Սուրեն Դանիելյան. Բանաստեղծի ապրված ժամանակը

«Գարուն», 1987, 1

Ընդհանրապես, Հովհ. Գրիգորյանի պոեզիայի շուրջ խոսակցությունները առանց կրքի չեն ընթացել: Չխորանանք անցյալում եղած ժխտական վերաբերմունքի բուն շարժառիթների մեջ. կարևորն այն է, որ բանաստեղծի գեղարվեստական մտածողությունը «արթուն է պահել» քննադատությանը: Նրա և նրա սերնդի բանաստեղծությունների գնահատություններում առավել սրությամբ են հարցադրվել ազգային պոեզիայի ավանդների հանդեպ հավատարմության և անհավատարմության կեցությունները: Եվ ի՞նչն է ուշագրավ. որքան շատ է քարկոծվում բանաստեղծը քննադատների կողմից, այնքան ավելի մեծ համոզումով ու համառությամբ էր պաշտպանում բանաստեղծության ազատ շարադրանքի իր դավանանքը: Դժգոհությունը միշտ էլ հիմնավոր էր թվում, սա հակաբանաստեղծություն էր գեղարվեստական ամբողջական տարրերի գիտակից ոտնահարում, հեռացում բանաստեղծության դասական պատկերացումից: Քննադատներից մեկը փորձեց ավելի հեռուն գնալ՝ Հովհ. Գրիգորյանի բանաստեղծությունները վերակոչելով «տեքստեր»: Արդեն այն հարցը, որ աջ ու ձախ տալիս էին, թե «Ձեզ այդպիսի պոեզիան կարո՞ղ է դուր գալ»,— իր մեջ ամփոփում էր որոշակի դժգոհություն և նույնիսկ անվերապահ մերժման դիրքորոշումը: Իհարկե, չպետք է ապրել այն միամիտ հաղթական խաղաղությունը, թե սերնդի վերջին շրջանի ձեռքբերումները, մասնավորաբար, այս բանաստեղծական գիրքը, որը գրողների համագումարի բարձր ամբիոնից արժանացավ Վարդգես Պետրոսյանի ամենաջերմ խրախույսին, իսկ «Գրական թերթում»` Վահագն Դավթյանի շիտակ արժեքավորմանը,— կստիպեն քննադատությանը արագ ու հապճեպ վերանայելու համակրանքի ու հակակրանքի բազմադեմ աստիճանները: Այսուհանդերձ ուզում ենք հավատալ, որ ժամանակակից պոեզիայի նոր սահմաններին հետայսու մոտեցումը կլինի առավել ճանաչողական հիմքով և օբյեկտիվ քննական հայացքի լույսով:
Վեճի մեջ աղմուկը գերակշռել է: Նախապատվություն տալով բանաստեղծական ձևին, գրականագետներից ոմանք դեռ շեմից երես են թեքել բուն երևույթից, թեմաներից, գեղարվեստական մտածողության հարցադրումներից: Նախասիրությունից էլ ծնվել է ժխտական լիցքը այն պարզ թվացող տրամախոսությամբ, թե իբր «անբանաստեղծական» ձևը հնարավորություն չի ընձեռում որևէ լուրջ բան ակնկալել Հովհ. Գրիգորյանի, Արտեմ Հարությունյանի, Հենրիկ Էդոյանի բանասեղծություններից:
Թվում է` այլևս գրական պրոցեսում կբացառվեն անվերապահ և անստույգ այնպիսի հայտարարությունները, որոնք չեն փաստարկվում քննական հիմքով, չեն բխում գեղարվեստական պատկերային համակարգից; Թվում է` այլևս բանաստեղծը կամ մեկ այլ քննադատ ստիպված չեն լինի հերքելու, թե «բանաստեղծության քնարական հերոսը եսակենտրոն և մենավորիկ մի մարդ է, որի հայացքը գամված է մահվան և անհետացման ողբերգությանը»: Նման թյուրատես բնութագրերը անհիմն մեղադրանքներ են, որոնց սլաքները, ցավոք, ներառում են ժամանակը, միջավայրը, նույն քնարական հերոսի, ասել է թե` հեղինակի, քաղաքացիական նկարագիրը;
Ստուգության պարզ ու տեսանելի նժարին դնելով պոեզիայի և գեղագիտական իդեալի իր ընկալումը` «Դանդաղ ժամեր» ժողովածուով Հովհ. Գրիգորյանը հրավիրում է ընթերցողին ու քննադատին անկեղծ ու անչար զրույցի, թե իսկապես ի՞նչ է կենցաղային, «ոչ պատշաճ» գեղարվեստական բանաստեղծության ետևում թաքնված, ո՞րն է իր «չափածո նովելների», անսովոր, առտնին պատկերների գեղարվեստտկան-գաղափարական հիմքը:

1
Մի առիթով Հովհ. Գրիգորյանը, խոսելով բանաստեղծության նորագույն նշանակության մասին, ինքնատիպ դիտարկում է անում. «Դժվար չէ նկատել չափածո խոսքի ժանրային դեմոկրատացումը` «հաշտության» եզրեր որոնելը գրական մյուս ժանրերի հետ» («Գրական թերթ», 20 հունվ., 1984): Չնայած երևույթը քննվում է համաշխարհային գրական զուգահեռներում, այուամենայնիվ, եզրահանգումը բխում է բանաստեղծական խոսքի սեփական փորձից:
Ահա խնդրեմ «Ռոբինզոն Կրուզո» բանաստեղծությունը, որտեղ պատմական անձնավորությունը պատմության համար չէ, որ վերածնվել է: Պատմականության ֆոնը ամբողջությամբ պայմանականություն է` արտահայտելու համար մարդկային կարոտը, անցած կյանքի խոր, բայց և թախծալի իմաստավորումը: Գեղարվեստական տարրերը, նկարագրական ավարտուն պատկերները ստեղծվում են նպատակասլաց ջիղով, ծերունի Ռոբինզոնն արդեն ողբերգական կերպար է.

… Եվ դարձյալ հավաքարարն, էր, որ անվերջ
փնթփնթում էր ու բողոքում ծերունաց,
որը չգիտես ինչու այլևս չի վերադառնում,
նավերից, որ անցնում էին պատահանի կողքով ու կանգ չէին առնում,
և վերջապես, գլխարկից, որ մնացել էր սեղանի վրա,
ու ինչ-որ բան է ուզում պառավին ասել, բայց ձայն չի հանում…

Ի՞նչ էր Ռոբինզոն Կրուզոյի կյանքը` մենության խորհրդանիշ: Արդյոք այդ նույնը չէ՞ր նաև նրա հայտնի վերադարձից հետո: Ահա հանգուցալուծումը, որ հայտնության պես մնում է բանաստեղծության տողերին, թեև հեղինակը ուղղակի չի ասում, այլ միայն ակնարկում է այդ մասին, որով և ապահովում է բանաստեղծության խորհուրդն ու հմայքը:
Քիչ չեն մենությունը ծնող պատճառները. ժողովածուն պատասխան է տալիս շատ ու շատ ինչուների: Հովհ. Գրիգորյանը քաղաքային կյանքի պատկերներում տեսնում է նոր եքևույթներ, սոցիալական կենսափիլիսոփայության լուրջ տեղաշարժեր և այս ամենը արձանագրում պրոզայիկ սառնությամբ, հեգնախառն թախծով. սիրտը ցավում է, կյանքը` պարտադրում: Իր տեղը զիջում է ռոմանտիկական-հեթոսականը, սովորական օրերի հաջորդական շղթայում առօրեականը խեղդում է մարդու վեհ, շքեղ երազները: Բանաստեղծը ժողովածուի մեջ համարձակ կերպով ներառում է այդ անկրակ, անգույն կերպարներին (քննադատի լեզուն չի էլ բռնի դրանց հերոս անվանելու): Նյութականացող դարում ան-սխալական, «անշառ» քաղքենին բութ համառությամբ իշխում է հոգևոր ամենատարբեր ոլորտների վրա (դե, եկ ու վտանգիր քեզ` նրան բացասական կերպար դիտելով): Իսկ բանաստեղծը այդպես դատելու քաջությունն ունի: Դրա համար էլ նա բանաստեղծ է: Նյութապաշտ է քաղքենին, սիրում է ունենալ, կուտակում է ու ճարպակալում, ըստ դիրքի պատրաստ է քծնել կամ ճամարտակել, դարի ոգին նենգափոխել մենատնտեսի նուրբ հաշվարկով: Երգիծանքն ու հեգնանքը դառնում են բանաստեղծի զինանոցի առաջին գործածության միջոցները.

Հարկավոր է մտածել վաղվա օրվա մասին,
ասաց հարևանս
և ևս մի արկղ օճառ խցկեց պահարանի վերին դարակը:
Հարկավոր է մտածել, ասաց փիլիսոփան:

Քսաներորդ դարավերջի բարդ, հակասական քաղաքային կյանքի համապարփակ, անկանոն ռիթմը ներխուժում է բանաստեղծությունների մեջ, տակնուվրա անում պոետական մտածումների համար, մեկընդմիշտ փակ թվացած մարդկային գորշ առօրյան: Կենցաղային մանրուքները, շուկայական հոգեբանությունը, մեր կյանքի մեջ արմատացած պրակտիցիզմը դառնում են այն թիրախները, որոնց վրա անվրեպ կրակում է Հովհ. Գրիգորյանը։ Նրա եր-գերում իրականությունը չի տրոհվում պոեզիային «հարմար» և ոչ այնքան «հարմար» կամայական բաժանումների, ամեն ինչ հետաքրքրում է բանաստեղծին, յուրաքանչյուր պրոզայիկ, անգամ գռեհկացված ըմբռնման մեջ բանաստեղծական անտես տարր կա, որի վրայից նա խնամքով մաքրում է մոռացությունից և անգործածությունից առաջացած ժանգը: Բառի յուրովի «բանաստեղծական» վերածնունդը դառնում է գեղարվեստական խնդիր, ուր հեղինակի վերաբերմունքը վճռում է պոետական վիճակների ընտրությունը: Հ. Էդոյանը ուղղակի գրում է, որ նոր պոետը «ձգտում է հասնել իրերի էությանը: Իրերը փոխադրվում են բառի մեջ, բառը դուրս է գալիս իր նեղ իմաստից: Օրերի ընթացքն անցնում է բառի միջով, որ պոետը ձգտում է կանգնեցնել խոսքի ստրուկտուրայում: Բանաստեղծության մեջ նա կարծես փորձում է վերակառուցել անցնող օրվա կոնստրուկցիան» (Տե՛ս` Հ. Էդոյանի «Բառի որոնումը» հոդվածը, «Սովետական գրականություն», 1971, թիվ 1):
Այդպե՞ս է Հովհ. Գրիգորյանը մոտենում խնդրին; Այո՛, դա նրա՝ կյանքի գերիրական ընկալման, եթե կարելի է այսպես կոչել, «չոր ռեալիզմի» առանձնահատկռւթյունն է: Նա պատռում է այն վարագույրները, որոնք ծածկում են կեղտը, ոչ-բանաստեղծական «նյութերը»: Բանաստեղծության ընդգրկած սահմաների մեջ «ընդլայնված» իրականությունը բացվում է իր անհունությամբ: Չկա մի թեմա, որի մեջ չթրթռա բանաստեղծական դատողության կայծը,-— մնում է միայն բանաստեղծի ցանկությանը՝ «հում» նյութից կաղապարելու անհրաժեշտ ոգին: Բոլորովին էլ պատահական չէր, որ Հովհ. Գրիգորյանը, անցյալում պոեզիայի նշանակությունը սահմանափակելով «երգելու» առաջնայնության դերով, Հ. Էդոյանից էլ ավելի վաղ հայտարարում է, թե «յուրաքանչյուր բառ անփոխարինելի է իր արժեքի տեսանկյունից», թե «բանաստեղծական տողը շատ է ցայտուն լիցքավորման տեսակետից և հիմնական ասելիքը շփոթեցնող տողատակի իմաստներ չկան (իսկ սա վերաբերում է ոչ միայն բառին և տողին, այլև ամբողջ բանաստեղծությանը)» («Գրական թերթ», 1970, 6-ը նոյեմբերի): Իհարկե, կարելի է վիճել այն կարծիքի դեմ, թե հանգավորված բանաստեղծությունը հանուն հանգի պարտադիր բառափոխություններից անպայման տուժում է, այլապես դրանով մշակում ենք թերահավատության որոշակի կոմպլեքս պոետական հարուստ ժառանգության բուն արժեքների հանդեպ: Կարելի է վիճել հիմնավոր, քանի որ բանաստեղծը իր սուբյեկտիվ պատկերացումը բացարձակացնում է գրեթե որպես միակ պայման: Առավել տարակուսելի է կետադրության ավելորդության նկատառումը, որը կապվում է բառի պարզ, նախնական, միանշանակ հնչեղության հետ: Վիճելը վիճել, սակայն երբեք չպիտի մոռանանք, որ ճերմակ բանաստեղծությունն ինքը արդեն հակադրություն է, հակավիճակ դասական հանգավոր բանաստեղծությանը: Իսկ այդ հակադրությունն «իրացվում է» բանաստեղծների կենդանի, թեկուզ «տարօրինակ», անպայման սուբյեկտիվ հայացքների շնորհիվ: Եվ կրկնակի ողջունելի է, որ «օտարոտի» տրամադրությունների մեջ սկզբում նշմարվում, իսկ ապա նաև հաստատվում են «ձևի» որոշակի ձեռքբերումները, որի հետևանքով ազգային բանաստեղծական կառուցվածքում մեծանում է նրա որակական-տեսակարար կշիռը:
Վերադառնալով ժողովածուի առաջին բանաստեղծությանը` նշենք, որ այն ինքնակենսագրական ծավալուն հատվածներով ամբողջացնում է ապրած ժամանակի հավաստի հոգեբանությունը, և այս եզրահանգման մեջ է նրա անվիճելի հաջողությունը:

2
Դասական պոեզիայի ավանդները Հովհ. Գրիգորյանի մոտ արծարծվում են ոչ առարկայական` բառի, ոճի, ձևի նմանողությամբ, այլ խորքային հատկանիշներով: Անտեսելով դանդաղորեն հոսող ժամանակը` բանաստեղծն իրեն որսում է Նարեկացու ու Մեծարենցի առնչությունների ուղեծրում: Նարեկացին համեմատվում է բոլոր ուղղություններով հոսող գետի հետ, որի մեջ լող տվող ձկները հազարամյա կենսագրություն ունեցող բառեր կարծես լինեն, բույլը՝

հին և սովամահ բառերի, որոնք խեցիներ են դատարկ,
և կյանքը` խխունջը ճերմակամիս,
վաղուց լքել է նրանց:

Սակայն հավերժ է գետի ընթացքը և մեր օրերում` մեծ հայտնության գինը` «ձկնորսի ճիչը զվարթաձայն, որ քաշել է ուռկանը գետից»: Ջերմանում է բանաստեղծը, քանի որ Նարեկացու մեջ տեսնում է պոետական ազգային ակնաղբյուրը, իր այնքան սպասված ուսուցչին: Հույզը, որով համակված է, թաքցնել չի կարողանում, այն բացվում է պատկերային կառուցվածքներով շերտ առ շերտ: Մի տեղ գետի ավազներից «պսպղում են բոլորովին կենդանի ժամացույցներ», իսկ մի այլ տեղ, հավանաբար, ժամանակից դուրս, հանդիպում են բանաստեղծն ու Նարեկացին.

… Եվ ձեռքը, որ սահում է դեմքի վրայով,
և աչքերը, որ արդեն ճանաչել են քեզ,
և աչքերը` հազարամյա քաղցած բիբերով
սկսում են դանդաղ ժպտալ…

Թիթեռի` «դեպի ավարտը օրվա» սլացող վազքի մեջ Հովհ. Գրիգորյանը տեսնում է գեղեցիկի իբրև վայրկենական հրաշքի ավարտուն կորագիծը: Չես էլ հասցնում բանաստեղծի հետ «կարգին» հիանալ ու զարմանալ («Եվ ո՞վ է քեզ այսքան նուրբ ու գեղեցիկ նկարել»), երբ արդեն քեզ զգում ես մեծարենցյան արցունքոտված աչքերով տեսլաշխարհում: Երբեմն-երբեմն կյանքի կրկնվող հոլովույթը, նույն դոգմաները, նույն միապաղաղությունն ու անակնկալները բանաստեղծը վերապրում է խոր ցավով, այն այլափոխել չկարողանալու տխուր խոստովա-նությամբ («Դանդաղ կրկնություն` գարուն, ամառ, աշուն, ձմեռ…»): Այստեղ ձևակերպված «Որտե՞ղ է սկիզբը, և ո՞ւր է տանում հաշվարկն այս անտանելի» հարցադրումը դառնում է այն գլխավոր փորձաքարը, որը ստուգության է ենթարկում բանաստեղծի քաղաքացիական կեցվածքը, քերթվածքների հասարակական ճանաչողության էությունը:
Այստեղից էլ կյանքի աղմուկից կտրվելու, օրվա բեռից ազատվելու բնաբուխ պահանջը, որով Հովհ. Գրիգորյանը մերձենում է Վ. Տերյանի և Մ. Մեծարենցի հայտնի ծրագրային երգերի տրամադրություններին: Ինչի՞ է ձգտում հեղինակը, պարզության, բնական նախնական մաքրության, որը անհետանում է այսօրվա մարդկանց արդեն ներհակ, խճճված հարաբերություններում, ազնվության և բարության դիալեկտիկայի միասնությանը: Դա յուրօրինակ «փախուստ է» աշխարհից ու մարդկանցից դեպի հոգու ներքնատեսություն, դեպի ինքնաճանաչում, դեպի աշխարհի ու նույն մարդկանց անտես կապերի բացահայտում: «Նորից երջանկության մասին» բանաստեղծության մեջ կան այսպիսի տողեր.

Բայց դու քայլում ես մի խաղաղ անկյուն գտնելու հույսով,
որտեղ կարելի է նստել մենակ ու հանգիստ,
ծխել և մտածել դանդաղորեն մաշվող մի կյանքի մասին
և երջանկության մասին ծխել ու մտածել.
և հետո կսկսես անհրաժեշտ բառեր որոնել`
հանկարծակի հայտնված արցունքներդ մեկնաբանելու համար…

Պոեզիայի արդիական շեշտվածությունը այսօր մարդն է ու մարդկության ճակատագիրը, որը մի տեսակ մերձեցնում է աշխարհի բանաստեղծներին, երևույթ, որ սկիզբ է առել դեռևս ավագ սիմվոլիստներից, որոնք առաջինը ձևակերպեցին «աշխարհի հոգսը` բանաստեղծի ուսերին» կամ նման մի բառ խորհրդանշող բանաձևը:
Դեռ նոր-նոր էր իր առաջին քայլերն անում, աշխարհին շահագրգիռ նայում Հովհ. Գրիգորյանը, երբ ընդհանուր գնահատականի մեջ նրա պոեզիան «քաղաքացիական լիցքավորման» տեսակետից թեթև գրչով որակվեց թուլության պիտակով: Սակայն ժամանակը հաստատեց բոլորովին ուրիշ բան, պոեզիայի և կյանքի փոխհարաբերության խնդիրը շատ ավելի սրություն ուներ Հովհ. Գրիգորյանի մոտ, քան նույնիսկ կարելի է պատկերացնել աոաջին հայացքից: Հարցը, իհարկե, տարածքի մեքենայական աճի ցուցանիշը չէ, որ եթե գրողը լիտվական գյուղից հասնում է Վիետնամ, Հայրենական մեծ պատերազմի դասերից` նեյտրոնային ռումբերի բերելիք սարսափներին, ուրեմն սերտել է հրատապ թեմաների ֆիզիկական աշխարհագրությունը:
Կարևորվում են աշխարհասիրությունը, կենսական ճշմարտության և արդարության զգացողությունը, հարցադրումների շիտակությունը, սեփական ձայնի ազնվությունը: Այս բոլորի համադրումով միայն կարելի է հուսալ աշխարհի մասին բանաստեղծի դժվարին մենախոսության հաջողությունը: Հովհաննես Գրիգորյանի երգերը իրենց առողջ հիմքով միտում են հենց այդպիսի ներդաշնակության, աշխարհաճանաչ են իրենց բնույթով, լեցուն` մարդու նկատմամբ տագնապի և հավատի, սիրո շաղախով: Սեփական արյան թելադրությամբ է կարծես գրված «1945» բանաստեղծությունը:

Եվ այնպես ենք վարժվել իրար,
այնպես սովորել ենք,
այնպես ենք ձուլված իրար,
կապված, որ թե հնչեն կրակոցները,
թե սուրան գնդակները
խաղաղության վրա արձակված,
իմ սրտի միջով կանցնի,
առաջինն ինձ կխոցի
առաջին գնդակն
անկասկած…

Մենք հավատամ ենք բանաստեղծին, թեև չկան մաշված երդումներ, գեղեցկախոսություն, տեղին կամ անտեղի գործածության ածականներ, որոնց նկատմամբ ընդհանրապես նա դրսևորում է որոշ հակակրանք, ավելի ճիշտ` «պրոֆեսիոնալ կասկածամտություն»: Պատերազմի ու խաղաղության երկընտրանքը լուծվում է ոչ միայն իր սերնդի, այլև ողջ մարդկության պատասխանատվության գնով, խաղաղության, իբրև մարդկանց գոյապահպանման միակ ճանապարհի հաստատման գիտակցությամբ: Քիչ է գրել Հովհ. Գրիգորյանը Հայաստանի մասին, սակայն իրավունք եմ վերապահում ինձ հայտարարելու, որ ազգային ամբողջական նկարագիր ունեցող մեր լավագույն բանաստեղծներից է:
Պատմությանն ու նրա դասերին Հովհ. Գրիգորյանը մոտենում է առողջ, բայց զուսպ սիրով, որի հրաշալի արտահայտությունը «Հայաստան» «փոքրիկ չափսերով» բանաստեղծությունն է, ազգային հայրենասիրական պոեզիայի արժանի ժառանգորդը.

Սա իմ երկիրն է— չափսերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ:
Իսկ քարտեզի վրա
ընդամենը մի արցունքի կաթիլ…
Սա իմ երկիրն է— չափսերով այնպիսին,
որ ազատորեն, տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ:

Ամփոփ ստեղծագործություն է, չի թմբկահարվում փառավոր անցյալը, չեն վկայակոչվում ազգային հիշատակները, պատկերների մեջ խտանում են հույզն ու ջերմությանը, որի պակասն այնքան շատ էին շեշտում քննադատները: Ցնցում է մեզ բանաստեղծության ավարտը, եթե սկզբում ազատ, նկարագրական ոճով է տարվում խոսքը, որին ընթերցողը, այսպես թե այնպես վարժվել է, ապա վերջում, վերադառնալով հրաժեշտի վերացարկված մտապատկերին, այն կապում է զգացմունքի խորության գաղափարներին:
Մի բանաստեղծություն ևս կա, որի կողքով ես անտարբեր անցնել չեմ կարողանում: Այստեղ ևս թվում է, թե հույզը թաքնված է վարագույրներից այն կողմ. ինչ կա որ, միշտ հայրն է շտապել կյանքում, որդին հազիվ է հասցրել ետևից, այժմ հակառակն է: Բայց այն սերնդափոխության բնական ուղու փիլիսոփայություն չէ: Վերնագրի ծալքերում զգացմունքային խոր վիհ է բացվում: Անսպասելիորեն պարզում ես, որ որդին հուղարկավորում է հորը, զգացում, որ ծանոթ է հասակ առած յուրաքանչյուր զավակի.

Եվ հիմա գնամ ենք նույն կարգով,
աոջևից դա,
իսկ ես` գլխիկոր ետևից,
դու հիմա շատ դանդաղ ես գնում,
քարացել է սիրտս զարմանքից,
էլ ինչու եմ ետ մնում գլխիկոր,
լալիս ու կանչում եմ քեզ նորից…

«Չափածո նովելի» վերնագիրն է` «Հրաժեշտի բանաստեղծություն հայրիկիս»:
Հովհ. Գրիգորյանի բանաստեղծությունները «զրույցներ» են մեր ապրած ժամանակի, աշխարհի, մարդկային ու հասարակական հարաբերությունների մասին: Հնարավոր է, որ այս կամ այն կետում «խստախոս» զրուցակիցը նաև սխալվի: Սակայն կարևորն այն է, ոը նա շարունակի հետամուտ լինել ճշմարտությանը կյանքում և նրա գծապատկերին` արվեստում: Անկեղծ ասած, չես էլ ուզում հավատալ «անսխալական» բանաստեղծներին, որոնք, ի վերջո քարոզիչներ են դառնում և ուրիշ ոչինչ: Իսկական բանաստեղծն օգնում է քեզ ապրելու նաև իր սխալներով: Ինչ վերաբերում է կառուցողական-գեղարվեստական նշանակության թերացումներին, ապա դա արդեն գրական տեխնիցիզմի և ճաշակի ըմբռնման հարց է: Այնուհանդերձ, երբեմն. Հովհ. Գրիգոբյանը, տարվելով այլաբանական մտածողության համակարգի խնդիրներով, դիմում է պատկերսատեղծ բարդույթների, որոնք, պատկերները, հեռանում են իրենց «կիրառական» դերից, հաճախ էլ խճողվում է, դառնում ինչ-որ տեղ ինքնանպատակ` հետապնդված գեղարվեստական միտքը: Կարծում ենք, որ հետագա ժողովածուներում բանաստեղծը խստապահանջությամբ կմոտենա գեղարվեստական նյութի ընտրությանը, ասելիքը կստանա թեմատիկ որոշակիություն: Պետք է նկատի ունենալ, որ «Դանդաղ ժամեր» ժողովածուն խաղում է որոշ չափով հեղինակի հատընտիրի դեր, որի հետևանքով այնտեղ առկա է թեմաների խայտաբղետություն:
Միանգամայն իրավացիորեն հայ գրողների համագումարում Վարդգես Պետրոսյանը դժգոհություն հայտնեց, որ մեզանում անհատականությունները ավելի շատ հակադրվել են, քան առանձնացվել: Նկատառումը բերվեց հենց Հովհ. Գրիգորյանի օրինակի վրա: Իսկապես ժամանակն է, որ բանաստեղծի կամ արձակագրի մասին դատողություններն արվեն կոնկրետ փաստական ճանաչման հիմքով, այլ ոչ թե ելնելով վերացական ընդհանուր պատկերացումներից, իսկ երբեմն, ինչպես վկայում է Հովհ. Գրիգորյանի օրինակը, նախասիրության թելադրությունից:
Դանդաղ ու նկատելի է անցնում ժամանակը, երբ կաըդում ես «Դանդաղ ժամեր» ժողովածուի գործերը ու խորհրդածում նրանց բերած գաղափարների, տրամադրությունների շուրջ: Հովհ. Գրիգորյանի` քեզնից խլված այդ ժամերը նորից վերադառնում են քեզ, բայց արդեն որոշակիորեն լցնելով քո աշխարհը բանաստեղծական հայտնությամբ, հոգևոր հարստությամբ:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով