությունը, սրտի խոռոչներում արյան հոսքը և շատ այլ ցուցանիշներ:
Դեռ շատ կարելի է խոսել այն մասին, թե ինչպես ժամանակակից բժիշկը, հիմնվելով սրտի` որպես ֆիզիկական առարկայի պատկերացման վրա և օգտագործելով նորագույն տեխնիկայի անսպառ հնարավորությունները, ավելի և ավելի է խորանում սրտի աշխատանքի բարդ մեխանիզմների մեջ: Բայց սիրտը լրիվ մերկացավ, կորցրեց իր նախկին խորհրդավոր և միստիկական խանձարուրներից դեռևս մնացած առանձին կտորները և դասվեց մարդու օրգանիզմի մնացած օրգանների շարքը, երբ վիրաբույժի դանակը մուտք գործեց վիրաբուժության այդ վերջին «կույս» օրգանի մեջ: Վիրաբույժի կոպիտ, բայց փրկարար ձեռքը թափանցեց սրտի խորքերը որոշ ուշացումով: Այս հարցում վիրաբույժն ի՛նքը մեղավոր չէ: Առանց նուրբ, բազմակողմանի և շատ խոր հետազոտությունների նա ի վիճակի չէր որևէ միջամտություն կատարել: Իսկ այդ հետազոտությունները իրական դարձան միայն վերջին մի քանի տասնամյակներում, շնորհիվ գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների: Մանրամասն ուսումնասիրված և հետազոտված հիվանդներից միայն կարելի է ակնկալել սրտի վիրահատության դրական արդյունքները:
Սրտաբանության բեմի վրա վիրաբույժի հայտնվելը անկասկած շատ դրական երևույթ է: Ներկայումս շատ հիվանդների ճակատագիրը կախված է սրտաբանի և վիրաբույժի ներդաշնակ աշխատանքից: Այսօր մեզ համար դժվար է կանխատեսել, թե հետագայում ինչքանով կլայնանա կամ կնեղանա վիրաբույժի գործունեության դաշտը: Սակայն լրիվ պարզ է այն, որ շնորհիվ վիրաբուժության՝ սրտաբանության բուժական միջոցների զինանոցը զգալիորեն հարստացավ և հնարավոր եղավ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման արդյունավետությունը կտրուկ կերպով բարձրացնել, անգամ «նոր» սիրտ արտապատվաստել:

ՍԻՐՏԸ ՈՐՊԵՍ «ՄԱՐԴՈՒ ՍԻՐՏ»

Սիրտ… նրա մեջ կա մի բովանդակության, որ նրան դարձնում է մարդու մարմնի ամենավեհ և շնորհալի մասը: Սիրտը խփում է ոչ միայն մարդու ֆիզիկական գոյության համար: Եթե դա այդպես լիներ, ապա ինչպե՞ս կտարբերվեր մարդը կենդանական աշխարհից ընդհանրապես: Իր բոլոր զգացումները, իր ամբողջ հոգեկան աշխարհը մարդը կապում է իր սրտի հետ: Սիրտը սիրո արտահայտիչն է, բարվո մարմնացումը, բանաստեղծի երգերի մեղեդին, նկարչի վրձնի առարկան, քանդակագործի մտահղացումը: Նա այնքան սերտ գրկախառնվում է մարդու հոգեկան ոլորտի հետ, նրա ամբողջ կենսագործունեության հետ, որ անվերապահ մուտք է գործել նրա լեզվի մեջ և դարձել մարդկային լավագույն զգացումների սրբազան խորհրդանիշը:
Շատ գեղեցիկ կարելի է նկարագրել սիրտը, նրան կարելի է պճնել քաղցրահնչյուն բառերով, կարելի է նրան բոլորովին «կենդանացնել»: Սա համեմատաբար ավելի հեշտ պարտականություն է, քան բժշկինը, չէ որ ես բոլորովին մերկացրի սիրտը և ձեր առաջ բաց արեցի այդ շնորհագույն օրգանի որոշ «երկրային» հատկությունները: Սա, անկասկած, վիրավորական է, նախատինք է մարդկային սրտի համար: Խնդրում եմ, շատ եմ խնդրում ինձ ներել, խնդրում եմ չմտածել, որ բժիշկը զուրկ է նուրբ զգացումներից և «սրտից»: Քավ լիցի, քնարերգությունը բժշկին նույնքան մոտ է, ինչքան բանաստեղծին կամ նկարչին, և բժշկության ժամանակակից բուռն տեխնիզացման պայմաններում անգամ բժիշկը մնում է բժիշկ` իրեն հատուկ շատ նուրբ և վեհ զգացումներով: Բայց բժիշկը պարտավոր է, ի հատուցումն իր պարտքի, հագնել «ակնոց», հատուկ ակնոց, որպեսզի այդ միստիկայի մեջ տեսնի այն գործիքը, որն ապահովում է մարդու գոյությունը: Բժիշկը այդ ամբողջը անում է դժկամ և շատ մեծ դժվարությամբ, որպեսզի մարդկային սրտերը հնչեն առողջ, որպեսզի նրանք բաբախեն հանուն սիրո, որպեսզի նրանց հնչյունները լինեն երջանկության ղողանջներ: Առողջ սիրտ` սրան է ձգտում բժիշկը, սրտաբանը: Առողջ սիրտ, որպեսզի մարդը հոգեկան և ֆիզիկական էներգիայով լի գործի կյանքի խաղասպարեզում, որպեսզի նա լինի իր հասարակության լիարժեք անդամ: Ինչ կենսուրախ է տրոփում սիրահարվածների սիրտը, ինչպիսի երջանկություն է զգում մարդը, երբ նա զգում է իր պաշտած էակի սրտի զարկերը: Ինչքա՜ն քաղցր է հնչում նորածնի սիրտը իր մոր համար, ինչքան քնքուշ են այդ նրա կյանքի զանգերը, ինչքան գեղեցիկ է և վեհ այս ամբողջը, բայց, հավատացեք ինձ, գերմարդկային է այն երջանկությունը, որ զգում է բժիշկը, երբ մահվան դեմ դաժան և համառ պայքարից հետո մահացող սրտում լսում է հանկարծ մի խուլ հնչյուն, որն ավետում է մահվան դեմ նրա հաղթանակի մասին: Սա բարձրագույն դափնեպսակն է:
Ես ձեզ ներկայացրի սիրտը, ներկայացրի իմ աչքերով, սրտաբանի աչքերով: Բայց դուք կարող եք չհավատալ իմ աչքերին, կարող եք չհավատալ իմ խոսքերին, իմ վերջին տողերին, բայց դուք պետք է հավատաք իմ սրտի խոսքին` «ի խորոց սրտի».

Ո՜վ վեհ ուխտավոր, սիրտ դու շշնջող,
Սիրո դու քնար, բուրող մեղեդի,
Դու խնկող խորան, փարոս կայծկլտող,
Դու` օազիսը իմ անապատի…

Հողաշեն մտքի սնար երկնային,
Լուռ քարավանի դու շունչ կենդանի,
Խավար տարերքի հրեղեն մարմին,
Դու` շատրվանը իմ մենաստանի…

Հնչիր դու մեղմիկ, կռունկի տաղով,
Երգիր մերթ սազով, մերթ արտասուքով,
Նայիր արևին, վարդերին գարնան,
Սիրո երկունքի իմ սուրբ վեհարան…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով