Նորայր Սարգսյան. Սիրում եմ քեզ ի միջի այլոց, Նորո

Մոնումենտից կենտրոն իջնելու ոլորաններին հասկացա, որ շուրջբոլորս կանաչել է, ես էլ շատ տաք եմ հագնված ու երթուղայինում կանգնած քրտնում եմ։ Պիտի հրապարակում իջնեի, բայց որոշեցի առաջին իսկ կանգառում ինձ դուրս գցել։
Գարուն է, Ստեփանյան Սուրոն ստատուս էր գրել.
— Մեր կենսագրության մեջ պիտի ավելացնենք՝ «Վերապրել է 2016-17-ի ձմեռը»։
Թոքերս ամբողջ ուժով ներս են քաշում այս մաքուր ու տաք օդը, ու ես առաջին անգամ վերջին կես տարվա ընթացքում հասկանում եմ, որ խնդիրը իմ մեջ չէր: Եղանակից էր, որ ամբողջ օրը տխուր նստած էի, սիրտս էր ծակում, գլուխս էր պտտվում։ Ես համարյա վազում եմ, ականջակալներումս սիրածս ֆիլմի երգն է, որը կա և՛ 96 թվականին նկարված առաջին մասում, և՛ վերջերս նայածի մեջ։
— She said։ “Come over, come over”, she smiled at you boy…
Կյանքը թերևս շարունակվում է, ես արդեն իրոք վազում եմ Աբովյանով։ Հասնում եմ իմ սիրած հատվածին՝ Կինո Մոսկվային, ու հանդիպող բոլոր դեմքերը ժպտում են։ Ես սիգարետ եմ վառում՝ հայելու մեջ ինձ նայելով և մազերս ուղղելով։ Կյանքը նորից հիասքանչ է իր բոլոր տխրություններով ու աբսուրդով։ Ես երիտասարդ եմ, դիմացս` այնքան հիմար քայլեր, որ պիտի անեմ, այնքան մոլորություններ, որոնք հետո կտխրեցնեն, բայց հիմա հույս կտան ապրելու, վազելու, վազելով ծխելու ու հասկանալու, որ մարմինս ճկուն է ու կարող է դեռ շատ բանի դիմանալ։
Պաչյանի գրքի շնորհանդեսն է. որքա՜ն եմ կարոտել բոլորին։ Գժի պես ապրող մարդկանց, որոնցից մեկն էլ ես եմ իմ բոլոր նևրոզներով, բայց կյանքի այնքան մեծ ծարավով, որ այդ ամեն ինչը կորում է արվեստի մասին երկար խոսակցություններում։ Բոլոր խոսակցությունները սկսում էին.
— Էսինչն էլ գժվավ, սաղին տարել ա։
Նոր բացված գրախանութ Աբովյան փողոցում, մեջը նստած երիտասարդներ են, ինչ-որ գիրք են քննարկում երևի։ Ի՜նչ շենքեր են այս սև քարով շենքերը, եթե այսպիսի մի շենքում ապրեի, երևի թե այլևս բան պետք չլիներ։ Հասնում եմ հրապարակ, պիտի շարունակեմ դեպի Կինո Երևան, որին կից բակում այն միջավայրն է, որտեղ բոլորը թքած ունեն ծխախոտի՝ սիրտանոթային հիվանդություններ առաջացնելու կամ նման մի ուրիշ հիմարության վրա, որի մեջ էի այս բոլոր ամիսներին, ու ինձ թվում էր՝ իրոք հիվանդ եմ։ Չէ, այնպես չէ, որ լրիվ առողջ եմ, բայց չեմ մեռնի այսօր կամ վաղը։
— Իսկ վաղը չէ մյուս օ՞րը։
— Իսկ վաղը չէ մյուս օրը երկու օր հետո կլինի այսօր, կամ վաղը կդառնա արդեն վաղը, ամեն ինչ այնքան հեռու է թվում նորից։ Ականջակալներում Դինջերն են.

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս…

Սարից իջա ես քաղաք կամ Մոնումենտից իջա կենտրոն։ Հասնում եմ ներս ընկած այդ բակը. սպասվածից շատ մարդ։ Շատ անծանոթներ, մարդիկ, ովքեր հայտնվել են այս միջավայրում, որը փակ էր թվում, և մենք գիտեինք՝ մենակ գրողներն են կարդում մյուս գրողներին, 20-30 հոգանոց շնորհանդեսների ժամանակն անցնում է։ Ուրախությունից ուզում եմ կանգնել այս ամենի մեջտեղում, բարձրանալ մի բրանիվիկի վրա ու Լենինի նման գոռալ.
— Ընկերնե՛ր, ընկերնե՛ր, մենք թևակոխՎում ենք նոր փուլ, որտեղ գիրք կարդալը նորաձև է։ Կեցցե՛ համաշխարհային պրոլետարիատը։
Բայց խեղդում եմ պաթոսը և աշխատում ինձ մաքսիմալ իներտ պահել. իբր այո, ի՞նչ է եղել որ, բնական բան է՝ կարևոր գրող, կարևոր գիրք։ Դեռ քիչ են, մարզահամերգայինում էլ են լինելու շնորհանդեսներ, գրքի վաճառքից ստացված գումարներով էլ Իսկանդեր ենք առնելու։ Այնպես որ պի՛նդ կացեք, տղե՛րք, մեր երազած ապագան եկել է, և այն, գրողը տանի, հիասքանչ է։ 20-30 հոգուց մի քանիսը չկան, նորմալ է երևի։ Եթե լավ մտածեմ, վերջերս քանի շնորհանդես եմ բաց թողել ինքս, բայց վախ կա, որ կորում ենք, էլ չենք կարդում իրար կամ գուցե արդեն չենք էլ գրում, կարևոր չենք համարում կամ համարում ենք, գիշերները չենք քնում, բայց, մեկ է, չենք գրում։ Կորցնում ենք իրար այս ամենի մեջ, ամեն մեկս մի հիմար պատճառով հիասթափվում է մյուսից, չենք սիրում իրար այլևս, միգուցե չէինք էլ սիրել։ Երկիր Նաիրին ցնորք էր միգուցե, որին հավատացել էի Բաղրամյանից Երիտասարդական քայլելիս ու մտածելիս, որ մենք պիտի գրենք ապագան, ու հարյուր հազարավորներ բան ու գործ թողած սպասում են մեր գրչի տաղանդից ծնված հերոսներին, որոնք էլի մենք էինք։ Ինձ մոտ մենք էինք, ինձ հետաքրքիր էինք ու ջահել մեռնում էինք։ Մաքսիմալ ինքնավստահություն, որը հանկարծ միանգամից մեր կամքով խփում էինք ռեալ կյանքին ու ամիսներով դեպրեսիաներից դուրս չէինք գալիս, բայց հավատում էինք այն ամենին, ինչ գրում էինք, ֆինանսական չկար, մաքսիմալ հաջողությունը, որը կարելի էր գրանցել, ինչ-որ մրցանակ ստանալն էր՝ մի քանի հարյուր դոլար։ Ես սիգար էի գնում, և բոլորով գնում էինք օպերա, նստում էի աթոռին ու Չեի նման ծխում։ Կողքից նայողների համար ես թիթիզ տղա էի, բայց իմ մտքերում ես կյանքի դժվարությունների վրա թքած ունեցող վերջին մոհիկաններից էի։ Հեռվից նայելիս թիթիզ տղա էի իրոք, որին շատ բան էր թվում։ Բայց ո՞ւմ է պետք հեռվից հայացքը, հեռվից հայացքի տակ քչերը կդիմանան, ինձ համար կարևոր էր 30-ի հայացքը, որը միշտ մոտիկից էր այն ժամանակ։
Գիրքը կարող եմ գնել, գնում եմ։ Ձեռքս բռնած՝ քայլում եմ ու մտածում՝ առաջին անգամը լավ չէի հասկացել, երկրորդ անգամ կկարդամ նոր հրատարակությամբ, կարող եմ թույլ տալ ինձ գնել, բայց մի քանի րոպե հետո հիշում եմ, որ նույն սկզբունքով ևս 5 գիրք եմ գնել այս ամիս։ Տանը դրած են, երկու թերթ կարդացած, բոլորից թաքուն գնած գրքեր, այն միակ շքեղությունը, որ կարող եմ թույլ տալ ինձ։ Զանգում եմ Սային՝ մանկության ֆուտբոլիստ ընկերոջս, նորից տխուր է, ես վառվում եմ էներգիայով։ Սպասում եմ՝ մինչև գա, ու բոլորին հաջող անելով՝ Ստեփանյան Սուրոյի ու Սայի հետ գնում եմ Զաթարնոց։ Աչքս անընդհատ փողոցի վրա է, մի պահ նորից լավ եմ զգում ինձ։ Բոլորը շնորհանդեսից հետո եկել են այստեղ, և թվում է՝ եթե հիմա նստեմ երթուղային, վարորդը գուցե ասի.
— Պաչյանի պատմվածքներն ավելի շատ եմ սիրում, քան վեպը։ Մանավանդ առաջին գրքինը։
— Բայց վերջինը կարդացե՞լ ես։
Տղերքից քաշվում եմ, չեմ ուզում շատ տպավորվածի տպավորություն թողնեմ։ Մի կերպ խեղդում եմ ցանկությունը ասելու.
— Ապե, ի՞նչ ենք էշ-էշ նստել, վերջում էլ ապուշի պես գնալու ենք տուն, քնենք։ Եկե՛ք հետ գնանք նորից այդ տեղը, մինչև լույս խոսենք գրականությունից, ծխենք մի գլուխ, տարօրինակ լինենք ու չմեծանանք ու չհասկանանք, որ գրականությունը կյանք չի, ու որ աչքերդ փակում ես կրակի առաջ, կրակը չի մարում և շարունակում է վառել տունը, հարազատներիդ, հերթով, մեկ առ մեկ ջնջում անուններ, տանում-տեղավորում մի տեղ գործի, գլխացավ ու ճնշում է տալիս բոլորին։ Անտանելի է գիտակցել, որ երեկոն գիշեր է դառնում։ Այս գարնանային երեկոն, այս գարունը անցնելու է։
Սուրոն գնում է գործերով, մենք ճանապարհում ենք մինչև Ամիրյան-Պրոսպեկտ խաչմերուկ։ Ամբողջ ճանապարհին մտածում եմ հետ վազելու մասին։ Աչքերս նորից վառվում են, այնպես որ կողքից քայլողները գժի տեղ են դնում։ Սուրոն դեռ երկու քայլ էլ չի գնացել, ես պոռթկում եմ.
— Ապե, քել գնանք էն հայաթը կոֆե խմենք,- ու առանց Սայի պատասխանին սպասելու, միանգամից շրջվում եմ, վառում եմ հերթական սիգարետը ու համարյա վազում։ Ճանապարհին հումորներ ինչ-որ հայ գեշ քածերի վրա, որոնք պարսիկների հետ իրենց սիրուն են զգում։ Ու երազանքներ։ Գիրք տպելու մասին, գժական շնորհանդեսի, ֆիլմ նկարելու, ալբոմ ձայնագրելու, ապրելու այն 20 տարին, որը իմ հաշվարկներով օբյեկտիվորեն ունեմ ջահել լինելու համար։ Բայց ինչքան մոտենում ենք բակին, այնքան բակը հեռու է թվում, ու երազանքները ջնջվում են մեկը մյուսի հետևից, որպես չեն էլ եղել։ Դալանով ներս մտնելուց կասկածներն այնքան են շատանում, որ մոռանում եմ անունս, տարիքս և դիզօրիենտացիայի մեջ ընկած՝ միայն հասցնում եմ նկատել, որ բոլորը ցրվել են, մարդ չկա, բացի երկու անծանոթ տղայից, որոնք թարս են նայում։ Պտտվում եմ ու Սայի հարցական դեմքին ասում.
— Լավ է, ռադ արա, արի գնանք կոֆեն էլ ուրիշ տեղ կխմենք։
Դուրս ենք գալիս բակից՝ թողնելով այնտեղ իմ երազանքները, ու քայլում դեպի նորերը, որովհետև ես դեռ շնչում եմ։ Թողնում ենք այնտեղ այս երեկոն, հետո մտքովս անցնում է՝ սրա մասին պիտի գրեմ։
— Ապե, հլը ինչ տուն ա, ոնց կուզեի ապրել ստեղ։
— Լավ է, սաղ օրը շուխուր, կենտրոնում չարժի։
— Ինչ ես բիձա-բիձա խոսում, Սայ, այ հենց էս բալկոնովը,- կանգնում եմ երկհարկանի սև շենքի առաջ ու գնահատողի հայացքով նայում,- հա հենց ուզում եմ ստեղ ապրեմ, որ ցերեկը զարթնեմ, ասենք ինչ-որ երեքշաբթի, կոֆեով ու սիգարետով դուրս գամ բալկոն, սիգարետը մինիմում Մարլբորո կամ գոնե դեղին ֆիլտրով։ Սայ, պատկերացրու շորտերով, վերևը՝ առանց մայկա, սաղ վազում են գործերով, ես ինչ-որ գազան երգի տակ, օրինակ՝ Մորիսոնից մի բան, ու ալարկոտ հորանջում եմ, մի մուխ տալիս եմ, դուրս չեմ փչում ծուխը, մինչև մի կում դաբլ սև կոֆեից ներս եմ անում ու փչում եմ վերև, գլուխս թեթև պտտվում ա, երեկ չգիտեմ ինչ ա եղել, վաղը չգիտեմ ինչ ա լինելու, կա մենակ էդ պահը, ու անհավես քորում եմ ինձ։ Մարդիկ արագ-արագ վազում են գործերով, իսկ ես բան չունեմ անելու, ներսը Թ-ն քնած ա հլը, ես մի հինգ րոպե առաջ գժական զապիսկա եմ գրել, ասենք օրինակ գրել եմ.
— Ինձ թվում ա՝ Աստված կա, ու մեռնելիս՝ էդ վախեցած պահին, գալու ա ու պաթոսախառը անգլերեն ասի՝ «All together, once more»: Լրիվ նույն ձևով ապրենք, նույն վախերով ու դրանք հաղթահարելով։ Ու չեմ ուզում իմանալ, որ էլի ապրել եմ, մենակ էդ պահին, սիրում եմ քեզ ի միջի այլոց, Նորո։
— Ու պատկերացրու` այ էդ պահին մեկը չխկցնի, ու էդ գոհ դեմքս դնեն գրականության գրքում, ու քո թոռը ասի՝ պապիս ընգերն ա։ Ու ընդհանրապես ես զուտ որպես փիառ ակցիա պիտի լինեմ էս մեր գրականության մեջ, թե չէ նայում ես մեր հայ գրականության գիրքը ու մտածում ես ծրագրավորող դառնալու մասին։
Շարունակում ենք քայլել առանց խոսելու, ոտքերս ահավոր ցավում են արդեն։ Չգիտես ինչու որոշում ենք գնալ Թումանյան փողոց՝ «The Club», ուժասպառ նստում ենք, ես վերջին 6 ամսվա ընթացքում առաջին անգամ օրվա երկրորդ կեսին սուրճ եմ խմում, բայց լրիվ հակառակ ռեակցիան է, քունս սկսում է տանել, խոսակցությունները հեռանում են, համարյա կորում, նայում եմ Սայի դեմքին, ավելի լավ ա գնանք տուն՝ մտածում եմ։
Մետրո, հետո` Կիևյան կամուրջ, բակում վերջին անգամ ծխում ենք, գրկախառնվում ենք, մի քանի ծեծված հումոր ցտեսության հետ կապված, ու ես տանն եմ, վերցնում եմ գրիչը, հին ձևով՝ թղթի վրա, ոնց որ առաջին անգամ՝ բռնահանգերով, սրանից-նրանից գողացած, առանց տաղաչափության, բայց իրական էմոցիայով.

Ես ոճ եմ, ոճիր եմ,
Բառերի նմանություն, բայց ալեգորիա,
Ես ոչ եմ, ոջիլ եմ,
Երիտասարդություն, հավերժ ձեր Դորիան,
Նիհիլիստ եմ, իգիլից եմ,
Խմած եմ, դեբիլ եմ,
Կռտած եմ, ստերիլ եմ,
Իսկը կատվիդ նման,
Նայի ուշադիր էս ինչ-որ հիմար performance չի,
Նայի, չես հիշում, Նորոն ա,
Իրական ա,
Տղա ա,
Քայլում ա,
Խոսում ա,
Գրում ա,
100 տարվա ընկերդ ա,
Ապագա ամուսին,
Հայր, պապ,
Թարմ պահպանված մեռել,
Հանգերով, անհանգ,
Կյանքից էլ թանկ
Գրականության մասին երկար խոսակցություն,
Մոնոտոն ստիխեր,
Սպերմատոքսիկոզ ու հավերժ սպասում,
Շառ, Աստված ու խեր,
Ու ամեն ինչ հետ է գալիս,
Ու էլի անհամբեր,
Ես նորից 16 տարեկան միջին գեղագետ եմ,
Որ երազում է դառնալ գրող։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով