Պոլ Վալերի. Մեր ճակատագիրը և գրականությունը

«Գարուն», 1997, 2

Միտքը փոխակերպեց աշխարհը, և աշխարհը նրան մի լավ փոխհատուցեց: Նա մարդուն տարավ այնտեղ, ուր չգիտեր ինչպես գնալ: Նա մեզ տվեց ապրելու ճաշակն ու միջոցները: Շնորհեց գործելու կարողություն, որ հսկայական չափով գերազանցում է հարմարվելու զորություններին, և նույնիսկ տվեց անհատներին հասկանալու կարողությունը, նա մեզ ներշնչեց ցանկություններ և հասավ այնպիսի արդյունքների, որոնք շատ են գերլիացնում այն, ինչը օգտակար է կյանքի համար: Դրանով մենք էլ ավելի ենք հեռացել կյանքի ամենայն նախնական պայմաններից, քշված, ինչպես որ կանք` այնպիսի արագությամբ, որ մեծանում է տագնապալի դառնալու աստիճան` իրերի այնպիսի դրության մեջ, որի բարդությունը, անկայունությունը, բնորոշ անկարգությունը մեզ շփոթեցնում է, մեզնից խլում նվազագույն կանխատեսումը, զրկում մեզ ապագայի մասին մտածելու ամենայն հնարավորությունից, ճշտում կարողության ուսուցումները, որ մի ժամանակ սովորություն ունեինք հարցադրելու անցյալին, և որոնք իրենց թափի ու վայրիվերումների մեջ ներծծում են ամրանալու և կառուցելու ամենայն ջանք` լինի դա ինտելեկտուալ, թե հասարակական, ինչպես որ շարժուն ավազը ներծծում է ուժերն այն կենդանու, որն անզգուշաբար անցել է վրայով:
Այս ամենն անհրաժեշտաբար հակազդում է բուն իսկ մտքի վրա: Մտքի կողմից փոխակերպված մի աշխարհ այլևս մտքին չի մատուցում նույն հեռանկարներն ու նույն ուղղությունները, ինչ ժամանակը, որ նրան առաջադրում է բոլորովին նոր խնդիրներ, անթիվ առեղծվածներ:
Մարդկային կյանքի պատկերն այնպիսին, ինչպիսին դիտում էին հնում և այնպիսին, ինչպիսին ներկայացնում էր Պատմությունը, սերում էր կատակերգությունից և ողբերգությունից. դարից դար բավական հեշտությամբ գտնում էինք նմանօրինակ իրադրություններ, համեմատելի անձնավորություններ, հստակ տարանջատված դարաշրջաններ, երկարորեն հետապնդվող քաղաքականություններ, որոշակիորեն սահմանված իրադարձություններ` լավ ձևավորված հետևանքներով: Այդ ժամանակներում ադմինիստրացիաները կարող էին ապրել «նախադեպ»-ի հաշվին:
Սակայն այդ դասական պատկերը փոխվում է տարօրինակորեն: Մարդկային կատակերգությանն ու ողբերգությանը համահյուսվել է հեքիաթային տարրը: Ժամանակակից աշխարհի բեմահարթակի վրա, ինչպես Շատլեում, ամեն ինչ տեղի է ունենում աչքի առաջ կայացող փոփոխությամբ: Դրանք լոկ հայտնություններ են, փոխակերպումներ և անակնկալներ, անակնկալներ` ամեն ինչով հաճելի, և պատահում էր, որ այդ ամենի հեղինակը` մարդը,- գոնե այն մարդը, որին մնում է ժամանակն ու տխուր սովորույթը խոկալու,- զարմանում է, որ կարողանում է ապրել կախարդանքների, փոխակերպումների այդ այժմեական մթնոլորտում, որտեղ իրականանում են հակա-հակադրությունները, որտեղ հեղաշրջումներն ու աղետները իրարից խլում են բեմատարածքը, միմյանց փոխարինում են ասես մոգությամբ,- որտեղ մի քանի տարում գյուտերը ծնվում, հասունանում ու այլակերպում են բարքերն ու մտքերը: Եվ այդ մարդը, որը մտածում է (որը դեռևս մտածում է), երբեմն զգում է մի արտակարգ հոգնածություն: Նրան թվում է, թե ամենազարմանալի հայտնագործությունը իրեն այլևս չի զարմացնի:
… Սակայն մարդկության համար միշտ էլ քիչ է: Ես, ի դեպ, չգիտեմ, թե արդյոք նա զգու՞մ է, որ ինքը փոփոխվում է: Նա հավատում է, թե մարդը դեռևս նույնն է: Մենք այդպես հավատում ենք… այսինքն` մենք ոչինչ չգիտենք նրա մասին: Եվ սակայն ինչ-որ պատճառ, ինչ-որ պատճառներ կան հավատալու, որ նա փոփոխվում է: Պատկերացրեք (մենք կախարդական պայմանականության մեջ ենք), պատկերացրեք, սակայն, այն դիտողությունները, որ կարող էր անել մի դիտորդ, մեր տեսակի ճակատագրերի մի հանդիսական Մեֆիստոֆելես, որը` տեղադրված մարդկանցից քիչ վերև, դիտելիս լիներ մեր վիճակը, թե ինչպես է անցնում ամբողջական մեր կյանքը, փոխակերպվում և հատնում արդեն մոտ մի դար: Նա շատ առիթներ կունենա մեր հաշվին զվարճանալու` նկատելով մեր գյուտարարական ջանքերի հետաքրքիր բումերանգը` ինքներս մեր դեմ: Մինչ կարծում ենք, թե մեզ ենք ենթարկում ուժերն ու իրերը, բնության դեմ իրագործված գիտական մահափորձերից չկա մեկն անգամ, որ ուղղակի կամ անուղղակի ճանապարհով մեզ չենթարկի հենց իրեն և մեզ չդարձնի մեր հզորության ստրուկները, չդարձնի այնքանով անկատար էակներ, որքանով ավելի լավ ենք մատակարարված, և որոնց ցանկությունները, պահանջներն ու գոյությունն իսկ խաղալիքներն են իրենց սեփական հանճարի:
— Մի՞թե դուք, ուրեմն, չե՞ք տեսնում,- կասեր պայծառ աչքերով այդ սատանան,- մի՞թե դուք, ուրեմն, չեք տեսնում, որ հասարակ ենթականեր եք արտառոց փորձարկումների, չե՞ք տեսնում, որ ձեր վրա փորձում են հազար ու մի գործողություններ և հազար ու մի անհայտ նյութեր: Ուզում են իմանալ, թե ձեր օրգաններն ինչպես պիտի գործեն մեծ արագությունների և ցածր ճնշումների դեպքում, և այն, թե ձեր արյունն ինչպես է հարմարվում խիստ ծխահարված օդին,- և թե ձեր ակնաթաղանթը որքան կարող է դիմանալ ավելի ու ավելի զորեղ փայլատակումներին ու ռադիացիաներին… էլ չխոսենք հոտերի, աղմուկների մասին, որ տանում եք, ինչպես և ամեն տեսակի հաճախության հոսանքների թպրտումները, սինթետիկ սնունդը, էլ ի՞նչ իմանամ.. Իսկ ինչ վերաբերում է ինտելեկտին, բարեկամներս, ինչ վերաբերում է զգայականությանը,- դա այն է, ինչ ինձ ամենաշատն է հետաքրքրում,- ձեր միտքը օրը քսանչորս ժամ ենթարկում են անհարիր լուրերի մի հրաշալի քանակության, ձեր զգայարանները, առանց մի օր հանգստի, պետք է ներծծեն նույնքան երաժշտություն, նկարչություն, դեղորայք, տարօրինակ խմիչքներ, տեսարաններ, տեղափոխումներ, բարձրության, ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ, քաղաքական և տնտեսական տագնապ, այնքան շատ, որ ողջ մարդկությունը նախկինում մի կերպ կարողանում էր յուրացնել երեք դարերի ընթացքում:
«Դուք փորձամկներ եք, սիրելի մարդիկ», և շատ վատ օգտագործվող փորձամկներ, քանի որ փորձարկումները, որ կրում եք դուք, բաժին են հասնում, տարբերակվում, կրկնվում ինչպես պատահի: Բոլորովին չկա ոչ գիտնական, ոչ էլ լաբորանտ, որ կարգավորի, չափավորի, հսկի, մեկնաբանի փորձարկումները, արհեստական ճեղքվածքները, որ ոչ մեկը չի կարող կանխատեսել, հետքերի առավել կամ պակաս դաջվածքը ձեր թանկագին անձնավորությունների վրա: Սակայն նորաձևությունը, արդյունաբերությունը, ինչպես և գյուտի ու գովազդայնության համադրված ուժերը, ձեզ տիրում են, ձեզ ցուցադրում ծովափերին, ձեզ ուղարկում դեպի ձյուները, ոսկեզօծում ձեր զիստերը, եփում ձեր մազերը, մինչ քաղաքականությունը շարքի է կանգնեցնում մեր բազմությունները, բարձրացնել տալիս ձեռքը կամ ցցել տալիս բռունցքը, քայլել է տալիս զինվորավարի, ընտրել, ատել կամ սիրել է տալիս կամ մեռցնում համաչափորեն, տարտամորեն, վիճակագրաբար:
Ես իմ Մեֆիստոֆելեսին լռություն եմ պարտադրում: Այդ սատանան ամեն ինչ պիտի ասեր: Բայց ինչպիսի սատանա էլ որ լինի, չէր կարողանալու, անշուշտ, խոսել ապագայի մասին: Ապագան նման է մնացյալին, նա ամենևին այն չէ, ինչ եղել է: Ես դրանով նկատի ունեմ, որ այլևս չենք կարող խորհել նրա մասին` որոշակի վստահություն ունենալով մեր նախադրյալների վերաբերյալ: Մենք կորցրել ենք նրա մասին մտածելու և կանխատեսելու մեր ավանդական միջոցները, դա մեր վիճակի վեհասքանչորեն շշմեցուցիչ պարագան է:
Մինչ ավելի ու ավելի տագնապում ենք իմանալու, թե ուր ենք գնում, մինչ չենք հոգնում ինքներս մեզ հարցնելու վաղվա օրվա հավանականության մասին, մյուս կողմից ապրում ենք սարսափելիորեն առօրեական մի կյանք: Ապրում ենք օրը օրին, ինչպես այն դարաշրջաններում, որոնք ամենանեղվածն էին անմիջական պահանջներից, ինչպես մարդկության հնագույն ժամանակները: Բայց դեռ ավելին, կարծես վատթարացնելու համար մեր անորոշության զգացողությունը, չենք ընտելացել հրաժարվելու կանխատեսումներից, դեռևս կազմակերպված չենք` ապրելու համար լոկ ներկայի մեջ և ըստ պատահարի: Մեր խորին սովորույթները, մեր օրենքները, լեզուն, զգացումները, փառասիրությունները բեղմնավորված են մի ժամանակի մեջ և հարմարեցված են մի ժամանակի, որն ընդունում էր երկար տևողություններ, հիմնվում ու դատողություններ էր անում մի վիթխարի անցյալի վրա և նպատակակետ էր դարձնում մի ապագա` չափած-ձևած ըստ սերունդների:
Ի դեպ, համարյա նույնը վերաբերում է մեր հարաբերություններին տարածության հետ: Մեր կոդերը, փառասիրությունները, քաղաքականությունը ներշնչված են հասկացություններից, որոնք հզորապես ուժգնորեն տեղական բնույթ ունեն, բխում են մարդուց, որ կպած է գետնին, տեղայնացված: Դա վերաբերի անհատականություններին թե ազգերին, մեր գաղափարներն ու իրավունքները, մեր կոնֆլիկտներն ու պայմանագրերը պարտադրում են կայունություն, սեփականության հավաստիացում և տարածքի տիրակալություն: Վերջին հաշվով, ազգերի և անհատների տևողությունն ու հարատևությունը դեռևս գտնվում են քաղաքական ինստիտուտների հիմքում: Նկատի առեք ամուսնությունը, ժառանգությունը, ինքներս մեր մասին մեր ունեցած տեսակետը, մենք մեզ անհատների տեղ ենք դրել… Սակայն այդ տեղայնացումն ու շարունակականությունը, որոնք եղել են մեր հասարակական կյանքի և քաղաքականության հիմքերը, ավելի ու ավելի են հայտնվում հասարակության մեջ գրգռման հետ` վասն շարժումի, որ չարչրկում է արդի աշխարհը, և այն դյուրությունների հետ, որ ստեղծված են բավարարելու ուրիշ տեղ մեկնելու մեր նախասիրությունը և միաժամանակ ամեն տեղ գտնվելու տարօրինակ իդեալը:
Ահա, ուրեմն, շարժունակ մարդը հակադրվում է արմատացած մարդուն: Մենք ներկա ենք հուսահատական մի պայքարի` հնամենի կառուցվածքի և տեղափոխվելու աճող կարողության միջև: Մինչ քոչվորը, նոր տիպի քոչվորը, արշավելով հինգ-վեց հարյուր ձիաուժի վրա, թռչում է տերիտորիալ բաժանումների վրայով, անտեսում կալվածք ու սահման, ազգերն իրար միջև խոյացնում են ավելի ու ավելի բարձր պատնեշներ, որ սիրով կհասցնեին զենիթին, մյուս կողմից ավելի ու ավելի են ջանում իրենց գլխի ճարը տեսնել առանց մեկը մյուսի, և դա նրանց հասցնում է հետաքրքիր ձևով հակասական գործողությունների, քանզի մինչ յուրաքանչյուր պետական հավաքականություն ձգտում է կազմավորել ինքնավար համակարգ և ինքնաբավ փակ տնտեսություն (ինչպես որ ասում են այս օրերին), սակայն անում է առավելագույնը` արտադրելու համար լսվելիս, քան կարող է սպառել` միամիտ պատկերացումով, թե դրսում կիրացնի իր գերլիությունը` միաժամանակ հնարավորին չափ քիչ ընդունելով ուրիշների գերլիությունը:
… Վերջին հաշվով, եթե ի մի բերենք և փորձենք կազմավորել բոլոր դիտարկումները, որ կարող ենք իրագործել արդի աշխարհի տարբերակումների վրա, ապա գոտեմարտի մեջ կմտնեք մի արտառոց գաղափարի հետ, որ կամենում է ձևավորվել մեր մտքում, որտեղ դեմ է առնում հնամենի ձեռքբերումներին և անհիշելի սովորույթներին:
… Պետք է ընտելանալ նաև այն բանին, որ մեր առջևում չփնտրենք այն, ինչ վերջնականորեն մեր ետևում է, և ամենայն կանխատեսում համարել վաղաժամ հենց այն պատճառով, որ դա կանխատեսում է:
Ես դա հաճախ եմ ասել` մենք ապագայի մեջ ենք մտնում ետ-ետ գնալով, և շարժման այդ ձևը մի ժամանակ ունեցել է իր օգտակարությունն ու մի շարք հաջող արդյունքներ, սակայն խեցգետինն անգամ հարկ համարեց հրաժարվել դրանից: Կարո՞ղ ենք, արդյոք, անել նույնը, ինչ նա, այսինքն` այսուհետև գործել, խորհել, գրել, ապրել, ինչպես եթե այն, ինչ պիտի գա, լիներ լոկ պատրանքայնորեն արտահայտելի նրանով, ինչ եղել է, լիներ ոչ խելամիտ, ոչ էլ օգտավետորեն բնորոշելի նրանով, ինչ էր:
… Ես պիտի փորձեմ ճշտել հետևյալը` նորությունների մեր դարաշրջանի այն նորությունը, որն ի դեպ, ամենամեծն է:
Նախկինում հենց այնպես ասում էին, և դա ասացվածք է. «Կյանքը բաղկացած է անկանխատեսելիից»: Սակայն չէին խորհում այդ սովորական բանաձևի ողջ խորության մասին: Նա, ով առաջինն է այդ հայտարարել, նրանք, ովքեր կրկնել են նրանից հետո, անկասկած մտածում էին արտահայտել, ապրված անցյալի վրա հիմնավորված փորձառությունը: Նրանք նկատել էին, որ ամեն պահի պատահում է այլ բան, քան ակնկալված էր, և որ նվազագույն հայացքը մեզանից յուրաքանչյուրի պատմության վերաբերյալ ի ցույց է դնում շարանը հերքված կանխատեսումների և անսպասելի իրադարձությունների: Սակայն ես ավելի հետաքրքիր իմաստ եմ տեսնում մի քիչ մաշված իմաստությամբ այդ հին տեսակետի մեջ: Ես այն մեկնաբանում եմ հետևյալ կերպ, կյանքի օրգանները, մեր օրգանիզմի, ինչպես և մտքի գործառույթները, ողջության բոլոր այդ հատկություններն ու կարողությունները պարունակում են այն, ինչը մեզ թույլ է տալիս ինչ-որ չափով հարմարվելու պատահելիքին: Իմ աչքը չգիտի, որ ես մոտենում եմ տվյալ առարկային կամ այն, որ տվյալ լույսը այստեղ պիտի փոխի իր ուժգնությունը: Սակայն հենց որ առարկան լինի ավելի մոտիկ, կամ հենց որ լույսը դառնա ավելի ուժեղ կամ ավելի թույլ, աչքս անմիջապես հարմարվելու է իր հստակ տեսողությունը պահպանելու համար: Ուրեմն, բանն այն է, որ նա կարող էր փոփոխվել:
… Վերջապես, երբ մարդ բանաստեղծ էր, արվեստագետ, գրող, փիլիսոփա, նկատի էր ունենում նույնիսկ հեռավոր սերունդներին, խորհում էր հետմահու ճանաչման մասին` այն ձգելով այնքան հեռու և այնպիսի հեռանկարի մեջ, որ դառնում էր անմահություն: Ստեղծագործությունների համար արդյունքում առաջանում էին մեծ հետևանքներ, մնայուն գործեր էին ստեղծվում… Դա նշանակում է, որ ստեղծագործությունների ձևի և նյութի նկատառումները մնացյալ ամեն ինչից վեր էին: Ոչ նորարարությունը, ոչ լարվածությունը, ոչ էֆեկտները, ոչ անակնկալները այնքան էլ չէին հետամտվում, ինչպես որ տեղի է ունենում այսօր, քանզի նորը և զարմացնելու հանգամանքը իրերի կորնչելի մասերին են պատկանում: Ուստի և աշխատանքը, հետազոտությունը, փորձարկումը բացարձակապես, ամենևին տարանջատված չէին մտքի հանպատրաստից զորություններից: Ընդհակառակը, իմանում էին, որ ամենավսեմ հանճարը չի կարող որսալ ու դարերի հայացքի առաջ վերջնականապես ճշտել այն, ինչ իրեն տրվում է աստվածների կողմից, քան միայն այն դեպքում, եթե տիրապետելիս լինի շարադրելու միջոցներին, տիրացած լինի բուն իսկ իր գյուտերին` նրանք վերածելու համար անեղծ և, այսպես ասած, քայքայվող համակարգի:
Սա դեռ բոլորը չէ: Վերապրելու այդ փառասիրությունից բխում էր նաև մեր նպատակների և ջանքի մի ազնվացում, և դրանից էլ` մի տեսակ հիերարխիա, մարդկանց ստեղծագործությունների դասակարգում` ըստ այն տևողության, որը վերագրում էին նրանց գործունեության հետ կապին: Վերջապես, ապագայի, հետմահու ճանաչման կամ անմահության այդ գաղափարը, ինչքան էլ որ պատրանքային կարող էր լինել, եռանդի մի աննման աղբյուր էր արվեստագետի համար, որը նրան զորավիգ էր դառնում հաճախ ծանր իր կարիերայի ընթացքում, ընդդեմ կյանքի նյութական դժվարությունների անըմբռնելիության: «Կգա մի օր»,- խորհում էր նա: Բայց այդ ամենն այլևս չկա, կամ համարյա չկա, և քիչ հույս կա, որ մեր մոխիրներից կվերածնվի հետմահու ճանաչման ու տևողության հանդեպ վստահության այդ հասկացությունը:
… Ձգտել կատարելագործության, ստեղծագործությանը տրամադրել աշխատանքի անսահմանափակ ժամանակ, ինքն իրեն առաջադրել, ինչպես որ ցանկանում էր Գյոթեն, անհնարին մի նպատակ,- դրանք ծրագրեր են, որ ժամանակակից կյանքի համակարգը ձգտում է ջնջել: Ենթադրենք նույնիսկ, որ նյութական միջոցները խնդրո առարկա չեն, և դուք նույնպես մատակարարված եք այն մեծագույն շքեղության օբյեկտներով, որ կոչվում են ժամանակի տրամադրություն, լռություն, մտքի արարմանը համապատասխանող մենակության և ընկերակցության ճշգրիտ փոխհարաբերություն,- ես չգիտեմ, թե աշխարհում որտեղ պիտի գտնեք հոգևոր խորունկ տենչանքի զգացողությունը, որը մեզ քարշ է տալիս ու ցրում է, տևական ու հավատարիմ ուշադրության այդ պայմանները և նույնիսկ հաղթահարվելու ենթակա ազնիվ որակի դիմադրողականության այն զգացողությունը, որ պիտի արժեքավորեր մեր ջանքը:
… Ես ձեզ ասում էի, որ անկանխատեսելին ինքն անգամ փոխակերպման ուղու վրա է, և որ արդի անկանխատեսելին համարյա անսահման է: Երևակայությունը լուծարվում է նրա առաջ: Նախկինում մեր կանխատեսման տեսողականությունը (և հետևաբար` նույն դարաշրջանի անկանխատեսելին) սահմանափակված էին մի կողմից մեր գիտելիքներով, մյուս կողմից` մեր գործելու միջոցների ներգործությամբ, և այդ երկու գործոնների միջև առկա էր հավասարակշռության մի ձև: Գալիք անծանոթը դիտում էին որպես մի պարզ համադրումը արդեն իսկ ծանոթ բաների, նորը վերլուծվում էր չհրատարակված տարրերի միջոցով: Բայց դա այլևս գոյություն չունի, և ահա ինձ թվում է եղածի մի պատկերը:
… Գրականությունը կարող է եղծվել նախ հենց հանձին այն անձի, որն այն գործառում է, հետո` հենց նյութի մեջ, որից օգտվում է, այսինքն` լեզվի, և այն ձևերի մեջ, ըստ որոնց լեզուն փոխակերպվում է: Վերջապես, հեղինակից և ստեղծագործությունից դուրս, անհրաժեշտաբար կա մի երրորդ պայման, որ նույնպես կարող է տարբերակվել, և որը ոչ այլ ոք է, քան ընթերցողը:
Հեղինակի անձի տեսակետից դիտված` գրականությունը յուրահատուկ մասնագիտություն է: Նախանյութը սահմանափակված է մի գրչով ու մի քանի թղթերով: Աշկերտությունը, արհեստը այն է, ինչ կցանկանա` զրո տևողությամբ կամ անսահմանորեն: Նախնական նյութը նույնպես այն է, ինչ կցանկանա` գտնվում է ամենուր, փողոցում, սրտում, բարության և չարիքի մեջ: Ինչ վերաբերում է բուն իսկ աշխատանքին, անբնորոշելի է, քանզի յուրաքանչյուրը կարող է ասել, որ ինքն այդ մասնագիտությանն է պատկանում և հավակ-նում է լինելու դրա վարպետը:
Սակայն եկեք առանց բարեհաճության դիտարկենք հասարակական այդ տարօրինակ իրադրությունը: Մերկացնենք գրողին այն շքեղությունից, որ դեռևս պահպանում է նրա համար ավանդույթը, և նայենք նրան գաղափարներ մշակող արհեստավորի և գրավոր լեզուն կիրառողի իր արհեստավորական կյանքի իրականության մեջ: Ինչի՞, ո՞ւմ է հիշեցնում, ուրեմն, այդ մարդը, որը լամպի ներքո, ներփակված իր գրքերի և պատերի միջև, տարօրինակ ձևով ինքնամփոփ կամ գրգռված, զոհն է չգիտես ինչպիսի մարտերի, որոնց օբյեկտներն անտեսանելի են,- բորբոքված, հանկարծակի կանգնելով, սակայն, ի վերջո, շարունակ վերադառնալիս իր հաստատածին, և խզբզելիս կամ գրամեքենային թխկթխկացնելիս: Վանենք ռոմանտիկական պատկերը մազախռիվ պոետի ճակատագրական ճակատով, որն իրեն զգում է քնար կամ տավիղ` փոթորիկների կամ գիշերվա մեջ, լուսնի ներքո, լճի ափին… Այդ արտակարգ հանգամանքների մեջ ոչ մի լավ բան չի արվում: Գեղեցիկ տաղերը հասունանում են ներշնչանքի հաջորդ օրը:
… Սակայն այդ արժեքը, որ ստեղծվելու է պոետի ձեռքերով, բարդ է, երկակի և երկու պարագաներում էլ էականորեն տարտամ: Բաղկացած է մի մասից, որն իրական է (այսինքն` երբեմն փոխանակվում է փողի հետ), և մյուս մասից, որ ծուխ է,- ճշմարիտն ասած, տարօրինակ ծուխ, որ, թերևս, մի օր խտանալու է մարմարից կամ բրոնզից ինչ-որ մոնումենտալ արարումի կերպարանքով` իր շուրջն ստեղծելով հզոր ու տևական մի շողարձակում` փառքը: Բայց դեռևս, իրական թե գաղափարային, այդ արժեքն անչափելի է, չի կարող ենթարկվել այն չափումների միավորներին, որ գտնվում են հասարակության տրամադրության տակ: Արվեստի գործը ադամանդի արժեք ունի ոմանց համար, մի խճաքարի` ուրիշների համար: Հնարավոր չէ այն գնահատել ըստ աշխատաժամերի, ուստի և չի կարող ներկայանալ իբրև համընդհանրորեն օգտագործվելիք դրամանիշ` փոխանակումների ամբողջության մեջ: Օգտակար է այն, որ արձագանքում է մարդկանց ֆիզիոլոգիական պահանջներին, այն, որի տիրապետումը մարդուն ազատագրում է ֆիզիկապես որոշակի նեղության, պակասի, նվազեցման զգացողությունից:
Մարդը գործում է, որպեսզի հանգստացնի այդ զգացողությունը,- և նրա ծավալված, կազմակերպված, համագործակցված գործողությունը իր ճառագայթը տարածելով միլիոնավոր արարածների վրա, երկնել է մի ամբողջ տնտեսական մեքենա: Սակայն անօգուտն այդտեղ ամենևին տեղ չունի: Տնտեսական մեքենան, ըստ էության, օրգանիզմի չափազանցումն է, վիթխարի ծավալումը, և անհնարին է այդ համակարգի մեջ, որը խստորեն հիմնված է օգտակարության հավասարության վրա, մտցնել հավասարակշռություն առարկաների և ծառայությունների միջև, որոնց մի մասը բավարարում է լոկ ցանկություններ ու ոչ թե բացարձակ պահանջներ, մյուս մասը համապատասխանում է միայն անհատական նախատրամադրվածությունների և ոչ թե կենսական գործառույթների: Այդ իսկ պատճառների հիման վրա սիստեմատիկ ու կատարելապես կազմակերպված հասարակությունը չի կարող, առանց ճշգրիտ տնտեսությունը եղծելու, ընդունել որևիցե շքեղություն, որևիցե փոխանակում ինչ-որ բանի, որն արժեք ունի բոլորի համար` ընդդեմ այն բանի, որն արժեք ունի ոմանց, բայց ոչ մյուսների համար:
Սակայն մինչև հիմա այդ ինչպե՞ս են ապրել պոետները, փիլիսոփաները, արվեստագետները, բոլոր այդ մանր արտադրողները, որոնք հանդիսանում են մարդկային ցեղի հպարտությունը: Ապրեցին, ինչպես որ կարողացան: Նրանք ապրեցին տնտեսական մեխանիզմի անստուգության շնորհիվ, և մեկը` շատ վատ, մյուսը` բավական լավ: Վեռլենը դրամաշորթության և ողորմությունների միջոցով, իսկ Վիկտոր Հյուգոն միլիոններ է թողնում… Սենյակային իմ փոքրիկ արտադրողներից կան, որ հարստությունների են արժանանում, կան, որ սնանկանում են: Ավելի մեծ է նրանց թիվը, ովքեր կողմնակի այլևայլ արհեստներով են իրենց գլխի ճարը տեսնում, մի քանի լար պետք է ունենալ սեփական քնարի վրա:
Սակայն բախտավոր, թե ոչ` մարդկային գործերի ընդհանուր թափը ոչ մի ծիծաղկուն բան թույլ չի տալիս նրանց: Ամենուրեք նրանց սպառնում է նպատակադրված տնտեսությունների խստությունը: Մեխանիզմը նրանց համար դառնում է չափազանց ճշգրիտ, և մյուս կողմից` իշխանությունների ծանր ձեռքը, եթե այստեղ ու այնտեղ, բարեհաճում է ձվի մեջ չճզմել բեղմնավորվող վիճակում գտնվող միտքը, հիմնականում թույլ է տալիս բողբոջելու լոկ այն երկրներին, որոնք երգում են կամ հռչակում, կամ ապացուցում, որ ամեն ինչ ավելի ու ավելի լավ է ընթանում հնարավոր ռեժիմների լավագույնի մեջ:
Մյուս կողմից գրականությունը, որն ինքնին ոչ այլ ինչ է, քան լեզվի ռեսուրսների մի շահարկում, կախում ունի խիստ զանազան ճեղքվածքներից, որոնց կարող է ենթարկվել լեզուն, և փոխանցման պայմաններից, որոնք նրան մատակարարում են նյութական միջոցներ, որ գտնվում են դարաշրջանի տրամադրության տակ:
… Կարելի է արդեն հարց առաջադրել, թե արդյոք զուտ բանավոր ու լսողական մի գրականություն, բավական կարճատև մի դադարից հետո, չի՞ փոխարինելու գրավոր գրականությանը: Դա պիտի լիներ վերադարձ ամենանախնական դարաշրջաններին, և դրա տեխնիկական հետևանքները պիտի լինեին անսահման: Գրավորը վերացրին, դրանից ի՞նչ դուրս կգա: Նախևառաջ,- և դա բախտավորություն կլինի,- ձայնի դերը և ականջի պահանջները ձևի մեջ կվերագտնեն այն ծանրակշիռ կարևորությունը, որ մի քանի դար առաջ ունեցել են ու դեռևս ունեին այդ զգայուն պայմանները: Միանգամից ուժգնորեն տուժելու են ստեղծագործությունների կառուցվածքը, նրանց չափերը, բայց մյուս կողմից` հեղինակի աշխատանքն ավելի քիչ հեշտություն կընձեռի վերսկսելու շփումը ստեղծագործության հետ: Մի շարք պոետներ չեն կարողանա այդքան բարդացնել իրենք իրենց, որքան հավակնում են լինել, և ունկնդիրների վերածված ընթերցողներն ամենևին չպիտի կարողանան նորից անդրադառնալ որևէ մի հատվածի, նորից կարդալ, խորացնել իբրև վայելք կամ քննադատաբար, ինչպես որ այդ անում են այն տեքստի հետ, որն ունեն ձեռքի տակ:
… Եվ ահա, վերջապես, մի հնարավոր հետևանք, թերևս ամենածանրը, թափ վերցրած բոլոր այդ առաջադիմություններից: Ի՞նչ է վիճակվելու վերացական գրականությանը: Քանի դեռ խնդիրը վերաբերում է մտքերը զվարճացնելուն, հուզելուն, հրապուրելուն, ծայրահեղ դեպքում կարելի է համակերպվել այն բանին, որ հաղորդումները բավարար են: Սակայն գիտությունը կամ փիլիսոփայությունը մտքից պահանջում են բոլորովին ուրիշ մի ռիթմ, որ հնում ընթերցանությունն էր թույլ տալիս կամ ավելի ճիշտ` ինքն էր պարտադրում ռիթմի բացակայություն: Խոհականությունը կասեցնում կամ ջարդում է ամեն պահի զարկերակը, որ ներմուծված է անհավասար ժամանակների, հետադարձների և շրջանցումների կողմից, որոնք պահանջում են տեքստի առկայությունը և հնարավորությունն այն ձեռնածելու ըստ հայեցողության: Այդ ամենը դուրս է մղված ունկնդրությունից:
Ունկնդրությունը բավական չէ վերացական երկերի հաղորդման համար:
… Ֆանտազիան գրականության հատկանիշներից է, և պատահել է, որ ինքս ինձ հարց տամ, թե ինչպիսի դեռ լույս չտեսած ճյուղավորումներ կարող են օգտագործվել այսօր կամ վաղը: Միտքս ճշտեմ: Այսօր ի՞նչ պիտի աներ կամ ի՞նչ պիտի կարողանար անել մի Ժյուլ Վեռն, մի Ուելս, երևակայական որևէ աշխարհ կառուցողը: Նկատի ունեցեք, որ եթե նրանք հնարել են երևակայական աշխարհներ, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ոչինչ չեն ձեռնարկել մտքի կողմից: Օրինակ, նրանք իրենց չեն վատնել ապագա արվեստներ երևակայելով: Հռչակավոր կապիտան Նեմոն, որին բոլորը ճանաչում են, իր Նաուտիլուսի մեջ, ծովերի խորքում, երգեհոն է նվագում և՛ Բախի կամ Հենդելի երաժշտությունը: Ժյուլ Վեռնը չի կանխատեսել ձայնալիքների երաժշտությունը և չի խորհել նաև նոր համադրումների կամ կոմպոզիցիաների, դեռևս անծանոթ մի գեղագիտության մասին: Նկատի ունեցեք, որ նրա համար բավական հեշտ պիտի լիներ երևակայել մի շարք հայտնագործություններ, որ արվել են այդ ժամանակից ի վեր` սուզանավը, ինքնաթիռը և այլն: Դրանք այնպիսի բաներ էին, որ պահանջում էին լոկ զարգացումն արդեն իսկ գոյություն ունեցող միջոցների` զուգորդված նախնական մարդու միամիտ նկրտումների հետ, որոնք մարդը հայտնաբերել է ինքն իր մեջ գոյության հենց սկզբից, և այնպիսիք, ինչպիսիք են օդում թռչելը, ծովի թանձրությունների միջով շրջագայելը, տարածության վրայից կայծակնահարելը, հարստություն ստեղծելը` առանց համապատասխան աշխատանքի: Այդ ամենը պահանջում էր մի երևակայություն, որ կարելի է անվանել տարրական: Նույնիսկ Ուելսը իր «Ժամանակը հետազոտելու մեքենան» հռչակավոր գրքում օգտագործել ու շրջագայել է լոկ այն ժամանակը, ինչպիսին որ եղել է հին ժամանակը, այն ժամանակը, որ մինչ այդ ճշմարիտ էր:
Բայց այսօրվա պատմողը, որը կուզենար շարունակել այդ հռչակավոր պատմողների ժառանգությունը, ամենանորագույն գիտություններից պետք է փոխառնի նրա պարադոքսալ տեսակետներն ու նախազգացումները: Ճիշտ է, որ կհիասթափեցնի իր ընթերցողին և նրանից կպահանջի, անկասկած, բավական խորը գիտելիքներ: Վերջին հաշվով, անհնարին չէ ներմուծել արդի գրականության մեջ իրոք արդիական մի ֆանտաստիկա և գիտական բացատրության նմանողությամբ բեմ հանել, օրինակ` մի գործող անձ, որը ինչ-որ մի շարժումով կամ ապարատին ուղղված մի պարզ նայվածքով առաջացնելու է հեռավոր ու նկատելի հետևանքներ, մի բան, որ բավական նմանվի մոգության: Սակայն այդ մոգությունը գոյություն ունի: Եվ արդեն կարելի է մի գանձարկղ բացել արտասանված մեկ բանաձևով` «Մի բացվիր սեզամ»-ով: Բայց նաև առանց ուրիշ մեքենայի մենք քաջ գիտենք,- և երբեմն չափազա՜նց քաջ,- որ մարդկային արարածներին հասցեագրված մի շարժում, մի նայվածք ունենում է շատ հաճախ զարմանալի հետևանքներ: Բավական պիտի լինի կենդանի մարդկանց փոխարինել երևակայված ապարատներով և դրանց զգայուն դարձնելով նայվածքի հանդեպ` հնա՛րք, որ շատ քիչ բան պիտի արժենա գրողի համար, և մենք կստանանք դեռևս չշահարկված պատումի տարրերի համադրման մի աղբյուր: Բայց այդ ամենը միշտ էլ լոկ բավական կոպիտ շեղում է մեր այժմեական ֆիզիկական հնարավորություններից: Հարկավոր է գնալ մի քիչ ավելի հեռուն: Խորհել գրականության ճակատագրի մասին, նշանակում է խորհել նաև ու մանավանդ մտքի լինելիության մասին: Այստեղ բոլորը շփոթվում են: Մենք չափազանց ազատ ենք ընկալելու այդ լինելիությունը, ինչպես մեր քեֆը կուզենա, և կարող ենք այլընտրանքայնորեն ենթադրել, որ կամ իրերի ընթացքը շարունակելու է բավական նման լինել ինչին, որը գիտենք, կամ էլ գալիք դարում կատարվելու է ինտելեկտուալ արժեքների մի ընկճվա-ծություն, մի նվագում, մի անկում` համեմատելի նրանց, որ կայացել են անտիկ աշխարհի ավարտին, մշակույթը` համարյա լքված, ստեղծագործությունները` անհասկանալի կամ ոչնչացված, գրական արտադրանքը` ջնջված: Ամեն բան, դժբախտաբար` շատ հնարավոր և նույնիսկ հնարավոր երկու ձևով, որ մեզ լավ հայտնի են. կամ կկիրառվեն մեծ հզորության ոչնչացման միջոցները` կոտորելով երկրագնդի ամենաբարձր մշակույթ ունեցող շրջանների բնակչությանը, փլատակի կվերածեն շինությունները, գրադարանները, լաբորատորիաները, արխիվները, վերապրողներին կհասցնեն այնպիսի թշվառության, սնանկացման, որ ծածկույթի տակ առնի նրանց խելքն ու բնաջնջի այն ամենը, ինչ վերաբերում է մարդու մտքին,- կամ էլ ոչ թե ոչնչացման միջոցներ, այլ ընդհակառակը` տիրակալության ու վայելքի միջոցներ, պարտադրված անհարիրություն` տպավորությունների հաճախակիությամբ ու դյուրությամբ, մտքի պտուղների անմիջական գռեհկացում և արտադրանքի կիրառում, գնահատման և սպառման հանդեպ` արդյունաբերական մեթոդներ, որոնք, ի վերջո, կպղծեն ամենաբարձր և ամենակարևոր ինտելեկտուալ առաքինությունները` ուշադրությունը, խոհական ու քննադատական հզորությունը, և այն, ինչ կարելի է անվանել բարձր ոճի միտք, խորացված և նպատակասլաց որոնում` մինչև իր օբյեկտի ամենաճշգրիտ և ամենազորեղ արտահայտությունը: Իսկ մենք ապրում ենք մեր մտային գանձերի խռովքի հարատև ռեժիմի տակ: Թափը, նորույթը մեր դարաշրջանում դարձել են դրական հատկություններ, մի բան, որ բավական ուշագրավ ախտանիշ է: Չեմ կարծում, որ այս համակարգը լավագույնը լինի մշակույթի համար: Նրա առաջին հետևանքը լինելու է այն, որ կամ անհասկանալի, կամ անտանելի կդարձնի անցյալի բոլոր ստեղծագործությունները, որոնք արարվել են բոլորովին հակադիր պայմաններում և որոնք պահանջում են բոլորովին այլ կերպ ձևավորված մտածելակերպեր:
Սակայն գոյություն ունի նաև մեկ այլ հավանականություն:
Մի քիչ հանգստանանք: Ձեզ զգուշացնում եմ, որ ես այստեղ ոտք եմ դնում մտքի ֆանտաստիկայի ոլորտը, որի մասին ձեզ ասում էի քիչ առաջ, որ ոչ Վեռնը, ոչ Ուելսը, ոչ ինքը` Պոն` այդ տեսակի հեղինակներից մեծագույնն ու ամենախորունկը, չէին հանդգնել երևակայելու հավանականությունները: Նախ հիշենք, որ մենք ոչինչ չգիտենք հենց մտքի մասին և համարյա ոչինչ` մեր զգայարանների վերաբերյալ: Այն բանից հետո, երբ խոսակցությունը շոշափել է այդքան չնախատեսված նորություններ, որոնց մեջ մեր օրերում գիտությունը շփոթվել է, վերջիվերջո, ակնաթաղանթը պիտի ինքն իր տեսակետներն ունենար լույսի, ալիքավորված իրադարձությունների մասին, որոնց մեջ խառնաշփոթվում են հին լեզվի մեր արտահայտությունները, նյութը, էներգիան` լինեն դրանք շարունակական կամ ոչ շարունակական…
— Հարկավոր է նախատեսել,- ասում էի ես նրանց,- որ մի օր կամ մեկ ուրիշ օր, հարկադրված ենք լինելու ձեր ուսումնասիրությունները կենտրոնացնել մեր զգայարանների օրգանների և զգայունակության վրա: Հենց դրանք են ձեր հիմնական ապարատները: Ամենայն չափում, որ անում եք դուք` ֆիզիկոսներդ, խնդրո առարկա է դարձնում շոշափելիքը, տեսողությունը, մկանային զգացողությունը… Միջնորդավորումների և ռելեների միջոցով դուք խիստ շատ եք հեռացել այն փոքրիկ շրջանից, որի մեջ բոլոր զգայարանները մի բանի հասու են: Դուք սկսել եք պատկերացնել ձեր մտածածը, որը գոյություն ուներ զգայարանների մակարդակից ցածր, և ըստ այն պատկերի, որ ընկալվում է նրանց կողմից, սակայն հիմա հասել եք այդ պատկերների և այդ համանմանությունների ընդունելի սահմանին: Հարկավոր է վերադառնալ դեպի ակունքը, հարկավոր է վերադառնալ այդ այնքան քիչ ճանաչված զգայարաններին, որոնց միջոցով մենք ճանաչում ենք:
Թերևս մենք էլ ավելի պակաս գիտենք հիշողության մասին և մյուս կարողությունների ու հատկությունների վերաբերյալ, որ անվանում ենք միտք: Համենայնդեպս (և գուցե առանց ավելին իմանալու) անհեթեթ չէ պատկերացնել, որ մեր բոլոր գաղափարները այդ մտքի և նրա կարողությունների առումով ինչ-որ մի օր այնքան էլ հեռավոր չլինեն, նույնքան շիլաշփոթ, նույնքան փոխակերպված, որքան հիմա գոյություն ունեն մեր գաղափարները ֆիզիկական աշխարհի վերաբերյալ` համեմատած քառասուն տարի առաջվա հետ: Այն, ինչ դեռևս անվանում ենք խելք, հիշողություն, հայտնագործություն, հանճար, տաղանդ և այլն, թերևս թվալու են հասկացություններ ու կատեգորիաներ` կոպիտ, պարզունակ, հետամնաց, ինչպես կարող է թվալ այսօր նյութին վերաբերող գաղափարը, որ հակադրված է մտքին: Դուք, անկասկած, գիտեք, որ նյութը չքվել է արդեն քանի տարի է, հետն էլ շատ բանավեճեր: Սպիրիտուալիզմը, մատերիալիզմը ունեն լոկ պատմական իմաստ, բավական չարչրկված մի հակավարկածի պատմություն:
Ի՞նչ կարող է, ուրեմն, պատահել այս բնագավառում:
Մի մեծ գիտնական, որին անձամբ ճանաչում եմ, և որը բավական խարխլված էվոլյուցիայի տեսության նկատմամբ, մնում է վստահությամբ լի, հաստատորեն հավատում է, որ մարդն ի վերջո ձեռք է բերելու այն, ինչ նրան պակասում է վերացնելու համար այն հակասությունները, որ շփոթեցնում են նրան այսօր շատ բնագավառներում, և որ կարողանալու ենք ընտելանալ (մի քանի հարյուր դար անց) բոլորովին մի նոր աշխարհի, որին բնորոշ պիտի լինեն հրաշալիորեն տարբեր մեծություններ, չափումներ` միմյանցից շատ հեռու արագություների նախագոյությամբ ու միջամտությամբ, և որ ամենավերացական հասկացությունները, որոնք այսօր լոկ պատկերազուրկ մաթեմատիկական խորհրդանիշներ են, այդ ժամանակվա մարդկանց մտքերի համար դառնալու են ինտուիտիվ:
Խոստովանում եմ, որ նվազ վստահություն ունեմ այդ շնորհների հանդեպ, որ մեր բնույթի պաշարներն ընձեռելու են մեր խելքին, սակայն ձեզ չեմ արգելում երազել այդ մասին, և ինձ պիտի չներեի ձեզ ավելի երկար հեռու պահելուց ձեզանից և ձեր հույսերից:

1937 թ.

Ֆրանսերենից թարգմանեց Վարուժան Նալբանդյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով