Գրիգոր Շահինյան. Որտե՞ղ էիր, Զորայր Խալափյան

«Գարուն», 1968, 2

Սփյուռքահայ արդի գրականությունը աչքի չի ընկնում քննադատների մեծ քանակով: Այդ փոքր քանակի ներկայացուցիչներից մեկն է բեյրութահայ Գրիգոր Շահինյանը: Այժմ նա մանկավարժական գործունեության հետ մեկտեղ, խմբագրում է «Ահեկան» երիտասարդական ալմանախը։
Այս գրախոսությունը, որ հեղինակը գրել է հատկապես «Գարունի» համար, ստացանք փոստով։ Տպագրում ենք աննշան հապավումներով։

Գրիգոր Շահինյան. Որտե՞ղ էիր, Զորայր Խալափյան

Զորայր Խայափյանի «Հեղեղը» գեշ գործ չէր: Թարմություն ուներ, կենդանություն, առողջ մթնոլորտ: Բայց դժվար էր մտածել, թե խոստումն էր գեղեցիկ այն նվաճումին, որ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» վեպն է` հանգրվանային երկ, իրեն համար և հայ վիպագրության ընդհանրապես: Անսպասելի ոստում մը կատարված է վիպական ստեղծագործության բոլոր մարզերում մեջ, Խալափյան հասած է լայնածավալ ու համապարփակ վեպի տիրապետումին, ստեղծած է ուրույն տիեզերք, իրագործած յուրահատուկ ոճով ու կառույցով հատկանշվող ինքնուրույն երկ:
Հետաքրքրական և բնորոշ է մանավանդ վեպի այն ըմբռնումը, որ կհայտնվի այս գործին մեջ և ժամանակակից հայ վեպը կհատկանշե իր հիմնական տարրերով: Կարժե մանրամասնորեն անդրադառնալ անոր:
«Որտե՞ղ էիր, մարդ աստծոն» պատմությունն է ծերացած բժիշկի մը` Ստեփան Եսայանի, որ իր կյանքին քառասուն տարիները անցուցած է Հայաստանի հեռավոր մեկ գյուղին մեջ, և, վաթսունը անց, տեղը կուտա երիտասարդ բժշկուհիի մը` Նորային: Վեպի սկզբնակետն ու վախճանակետը փոխանցումի և փոփոխության այս գործողությունն է, որ առիթ կդառնա Ստեփանի համար ոգեկոչելու անցնող քառասուն տարիներու իր սեփական պատմությունը և, անոր հետ, նաև ամբողջ երկրի պատմությունը:
Այս ձևով` Ստեփան-Նորա առանցքին շուրջ հավաքական ամբողջ կյանք մըն է, որ կվերստեղծվի, հուշերու մեջ ապրող անցյալ դեպքերով և անոնց շարունակությունը կազմող ներկա պատահարներով: Դեմքերեն շատերն ալ նույնն են, անցյալի իրենց կյանքը կշարունակեն ներկայի մեջ, կամ անցյալի դեմքերուն հետ ունեցած իրենց ընտանեկան, բարեկամական կամ այլ ձևի կապերով հին կյանքի նոր շարունակությունը կներկայացնեն:
Սկիզբը, Նորան չի հասկնար անցյալը վերապրելու Ստեփանի համառ հակումը: «Այդ ամենը մոռացված, անցած հեքիաթներ են: Ինչո՞ւ անցյալի տխրությունը դուրս հանել մեր օրերը: Ինձ համար դրանք դեղնած թերթեր են, անորակ կլիշեներ: Այդ շրջանը իմ մեջ նողկանք է առաջացնում: Ինչքան հեռանանք` այնքան լավ: Չեմ ուզում լսել` ինչ է եղել մեր թվագրությունից առաջ: Իմ թվագրությունից առաջ»: Նոր ժամանակի մարդ, նոր հոգեբանության տեր` ներկայով ու ապագայով միայն կհետաքրքրվի ինք: Նորայի նման ըլլալու է նաև հեղինակը: Բայց անցյալը գոյ է ներկայի մեջ, անխուսափելի է պարզապես: Անոր հաճախանքեն չի կրնար ազատիլ ո՛չ մտածումի, ո՛չ ալ վիպական կառուցումի մարզին մեջ:
Ու վեպը կխրի անցյալին մեջ, անկե ամբողջ շերտեր կհանե հերոսներու հոգիի մակերեսին, կդառնա հինի և նորի համադրավայրը, բախումի կայանը: Այսպիսով ան կըլլա ոչ միայն ալ ծերացած Ստեփանի պատմությունը՝ հակադրված նոր կյանքի ասպարեզ մտնող Նորայի պատմության, այլ գեղարվեստական խտացումը շուրջ կես դարու հայկական կյանքի: Առանց արվեստական իդեալականացումի: Այս վեպը նոր սերունդին պատկանող ողջամիտ մարդու մը հանդարտ ու խոհուն նայվածքով տեսածն է հին և նոր իրականութենեն և անոր սևեռումը` նույն խոհունությամբ: Տեսակ մը ափսոսանքի շեշտով նաև, համակերպ թախիծով, որ վեպի բանաստեղծական մթնոլորտը կստեղծե և հերոսներու հոգեբանությունը կթելադրե: Կենտրոնական դեմքը, օրինակ, բժիշկ ըլլալու համար չէ ծնած, եղած է. գյուղը մնալ չէ ուզած, մնացած է. ամուսնանալ փափաքած է, չէ կրցած: Կարելի չէ ըսել, սակայն, որ դժգոհ է ապրած կյանքեն: Պիտի նախընտրեր ուրիշ կյանք մը ունեցած ըլլալ, բայց դժգոհ չէ: Նույնն է պարագան գրեթե բոլոր մյուս դեպքերում:
Առաջին էջեն արդեն գիրքի մնայուն մթնոլորտը կշինվի, բնույթը կճշդվի:
«Գիշեր: Լույսեր ու մի ճոճվող լույս: Երբ հանգչում են բոլոր լույսերը, մնում է միայն ճոճվող մի լապտերի լույսը, աշխարհը քառասուն տարով ետ է գնում, ու այդ հեռու անցյալում մեկ-մեկ վառվում են նավթի ճրագները»: Ամեն ինչ խիտ կերպով տրված է այս տողերուն մեջ: Բանաստեղծական մթնոլորտը ափսոսանքի, ոգեկոչումի թելադրականությունը, մինչև իսկ վեպի կառույցին վերաբերող մանրամասնություն մը` ճոճվող լույսի թելադրանքով կյանքի կոչվող հին աշխարհը, իր քարյուղե լապտերներով:
Հին այս աշխարհի բնակիչները, ինչպես նաև երիտասարդ դեմքերը, սիլուետներու պես դուրս կուգան խավարեն, կկանգնին մեր առաջ: Հեղինակը շեշտորեն չէ անձնավորած զանոնք, մանրամասնորեն չէ բնութագրած: Առավել կամ նվազ խտությամբ տրված կերպարանքներ են, իրենց հիմնական հատկանիշով ներկայացված: Յուրաքանչյուր խոհ, խոսք կամ շարժում բան մը կը հայտնաբերե անոնց հոգիեն, բայց առարկայականորեն չարձանացներ զանոնք մեր առաջ: Սակայն կզգանք անոնց ներկայությունը, կապրիեք յուրաքանչյուրին տագնապը, կմտնենք ամեն մեկուն մտերմության մեջ:
Շատ են դեմքերը և արագորեն իրար կփոխարինեն հիշատակի պաստառին վրա, որ վեպի խորատախտակն է, կամ առօրյա կյանքի հանդիպումներուն ու եռուզեռին մեջ: Կան բծախնդիր պաշտոնյաներ, անհոգի, բյուրոկրատներ, իրենց աշխատանքի սիրով կապված մեծ ու պզտիկ դիրքի տեր անձեր, լավ ու վատ մարդեր, և՛ լավ, և՛ վատ ուրիշներ: Երկու տեսակի կրկնակ խմբումի կարելի է ենթարկել զանոնք: Նախ կան հիներն ու նորերը. առաջինները ավելի մեքենականորեն կապված են կյանքին և երկրորդները ավելի անհատապաշտ են ու երջանկության հետամուտ: Հետո կան լավերն ու գեշերը, առանց այս զատորոշումին դրական ու բացասական տիպարներու կաղապարված իմաստը տալու և սահմանափակ տարողությունը: Լավն ու վատը, այս պարագային, ավելի համապարփակ, տիեզերական արժեք կներկայացնեն և ամբողջ կյանքի ըմբռնում մը կբնորոշեն:
Ստեփան Եսայանը կմտածե թե միայն երկու տեսակի մարդեր գոյություն ունին. «մեկը, որ կարողանում է ուրիշների բաժինը խլել, ուրիշներին չարչարել, ծեծել, ծիծաղել նրանց թուլության ու վշտի վրա… և մյուս տեսակը, որ ոչ մի կերպ չի կարող այդ անել, որ ներքին ինչ-որ բան արգելում է սրիկա լինել, որ գերադասում է ծիծաղելի լիներ քան ծիծաղել ուրիշի թուլության ու վշտի վրա»:
Այս մեջբերումեն արդեն կհայտնվի, որ Խալափյան բոլորովին չէ ձերբազատված վեպի մեջ բարոյական քարոզ տալու հին հակումեն: Ճիշտ է, բարոյական իր ըմբռնումները առողջ մարդկայնության մը վրա հիմնված են, բայց, անտեղի քարոզի իրենց ձևին տակ, թերություն ըլլալե չեն դադրիր: Միայն վեպի հաջող կերտումն է, որ մոռցնել կուտա, որոշ չափով, այս անպատեհությունը:
Հաջող է մանավանդ և այժմեական` կառուցումի և պատումի թեկնիկը (տեխնիկան-«Գարուն»), որ ժամանակային զանազան պահերու խաչաձևումին վրա հիմնված է: Ստեփանի մոր մենավոր կյանքը ներկայացնելու ատեն Խալափյան կգրե.
«Մայրը նամակները դարսել էր իրար վրա` գզրոցի մեջ: Մեկ-մեկ հանում էր, կարդում: Մեկ` նորը, մեկ` հինը: Մեկ` ամենավերջինը, մեկ` ամենաառաջինը` երկու տարի առաջ գրածը: Ժամանակները խառնվում են իրար: Ամեն անգամ կյան-քի տարբեր պատմություն է ստացվում»:
Մոտավորապես նույն բանը ըրած է ինք. ժամանակի տարբեր շերտեր կուտակած է իրար վրա, և անգամ մը նոր, անգամ մը հին շերտ ներկայացուցած: Ու ժամանակներու խառնուրդով իսկապես ստեղծված է «կյանքի տարբեր պատմություն»` հարազատ պատկերացումով:
Մարդերու ներկային մեջ գոյ է անոնց անցյալը: Ոչ միայն անոր համար, որ ան կթելադրե ներկայի կենսաձևը, այլ որովհետև միտքի և հիշողության կառույցը ժամանակային հատում չի ճանչնար: Հիշողության մեջ խռնված հիշատակներու ամբողջությունն է, որ այսօրվան մարդը կներկայացնե: Անոնք կվերաբերին անցյալին, բայց ամեն վայրկյան մուտք կգործեն ներկայի մեջ, երբեմն ենթակայի կամքով, երբեմն ինքնաբերաբար: Հոգեբանական այս իրողության վրա է, որ հեղինակը կառուցած է իր վեպը: Առհասարակ անցյալի վերստեղծումը բժիշկի հուշերուն թելադրանքով տեղի կունենա: Ան Նորային կպատմե հին դեպքեր, որոնք իր մեջ սուզված աշխարհե մը հարություն կառնեն, կբարձրանան գիտակցության մակերեսը և գոյություն կստանան: Երբեմն ալ այս ոգեկոչումը ինքնաբերաբար տեղի կունենա, արտաքին պատահական դրդիչի մը ազդեցությամբ, որ տեսողության կամ լսողության ճամփով կհասնի հոգիին ու արձագանքներ կարթեացնե հոն: Հաճախանքի պես բան մըն է. յուրաքանչյուր մանրամասնություն անցյալի համապատասխան շերտը գոյության մը կկանչե: Երբեմն ալ Նորայի ոգեկոչումին ճամբով անցյալը կվերստեղծվի: Միշտ ալ ան սերտորեն կհյուսվի ներկային: Վեպը ընդարձակ փազըլ (հանելուկ-puzzle, անգլ.) մըն է, որուն յուրաքանչյուր տարրը անմիջական դրացիեն անկախաբար կստեղծվի, բայց ընդհանուր դասավորումին մեջ իր տեղը կգտնե անմիջապես և արժեքը կստանա:
Հեղինակը մասնավոր դյուրացումի ճիգ մը չի գործադրեր, բացատրություններով չի տափակցներ վեպը: Ակնարկությամբ մը, շեշտի տարբերությամբ մը կզգացնե, որ պատումի ժամանակը փոխված է: Տարբեր ժամանակները առանձին գլուխներով իսկ չեն տրված, շարադրված են պարզապես վեպի զարգացումին կարգով, պարզ բազմակետերով բաժնվելով իրարմե:
Վեպին մեջ տեղ մը կխոսվի մամուլի էջերեն անցյալին ծանոթանալու մասին: Խալափյան ինքն ալ հին թերթեր թղթատելով ճանչցած պետք է ըլլա անցյալը և վկաներու պատմությունները լսելով: Հատկանշականը այս բրածո անցյալին կենդանության շունչ փչած ըլլալն է: Յուրաքանչյուր շրջան իրեն հատուկ մթնոլորտով ոգեկոչված է, և ներկա իրականության համազոր ուժով կյանքի կոչված: Հոս է հեղինակի ստեղծագործ երևակայության գաղտնիքը, խիտ, թելադրական ոգեկոչումով մը կյանքի կշռույթ տված է անցյալին և հաջողած անոր մթնոլորտին մեջ փոխադրել մեզ: Ստեփանի մասին Նորան կմտածե. «Ծեր է, կյանքն անցել է երազի նման, ետ գնալ չի կարող: Բայց գնում է: Նա ինձ իր հետ տարավ դեպի առաջին տարիները` քսանական թվականները: Միասին սկսեցինք բարձրանալ: Նրա հետ ապրելով, նրա տեսածը տեսնելով, նրա հետ սկսեցի գալ»:
Տարբեր չէ մեր հակազդեցությունը, մենք ալ, ընթերցումին մեջ, կմտնենք անցյալի և ներկայի մշուշներեն բարձրացող այս վիպական աշխարհը ու հեղինակի երևակայության շնորհիվ ու մերինին` կապրինք անոր կշռույթով, հերոսներու եռուզեռին խառնված, անոնց կյանքին մասնակից:
Վիպական այս աշխարհը ոգեկոչումով ստեղծված է: Իսկ ոգեկոչումը կհիմնվի պատկերներով վրա, զգայաբանական տվյալներու: Գերակշռող զգայարանքը աչքն է: Շարժանկարային հաջորդական պատկերներու շարքի մը պես` տեսարանները իրարու կհաջորդեն, կարծես իրար կկանչեն տեսողական ուրույն մագնիսականությամբ մը:
Պատահական չէ բնավ շարժանկարի հիշատակումը. Խալափյանի վիպական թեկնիկը շատ բան փոխ կառնե յոթերորդ արվեստեն: Կարծես երևակայական պաստառ մը քաշված է ընթերցողներու աչքերուն դիմաց, որուն վրա կուգան սևեռվելու կայուն կամ շարժուն պատկերները վեպին: Պաստառներ կան նաև հերոսներու երևակայության մեջ, հատկապես Ստեփանի և Նորայի: Պաստառե պաստառ փոխանցվող պատկերներու ցանց մըն է, ի վերջո, վեպը:
«Հիշողության մեջ վրնջալով սլացան նրա տեսած բոլոր ձիերը: Անմարմին ուրվականները սլանում էին և ողջ էկրանի վրա միայն վրնջացող նժույգներ էին»:
Այս հատվածը, որուն նմանները շատ են այս գիրքին մեջ, հատկանշական է մեկե ավելի պատճառներով: Թելադրականորեն կբացահայտե ան ամբողջ թեկնիկը վեպին` հիշողության մասին եղած ակնարկությամբ, «անմարմին ուրվական»-ներու ոգեկոչումով, որ գործող աեձերու կերպարանքը կթելադրե և «էկրան» բառի գործածությամբ, որ հակառակ փոխաբերական իր իմաստին, անխուսափելիորեն մտածել կուտա շարժանկարի մասին, մանավանդ որ «սլացան»-ը շարժումի ամբողջ տպավորություն մը կբերե մեզի: Հատկանշական է նաև «վրնջալ» բայի կրկնակ գործածությունը, որ տեսողական-շարժական տարրին կմիացնե նաև լսողական-ձայնայինը: Հոս տակավին պարզ սահմանում մըն է եղածը, ձիերու կերպարանքը ամբողջացնող տեսակ մը մակդիրային հավելում: Այլ տեղ լսողական տարրը ավելի բացահայտ ներկայություն է, «ձայնային պատկեր» է ուղղակի.
«Հեռանալով հատում էր սմբակների մորզեն` չորս կետ, չորս կետ, չորս կետ…
Երեկոյան նորից մոտենում է ցանկապատին` հոգնած, կետ, կետ, կետ…»

Այս հատկանիշներու թվումը չի սպառեր Խալափյանի ոճին վերլուծումը: Բանաստեղծական ու պատկերավոր` խիտ է նաև ան, տեսակ մը հավաք ուժականություն ունի, սղումեն ծնած թելադրականություն, որ յուրաքանչյուր պատկերի կամ խոսքի արձագանքը կերկարաձգե ընթերցողի հոգիին մեջ, կխորացնե: Կպատահի, սակայն, որ երբեմն կորսնցնե իր խտությունը, տեղ-տեղ անուժ դառնա և սովորական: Այս ոճը այլազան է նաև. հակառակ ոգեկոչական մթնոլորտին, որ բանաստեղծական պերճություն կուտա լեզուին` հեղինակը և իր հերոսները միջոցը կգտնեն արտահայտելու իրենց ուրույն լեզուներով, առանց աններդաշնակություն ստեղծելու: Մեկուն իրապաշտ ու կոշտ խոսքը, մյուսին զգայուն ու նուրբ արտահայտությունը չեն հակադրվիր իրարու վեպի ընդհանուր մթնոլորտին մեջ, կհյուսվին անոնք ոճային ընդհանուր կերպի մը, որուն հարազատությունը կշեշտեն և նրբերանգային հարստությունը:
Տեսողական ու լսողական պատկերները հիմը կկազմեն հեղինակի ոգեկոչման կերպին, բայց նաև հարակից ուրիշ արժանիք ունին: Հաճախ անոնք այնքան գեղեցիկ են` որ ինքնուրույն ու ինքնանպատակ արժեք մըն ալ կստանան, կդառնան բանաստեղծական մթնոլորտ ստեղծող և ընթերցողի աչքն ու միտքը գերող հմայիչ տեսիլներ, որոնք պատմված դեպքը տալե վերջ կարծես կանջատվին անկե, կապրին այլևս սոսկ պատկերային իրենց գեղեցկությամբ: Միշել Բյուտորի համար, ժամանակակից վեպը մեկ արտահայտությունն է բանաստեղծության, անոր սերտորեն կապված գրական սեռ մը: Բանաստեղծական իր պատկերներով, ինչպես վեպի ամբողջ ըմբռնումով, Խալափյան գործնականորեն կհասաատե ֆրանսացի վիպասանին կարծիքը:
Ուրիշ մեկ հատկանիշով նաև «Որտե՞ղ էիր, մարդ աստծոն» կկապվի ֆրանսական «նոր վեպին» և առհասարակ ժամանակակից վիպական ստեղծագործության. ընթերցողի իմացականության կդիմե և անոր գործոն մասնակցությունը կպահանջե: «Նոր վեպի» ուրիշ մեկ կարևոր դեմքին` Նատալի Սարոտի կարծիքով` ընթերցողը մեղկ այն անձը պետք չէ ըլլա, որ կրավորականորեն կընկալե վիպագիրի վերջնական ձևի մեջ իրեն հրամցվածը և կլուծվի անոր մեջ, այլ գիտակից այն ներկայությունը, որ կմասնակցի վեպի լինելության: Այս գործոն ընթերցողը կըլանք Խալափյանի վեպը կարդալու ատեն: Կմասնակցինք անոր ստեղծումին, ժամանակին մեջ ետ ու առաջ կերթանք հեղինակին հետ և իր ստեղծած անձերուն, անոնց կյանքի պատառները մաս առ մաս կմիացնենք իրարու, կհամաստեղծենք վեպը:
Եվ գիտակից այս մասնակցությունը ոչինչով կխանգարե մեր գեղարվեստական հաճույքը: Համակված գիրքի մեղմ թախիծեն` կտարվինք ընթերցումով, կապրինք վեպի իրականությամբ, զայն կստեղծենք նաև մեր մեջ, առանց սակայն հրաժարելու մեր գիտակցութենեն: Ափսոսանքով կավարտենք գիրքը ու կզգանք, թե տրամադիր ենք տակավին երկար ետ ու առաջ երթալու հեղինակին հետ` ժամանակի սահանքն ի վեր ու սահանքն ի վար, միշտ միևնույն խոր հաճույքով:
Վեպը կավարտի Ստեփանի մահով: Գերեզմանի քարին վրա կգրեն անուն և մականունը և կյանքի սկիզբն ու վախճանը նշող թվականները, պստիկ գիծով մը միացած: Ամբողջ 60 տարի և գծիկ մը: Իբր ոչինչ չի եղել: Որովհետև կյանքը կշարունակվի, նոտաները կհաջորդեն ստեփաններին, որոնք փոխարինած էին 19-րդ դարու բուժակները: Կենցաղը կփոխվի, այդ կենցաղը տալու ձևերը կփոխվեն. բայց կմնա հիմնականը:
Հաստատումը կպատշաճի նաև Խալափյանի վեպին և վիպական կերպին: Նոր մոտեցումով նոր կյանքը կպատկերե, բայց իր արվեստը շարունակությունն է բազմադարյան հայ արվեստին, ինչպես այսօրվան կյանքը շարունակությունն է դարերու խորքեն եկող մեր գոյության, պատմությամբ շաղված հայրենի հողին վրա:
Իսկ հողը, որի վրա ջահել օրերին քայլել էր նա,— կգրե Խալափյան իր հերոսներեն մեկուն ապրումը ներկայացնելով,— հիմա էլ ջահել էր: «Որտե՞ղ էիր, մարդ աստծոյի» մեջ ջահել է, ջահելացած է նաև հայ արվեստը, երեկ հեքիաթ ու դյուցազներգություն` այսօր ժամանակակից վեպ և ան, դարու ոգին արտահայտող ու ժամանակի կշռույթով բաբախող:

Բեյրութ, 1967 թ.

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով